ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ
Ս Ո Ց Ի Ա Լ Ա Կ Ա Ն Խ Ա Ր Տ Ի Ա
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Ներքոստորագրյալ Կառավարությունները, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամներ,
համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել սերտ միասնության իր անդամների միջև ընդհանուր ժառանգություն հանդիսացող գաղափարների և սկզբունքների պահպանման ու իրագործման, ինչպես նաև իրենց տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակով, մասնավորապես, մարդու իրավունքների արմատական պաշտպանության և ազատության ամրապնդման միջոցով,
համարելով, որ 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայում և նրա Արձանագրություններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները համաձայնեցին ապահովել իրենց բնակչության համար այնտեղ նշված քաղաքացիական և քաղաքական իրավունքները և ազատությունները,
համարելով, որ 1961 թվականի հոկտեմբերի 18-ին Թուրինում ստորագրման համար բացված Եվրոպական սոցիալական խարտիայում և դրան կից Արձանագրություններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները համաձայնեցին ապահովել իրենց բնակչության համար այնտեղ նշված սոցիալական իրավունքները` նրանց կենսամակարդակը և սոցիալական բարեկեցությունը բարելավելու նպատակով,
հիշեցնելով, որ 1990 թ. նոյեմբերի 5-ին Հռոմում կայացած՝ մարդու իրավունքների վերաբերյալ Նախարարների խորհրդաժողովը ընդգծել է մարդու բոլոր իրավունքների անբաժանելի բնույթի պահպանման անհրաժեշտությունը՝ լինեն դրանք քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, մի կողմից, և Եվրոպական սոցիալական խարտիային նոր խթան հաղորդելու համար` մյուս կողմից,
որոշելով, որ համաձայն 1991թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին Թուրինում կայացած Նախարարների խորհրդաժողովի որոշումների՝ արդիականացնել և հարմարեցնել Խարտիայի հիմնական բովանդակությունը` նպատակ ունենալով, մասնավորապես, հաշվի առնել հիմնարար սոցիալական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տեքստը ընդունելուց հետո,
գիտակցելով Եվրոպական սոցիալական խարտիայի փոխարեն մշակված Վերանայված խարտիայում Խարտիայի և 1988թ. Լրացուցիչ արձանագրության կողմից երաշխավորված իրավունքների ներառումը, ինչպես նաև նոր իրավունքներ լրացնելու կարևորությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Մ ա ս i
Կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝
1. յուրաքանչյուր ոք վաստակելու հնարավորություն կունենա իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,
2. բոլոր աշխատողները ունեն աշխատանքի արդար պայմանների իրավունք,
3. բոլոր աշխատողները ունեն անվտանգ և առողջարար աշխատանքային պայմանների իրավունք,
4. բոլոր աշխատողները ունեն արդար վարձատրության իրավունք, որը բավարար կլինի նրանց և նրանց ընտանիքների պատշաճ կենսամակարդակի համար,
5. բոլոր աշխատողները և գործատուները ազգային կամ միջազգային կազմակերպություններում ազատ մասնակցելու իրավունք ունեն` իրենց տնտեսական և սոցիալական շահերը պաշտպանելու նպատակով,
6. բոլոր աշխատողները և գործատուները ունեն համատեղ գործարքներ կնքելու իրավունք,
7. երեխաները և երիտասարդները հատուկ պաշտպանվածության իրավունք ունեն իրենց սպառնացող ֆիզիկական և հոգեբանական վտանգներից,
8. աշխատող կանայք մայրության դեպքում հատուկ պաշտպանվածության իրավունք ունեն,
9. յուրաքանչյուր ոք մասնագիտական ուղղվածության համար համապատասխան հնարավորությունների իրավունք ունի` իր անձնական շահերը և ընդունակությունները բավարարող որևէ աշխատանք ընտրելու համար,
10. յուրաքանչյուր ոք մասնագիտական ուսուցման համար համապատասխան հնարավորությունների իրավունք ունի,
11. յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվելու այն բոլոր միջոցներից, որոնք նրան հնարավորություն կտան հասնելու առողջական վիճակի լավագույն հնարավոր աստիճանի,
12. բոլոր աշխատողները և նրանց խնամառուները սոցիալական պաշտպանվածության իրավունք ունեն,
13. համապատասխան միջոցներ չունեցող յուրաքանչյուր ոք սոցիալական և բժշկական օգնություն ստանալու իրավունք ունի,
14. յուրաքանչյուր ոք սոցիալական բարեկեցության ծառայություններից օգտվելու իրավունք ունի,
15. անաշխատունակ անձինք ունեն անկախ ապրելու, սոցիալական ինտեգրման և հասարակության կյանքին մասնակցելու իրավունք,
16. ընտանիքը, որպես հասարակության հիմնական միավոր, իր ամբողջական զարգացումը ապահովելու նպատակով ունի համապատասխան սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունք,
17. երեխաները և երիտասարդները համապատասխան սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունք ունեն,
18. յուրաքանչյուր Կողմի քաղաքացիները իրավունք ունեն ցանկացած այլ Կողմի տարածքում ներգրավվելու եկամտաբեր որևէ աշխատանքում վերջինիս քաղաքացիների հետ հավասար հիմքերով` հիմնավոր տնտեսական կամ սոցիալական պատճառներից թելադրվող սահմանափակումներին համապատասխան,
19. կողմերից մեկի քաղաքացիներ հանդիսացող միգրանտ աշխատողները և նրանց ընտանիքները ցանկացած այլ Կողմի տարածքում պաշտպանվածության և աջակցության իրավունք ունեն,
20. բոլոր աշխատողները զբաղվածության և աշխատանքի հարցերում ունեն հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունք՝ առանց սեռական խտրականության,
21. աշխատողները իրավունք ունեն իրենց ձեռնարկության շրջանակներում տեղեկացված և խորհրդակցված լինելու,
22. աշխատողները իրենց ձեռնարկությունում իրավունք ունեն մասնակցելու աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի սահմանման և բարելավման ընթացքին,
23. յուրաքանչյուր տարեց անձ ունի սոցիալական պաշտպանվածության իրավունք,
24. բոլոր աշխատողները աշխատանքի դադարեցման դեպքում ունեն պաշտպանվածության իրավունք,
25. բոլոր աշխատողները իրենց գործատուի անվճարունակության դեպքում ունեն իրենց պահանջների/հայցերի պաշտպանվածության իրավունք,
26. բոլոր աշխատողները աշխատանքի ժամանակ ունեն արժանապատիվ վերաբերմունքի իրավունք,
27. ընտանեկան պարտականություններ ունեցող, ամուսնացող կամ ամուսնանալու ցանկություն ունեցող բոլոր աշխատող անձինք ունեն այդ ամենի իրավունքը առանց խտրականության սուբյեկտ դառնալու և, որքան հնարավոր է, առանց աշխատանքի և ընտանեկան պարտականությունների հակասության,
28. ձեռնարկություններում աշխատողների ներկայացուցիչները պաշտպանվածության իրավունք ունեն իրենց դեմ ուղղված վնասաբեր գործողություններից, և նրանց պետք է տրամադրվեն համապատասխան հնարավորություններ իրենց գործառույթների կատարման համար,
29. բոլոր աշխատողները իրավունք ունեն ստանալու տեղեկություններ և խորհուրդ աշխատանքից կոլեկտիվ աշխատատեղերի կրճատման ընթացակարգերի ժամանակ,
30. յուրաքանչյուր ոք աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունք ունի,
31. յուրաքանչյուր ոք ունի բնակարանի իրավունք:
Մ ա ս 2
3-րդ Մասի համաձայն` Կողմերը հանձն են առնում իրենց պարտավորված համարել հետևյալ հոդվածներում և կետերում նշված պարտավորություններով:
Հոդված 1. |
Աշխատանքի իրավունքը |
Աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ՝
1. ընդունել, որպես իրենց հիմնական նպատակներից և պարտականություններից մեկը, աշխատանքի հնարավորին չափ բարձր և կայուն աստիճանի նվաճումը և պահպանումը` նպատակ ունենալով լիակատար զբաղվածություն ձեռք բերելը,
2. պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,
3. ստեղծել կամ պահպանել աշխատանքի ազատ տեղավորման ծառայություններ բոլոր աշխատողների համար,
4. օժանդակել կամ ապահովել համապատասխան մասնագիտական ուղղվածություն, ուսուցում և վերականգնում:
Հոդված 2. |
Աշխատանքի արդար պայմանների իրավունքը |
Աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. օրական և շաբաթական աշխատանքային ժամերի բանական տևողությունը ապահովելու համար աշխատանքային շաբաթը պետք է աստիճանաբար կրճատվի այն չափով, որը թույլատրվում է արտադրական աճով և այլ համապատասխան գործոններով,
2. ապահովել վճարովի ոչ աշխատանքային օրեր,
3. ապահովել տարեկան նվազագույնը չորսշաբաթյա վճարովի արձակուրդ,
4. վերացնել վտանգները հատկապես անառողջ և վտանգավոր աշխատանքներում, իսկ որտեղ դեռևս հնարավոր չէ, վերացնել կամ զգալիորեն նվազեցնել այս վտանգները, ապահովել աշխատանքային ժամերի կրճատում կամ սահմանել լրացուցիչ վճարովի արձակուրդներ այդ աշխատանքներում ներգրավված աշխատողների համար,
5. տրամադրել շաբաթական հանգիստ, որը հնարավորին չափով պետք է համընկնի համապատասխան երկրում կամ տարածաշրջանում ավանդույթով կամ սովորույթով որպես հանգստի օր ճանաչված օրվա հետ,
6. ապահովել, որ աշխատողները հնարավորին չափ արագ և, ցանկացած դեպքում, իրենց աշխատանքի անցնելուց հետո երկու ամսից ոչ ուշ գրավոր տեղեկացված լինեն պայմանագրի կարևոր ասպեկտների կամ աշխատանքային հարաբերության վերաբերյալ,
7. ապահովել, որ գիշերային ժամերին աշխատողները օգտվեն իրենց գործի հատուկ բնույթի համար տրվող միջոցներից:
Հոդված 3. |
Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքը |
Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը, խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, պարտավորվում են՝
1. ձևակերպել, իրականացնել և պարբերաբար վերանայել աշխատանքային անվտանգությանը, աշխատանքային առողջությանը և աշխատանքային միջավայրին վերաբերող առանձնահատուկ ազգային քաղաքականությունը: Այդ քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի աշխատանքային անվտանգության ու առողջության բարելավումը և աշխատանքի ընթացքում ծագող, դրա հետ կապված կամ տեղի ունեցող վթարների և առողջությունը վնասելու հնարավորության կանխումը` մասնավորապես նվազեցնելով աշխատանքային միջավայրին հատուկ վտանգների պատճառները,
2. թողարկել անվտանգության և առողջության պահպանման կանոնակարգեր,
3. ապահովել այդ կանոնակարգերի կիրարկումը վերահսկողության միջոցներով,
4. խթանել աշխատանքային առողջության պահպանման ծառայությունների աստիճանական զարգացումը բոլոր աշխատողների համար` հիմնականում կանխիչ և խորհրդատվական գործառույթներով:
Հոդված 4. |
Արդարացի վարձատրման իրավունքը |
Արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովեու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց և նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ,
2. ճանաչել աշխատողների վարձատրման դրույքաչափի ավելացման իրավունքը արտաժամյա աշխատանքի համար, բացառությամբ առանձնահատուկ դեպքերի,
3. ճանաչել կին և տղամարդ աշխատողների նույնարժեք աշխատանքի համար հավասար վճարման իրավունքը,
4. ճանաչել բոլոր աշխատողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ նախապես ծանուցում ստանալու իրավունքը,
5. թույլատրել աշխատավարձից պահումները միայն ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված պայմաններով և դրանցում նկարագրված չափով կամ կոլեկտիվ համաձայնագրերի կամ արբիտրաժային վճիռների համաձայն:
Այս իրավունքների կիրառումը պետք է ձեռք բերվի ազատորեն կնքված կոլեկտիվ համաձայնագրերով կամ աշխատավարձ սահմանող օրենքով սահմանված մեխանիզմով կամ ազգային պայմաններին համապատասխան այլ միջոցներով:
Հոդված 5. |
Կազմակերպելու իրավունքը |
Իրենց տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության համար տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ ստեղծելու և այդ կազմակերպություններին միանալու` աշխատողների և գործատուների ազատությունը երաշխավորելու կամ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, որ ազգային օրենսդրությունը չի խոչընդոտելու և չի կիրառվելու այնպես, որ խոչընդոտի այս ազատությանը: Սույն հոդվածում նախատեսված երաշխիքների` ոստիկանության նկատմամբ կիրառման չափը պետք է սահմանվի ազգային օրենքներով և կանոնակարգերով: Զինված ուժերի անդամների նկատմամբ այս երաշխիքների կիրառումը կարգավորող սկզբունքը և չափը, որով դրանք կկիրառվեն այս կատեգորիայի անձանց նկատմամբ, պետք է հավասարապես սահմանված լինեն ազգային օրենքներում կամ կանոնակարգերում:
Հոդված 6. |
Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքը |
Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. նպաստել աշխատողների և գործատուների միջև համատեղ խորհրդակցությունների անցկացմանը,
2. անհրաժեշտության դեպքում խթանել մեխանիզմներ գործատուների կամ գործատուների կազմակերպությունների և աշխատողների կազմակերպությունների միջև կամավոր բանակցությունների համար՝ կոլեկտիվ համաձայնագրերի միջոցով աշխատանքի ժամկետները և պայմանները կարգավորելու նպատակով,
3. խթանել աշխատանքային վեճերի կարգավորման համար հաշտարար և կամավոր արբիտրաժի համապատասխան մեխանիզմի ստեղծումն ու օգտագործումը,
և ճանաչում են՝
4. շահերի բախման դեպքում աշխատողների և գործատուների համատեղ գործողությունների անցկացման իրավունքը՝ ներառյալ գործադուլների իրավունքը` այն պարտավորություններին ենթարկվելու պայմանով, որոնք կարող են ծագել նախօրոք կնքված կոլեկտիվ համաձայնագրերից:
Հոդված 7. |
Երեխաների և երիտասարդների պաշտպանվածության իրավունքը |
Երեխաների և երիտասարդների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 15 տարեկանը, բացառությամբ այն երեխաների, որոնք զբաղվում են ընդունված թեթև աշխատանքով, առանց վնասելու նրանց առողջությունը, բարոյական կերպարը կամ խանգարելու կրթությանը,
2. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 18 տարեկանը` այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են վտանգավոր կամ վնասակար են առողջությանը,
3. ապահովել, որ դեռևս պարտադիր կրթության ենթակա անձինք չզբաղվեն այնպիսի աշխատանքով, որի պատճառով կզրկվեն իրենց կրթությունից լրիվ օգտվելու հնարավորությունից,
4. ապահովել, որ 18 տարեկանից ցածր անձանց աշխատաժամերը սահմանափակվեն՝ ելնելով նրանց զարգացման անհրաժեշտությունից և, մասնավորապես, նրանց մասնագիտական ուսման նկատառումներից,
5. ճանաչել երիտասարդ աշխատողների և աշակերտների` արդար աշխատավարձի կամ այլ համապատասխան նպաստների իրավունքը,
6. ապահովել, որ սովորական աշխատաժամանակի ընթացքում գործատուի համաձայնությամբ մասնագիտական ուսման համար երիտասարդների ծախսած ժամանակը համարվի որպես աշխատանքային օրվա բաղկացուցիչ մաս,
7. ապահովել, որ 18 տարեկանից ցածր աշխատող անձինք տարեկան նվազագույնը չորսշաբաթյա վճարովի արձակուրդի իրավունք ունենան,
8. ապահովել, որ 18 տարեկանից ցածր աշխատող անձինք չկատարեն գիշերային աշխատանք, բացառությամբ ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված որոշակի աշխատանքների,
9. ապահովել, որ ազգային օրենքներով կամ կանոնակարգերով նախատեսված աշխատանքով զբաղված 18 տարեկանից ցածր տարիքի աշխատող անձինք ենթարկվեն կանոնավոր բժշկական ստուգումների,
10. երաշխավորել հատուկ պաշտպանություն ֆիզիկական և բարոյական վտանգներից, որոնց ենթակա են երեխաները և երիտասարդները և, մասնավորապես, նրանց աշխատանքից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծագող վտանգների դեմ:
Հոդված 8. |
Աշխատող կանանց մայրության պաշտպանվածության իրավունքը |
Աշխատող կանանց մայրության պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. աշխատող կանանց ապահովել առնվազն մինչև տասնչորսշաբաթյա արձակուրդով երեխայի ծննդից առաջ և հետո` միասին վերցրած` վարձատրվող արձակուրդի, սոցիալական ապահովության համապատասխան նպաստների կամ հասարակական ֆոնդերից ստացվող նպաստների հիման վրա,
2. համարել անօրինական գործատուի՝ կնոջը աշխատանքից ազատման ծանուցում տալը այն ժամանակաշրջանից սկսած, երբ կինը ծանուցում է իր գործատուին իր հղիության մասին, մինչև նրա մայրությանը հատկացված արձակուրդի վերջը, կամ` նրան աշխատանքից ազատման ծանուցում տալը այնպիսի ժամանակ, որ ծանուցման ժամկետը կվերջանա վերոնշյալ ժամանակաշրջանում,
3. ապահովել, որ իրենց երեխաներին կերակրող մայրերը այդ նպատակով բավարար չափով լրացուցիչ ժամանակի իրավունք ունենան,
4. կանոնակարգել գիշերային ժամերին աշխատող հղի, նոր ծննդաբերած կանանց կամ իրենց երեխաներին կերակրող կանանց աշխատանքը,
5. արգելել ստորերկրյա հանքային արդյունաբերությունում՝ վտանգավորության, առողջության վնասակարության կամ դժվար բնույթի պատճառով անհամապատասխան ցանկացած այլ աշխատանքում հղի կանանց, նոր ծննդաբերած կամ իրենց երեխաներին կերակրող կանանց աշխատանքը, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ կանանց աշխատանքի իրավունքները պաշտպանելու համար:
Հոդված 9. |
Մասնագիտական ուղղվածության իրավունքը |
Մասնագիտական ուղղվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ապահովել կամ, անհրաժեշտության դեպքում, խթանել որևէ ծառայություն, որը կօժանդակի բոլոր անձանց, ներառյալ հաշմանդամները, մասնագիտական ընտրության և առաջընթացի հետ կապված խնդիրների լուծման հարցում. ընդ որում՝ հաշվի առնելով անհատի առանձնահատկությունները և մասնագիտական հնարավորության հետ դրանց կապը: Այս օժանդակությունը երիտասարդներին, ներառյալ դպրոցականները, և մեծահասակներին պետք է ցուցաբերվի անվճար:
Հոդված 10. |
Մասնագիտական ուսման իրավունքը |
Մասնագիտական ուսման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. ապահովել կամ, անհրաժեշտության դեպքում, նպաստել բոլոր անձանց, ներառյալ հաշմանդամները, տեխնիկական և մասնագիտական ուսմանը` խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, և հնարավորություններ ընձեռել բարձրագույն տեխնիկական և համալսարանական կրթություն ստանալու համար` հիմնվելով միայն անհատական ընդունակությունների վրա,
2. ապահովել կամ խթանել աշակերտության համակարգը և այլ համապատասխան միջոցառումները` իրենց տարբեր աշխատանքներում երիտասարդ տղաների և աղջիկների ուսուցման համար,
3. անհրաժեշտության դեպքում ապահովել կամ խթանել՝
ա) չափահաս աշխատողների համար համապատասխան և բավականին մատչելի ուսման հնարավորություններ,
բ) տեխնոլոգիական զարգացման կամ աշխատանքում նոր ուղղությունների առաջացման արդյունքում չափահաս աշխատողների վերուսուցման համար հատուկ հնարավորություններ,
4. ապահովել կամ, անհրաժեշտության դեպքում, խթանել հատուկ միջոցների ձեռնարկումը երկարաժամկետ գործազուրկների վերուսուցման և վերամիավորման համար,
5. խրախուսել համապատասխան միջոցներով նախատեսված հնարավորությունների ամբողջական օգտագործումը, ինչպիսիք են`
ա) բոլոր վճարների կամ վճարումների կրճատումը կամ վերացումը,
բ) համապատասխան դեպքերում ֆինանսական օգնություն ցույց տալը,
գ) գործատուի խնդրանքով` աշխատողի կողմից աշխատանքի ընթացքում լրացուցիչ ուսման համար ծախսված ժամանակը սովորական աշխատաժամերի մեջ ներառելը,
դ) համապատասխան վերահսկողության միջոցով, խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, երաշխավորել երիտասարդ աշխատողների համար արդյունավետ աշակերտության և ուսման այլ միջոցների արդյունավետությունը և, ընդհանուր առմամբ, երիտասարդ աշխատողների համապատասխան պաշտպանվածությունը:
Հոդված 11. |
Առողջության պաշտպանվածության իրավունքը |
Առողջության պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ուղղակիորեն կամ պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցելով, ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք, inter alia, ուղղված կլինեն`
1. հնարավորին չափ վերացնելու վատառողջության պատճառները,
2. ապահովելու խորհրդատվական և կրթական հնարավորություններ` առողջությանը նպաստելու և առողջության հարցերում անհատի պատասխանատվությունը խրախուսելու նպատակով,
3. հնարավորին չափ կանխելու համաճարակային, տեղական (էնդեմիկ) և այլ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները:
Հոդված 12. |
Սոցիալական ապահովության իրավունքը |
Սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. հաստատել սոցիալական ապահովության համակարգ կամ այն պահպանել,
2. բավարար մակարդակով պահպանել սոցիալական ապահովության համակարգ, որը առնվազն հավասար կլինի Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի վավերացման համար անհրաժեշտ համակարգին,
3. փորձել սոցիալական ապահովության համակարգը աստիճանաբար բարձրացնել ավելի բարձր մակարդակի,
4. երկկողմ և բազմակողմ համապատասխան համաձայնագրեր ստորագրելով կամ այլ միջոցներով և, համաձայն այդպիսի համաձայնագրերում նշված պայմանների, ձեռնարկել միջոցներ` երաշխավորելու համար`
ա) հավասար վերաբերմունք իրենց սեփական երկրի քաղաքացիների և մյուս Կողմերի քաղաքացիների նկատմամբ սոցիալական ապահովության իրավունքների առնչությամբ՝ ներառյալ սոցիալական ապահովության օրենսդրությունից բխող նպաստների պահումները` անկախ նրանից, թե ինչ տեղաշարժեր կարող են պաշտպանյալ անձինք ձեռնարկել Կողմերի տարածքների միջև,
բ) սոցիալական ապահովության իրավունքների շնորհում, պահպանում և վերականգնում այնպիսի միջոցներով, ինչպիսիք են ապահովագրական գումարների կուտակումը կամ Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն կատարված աշխատանքային ժամանակահատվածները:
Հոդված 13. |
Բժշկական և սոցիալական օգնության իրավունքը |
Սոցիալական և բժշկական օգնության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. երաշխավորել, որ ցանկացած անձի, որը չունի համապատասխան ռեսուրսներ և ի վիճակի չէ ապահովելու նման ռեսուրսներ իր սեփական ջանքերով կամ այլ աղբյուրներից, մասնավորապես` սոցիալական ապահովության ծրագրով տրվող նպաստներով, կցուցաբերվի համապատասխան օգնություն, իսկ հիվանդության դեպքում՝ նրա վիճակով պայմանավորված խնամք,
2. երաշխավորել, որ նման օգնություն ստացող անձինք այդ պատճառով իրենց քաղաքական կամ սոցիալական իրավունքների նվազման արդյունքում չտառապեն,
3. ապահովել, որ յուրաքանչյուր ոք համապատասխան պետական կամ մասնավոր ծառայությունների միոցով կարողանա ստանալ այնպիսի խորհուրդ կամ անձնական օգնություն, ինչը կարող է պահանջվել անձնական կամ ընտանեկան հոգսերի կանխման, վերացման կամ թեթևացման համար,
4. կիրառել սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները հավասարապես իրենց քաղաքացիների, իրենց տարածքներում օրինականորեն բնակվող մյուս Կողմերի քաղաքացիների նկատմամբ` համաձայն 1953 թվականի դեկտեմբերի 11-ին Փարիզում ստորագրված` Սոցիալական և բժշկական օգնության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների:
Հոդված 14. |
Սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու իրավունքը |
Սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. ապահովել կամ խթանել այն ծառայությունները, որոնք սոցիալական աշխատանքի մեթոդների օգտագործմամբ կնպաստեն հանրության մեջ անհատների կամ խմբերի ապահովությանն ու զարգացմանը, ինչպես նաև սոցիալական միջավայրին նրանց հարմարեցմանը,
2. խրախուսել անհատների և կամավորների կամ այլ կազմակերպությունների մասնակցությունը նման ծառայությունների ստեղծման և պահպանման գործին:
Հոդված 15. |
Հաշմանդամների անկախության, սոցիալական ինտեգրման և համայնքի կյանքում մասնակցության իրավունքը |
Հաշմանդամների անկախության, սոցիալական ինտեգրման և հասարակական կյանքում մասնակցության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով, անկախ տարիքից, նրանց հաշմանդամության առաջացման պատճառներից և բնույթից, Կողմերը պարտավորվում են, մասնավորապես ՝
1. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ընդհանուր ծրագրերի շրջանակում հաշմանդամներին, հնարավորության սահմաններում, կամ, եթե հնարավոր չէ, մասնավոր և պետական մասնագիտացված մարմինների միջոցով, ուղղվածությամբ, կրթությամբ և մասնագիտական ուսմամբ ապահովելու համար,
2. նպաստել նրանց աշխատանքի տեղավորմանը բոլոր միջոցներով, որոնք ուղղված կլինեն խրախուսելու գործատուներին վարձելու և աշխատեցնելու, հաշմանդամներին աշխատանքային սովորական միջավայրում և հարմարեցնելու աշխատանքային պայմանները հաշմանդամների կարիքներին կամ, եթե դա հնարավոր չէ հաշմանդամության պատճառով. ապա, հաշմանդամության մակարդակի համաձայն՝ մշակել կամ ստեղծել պաշտպանված աշխատանքային պայմաններ: Առանձնահատուկ դեպքերում նման միջոցառումների համար կարելի է դիմել մասնագիտացված կամ օժանդակող ծառայությունների օգնությանը,
3. ապահովել նրանց լրիվ սոցիալական ինտեգրումը և համայնքի կյանքում մասնակցությունը այնպիսի միջոցներով, ներառյալ տեխնիկական օգնությունը, որոնք նպատակաուղղված են հաղթահարելու հաղորդակցության և շարժունակության արգելքները և հնարավորություն տալու մատչելի դարձնել տրանսպորտը, բնակատեղին, մշակության գործունեությունները և ազատ ժամանցը:
Հոդված 16. |
Ընտանիքի սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունքը |
Հասարակության հիմնական միավոր հանդիսացող ընտանիքի ամբողջական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են նպաստել ընտանեկան կյանքի տնտեսական, իրավական և սոցիալական պաշտպանվածությանը այնպիսի միջոցներով, ինչպիսիք են սոցիալական և ընտանեկան նպաստները, ֆիսկալ միջոցառումները, ընտանեկան կացարանի տրամադրումը, նորապսակներին նպաստների հատկացումը և այլ համապատասխան միջոցները:
Հոդված 17. |
Երեխաների և երիտասարդների սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունքը |
Երեխաների և երիտասարդների` նրանց անձնավորությունը և ֆիզիկական ու մտավոր ընդունակությունների ամբողջական զարգացումը խրախուսող միջավայրի ստեղծման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ուղղակիորեն կամ, համագործակցելով պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, ձեռնարկել բոլոր համապատասխան և անհրաժեշտ միջոցները, որոնք ուղղված կլինեն՝
1. ա) երաշխավորելու, որ երեխաները և երիտասարդները, հաշվի առնելով նրանց ծնողների իրավունքները և պարտականությունները, ունենան իրենց համար անհրաժեշտ խնամքի, օգնության, կրթության և ուսման իրավունք, մասնավորապես` ապահովելով այս նպատակի համար բավարար և համապատասխան հաստատությունների և ծառայությունների ստեղծումը կամ պահպանումը,
բ) պաշտպանելու երեխաներին և երիտասարդներին արհամարհանքից, բռնությունից կամ շահագործումից,
գ) ապահովելու պետական հատուկ պաշտպանություն և օգնություն ժամանակավորապես կամ մշտապես ընտանեկան աջակցությունից զրկված երեխաների և երիտասարդների համար,
2. ապահովելու երեխաների և երիտասարդների` տարրական և միջնակարգ դպրոցներում անվճար կրթությունը, ինչպես նաև խրախուսելու դպրոցներ կանոնավոր հաճախելը:
Հոդված 18. |
Մյուս Կողմերի տարածքներում վճարովի աշխատանքով զբաղվելու իրավունքը |
Մյուս Կողմերի տարածքներում շահավետ աշխատանքով զբաղվելու իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. կիրառել գործող կանոնակարգերը ազատական ոգով,
2. պարզեցնել գործող ձևականությունները և կրճատել կամ վերացնել օտարերկրյա աշխատողներից կամ նրանց գործատուներից գանձվող պետական տուրքերը և այլ վճարումները,
3. անհատական կամ կոլեկտիվ հիմունքով ազատականացնել օտարերկրյա աշխատողների աշխատանքը կարգավորող կանոնակարգերը,
և ճանաչել՝
4. երկիրը թողնելու իրենց քաղաքացիների իրավունքը՝ մյուս Կողմերի տարածքներում շահավետ աշխատանքով զբաղվելու համար:
Հոդված 19. |
Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքը |
Ցանկացած մյուս Կողմի տարածքում միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. պահել կամ համոզվել, որ կան համապատասխան և անվճար ծառայություններ նման աշխատողներին օգնություն ցուցաբերելու, հատկապես, ճշգրիտ տեղեկատվություն ձեռք բերելու համար և ձեռնարկել ազգային օրենքներով ու կանոնակարգերով թույլատրելի բոլոր համապատասխան քայլերը արտագաղթին և ներգաղթին վերաբերող ապակողմնորոշիչ պրոպագանդայի դեմ,
2. իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք կհեշտացնեն նման աշխատողների և նրանց ընտանիքների մեկնումը, ուղևորությունը և դիմավորումը, և իրենց իրավասության սահմաններում ապահովել համապատասխան ծառայություններ` ուղևորության ընթացքում առողջության, բժշկական խնամքի և հիգիենիկ բավարար պայմանների ապահովման նպատակով,
3. անհրաժեշտության դեպքում խթանել պետական և մասնավոր սոցիալական ծառայությունների համագործակցությունը ներգաղթման և արտագաղթման երկրներում,
4. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերաբերմունքն է հետևյալ հարցերի կապակցությամբ՝ այնքանով, որքանով տվյալ հարցերը կարգավորվում են օրենքով կամ կանոնակարգերով կամ ենթակա են վարչական մարմինների վերահսկողությանը.
