«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2005 թ. |
N 256-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ» ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հանքային պարարտանյութերի արտադրման, պահպանման, փոխադրման և իրացման» սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):
2. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)
Նախագահ |
Ն. Դավիդյան |
Հաստատված է |
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են հանքային պարարտանյութերի արտադրմանը, պահպանմանը, փոխադրմանը և իրացմանը ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջները:
1.2. Սույն Կանոնները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից:
1.3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանքային պարարտանյութերի իրացումն առանց դրանց համապատասխանության հավաստման:
2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2.1. Սույն սանիտարական Կանոններում կիրառվում են հետևյալ հասկացությունները.
● Պարարտանյութ` բույսերը սնուցող և հողի բերրիությունը բարձրացնող նյութ:
● Հանքային պարարտանյութ` արդյունաբերական եղանակով ստացված կամ հանածո պարարտանյութ, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար սնուցող տարր:
● Սնուցող տարր` պարարտանյութի տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի և զարգացման համար:
2.2. Հանքային պարարտանյութերը ըստ ազդող նյութի բաժանվում են`
● Պարզ (միաբաղադրիչ) հանքային պարարտանյութեր (պարունակում է գլխավոր սնուցող տարրերից որևէ մեկը),
- ազոտական պարարտանյութեր,
- ֆոսֆորական պարարտանյութեր,
- կալիումական պարարտանյութեր:
● Համալիր հանքային պարարտանյութ ((երկուսից ոչ պակաս գլխավոր սնուցող (ազդող) տարր պարունակող):
● Երկրորդային սնուցող (ազդող) տարր պարունակող հանքային պարարտանյութ:
● Միկրոսնուցող (ազդող) տարրեր պարունակող հանքային պարարտանյութ:
● Խելաթային նյութերով (կոմպլեքսային նյութերով) հանքային պարարտանյութ:
● Օրգանահանքային պարարտանյութ (օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդ, որը ստացվել է միասնական տեխնոլոգիական գործընթացով կամ մեխանիկական խառնման միջոցով):
3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1. Հանքային պարարտանյութերի օգտագործումից հետո հողում, օդում (ցնդող միացությունների առկայության դեպքում), ջրում և գյուղատնտեսական մթերքներում վտանգավոր և թունավոր նյութերի պարունակությունը (ռադիոնուկլիդներ, ծանր մետաղների և արսենի աղեր, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, կայուն օրգանական աղտոտիչներ և այլն) չպետք է գերազանցի հիգիենիկ նորմերը:
3.2. Հանքային պարարտանյութերի հետ աշխատելիս մարդու առողջությունը և շրջակա միջավայրի պահպանությունը ապահովվում է վնասակար և աշխատատար գործողությունների առավելագույն մեքենայացման, տեխնիկայի անվտանգության կանոնների, բնապահպանական պահանջների ու նորմերի և սույն Կանոնների պահպանման միջոցով:
3.3. Հանքային պարարտանյութերի օգտագործման ժամանակ պետք է պահպանել տվյալ պատրաստուկի նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված անվտանգության բոլոր պահանջները:
3.4. Հանքային պարարտանյութերի հետ աշխատանքը իրականացվում է անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ:
3.5. Աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո:
3.6 Հանքային պարարտանյութերից շրջակա միջավայրի պահպանման «Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18 նոյեմբերի 2004 թվականի N 1692-Ն որոշմամբ հաստատված հիգիենիկ նորմերը
Հանքային պարարտանյութի անվանումը |
Աշխատան-քային գոտու օդում սահմա-նային թույլա-տրելի խտու-թյունը մգ/մ3 |
Վտանգավորու-թյան դասն ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի |
Բնակավայրերի մթնոլորտային օդում օրվա միջին թույլատրելի սահմանային խտությունը մգ/մ3 |
Հողում սահ-մանային թույլատրելի խտությունը մգ/կգ |
Կարբամիդ |
10 |
3-րդ |
0,2 |
- |
Ամոնիումի սուլֆատ |
10 |
3-րդ |
- |
0,2 |
Ամոնիումի նիտրատ (սելիտրա) |
10 |
4-րդ |
0,3 |
- |
Սուպերֆոսֆատ կրկնակի հատիկա-վորված |
5 |
3-րդ |
- |
- |
Նիտրոամոֆոսկա |
4 |
3-րդ |
- |
- |
Ամոֆոս |
6 |
3-րդ |
- |
- |
նիտրոֆոսկա |
5 |
3-րդ |
- |
- |
Կալիումի քլորիդ |
5 |
3-րդ |
0,1 |
560 |
ֆոսֆորիտային ալյուր |
6 |
3-րդ |
- |
- |
3.7. Պտուղ-բանջարեղենային մթերքում. խմելու-տնտեսական նշանակության ջրմուղներում և ջրամատակարարման աղբյուրներում վնասակար քիմիական նյութերի թույլատրելի քանակները սահմանվում են «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 թ. սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով և «Խմելու ջուր ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական կանոններով և նորմերով:
3.8 Հանքային պարարտանյութերի արտադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները կարգավորվում են «Արդյունաբերական կազմակերպությունների նախագծման» 245-71 սանիտարական նորմերով:
4. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԲԱՑԹՈՂՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Հանքային պարարտանյութերի պահպանումը թույլատրվում է միայն այդ նպատակի համար նախատեսված պահեստարաններում:
4.2. Հանքային պարարտանյութերի պահպանման համար նախատեսված պահեստային սենքերի սանիտարապաշտպանական գոտին սահմանվում է «Արդյունաբերական կազմակերպությունների նախագծման» 245-71 սանիտարական նորմերով:
4.3. Պահեստարանները ներառում են.
● սենք` պարարտանյութերի պահպանման և բացթողման,
● հարթակ` սարքավորումների և փոխադրամիջոցների պահպանման,
● ծածկով հարթակ` դատարկ տարայի պահեստավորման,
● հարթակ` տարայի, սարքավորումների և փոխադրամիջոցների, արտահագուստի, անհատական պաշտպանիչ միջոցների և այլնի մաքրման, վնասազերծման,
● սենքեր` վարչական և կենցաղային նշանակության (խմելու ջրի և սննդամթերքի պահպանման, սննդի ընդունման և հանգստի, անհատական պաշտպանիչ միջոցների տրման և հետ ընդունման, հագուստի պահպանման համար և սանիտարակենցաղային հարմարություններ):
4.4. Հանքային պարարտանյութերի փոխադրական տարայի մակնշվածքը և ապրանքաուղեկից փաստաթուղթը պետք է ներառի տեխնիկական կանոնակարգով պահանջվող տվյալները:
4.5. Հանքային պարարտանյութերի ընդունումը, պահպանումը, հաշվառումը և բացթողումը իրականացվում է անվտանգության կանոններին տիրապետող պատասխանատու անձի կողմից:
4.6. Հանքային պարարտանյութերի պահպանման ժամանակ պետք է հետևել տարայի ամբողջականությանը, իսկ վերջինիս խախտման դեպքում պարարտանյութերը անմիջապես վերալցնել հատուկ տարայի մեջ:
4.7. Հանքային պարարտանյութերի պահեստի մաքրումը իրականացվում է անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան երկու շաբաթը մեկ անգամ: 50 տոննայից ավել տարողունակությամբ պահեստները պետք է ունենան փոշեկուլ և լվացող սարքավորումներ:
4.8. Արգելվում է պահեստային սենքերը օգտագործել սննդամթերքի, անասնակերի, տնտեսական և կենցաղային նշանակության տարբեր առարկաների պահպանման համար: Արգելվում է պարարտանյութերի բաց երկնքի տակ թողնելը:
4.9. Հանքային պարարտանյութերի պահեստարանները և իրացման փակ շինությունները պետք է ապահովված լինեն արհեստական մղումով ներհոս-արտաձիգ օդափոխիչ համակարգով:
5. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5.1. Հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ յուրաքանչյուր աշխատանք պետք է իրականացնել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մեքենաների և սարքավորումների միջոցով:
5.2. Մեքենաների վրա փակցվում են հուշաթերթիկներ, հրահանգներ հանքային պարարտանյութերի կիրառման անվտանգության միջոցառումների և թունավորումների դեպքում առաջին բուժօգնության կանոնների մասին: Մեքենաները պետք է ունենան սպասարկող անձնակազմի ձեռքերի լվացման համար 5 լիտր տարողությամբ բաքերի տեղադրման հարմարություն:
5.3. Աշխատավայրերում չի թույլատրվում պահել սննդամթերք, ջուր, անասնակեր և տնային գործածման առարկաներ:
5.4. Արգելվում է հանքային պարարտանյութերը թողնել առանց պահպանության և անհրաժեշտ հսկողության:
5.5. Հանքային պարարտանյութերի աշխատանքային լուծույթները պատրաստվում են.
● հատուկ լուծույթային հանգույցներում և լիցքավորման հրապարակներում,
● անմիջապես տարողությունների մեջ (բաքերում), պահպանելով անվտանգության կանոնները:
6. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՓԱԿ ԳՐՈՒՆՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ)
6.1. Փակ գրունտի պայմաններում` (ջերմատներում) հանքային պարարտանյութերի կիրառումը իրականացվում է սույն Կանոններին համապատասխան:
6.2. Ջերմատներում հանքային պարարտանյութերի օգտագործումը թույլատրվում է միայն բույսերի խնամքի հետ կապված բոլոր աշխատանքների ավարտից հետո:
6.3. Ջերմատների հողի հանքային պարարտանյութերով մշակումը կատարվում է անվտանգության միջոցառումների պահպանմամբ` առանց կողմնակի անձանց ներկայության:
6.4. Աշխատանքային լուծույթների պատրաստումը կատարվում է լուծույթային հանգույցում տեղավորված հատուկ առանձնացված սենքում, որն ունի արտաձիգ օդափոխիչ հարմարանք, կոյուղու համակարգ և մեկուսացված մուտք (ելք):
6.5. Ջերմատնային շինության, փոխադրամիջոցների, տարայի, սարքավորումների և արտահագուստի մաքրման և վնասազերծման ժամանակ առաջացած դրենաժային հոսքերը և լվացման ջրերը հավաքվում են բետոնապատ տարողության մեջ, որը մշակվում է քլորակրով (500 գ, 10 լիտր կեղտաջրին):
7. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ
7.1. Շնչառական օրգանների, մաշկի և լորձաթաղանթների միջոցով հանքային պարարտանյութերի ներթափանցումից պաշտպանվելու համար աշխատողները պետք է ապահովվեն անհատական պաշտպանության միջոցների համալիրով (այսուհետև` ԱՊՄ) արտահագուստ, հատուկ կոշիկներ, շնչադիմակ, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ և /կամ թաթպաններ:
7.2. ԱՊՄ-ները ընտրվում են հաշվի առնելով պարարտանյութի վտանգավորության դասը աշխատանքի պայմանների բնույթը, ինչպես նաև աշխատողների անհատական չափսերը:
7.3. ԱՊՄ-ները պետք է պահել հատուկ առանձնացված մաքուր չոր սենքում` առանձին պահարաններում: Արգելվում է ԱՊՄ-ները պահել այն սենքերում, որտեղ պահվում են պարարտանյութերը: Արգելվում է արտահագուստը և հատուկ կոշիկները հագնել աշխատանքից դուրս:
7.4. Իրավաբանական անձը պետք է ապահովի արտահագուստի, կոշիկի և այլ ԱՊՄ-ի տրամադրումը, պահպանումը, լվացումը և վնասազերծումը:
7.5. Չափավոր վտանգավոր քիչ ցնդունակ աէորոզոլի տեսքով նյութերի հետ աշխատելիս պետք է կիրառել հակափոշային (հակաաէրոզոլային) շնչադիմակներ:
7.6. Փոշենման պարարտանյութերի հետ աշխատելիս օգտագործվում է հատուկ փոշեկայուն կտորից կարված արտահագուստ:
7.7. Ձեռքերը պաշտպանելու համար խիտ էմուլսիաների, մածուկների, լուծույթների այլ հեղուկ ձևերի հետ աշխատելիս, կիրառվում են տեխնիկական նշանակության ռետինե ձեռնոցներ: Բժշկական ռետինե ձեռնոցների գործածումը արգելվում է:
7.8. Ոտքերը պաշտպանելու համար օգտագործվում է ռետինե երկարաճիտ կոշիկներ:
7.9. Աչքերի պաշտպանության համար գործածվում են պաշտպանիչ ակնոցներ: Ակնոցի ապակիները քրտնելուց խուսափելու համար օգտվում են այդ նպատակի համար նախատեսված հատուկ պաշտպանիչ միջոցներից:
7.10. Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո պաշտպանիչ միջոցները ենթակա են մաքրման: Վերջիններս հանվում են հետևյալ հերթականությամբ. չհանելով ձեռքերից` լվանալ ռետինե ձեռնոցները նախ վնասազերծող միջոցներով (կալցինացված սոդայի 3-5% լուծույթ, կրակաթ), ապա` ջրով, հետո հանել պաշտպանիչ ակնոցները, շնչադիմակը, կոշիկները և կոմբինեզոնը, նորից լվանալ ձեռնոցները վնասազերծող լուծույթով և ջրով, որից հետո հանել նաև ձեռնոցները: Շնչադիմակների ռետինե դիմային մասերի արտաքին մակերեսը վնասազերծում են օճառասոդային լուծույթով (25 գրամ օճառ, 5 գրամ կալցինացված սոդա 1 լիտր ջրին): Շնչադիմակների դիմային մասերը ախտահանում են 0,5%-ոց կալիումի պերմանգանատի լուծույթի կամ էթիլ սպիրտի մեջ թաթախված բամբակի վիրախծուծով:
7.11. Արտահագուստը, ամեն օր, աշխատանքների ավարտից հետո փոշեզերծել և լվանալ 6 բանվորական հերթափոխը մեկ անգամ:
8. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8.1. Հանքային պարարտանյութերի հետ շփվող անձինք ենթակա են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 15.07.2004 թ. 1089-Ն որոշմամբ հաստատված կարգով:
8.2. Հանքային պարարտանյութերի հետ աշխատող անձինք պետք է տիրապետեն ինքօգնության և փոխօգնության սկզբունքներին: Աշխատանքի վայրում պետք է լինի առաջին նախաբժշկական օգնության դեղարկղ:
8.3. Հանքային պարարտանյութերի հետ շփվող անձանց սանիտարակենցաղային սպասարկումը անհրաժեշտ է իրականացնել սույն Կանոններին համապատասխան:
8.4. Հանքային պարարտանյութերի հետ շփվող անձինք պետք է ստանան համապատասխան հրահանգավորում:
11. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻՑ
11.1. Գյուղատնտեսական արտադրանքում և նրա վերամշակման մթերքներում հանքային պարարտանյութերի մնացորդային քանակները պետք է հսկվեն արտադրողների կողմից:
11.2. Գյուղատնտեսական արտադրանքի և նրա վերամշակման մթերքների հիգիենիկ պահանջներին համապատասխանության լաբորատոր հսկողության կազմակերպման համար պատասխանատու են կազմակերպությունների ղեկավար անձինք:
11.3. Բնակչության կողմից արգելվում է իրացնել պարարտանյութերի մնացորդային քանակները գերազանցող արտադրանք: Արգելվում է սննդամթերքի արտադրության համար օգտագործել հանքային պարարտանյութերի մնացորդային քանակությունների բարձր պարունակությամբ արտադրական հումք:
12. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12.1. Հանքային պարարտանյութերի փոխադրումը կատարվում է միայն քիմիական նյութերի համար նախատեսված փոխադրամիջոցներով:
12.2. Արգելվում է հանքային պարարտանյութերի հետ սննդամթերքի և այլ ապրանքների փոխադրումը:
13. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
13.1 Հանքային պարարտանյութերի վաճառքի կազմակերպությունները պետք է տեղակայվեն առանձին շինություններում` ապահովելով 50 մետր սանիտարապաշտպանական գոտի:
13.2. Հանքային պարարտանյութերի վաճառքի կազմակերպություններում անհրաժեշտ է ապահովել բնական և արհեստական օդափոխանակություն:
13.3. Հանքային պարարտանյութերի վաճառքի կազմակերպությունը պետք է ունենա վաճառասրահ (նվազագույն տարածքը 12 մ2), պահեստային մաս, (նվազագույն տարածքը 8 մ2), չափաբաժինների պատրաստման տեղամաս (նվազագույն տարածքը 6 մ2) և սանիտարակենցաղային հարմարություններ:
13.4. Չափաբաժինների պատրաստումը անհրաժեշտ է կատարել տեղային արտաձիգ օդափոխանակությամբ գործող քարշիչ ծածկոցի առկայության պայմաններում:
13.5. Պարարտանյութերը նախքան վաճառասրահ տրվելը պետք է անցնեն նախավաճառքային պատրաստվածության, որը ներառում է փաթեթավորման որակի ստուգումը, ապափաթեթավորումը, տեսակավորումը և անհրաժեշտ տեղեկատվության, կիրառման հրահանգների, պիտակի առկայության ստուգումը:
13.6. Պատրաստուկների մասին տեղեկատվությունը պետք է պարունակի պատրաստուկի պիտանիության ժամկետի, դրա վտանգավորության դասի, ազդող նյութի խտության, նետտո (զուտ) զանգվածի կամ ծավալի, պատրաստման ժամկետի և թունավորման ժամանակ առաջին բուժօգնության վերաբերյալ տվյալներ:
13.7. Պատրաստուկների տարաները պահեստամասում պետք է տեղադրել դարակաշարերի վրա:
13.8. Հանքային պարարտանյութերի վաճառքի կազմակերպության սանիտարակենցաղային հարմարությունները պետք է ապահովված լինեն հոսող ջրով, լվացող և վնասազերծող միջոցներով և առաջին բուժօգնության դեղարկղով: