«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10307456
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2007 թ. |
N 249-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.02.17 N 139-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12 և 15 կետերով, ինչպես նաև N 3 հավելվածի 12 և 15 կետերով,
Հրամայում եմ`
1. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.02.17 N 139-Ն)
2. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 20.02.17 N 139-Ն)
3. Քարտուղարության պետ Հ. Թովմասյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Ն. Երիցյան |
Հավելված N 1 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 5-ի N 249-Ն հրամանի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
Պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների ԵՎ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթի անցկացման
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (այսուհետ` Նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնելու ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 20.02.17 N 139-Ն)
2. Մրցույթը անցկացնում են Նախարարության կողմից ձևավորված Հանձնաժողովները (այսուհետ՝ Հանձնաժողովներ):
3. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 224-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում), սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով:
4. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ` քարտուղարություն), առաջնորդվելով Որոշումով և սույն ընթացակարգով:
(4-րդ կետը փոփ. 20.02.17 N 139-Ն)
5. Մրցույթն անցկացվում է բանավոր` հարց ու պատասխանի միջոցով, որը արձանագրվում է:
6. Գործադիր մարմնի թափուր պաշտոնի հավակնորդները (այսուհետ` հավակնորդ) մրցույթին մասնակցելու համար քարտուղարություն են ներկայացնում Որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:
7. Քարտուղարությունը մինչև մրցույթի սկիզբը ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը Որոշմամբ սահմանված կարգերի 6-րդ և 8-րդ կետերի պահանջներին:
7.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով.
(7.1-ին կետը լրաց. 26.03.13 N 190-Ն, 20.02.17 N 139-Ն)
7.2. Եթե մրցույթը սույն կարգի 7.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:
(7.2-րդ կետը լրաց. 26.03.13 N 190-Ն)
7.3. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:
(7.3-րդ կետը լրաց. 24.01.14 N 44-Ն)
7.4. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:
(7.4-րդ կետը լրաց. 24.01.14 N 44-Ն)
7.5. Մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:
(7.5-րդ կետը լրաց. 24.01.14 N 44-Ն)
8. Հանձնաժողովը պետք է ապահովի հավակնորդների համար կազմակերպությունների գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ինչպես նաև անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
2. Հանձնաժողովի լիազորությունները
9. Հանձնաժողովը՝
ա) քարտուղարությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների փաստաթղթերը.
բ) ուսումնասիրում է հավակնորդի կողմից մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացված բողոքները և կայացնում դրանց վերաբերյալ որոշում.
գ) ստուգում և գնահատում է մասնակիցների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացությունը (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
դ) ամփոփում և հրապարակում է մրցույթի արդյունքները.
ե) հարց ու պատասխանի ավարտից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
զ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
է) կայացնում է որոշումներ և տալիս դրական կամ բացասական եզրակացություն, որոնք կնքվում են Նախարարության կնիքով.
ը) որոշման հիման վրա հաղթող ճանաչված հավակնորդի (հավակնորդների) վերաբերյալ տալիս է եզրակացություն վերջինիս հետ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող անձին.
թ) քարտուղարությանը հանձնում է Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունը, եզրակացությունը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների փաստաթղթերը (այսուհետ` մրցութային փաթեթ) ՀՀ օրենսդրությանը համապատասխան պահպանելու և արխիվացնելու համար.
ժ) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
3. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
10. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված վայրում և ժամկետներում:
11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
12. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե նիստին մասնակցել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
14. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` երկու ժամվա ընթացքում:
4. Հանձնաժողովի նախագահողը
15. Հանձնաժողովի նախագահողը՝
ա) վարում է հանձնաժողովի նիստերը.
բ) իրականացնում է մրցույթի աշխատանքների հսկողությունը.
գ) հարց ու պատասխանի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
դ) մասնակիցներին տալիս է հարցեր և մասնակցում անցկացվող քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.
ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
զ) ստորագրում է մրցույթի արձանագրությունը, որոշումները և եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
է) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
5. Հանձնաժողովի քարտուղարությունը
16. Հանձնաժողովի քարտուղարությունը՝
ա) ապահովում է Հանձնաժողովի նիստերի արձանագրումը.
բ) բացատրում և պատասխանում է մասնակիցներին մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերին.
գ) անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ստուգում է մասնակցի ինքնությունը.
դ) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
6. Հանձնաժողովի անդամը
17. Հանձնաժողովի անդամը՝
ա) մասնակցում է մրցույթի աշխատանքներին.
բ) հարց ու պատասխանի անցկացման ժամանակ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ տալիս է ճիշտ պատասխանը.
գ) մասնակցում է հարց ու պատասխանի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.
դ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
ե) ստորագրում է մրցույթի արձանագրությունը, որոշումները և եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
է) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
7. Հանձնաժողովի գործունեության դադարումը
18. Հանձնաժողովը մրցութային փաթեթը քարտուղարությանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
19. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 26.03.13 N 190-Ն, 24.01.14 N 44-Ն, փոփ., լրաց. 20.02.17 N 139-Ն)
Հավելված N 2 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 5-ի N 249-Ն հրամանի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
Պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների ԵՎ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար ատեստավորման անցկացման
(հավելվածն ուժը կորցրել է 20.02.17 N 139-Ն)
Հավելված N 3 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 5-ի N 249-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
Պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների ԵՎ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ անցկացնող հանձնաժողովի ձԵՎավորման
(վերնագիրը փոփ. 20.02.17 N 139-Ն)
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնող հանձնաժողովների (այսուհետ՝ Հանձնաժողովներ) ձևավորման կարգը:
(1-ին կետը փոփ. 20.02.17 N 139-Ն)
2. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից (այսուհետ` Նախարարություն) և համապատասխան ոլորտի մասնագետներից, այդ թվում` գիտական և ուսումնական հաստատություններից:
Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
բ) գործադիր մարմնի այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
(2-րդ կետը փոփ. 20.02.17 N 139-Ն)
3. Հանձնաժողովների թեկնածուների ցուցակը կազմելու համար նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` քարտուղարություն) հարցում է անում համապատասխան գիտական և ուսումնական հաստատություններին իրենց կողմից առաջադրվող թեկնածուների անունները ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Համապատասխան գիտական և ուսումնական հաստատություններից ներկայացված թեկնածուների անունները ստանալուց հետո կազմվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, որից ելնելով, սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետում պատրաստվում է նախարարի հրաման` Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
4. Մրցույթ անցկացնելու նախատեսված ժամկետից երկու օր առաջ քարտուղարությունը պատրաստում է տվյալ Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին նախարարի հրաման:
Մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա նախարարության աշխատակազմը կարող է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ` դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
(4-րդ կետը փոփ. 08.10.08 N 137-Ն, 20.02.17 N 139-Ն)
5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 թեկնածու, որոնք քարտուղարության կողմից տեղեկացվում են մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.
ա) հինգ թեկնածու՝ նախարարության ներկայացուցիչներ
բ) երկու թեկնածու՝ համապատասխան ոլորտի մասնագետներից, այդ թվում` գիտական և ուսումնական հաստատություններից:
(5-րդ կետը փոփ. 20.02.17 N 139-Ն)
6. Եթե հրամանով հաստատված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում մասնակցելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:
7. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով նախարարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահող:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահողի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի նախագահողի հանձնարարությամբ իր պարտականությունը կատարում է Հանձնաժողովի անդամներից որևիցե մեկը:
8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ սույն հրամանի N 1 հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով սահմանված կարգով:
(8-րդ կետը խմբ. 20.02.17 N 139-Ն)
(հավելվածը փոփ. 08.10.08 N 137-Ն, փոփ., լրաց., խմբ. 20.02.17 N 139-Ն)