Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
31 հոկտեմբերի 2013 թվականի N 45
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2013 թվականի ինն ամսվա գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվությունը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերի 31-ի նիստի N 45 արձանագրային որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
2013 թվականի տնտեսական տարում Գեղարքունիքի մարզպետարանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ, որոշակի աշխատանք է կատարել մարզի կեսագործունեության և բնակչության կենսապահովման, քաղաքական գործընթացների և պետական միջոցառումների կազմակերպման և անցկացման, սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության իրականացման ուղղություններում:
Տնտեսական տարին նշանակալի ձեռքբերումներ արձանագրեց հատկապես.
Գյուղատնտեսության ոլորտում: 2012 թվականին գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքը կազմել է 161 միլիարդ դրամ, որը 0,5 տոկոսով գերազանցել է 2011 թվականի ցուցանիշը։ Իսկ 2013 թվականին կարտոֆիլի համախառն արտադրությունը 2012 թվականի համեմատությամբ աճել է 6,6, հացահատիկինը՝ 3,3, բանջարեղենինը՝ 5,4 տոկոսով։ Մինչև տարեվերջ 3-5 տոկոս աճ է սպասվում նաև անասնապահական մթերքների՝ մսի, կաթի, բրդի, մեղրի արտադրութան ուղղությամբ։ Այս ցուցանիշների հետևում ՀՀ Կառավարության աջակցության ընդգծված արդյունքն է մարզի հողօգտագործողներին, որ ցուցաբերվել է 2012-2013 թվականների ընթացքում:Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարութունը մարզին հատկացրել է 10 միլիոն 146 հազար 985 լիտր սուբսիդավորված դիզվառելիք, 9698 տոննա ազոտական պարարտանյութ, 909,4 տոննա առաջին վերարտադրության և 156 տոննա էլիտային աշնանացան ցորենի, 84 տոննա գարնանացան գարու, 60 տոննա կորնգանի և 6 տոննա առվույտի բարձրորակ սերմեր։ ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված աջակցության ծրագրերի շնորհիվ վերջին երկու տարիներին համայնքներում յուրացվել և ցանքաշրջանառության մեջ են մտցվել ավելի քան 2000 հեկտար տարիներով անմշակ թողնված վարելահողեր, զգալիորեն ավելացել է պարենային և սերմացու հացահատիկի համախառն արտադրությունը: Եվ այդ աջակցության, ինչպես և գյուղացիական տնտեսությունների նպատակամղված աշխատանքի արդյունքում այս տարի մարզում արտադրվել է ավելի քան 120 հազար տոննա հացահատիկ, կուտակվել 455 հազար տոննա խոտ, որը 55 հազար տոննայով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը:
Զգալիորեն ավելացել է խոշոր, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը, գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը: Մարզում լուրջ ուշադրություն է դարձվում արոտավայրերի ջրարբիացմանը, հեռագնա արոտավայրերի արդյունավետ օգտագործմանը: 2013 թվականին 2012 թվականի համեմատությամբ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը աճել է 14 տոկոսով, մանր եղջերավոր անասուններինը` 10.6 տոկոսով: Անասնապահության զարգացմանը մեծապես նպաստել է ՀՀ Գյուղնախարարության «Գյուղատնտեսական տարածքների զարգացման և մրցունակության» ծրագիրը, որի արդյունքներն արդեն տեսանելի են երկու տասնյակից ավելի համայնքներում: Այն ավարտվել է 12 համայնքներում, ուր արդեն կատարվել է 41 հազար մետր ջրագծի անցկացում արոտավայրերում, ձեռք է բերվել 12 միավոր անիվավոր տրակտոր, 9 միավոր հակավորող մեխանիզմ, թվով 50 այլ գյուղգործիքներ: Ընդհանուր առմամբ 2012-2013թթ. մարզում ջրարբիացվել են 13 հազար 545 հա արոտավայրեր: Մինչև 2013 թվականի վերջը նախատեսված է մարզին տրամադրել ևս 1 միավոր անիվավոր տրակտոր, 1 միավոր կուլտիվատոր, 2 շարքացան, 1 միավոր հակավորող մեխանիզմ: Այսուհանդերձ, այս ձեռքբերումները պահանջում են դինամիկ զարգացում և շարունակություն, քանի որ մեր մարզի զարգացման գերակա ուղղությունը մնում է գյուղատնտեսությունը: Եվ մարզի գյուղատնտեսության արմատական առաջընթացի և արդիականացման համար մեր առջև ծառացած են մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ծանրակշիռ մոտեցումներ, լուրջ ներդրումներ: Գյուղատնտեսության դինամիկ զարգացումն ապահովելու նպատակով հարկավոր է` մարզում ոռոգելի հողերի տարածքը առկա 9000 հեկտարից հասցնել մինչև 20.000 հեկտարի, յուրաքանչյուր տարածաշրջանում ստեղծել պետական հովանավորությամբ մեկական սերմնաբուծական տնտեսություն, լուրջ ուշադրություն դարձնել բարձր վերարտադրության սերմերի և տնկանյութերի ներկրմանը, աջակցել կարտոֆիլի, չիչխանի, գետնախնձորի վերամշակման գործարանների ստեղծմանը՝ լուծելով գյուղացիական տնտեսությունների բերքի իրացման հետ կապված խնդիրները, թարմացնել համայնքների գյուղատնտեսական տեխնիկայի շարժակազմը, ավելացնել հատկապես հացահատիկահավաք կոմբայնների թվաքանակը, որի պակասը այժմ զգալի է, վերականգնել արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը: Ամենալուրջ հիմնախնդիրը, թերևս, անասնաբուժական ծառայությունների վերականգնման և կանոնակարգման խնդիրն է: Այս ոլորտում վերջին տարիներին իրականացված փոփոխությունների արդյունքում մասնագիտական ծառայություններ իրականացնող նախկին կառույցներին փոխարինել են ընդամենը համայնքներում պետության կողմից պատվիրակված լիազորություններ իրականացնող անասնաբույժ մասնագետներ, որոնց գործունեությունը սահմանափակվում է միայն անասնահամաճարակների դեմ պատվաստումներ իրականացնելով: Մինչդեռ անասնաբուժությունն ավելի ընդգրկուն հասկացություն է, ավելի կարևոր Ճյուղ անասնապահության մեջ, առանց որի անհնար է պատկերացնել ոլորտի հետագա զարգացումը: Թեև անցած տարի Վարդենիսի տարածաշրջանում բռնկված սիբիրախտ հիվանդությունը մեծ ջանքերի գնով հնարավոր եղավ կանխել և այս տարում զերծ մնալ համաճարակներից:
Բնապահպանության ոլորտում գերակա ուղղություն է մնում Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության ու վերարտադրության ապահովման խնդիրը: Վերջին տարիներին կառավարության կողմից ներդրված ծրագրերով իրականացված միջոցառումները թեև տվել են տեսանելի արդյունք, սակայն բոլոր հիմնահարցերի արմատական լուծման համար դեռևս որոշակի ժամանակ ու նոր ներդրումներ են հարկավոր: Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նախատեսված տեմպերով. այսպես, լճի մակարդակը այս տարվա հոկտեմբերի վերջի տվյալներով կազմում է 1900 մետր 24 սանտիմետր, որը անցած տարվա համեմատ բարձր է 8 սմ-ով: Ընդհանուր առմամբ լճի մակարդակը վերջին տաս տարիների ընթացքում բարձրացել է 3 մետր 83 սմ-ով:
Սևանա լճի բարձրացման հետևանքով ջրածածկ եղած անտառային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2038 հա, որից մաքրվել է 1372.հա.: Պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 մլն դրամ: Այսօրվա դրությամբ մնացել է մաքրելու 665.8 հա: Այս տարի նախատեսված է մաքրել 244.5 հա. որից մաքրվել է 184 հա, որի համար պետբյուջեից հատկացվել է 125.4 մլն դրամ:
Ջրի տակ մնացած շենք-շինությունների գույքագրման, ապամոնտաժման և մաքրման նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը այս պահին կատարում է համապատասխան գործունեություն:
Լճի ջրի մաքրության նպատակով Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում ավարտվել են Գավառի, Մարտունու, Վարդենիսի մաքրման կայանների, Սևան, Ջերմուկ, Գավառ , Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղագծերի շինարարության և վերականգնման աշխատանքները: Կառուցվել է 22 կմ կոյուղագիծ, շահագործման են հանձնվել Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների մաքրման կայանները: Ծախսվել է 4.4 մլրդ դրամ:
Սևանա լճի էնդեմ ձկնատեսակների վերարտադրության նպատակով պետական բյուջեից ամեն տարի ներդրվում է 60 մլն. դրամ: 2012թ. Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 400 000 հատ ամառային իշխանի և Գեղարքունի տեսակի մանրաձուկ, այս տարի նույնպես նախատեսված է լիճ բաց թողնել շուրջ 400 000 մանրաձուկ:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մշակվել և քննարկման է ներկայացվել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ցանցավանդակային եղանակով ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը, որի արդյունքում մինչև 2023թ. բնական վերարտադրության պայմաններում կկազմակերպվի առնվազն 50 000 տոննա էնդեմիկ ձկնատեսակների արտադրություն, կստեղծվեն նոր աշխատատեղեր , որոշակիորեն կմեղմվի սոցիալական լարվածությունը: Մեզ մոտ այդ ծրագիրը քննարկվել և հավանության է արժանացել, կարող եմ ասել, որ ծրագիրը դրական արձագանք է գտել նաև բնակչության շրջանում:
ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման խորհուրդ:
Մարզի Վարդենիսի տարածաշրջանում ՙ«Անտառների և արոտների կայուն կառավարում» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը իրականացնում է լեռնային անտառներում և արոտավայրերում կայուն կառավարման մի մոդել, որը ակնկալվող կլիմայական ռիսկերի պայմաններում կմեծացնի ածխածնի կլանման ունակությունը` պահպանելով կենսաբազմազանությունն ու տնտեսական արժեքները:
Բնապահպանական հիմնախնդիրների շարքում մեզանում առաջնային է մնում կենցաղային աղբի կառավարման խնդիրը, որն իր բացասական ազդեցությունն է թողնում ինչպես Սևանա լճի էկոլոգիական վիճակի, այնպես էլ մարզի ռեկրեացիոն գրավչության վրա:
Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագիծը մշակվել և ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 10-ի թիվ 22 որոշմամբ հավանության է արժանացել, մնում է այն դարձնել իրականություն: Ուրվագծով նախատեսված միջոցառումների իրականացումը հնարավորություն կստեղծի՝ լուծել լճի ավազանում աղբի հավաքման, տեսակավորման, տեղափոխման, վնասազերծման ու վերամշակման խնդիրները:
Մեզանում հիմա առավել անհանգստացնող են անտառվերականգնման տեմպերը: Այն դեպքում, երբ Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով արդեն ջրածածկվել կամ հատվել են 2 հազարից ավելի հեկտար անտառներ, վերականգնվող անտառաշերտը մեզանում շարունակում է մնալ շատ աննշան: Ծովինարի տնկարանի վերականգնման ծրագիրը, որի շուրջ խոսակցությունները գնում են մի քանի տարի շարունակ, կարող է հիմնախնդրի կարգավորման հարցում վճռորոշ դեր խաղալ` տնկանյութերով ապահովելով «Սևան» ազգային պարկին և համայնքներին:
Քաղաքաշինության ոլորտում մարզում այս տարի հաշվառվել է համայնքներից ուղարկված 35 շինարարության թույլտվություն: Համայնքների ղեկավարների կողմից կանխվել և կասեցվել է 5 ինքնակամ շինարարություն, որոնց հետևանքները սահմանված կարգով վերացվել են, իսկ կառուցապատողները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Մարզի 92 համայնքներից 18-ը արդեն ունեն բնակավայրի գլխավոր հատակագծեր, 8 համայնքի գլխավոր հատակագծերի մշակումը ընթացքի մեջ է, իսկ 7 –ում՝ հաստատվել են նախագծային առաջադրանքները:
Մարզի քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները կապված են բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, բնակարանաշինության, բնակավայրերի բարեկարգման, բազմաբնակարան շենքերի կառավարման գործին պետական աջակցության, ինչպես նաև քաղաքաշինական այլ խնդիրների հետ:
Բազմաբնակարան և անհատական բնակելի տների վիճակի ուսումնասիրությունից պազվել է, որ հրատապ են ֆոնդի պահպանման համար ուղղված միջոցառումների ծրագրի կազմումն ու իրականացումը, 4 և 5-րդ կարգի բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծումը:
Կապիտալ շինարարության ոլորտում 2013 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված է հիմնանորոգել 17 հանրակրթական դպրոցների շենքեր, շարունակել և ավարտին է հասցվել Վաղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները: Նշված ծրագրերի համար հատկացվել է 1 միլիարդ 123.7 միլիոն դրամ:
ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի թիվ 130-Ն որոշմամբ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացվել է 1 միլիարդ 140.2 միլիոն դրամ: Հատկացված միջոցներով հիմնանորոգվել են 7 մշակույթի, 4 դպրոցի, 3 մանկապարտեզի շենքեր, 2 համայնքում վերանորոգվել են զբոսայգիներ, կառուցվել է մեկ համայնքային կենտրոն, հորատվել է երկու խորքային հոր, գազիֆիկացվել է Սևան քաղաքի մեկ թաղամաս, հիմնանորոգվել են 4 քաղաքային համայնքների թվով 9 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ: Իրականացվել են 325 մլն. դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, որի արդյունքում հիմնանորոգվել են 3.9 կմ համայնքային փողոցներ և 2 կամուրջներ:
Սևան համայնքի Նալբանդյան փողոցի վթարային շենքի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար հատկացվել է 57.5 մլն դրամ, իսկ Այգուտ համայնքի սողանքային գոտում գտնվող բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար` 51.5 մլն. դրամ:
Չնայած ոլորտում կատարված շոշափելի ներդրումներին և կատարված ծավալուն աշխատանքին, այս ոլորտում էլ առկա են լուրջ անելիքներ կրթամշակութային հաստատություների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Այսպես,
Գեղհովիտի թիվ 2, Վ.Գետաշենի թիվ 2 և Լիճքի հիմնական դպրոցների շենքերը, որոնք կառուցվել են 1950-60 ական թվականներին, կիր-ավազային շաղախով և փայտյա ծածկերով, գտնվում են տեխնիկապես անբավարար վիճակում, ուստի անհրաժեշտ է դրանց փոխարեն կառուցել նոր շենքեր:
Մարզում հիմնանորոգվող դպրոցների շենքերի մի մասը, համաձայն տեխնիկական վիճակի մասին եզրակացությունների, ունեն սեյսմոզինվածության մակարդակի բարձրացման խնդիր, որոնց համար անհրաժեշտ է մշակել ամրացման համալիր նախագիծ, որից հետո նոր միայն շարունակել հիմնանորոգման աշխատանքները:
Գավառ քաղաքի Քալանթարի անվան թատրոնի շինարարությունը, որի բեմական մասի շինարարական աշխատանքները սկսվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրված միջոցների հաշվին, այժմ ընդհատված է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մարզի միակ թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու համար ՀՀ պետբյուջեի 2014 թվականի նախագծով արդեն նախատեսված է 125 միլիոն դրամ՝ թատրոնի շինարարության շարունակության նպատակով:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում 2013թ. հոկտեմբերի 23-ի ամփոփ տվյալներով մարզի համայնքների սեփական եկամուտները հավաքագրվել են 73,05 տոկոսով կամ փաստացի հավաքագրվել է 671825.6 հազ. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած սեփական եկամուտների հավաքագրման արդյունքում աճ է արձանագրվել 10 տոկոսով կամ ավել հավաքագրված գումարը կազմում է 127378 հազ. դրամ:
Իսկ մինչև տարեվերջ, համաձայն ձևավորված ավանդույթի, սեփական եկամուտները մարզում կհավաքագրվեն 100 տոկոսով: Մեր կողմից ձեռնարկված միջոցառումների և հետևողական աշխատանքի շնորհիվ համայնքերում շարունակվում է նախորդ տարիներից կուտակված աշխատավարձերի և պարտադիր սոցվճարների պարտքերի մարումը: Ուզում եմ վստահեցնել, որ դրանց հիմնական մասը կմարվեն մինչև տարեվերջ և քիչ քանակությամբ կպահպանվեն միայն երեք համայնքներում:
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ մարզի 22 համայնքներին անհրաժեշտ է ևս 179186.7 հազ. դրամ` 2014թ. բյուջետային տարում ընթացիկ պարտքեր չկուտակելու համար:
Հողաշինարարության և հողօգտագործման ոլորտում 2013 թվականին մարզի համայնքներում վարձակալության են տրամադրվել 58 հազ. հա համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասեր: 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվարկված 236 մլն դրամ վարձավճարի դիմաց գանձվել և մուտքագրվել է 163 մլն դրամ վարձավճար, որը կազմում է նախատեսված գումարի 69,1 տոկոսը:
2013 թ. մարզի 26 համայնքներում կատարվել են ուսումնասիրություններ պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, հետ վերցնելու օրինականության ապահովման ուղղությամբ: Ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները քննարկվել են մարզպետի խորհրդակցություններում և մարզխորհրդի նիստերում: Համապատասխան որոշումներում ու արձանագրություններում համայնքների ղեկավարների գործունեությանը տրվել է գնահատական և կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ` թերությունների վերացման համար:
Հողերի օգտագործման սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխության 2 առաջարկներ /Վ. Գետաշեն, Լանջաղբյուր/: Վ. Գետաշեն համայնքի ժամանակավոր սխեմային տրվել է դրական եզրակացություն, իսկ Լանջաղբյուր համայնքինը քննարկման փուլում է:
2013թ. ընթացքում մարզի 25 համայնքներում օտարվել է 226 միավոր` 64 հա հողատարածք, համայնքների բյուջե է մուտքագրվել 67 մլն դրամ:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ աշխատանքներ են տարվում դեռևս առաջին պետական գրանցում չստացած հողամասերի պետական գրանցումն ավարտին հասցնելու համար: Միաժամանակ համայնքներին են հանձնվում գեոդեզիական կետերի, սահմանանիշերի հատակագծերը /շրջադարձային կետերի կոորդինատներով/ և կադաստրային քարտեզները թղթային ու էլեկտրոնային տարբերակներով:
Հողաշինարարության և հողօգտագործման բնագավառում լուրջ հիմնախնդիր է քաղաքային համայնքներում սահմանված չափից ավել օգտագործվող տնամերձ հողամասերի պետական գրանցումը, որի իրականացման համար քաղաքացիները չեն ցանկանում վճարել տվյալ հողակտորների կադաստրային արժեքները:
Տարածքային կառավարման ոլորտում օրենսդրությամբ սահմանված կարգով մարզի 26 համայնքներում իրականացվել է պետության կողմից համայնքներին պատվիրակված և պարտադիր լիազորությունների կատարման ընթացքի վերահսկողություն: Արդյունքները քննարկվել են մարզպետի մոտ և ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք ներկայացվել են համայնքների քննարկմանը և ձեռնարկվել են անհրաժեշտ մրջոցառումներ: Դրանց մասին համայնքների ղեկավարները գրավոր տեղեկացրել են մարզպետարան: Սահմանված կարգով այդ տեղեկանքները ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:
Մեթոդական ու խորհրդատվական օգնություն է ցուցաբերվել մարզի բոլոր համայնքներին բյուջեների կազմման, նորմատիվ և այլ իրավական ակտերի ընդունման, հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտման, համայնքների բյուջեների սեփական եկամուտների ապահովման, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տնօրինման օրինականության պահպանության, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման, համայնքային ծառայության բնագավառում իրականացվող վերապատրաստումների, ատեստացիաների և մրցույթների, համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և այլ գործընթացներում:
2013թ. մարզում առկա է համայնքային ծառայության 560 պաշտոն: Մարզի 37 համայնքներում կազմակերպվել և անցկացվել են թվով 60 թափուր պաշտոնների մրցույթներ, իսկ 18 համայնքներում ՝ 43 համայնքային ծառայողների ատեստավորումներ: 2013թ. անցած ժամանակամիջոցում վերապատրաստվել են թվով 163 համայնքային ծառայողներ , 10 համայնքների ղեկավարներ և 65 ավագանու անդամներ: Մշակվել, համապատասխան կարգով համաձայնեցվել ու հաստատվել է մարզի բնակչության տարհանման պլանը:
Մարզի 24 համայնքներում անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության թեմաներով:
Մշակվել է մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2013թ. հիմնական միջոցառումների պլանը:
Մարզպետի ղեկավարությամբ 2013 թվականի ապրիլի 18-ին անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, սեպտեմբերի 18-ին՝ շտաբային ուսումնավարժություն, իսկ հոկտեմբերի 22-ին Գավառի պետական համալսարանում տեղի է ունեցել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Մարզում զորակոչը անցկացվել է բարձր մակարդակով, կատարվել են պլանային առաջադրանքները:
Տարվա ընթացքում մարզպետը բազմիցս այցելել է զորամասեր, ծանոթացել սահմանային գոտում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողների կենցաղին, հնարավորինս ցուցաբերել աջակցություն զորամասերի առջև ծառացած տարբեր բնույթի խնդիրների լուծմանը:
Մարզի տարածքում 2013թ. անցկացվել են նաև համայնքի ավագանու 4 ընտրություններ:
Ճանապարհաշինության ոլորտում Ընթացիկ տարում տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ ՀՀ պետական բյուջեի և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվում են Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիս քաղաքով անցնող Չարենցի փողոցի 1.8 կմ հատվածի, Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա 10.7 կմ ճանապարհի և Գավառի Արծվաքար թաղամասի 2.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքները ամբողջությամբ իրականացնելու դեպքում կատարվող ներդրումը կազմելու է 2.1 մլրդ. դրամ:
Ճանապարհների հիմնանորոգմանը զուգահեռ իրականացվում են նաև պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման, շահագործման և ձմեռային պահպանության աշխատանքներ: Հարկ է համարվում նշել, որ տարեցտարի ավելանում է հիմնանորոգված մարզային ենթակայության ճանապարհների երկարությունը, իսկ պահպանման, շահագործման և ձմեռային պահպանության նպատակով մարզպետարանին հատկացված ֆինանսական միջոցները մնում են նույնը, ինչի պատճառով մարզային ենթակայության ճանապարհների մի մասը դուրս է մնում սպասարկման ցանկից:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում մարզում իրականացվել են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, այնուամենայնիվ, առկա են որոշակի հիմնախնդիրներ, որոնցից առաջնահերթ լուծում են պահանջում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծափաթաղ-Արեգունի շուրջ 13 կմ գրունտային հատվածի հիմնանորոգումը , Մարտունի–Վարդենիս-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 27-31-րդ կիլոմետրում /Կարճաղբյուրի զորամաս-Ծովակի խաչմերուկ հատված/ 3.5 կմ ջրածածկման ենթակա ճանապարհահատվածի բարձրացումը:
Հաջորդ տարի կմեկնարկի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատումը, և այստեղ հարկ եմ համարում շեշտել, որ ինքնաբերաբար առաջանում է Շորժա- Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի հիմնանորոգման խիստ կարիքը: Հայաստանի մարզերը տրանսպորտային կապն Արցախի հետ մի քանի անգամ կկրճատեն հենց այս ճանապարհի միջոցով, ինչը և հայկական երկու հանրապետություններին կբերի տնտեսական հսկայական օգուտներ, քաղաքական ու մշակութային անմիջական շփումներ: Տնտեսական հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև Մադինա-Վեդի մոտ 60 կիլոմետր երկարության ճանապարհի շահագործումը, որով Գեղարքունիքի և Արարատի մարզերի միջև տրանսպորտային հաղորդակցությունը կրճատվելու է մոտ 3 անգամ: Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհը ևս հիմնանորոգման խիստ կարիք ունի: Այս ճանապարհից օգտվում են հեռավոր և բարձրլեռնային 4 համայնքների 4400 բնակիչներ, ինչպես նաև Մաքենիսի հռչակավոր վանական համալիր այցելող բազմահազար ուխտավորներ և զբոսաշրջիկներ:
Արտաքին տնտեսական կապերի ոլորտում Գեղարքունիքի մարզպետարանը շարունակում է համագործակցությունը Ֆրանսիայի Հանրապետության Իզեր մարզի դեպարտամենտի հետ, որը սկիզբ է առել 2004 թվականից և ընթանում է զբոսաշրջության, առողջապահության և ֆրանսախոսության ոլորտներում: 2010թ-ի հուլիսի 23-ին ստորագրվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր, որը ուժի մեջ էր մինչև 2012թ-ի դեկտեմբերի 31-ը:
Համագործակցող կողմերի համաձայնությամբ 2013թ-ի հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդում Գեղարքունիքի մարզպետը և Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Անդրե Վալլինինը կնքեցին նոր ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր 2013-2015 թվականների համար, որում ընդգրկված են զբոսաշրջության, առողջապահության և ֆրանկոֆոնիայի ոլորտները:
Մշակվել են մի շարք այլ ծրագրեր, որոնք իրականացվելու են 2013-2015 թվականների ընթացքում:
2013 թվականի հոկտեմբերի 15-17-ը Ֆրանսիայի Հանրապետության Վալանս քաղաքում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակությունը:
Վալանս քաղաքում տեղի ունեցած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին Գեղարքունիքի մարզպետարանը մասնակցեց որպես հայկական կողմից ձևավորված զբոսաշրջության թեմատիկ աշխատանքային խմբի համանախագահողներից մեկը, իսկ ֆրանսիայի կողմից, որպես համանախագահող, հանդես եկավ Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի կազմը: Աշխատանքային խմբում ներկայացվեց մարզում զբոսաշրջության ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացված համատեղ ծրագրերը և հետագա անելիքները:
Առողջապահության ոլորտում մարզում գործում են 40 առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններ` երկու բժշկական կենտրոն, 4 պոլիկլինիկա, երկու հիվանդանոց, մեկ ծննդատուն, երկու առողջության կենտրոն, 29 ամբուլատորիաներ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ:
Մարզային առաջնային բժշկական օգնության անձնակազմը անցել է ընտանեկան բժշկության և բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ:
2013թ. գլոբալ բյուջեն կազմում է 2 մլրդ 360 մլն 063 հազ. դրամ, ներկայացված կատարողականներով ընկերությունները 10 ամիսների ընթացքում ֆինանսավորվել են 1 մլրդ 757մլն 977հազ.դրամով: 2013թ. հիմքից կառուցվել և շահագործման են հանձնվել Վարդաձորի և Լիճքի ԱԱՊԿ-ները:
Մարզի բոլոր առողջապահական ընկերությունները 2013թ. 10 ամիսների ընթացքում ապահովել են իրենց վրա դրված պետական պատվերի առաջադրանքները, ընկերությունների կողմից ներկայացված կատարողականները ֆինանսավորվել են 100 տոկոսով: Զորակոչային և նախազորակոչային տարիքի արական սեռի անձանց բժշկական հետազոտման աշխատանքները մարզում ապահովվել են 5 տարածաշրջանների բժշկական հանձնաժողովների միջոցով, որոնք ապահովված են եղել բժշկական կադրերով և համապատասխան բուժսարքավորումներով:
Ծննդօգնության հավաստագրերի ներդրումից հետո բարձրացել է հղիների ընդգրկվածությունը և որակյալ ծննդօգնության իրականացումը: Վերջին 7 տարում մարզում չի արձանագրվել մայրական մահացության դեպքեր: 2013 թվականի 9 ամիսների ընթացքում մարզում ծնվել է 1691 երեխա:
Վերականգնողական և առողջարանային բուժման ուղեգրեր է հատկացվել շուրջ 46 հաշմանդամի: Տուբերկուլոզով հիվանդների 22 երեխաներ ուղեգրվել են Դիլիջանի հակատուբերկուլոզային առողջարան:
Մարզում բարձր ցուցանիշ է ապահովվել հավաքագրման գործընթացում /շուրջ 96 %/: Ընկերություններում ֆինանսական իրավիճակը կառավարելի է: Սանիտարահակահամաճարակային իրավիճակը մարզում 2013թ. եղել է կառավարելի:
Պրոֆպատվաստումների գործընթացը ընթանում է նախատեսված ծրագրով:
Այսօրվա դրությամբ մարզի Ծակքարի, Ակունքի և Լճափի ԱԱՊԿ-ները չունեն շենքային հարմարավետ պայմաններ: Հիմնանորոգման կարիք ունեն Սևանի և Վարդենիսի հիվանդանոցները, Մարտունու ԲԿ-ն: Սկսվել են Ճամբարակի ԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն 2014 թվականին: Լուծված կարելի է համարել նաև այս բուժհաստատության տեխնիկական զինվածության և կահավորման խնդիրը:
Մարզում առողջապահության ոլորտի կարևոր խնդիրներն են` դժվարամատչելի հետազոտությունների սահմանափակ մատչելիությունը, նորագույն տեխնիկայի, ժամանակակից բուժսարքավորումների` դոպլերոգրաֆիայի, մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի, կոմպյուտերային տոմոգրաֆիայի բացակայությունը, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումների ոչ բավարար հագեցվածությունը պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում, անվճար տրամադրվող դեղորայքի ցանկի վերանայում, երիտասարդ և նեղ մասնագետ կադրերով ապահովում բուժհաստատություններում, հեռավոր վայրերում գտնվող որոշ ամբուլատորիաների ապահովում ծառայողական մեքենաներով:
Սոցիալական ապահովության ոլորտում մարզում այժմ հաշվառված են 35.000 կենսաթոշակառուներ, որոնցից 14.317-ը` հաշմանդամ կենսաթոշակառուներ, 13.050 նպաստառու և 1440 միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ:
2012թ. ՀՀ պետբյուջեից մարզի 1525 առաջին դասարան հաճախող երեխաների տրվել է 25000-ական դրամ օգնություն, իսկ 2013թ` նույն օժանդակության չափով` 1457 երեխաների :
Մարզի երեք քաղաքներում գործում են բարեգործական 3 ճաշարան՝ 258 շահառուներով:
Այսօրվա դրությամբ արդեն ավարտվել են Ճամբարակի և Վարդենիսի ինտեգրված սոցծառայությունների կենտրոնների շենքերի նորոգման աշխատանքները, իսկ Մարտունու, Գավառի և Սևանի կենտրոններում տարվող աշխատանքներն ընթացքի մեջ են:
2012թ. և 2013թ.թ. հուլիս- օգոստոս ամիսներին պետբյուջեի հաշվին մարզի 215 առավել անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների, ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների երեխաներ անվճար հանգստացել են Հանքավանի մանկական ամառային հանգստյան ճամբարներում:
Մարզի սոցիալական ոլորտի գերակա խնդիրներն են՝ նորածին երեխաների համար վճարվող նպաստների բարձրացումը, չաշխատող մայրերին երեխայի խնամքի նպաստի տրամադրումը` որպես ծնելիության խրախուսում, սոցիալապես անապահով, ծնողազուրկ և բազմազավակ /5 և ավել անչափահաս երեխաներ/ ընտանիքներին բնակարանով ապահովման խնդիրների կարգավորումը, հաշմանդամների ինտեգրմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը, ծերերի խնամքի ցերեկային կենտրոնների ստեղծումը, ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը, ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև անաշխատունակ և տարեց կենսաթոշակառուների արտոնությունների վերանայումը:
Կրթության ոլորտում աշխատանքները նպատակաուղղվել են կրթության որակի բարձրացմանը, համակարգի արդյունավետ գործունեության ապահովմանը:
2013-2014 ուսումնական տարում մարզում գործում են մարզային ենթակայության 117 դպրոցներ` 89 միջնակարգ, 26 հիմնական, 2 տարրական, 1 հատուկ, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ՝ 1 կրթահամալիր, 6 ավագ դպրոց, 1 հիմնադրամ: Աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 30013 (նախորդ ուստարում՝ 27953):
2012-2013 ուսումնական տարում մարզի դպրոցների աշակերտների միջին առաջադիմությունը կազմել է 99.5, որակը՝ 45,4 տոկոս:
Մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում աշխատում են 3503 մանկավարժներ, որոնցից շուրջ 80 տոկոսը՝ բարձրագույն մանկավարժական կրթությամբ: Աշակերտ-ուսուցչական դրույք հարաբերակցությունը 11,5 է, դասարանների միջին խտությունը` 18,6 , մանկավարժական դրույքների թիվը` 3179: Բոլոր մանկավարժների աշխատավարձը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով և վճարվել ժամանակին:
Ուստարվա ընթացքում առաջացած մանկավարժական թափուր տեղերը համալրվել են մրցութային կարգով և 66 դպրոցներում անցկացված 158 մրցույթների, այդ թվում` կրկնակի մրցույթների արդյունքում նշանակվել են 65 ուսուցիչներ, իսկ 14 թափուր տեղերի համար դիմորդներ չեն եղել:
Առաջադրող մարմինների առաջարկությունների համաձայն, կատարվել են համապատասխան դպրոցների խորհուրդների շուրջ 14 անդամների փոփոխություններ:
Սահմանված կարգի համաձայն կազմակերպվել են դպրոցականների առարկայական և շախմատի օլիմպիադաների ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը, ՀՀ Աժ գավաթի խաղարկության, շարադրությունների մրցույթներ, նկարչական ցուցահանդեսներ, երաժշտական փառատոներ, ազգային տոներին, հոբելյանական տարելիցներին նվիրված հանդիսություններ, որոնք նպատակաուղղվել են սովորողների մեջ հայրենասիրության արմատավորմանն ու խորացմանը, ուսման որակի և արդյունավետության բարձրացմանը:
Մարզում այժմ գործում են 46 նախադպրոցական հաստատություններ, որոնց 107 խմբերում հաճախում են 3027 երեխաներ, իսկ 16 հանրակրթական դպրոցների նախակրթարաններում հաճախում են շուրջ 348 երեխաներ:
Առկա 125 դպրոցներն ապահովված են համակարգիչներով և ինտերնետ կապով:
Օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցած 83 աշակերտներից 10-ը արժանացել են դիպլոմների 14-ը՝ գովասանագրերի և պատվոգրերի: Երկու շրջանավարտներ դպրոցն ավարտել են ոսկե մեդալով, իսկ հազարից ավելի շրջանավարտներ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սևանի «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակ Արմենուհի Խառատյանը վերջերս հանրապետությունում ճանաչվել է հաղթող և պարգևատրվել ավտոմեքենայով: Ի դեպ, երկրորդ տարին անընդմեջ մարզի նախադպրոցական տարիքի մանկավարժներն արժանանում են նման պարգևատրման, իսկ ոլորտում արձանագրված հաջողությունները, մանկավարժներին տրված կառավարական պարգևները փաստում են մեր մարզում կրթության բարձր որակի մասին: Ներառական կրթություն իրականացվում է մարզի հանրակրթական 6 հաստատություններում: Դպրոցների շենքային պայմանները որոշակիորեն բարելավվել են:
Կրթական համակարգն արդի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար ոլորտի առջև առկա են մի շարք հիմնախնդիրներ, այն է. դպրոցների հիմնական մասի ապահովում լաբորատոր սարքավորումներով ու նյութերով, ջեռուցման լոկալ համակարգի անցկացում, վերազինում համակարգչային ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով, աշակերտական սեղան-նստարաններով և ուսուցչական սեղան-աթոռներով, սպորտային գույքով, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ուսուցչի թափուր տեղերը զբաղեցնելու համար բարձրագույն կրթությամբ մասնագետների գործուղում:
Մշակութային և մարզական ոլորտում 2013 թվականի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են մի շարք մարզական միջոցառումներ, մարզային առաջնություններ: Ազգային և պետական տոների կապակցությամբ համայնքներում անցկացվել են շախմատի, ֆուտբոլի, բռնցքամարտի, վոլեյբոլի, բաստկետբոլի, թեթև ատլետիկայի, բազկամարտի մրցումներ: Բռնցքամարտի մարզային առաջնություններում հաղթող ճանաչված Արման Սիմոնյանը /Սևան/ և Սևակ Մկրտչյանը /Կարմիրգյուղ/ ընդգրկվել են ՀՀ հավաքականի կազմում և մասնակցել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին, ընդ որում Արման Սիմոնյանը 48կգ քաշային կարգում նվաճել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Կազմակերպվել և անցկացվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտների շրջանում սպորտլանդիայի մարզային առաջնություններ:
Այս ոլորտում մեր հանրապետական ու միջազգային նվաճումները, սակայն, կարող էին լինել ավելին, եթե գոնե ինչ-որ չափով լուծված լինեին տարիներ ի վեր կուտակված մի շարք առանցքային հիմնախնդիրներ: Մարզում գործող 9 մարզադպրոցներում առկա է համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մարզիչ- մանկավարժների կարիք, դեռևս ցածր է մարզիչների աշխատավարձը: Մարզադպրոցները ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ: Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու կարիքն ակնհայտ է:
Մարզում գործող երեք մարզադաշտերն էլ հիմնանորոգման կարիք ունեն: Համայնքներում առկա պարզ տիպի մարզահրապարակները գտնվում են ոչ բարվոք վիճակում, համալրված չեն պարզ տիպի մարզասարքերով:
Մարզական-մասսայական միջոցառումներ, մարզային առաջնություններ կազմակերպելու, մարզիկներին և մարզիչներին խրախուսելու, մարզից դուրս կազմակերպվող հանրապետական միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ պետական բյուջեից բավարար ֆինանսական միջոցներ տրամադրել մարզպետարանին, ինչը, անհամեստ հաշվարկներով, կազմում է շուրջ 7 մլն դրամ:
Մարզում գործող 62 մշակութային տների և 25 ակումբների բնականոն գործունեությունն ապահովելու համար օրախնդիր հարցեր են շենքերի վերանորոգումը, ջեռուցման համակարգերով ապահովումը, ժամանակակից ձայնալուսային տեխնիկայի ձեռքբերումը: 89 գրադարանների շենքերից 84-ն ունեն հիմնանորոգման կարիք, առկա է նաև գրքային ֆոնդը նոր մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ, համակարգչային տեխնիկայով համալրելու խնդիրը: 8 երաժշտական և 5 արվեստի դպրոցներում կա երաժշտական գործիքների, իսկ 4 գեղարվեստի դպրոցներում` գեղանկարչական պիտույքների պահանջարկ:
Զգացվում է մշակույթի ոլորտի կադրերի պակաս, ինչպես նաև եղած կադրերի վերապատրաստման և վերաորակավորման անհրաժեշտություն: Ցածր են մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը: Հատկապես ոչ բարվոք վիճակում են գտնվում սահմանամերձ և բարձրլեռնային գյուղական համայնքներում գտնվող մշակույթի տներն ու ակումբները: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը և մարզային գրադարանը ունեն շենքային պայմանների բարելավման, իսկ մի շարք գյուղական համայնքերի մշակույթի տները՝ հիմնանորոգման կարիք:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում Գեղարքունիքի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքէջը և «Գեղամա աշխարհ» թերթը մեծապես նպաստում են տեղեկատվության ազատության գործընթացի իրականացմանը: Դրանց միջոցով հանրությանն է ներկայացվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց ղեկավարների աշխատանքային գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը, լուսաբանվում են ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և օտարերկրյա պատվիրակությունների աշխատանքային այցերը, խնդիրներն ու նպատակները: Կայքէջը հրապարակային է դարձնում ինչպես մարզպետի, այնպես էլ համայնքների ավագանիների ու ղեկավարների կողմից ընդունած իրավական ակտերը, հրապարակվում են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, մարզպետարանի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերը, մարզխորհրդի նիստերի օրակարգերն ու արձանագրությունները, մարզպետի կողմից կատարված քաղաքացիների ընդունելությունները, մարզի զարգացման ծրագրի դրույթներով նախատեսված և մարզի հետ առնչվող պարտադիր հրապարակման ենթակա այլ նյութեր: Տեղեկատվության ազատության և հրապարակայնության ապահովման, քաղաքացիական հասարակության ձևավորման ու զարգացման գործընթացին նպաստում է նաև մարզպետարանի համագործակցությունը մարզային թերթի, մարզի տարածքում գործող հեռուստաընկերությունների և ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ:
Նամակների և քաղաքացիների ընդունելության ոլորտում 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզպետարանի աշխատակազմում մուտքագրվել է 1336 նամակ, որից 1258 դիմում, 69 բողոք:
Մարզպետի կողմից կատարվել է 525 քաղաքացիների ընդունելություն: Մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելությունը մարզպետարանում կազմակերպվում է յուրաքանչյուր երեքշաբթի օրը, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին երեքշաբթի` Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններում:
1045 քաղաքացի մարզպետին է դիմել ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով: 368 քաղաքացու խնդրանք բավարարվել է: 333 քաղաքացի մարզպետին է դիմել առողջապահական բնույթի հարցերով, 69-ը` աշխատանքի տեղավորման, 68-ը` բնակարանային, 33-ը` կոմունալ-կենցաղային:
Առցանց համակարգով մարզպետարանի աշխատակազմում մուտքագրվել է 9145 գրություն, իսկ ելից փաստաթղթերի թիվը 4480 է:
2013թ. մարզպետի կողմից ընդունվել է 164 որոշում /որից 2-ը նորմատիվ/ և 37 կարգադրություն:
Թույլ տվեք վստահեցնել, որ այսուհետ էլ մեր ջանքերն ուղղվելու են մարզի սոցիալ-տնտեսական հետագա զարգացմանը, աղքատության աստիճանական հաղթահարմանը և ապահով Հայաստանի կերտմանը:
