ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունիսի 2023 թ. |
N 332-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին ՀՀ օրենքի» 24-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի՝ 2015 թվականի հուլիսի 22-ի «Հաշտարարների որակավորման դասընթացների ծրագիրը հաստատելու մասին» N 345-Ն հրամանը:
3. Սույն հրամանը տարածվում է նաև մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը որակավորված հաշտարարների նկատմամբ՝ համաձայն ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի։ Մինչև նշված փոփոխությունը որակավորված հաշտարարները սույն հրամանով սահմանված ուսուցման կարգի համաձայն ուսուցման դասընթացների 40%-ին մասնակցելու դեպքում կհամարվեն վերապատրաստումն անցած համաձայն՝ ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի և կստանան նոր որակավորման վկայագիր։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տանսերորդ օրը։
Գ. Մինասյան |
Հավելված Արդարադատության նախարարի2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց (այսուհետ՝ հավակնորդ) ուսուցման դասընթացներ անցնելու, այդ թվում՝ դասընթացների անցկացման ընթացակարգի, ժամկետների, ուսուցմանը մասնակցելու համար վկայագիր շնորհելու, ինչպես նաև հավակնորդների ուսուցման գործընթացին վերաբերող այլ հարաբերություններ:
2. Ուսուցումը հավակնորդների մասնագիտական պատրաստումն է` նրանց՝ որպես հաշտարար գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորման, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնման համար:
3. Հավակնորդների ուսուցման դասընթացները կազմակերպվում են արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած ուսուցման ծրագրին համապատասխան:
4. Ուսուցումը կազմակերպվում է անվճար հիմունքներով:
II. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
5. Հավակնորդների ուսուցումն անցկացվում է առնվազն երկու տարին մեկ անգամ: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով դասընթացների` առկա կամ հեռավար ուսուցման ձևով կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում դասընթացների կազմակերպումը կամ անցկացումը կարող է հետաձգվել նախարարի հրամանով: Սույն դեպքում ուսուցման դասընթացները մեկնարկում (շարունակվում) են որոշման կայացման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները վերանալուց հետո:
6. Դասընթացների ծրագրում կարող են ներառվել հաշտարարի գործունեության ոլորտին առնչվող դասընթացի թեմաներ, այդ թվում՝ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, աշխատանքային, ընտանեկան, ինչպես նաև հաշտարարական հմտություններին վերաբերելի թեմաներ, որոնք ուղղված են, ի թիվս այլնի, հաշտարարի հետևյալ գործնական հմտությունների զարգացմանը՝
1) կողմերին լսելու և հաղորդակցվելու.
2) հաշտարարության գործընթացը վարելու՝ ներառյալ համատեղ և առանձին հանդիպումներ կողմերի հետ.
3) բանակցելու.
4) կողմերին տարաբնույթ վարքագծին արձագանքելու եղանակներ.
5) խնդիրների լուծման և որոշումների կայացման.
6) կոնֆլիկտների վերլուծության և կառավարման, ներառյալ՝ վեճի լուծման պատճառաբանված ռազմավարության և մեթոդների ընտրություն:
7. Ուսուցման կազմակերպման նպատակով նախարարությունը իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում են հայտարարություն՝ նշելով ուսուցմանը մասնակցելու համար դիմումի ներկայացման վերջնաժամկետը, դիմում ներկայացնելու կարգը, ներկայացնելով ուսուցման տվյալ տարվա ծրագիրը, իսկ այն դեպքերում, երբ կայացվել է դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին որոշում՝ նշում դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին:
8. Ուսուցմանը մասնակցելու համար անձը Արդարադատության նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում՝
1) դիմում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) կենսագրական տվյալները:
9. Նախարարությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը և հավակնորդին հաշվառում է ուսուցմանը մասնակցելու համար, բացառությամբ, եթե՝
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
10. Ուսուցումը կազմակերպվում է, եթե տվյալ դասընթացին մասնակցելու համար հաշվառվել է առնվազն 10 հավակնորդ: Եթե հաշվառված հավակնորդների թիվը 10-ից պակաս է, ապա նրանց ուսուցումը կազմակերպում է հաջորդ հայտարարված ուսուցման շրջանակներում:
11. Հավակնորդներին հաշվառելուց հետո նախարարությունը կազմում է դասընթացների ժամանակացույց: Դասընթացներն անցնում են ըստ ժամանակացույցում նշված խմբերի:
12. Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով` նվազագույնը 10, իսկ առավելագույնը 35 հավակնորդներից կազմված խմբերից, բացառությամբ հեռավար ուսուցման:
13. Ուսուցման դասընթացները կազմակերպվում են նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ, մեկ ակադեմիական ժամը՝ 40 րոպե: Դասընթացները կարող են անցկացվել նաև ոչ աշխատանքային օրերին:
14. Սույն կարգի իմաստով առկա ձևով դասընթացն անցկացվում է որոշակի տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում), ըստ անհրաժեշտության՝ հավակնորդների առանձին խմբերով՝ հավակնորդների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ:
15. Ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների, բնակչության առողջության պահպանման, անվտանգության ապահովման անհրաժեշտության դեպքերում ուսուցումը կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցմամբ դասընթացի անցկացման ձևով:
16. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ հավակնորդների ուսուցման դասընթացն անցկացվում է հավակնորդների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:
17. Այն դեպքում, երբ արդեն իսկ սահմանվել է դասընթացների ժամանակացույցը, հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու մասին որոշումը, որպես կանոն, կայացվում է ուսուցման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ, որի մասին հավակնորդները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
18. Դասընթացները հեռավար ուսուցմամբ կարող են անցկացվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում:
19. Հեռավար ուսուցմամբ դասընթացները անցկացվում են նախապես սահմանված ուսուցման ծրագրին համապատասխան։
20. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, հավակնորդներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը նախարարության ներկայացուցիչը ստուգում է հավակնորդների և դասընթացավարների՝ էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:
21. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու դեպքում կազմակերպության աշխատակիցը դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար իրականացնում է հավակնորդների ներկայության ստուգում ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում հավակնորդները պարտավոր են դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով:
22. Հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ կիրառվում են սույն հավելվածով նախատեսված և առկա ուսուցման ձևով անցկացվող դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները, այնքանով, որքանով չեն հակասում սույն հավելվածի 15-21-րդ կետերով նախատեսված դրույթներին:
23. Ուսուցման ծրագրի կատարումն ապահովելու համար կարող են կազմվել ուսումնական պլան, մեթոդաբանություն և դասավանդման սեղմագրեր:
24. Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, բանավեճերի, դատական գործերի քննարկման, գործնական խնդիրների, թեստերի լուծման միջոցով, հավակնորդների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսանյութերի, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով:
25. Ուսուցման յուրաքանչյուր օրվա դասընթացներին կարող է ներկա գտնվել նախարարության ներկայացուցիչը:
26. Նախարարությունը վարում է հավակնորդների հաճախելիության մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա ուսուցման յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի համար նշում է կատարվում դասընթացի մասնակիցների ներկայության կամ բացակայության մասին:
27. Հավակնորդը յուրաքանչյուր ակադեմիական ժամի իր ներկայության համար ստորագրում է մատյանում՝ նշելով ամսաթիվը: Մատյանում յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար ստորագրում է նաև դասընթացը վարողը, իսկ ներկա գտնվելու դեպքում՝ նաև նախարարության ներկայացուցիչը:
28. Հավակնորդի բացակայության հարգելիությունը որոշում է նախարարությունը՝ հավակնորդի գրավոր և պատճառաբանված դիմումի և համապատասխան ապացույցների հիման վրա:
III. ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
29. Ուսուցումն ավարտելուց հետո՝ 5-օրյա ժամկետում ուսուցումն անցած հավակնորդներին տրվում է վկայագիր, որը հավաստում է հավակնորդի կողմից հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար ուսուցումն անցած լինելու մասին:
30. Ուսուցումն անցած չեն համարվում այն հավակնորդները (արտոնագիր չի տրամադրվում այն հավակնորդներին), որոնք ունեցել են անցկացված ակադեմիական ժամերից 30 և ավելի տոկոս անհարգելի բացակայություն:
31. Արտոնագիրը տրվում է երեք տարի ժամկետով:
32. Արտոնագրում նշվում են`
1) հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).
2) անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
3) արտոնագրի համարը.
4) արտոնագիր տալու օրը, ամիսը, տարեթիվը:
33. Արտոնագիրը տրվում է մեկ օրինակից, որը վավերացվում է նախարարության գլխավոր քարտուղարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ նախարարության կնիքով (առկայության դեպքում):
34. Արտոնագրի հաշվառումը իրականացնում է նախարարությունը:
35. Նախարարության կողմից վարվում է արտոնագիր ստացած անձանց գրանցամատյան, որում պետք է նշվեն`
1) արտոնագրի համարը.
2) արտոնագիր տալու օրը, ամիսը, տարեթիվը.
3) հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).
4) արտոնագիր ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
36. Արտոնագրի կորստի (կորցնելու, ոչնչացնելու և այլն), դրա՝ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում նախարարությանը դրա կրկնօրինակը թեկնածուին տալիս է դիմումը ներկայացվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
37. Արտոնագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
38. Արտոնագրի ստացած անձի անվան, ազգանվան, հայրանվան, անձը հաստատող փաստաթղթի տվյալների փոփոխման դեպքում տվյալ անձն այդ փոփոխության կատարման օրվանից եռօրյա ժամկետում դիմում է նախարարություն` արտոնագրում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր արտոնագիր ստանալու համար:
IV. ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
39. Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձը համարվում է ուսուցումն անցած, եթե նա ուսուցման դասընթացներ է անցել Արդարադատության նախարարի հրամանով հաստատված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություններից մեկում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական: