Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անօրինական արտահանվող և ներմուծվող մշակութային արժեքների ձերբակալման և հետ վերադարձման հարցերով մաքսային ծառայությունների համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
հաստատելով իրենց հավատարմությունը Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին հիմնադիր փաստաթղթերի նպատակներին և սկզբունքներին,
նշելով, որ մշակութային արժեքների անօրինական արտահանումը, տարանցումը և ներմուծումը վնաս են հասցնում ժողովուրդների մշակութային ժառանգությանը, որի պահպանությանը պետք է նպաստեն Կողմերի մաքսային և այլ իրավասու մարմինները,
նկատի ունենալով 1970 թվականի մշակութային արժեքների անօրինական ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի դրույթները,
ձգտելով ուժեղացնելու պայքարը պետական սահմաններով մշակութային արժեքների անօրինական փոխադրման դեմ և ամրապնդելու մաքսային համագործակցությունը այդ բնագավառում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող հասկացությունները նշանակում են.
«մաքսային ծառայություններ»` Կողմերի կենտրոնական մաքսային մարմիններ,
«մշակութային արժեքներ»` կրոնական կամ աշխարհիկ բնույթի արժեքներ, որոնք Կողմերը դիտում են որպես հնագիտության, գրականության, արվեստի և գիտության համար նշանակություն ունեցող, այդ թվում՝ նախապատմական ժամանակաշրջանի,
«արտահանման պետություն»` սույն Համաձայնագրի Կողմերը, որտեղից սկզբնապես դուրս են բերվել մշակութային արժեքները,
«տարանցման պետություն»` սույն Համաձայնագրի Կողմերը, որոնց տարածքով մշակութային արժեքները արտահանման պետությունից տեղափոխվում են այլ պետություններ,
«ներմուծման պետություն»` սույն Համաձայնագրի Կողմերը, որտեղ ներմուծվել են մշակութային արժեքներ,
«մշակութային արժեքների անօրինական տեղաշարժ»` նման արժեքների արտահանում, տարանցում և ներմուծում, որոնք կատարվել են սույն Համաձայնագրի դրույթների, Կողմերի այլ միջազգային պարտավորությունների և նրանց օրենսդրության խախտումով,
«մշակութային արժեքների վերադարձ»` ներմուծման կամ տարանցման պետության կողմից արտահանման պետության մշակութային արժեքների փաստացի փոխանցում, որոնք դրանց անօրինական տեղաշարժման պատճառով ձերբակալվել են:
Հ ո դ վ ա ծ 2
Մշակութային արժեքները, Կողմերի օրենսդրություններով նախատեսված դեպքերում, կարող են արտահանվել թույլատրող փաստաթղթերի հիման վրա:
Մշակութային արժեքների արտահանման համար թույլատրող փաստաթղթերը տրվում են արտահանման պետության լիազոր մարմինների կողմից:
Մաքսային ծառայությունները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ ամսվա ընթացքում կփոխանակեն թույլատրող փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները և կնիքների զմուռսները, որոնցով նրանք կնքվում են և դրանցում կատարված բոլոր փոփոխությունների մասին հետագայում անհապաղ կտեղեկացնեն միմյանց:
Հ ո դ վ ա ծ 3
Մշակութային արժեքներ տեղափոխող իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները պարտավոր են հայտարարել իրենց մոտ նման արժեքների առկայության մասին և արտահանման համար թույլատրող փաստաթղթերի հետ միասին դրանք ներկայացնել Կողմերի մաքսային ծառայությունների կողմից հսկողության իրականացման համար:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի ապահովեն արտահանման համար թույլատրող փաստաթղթերով չուղեկցվող մշակութային արժեքների ձերբակալումը, արտահանման պետությանը նման ձերբակալման մասին անհապաղ ծանուցումը և դրանց վերադարձը:
Թույլատրող փաստաթղթերով չուղեկցվող մշակութային արժեքներ տեղափոխող անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերում, այդ արժեքների վերադարձը արտահանման պետություն կատարվում է վարչական տույժի կամ դատարանի վճռի (որոշման) մասին համապատասխան որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը կնշանակվեն իրենց լիազոր ներկայացուցիչներին վերադարձվող մշակութային արժեքների հանձնման և ընդունման համար:
Կողմերի մաքսային մարմինների կողմից ձերբակալված մշակութային արժեքները վերադարձվում են անմիջապես լիազոր ներկայացուցիչներին:
Մշակութային արժեքների վերադարձման հետ կապված բոլոր բողոքները քննության է առնում արտահանման պետությունը:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը միմյանց անհատույց փոխադարձ օգնություն են ցուցաբերում սույն Համաձայնագրի իրականացման համար:
Մշակութային արժեքների վերադարձման դեպքում, սույն Համաձայնագրին համապատասխան, մաքսային վճարներ չեն գանձվում:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը կիրականացնեն փոխանակում.
մշակութային արժեքների, որոնք, Կողմերի օրենսդրություններին համապատասխան, կարող են թույլատրող փաստաթղթերով արտասահման արտահանվել, ինչպես նաև արտահանման ոչ ենթակա մշակութային արժեքների մասին տեղեկություններ,
մշակութային արժեքների անօրինական տեղաշարժի դեմ պայքարի մեթոդների մասին տեղեկություններ,
մշակութային արժեքների անօրինական տեղաշարժի դեմ պայքարի հարցերով գիտական հրապարակումներ և ուսումնական աշխատանքներ,
մշակութային արժեքների անօրինական տեղաշարժի միջոցների, ինչպես նաև նման գործողություններով պարբերաբար զբաղվող անձանց մասին տեղեկություններ,
մասնագետներ` մշակութային արժեքների անօրինական տեղաշարժի դեմ պայքարում փորձ ձեռք բերելու նպատակով:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերով համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ այն ստորագրած Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով: Յուրաքանչյուր Կողմ կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու մասին` առնվազն վեց ամիս առաջ սույն Համաձայնագրի ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով, որը նման հայտարարությունը ուղարկում է բոլոր Կողմերին:
Սույն Համաձայնագիրը Կողմերի համաձայնության դեպքում բաց է ցանկացած պետության միանալու համար:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 26-ից:
