ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հուլիսի 2015 թ. |
N 2043-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷԼՖ ՄԵԴԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, հաշվի առնելով, որ «ԷԼՖ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) խախտել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականի մայիսի 4-ի ք. Երևան, Մամիկոնյանց 34ա, բն. 30 հասցեում գործող «ԷԼՖ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու վերաբերյալ N 229760-15/Վ/Ն-053 որոշման հիման վրա Ընկերությունում իրականացված զննման արդյունքները, այն է՝ 2015 թվականի մայիսի 25-ին կայացվել է Ընկերության տնօրեն Մանվել Խաչատրյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին թիվ 047 որոշում` չգրանցված և ժամկետանց դեղերի համար, իսկ մայիսի 27-ին տրվել է թիվ 233333-15/Վ/Ա-074 կարգադրագիր, որում այդ և այլ խախտումների վերացման հանձնարարականների հետ մեկտեղ նշվել է, որ խախտվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պարտադիր պայմաններն ու պահանջները, համաձայն որի դեղատնային կրպակի տարածքի թույլատրելի նվազագույն չափը 28 քառ. մետր է, մինչդեռ Ընկերությանը պատկանող դեղատնային կրպակի տարածքը, ըստ իր իսկ կողմից ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված վկայականի, կազմում է 25.9 քառ. մետր: Միևնույն ժամանակ վարչական վարույթի ընթացքում արձանագրվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում շինության նպատակային նշանակությունը «հասարակական»-ի փոխարեն նշված է «բնակելի», ինչը նույնպես կարգադրագրի համաձայն պետք է փոխվեր: Ընկերության տնօրեն Մանվել Խաչատրյանը պարտավոր էր 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 233333-15/Վ/Ա-074 կարգադրագիրը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ապահովել կարգադրագրում նշված կետերի կատարումը, սակայն մինչ օրս վերը նշված կարգադրությունների կատարման վերաբերյալ ոչ մի տեղեկություն ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն չի ներկայացվել և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով՝
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ԷԼՖ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գործունեության իրականացման հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց 34ա, բն. 30)՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2005 թվականի նոյեմբերի 9-ին տրամադրված N Կ-XX-000756 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու մասին անժամկետ լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Մուրադյան |