ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
27 հուլիսի 2020 թ. ք. Երևան |
Թիվ 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման հավելվածի 8.1-ին կետի համաձայն, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների ընդունելության և ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագիրը «ընդունելության» բառից հետո լրացնել «և վերապատրաստման մրցույթի անցկացման» բառերով,
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել՝
1) ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը՝ համաձայն հավելվածի 1-ի,
2) ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների ընդունելության և ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:»,
3) հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված 1» բառերով,
4) հավելվածի 1-ին և 19-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
5) հավելվածի 1-ին կետում «ընդունելության» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ ընդունելության)» բառերը,
6) հրամանը լրացնել հավելված 2-ով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գնդապետ |
Վ. Ղազարյան |
Հավելված ՀՀ ոստիկանության պետի 27 հուլիսի 2020 թվականի թիվ 7-Ն հրամանի |
«Հավելված 2 ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ուսումնական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի (այսուհետ՝ կրթահամալիր)՝ «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների ընդունելության (այսուհետ՝ ընդունելություն) և ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) անցկացման կարգը:
2. Ընդունելության համար կարող են դիմել ոստիկանության ծառայող չհանդիսացող, 18 տարին լրացած այն անձինք (այսուհետ՝ դիմորդ), որոնք համապատասխանում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ և 55-րդ հոդվածների պահանջներին:
3. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ոստիկանության ծառայողները (այսուհետ՝ ծառայող), բացառությամբ.
1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.
2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.
3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների (Ճանապարհային ոստիկանությունում, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:
4. Դիմորդի (ծառայողի) տարիքը և ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է ընդունելության (մրցույթի) ստուգումների համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամանակացույցով սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ:
5. Դիմորդների ընտրության համար ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է մանդատային հանձնաժողով: Նույն հրամանով հաստատվում է ընդունելության (մրցույթի) գործընթացի ժամանակացույցը:
6. Ոստիկանության պետի հրամանով կարող է հայտարարվել միասնական ընդունելություն-մրցույթ, որի համար հայտարարվող տեղերի թիվը չի կարող գերազանցել տվյալ ուսումնական տարվա համար նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ազատ տեղերի թիվը:
7. Ոստիկանության պետի հրամանով հայտարարվող տեղերի թվից կարող են սահմանվել առանձին տեղեր իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար:
8. Ընդունելության (մրցույթի) ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
9. Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ոստիկանության կողմից տրված՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝ պատճենով.
2) դիմում.
3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով.
4) 4 լուսանկար (4x6 չափսի).
5) զինվորական գրքույկ (արական սեռի դիմորդների համար).
6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրա պատճենը, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը.
7) սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք՝ պատճենով.
8) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից.
9) «B» կարգի վարորդական վկայականը՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ (համաձայն Ձևի):
10. Ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը:
11. Ոստիկանության կադրային ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար զեկուցագիր ներկայացրած ծառայողների վերաբերյալ նախապատրաստված նյութերը մրցույթի ստուգումների անցկացման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամանակացույցով սահմանված ժամկետի սկզբից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ ուղարկում է ընդունող հանձնաժողովին:
12. Դիմորդները (ծառայողները) ընդունելության (մրցույթի) գործընթացի կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում են 1500-ական (հազար հինգ հարյուրական) Հայաստանի Հանրապետության դրամ: Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:
13. Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:
14. Ընդունելության (մրցույթի) ստուգումները անցկացվում են հայերենով:
15. Ընդունելության (մրցույթի) ստուգումներն են.
1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը.
2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը):
16. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
17. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
18. Ստուգումների արդյունքները դիմորդներին (ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ծառայողը) իրավունք ունի մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորում) արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Բողոքարկման կարգը սահմանվում է ընդունող հանձնաժողովի կողմից:
19. Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
20. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:
21. Ընդունելության (մրցույթի) յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ծառայողները) անցնում են հարցազրույց:
22. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև ընդհանուր գիտելիքները։
23. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը (ծառայողը) համարվում է ընդունելությունը (մրցույթը) չանցած:
24. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելության (մրցույթի) սահմանված տեղերը:
25. Հավասար միավորների դեպքում մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝
1) որոնք մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր.
2) որոնց ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է:
26. Ստուգումները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին (ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
27. Մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
28. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ կրթահամալիրի պետի հրամանով, իսկ նախկին ծառայող հանդիսացող և միջին, ավագ, գլխավոր կամ դրանց հավասարեցված կոչում ունեցող դիմորդները՝ ոստիկանության պետի հրամանով: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:
Ձև
ՀՀ ոստիկանության պետի
2012 թվականի մայիսի 18-ի
թիվ 8-Ն հրամանի Հավելված 2-ի
Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր
Ես` _______________________________________________ս, սույնով պարտավորվում եմ
անուն, հայրանուն, ազգանուն
«Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր ընդունվելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը` զեկուցագրին կից ներկայացնելով վարորդական վկայականի պատճենը և իրավասու անձին ներկայացնելով վկայականի բնօրինակը:Տեղեկացված եմ, որ սահմանված ժամկետում վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում իմ ուսումնառությունը դադարեցվելու է:
___________________ ստորագրություն |
____________________________ անուն, հայրանուն, ազգանուն, |
___________________ ամսաթիվ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական: