ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հոկտեմբերի 2022 թ. |
N 1121-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00159949) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով հետևյալ փաստական հանգամանքները.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 01.08.2022թ-ի թիվ 0000003 ԻՇԽ հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 06.10.2022թ-ին կազմված ԻՇԽ No 0000003 ակտի համաձայն «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտումներ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2022թ. հոկտեմբերի 07-ի թիվ /6-3/72822-2022 ծանուցմամբ (Ընկերության կողմից ստացվել է 12.10.2022թ-ին) Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:Արձանագրված խախտումների վերաբերյալ Ընկերության կողմից առարկություններ չեն ներկայացվել:
2. Ընկերության կողմից նախկինում Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետով սահմանված պահանջի խախտում թույլ տրված լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 02-ի թիվ 1028-Ա հրամանով Ընկերության նկատմամբ կիրառվել է Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով նախատեսված պատասխանատվության միջոցը:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով և 3-րդ մասով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետով սահմանված պահանջը երեք հարյուր տասնվեց դեպքով խախտելու համար Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք հարյուր հիսունինը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
3. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024154 հաշվեհամարին:
4. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո` ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
6. Սահմանել մեկամսյա ժամկետ Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտումները Ընկերության կողմից վերացնելու համար:
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |