Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 դեկտեմբերի 2014 թվականի N 54
33. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետը`
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մինչև 2015 թվականի հունիսի 1-ը և դրան հաջորդող յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից բխող խնդիրների իրականացման եռամյա միջոցառումների ծրագիր։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի N 54 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական և հոգևոր զարգացման, ժողովրդի արժանավայել կյանքի ապահովման, գենոֆոնդի պահպանման ու հզորացման, ազգային անվտանգության ամրապնդման գործընթացներում երիտասարդությունը` որպես պետության ռազմավարական ներուժ, բացառիկ դեր ունի: Երիտասարդությունը Հայաստանի Հանրապետության բնակչության մոտ 1/3-րդը կազմող կարևոր և ակտիվ հատվածն է: Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի Հանրապետության 2011 թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառման տվյալներով` 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության երիտասարդների թիվը 802535 է կամ Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչության շուրջ 26,6 %-ը: Ուստի կարևոր են երիտասարդների ազատ, բազմակողմանի զարգացած, առողջ և պատասխանատու քաղաքացիներ դառնալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և հնարավորությունների ընձեռումը:
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում, արդի հասարակության սոցիալ-տնտեսական վերափոխումների պայմաններում խիստ կարևոր է պետության աջակցությունը երիտասարդներին՝ կրթության, դաստիարակության և զարգացման ապահովման գործում հատկապես նրանց սոցիալական կայացման փուլում, հասարակական-մասնագիտական գործունեության, ընտանիք կազմելու, հասարակական, քաղաքացիական նախաձեռնությունների, իրենց իրավունքներն ու պարտականությունները իրականացնելու գործընթացներում ներգրավվելու ընթացքում:
Երիտասարդության ու պետության միջև հարաբերությունները առավելագույնս կարգավորելու նպատակով որպես պետության ներքին քաղաքականության բաղադրիչ մշակվում և իրականացվում է երիտասարդական պետական քաղաքականություն:
ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) սահմանում է այն հիմնական դրույթները, որոնց հիման վրա մշակվում ու իրականացվում է երիտասարդական պետական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում:
Երիտասարդական պետական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է և ունի ռազմավարական նշանակություն:
Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, տնտեսական և կազմակերպչական պայմաններ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:
Երիտասարդական պետական քաղաքականությունը առաջնահերթությունների, ծրագրերի, միջոցառումների և մեխանիզմների համակարգ է, որն ուղղված է երիտասարդության մասնակցության, սոցիալականացման և ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, երիտասարդության ներուժի ներգրավմանն ու դրա զարգացմանը` նպաստելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացմանը:
Երիտասարդական պետական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Պետական երիտասարդական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, միջազգային իրավունքների սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Մեր օրերում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, քաղաքական գործընթացները լայնածավալ խնդիրներ են առաջադրում երիտասարդությանը, որոնց հաղթահարումը կարող է իրականացնել իր երկրի ապագայով մտահոգված, կրթված, մրցունակ, ֆիզիկապես և հոգեպես առողջ և սոցիալապես պատասխանատու երիտասարդությունը: Պետության կարևորագույն խնդիրն է երիտասարդական պետական քաղաքականությունը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին՝ նկատի ունենալով, որ երիտասարդությունը պետք է դառնա հզոր Հայաստանի կայացման գլխավոր շարժիչ ուժը և գործոնը: Սույն հայեցակարգը երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում հիմնարար փաստաթուղթ է, որով սահմանվում են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտները, երկարաժամկետ կտրվածքով (2015-2025 թվականների) ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության նպատակը, խնդիրները, սկզբունքները և ուղղությունները:
Երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտներն են`
1) երիտասարդ՝ Հայաստանի Հանրապետության 16-30 տարեկան (ներառյալ) քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող 16-30 տարեկան (ներառյալ) օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում.
2) երիտասարդ ընտանիք՝ ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է` 16-30 տարեկան (ներառյալ), իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող.
3) երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական այն կազմակերպությունները, որոնք համաձայն իրենց կանոնադրության զբաղվում են երիտասարդության հարցերով և/կամ իրականացնում են երիտասարդական աշխատանք:
4) Երիտասարդական աշխատող՝ անձ, որն իրականացնում է երիտասարդական աշխատանք (երիտասարդների, երիտասարդական խմբերի հետ տարվող աշխատանք կամ աշխատանք, որն ուղղված է երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը)` նպաստելու երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին, զարգացնելու նրանց ներուժը և օգնելու երիտասարդներին լիարժեք հաստատվելու հասարակության մեջ: Երիտասարդական աշխատողը իրազեկ է երիտասարդության իրական կյանքին, նրա տեղական պայմաններին, կարող է գնահատել իրավիճակը և երիտասարդ մարդկանց կարիքները, ընտրել և կիրառել աշխատանքի համապատասխան մեթոդներ, իրականացնել կատարվող աշխատանքի ազդեցության վերլուծություն: Աշխատում է երիտասարդների և երիտասարդական խմբերի հետ, մշակում, իրականացնում և գնահատում է երիտասարդական ծրագրեր և նախագծեր, համագործակցում է տարբեր ոլորտների շահագրգիռ անձանց, խմբերի և կազմակերպությունների հետ:
II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
2. Հաշվի առնելով երիտասարդական պետական քաղաքականության առանձնահատկությունները, կարգավորման ենթակա հարաբերությունների իներցիոն բնույթը, ինչպես նաև իրականացվող միջոցառումների և ծրագրերի շարունակական ապահովման անհրաժեշտությունը՝ սույն հայեցակարգով նախատեսված երիտասարդական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները վերաբերում են 2015-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածին:
III. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Երիտասարդական պետական քաղաքականության նպատակն է` երիտասարդության ներուժի իրացման և զարգացման, երիտասարդական մասնակցության խթանման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային պայմանների ստեղծումը` ուղղված Հայաստանի Հանրապետության զարգացմանը և հզորացմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը :
4. Երիտասարդական պետական քաղաքականության խնդիրներն են`
1) երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի ճանաչելիության ապահովումը բոլոր մակարդակներում, ինչպես նաև երիտասարդների շրջանում պետական երիտասարդական քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը.
2) երիտասարդական պետական քաղաքականության միասնականության ապահովումը պետական, մարզային և համայնքային մակարդակներում՝ հաշվի առնելով մարզային և համայնքային երիտասարդների խնդիրների և կարիքների առանձնահատկությունները.
3) պետական գերակա աջակցության ապահովումը` ուղղված երիտասարդների սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը, երիտասարդ քաղաքացիների հանրօգուտ և հասարակական գործունեությանը և նախաձեռնությունների իրականացմանը.
4) պետության կողմից երիտասարդներին տրամադրվող սոցիալական ծառայությունների երաշխավորումը կրթության, դաստիարակության, մշակութային, հոգևոր և ֆիզիկական զարգացման, առողջապահական, աշխատանքային ոլորտներում.
5) երիտասարդների ներքին և արտաքին միգրացիոն գործընթացների կանխմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
6) երիտասարդական պետական քաղաքականության փաստարկվածության և արդյունավետության բարձրացման, երիտասարդական պետական քաղաքականության մշակման և իրականացման բարելավման, կայունության և շարունակականության ապահովումը:
IV. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5. Երիտասարդական պետական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններով պայմանավորված` միաժամանակ հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները՝
1) մասնակցություն՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացմանը երիտասարդների, երիտասարդական ակտիվ խմբերի, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների անմիջական և միջնորդավորված ներգրավվածության ապահովում.
2) թափանցիկություն` երիտասարդական պետական քաղաքականության հրապարակայնություն և արդյունքների անկախ գնահատում.
3) ազդեցություն` նպատակների, առաջնահերթ աշխատանքների, հատուկ ծրագրերի և ակնկալվող արդյունքների համապատասխանությունը իրական սոցիալական պահանջներին.
4) ներդաշնակություն` երիտասարդական պետական քաղաքականության իրականացման կոնկրետ գործողությունների համակարգում, փոխհամաձայնեցում ու համատեղում.
5) շարունակականություն` միջոցառումների և ծրագրերի ազդեցության շարունակականության ապահովումն է.
6) հավասարություն` երիտասարդության ոչ մի առանձին խումբ չպետք է դուրս մնա կամ համարվի արտոնյալ.
7) արդյունավետություն` նվազագույն ծախսով առավելագույն արդյունքների հասնելու հնարավորության ապահովումը.
8) հանրային և մասնավոր սեկտորների գործընկերություն` միջսեկտորալ համագործակցության հիմնական սկզբունքների արդյունավետ կիրառմամբ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիական հասարակության ակտիվ ու համակարգված մասնակցություն երիտասարդական պետական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործում.
9) երիտասարդության գործընկերություն՝ կազմակերպված և շահագրգիռ խմբերի հետ գործընկերային հարաբերություններ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում.
10) կանխարգելում` բացասական ազդեցություն ունեցող գործոնների հաղթահարման և/կամ սահմանափակմանն ուղղված միջոցների ու միջոցառումների պլանավորումը և իրականացումը:
V. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Երիտասարդական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանվել են՝ հիմք ընդունելով 2012-2014 թվականներին Հայաստանի երիտասարդության շրջանում անցկացրած հետազոտությունները, մասնավորապես՝ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը», «Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» զեկույցը, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պարբերական նպատակային հետազոտությունների արդյունքում արձանագրված Հայաստանի երիտասարդների հիմնախնդիրները: Այսպիսով՝ 2015-2025 թթ. երիտասարդական պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
1) ՀՀ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանում
ա. Ժողովրդավարական, իրավական պետության զարգացման կարևորագույն նախապայմաններից է քաղաքացիական հասարակության զարգացումը, հասարակության անդամների քաղաքացիական մասնակցությունը: Ուստի առանձնակի կարևորվում է երիտասարդության՝ որպես քաղաքացիական ակտիվության դրսևորման գլխավոր սուբյեկտներից մեկի մասնակցության խթանումը:
բ. Քաղաքացիների մասնակցության մակարդակը չափվում է տարբեր կառույցներում նրանց ներգրավվածությամբ և մասնակցությամբ: «Ներգրավվածություն» հասկացությունը ներառում է հետևյալ մակարդակները` տեղեկացվածությունը, մասնակցությունը «հանրային խորհրդատվությանը», մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին և շահառուների կողմից ծրագրերի նախաձեռնումն ու վերահսկողությունը: Մասնակցության չափանիշներից է նաև քաղաքացիների անդամակցությունը հասարակական կառույցներին: Վերջին տարիներին աճել է հասարակական կյանքի այս կամ այն ոլորտի բարելավման նպատակով քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցող երիտասարդների թիվը:
գ. Պետությունը կարևորում է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի դերն ու գործունեությունը և աջակցում հանրային կառավարման մարմինների և միջազգային կառույցների հետ նրա համագործակցությանը:
դ. Պետության կողմից առանձնակի կարևորվում են մարզային երիտասարդության և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը և այն ապահովելուն ու խթանելուն, մարզային երիտասարդության շրջանում տեղեկատվության մատչելիության ապահովմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացումը:
ե. Հաշվի առնելով վերը նշվածը՝ խիստ կարևորվում է երիտասարդության շրջանում գործընկերային մեխանիզմների մշակումը, երիտասարդների մասնակցության գործընթացի խթանումը, ինստիտուցիոնալ լծակների զարգացումը, ինչպես նաև պետության կողմից նյութական և ֆինանսական աջակցությունը երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում ծրագրեր իրականացնող երիտասարդական հասարակական կազմակերպություններին:
զ. Պետության կողմից կարևորվում է երիտասարդության շրջանում իրականացվող կամավորական աշխատանքը Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանման և աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման տեսանկյունից:
2) Երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում
ա. Լինելով մարդու կյանքի կարևորագույն ինստիտուտը, անհատական և հասարակական կարիքների, պահանջմունքների բավարարման հետ կապված գործունեություն՝ զբաղվածությունը երիտասարդների պարագայում կարևորվում է կրկնակի, քանի որ այն երիտասարդների որպես անհատ ձևավորման, հասարակական ենթահամակարգերի նկատմամբ նրանց ընկալման և ապագայի ծրագրման էական գործոններից է:
բ. 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հանրապետությունում 55.973 է, որոնցից 13.064 կամ շուրջ 23.3 տոկոսը երիտասարդ գործազուրկներն են: Հատկանշական է, որ երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան գործազրկության մակարդակը ողջ հանրապետությունում:
գ. Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները լուրջ ազդեցություն են թողնում ոչ միայն տնտեսական, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտների զարգացման վրա: Երիտասարդության զբաղվածության նվազմանը զուգընթաց սաստկանում են հասարակական տարբեր հիմնախնդիրներ:
դ. Քաղաքական-տնտեսական կառուցվածքային փոփոխությունների արդյունքում զբաղվածության կառուցվածի, տնտեսական զարգացումների վեկտորի փոփոխության, կադրերի պատրաստման և աշխատաշուկայում դրանց պահանջարկի միջև կապի խզման հետևանքով երիտասարդությունը դարձել է զբաղվածության ոլորտում առավել խոցելի խմբերից մեկը:
ե. Գործազրկության անմիջական հետևանք է աղքատության հատկապես բարձր մակարդակը երիտասարդության շրջանում, ինչը փաստվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2012 թ. իրականացված տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (այսուհետ` ՏՏԿԱՀ) արդյունքների հիման վրա նախապատրաստված Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության վերաբերյալ վերլուծական զեկույցում:
զ. Ընդ որում, 2012 թ. երիտասարդության շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր էր, քան նույն ժամանակահատվածի հանրապետական միջին մակարդակը, որը կազմում է 32.4 տոկոս:
է. Ուստի երիտասարդները պետք է դիտարկվեն որպես առաջնահերթ թիրախային խումբ զբաղվածության պետական կարգավորման ծրագրերում, որոնց վերջնական արդյունքը շահառուների կայուն զբաղվածության ապահովումը, այլ կերպ ասած` երիտասարդներին հարմար աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ ապահովելը պիտի լինի: Այս ճանապարհով երիտասարդի համար նաև կստեղծվեն օբյեկտիվ հնարավորություններ իր բնակավայրում ամրանալու, չարտագաղթելու և ընտանիք կազմելու համար` սեփական եկամուտներով իրեն և իր ընտանիքին արժանավայել ապրուստի միջոցներով ապահովելու միջոցով:
ը. Երիտասարդության աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության գլխավոր խնդիրը երիտասարդ քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացման ու տնտեսական ինքնուրույնության ձեռքբերման համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է: Երիտասարդության գործարար ներուժի օգտագործման, երիտասարդների ձեռներեցության համար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել երիտասարդների կողմից հիմնադրված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար:
թ. Պետության կարևորագույն գործառույթներից է նաև թրաֆիքինգի դեմ պայքարը, մասնավորապես երիտասարդության՝ որպես խոցելի խմբի շրջանում տեղեկատվության տարածման ապահովումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
3) Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում
ա. Պետության և հասարակության ապագան առողջ սերունդն է: Առողջ ապրելակերպը նպաստում է ոչ միայն անհատական ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև ամբողջ հասարակության սոցիալական միաբանության ամրապնդմանն ու բարեկեցությանը: Առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից է ֆիզիկական կուլտուրան և սպորտը, որը ոչ միայն առողջության պահպանման և ամրապնդման յուրատեսակ միջոց է, այլև խթանում է համամարդկային արժեքների համակարգի ձևավորումը և անհատի բարոյա-կամային որակների զարգացումը:
բ. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում հասարակության կողմից օգտագործվում են մարդու և մասնավորապես երիտասարդության հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության հանգստի կազմակերպման գործընթացներում:
գ. Ըստ հետազոտությունների արդյունքների՝ երիտասարդների 45.1 տոկոսը երբեք չի զբաղվում մարմնամարզությամբ կամ որևէ մարզաձևով, 10.2 տոկոսն ամեն օր զբաղվում է ինչ-որ մարզաձևով, իսկ 14.8 տոկոսը` շաբաթը մի քանի անգամ: Սպորտով զբաղվելու առումով զգալիորեն ավելի պասսիվ են իգական սեռի հարցվածները, իսկ տարիքային խմբերից ամենապասսիվը 24-30 տարեկանների խումբն է: Սպորտով երբեք չզբաղվողները գերակշռում են գյուղերում, միևնույն ժամանակ գյուղերի երիտասարդների զգալի տոկոսն ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ զբաղվում է ինչ-որ մարզաձևով: Երիտասարդների 91 տոկոսը երբեք չի հաճախում այլ տիպի ֆիզիկական և մտավոր վարժանքների դասընթացների:
դ. Ուստի առանձնակի կարևոր է երիտասարդության շրջանում առողջության և սպորտի՝ որպես կենսական արժեքների քարոզչությունը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը:
ե. Առողջ ապրելակերպի խթանման համատեքստում կարևորվում է երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման և թմրամոլության դեմ պայքարը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, պալարախտի (տուբերկուլյոզ) և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև ապահով սեռական վարքագծի ձևավորումը:
զ. Առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից է վերարտադրողական առողջությունը, որին առնչվող հիմնախնդիրներից են սեռական դաստիարակության անբավարար մակարդակը, սեռավարակների տարածվածությունը, անպտղությունը և այլն, որոնք ոչ միայն առողջապահական խնդիրներ են, այլև մեծապես առնչվում են ժողովրդագրական անվտանգությանը: Ուստի կարևորվում է պետական համալիր ծրագրերի և միջոցառումների իրականացումը:
4) Երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմա-հայրենասիրական դաստիարակություն
ա. Պետության զարգացման և ազգային անվտանգության տեսակետից կարևոր է երիտասարդների հոգևոր-մշակութային զարգացումը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Ժամանակակից գլոբալացման պայմաններում ազգային ինքնության և ազգային հոգևոր մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը պետության առջև ծառացած գլխավոր հիմնախնդիրներից է:
բ. Ազգային և պետական հիմնախնդիրների լուծումը անհնար է առանց ազգային ինքնությունը կրող, ազգային հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և զարգացման համար պատասխանատու երիտասարդ սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության պետական համակարգի և ծրագրի:
5) Ընտանեկան արժեքների պահպանում և զարգացում: Աջակցություն երիտասարդ ընտանիքներին
Կարևորելով ընտանիքի դերը պետության և հասարակության զարգացման գործընթացներում և ելնելով այն հանգամանքից, որ ազգային գենոֆոնդի պահպանումը, նոր սերնդի հոգևոր և ֆիզիկական զարգացումը կախված են երիտասարդ ամուսինների առողջական, սոցիալ-տնտեսական ու կենցաղային պայմաններից, նրանց ընտանիքում համերաշխությունից և շրջապատող բնական ու հասարակական միջավայրից, պետությունը երիտասարդ ընտանիքների համար նախատեսում է բազմաբնույթ օժանդակություն` բնակարանային հիմնախնդրի լուծման (բնակարանային շինարարություն, մատչելի հիպոտեկային վարկերի տրամադրում և այլն), ուսման, բժշկական օգնության և այլ կարիքների համար, ինչպես նաև ծնելիության խթանման ծրագրեր:
6) Կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն
ա. Արագ փոփոխվող աշխարհում, որտեղ անընդհատ ծնվում են նոր գիտելիքներ և նորարարական գաղափարներ, կիրառության մեջ են մտնում նորագույն տեխնոլոգիաներ, այդ ամենին տիրապետելու և մրցունակ լինելու համար անհրաժեշտություն է դառնում շարունակական կրթությունը, որի ապահովման հիմնական ձևերից է նաև ոչ ֆորմալ կրթությունը: Արդիական է կրթության ճանաչելիության խնդիրը:
բ. Որպես կրթության յուրատեսակ ձև՝ ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին, հատկապես երիտասարդներին ձեռք բերել և զարգացնել շարունակ փոփոխվող միջավայրի պահանջներին և պայմաններին համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ: Պետությունը կարևորում է ոչ ֆորմալ կրթության նշանակությունը, չափանիշների մշակման և ներդրման կարևորությունը և աջակցում է համապատասխան ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը:
7) Աջակցություն միջազգային երիտասարդական համագործակցությանը և միջմշակութային երկխոսության զարգացմանը
Պետությունն աջակցում է միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը, երիտասարդական փոխանակումների և միջմշակութային երկխոսության հաստատման կամ զարգացման ծրագրերին, տարածաշրջանային և միջազգային մշակութային, կրթական, գիտատեխնիկական, երիտասարդական ծրագրերում Հայաստանի Հանրապետության երիտասարդության ներգրավմանը: Հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատմանն ու զարգացմանը՝ դրանք համարելով պետական քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը:
8) Երիտասարդների շարժունակության խրախուսում, հատուկ ծրագրերի մշակում և իրականացում
ա. 2012 թվականից Հայաստանի Հանրապետությունը երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի մասնակի համաձայնագրի անդամ է, որի շրջանակներում հանձն է առել աջակցել երիտասարդական շարժունակության ծրագրերի իրականացմանը: Երիտասարդական շարժունակությունը դիտվում է որպես գործիք խթանելու երիտասարդների անձնական և մշակութային զարգացումը՝ նպաստելով երիտասարդների մասնակցությանը և ոչ ֆորմալ կրթությանը: Երիտասարդության շարժունակության կենտրոնական խնդիրներից մեկն է երիտասարդների տարբեր խմբերի շրջանում հավասար հնարավորությունների ստեղծումը, երիտասարդներին առաջարկվող տարբեր ծառայությունների մատչելիության ապահովումը:
բ. Այս համատեքստում երիտասարդական պետական քաղաքականության սահմաններում կարևորվում է տարբեր գործիքների ներդրմամբ երիտասարդների շարժունակության խրախուսումը:
9) Հետազոտությունների միջոցով երիտասարդության տարբեր շերտերի կարիքների գնահատում և երիտասարդական քաղաքականությանն առնչվող իրավական դաշտի շարունակական կատարելագործում
ա. Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման նպատակով հետազոտությունների միջոցով երիտասարդության տարբեր շերտերի կարիքների գնահատումն ենթադրում է երիտասարդության խնդիրների խոր հետազոտություն` հիմնված ինովացիոն մեթոդների և համակարգված մոտեցման վրա: Առավել արդիական խնդիրների լուծումներն առաջարկելու համար անհրաժեշտ է իրականացնել պարբերական մշտադիտարկում երիտասարդների իրավունքների իրացման ուղղությամբ:
բ. Ներկայումս Հայաստանի Հանարպետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում գործում է երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոնը, որն իրականացնում է տարաբնույթ ուսումնասիրություններ երիտասարդության հիմնախնդիրների վերաբերյալ: Այդ ուսումնասիրությունների նպատակը առավել փաստարկված և արդյունավետ երիտասարդական պետական քաղաքականության մշակմանը նպաստելն է:
գ. Երիտասարդական հիմնախնդիրներին վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները հիմք են հանդիսանում ոլորտի նորմատիվ-իրավական դաշտի շարունակական կատարելագործման ապահովման համար:
VI. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
7. Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի հիմնական սկզբունքներով՝ կատարվում է երիտասարդական պետական քաղաքականության խնդիրների լուծմանը, հիմնական ուղղությունների իրականացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատումը։
