«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 մարտի 2009 թ. |
N 265-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 418, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 329, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 161-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 517 ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 895 որոշմամբ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) (ենթակետն ուժը կորցրել է 08.06.23 N 238-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 29.02.12 թիվ 183-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.16 N 818-Ն)
4) Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելված 4-ի:
(1-ին կետը փոփ. 16.02.11 թիվ 77-Ն, 29.02.12 թիվ 183-Ն, 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն, 08.06.23 N 238-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 418 հրամանը,
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի փետրվարի 16-ի «Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 161-Ն հրամանը,
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի ապրիլի 29-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 329 հրամանը,
4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 517 հրամանի 1-ին կետը:
Նախարար | Տ. Դավթյան |
Հավելված 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի թիվ 265-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(հավելվածն ուժը կորցրել է 08.06.23 N 238-Ն)
Հավելված 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի թիվ 265-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(հավելվածն ուժը կորցրել է 29.02.12 թիվ 183-Ն)
Հավելված 3 ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի թիվ 265-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(հավելվածն ուժը կորցրել է 16.08.16 N 818-Ն)
Հավելված 4 ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի թիվ 265-Ն հրամանի |
Կ Ա ՆՈ Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
(1-ին կետը փոփ. 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն)
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Հանձնաժողովի հիմնական խնդիրները վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների բնագավառներում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:
(2-րդ կետը փոփ. 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն)
3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզիա (այսուհետ` Լիցենզիա) տալու, մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին,
2) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման բնագավառների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
(3-րդ կետը փոփ. 10.11.14 թիվ 785-Ն, 16.08.16 N 818-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):
7. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:
8. Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
(8-րդ կետը լրաց. 29.10.12 թիվ 924-Ն, փոփ. 10.11.14 թիվ 785-Ն)
9. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում դրանք չքննարկելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ ներկայացնել:
(11-րդ կետը փոփ. 16.08.16 N 818-Ն)
12. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց, որոնց ողջ ընթացքը ձայնագրվում է: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:
(12-րդ կետը լրաց. 23.12.09 N 1143-Ն)
13. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
13.1. հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման արդյունքում կազմվում է հանձնաժողովի եզրակացություն, որտեղ նշվում է`
1) հիմքը, որի հիման վրա հանձնաժողովի նիստում քննարկվում է հարցը,
2) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
3) իրավական հիմքերը, որոնց հիման վրա կայացվում է որոշումը,
4) հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:
(13.1-ին կետը լրաց. 29.10.12 թիվ 924-Ն)
14. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
(14-րդ կետը լրաց. 10.11.14 թիվ 785-Ն)
15. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
16. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝
1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը,
2) հանձնաժողովի տեսակը և կազմը,
3) քննարկվող հարցի բովանդակությունը,
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին,
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները,
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,
8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
Հարցերի քննարկման ողջ ընթացքի ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալությունում:
(17-րդ կետը լրաց. 23.12.09 N 1143-Ն, փոփ. 29.10.12 թիվ 924-Ն, 08.06.23 N 238-Ն)
18. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք,
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ,
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
18.1. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովը` Հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ Հանձնաժողովի անդամներից ընտրում է Հանձնաժողովի նիստի նախագահող:
(18.1-ին կետը լրաց. 16.08.16 N 818-Ն)
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,
2) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և կազմակերպում արձանագրությունից կատարված քաղվածքների տարածումը.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
4) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ,
5) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,
6) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.
7) անհրաժեշտության դեպքում լիցենզավորման փաթեթները հանձնաժողովի նիստից առնվազն 7 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
8) հանձնաժողովի նիստից 1 օր առաջ լիցենզավորման փաթեթների հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
9) հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, ժամկետի և օրակարգում ընդգրկված հարցերի մասին հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,
10) հանձնաժողովի նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը,
11) եզրակացությունը հանձնում է հրավիրված անձին կամ հանձնաժողովի նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է նրան:
(19-րդ կետը լրաց. 29.10.12 թիվ 924-Ն)
20. Հանձնաժողովի անդամները՝
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,
2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
22. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 23.12.09 N 1143-Ն, լրաց., փոփ. 29.10.12 թիվ 924-Ն, 10.11.14 թիվ 785-Ն, փոփ., լրաց. 16.08.16 N 818-Ն, փոփ. 08.06.23 N 238-Ն)