ա. վարձատրությունը և աշխատանքի վերցնելու և աշխատանքային այլ պայմանները,
բ. արհմիություններին անդամակցությունը և կոլեկտիվ գործարքներից ստացվող եկամուտներից օգտվելը,
գ. բնակատեղը,
5. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերաբերմունքն է աշխատանքային հարկերի, աշխատող անձանց կողմից վճարվող տուրքերի կամ վճարումների առնչությամբ,
6. հնարավորին չափ դյուրացնել այդ տարածքում հաստատվելու թույլտվություն ստացած օտարերկրյա աշխատողի ընտանիքի վերամիավորումը,
7. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերաբերմունքն է` սույն հոդվածում նշված հարցերին վերաբերող իրավական վարույթների առնչությամբ,
8. ապահովել, որ իրենց տարածքներում օրինականորեն բնակվող այսպիսի աշխատողները չարտաքսվեն, եթե նրանք չեն վտանգում երկրի ազգային անվտանգությունը կամ չեն կատարում հասարակական շահերին կամ բարոյականությանը հակասող հանցագործություններ,
9. օրենքով հաստատված սահմաններում թույլատրել այդպիսի աշխատողների վաստակած գումարների և տնտեսումների որևէ մասի փոխանցումը՝ իրենց ցանկությամբ,
10. տարածել սույն հոդվածով նախատեսված պաշտպանությունը և աջակցությունը ինքնուրույն աշխատող միգրանտների վրա այնքանով, որքանով կիրառվում են նման միջոցառումները,
11. նպաստել և դյուրացնել ընդունող պետության ազգային լեզվի կամ, եթե դրանք մի քանիսն են, այդ լեզուներից մեկի ուսուցումը միգրանտ աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին,
12. իրագործելիության սահմաններում նպաստել և դյուրացնել միգրանտ աշխատողի երեխաներին միգրանտ աշխատողի մայրենի լեզվի ուսուցումը:
Հոդված 20. |
Առանց սեռական խտրականության՝ աշխատանքի և մասնագիտական հարցերում հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունքը |
Առանց սեռական խտրականության՝ աշխատանքի և մասնագիտական հարցերում հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել այդ իրավունքը և համապատասխան միջոցներ ձեռնարկել` ապահովելու կամ խթանելու դրա կիրառումը հետևյալ ոլորտներում՝
ա) աշխատանքի մատչելիությունը, աշխատանքի ազատումից և մասնագիտական վերամիավորումից պաշտպանվածությունը,
բ) մասնագիտական ուղղվածությունը, ուսուցումը, վերուսուցումը և վերականգնումը,
գ) զբաղվածության և աշխատանքային պայմանները՝ ներառյալ վարձատրությունը,
դ) աշխատանքային զարգացումը՝ ներառյալ պաշտոնեական առաջխաղացումը:
Հոդված 21. |
Տեղեկատվության և խորհրդատվության իրավունքը |
Ձեռնարկության շրջանակներում աշխատողների տեղեկացված և խորհրդակցված լինելու իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ազգային օրենսդրության համաձայն և գործնականորեն, ընդունել կամ խրախուսել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան աշխատողներին կամ նրանց ներկայացուցիչներին`
ա) կանոնավոր կերպով կամ համապատասխան ժամանակ և հասկանալի ձևով տեղյակ լինել այն ձեռնարկության, որտեղ նրանք աշխատում են, տնտեսական և ֆինանսական վիճակին` հասկանալով, որ որոշակի տեղեկատվության տրամադրումը, որը կարող է վնասակար լինել ձեռնարկությանը, կարող է մերժվել, կամ այդ տեղեկատվությունը ենթակա է գաղտնիության պահանջին,
բ) ժամանակին խորհրդակցություն ստանալ այն առաջարկվող որոշումների վերաբերյալ, որոնք կարող են էականորեն ազդել աշխատողների շահերի վրա, մասնավորապես, այն որոշումների վերաբերյալ, որոնք կարող են կարևոր ազդեցություն ունենալ ձեռնարկությունում աշխատանքային վիճակի վրա:
Հոդված 22. |
Աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի սահմանմանը և բարելավմանը մասնակցելու իրավունքը |
Աշխատողների՝ աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի սահմանմանը և բարելավմանը մասնակցելու իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ազգային օրենսդրության համաձայն և գործնականորեն, ընդունել կամ խրախուսել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան աշխատողներին կամ նրանց ներկայացուցիչներին՝ աջակցելու.
ա) աշխատանքային պայմանների, աշխատանքի կազմակերպման և աշխատանքային միջավայրի սահմանմանը և բարելավմանը,
բ) ձեռնարկության շրջանակներում առողջության և անվտանգության պաշտպանությանը,
գ) ձեռնարկության շրջանակներում սոցիալական և սոցիալ-մշակութային ծառայությունների և մեխանիզմների կազմակերպմանը,
դ) նշված հարցերի վերաբերյալ կանոնակարգերի պահպանման նկատմամբ վերահսկողությանը:
Հոդված 23. |
Տարեց մարդկանց սոցիալական պաշտպանվածության իրավունքը |
Տարեց մարդկանց սոցիալական պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ուղղակիորեն կամ պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցելով, ընդունել կամ խրախուսել համապատասխան միջոցառումներ, որոնք մասնավորապես ուղղված են`
- հնարավորություն տալ տարեց մարդկանց հնարավորին չափ երկար մնալու որպես հասարակության լիարժեք անդամներ` հետևյալ միջոցներով.
ա) համապատասխան ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան նրանց վարելու վայելուչ կյանք և ակտիվ դեր խաղալու հասարակական, սոցիալական և մշակութային կյանքում,
բ) տարեց մարդկանց համար մատչելի ծառայությունների ու մեխանիզմների և դրանցից օգտվելու հնարավորությունների մասին տեղեկատվության տրամադրում,
- հնարավորություն տալ տարեց մարդկանց` ազատորեն ընտրելու իրենց կենսակերպը և վարելու անկախ կյանք իրենց հոգեհարազատ միջավայրում այնքան, ինչքան նրանք ցանկանում են և ի վիճակի են, հետևյալ միջոցներով.
ա) նրանց կարիքներին և առողջական վիճակին հարմար բնակավայրի կամ նրանց բնակավայրում հարմարեցման նպատակով համապատասխան օժանդակության տրամադրում,
բ) նրանց վիճակով պայմանավորված` առողջական խնամք և ծառայություններ,
- երաշխավորել համապատասխան աջակցություն հաստատություններում բնակվող տարեց մարդկանց, հարգելով նրանց մենությունը, և մասնակցություն հաստատությունում կյանքի պայմանների վերաբերյալ որոշումների ընդունմանը:
Հոդված 24. |
Աշխատանքից ազատելու դեպքերում պաշտպանվածության իրավունքը |
Աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝
ա) բոլոր աշխատողների ային իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա,
բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:
Այս նպատակով Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ աշխատողը, որը պնդում է իրեն աշխատանքից ազատելու անհիմն լինելը, իրավունք կունենա բողոքարկելու որևէ անկողմնակալ մարմնի:
Հոդված 25. |
Իրենց գործատուի անվճարունակության դեպքում իրենց հայցերի պաշտպանվածության՝ աշխատողների իրավունքը |
Իրենց գործատուի անվճարունակության դեպքում իրենց հայցերի պաշտպանվածության՝ աշխատողների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ապահովել, որ աշխատանքային պայմանագրերից կամ աշխատանքային հարաբերություններից բխող աշխատողների հայցերը երաշխավորված լինեն որևէ երաշխավորող հաստատությունով կամ պաշտպանվածության ցանկացած այլ արդյունավետ ձևով:
Հոդված 26. |
Աշխատանքում արժանապատվության իրավունքը |
Աշխատանքում բոլոր աշխատողների արժանապատվության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը, խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, պարտավորվում են՝
1. նպաստել իրազեկությանը, տեղեկացվածությանը և աշխատատեղում կամ աշխատանքի հետ կապված` սեռական հետապնդման կանխմանը և ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները նման վարքից աշխատողներին պաշտպանելու նպատակով,
2. նպաստել իրազեկությանը, տեղեկացվածությանը և աշխատատեղում կամ աշխատանքի հետ կապված` անհատ աշխատողների նկատմամբ ուղղված՝ կրկնվող ու պարսավելի կամ ակնհայտորեն բացասական և վիրավորական գործողությունների կանխմանը և ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները նման վարքից աշխատողներին պաշտպանելու նպատակով:
Հոդված 27. |
Ընտանեկան պարտավորություններով աշխատողների հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունքը |
Ընտանեկան պարտավորություններով տղամարդկանց և կանանց համար, ինչպես նաև նման աշխատողների և այլ աշխատողների միջև հնարավորության և վերաբերմունքի հավասարության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. համապատասխան միջոցներ ձեռնարկել`
ա) հնարավորություն տալու ընտանեկան պարտավորություններով աշխատողներին` ընդունվելու աշխատանքի և մնալու աշխատանքում, ինչպես նաև վերադառնալ աշխատանքի ընտանեկան պարտավորությունների կատարման հետևանքով բացակայությունից հետո, ներառյալ միջոցառումները մասնագիտական ուղղվածության և ուսուցման բնագավառում,
բ) հաշվի առնելու իրենց կարիքները աշխատանքի պայմանների և սոցիալական ապահովության շրջանակներում,
գ) մշակել կամ ապահովել պետական կամ մասնավոր ծառայություններ, մասնավորապես` ցերեկային ժամերին երեխաների խնամքի ծառայություններ կամ երեխաների խնամքի համար այլ միջոցառումներ,
2. մայրության արձակուրդից հետո ընկած ժամանակաշրջանում երեխայի խնամքի համար ծնողներից մեկին ապահովել արձակուրդ ստանալու հնարավորությամբ. ընդ որում, արձակուրդի տևողությունը և պայմանները պետք է որոշվեն ազգային օրենսդրությամբ, կոլեկտիվ համաձայնագրերով կամ գործնականորեն,
3. ապահովել, որ ընտանեկան պարտավորությունները, որպես այդպիսին, հիմնավորված պատճառ չհանդիսանան աշխատանքի դադարեցման համար:
Հոդված 28. |
Ձեռնարկությունում և նրանց տրամադրվելիք մեխանիզմներում աշխատողների ներկայացուցիչների պաշտպանվածության իրավունքը |
Աշխատողների ներկայացուցիչների գործառույթների իրականացման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ ձեռնարկությունում՝
ա) նրանք կօգտվեն հուսալի պաշտպանությունից իրենց վնասող գործողություններից, ներառյալ ձեռնարկությունում որպես աշխատողների ներկայացուցիչներ նրանց կարգավիճակի կամ գործունեությունների համար աշխատանքից ազատումը,
բ) նրանց կտրվեն այնպիսի հնարավորություններ, որոնք կարող են հնարավորության տալ նրանց արագ և արդյունավետ ձևով իրականացնելու իրենց գործառույթները` հաշվի առնելով երկրի արդյունաբերական հարաբերությունների համակարգը և համապատասխան ձեռնարկության կարիքները, ծավալները և հնարավորությունները:
Հոդված 29. |
Աշխատանքից կոլեկտիվ ազատման ընթացակարգերում տեղեկատվության և խորհրդատվության իրավունքը |
Աշխատանքից կոլեկտիվ ազատման իրավիճակներում տեղեկացված և խորհրդակցված լինելու աշխատողների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ գործատուները, նախքան կոլեկտիվ աշխատանքից ազատումը, պետք է նորմալ ժամանակ տեղեկացնեն աշխատողների ներկայացուցիչներին և խորհրդակցեն նրանց հետ կոլեկտիվ աշխատանքի ազատումներից խուսափելու կամ դրանք կրճատելու և դրանց հետևանքները մեղմացնելու ուղիների և միջոցների վերաբերյալ, օրինակ` անդրադառնալով հարակից սոցիալական միջոցառումներին, որոնք, մասնավորապես, նպատակ ունեն օգնելու տվյալ աշխատողներին այլ աշխատանքում տեղավորմանը կամ վերուսուցմանը:
Հոդված 30. |
Աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունքը |
Աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
ա) համընդհանուր և համակարգված մոտեցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել` աջակցելու սոցիալական անարդարության կամ աղքատության վիճակում կամ այդ վտանգի մեջ ապրող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքներին, մասնավորապես, աշխատանքի տեղավորման, բնակավայրի, ուսուցման, կրթության, մշակութային, սոցիալական և բժշկական օգնության արդյունավետ հնարավորության նպատակով,
բ) անհրաժեշտության դեպքում վերանայել այս միջոցառումները` նրանց հարմարեցման նպատակով:
Հոդված 31. |
Բնակարանի իրավունքը |
Բնակարանի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն՝
1. նպաստելու համապատասխան ստանդարտի բնակարանի մատչելիությանը,
2. կանխելու և կրճատելու անօթևանությունը` նպատակ ունենալով դրա աստիճանական վերացումը,
3. բնակարանի գները մատչելի դարձնել համապատասխան ռեսուրսներ չունեցողների համար:
Մ ա ս 3
Հոդված Ա. |
Պարտավորություններ |
1. Ներքոնշյալ «բ» հոդվածի դրույթների համաձայն` Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է՝
ա) սույն Խարտիայի 1-ին Մասը դիտել որպես այն նպատակների հայտարարագիր, որոնց նա պետք է հետամուտ լինի այդ Մասի ներածական պարբերությունում նշված բոլոր համապատասխան միջոցներով,
բ) իրեն պարտավորված համարել սույն Խարտիայի 2-րդ Մասի հետևյալ ինը հոդվածներից առնվազն վեցով. հոդվածներ 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 19-րդ և 20-րդ,
գ) իր ընտրությամբ իրեն պարտավորված համարել Խարտիայի 2-րդ Մասի հոդվածների կամ համարակալված կետերի լրացուցիչ քանակով` պայմանով, որ այդ հոդվածների կամ համարակալված կետերի ընդհանուր թիվը, որոնցով նա պարտավորվում է, լինի ոչ պակաս տասնվեց հոդվածից կամ ոչ պակաս վաթսուներեք համարակալված կետից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն ընտրված հոդվածների կամ կետերի մասին պետք է ծանուցվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ:
3. Կողմերից յուրաքանչյուրը Գլխավոր քարտուղարին ավելի ուշ հասցեագրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ իրեն պարտավորված է համարում սույն հոդվածի 1-ին կետի պայմանների համաձայն դեռևս չընդունված՝ Խարտիայի 2-րդ Մասի ցանկացած հոդվածով կամ համարակալված կետով: Հետագայում տրված նման պարտավորությունները պետք է համարվեն վավերացման, ընդունման կամ հաստատման անբաժանելի մասը և ծանուցումից հետո մեկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից կունենան միևնույն ուժը:
4. Յուրաքանչյուր Կողմ, ազգային պայմաններին համապատասխան, պետք է պահի աշխատանքային վերահսկողության համակարգ:
Հոդված Բ. |
Եվրոպական սոցիալական խարտիայի 1988 թվականի Լրացուցիչ արձանագրության կապը |
1. Եվրոպական սոցիալական խարտիայի Պայմանավորվող կողմերից ոչ մեկը կամ 1988 թվականի մայիսի 5-ի Լրացուցիչ արձանագրության որևէ Կողմ չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Խարտիան առանց իրեն պարտավորված համարելու առնվազն Եվրոպական սոցիալական խարտիայի և, անհրաժեշտության դեպքում, նաև Լրացուցիչ արձանագրության, որով նա պարտավորություններ ունի, դրույթներին համապատասխանող դրույթներով:
2. Սույն Խարտիայի ցանկացած դրույթից բխող պարտավորությունների ընդունումը շահագրգիռ Կողմի համար, այդ պարտավորությունների ուժի մեջ մտնելու ժամկետից սկսած, կհանգեցնի նրան, որ Եվրոպական սոցիալական խարտիայի և, անհրաժեշտության դեպքում, նրա 1988 թվականի Լրացուցիչ արձանագրության համապատասխան դրույթը կդադարի կիրառվել շահագրգիռ Կողմի նկատմամբ այն դեպքում, եթե այդ Կողմը պարտավորված լինի այն փաստաթղթերից առաջինով կամ երկու փաստաթղթով էլ:
Մ ա ս 4
Հոդված Գ. |
Սույն Խարտիայում առկա պարտավորությունների իրականացման վերահսկողությունը |
Սույն Խարտիայում առկա իրավական պարտավորությունների իրականացումը պետք է ներկայացվի նույն վերահսկողությանը, ինչ Եվրոպական սոցիալական խարտիան:
Հոդված Դ. |
Կոլեկտիվ բողոքներ |
1. Կոլեկտիվ բողոքների համակարգ նախատեսող Եվրոպական սոցիալական խարտիայի Լրացուցիչ արձանագրության դրույթները պետք է կիրառվեն այն պարտավորությունների նկատմամբ, որոնք տրված են սույն Խարտիայում նշված արձանագրությունը վավերացրած պետությունների համար:
2. Ցանկացած պետություն, որը պարտավորված չէ կոլեկտիվ բողոքների համակարգ նախատեսող Եվրոպական սոցիալական խարտիայի Լրացուցիչ արձանագրությամբ, կարող է սույն Խարտիայի վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթուղթը ի պահ տալու կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ հայտարարել, որ ինքը ընդունում է սույն Խարտիայի համաձայն իր պարտավորությունների վերահսկողությունը` հետևելով վերոհիշյալ Արձանագրության մեջ նշված ընթացակարգին:
Մ ա ս 5
Հոդված Ե. |
Անխտրականություն |
Սույն Խարտիայում նշված իրավունքներից օգտվելը պետք է երաշխավորվի առանց խտրականության որևէ հիմքի, ինչպիսիք են ռասան, գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ կարծիքը, ազգային կամ սոցիալական ծագումը, առողջությունը, ազգային փոքրամասնությանը միացումը, ծնունդը կամ այլ կարգավիճակը:
Հոդված Զ. |
Պատերազմի կամ հասարակական արտակարգ իրավիճակների ժամանակ իրավունքների սահմանափակումը |
1. Ազգի գոյությանը սպառնացող պատերազմի կամ այլ հասարակական արտակարգ իրավիճակների ժամանակ Կողմերից յուրաքանչյուրը կարող է ձեռնարկել սույն Խարտիայով իր պարտավորությունները սահմանափակող միջոցառումներ այն չափով, որը ուղղակիորեն պահանջվում է իրավիճակի սրությունից` պայմանով, որ նման միջոցառումները չեն հակասի միջազգային օրենսդրությամբ ստանձնած նրա այլ պարտավորություններին:
2. Սահմանափակման այս իրավունքն օգտագործած ցանկացած Կողմ պետք է խոհեմ ժամկետում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ տեղյակ պահի ձեռնարկված միջոցառումների և դրանց պատճառների մասին: Նմանապես, նա պետք է Գլխավոր քարտուղարին տեղյակ պահի նման միջոցառումների դադարեցման և իր կողմից ընդունված Խարտիայի դրույթների` ամբողջությամբ նորից գործելու մասին:
Հոդված Է. |
Սահմանափակումներ |
1. 1-ին Մասում շարադրված և արդյունավետ իրականացվող իրավունքները և սկզբունքները չպետք է ենթարկվեն որևէ սահմանափակման կամ սահմանափակության, որոնք նշված չեն այս Մասերում, բացառությամբ նրանց, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության և հասարակական շահերի, ազգային անվտանգության, հասարակության առողջության և բարոյականության պաշտպանության համար:
2. Սույն Խարտիայում շարադրված իրավունքների և պարտավորությունների նկատմամբ սույն Խարտիայով թույլատրելի սահմանափակումները չպետք է կիրառվեն նրանց համար չամրագրված որևէ նպատակի համար:
Հոդված Ը. |
Խարտիայի առնչությունը ներպետական օրենսդրությանը կամ միջազգային համաձայնագրերին |
Սույն Խարտիայի դրույթները չպետք է վնասեն ներպետական օրենսդրության կամ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ պայմանագրի, կոնվենցիայի կամ համաձայնագրի դրույթների, որոնք ուժի մեջ են կամ կարող են ուժի մեջ մտնել, համաձայն որոնց՝ ավելի բարենպաստ վերաբերմունք կտրամադրվի պաշտպանված անձանց:
Հոդված Թ. |
Տրված պարտավորությունների կատարումը |
1. Առանց վնասելու սույն հոդվածներով նախատեսված կատարման մեթոդները, սույն Խարտիայի 2-րդ Մասի 1-ինից 31-րդ հոդվածների համապատասխան դրույթները պետք է կատարվեն՝
ա) օրենքներով կամ կանոնակարգերով,
բ) գործատուների կամ գործատուների կազմակերպությունների և աշխատողների կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով,
գ) այդ երկու մեթոդների համակցմամբ,
դ) այլ համապատասխան միջոցներով:
2. Սույն Խարտիայի 2-րդ Մասի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի, 7-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերի, 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի, 21-րդ և 22-րդ հոդվածների դրույթներից բխող պարտավորությունների կատարումը պետք է արդյունավետ ճանաչվի, եթե դրույթները կիրառվում են համապատասխան աշխատողների բացարձակ մեծամասնության նկատմամբ` սույն հոդվածի 1-ին կետի համաձայն:
Հոդված Ժ. |
Փոփոխություններ |
1. Սույն Խարտիայով երաշխավորված իրավունքների ընլայնման նպատակով սույն Խարտիայի 1-ին և 2-րդ Մասերի ցանկացած փոփոխության, ինչպես նաև 3-ից 6-րդ Մասերի ցանկացած փոփոխության մասին պետք է հաղորդվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվի սույն Խարտիայի Կողմերին:
2. Նախորդ կետի դրույթների համաձայն առաջարկված ցանկացած փոփոխություն պետք է քննարկվի կառավարական կոմիտեի կողմից, որը, Խորհրդարանական ասամբլեայի հետ խորհրդակցելուց հետո, պետք է ընդունված տեքստը ներկայացնի Նախարարների կոմիտեին` հաստատելու համար: Նախարարների կոմիտեի հաստատումից հետո այդ տեքստը պետք է ուղարկվի Կողմերին` ընդունելու համար:
3. Սույն Խարտիայի 1-ին և 2-րդ Մասերի ցանկացած փոփոխություն Խարտիան ընդունած կողմերի նկատմամբ ուժի մեջ կմտնի այն ընդունած երեք Կողմերի կողմից Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հետագայում այն ընդունած ցանկացած Կողմի նկատմամբ փոփոխությունը ուժի մեջ կմտնի այն օրվանից մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ այդ Կողմը կտեղեկացնի Գլխավոր քարտուղարին իր ընդունելու մասին:
4. Սույն Խարտիայի 3-ից 6-րդ Մասերի ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի այն օրվանից մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ բոլոր Կողմերը կտեղեկացնեն լխավոր քարտուղարին իրենց ընդունելու մասին:
Մ ա ս 6
Հոդված ԺԱ. |
Ստորագրումը, վավերացումը և ուժի մեջ մտնելը |
1. Սույն Խարտիան պետք է բաց լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրվելու համար: Այն պետք է ենթակա լինի վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Սույն Խարտիան ուժի մեջ կմտնի այն օրվանից մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի երեք անդամ պետություններ կարտահայտեն իրենց համաձայնությունը նախորդ կետի համաձայն սույն Խարտիայով պարտավորված լինելու մասին:
3. Սույն Խարտիայով պարտավորված լինելու մասին հետագայում իր համաձայնությունն արտահայտած ցանկացած անդամ պետության նկատմամբ այն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ տալուց մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված ԺԲ. |
Տարածքային կիրառում |
1. Սույն Խարտիան պետք է կիրառվի յուրաքանչյուր Կողմի մետրոպոլ տարածքի նկատմամբ: Յուրաքանչյուր ստորագրող Կողմ կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ սահմանել այն տարածքը, որը այս նպատակով կհամարվի մետրոպոլ տարածք:
2. Ցանկացած ստորագրող Կողմ կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ հայտարարել, որ Խարտիան ամբողջությամբ կամ մասնակիորեն կտարածվի վերոնշյալ հայտարարության մեջ նշված ոչ մետրոպոլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ որոնց համար ինքը միջազգային պատասխանատվություն է կրում: Հայտարարության մեջ նա կսահմանի Խարտիայի 2-րդ Մասի այն հոդվածները կամ կետերը, որոնք նա ընդունել է որպես պարտադիր հայտարարության մեջ նշված տարածքների նկատմամբ:
3. Խարտիան կկիրառվի վերոնշյալ հայտարարության մեջ նշված տարածքի կամ տարածքների նկատմամբ նման հայտարարության մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Հետագայում ցանկացած Կողմ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ մեկ կամ ավել տարածքների առնչությամբ, որոնց նկատմամբ Խարտիան կիրառվել է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, ինքը պարտադիր է ընդունում ցանկացած հոդված կամ ցանկացած համարակալված կետ, որոնք ինքը դեռ չի ընդունել նման տարածքի կամ տարածքների առնչությամբ: Հետագայում տրված նման պարտավորությունները պետք է համարվեն համապատասխան տարածքի առնչությամբ կատարված բնօրինակ հայտարարության անբաժանելի մասը և պետք է ունենան միևնույն ուժը նման ծանուցումը լխավոր քարտուղարի ստանալուց մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից:
Հոդված ԺԳ. |
Չեղյալ հայտարարում |
1. Ցանկացած Կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Խարտիան միայն իր նկատմամբ Խարտիայի ուժի մեջ մտնելուց հետո հնգամյա ժամանակաշրջանի ավարտին կամ ցանկացած երկամյա ժամկետի ավարտին և ամեն դեպքում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին վեց ամիս առաջ ծանուցելով, որը, իր հերթին, կտեղեկացնի մյուս Կողմերին:
2. Ցանկացած Կողմ կարող է, նախորդ կետում շարադրված դրույթներին համապատասխան, չեղյալ հայտարարել իր կողմից ընդունված Խարտիայի 2-րդ Մասի ցանկացած հոդված կամ կետ` պայմանով, որ հոդվածների կամ կետերի քանակը, որոնցով պարտավորվում է այդ Կողմը, չպետք է պակաս լինի տասնվեցից՝ առաջինի դեպքում, և վաթսուներեքից` վերջինի դեպքում, և որ հոդվածների կամ կետերի այս քանակը կշարունակի ներառել այն հոդվածները, որոնք ընտրել է Կողմը Ա հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում հատուկ հղում կատարվածներից:
3. Ցանկացած Կողմ կարող է, սույն հոդվածի 1-ին կետում սահմանված պայմանների համաձայն, չեղյալ հայտարարել սույն Խարտիան կամ Խարտիայի 2-րդ Մասի ցանկացած հոդված կամ կետ ցանկացած տարածքի առնչությամբ, որի նկատմամբ կիրառելի է նշված Խարտիան, ԺԲ հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված հայտարարության միջոցով:
Հոդված ԺԴ. |
Առդիր |
Սույն Խարտիայի առդիրը պետք է հանդիսանա նրա անբաժան մասը:
Հոդված ԺԵ. |
Ծանուցումներ |
Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին և Աշխատանքի միջազգային կազմակերպության լխավոր տնօրենին պետք է ծանուցի՝
ա) ցանկացած ստորագրող պետության մասին,
բ) վավերացման, ընդունման կամ հաստատման ցանկացած փաստաթուղթ ի պահ տալու մասին,
գ) ԺԱ հոդվածի համաձայն սույն Խարտիայի ուժի մեջ մտնելու ցանկացած ժամկետի մասին,
դ) Ա հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, Դ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, Զ հոդվածի 2-րդ կետի, ԺԲ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն արված ցանկացած հայտարարության մասին,
ե) Ժ հոդվածի համաձայն արված ցանկացած փոփոխության մասին,
զ) Ժ հոդվածի համաձայն՝ ցանկացած չեղյալ հայտարարման մասին,
է) սույն Խարտիային վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդման մասին:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Վերանայված խարտիան:
Կատարված է 1996 թվականի մայիսի 3-ին, Ստրասբուրգում, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պետք է ի պահ տրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին:
Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի
հավելված
Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի գործունեության բնույթը պաշտպանված անձանց նկատմամբ
1. Առանց վնասելու 12-րդ հոդվածի 4-րդ կետը և 13-րդ հոդվածի 4-րդ կետը, 1-ինից 17-րդ և 20-ից 31-րդ հոդվածներում ընդգրկված անձանց մեջ ներառվում են միայն շահագրգիռ Կողմի տարածքում օրինականորեն բնակվող կամ կանոնավորապես աշխատող մյուս Կողմի քաղաքացիներ հանդիսացող օտարերկրացիները` համաձայն այն ըմբռնման, որ այս հոդվածները պետք է մեկնաբանվեն 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթների լույսի ներքո:
Նման մեկնաբանությունը չի վնասի ցանկացած Կողմի կողմից նույնանման հնարավորությունները այլ անձանց վրա տարածելուն:
2. Յուրաքանչյուր Կողմ, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի հուլիսի 28-ին Ժնևում ստորագրված Կոնվենցիայի և 1967 թվականի հունվարի 31-ի Արձանագրության համաձայն, իր տարածքում օրինականորեն բնակվող փախստականներին կտրամադրի հնարավորին չափ բարենպաստ վերաբերմունք և բոլոր դեպքերում ոչ պակաս բարենպաստ, քան սույն Կոնվենցիայի և այդ փախստականների նկատմամբ կիրառելի ցանկացած այլ գործող միջազգային փաստաթղթի համաձայն Կողմի ստանձնած պարտավորություններով նախատեսված վերաբերմունքն է:
3. Յուրաքանչյուր Կողմ, 1954 թվականի սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ստորագրված «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» Կոնվենցիայի համաձայն, իր տարածքում օրինականորեն բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կտրամադրի հնարավորին չափ բարենպաստ վերաբերմունք և բոլոր դեպքերում ոչ պակաս բարենպաստ, քան նշված փաստաթղթի և քաղաքացիություն չունեցող այդ անձանց նկատմամբ կիրառելի ցանկացած այլ գործող միջազգային փաստաթղթի համաձայն Կողմի ստանձնած պարտավորություններով նախատեսված վերաբերմունքն է:
Մաս 1, կետ 18 և Մաս 2, հոդված 18, կետ 1
Հասկացվում է, որ սույն դրույթները չեն վերաբերում Կողմերի տարածքներ մուտք գործելու հարցին և չեն վնասում 1955 թվականի դեկտեմբերի 13-ին Փարիզում ստորագրված` Հաստատման մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներին:
Մ ա ս 2
Հոդված 1, կետ 2
Սույն կետը չպետք է մեկնաբանվի որևէ միությանը արգելող կամ թույլատրող անվտանգության վերաբերյալ դրույթի կամ պրակտիկայի համար:
Հոդված 2, կետ 6
Կողմերը կարող են ապահովել, որ սույն դրույթը չկիրառվի՝
ա) այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատում են պայմանագրով կամ աշխատանքային հարաբերության մեջ են մեկ ամիսը չգերազանցող ընդհանուր ժամկետով և/կամ 8 ժամը չգերազանցող աշխատանքային շաբաթով,
բ) այն դեպքում, երբ պայմանագիրը կամ աշխատանքային հարաբերությունը պատահական և/կամ հատուկ բնույթ են կրում` պայմանով, որ այս դեպքերում դրա չկիրառումը հիմնավորված է օբյեկտիվ նկատառումներով:
Հոդված 3, կետ 4
Հասկացվում է, որ սույն դրույթի նպատակների համար այս ծառայությունների գործառույթները, կազմակերպումը և գործունեության պայմանները պետք է սահմանվեն ազգային օրենքներով կամ կանոնակարգերով, կոլեկտիվ համաձայնագրերով կամ ազգային պայմաններին համապատասխան այլ միջոցներով:
Հոդված 4, կետ 4
Սույն դրույթը պետք է հասկացվի որպես ցանկացած լուրջ օրինազանցության համար աշխատանքից անմիջապես ազատելուն չարգելող:
Հոդված 4, կետ 5
Հասկացվում է, որ Կողմը կարող է տալ սույն կետով պահանջվող պարտավորություն, եթե աշխատողների բացարձակ մեծամասնությունը չի տուժի աշխատավարձի պահումներից` օրենքով կամ կոլեկտիվ համաձայնագրերով կամ արբիտրաժի որոշումներով, բացառությամբ այն անձանց, որոնց այդ չի վերաբերում:
Հոդված 6, կետ 4
Հասկացվում է, որ յուրաքանչյուր Կողմ իր շահագրգռվածության շրջանակում կարող է կարգավորել օրենքով գործադուլի իրավունքի կիրառումը` պայմանով, որ այդ նույն օրենքով հետագայում այդ իրավունքի ցանկացած սահմանափակում կարող է արդարացվել Է հոդվածի դրույթների համաձայն:
Հոդված 7, կետ 2
Սույն դրույթը չի խանգարում Կողմերին իրենց օրենսդրության մեջ ամրագրել, որ սահմանված նվազագույն տարիքի չհասած երիտասարդները կարող են աշխատել այնքան, որքան անհրաժեշտ է նրանց մասնագիտական ուսման համար, եթե այդ աշխատանքը կատարվում է իրավասու մարմնի կողմից ամրագրված պայմանների համաձայն, և միջոցներ են ձեռք առնվում այս երիտասարդների առողջությունը և անվտանգությունը պաշտպանելու համար:
Հոդված 7, կետ 8
Հասկացվում է, որ Կողմը կարող է սույն կետով պահանջվող պարտավորություն տալ, եթե նա կատարի պարտավորության ոգին` օրենքով սահմանված կարգով ապահովելով, որ տասնութ տարեկանից ցածր երիտասարդների բացարձակ մեծամասնությունը չի աշխատի գիշերային ժամերին:
Հոդված 8, կետ 2
Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես բացարձակ արգելք դնող: Բացառություններ կարող են կատարվել, օրինակ, հետևյալ դեպքերում՝
ա) եթե աշխատող կինը այնպիսի վատ վարքագիծ է դրսևորել, որն արդարացնում է աշխատանքային հարաբերության խզումը,
բ) եթե համապատասխան պարտավորությունը դադարում է գործելուց,
գ) եթե աշխատանքային պայմանագրով ամրագրված ժամկետը լրացել է:
Հոդված 12, կետ 4
Սույն կետի նախաբանում մեջ բերված «և նման համաձայնագրերում նշված պայմանների համաձայն» բառերը նշանակում են, inter alia, որ այն նպաստների կապակցությամբ, որոնք տրվում են որևէ ապահովագրական վճարումից առանձին, ցանկացած Կողմ կարող է պահանջել նկարագրված բնակության ժամանակաշրջանի ավարտում նախքան մյուս Կողմերի քաղաքացիներին վերոնշյալ նպաստների տրամադրումը:
Հոդված 13, կետ 4
Սոցիալական և բժշկական աջակցության եվրոպական կոնվենցիայի Կողմեր չհանդիսացող կառավարությունները կարող են վավերացնել Խարտիան սույն կետի առումով` պայմանով, որ նրանք մյուս Կողմերի քաղաքացիներին կտրամադրեն նշված Կոնվենցիայի դրույթներին համապատասխան վերաբերմունք:
Հոդված 16
Հասկացվում է, որ սույն դրույթով նախատեսված պաշտպանությունը վերաբերում է մեկ ծնող ունեցող ընտանիքներին:
Հոդված 17
Հասկացվում է, որ սույն դրույթը վերաբերում է 18 տարեկանից ցածր բոլոր անձանց, եթե միայն երեխաների նկատմամբ կիրառելի օրենսդրությամբ մեծամասնությունը ձեռք է բերում չափահասություն ավելի վաղ՝ առանց ոտնահարելու սույն Խարտիայի հատուկ այլ դրույթները, մասնավորապես 7-րդ հոդվածը:
Սույն դրույթըը չի ներառում որևէ պարտավորություն` ապահովելու պարտադիր կրթությամբ մինչև վերոնշյալ տարիքը:
Հոդված 19, կետ 6
Սույն դրույթի կիրառման նպատակով «օտարերկրյա աշխատողի ընտանիք» տերմինը նշանակում է՝ առնվազն աշխատողի ամուսինը և չամուսնացած երեխաները` այնքան ժամանակ, որքան վերջիններս ընդունող պետության կողմից համարվում են անչափահաս և գտնվում են միգրանտ աշխատողի խնամքի տակ:
Հոդված 20
1. Հասկացվում է, որ սոցիալական ապահովության հարցերը, ինչպես նաև գործազրկության, ծերության, ընտանիքը կերակրողի կորստի նպաստներին վերաբերող այլ դրույթները կարող են բացառվել սույն հոդվածի գործունեության ոլորտում:
2. Կանանց պաշտպանությանը վերաբերող դրույթները, հատկապես հղիությանը, ծննդաբերությանը և հետծննդաբերական շրջանին վերաբերող դրույթները չպետք է համարվեն խտրական, ինչպես նշված է սույն հոդվածում:
3. Սույն հոդվածը չպետք է խոչընդոտի հատուկ միջոցների ընդունմանը, որոնք ուղղված են de facto անհավասարությունների վերացմանը:
4. Մասնագիտական գործունեությունները, որոնք իրենց բնույթի կամ համատեքստի, որի շրջանակներում դրանք իրականացվում են, պատճառով կարող են վստահվել միայն որևէ կոնկրետ սեռի անձանց, կարող են բացառվել սույն հոդվածի կամ նրա որոշ դրույթների գործունեության ոլորտում: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի այնպես, որը Կողմերից պահանջի օրենքներում կամ կանոնակարգերում ամրագրել այն աշխատանքների ցանկը, որոնք իրենց բնույթի կամ համատեքստի, որի շրջանակներում դրանք իրականացվում են, պատճառով կարող են վերապահվել որևէ կոնկրետ սեռի անձանց:
Հոդվածներ 21 և 22
1. Սույն հոդվածների կիրառման նպատակով «աշխատողների ներկայացուցիչներ» տերմինը նշանակում է` անձինք, որոնք այդպիսին են ճանաչվում ազգային օրենսդրությամբ կամ գործնականորեն:
2. Ի լրումն օրենքների և կանոնակարգերի` «ազգային օրենսդրություն և պրակտիկա» տերմինները ներառում են, կախված հանգամանքներից, կոլեկտիվ համաձայնագրեր, գործատուների և աշխատողների ներկայացուցիչների միջև այլ համաձայնագրեր, սովորույթներ և նախադեպային իրավունք:
3. Սույն հոդվածների կիրառման նպատակով «ձեռնարկություն» տերմինը հասկացվում է որպես նյութական և ոչ նյութական բաղադրատարրերի հավաքածու` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող, որը ձևավորվել է ֆինանսական շահույթի նպատակով ապրանքներ արտադրելու կամ ծառայություններ մատուցելու համար և կարող է որոշել իր շուկայական քաղաքականությունը:
4. Հասկացվում է, որ կրոնական համայնքները և նրանց հաստատությունները կարող են բացառվել սույն հոդվածների կիրառման ոլորտում, եթե անգամ այդ հաստատությունները, 3-րդ կետի համաձայն, հանդիսանում են «ձեռնարկություններ»: Ազգային օրենսդրությամբ պաշտպանված, որոշակի իդեալներով ոգեշնչված կամ որոշակի բարոյական գաղափարներով առաջնորդվող գործունեություններ ծավալող հաստատությունները կարող են բացառվել սույն հոդվածների կիրառման ոլորտում այնքանով, որքանով անհրաժեշտ է ձեռնարկության ուղղվածությունը պաշտպանելու համար:
5. Հասկացվում է, որ եթե որևէ պետությունում սույն հոդվածներում շարադրված իրավունքները կիրառվում են ձեռնարկության տարբեր հաստատություններում, ապա շահագրգիռ Կողմը համարվում է սույն դրույթներից բխող պարտավորությունները իրականացնող:
6. Կողմերը կարող են սույն հոդվածների կիրառման ոլորտում բացառել ազգային օրենսդրությամբ կամ գործնականորեն որոշվելիք որոշակի թվաքանակից պակաս աշխատողներ ունեցող ձեռնարկությունները:
Հոդված 22
1. Սույն դրույթը չի վնասում ոչ աշխատատեղերի համար առողջապահական և անվտանգության կանոնակարգերի ընդունմանը վերաբերող պետությունների լիազորությունները և պարտավորությունները, ոչ էլ դրանց կիրառումը մոնիտորինգի ենթարկող մարմինների լիազորություններին և պատասխանատվությանը:
2. «Սոցիալական և սոցիալ-մշակութային ծառայություններ և մեխանիզմներ» տերմինները հասկացվում են որպես որոշ ձեռնարկությունների կողմից աշխատողներին տրամադրվող սոցիալական և/կամ մշակութային մեխանիզմներ, որպիսիք են` աջակցություն բարեկեցությանը, սպորտի ոլորտներ, կերակրող մայրերի սենյակներ, գրադարաններ, երեխաների արձակուրդային ճամբարներ և այլն:
Հոդված 23, կետ 1
Սույն կետի կիրառման նպատակով «հնարավորին չափ երկար» տերմինը վերաբերում է տարեց անձանց ֆիզիկական, հոգեկան և մտավոր կարողություններին:
Հոդված 24
1. Հասկացվում է, որ սույն հոդվածի նպատակների համար «աշխատանքի դադարեցում» և «դադարեցված» տերմինները նշանակում են` աշխատանքի դադարեցում գործատուի նախաձեռնությամբ:
2. Հասկացվում է, որ սույն հոդվածը վերաբերում է բոլոր աշխատողներին` պայմանով, որ ցանկացած Կողմ կարող է բացառել իր պաշտպանությունից կամ դրա մի մասից աշխատող անձանց հետևյալ կատեգորիաները`
ա) որոշակի ժամանակաշրջանի կամ որոշակի առաջադրանքի համար աշխատանքային պայմանագրով աշխատողներ,
բ) աշխատանքային փորձաշրջան կամ որակավորման շրջան անցնող աշխատողներ` պայմանով, որ որոշված է նախապես և ընդունելի տևողություն ունի,
գ) կարճ ժամանակաշրջանի համար պատահական հիմքով վարձված աշխատողներ:
3. Սույն հոդվածի նպատակով, մասնավորապես, ներքոհիշյալ հանգամանքները հիմնավորված պատճառներ չեն հանդիսանա աշխատանքի դադարեցման համար`
ա) արհեստակցական միությանը անդամակցությունը կամ մասնակցությունը միության գործունեություններին աշխատանքային ժամերից դուրս կամ, գործատուի համաձայնությամբ, աշխատանքային ժամերի ընթացքում,
բ) գրասենյակ (աշխատատեղ) փնտրելը` գործելով որպես աշխատողի ներկայացուցիչ,
գ) բողոք ներկայացնելը կամ գործատուի դեմ ուղղված վարույթներում մասնակցությունը` օրենքների կամ կանոնակարգերի խախտման մեղադրանքով, կամ իրավասու վարչական մարմիններին օգնության խնդրանքով դիմելը,
դ) ռասան, մաշկը, սեռը, ընտանեկան կարգավիճակը, ընտանեկան պարտականությունները, հղիությունը, կրոնը, քաղաքական կարծիքը, ազգային կամ սոցիալական ծագումը,
ե) մայրության կամ երեխայի խնամքի համար արձակուրդը,
զ) աշխատանքից ժամանակավոր բացակայությունը հիվանդության կամ վնասվածքի պատճառով:
4. Հասկացվում է, որ առանց հիմնավորված պատճառների աշխատանքի դադարեցման դեպքում փոխհատուցումը կամ այլ համապատասխան փոխհատուցումը պետք է որոշվի ազգային օրենքներով կամ կանոնակարգերով, կոլեկտիվ համաձայնագրերով կամ, ազգային պայմանների համաձայն, այլ միջոցներով:
Հոդված 25
1. Հասկացվում է, որ իրավասու ազգային մարմինը կարող է հարկերից ազատման ճանապարհով և գործատուների ու աշխատողների կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո որոշակի կատեգորիաների աշխատողների զրկել սույն դրույթով նախատեսված պաշտպանությունից նրանց աշխատանքային հարաբերության յուրահատուկ բնույթի պատճառով:
2. Հասկացվում է, որ «անվճարունակություն» տերմինը պետք է սահմանվի ազգային օրենսդրությամբ և պրակտիկայով:
3. Սույն դրույթով նախատեսված աշխատողների հայցերը առնվազն պետք է ներառեն ՝
ա) աշխատողների հայցերը` ընդունված ժամանակաշրջանին վերաբերող աշխատավարձերի համար, որը չպետք է երեք ամսից պակաս լինի` արտոնյալ կարգով, և ութ շաբաթից ոչ պակաս` երաշխավորված կարգով, նախքան անվճարունակությունը կամ աշխատանքի դադարեցումը,
բ) աշխատողների հայցերը արձակուրդային վճարի համար` որպես այն տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունք, երբ տեղի է ունեցել անվճարունակությունը կամ աշխատանքի դադարեցումը,
գ) աշխատողների հայցերը՝ ընդունված ժամանակաշրջանին վերաբերող վճարման բացակայության այլ տեսակների առնչությամբ հասանելի գումարների համար, որը չպետք է երեք ամսից պակաս լինի` արտոնյալ կարգով, և ութ շաբաթից ոչ պակաս` երաշխավորված կարգով, նախքան անվճարունակությունը կամ աշխատանքի դադարեցումը:
4. Ազգային օրենքները կամ կանոնակարգերը կարող են սահմանափակել աշխատողների հայցերը նշանակված գումարի նկատմամբ, որը պետք է սոցիալական մակարդակով ընդունելի լինի:
Հոդված 26
Հասկացվում է, որ սույն հոդվածը չի պահանջում օրենսդրության կիրառում Կողմերի կողմից:
Հասկացվում է, որ 2-րդ կետը չի վերաբերում սեռական հետապնդմանը:
Հոդված 27
Հասկացվում է, որ սույն հոդվածը կիրառվում է ընտանեկան պարտավորություններ ունեցող իգական և արական աշխատողների նկատմամբ՝ նրանց խնամքի տակ գտնվող երեխաների կապակցությամբ, ինչպես նաև ակնհայտորեն նրանց խնամքը կամ աջակցության կարիքն ունեցող՝ նրանց անմիջական ընտանիքի այլ անդամների կապակցությամբ, եթե նման պարտականությունները սահմանափակում են նրանց հնարավորություները տնտեսական գործունեության ոլորտում նախապատրաստման, մասնակցության կամ առաջխաղացման համար: «Խնամքի տակ գտնվող երեխաներ» և «ակնհայտորեն նրանց խնամքի կամ աջակցության կարիքը ունեցող՝ նրանց անմիջական ընտանիքի այլ անդամներ» տերմինները նշանակում են` անձինք, որոնք, որպես այդպիսին, սահմանվում են համապատասխան Կողմի ազգային օրենսդրությամբ:
Հոդվածներ 28 և 29
Սույն հոդվածի կիրառման նպատակով «աշխատողների ներկայացուցիչներ» տերմինը նշանակում է` անձինք, որոնք որպես այդպիսին են ճանաչված ազգային օրենսդրությամբ կամ պրակտիկայով:
Մ ա ս 3
Հասկացվում է, որ Խարտիան պարունակում է միջազգային բնույթի իրավական պարտավորություններ, որոնց կիրառումը ներկայացվում է միայն սույն փաստաթղթի 4-րդ Մասով նախատեսված վերահսկողությանը:
Հոդված Ա, կետ 1
Հասկացվում է, որ համարակալված կետերը կարող են ընդգրկել հոդվածներ՝ կազմված միայն մեկ կետից:
Հոդված Բ, կետ 2
Բ հոդվածի 2-րդ կետի նպատակով Վերանայված խարտիայի դրույթները համապատասխանում են նույն հոդվածի կամ կետի համարով Խարտիայի դրույթներին, բացառությամբ՝
ա) Վերանայված խարտիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, որը համապատասխանում է Խարտիայի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերին,
բ) Վերանայված խարտիայի 3-րդ հոդվածի 3-րդ կետի, որը համապատասխանում է Խարտիայի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին,
գ) Վերանայված խարտիայի 10-րդ հոդվածի 5-րդ կետի, որը համապատասխանում է Խարտիայի 10-րդ հոդվածի 4-րդ կետին,
դ) Վերանայված խարտիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի, որը համապատասխանում է Խարտիայի 17-րդ հոդվածին:
Մաս 5
Հոդված Ե.
Օբյեկտիվ և բանականորեն արդարացման վրա հիմնված տարբերակված վերաբերմունքը չպետք է համարվի խտրական:
Հոդված Զ.
«Պատերազմի կամ հասարակական այլ ճգնաժամերի ժամանակ» տերմինները պետք է հասկացվեն նաև որպես պատերազմի սպառնալիքին վերաբերող:
Հոդված Թ.
Հասկացվում է, որ 21-րդ և 22-րդ հոդվածների՝ հավելվածի համաձայն բացառված աշխատողները հաշվի չեն առնվում համապատասխան աշխատողների թվաքանակի հաստատման ժամանակ:
Հոդված Ժ.
«Փոփոխություն» տերմինը պետք է տարածվի Խարտիայի նոր հոդվածների լրացման վրա:
*Համաձայն Խարտիայի 3-րդ Մասի Ա հոդվածի 1-ին կետի բ/ և գ/ ենթակետերի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կապված լինել Խարտիայի 1, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20, 22, 24, 27 և 28 հոդվածներով, ինչպես նաև հետևյալ կետերով.
2-րդ հոդվածի 1, 2, 3, 4, 5-րդ և 6-րդ կետերով,
3-րդ հոդվածի 1-ին կետով,
4-րդ հոդվածի 2, 3, 4-րդ և 5-րդ կետերով,
12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով,
13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով,
14-րդ հոդվածի 2-րդ կետով,
15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով:
**Խարտիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից: