«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32004036
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
18 դեկտեմբերի 2003 թ. |
N 246-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.01.16 N 17-Ն)
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով՝
(նախաբանը խմբ. 26.01.16 N 17-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության թռիչքային անվտանգության պահանջները՝ համաձայն հավելվածի:
(հրամանը փոփ. 26.01.16 N 17-Ն)
Գլխավոր |
Ս. Մարգարյան |
Հավելված |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 26.01.16 N 17-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության թռիչքային անվտանգության պահանջները (այսուհետ՝ Պահանջներ) սահմանում են քաղաքացիական աերոդրոմներում ավտոտրանսպորտի և կառամատույցային մեխանիզացիայի միջոցների (այսուհետև` հատուկ տրանսպորտային միջոցներ) երթևեկության կազմակերպումը` օդանավերի կոմերցիոն և տեխնիկական սպասարկումների ժամանակ վնասումները բացառելու և ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով:
(1-ին կետը խմբ. 26.01.16 N 17-Ն, փոփ. 26.06.17 N 175-Ն)
2. Պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական աերոդրոմներում գործունեություն իրականացնող ընկերությունների (այսուհետ` Ընկերություն) վրա, որոնք քաղաքացիական աերոդրոմներում շահագործում կամ օգտագործում են հատուկ տրանսպորտային միջոցներ:
(2-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն)
II. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 26.01.16 N 17-Ն)
3. Անվտանգության եզրագոտի - վազքուղուն հարող թռիչքագոտու հատված, որը նախատեսված է, թռիչքների և վայրէջքների ժամանակ, ուղուց հնարավոր շեղումների դեպքում, անվտանգության ապահովման համար:
4. Թռիչքագոտի - թռիչքադաշտի հատված, որը նախատեսված է օդանավերի թռիչք-վայրէջքների համար, որի մեջ ներառված են վազքուղին, անվտանգության եզրագոտին ու արգելակման վերջնագոտին:
5. Թռիչքադաշտ - աերոդրոմի հատված, որի մեջ ներառված են թռիչքագոտին(ները), ղեկուղիները, կառամատույցը և հատուկ նշանակության հրապարակները:
6. Կառամատույց - ցամաքային աերոդրոմի որոշակի հատված, որը նախատեսված է օդանավերի տեղակայման համար, նրանց տեխնիկական կամ կոմերցիոն սպասարկման նպատակով:
7. Ղեկուղի - թռիչքադաշտի հատված, որը նախատեսված է օդանավերի գետնավարման համար:
8. Ռադիոփարոսային համակարգի կրիտիկական գոտի - տարածք, որտեղ տրանսպորտային միջոցների և օդանավերի երթևեկությունը կարող է առաջացնել խափանումներ ռադիոփարոսների աշխատանքում:
9. Վազքուղի - թռիչքագոտու հատված, որը հատուկ նախապատրաստված և սարքավորված է օդանավերի թռիչք-վայրէջքների համար:
9.1. Փոխագուցավոր կամրջակ-միջոց, որը նախատեսված է օդանավակայանի ուղևորային համալիրն օդանավի հետ համկցելու համար. ուղևորներին օդանավ(ից) նստեցնելու կամ իջեցնելու նպատակով:
(9.1-ին կետը լրաց. 31.03.10 N 46-Ն)
10. Օդանավերի կայանատեղ - կառամատույցի հատկացված հատված, որը նախատեսված է օդանավերի կայանման, տեխնիկական և կոմերցիոն սպասարկման համար:
(10-րդ կետը լրաց. 26.06.17 N 175-Ն)
III. ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
11. Յուրաքանչյուր աերոդրոմ շահագործող մշակում է օդանավերի և հատուկ տրանսպորտային միջոցների տեղակայման ու երթևեկման, ինչպես նաև օդանավերի տեխնիկական և կոմերցիոն սպասարկման գործընթացում հատուկ տրանսպորտային միջոցներն օդանավերին մոտենալու ու օդանավերից հեռանալու սխեմաներ` հիմք ընդունելով շահագործվող աերոդրոմի պայմանները և սույն Պահանջների դրույթները:
Սխեմաների վրա նշվում են.
ա) կառամատույցում օդանավերի տեղաբաշխումը և գետնավարման երթուղիները,
բ) հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղերը և երթևեկման ուղիները,
գ) հատուկ տրանսպորտային միջոցների երթևեկման համար արգելված գոտիները,
դ) օդանավերի կայանատեղում, յուրաքանչյուր տիպի օդանավի համար հատուկ տրանսպորտային միջոցների տեղաբաշխումը` հիմք ընդունելով տվյալ տիպի օդանավն արտադրողի սահմանած օդանավի տեխնիկական շահագործման հրահանգը,
ե) հատուկ տրանսպորտային միջոցներն օդանավին մոտենալու կամ օդանավից հեռանալու երթուղիները:
(11-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն, 26.06.17 N 175-Ն)
12. Աերոդրոմում, օդանավերի տեղակայման և երթևեկման, ինչպես նաև հատուկ տրանսպորտային միջոցների երթևեկման սխեմաների արտապատկերումն ու մականշումն իրականացվում է Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Աերոդրոմներ» N 14 Հավելվածի (այսուհետ՝ N 14 Հավելված) համաձայն:
(12-րդ կետը փոփ., լրաց. 26.06.17 N 175-Ն)
13. Հատուկ տրանսպորտային միջոցների երթևեկումն աերոդրոմի տարածքում իրականացվում է աերոդրոմը շահագործողի մականշած երթուղիների համաձայն:
14. Հատուկ տրանսպորտային միջոցների երթուղիները չեն հատվում օդանավի գետնավարման երթուղիների հետ՝ բացառությամբ դեպի կայանատեղ կամ կայանատեղից գետնավարող օդանավերի երթուղիներից, և գտնվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:
(14-րդ կետը լրաց. 26.06.17 N 175-Ն)
15. Հատուկ տրանսպորտային միջոցների երթուղիները կարող են լինել միակողմ կամ երկկողմ, համապատասխանաբար 3.5 և 7 մետր լայնությամբ:
(15-րդ կետը խմբ. 26.06.17 N 175-Ն)
16. Հատուկ տրանսպորտային միջոցների բոլոր երթուղիները միակցված են:
17. Օդանավերի կայանատեղերը և կառամատույցը լուսավորվում են N 14 Հավելվածի համաձայն: Լուսարձակների տեղակայման անկյունը պետք է բացառի այնտեղ աշխատող հատուկ տրանսպորտային միջոցների վարորդների կուրացումը:
(17-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
18. Հատուկ տրանսպորտային միջոցների տեղակայման, երթևեկման, օդանավերին մոտենալու կամ հեռանալու սխեմաները, երթևեկման կանոնները և վարորդների գործառույթները փակցվում են հատուկ տրանսպորտային միջոցների հիմնական կայանատեղերում ու վարորդների հերթապահության աշխատասենյակներում:
19. Հատուկ տրանսպորտային միջոցները երթևեկում են վազքուղով և ղեկուղիներով օդանավերի քարշակման կամ թռիչքադաշտի շահագործման-սպասարկման աշխատանքների կատարման ընթացքում:
Թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող և հատուկ տրանսպորտային միջոցներ օգտագործող աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կարող են երթևեկել վազքուղով և ղեկուղիներով Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի հավելվածներով և(կամ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Թռիչքադաշտում երթևեկելիս հատուկ տրանսպորտային միջոցները պետք է զիջեն գետնավարող օդանավերին:
(19-րդ կետը լրաց. 26.06.17 N 175-Ն)
20. Օդանավակայանում տրանսպորտային միջոցների համար առավելագույն արագություններն են.
ա) օդանավերի կայանատեղում` |
5 կմ/ժ |
բ) կառամատույցում` |
20 կմ/ժ |
գ) աերոդրոմի այլ գոտիներում` |
40 կմ/ժ |
դ) օդանավակայանի վարչական տարածքում՝ |
30 կմ/ժ |
Նշված արագությունները չեն վերաբերում ծածկույթի շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող աերոդրոմային հատուկ մեքենաներին և շփման գործակիցը չափող միջոցներին, ինչպես նաև տագնապով կանչված հրշեջ, շտապ օգնության և օպերատիվ նպատակով հատկացված այլ հատուկ մեքենաներին:
(20-րդ կետը փոփ., լրաց. 13.05.15 N 107-Ն, փոփ. 26.06.17 N 175-Ն)
21. Աերոդրոմի արհեստական ծածկույթի վրա չեն կարող երթևեկել աղտոտված անվադողերով, ինչպես նաև թրթուրավոր տրանսպորտային միջոցներով` առանց համապատասխան ռետինե կամ փայտե պահպանակների:
IV. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՔԱՐՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
22. Օդանավի քարշակումն իրականացվում է տվյալ տիպի օդանավն արտադրողի սահմանած օդանավի տեխնիկական շահագործման հրահանգի համաձայն:
23. Քարշակման գործընթացը ղեկավարող աշխատակիցը կարգավորում է քարշակման գործընթացի մասնակից բոլոր աշխատակիցների գործողությունները և ապահովում է քարշակման անվտանգությունը:
Քարշակման ընթացքում, քարշակման գործընթացը ղեկավարող աշխատակիցը գտնվում է օդանավի հրամանատարի և քարշակի վարորդի տեսադաշտում:
24. Քարշակները սարքավորվում են ռադիոկապի, հրդեհի մարման միջոցներով և առկայծիչ լույսերով: Քարշակման ընթացքում` անկախ օրվա ժամից, հատուկ տրանսպորտային միջոցի առկայծիչ և եզրաչափային (գաբարիտային) լույսերը միացված են:
V. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
25. Օդանավերի տեխնիկական և կոմերցիոն սպասարկման ժամանակ հատուկ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմակերպումը (որն իր մեջ ներառում է հատուկ տրանսպորտային միջոցների մոտեցումն օդանավերին կամ հեռացումն օդանավերից ) ապահովում է տվյալ գործառույթներ իրականացնող կազմակերպությունը` դրա համար նշանակված աշխատակցի (այսուհետ` Ղեկավարող աշխատակից) միջոցով:
26. Օդանավերի կայանատեղում աշխատող հատուկ տրանսպորտային միջոցները համալրվում են հրդեհի մարման միջոցներով, առկայծիչ լույսերով և հենային կաղապարներով: Կոմերցիոն սպասարկման համար նախատեսված հատուկ տրանսպորտային միջոցները (օդանավասանդուղքներ, բեռնատար մեքենաներ, կոնտեյներների ինքնագնաց բեռնիչներ) համալրվում են նաև հարվածամեղմիչ միջոցներով:
(26-րդ կետը լրաց. 31.03.10 N 46-Ն, փոփ. 26.06.17 N 175-Ն)
27. Օդանավերի տեխնիկական և կոմերցիոն սպասարկման համար, հատուկ տրանսպորտային միջոցների մոտեցումը և հեռացումն իրականացվում են համաձայն սույն Պահանջների 11-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի դրույթների:
(27-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն)
28. Օդանավերի կայանատեղում` օդանավերի վնասումները կանխելու նպատակով, սահմանվում են հատուկ տրանսպորտային միջոցների կանգառների հետևյալ հեռավորությունները.
ա) տեխնիկական սպասարկման ժամանակ. օդանավի եզրային կետերից 0.5 - 3 մետր:
Շարժիչային տաքացուցիչները կայանվում են 3 մետրից ոչ մոտ, ջերմափչող մեքենաները` 3.5 մետրից ոչ մոտ:
Վառելիքայուղալցավորիչները և շարժական լցավորող ագրեգատները կայանվում են օդանավի եզրային կետերից 5 մետրից ոչ մոտ՝ բացառությամբ արտադրողի կողմից հավաստագրված բարձրացվող հարթակով վառելիքայուղալցավորիչների և շարժական լցավորող ագրեգատների, որոնք օդանավը լիցքավորելիս անհրաժեշտության դեպքում կարող են կայանվել օդանավի թևերի տակ.
բ) կոմերցիոն սպասարկման ժամանակ. օդանավի բեռնամուտքից 0.3 մետր` բացառությամբ ուղևորային օդանավասանդուղքներից, որոնք օդանավին են մոտենում նվազագույն արագությամբ, մինչև օդանավի հետ հպումը:
(28-րդ կետը փոփ., խմբ. 26.06.17 N 175-Ն)
28.1 Կայանատեղում օդանավի վառելիքայուղալցավորիչ հատուկ տրանսպորտային միջոցի հեռացման ուղիները պետք է լինեն ազատ:
(28.1-ին կետը լրաց. 26.06.17 N 175-Ն)
29. Օդանավերի կայանատեղում աշխատող հատուկ տրանսպորտային միջոցների վարորդները.
ա) կայանատեղին մոտենալիս, տրանսպորտային միջոցը կանգնեցնում են օդանավի եզրային կետերից մինչև 10 մետր հեռավորության վրա,
բ) կայանատեղ մուտք են գործում միայն համապատասխան Ղեկավարող աշխատակցի հրահանգով և նրա ղեկավարությամբ,
գ) կայանատեղում երթևեկությունն իրականացնում են միայն մոտեցման (հեռացման) սխեմաների համաձայն,
դ) ուշադիր հետևում և հստակ կատարում են Ղեկավարող աշխատակցի հրահանգները,
ե) ապահովում են տրանսպորտային միջոցի կայանումն օդանավից անվտանգ հեռավորության վրա,
զ) տրանսպորտային միջոցի խափանման դեպքում անհապաղ տեղեկացնում են հատուկ տրանսպորտի ծառայության կարգավարին:
(29-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
30. Օդանավին հատուկ տրանսպորտային միջոցների մոտեցման կամ օդանավից հեռացման ժամանակ Ղեկավարող աշխատակիցները.
ա) ղեկավարում են հատուկ տրանսպորտային միջոցի երթևեկությունն օդանավերի կայանատեղում` Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) կողմից սահմանված ազդանշաններով,
բ) ղեկավարում են հատուկ տրանսպորտային միջոցի մոտեցումը (հեռացումը), գտնվելով օդանավերի եզրակետերին մոտ դիրքում, պահպանելով տեսանելի կապ հատուկ տրանսպորտային միջոցի վարորդի հետ,
գ) հատուկ տրանսպորտային միջոցի վարորդին ազդանշան տալուց առաջ համոզվում են խոչընդոտների բացակայության մասին,
դ) հատուկ տրանսպորտային միջոցի մոտեցման ժամանակ ապահովում են դրա կանգառն օդանավից անվտանգ հեռավորության վրա,
ե) հատուկ տրանսպորտային միջոցի վարորդին հեռացման ազդանշան տալուց առաջ համոզվում են թափքի կամ աշխատանքային հանգույցի հավաքված վիճակում լինելու մասին,
զ) օդանավի մոտ հատուկ տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո դրա հետևի անիվներից մեկի տակ` երկու կողմից, տեղադրում են հենային կաղապարներ` սկզբում տեղադրելով օդանավի կողմի կաղապարը: Հենային կաղապարներ կարող են չտեղադրվել, եթե հատուկ տրանսպորտային միջոցը համալրված է ինքնաարգելակումն ապահովող ավտոմատ «Ինտերլոք» համակարգով: Տվյալ տիպի հատուկ տրանսպորտային միջոցն արտադրողի սահմանած տեխնիկական շահագործման հրահանգով նախատեսված դեպքերում ապահովում են նաև հողակցում,
է) հատուկ տրանսպորտային միջոցի սխալ մանևրելու դեպքում ընդհատում են մանևրումը և ձեռնարկում են միջոցներ` օդանավի հետ բախումը կանխելու ուղղությամբ,
ը) աշխատանքների ավարտից հետո հանում են տեղադրված հենային կաղապարները` սկզբում օդանավի հակառակ կողմի կաղապարը: Երկրորդ կաղապարը հավաքվում է հատուկ տրանսպորտային միջոցն օդանավից հեռանալուց հետո` ոչ պակաս‚ քան 5 մետր հեռավորության ապահովման դեպքում,
թ) թողնում են օդանավի կայանատեղը` մանևրի ավարտի և հենային կաղապարները հավաքելուց հետո:
(30-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն, փոփ., լրաց. 26.06.17 N 175-Ն)
VI. ԱԵՐՈԴՐՈՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
31. Աերոդրոմի շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող հատուկ տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության կազմակերպումը և աշխատանքների ղեկավարումն ապահովում է աերոդրոմ շահագործող կազմակերպությունը, դրա համար նշանակված աշխատակցի միջոցով (այսուհետ` Աշխատանքների ղեկավար):
32. Հատուկ տրանսպորտային միջոցների մուտքը թռիչքագոտի և ղեկուղիներ կատարվում է միայն Աշտարակի կարգավարական կետի կարգավարի թույլտվությամբ:
(32-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
33. Աշխատանքների ղեկավարը Աշտարակի կարգավարական կետի կարգավարից ստացված հրահանգի համաձայն ձեռնարկում է միջոցներ թռիչքագոտին և/կամ ղեկուղին հատուկ տրանսպորտային միջոցներից ազատելու ուղղությամբ` հաշվի առնելով, որ թռիչքագոտին պետք է ազատ լինի հատուկ տրանսպորտային միջոցներից օդանավի վայրէջքի (թռիչքի) հաշվարկային (ճշտված) ժամանակից 5 րոպե առաջ:
(33-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
34. Աշխատանքների ղեկավարը պահպանում է հստակ ռադիոկապ Աշտարակի կարգավարական կետի կարգավարի հետ և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կատարում է կապի հսկիչ ստուգում:
Կապի խափանման կամ անկայունության դեպքում իրականացվող աշխատանքներն անհապաղ դադարեցվում և ձեռնարկվում են միջոցներ` թռիչքագոտին և/կամ ղեկուղին հատուկ տրանսպորտային միջոցներից և մարդկանցից ազատելու ուղղությամբ:
(34-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
35. Անբավարար ռադիոկապի դեպքում, Աշտարակի կարգավարական կետի կարգավարը թռիչքադաշտն ազատելու համար օգտագործում է հետևյալ ազդանշանները. վազքուղու ազդանշանային լույսերի եռակի միացում-անջատում:
(35-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
36. Աշխատանք իրականացնող հատուկ տրանսպորտային միջոցի խափանման դեպքում Աշխատանքների ղեկավարն անմիջապես հաղորդում է Աշտարակի կարգավարական կետի կարգավարին և ձեռնարկում է միջոցներ անսարք տեխնիկան թռիչքագոտուց և (կամ ղեկուղուց և)կամ ռադիոփարոսային համակարգի կրիտիկական գոտուց անհապաղ դուրս հանելու ուղղությամբ:
(36-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
37. Աշխատանքների ավարտից հետո Աշխատանքների ղեկավարը համոզվում է թռիչքների անվտանգությանը սպառնացող խոչընդոտների վերացման մասին, ինչպես նաև հաղորդում է Աշտարակի կարգավարական կետի կարգավարին աշխատանքների ավարտի և թռիչքագոտին և/կամ ղեկուղին ազատելու վերաբերյալ:
(37-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
38. Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, թռիչքադաշտում աշխատող աերոդրոմի շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող բոլոր հատուկ տրանսպորտային միջոցները համալրված են դեղին առկայծիչ լույսերով, հրդեհի մարման և քարշակման միջոցներով, ինչպես նաև ներօդանավակայանային ռադիոկապով:
1) Սույն կետում նշված հատուկ տրանսպորտային միջոցները պետք է համալրված լինեն շարժական խոչընդոտի մականշումով համաձայն N 14 Հավելվածի պահանջների:
(38-րդ կետը խմբ. 26.06.17 N 175-Ն)
39. Առկայծիչ լույսերը տեղադրվում են հատուկ տրանսպորտային միջոցի վրա` ապահովելով առկայծիչ լույսերի շրջանային տեսանելիությունը: Առկայծվող լույսի ուժը 40-400 կանդել է, իսկ հաճախականությունը` 75±15 բռնկում մեկ րոպեում:
40. Աշխատանքների ղեկավարի մեքենայում տեղադրվում է լրացուցիչ ռադիոընդունիչ, որն աշխատում է վայրէջքի կարգավարի ռադիոհաճախությամբ:
41. Թռիչքադաշտում աշխատանքների կատարման ժամանակ հատուկ տրանսպորտային միջոցների եզրաչափային (գաբարիտային) և առկայծիչ լույսերն, ինչպես նաև ռադիոկապի միջոցները պետք է լինեն միացված:
(41-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
42. Ռադիոֆիկացված հատուկ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է տիրապետեն ներօդանավակայանային ռադիոկապի վարման կանոններին համաձայն N 14 Հավելվածի: Աշխատանքների ղեկավարի և վարորդի ռադիոխոսակցությունը մեկնարկի կարգավարական կետի հետ ձայնագրվում է հատուկ ավտոմատ ձայնագրվող սարքի միջոցով:
(42-րդ կետը փոփ., խմբ. 26.06.17 N 175-Ն)
43. Թռիչքադաշտում աշխատելու ընթացքում Աշխատանքների ղեկավարը և հատուկ տրանսպորտային միջոցների վարորդները հետևում են լուսային և ձայնային ազդանշաններին ու ռադիոկապի հրահանգներին:
VII. ԹՌԻՉՔԱԳՈՏՈՒ ՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
44. Հատուկ տրանսպորտային միջոցը հատում է թռիչքագոտին կամ ղեկուղին միայն Աշտարակի կարգավարական կետի կարգավարից թույլտվություն ստանալուց հետո: Թռիչքագոտին կամ ղեկուղին հատող հատուկ տրանսպորտային միջոցների համար ապահովվում են Կարգի 38-րդ, 39-րդ և 41-րդ կետերով սահմանված պահանջները։
(44-րդ կետը լրաց. 31.03.10 N 46-Ն, փոփ. 26.06.17 N 175-Ն)
45. Կարգավարը կարող է թույլատրել թռիչքագոտու կամ ղեկուղու հատումը, եթե մինչ օդանավի վայրէջքը կա առնվազն 5 րոպե կամ վայրէջքից հետո օդանավն արդեն ազատել է վազքուղին:
(45-րդ կետը փոփ. 31.03.10 N 46-Ն)
46. Թռիչքագոտին կամ ղեկուղին հատելուց հետո հատուկ տրանսպորտային միջոցի վարորդը Աշտարակի կարգավարական կետի կարգավարին է հաղորդում թռիչքագոտին կամ ղեկուղին ազատելու մասին: Թռիչքագոտին կամ ղեկուղին համարվում է ազատ, եթե հատուկ տրանսպորտային միջոցը դուրս է եկել անվտանգության եզրագոտու սահմաններից:
(46-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
VIII. ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՄ ՕԴԱՆԱՎԻՑ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
47. N 14 Հավելվածի համաձայն հատուկ տրանսպորտային միջոցների վարորդներն ինքնուրույն աշխատանքի են անցնում տեսական դասընթացներ և գործնական ստաժավորում անցնելուց հետո:
(47-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
48. Տեսական դասընթացների արդյունքում հատուկ տրանսպորտային միջոցների վարորդներն պետք է տիրապետեն.
ա) սույն Պահանջների պահանջներին,
բ) համապատասխան հատուկ տրանսպորտային միջոցի և դրա վրա տեղադրված հատուկ սարքավորումների կառուցվածքին,
գ) հատուկ տրանսպորտային միջոցն արտադրողի ներկայացրած շահագործողական պահանջներին և յուրահատկություններին,
դ) թռիչքների իրականացումը և անվտանգությունն ապահովող ծառայությունների հետ համագործակցման տեխնոլոգիաներին,
ե) աերոդրոմի հատակագծին, մականշումներին, տեղադրված նշաններին և լույսերին,
զ) ներօդանավակայանային ռադիոկապի վարման կանոններին, դրանց շրջանակներում օգտագործվող դարձվածաբանությանը և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից սահմանված այբուբենին,
է) աերոդրոմ շահագործողի կողմից սահմանված ընթացակարգերին և վերգետնյա սպասարկումների հետ կապված օդային երթևեկության կանոններին:
(48-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն, լրաց. 26.06.17 N 175-Ն)
49. Գործնական ստաժավորումն իրականացվում է փորձառու վարորդների ղեկավարությամբ` ութ աշխատանքային հերթափոխի ծավալով: Գործնական ստաժավորման ընթացքում վարորդները ձեռք են բերում հատուկ տրանսպորտային միջոցների վարման և տեխնոլոգիական գործողությունների կատարման գործնական ունակություններ:
50. Աերոդրոմ շահագործողի կողմից վարորդին տրվում է հատուկ տրանսպորտային միջոցը վարելու վկայական, որտեղ ներառվում են հետևյալ տեղեկությունները.
ա) Ընկերության անվանումը,
բ) վարորդի անունը և ազգանունը,
գ) վարորդի կողմից շահագործվող հատուկ տրանսպորտային միջոցների մակնիշների ծածկագրերը:
դ) (ենթակետն ուժը կորցրել է 26.06.17 N 175-Ն)
(50-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
51. Վարորդի կողմից երթևեկության կանոնների կամ օդանավի սպասարկման տեխնոլոգիայի երեք խախտման գրանցման դեպքում, վերջինս անցնում է կրկնակի վերապատրաստում սույն Պահանջների 48-րդ և 49-րդ կետերի համաձայն:
(51-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն)
52. Տարին առնվազն մեկ անգամ` ձմռան ժամանակաշրջանին նախապատրաստվելու ընթացքում աերոդրոմ շահագործողի կողմից անցկացվում է Ընկերությունների վարորդների տեսական վերապատրաստում սույն Պահանջների 48-րդ կետի համաձայն, հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկությունները:
(52-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն, խմբ. 26.06.17 N 175-Ն)
53. Հատուկ տրանսպորտային միջոցի շահագործման ծառայություն չունեցող Ընկերությունների վարորդները տեսական դասընթացներ են անցնում աերոդրոմը շահագործողի հատուկ տրանսպորտային միջոցներ շահագործող ծառայությունում, որի կողմից էլ տրվում է հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:
54. Ղեկավարող աշխատակցներն ինքնուրույն աշխատանքի են անցնում տեսական դասընթացներ և գործնական ստաժավորում անցնելուց հետո: Տեսական դասընթացը ներառում է սույն Պահանջների ուսումնասիրությունը: Գործնական ստաժավորումն իրականացվում է փորձառու Ղեկավարող աշխատակցի ղեկավարությամբ` ութ աշխատանքային հերթափոխի ծավալով:
(54-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն)
55. Աերոդրոմ շահագործողի կողմից Ղեկավարող աշխատակիցներին տրվում է օդանավերի կայանատեղում հատուկ տրանսպորտային միջոցների ղեկավարման իրավունքի վկայական, որտեղ ներառվում են հետևյալ տեղեկությունները.
ա) Ընկերության անվանումը,
բ) Ղեկավարող աշխատակցի անունը և ազգանունը,
գ) Ղեկավարող աշխատակցի կողմից ղեկավարման ենթակա հատուկ տարնսպորտային միջոցների մակնիշների ծածկագրերը:
դ) (ենթակետն ուժը կորցրել է 26.06.17 N 175-Ն)
(55-րդ կետը փոփ. 26.06.17 N 175-Ն)
56. Ղեկավարող աշխատակցի կողմից սույն Պահանջների պահանջների երեք խախտում թույլ տալու դեպքում, վերջինս անցնում է կրկնակի վերապատրաստում սույն Պահանջների 54-րդ կետի համաձայն:
(56-րդ կետը փոփ. 26.01.16 N 17-Ն)
IX. ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ
57. Աերոդրոմի տարածքում շահագործվող բոլոր ավտոմեքենաները գրանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության մարմիններում, ունեն պետական համարանիշեր կամ գույքային համարներ, ինչպես նաև ունեն տեխնիկական անձնագրեր ու ֆորմուլյարներ: Գույքային համարները պատկերվում են այնպես, որպեսզի ապահովվի դրանց առավել տեսանելիությունը: Եթե աերոդրոմը շահագործվում է գիշերային ժամերին, ապա գույքային համարները պատկերվում են ֆլուորեսցենտային եզրաշերտով:
(57-րդ կետը լրաց. 31.03.10 N 46-Ն)
58. Աերոդրոմի տարածք կարող են մուտք գործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող հատուկ տրանսպորտային միջոցներ:
Սույն Պահանջների իմաստով տեխնիկապես սարքին վիճակ է համարվում՝
ա) Հատուկ տրանսպորտային միջոցի շահագործողական վիճակի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 2 Հավելվածով սահմանված դրույթներին,
բ) Հատուկ տրանսպորտային միջոցի թափքի կառուցվացքային մասերի վրա մեխանիկական և ներկաշերտի ակնհայտ վնասվածքների բացակայությունը,
գ) Հատուկ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված հատուկ հանգույցների և սարքերի շահագործողական վիճակի համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված չափանիշներին,
դ) Հատուկ տրանսպորտային միջոցի վրա վառելիքաքսանյութերի կամ այլ հեղուկների (հիդրավլիկ յուղ, շարժիչների հովացման հեղուկ) կաթոցների բացակայությունը,
ե) Աերոդրոմի արհեստական ծածկույթով տարրերի շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող հատուկ տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հանգույցները (մաքրող խոզանակներ, ձյունամաքրիչ գութաններ) պետք է բացառեն ծածկույթի վնասումները (համաձայն ԻԿԱՕ թիվ 9137 (Doc. 9137) ձեռնարկի մաս 2-ի («Ծածկույթի մակերևույթի վիճակը») ձյունամաքրիչ գութանների ռետինե դանակների բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 8 սմ-ից):
(58-րդ կետը խմբ. 31.03.10 N 46-Ն, փոփ. 26.01.16 N 17-Ն, 26.06.17 N 175-Ն)
59. Աերոդրոմի տարածք մուտք գործելուց առաջ հատուկ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ գրառում է արվում ուղեգրային թերթիկում կամ հերթափոխային գրանցամատյանում:
(59-րդ կետը խմբ. 26.06.17 N 175-Ն)
60. Հատուկ տրանսպորտային միջոցները մուտք են գործում աերոդրոմի տարածք աերոդրոմը շահագործող ընկերության կողմից հատկացված անցագրի առկայության դեպքում:
X. ԱԵՐՈԴՐՈՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
61. Կողմնակի կազմակերպությունների մեքենաների մուտքն աերոդրոմի տարածք իրականացվում է աերոդրոմը շահագործողի հատկացրած միանգամյա անցագրերի առկայության դեպքում:
62. Կողմնակի կազմակերպությունների մեքենաների երթևեկությունն աերոդրոմի տարածքում կատարվում է աերոդրոմը շահագործողի կողմից հատկացված աշխատակցի ուղեկցությամբ: Կողմնակի կազմակերպության մեքենաների տվյալները գրանցվում են հսկիչ-անցագրային կետում:
63. Կողմնակի կազմակերպությունների ներկայացուցիչներն աերոդրոմի տարածք մուտք գործելուց առաջ անցնում են հրահանգավորում` աերոդրոմը շահագործողի կողմից:
XI. ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ
64. Հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղերը տեղակայվում են կառամատույցին հնարավորին չափով մոտ` արհեստական ծածկույթով հարթ հրապարակների վրա:
65. Հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղերն ապահովում են`
ա) մեքենաների արագ և անվտանգ ելքը աշխատանքի վայր,
բ) օդանավերի թռիչքների, վայրէջքների և գետնավարման անվտանգությունը,
գ) հակահրդեհային անվտանգությունը:
XII. ՓՈԽԱԳՈՒՑԱՎՈՐ ԿԱՄՐՋԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(գլուխը լրաց. 31.03.10 N 46-Ն)
66. Փոխագուցավոր կամրջակի սպասարկումը և շահագործումն իրականացվում է արտադրողի կողմից սահմանված տեխնիկական պայմանների և նկարագրության, ինչպես նաև Ընկերության կողմից մշակված աշխատանքային հրահանգի համաձայն:
67. Փոխագուցավոր կամրջակը կարող է շահագործվել միայն տեսական և գործնական ստաժավորում անցած աշխատակիցների կողմից:
ա) Տեսական և գործնական ստաժավորումն իրականացնում է արտադրողի կողմից ատեստավորված մասնագետը:
68. Ընկերությունն ապահովում է փոխագուցավոր կամրջակի տեխնիկական զննման և սպասարկման գործառույթները. Ընկերության կողմից մշակված միջոցառումների և ժամանակացույցի համաձայն:
ա) Տեխնիկական զննման և սպասարկման միջոցառումները և ժամանակացույցը մշակվում են արտադրողի կողմից սահմանված սպասարկման ծրագրի համաձայն:
69. Փոխագուցավոր կամրջակը համալրվում է հարվածամեղմիչ միջոցներով, եզրաչափային և առկայծիչ լույսերով, լուսարձակներով և հրդեհի մարման միջոցներով:
70. Աերոդրոմ շահագործողի կողմից կառամատույցի վրա ապահովվում է փոխագուցավոր կամրջակի աշխատանքային գոտու մականշումը:
ա) Փոխագուցավոր կամրջակի աշխատանքի ընթացքում բացառվում է մարդկանց, տեխնիկական միջոցների և սարքավորումների առկայությունը սույն կետում նշված գոտում:
(գլուխը լրաց. 31.03.10 N 46-Ն)
Հավելված N 1 |
ՕԴԱՆԱՎԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՏԵՑՄԱՆ (ՀԵՌԱՑՄԱՆ) ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
(հավելվածն ուժը կորցրել է 26.06.17 N 175-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 31.03.10 N 46-Ն, փոփ., լրաց. 13.05.15 N 107-Ն, խմբ., փոփ. 26.01.16 N 17-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.06.17 N 175-Ն)