Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
8 հուլիսի 2015 թվականի N 32
2. ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 40-րդ կետի՝
1. Հավանություն տալ՝
1) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.
2) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 8-ի նիստի N 32 |
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ներկայում համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը: Դեղակայուն ձևերով վարակիչ հիվանդությունները ենթակա չեն ստանդարտ սխեմաներով բուժման, արդյունքում երկարում է հիվանդության ընթացքը, դեղաբուժությունը դառնում է անարդյունավետ և մեծանում է անբարեհաջող ելքերի և բարդությունների թիվը:
2. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը հակավիրուսային, հակամալարիային և այլ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն է: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայուն ձևերը առաջանում են գենետիկական փոփոխության միջոցով (մուտացիայի) և բնակչության շրջանում կարող են դառնալ գերիշխող:
3. Վերջին տարիների բժշկության մի շարք ձեռքբերումներ, օրինակ` քաղցկեղի բուժման (քիմիաթերապիայի), ինչպես նաև օրգանների փոխպատվաստման հաջողությունը կախված է նաև արդյունավետ հակամանրէային դեղերի առկայությունից: Հակամանրէային դեղերի նկատմամբ հարուցիչների կայունության կանխատեսելի հետևանքներն են հիվանդացության աճը, հիվանդության երկարաձգված ընթացքը, բարդությունների ավելի մեծ վտանգը և մահացության բարձր տոկոսը:
4. Եվրոպական տարածաշրջանի որոշ երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության տարածվածության մակարդակը հասնում է 25% և 29 երկրների տվյալներով դեղակայուն ձևերով վարակների տարեկան 400 000 դեպքերից մահանում է 25000 մարդ: Իրականում հավանական է, որ այս տվյալներն ավելի բարձր են, քանի որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պատճառով հետևանքների գրանցումն ու հաշվետվությունը լիարժեք չի իրականացվում:
5. Հանրային առողջությանը սպառնացող հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ուժգնացող վտանգը պայմանավորված է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ պատշաճ օգտագործմամբ:
6. Անասնաբուժության մեջ հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման, իսկ որոշ երկրներում նաև աճը խթանելու համար: Մանրէները, ներառյալ դեղակայուն մանրէները, կարող են կենդանիներից մարդկանց փոխանցվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով` տարածում գտնելով բնակչության շրջանում:
7. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև սննդի անվտանգության խնդիր է, քանի որ դեղակայուն մանրէները և դեղակայունության գեները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով: Սալմոնելա (Salmonella) և կամպիլոբակտեր (Campylobacter) մանրէների դեղակայուն շտամերի առաջացումը միանշանակ կապված է անասնաբուծության մեջ հակամանրէային դեղերի օգտագործման հետ, և մարդկանց շրջանում սննդային ծագում ունեցող հիվանդությունների բազմաթիվ դեղակայուն ձևերով պայմանավորված դեպքեր են արձանագրվել: Անասնաբուժության և սննդի անվտանգության ոլորտը կենտրոնական դեր է խաղում կենդանիների սննդի արտադրության և կենդանիների շրջանում հակամանրէային դեղերի խելամիտ օգտագործումը երաշխավորելու գործում, ինչպես նաև հակամանրէային դեղերի օգտագործումը նվազեցնելու նպատակով հիգիենիկ և վարակի հսկողության արդյունավետ ընթացակարգերի կիրառումը խրախուսելու հարցում: Խիստ կարևոր է անասնաբուծության բնագավառում աճը խթանելու նպատակով հակամանրէային դեղեր կիրառելու գործելակերպի վերացումը և անհրաժեշտ է, որ նշված դեղերը կենդանիների համար ձեռք բերվեն միմիայն անասնաբույժի կողմից դուրս գրված դեղատոմսով:
8. Անասնաբուժության ոլորտում անհրաժեշտ է ստեղծել հակամանրէային դեղերի կիրառման, ինչպես նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության (սննդամթերքում, ինչպես նաև մարդկանց և կենդանիների շրջանում) ինտեգրված համակարգեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալներով, որոշ եվրոպական տարածաշրջաններում, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը առողջության առաջնային պահպանման օղակում բարդացնում է այնպիսի հիվանդությունների բուժումը, ինչպիսիք են վերին շնչուղիների և միզասեռական համակարգի հիվանդությունները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և այլն: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ փոքր է:
II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում դեղերի որակի ու անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում արդեն իսկ իրականացվում են հակամանրէային դեղերի շրջանառությանն ուղղված միջոցառումներ, սակայն առողջապահության, անասնաբուժության և սննդի արտադրության ոլորտներում հակամանրէային դեղերի լայնորեն կիրառումը պահանջում է միջգերատեսչական լայն համագործակցություն: Շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի կիրառումը չի վերահսկվում անասնաբուժության, գյուղատնտեսության, սննդի ոլորտներում, իսկ առկա տեղեկությունները շատ սակավաթիվ են, ինչը հակամանրէային դեղերի կայունության զարգացման հարցում լրացուցիչ գործոն է: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման քաղաքականության զարգացման և ներդրման գործընթացում սերտ համագործակցություն է պահանջվում այնպիսի բնագավառների միջև, ինչպիսիք են համաճարակաբանությունը, մանրէաբանությունը, կլինիկական բժշկությունը, վարակի հսկողությունը, անասնաբուժությունը, դեղագիտությունը: Խիստ անհրաժեշտ է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որը կապահովի տարբեր նախարարությունների համատեղ և արդյունավետ համագործակցությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1913-Ն որոշմամբ ընդունել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման, իսկ 2012 թվականի հունիսի 28-ի թիվ 26 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացրել ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրերը, որոնց շրջանակներում արդեն իսկ իրականացվում են հակամանրէային կայունության կանխարգելման մի շարք միջոցառումներ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1134-Ն որոշման համաձայն ստեղծվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը վերահսկում է հակամանրէային դեղերի և ախտահանիչ նյութերի նկատմամբ ախտածին մանրէների զգայունության որոշման գործառույթը: Հայաստանի Հանրապետությունում գործող լաբորատորիաներում հակամանրէային դեղերի նկատմամբ զգայունության որոշման համար առկա չեն չափորոշիչներ և ուղեցույցներ, չեն գործում լաբորատոր հետազոտությունների որակի գնահատման կանոնավոր գործընթացներ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման պատճառ է նաև մանրէաբանական լաբորատորիաների ախտորոշման ցածր մակարդակը և հակամանրէային դեղերի նշանակումը` առանց հաշվի առնելու մանրէաբանական մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև այն, որ բուժաշխատողների և հանրության շրջանում հակամանրէային կայունության խնդրի մասին ընդհանուր տեղեկատվությունը ցածր է: Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում առկա չեն հակամանրէային դեղերի նշանակման և պատշաճ օգտագործման կանոնակարգեր: Ստեղծված իրավիճակը նպաստում է նաև առողջապահական ծախսերի չնախատեսված մեծացմանը, անհրաժեշտություն է առաջանում կիրառել թանկարժեք հակամանրէային դեղեր, պահանջվում է ավելի երկարատև բուժում` մեծամասամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ինչն էլ պայմանավորում է ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ողջ հասարակության առողջապահական ծախսերի բեռի ծանրացումը: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացմանը և տարածմանը նպաստող գործոններից են հակամանրէային դեղերի ցածր որակը, դրանց չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային` սխալ դեղաչափերով նշանակումը և կիրառումը, ցածր իրազեկվածության պայմաններում բնակչության ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը, վարակի անբավարար վերահսկումը: Ընդհանուր առմամբ, դեղերի շրջանառությունը կարգավորող ազգային օրենսդրությունն ամբողջական չէ և չի երաշխավորում որակի ապահովումը դեղի կենսաշղթայի բոլոր օղակներում: «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված չեն միջազգայնորեն ընդունված այնպիսի սահմանումների ընդունման պահանջներ, ինչպիսիք են պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրական, պահպանման, բաշխման և դեղատնային գործունության պահանջները, ինչը լուրջ խոչընդոտ է երկրում դեղերի որակի ապահովման համակարգի ներդրման և դրա վերահսկողության իրականացման համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվել է մինչև շուկայահանման թույլտվություն տալը դեղերի գրանցման, ներկրվող դեղերի հավաստագրման, և դեղերի անվտանգության մշտադիտարկման համակարգեր, որոնք շրջանառվող դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման լուրջ երաշխիքներ են ստեղծում, սակայն, մարդասիրական օգնության կարգով չգրանցված դեղերի ներկրման օրինականացումը բացասաբար է անդրադառնում համակարգի գործունեության արդյունավետության վրա: Հայաստանի Հանրապետություն ներկրում են միայն այն դեղերը, որոնց լաբորատոր փորձաքննության արդյունքները դրական են, սակայն դա չի կարող երաշխիք հանդիսանալ բաշխման փուլում որակյալ դեղերի ապահովման համար, քանի դեռ առկա են լուրջ խնդիրներ դեղերի որակի երաշխավորման համար առանցքային նշանակություն ունեցող պահպանման պատշաճ պայմանների ապահովման հարցում: Վերջինս ներառում է տարածքները, սարքավորումները, օդափոխության ու ջեռուցման համակարգերը, փոխադրամիջոցները, որակի պատասխանատուների ներկայությունը, ընթացակարգերի սահմանումը և համապատասխան փաստաթղթավորումը: Այս խնդիրները բացահայտվել են նաև 2011 թվականին ԱՀԿ-ի կողմից իրականացված «Նախկին խորհրդային միության նորանկախ ընտրված պետություններում շրջանառող հակատուբերկուլյոզային դեղերի որակի գնահատման» ուսումնասիրության արդյունքում: Վերջինիս տվյալները ցույց են տալիս նաև, որ իրացման շղթայում նմուշառված որոշ դեղերի որակը չի համապատասխանել սահմանված պահանջներին: Դեղատներում առկա է դեղատոմսային դեղերի առանց դեղատոմսի բաց թողնելու արմատավորված պրակտիկան, որը և բերում է դեղերի անկառավարելի կիրառման և ինքնաբուժման աճի: Մյուս կողմից դրան նպաստում է նաև մասնագիտական թույլ վերահսկողությունը և պատժամիջոցների բացակայությունը: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ հիվանդին նշանակվում է հակամանրէային դեղ` խախտելով սահմանված ռեժիմը և ընդունման հաճախականությունը: Արդյունքում, ստեղծվում է պարարտ հող հակամանրէային դեղերի անկառավարելի կիրառման և դեղակայուն մանրէների տարածման համար: Գիտահետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում մշակվել է հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման ռեգիստր, սակայն չի գործում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության շարունակական մշտադիտարկում և վերահսկում:
III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
23. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) խնդիրներն են.
1) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորման քաղաքականության զարգացմանը, ներդրմանն ու իրականացմանն ուղղված կառավարման համակարգի ստեղծում,
2) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգի գործադրում,
3) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մշտադիտարկման համակարգի ներդրում,
4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգն ապահովող տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացում,
5) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության լաբորատոր հետազոտման չափանիշների ներդրում,
6) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին ուղղված դեղերի շրջանառության օրենսդրական դաշտի կարգավորում,
7) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ առողջապահական ոլորտի մասնագետների և բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
8) գյուղատնտեսության բնագավառում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման կանխում:
IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
24. Ռազմավարության ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում նվազեցնել նոր կայուն մանրէների առաջացումը, մարդկանց և կենդանիների շրջանում առկա դեղակայուն մանրէների տարածումը, ինչպես նաև դեղակայուն ձևերով վարակների բեռը:
V. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25. Ռազմավարությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ յոթ ուղղություններով.
1) Ռազմավարական ուղղություն 1. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորման քաղաքականության զարգացմանը, ներդրմանն ու իրականացմանն ուղղված գործողությունների կառավարման համակարգի ձևավորում:
2) Ռազմավարական ուղղություն 2. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգի ստեղծում:
3) Ռազմավարական ուղղություն 3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մշտադիտարկման և հսկողության համակարգն ապահովող տեղեկատվական համակարգի ամրապնդում:
4) Ռազմավարական ուղղություն 4. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայուն ձևերի ախտորոշման լաբորատոր համակարգի զարգացում:
5) Ռազմավարական ուղղություն 5. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին ուղղված դեղերի շրջանառության օրենսդրական դաշտի բարեփոխում:
6) Ռազմավարական ուղղություն 6. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի օգտագործման վերաբերյալ առողջապահական ոլորտի մասնագետների շարունակական ուսուցման ապահովում և բնակչության իրազեկվածության բարձրացում:
7) Ռազմավարական ուղղություն 7. Գյուղատնտեսության բնագավառում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման կանխում:
26. Ռազմավարության ներդնման ընթացքում ակնկալվում է ընդունել հետևյալ իրավական ակտեր.
1) Դեղերի շրջանառության օրենսդրական դաշտը կարգավորող իրավական ակտեր,
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններ` միջազգային և ԱՀԿ- ի մեթոդական առաջարկություններին համապատասխան հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման ուղեցույցների վերաբերյալ,
3) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրենների հրամաններ` խորհրդատվական դեղաբուժության հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ, 4) Իրավական ակտով հաստատված բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունների ուսումնական ծրագրերում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ կրթական թեմաներ,5) Իրավական ակտով սահմանված անասնաբուծության ոլորտում կերային հավելումների (հակաբիոտիկների) օգտագործմանը ներկայացվող պահանջներ:
VI. Ռազմավարության շահառուները
27. Ռազմավարության շահառուներն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մասնագիտական առանձին խմբեր և կառույցներ, մասնավորապես` առողջապահական և անասնաբուժության, սննդի ոլորտի մասնագետներ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, դեղագործական ընկերություններ, գիտահետազոտական ինստիտուտներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
28. 2013 թվականի ապրիլի 8-12 ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի կողմից իրականանացվել է հակամանրէային կայունության հետ կապված իրավիճակի գնահատում: Առաքելությանը մասնակցել են մեծ թվով շահագրգիռ կողմեր և կազմակերպություններ (ներառյալ` առողջապահական և անասնաբուժության, սննդի ոլորտի մասնագետներ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, դեղագործական ընկերություններ, գիտահետազոտական ինստիտուտներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ): Կազմակերպվել են ազգային, մարզային և տեղական մակարդակներում հանդիպումներ և քննարկումներ: Քննարկման արդյունքները արտացոլվել են «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հետ կապված իրավիճակի գնահատում» ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի կողմից հրատարակված զեկույցում: Սույն ռազմավարության նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի կողմից ներակայացված առաջարկությունները:
VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
29. Ռազմավարության ներդրման արդյունավետության գնահատման նպատակով սահմանվում են կատարողականի հետևյալ ցուցանիշները.
1) Ստեղծված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2) Ընդունված իրավական ակտեր` նպատակաուղղված դեղերի շրջանառության կարգավորմանը:
3) Մշակված և ներդրված միջազգային մոտեցումներին համապատասխան հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի օգտագործման հարցերին առնչվող ուղեցույցներ:
4) Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության Գործադրված համակարգ:
5) Համապատասխան հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողությունն ապահովող նյութա-տեխնիկական և մասնագիտական բազայով հագեցված ազգային ռեֆերենս լաբորատորիան:
6) Հակամանրէային դեղեր նշանակող առողջապահական ոլորտի և անասնաբուժության ոլորտի մասնագետների հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ իրականացված դասընթացներ:
7) Անասնաբուծության ոլորտում կերային հավելումների (հակաբիոտիկների) օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանող ընդունված իրավական ակտ:
VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
30. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակամանրէային դեղերի կայունության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղված գործընթացների կանոնակարգումը, մշտադիտարկումը, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման գործիքների մշակումն ու կիրարկումը, իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարությունների և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում:
31. Հակամանրէային դեղերի կայունության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղված գործընթացի արտաքին մշտադիտարկման ու բարելավման հարցերում իրենց համաձայնությամբ կարևոր դերակատարություն կստանձնեն բժշկական մասնագիտական միավորումները (ասոցիացիաները)։
32. Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (ՀՀ պետական բյուջեից` առողջապահության նախարարությանը տրամադրվող միջոցների շրջանակներում),
2) Միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,
3) Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր կազմակերպությունների միջոցներ,
4) Հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներ:
IX. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՄՓՈՓ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
33. Ռազմավարությամբ իրականացվող միջոցառումներն իրականացվելու են երկու փուլով.
1) Առաջին փուլ` 2015-2016 թվականների ընթացքում, ակնկալվող հետևյալ արդյունքներով.
ա. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված կառավարման համակարգի ստեղծում:
բ. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարաբանական հսկողության համակարգի գործադրում:
գ, Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ ազգաբնակչության, առողջապահության, անասնաբուժության ոլորտի մասնագետների իրազեկության բարձրացում:
2) Երկրորդ փուլ` 2017-2020 թվականների ընթացքում, ակնկալվող հետևյալ արդյունքներով.
ա. Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության կարգավորման օրենսդրական դաշտի կարգավորոււմ և իրավական ակտերի ընդունում:
բ. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակամանրէային դեղերի նշանակման, բացթողման, ինչպես նաև կենսաշղթայի բոլոր օղակներում դեղերի որակի ապահովման և վերահսկողության գործընթացի կարգավորում:
գ. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ, միջազգային մոտեցումների և ԱՀԿ- ի մեթոդական առաջարկությունների համապատասխան ուղեցույցների որդեգրում:
դ. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և զգայունության լաբորատոր հետազոտման վերաբերյալ` միջազգային մոտեցումների և ԱՀԿ- ի մեթոդական առաջարկությունների համապատասխան մեթոդաբանության որդեգրում:
ե. Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության ռեֆերենս լաբորատոր կենտրոնի գործադրում:
զ. Անասնաբուծության ոլորտում կերային հավելումների (հակաբիոտիկների) օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանող իրավական ակտի ընդունում:
X. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
34.Ռազմավարության ներդրման ընթացքում ռիսկեր չեն կանխատեսվում:
XI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
35.Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հետ կապված տնտեսական բեռը ներառում է արտադրողականության անկումը` եկամտի կորուստ, աշխատանքի արդյունավետության նվազում, ընտանիքի կողմից ծախսվող ժամանակի մեծացում, ինչպես նաև ախտորոշման ու բուժման հարաճուն ծախսեր (բժշկական խորհրդատվությունների, սկրինինգային հետազոտությունների, սարքավորումների և դեղերի արժեքի և այլնի հետ կապված): Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության թե' առողջապահական, թե' տնտեսական հետևանքները նշանակալից են և թանկարժեք, սակայն դժվար է տալ դրանց ճշգրիտ քանակական գնահատականը, քանի որ շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում առկա տեղեկություններն ու տվյալները թերի են: Հաշվարկված է, որ Եվրամիությունում բազմադեղակայուն մանրէների հետևանքով տարեկան տնտեսական կորուստը կազմում է 1,5 միլիարդ եվրո:
36. Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
37. Որոշման ընդունման, և դրա կիրարկման արդյունքում նախատեսվում է մի շարք իրավական ակտերի ընդունում` դեղերի շրջանառության կարգավորման նպատակով:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 8-ի նիստի N 32 |
ԾՐԱԳԻՐ
ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու |
Համակատարող |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունք |
Ակնկալվող ֆինանսական միջոցները |
Վերստուգելի չափանիշ | |||||
Ռազմավարական ուղղություն 1. Նպատակը` ՀՀ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանն ուղղված գործողությունների կառավարման միասնական համակարգի ձևավորում | |||||||||||
1) «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարություն: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015 թվական |
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ իրազեկման բարձրացման, տվյալների հավաքագրման և հսկողության հարցում` միջգերատեսչական համագործակցության իրականացում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
Համակարգող հանձնաժողովի աշխատակարգով սահմանված պահանջներին համապատասխան իրականացված գործունեություն: | ||||||
2) Ընդունել «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությանը և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համար մշտապես գործող աշխատանքային խումբ ստեղծելու և աշխատանքային խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրաման: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015 թվական |
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համակարգում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
Աշխատանքային խմբի գործունեության կարգին համապատասխան իրականացված աշխատանքների իրականացում: | ||||||
3) Համագործակցել հանրային առողջապահության բնագավառում գործող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման հարցում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2016-2020 թվականներ |
Ռազմավարության ներդրման և համատեղ միջոցառումների իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության և հանրային առողջապահության բնագավառում գործող հասարակական կազմակերպությունների ներգրավում: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
Նշված ժամկետում առնվազն 2 գործող հասարակական կազմակերպությունների ներգրավում: | |||||
4) Շահագրգիռ պետական մարմիններում իրականացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հիմնահարցերի վերաբերյալ պարբերական քննարկումներ, արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2016-2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանը և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականության ապահովում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
Տարեկան առնվազն 2 քննարկումների կազմակերպում, քննարկումների արդյունքների վերաբերյալ երկու հաշվետվության առկայություն: | ||||||
Ռազմավարական ուղղություն 2. Նպատակը` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացման, հակամանրէային դեղերի օգտագործման` միջազգային մեթոդաբանությանը համապատասխան համաճարակաբանական հսկողության համակարգի ձևավորում և զարգացում | |||||||||||
1) ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ ուղեցույցներ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2017-2020 թվականներ |
Միջազգային մոտեցումների և ԱՀԿ- ի մեթոդական առաջարկություններին համապատասխան հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ ուղեցույցների որդեգրում: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
Նշված ժամկետում առնվազն 2 ուղեցույցի ընդունում, դրանց վերաբերյալ շահառուներին պաշտոնական գրավոր ձևով ծանուցում և ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրում: | |||||
2) ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգի գնահատման» մեթոդական ուղեցույց: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ Հասարակական կազմակերպություն/ներ (համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2019-2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգի գնահատման համար անհրաժեշտ մեթոդաբանության առկայություն: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
2021 թվականին առնվազն 2 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգի գործունեության գնահատում: | |||||
3) Հակամանրէային դեղերի կայունության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ |
2016-2020 թվականներ |
Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում: |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Նշված ժամկետում իրավական ակտերի ընդունումից հետո շահառուներին գրավոր ծանուցում, ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղեկատվության առկայություն: | |||||
Ռազմավարական ուղղություն 3. Նպատակը` ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ապահովել ԱՀԿ և միջազգային մեթոդական առաջարկություններին համապատասխան վարակի հսկողության միջոցառումների իրականացումը և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման նվազեցմանն ուղղված համակարգված մշտադիտարկման և հսկողության համակարգի ձևավորում և ամրապնդում: | |||||||||||
1) ՀՀ առողջապահության նախարարության, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրենների հրամաններով ստեղծել խորհրդատվական դեղաբուժության հանձնաժողով: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ |
2016-2017 թվականներ |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակամանրէային դեղերի նշանակման և պատշաճ օգտագործման նկատմամբ հսկողության սահմանում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
2018 թվականին առնվազն 2 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում խորհրդատվական դեղաբուժության հանձնաժողովների առկայություն: | |||||
2) ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մշտադիտարկման համար անհրաժեշտ հաշվառման, հաշվետվական ձևեր, ձևաթղթեր մատյանների ձևանմուշներ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2016-2017 թվականներ |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակամանրէային դեղերի նկատմամբ համաճարակաբանական հսկողության համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հաշվառման և հաշվետվական ձևանմուշների ստեղծում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
2018 թվականին մեկական գրանցման,հաշվառման և հաշվետվական ձևանմուշների առկայություն: | |||||
3) ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բազայի վրա ստեղծել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ ազգային Էլեկտրոնային տվյալների բազա: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2018-2019 թվականներ |
ՀՀ-ում համաճարակաբանական հսկողության համակարգի և մշտադիտարկման արդյունավետ աշխատանքի իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկատվական հիմքերի ստեղծում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
2020 թվականին Էլեկտրոնային տվյալների բազայի գործադրում: | |||||
Ռազմավարական ուղղություն 4. Նպատակը` ՀՀ ախտորոշման լաբորատոր համակարգում ապահովել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությանն առնչվող հետազոտությունների իրականացման, ախտորոշման վերաբերյալ, ԱՀԿ և միջազգային մեթոդական առաջարկությունների որդեգրում, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության միտումների գնահատում և կլինիկորեն նշանակալի դեպքերի, նոր երևան եկող կայուն շտամերի հայտնաբերում | |||||||||||
1) Աշխատանքներ տանել «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի համացանց (CAESAR)»-ի հետ համագործակցության ապահովման ուղղությամբ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ Հասարակական կազմակերպություն/ներ (համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2015-2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայուն մանրէների շրջանառության, զգայունության որոշման մեթոդաբանության վերաբերյալ կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի համացանցի շրջանակներում տեղեկատվության փոխանակում: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
Առնվազն տարին 1 անգամ ԱՀԿ կողմից` CAESAR-ի վերաբերյալ կազմակերպվող աշխատաժողովին համապատասխան մասնագետների մասնակցություն; | |||||
2) Ազգային ռեֆերենս լաբորատորիան հագեցնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողությունն ապահովող համապատասխան նյութա-տեխնիկական և մասնագիտական բազայով: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2016 -2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության ռեֆերենս լաբորատոր կենտրոնի ստեղծում: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
Նյութա-տեխնիկական և մասնագիտական բազայի համալրման վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովին` տարեկան գրավոր հաշվետվության առկայություն: | |||||
3) ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել հակամանրէային դեղերի նկատմամբ զգայունության լաբորատոր հետազոտման չափանիշների վերաբերյալ մեթոդաբանություն: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2017-2018 թվականներ |
ԱՀԿ- ի մեթոդական առաջարկություններին և միջազգային մոտեցումներին համապատասխան հակամանրէային դեղերի նկատմամբ զգայունության լաբորատոր հետազոտման չափանիշների որդեգրում: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
2020 թվականին 2 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մեթոդաբանության կիրառման վերաբերյալ գրավոր հաշվետվության առկայություն: | ||||||
4) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնագետներին տրամադրել մեթոդագործնական աջակցություն` հակամանրէային դեղերի նկատմամբ զգայունության լաբորատոր հետազոտման չափանիշների վերաբերյալ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2019-2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի նկատմամբ զգայունության լաբարատոր հետազոտման միջազգային մոտեցումների վերաբերյալ մասնագետների իրազեկվածության բարձրացում: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
2020 թվականին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն 3 կազմակերպություններում մեթոդագործնական աջակցության կազմակերպում: | ||||||
5) Իրականացնել ռեֆերենս լաբորատորիայի համագործակցություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ, սահմանել լաբորատոր հետազոտությունների արդյունքների և որակի գնահատման կանոնավոր գործընթացներ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2019-2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության որոշման ազգային ռեֆերենս լաբորատորիայի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմների առկայություն՝ ներառյալ լաբորատոր արդյունքների հսկողությունը և հաստատումը: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
2021 թվականին առնվազն 2 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում լաբորատոր հետազոտությունների արդյունքների և որակի գնահատման իրականացում: | |||||
6) Շարունակաբար զարգացնել ազգային ռեֆերենս լաբորատորիայի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության որոշման կարողությունները: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015-2020 թվականներ |
Միջազգային չափնիշներին համապատասխան` լաբորատոր ծառայության որակի ապահովում: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
Առնվազն տարին 1 անգամ մասնագետների` համապատասխան թեմայով միջազգային դասընթացներին/աշխատաժողովներին մասնակցություն: | ||||||
Ռազմավարական ուղղություն 5. Նպատակը` ՀՀ դեղերի արտադրության, բաշխման, պահպանման, դեղատնային գործունեության օրենսդրական դաշտի կարգավորում, որակի, անվտանգության և արդյունավետության երաշխավորում, դեղերի նշանակման և կիրառման բարելավում, կիրառման շարունակական դիտարկման ապահովում և ոչ ռացիոնալ կիրառման նվազեցում | |||||||||||
1) Դեղերի շրջանառության օրենսդրական դաշտի կարգավորում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015-2020 թվականներ |
Դեղերի գրանցման և հետգրանցումային դիտարկումների գործընթացների հստակեցում, ինչպես նաև արտադրության, բաշխման, պահպանման, դեղատնային գործունեության, գովազդի և տեղեկատվության պահանջների սահմանում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
Տարեկան առնվազն 5 իրավական ակտերի ընդունում, այդ թվում «Դեղերի մասին» նոր օրենքից բխող: | ||||||
2) Իրականացնել դեղերի որակի ապահովման համակարգի մշտադիտարկում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015-2020 թվականներ |
Որակի ապահովման և կեղծ դեղերի հայտնաբերման նպատակով` դեղերի արտադրական, բաշխման և դեղատնային գործունեության համապատասխանության դիտարկում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
Դեղերի արտադրություն, դեղերի մեծածախ իրացում և դեղատնային գործունեություն իրականացնող սուբյեկտների տարեկան առնվազն 20% -ի դիտարկումների հաշվետվություններ: | ||||||
3) Իրականացնել հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015-2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի կիրառման տվյալների հիմնապաշար` միտումները հայտնաբերելու, կայունության դիտարկման տվյալների հետ համադրելու, այլ երկրների տվյալների հետ համեմատելու նպատակով |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
Նշված ժամկետում հակամանրէային դեղերի կիրառման տվյալների հիմնապաշարի գործարկում և արդյունքների վրա հիմնված աշխատանքների և միջոցառումների իրականացում | ||||||
4) Մշակել և իրականացնել համաճարակաբանական հետազոտության կարճատև ծրագրեր` հակամանրէային դեղերի կիրառման միտումները հայտնաբերելու համար: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2016-2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի կիրառման վերաբերյալ հավաստի տվյալների առկայություն: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
Նշված ժամկետում հակամանրէային դեղերի կիրառման վերաբերյալ հետազոտությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների առկայություն | ||||||
Ռազմավարական ուղղություն 6. Նպատակը` հակամանրէային դեղերի օգտագործման և դեղակայուն ձևերի վերաբերյալ առողջապահական ոլորտի մասնագետների գիտելիքների բարելավում և կարողությունների զարգացում, ինչպես նաև հակամանրէային դեղերի խելամիտ օգտագործման կարևորության վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում | |||||||||||
1) Ապահովել հակամանրէային դեղեր նշանակող առողջապահական ոլորտի մասնագետների շարունակական ուսուցում` (ներառյալ միջազգային սեմինարներին, դասընթացներին, աշխատաժողովներին, համաժողովներին մասնակցություն) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություն/ներ (համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություն/ներ (համաձայնությամբ) |
2015-2020 թվականներին |
Առողջապահական ոլորտի մասնագետների հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում; |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
Նշված ժամկետում առողջապահական ոլորտի համապատասխան մասնագետների առնվազն 20%-ի մասնակցություն շարունակական ուսուցման դասընթացներին: | |||||
2)Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ կրթական թեմաներն ինտեգրել բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունների ուսումնական ծրագրերում: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2018 թվականին |
Ժամանակակից պահանջներին համապատասխան` բժշկական մասնագիտական բազային կրթության բարեփոխում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
2020 թվականին ինտեգրված կրթական թեմաներով ուսումնական ծրագրերով ուսուցում | |||||
3)Բնակչության շրջանում կազմակերպել հակամանրէային դեղերի օգտագործման և հակամանրէային դեղերի կայունության վերաբերյալ գիտելիքների տարածում, ներառյալ տեղեկատվական կրթական նյութերի տարածումը, սոցիալական գովազդների, քարոզարշավների կազմակերպումը, իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամենամյա հաշվետվություն/ների, զեկույցների պատրաստումը և հրապարակումը: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություն/ներ (համաձայնությամբ) Դոնոր կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2015-2020 թվականներին |
Բնակչության շրջանում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, ծրագրի ընթացքի ամենամյա գնահատում և ամփոփում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված աղբյուրներ |
Տարեկան առնվազն 2 հանրային իրազեկման միջոցառման իրականացում: | |||||
4) Իրականացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունների հաշվառում, ուղղահայաց և հորիզոնական համագործակցության հաստատում, մեթոդաբանական աջակցության տրամադրում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2016-2020 թվականներ |
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ փաստացի տվյալների առկայություն և կիրառում: |
Ֆինանսավորում չի պահանջում |
2020 թվականին հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման գործընթացում հաշվառված գիտահետազոտական կազմակերպությունների առնվազն 20%-ի ներգրավում: | |||||
Ռազմավարական ուղղություն 7. Նպատակը` ՀՀ գյուղատնտեսության ոլորտներում հակամանրէային դեղերի օգտագործման վերահսկման, փոխտեղեկատվության ապահովում, հակամանրէային դեղերի օգտագործման և դեղակայուն ձևերի վերաբերյալ անասնաբուժության ոլորտի մասնագետների շարունակական ուսուցման ապահովում | |||||||||||
1) Ապահովել անասնաբուժության ոլորտի մասնագետների մասնակցությունը հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ սեմինարներին և հանդիպումներին: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն Հասարակական կազմակերպություն/ներ (համաձայնությամբ) |
2017-2018 թվականներ |
Անասնաբուժության ոլորտի մասնագետների հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում; |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
2019 թվականին անասնաբուժության ոլորտի մասնագետների առնվազն 10%-ի մասնակցություն սեմինարներին և հանդիպումներին: | |||||
2)Հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ կրթական թեմաներն ինտեգրել բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անասնաբուժության մասնագիտության ուսումնական ծրագրերում: |
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
2018-2019 թվականներ |
Ժամանակակից պահանջներին համապատասխան` «անասնաբուժություն» մասնագիտության բազային կրթության բարեփոխում: |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
2020 թվականին ինտեգրված կրթական թեմաներով ուսումնական ծրագրերով ուսուցում: | |||||
3) Մշակել և իրավական ակտով ընդունել անասնաբուծության ոլորտում կերային հավելումների (հակաբիոտիկների) օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանող մեխանիզմներ: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2016-2017 թվականներ |
Անասնաբուծության ոլորտում հակամանրէային դեղերի օգտագործման սահմանափակում` մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը կանխելու նպատակով: |
Ֆինանսավորում չի պահանջում |
2019 թվականին համապատասխան կազմակերպությունների առնվազն 40%-ում իրականացված գնահատում: |