«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10218096
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 մարտի 2018 թ. ք. Երևան |
N 97-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» բառերով:
2. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.2 կետով.
«20.2 Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ավարտին քրեակատարողական ծառայողը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական:»:
3. Կարգի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական «չստուգված» գնահատական:»:
4. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 22.1 կետով.
«22.1 Ստուգարքի արդյունքում բացասական «չստուգված» գնահատական ստացած քրեակատարողական ծառայողը ենթակա է արտահերթ ատեստավորման:»:
5. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 4.1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
24.1 Ստուգարքը ուսումնական գործընթացի ավարտական փուլ է, որի նպատակը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողների ուսուցման արդյունավետության գնահատումն է:
24.2 Ստուգարքի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորվում է ստուգարքի հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
24.3 Հանձնաժողովի կազմը ձևավորվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի մասնագետներից՝ ստուգարքի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որոնց նշանակում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը:
24.4 Հանձնաժողովի նախագահին նշանակում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի կազմից, իսկ քարտուղարին՝ հանձնաժողովի նախագահը:
24.5 Քրեակատարողական ծառայողը ստուգարքին ներկայանում է անձամբ` համազգեստով և վկայականով:
24.6 Վերապատրաստման ստուգարքին չի կարող մասնակցել ընդհանուր ժամաքանակի 1/3-րդը կամ ավելին անհարգելի պատճառով բաց թողած քրեակատարողական ծառայողը: Հարգելի բացակայության դեպքում քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցել ստուգարքին՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով:
24.7. Քրեակատարողական ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:
24.8 Քրեակատարողական ծառայողներին արգելվում է իրենց հետ գնահատման սենյակ բերել կամ կրել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
24.9 Հանձնաժողովի որոշմամբ ստուգարքի ընթացքում կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հրավիրված դիտորդներ:
24.10 Վերապատրաստման ստուգարքը կատարվում է միայն մատուցված վերապատրաստման նյութի շրջանակներում՝ թեստավորման եղանակով:
24.11 Հատուկ ուսուցման ստուգարքն անց է կացվում երկու փուլով՝ կրակային պատրաստվածության ստուգում և թեստավորում:
24.12 Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը քրեակատարողական ծառայողների թվին համապատասխան կնքված երկուական օրինակով հանձնում է Հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:
24.13 Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում 30, իսկ հատուկ ուսուցման դեպքում՝ 15 թեստային առաջադրանքից բաղկացած թեստեր:
24.14 Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը, որից հետո տրամադրում է ամփոփաթերթ` 2 օրինակից։
24.15 Քրեակատարողական ծառայողը, հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով իր վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:
24.16 Քրեակատարողական ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:
24.17 Քրեակատարողական ծառայողները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
24.18 Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քրեակատարողական ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:
24.19 Քրեակատարողական ծառայողը թեստավորման փուլի սկիզբը հայտարարվելուց հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը:
24.20 Թեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողներին արգելվում է աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
24.21 Քրեակատարողական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
24.22 Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:
24.23 Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Քրեակատարողական ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով վկայականը` ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:
24.24 Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քրեակատարողական ծառայողներին հատկացվում է 80 րոպե, իսկ հատուկ ուսուցման ստուգարքի թեստավորման դեպքում՝ 40 րոպե ժամանակ:
24.25 Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ քրեակատարողական ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:
24.26 Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո քրեակատարողական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա:
24.27 Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:
24.28 Հանձնաժողովը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:
24.29 Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են քրեակատարողական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:
24.30 Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը:
24.31 Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:
24.32 Բոլոր քրեակատարողական ծառայողներն ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են սենյակ:
24.33 Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրվելուց հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:
24.34 Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ 24.33-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ներկայացնում է իր վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:
24.35 Թեստավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած քրեակատարողական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:
24.36 Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:
24.37 Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` 24.35-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:
24.38 Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
24.39 Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել քրեակատարողական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր քրեակատարողական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
24.40 Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ քրեակատարողական ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է քրեակատարողական ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:
24.41 Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով քրեակատարողական վարչությանը հանձնելու համար:
24.42 Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 24.37-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն առաջադրանքների 30 հնարավորից 21 միավորից պակաս հավաքած քրեակատարողական ծառայողի գնահատականը համարում է բացասական, իսկ 21 և ավելի միավոր հավաքած քրեակատարողական ծառայողինը՝ դրական:
24.43 Հանձնաժողովը գնահատման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար կազմում ստուգարքի թերթ:
24.44 Հանձնաժողովի նախագահը և անդամները ստորագրում են ստուգարքի թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:
24.45 Քրեակատարողական ծառայողը ստուգարքի ավարտից հետո ծանոթանում է ստուգարքի թերթին և ստորագրում այն: Քրեակատարողական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ստուգարքի թերթի պատճենը:
24.46 Քրեակատարողական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ստուգարքի արդյունքների հայտարարման օրվանից հետո եռօրյա ժամկետում:
24.47 Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին է ներկայացնում քրեակատարողական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը:
24.48 Կրակային պատրաստության ստուգումն անցկացվում է ինքնաձիգից և (կամ) ատրճանակից մարտական հրաձգություն անցկացնելու միջոցով:
24.49 Վարժաձևի ընտրությունը (ծրագրի շրջանակներում) կախված է հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողների ծառայողական առանձնահատկություններից:
24.50 Կրակային պատրաստության ստուգումը կարող է անցկացվել նաև վերապատրաստման դասընթացներին զուգահեռ:
24. 51 Կրակային պատրաստվածության ստուգումը անցկացվում է դասավանդող դասախոսի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ:
24.52 Յուրաքանչյուր վարժաձևի կատարումից հետո արդյունքը ներառվում է կրակային պատրաստության ստուգման ամփոփաթերթում, որտեղ ստորագրում են քրեակատարողական ծառայողը, դասավանդող դասախոսները և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:
24.53 Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է կրակային պատրաստության և թեստային առաջադրանքների արդյունքների գումարից: Գնահատականը համարվում է դրական, եթե քրեակատարողական ծառայողը ատրճանակից հրաձգության ժամանակ 3 փամփուշտով հավաքել է 15 և ավելի միավոր և ինքնաձիգից հրաձգության ժամանակ 3 փամփուշտով՝ 15 և ավելի միավոր, իսկ թեստային առաջադրանքներից 15 հնարավորից 10 և ավելի միավոր: Նշված չափանիշներից պակաս արդյունքը համարվում է բացասական գնահատական:»:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան