«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815124
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2015 թ. |
թիվ 178-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 934-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 143-Ն հրամանի հավելվածի 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 23.1 կետով.
«23.1 Գնման գործընթացների դեպքում հավաստիացման ծառայությունների միջոցով, հետ հսկողության շրջանակում, աուդիտի է ենթարկվում պատվիրատուի կարիքների համար տվյալ տարվա ընթացքում գնումների բազային միավորի քսանապատիկը չգերազանցող գին ունեցող գնումների առնվազն 30 տոկոսը և գնումների բազային միավորի քսանապատիկը գերազանցող գնումները: Աուդիտի արդյունքներով կազմակերպության ղեկավարին է ներկայացվում իրականացված աուդիտի մասին գրավոր հաշվետվություն`
1) գնման ընթացակարգի մասին` գնման ընթացակարգի արձանագրությունը հաստատվելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Գնման ընթացակարգի աուդիտն իրականացվում է գնման ընթացակարգերի արձանագրությունների (փաստաթղթերի) և դրանցում տեղ գտած տեղեկությունների գնահատման միջոցով,
2) պայմանագրի կատարման մասին` պայմանագրի կատարման արդյունքն ընդունվելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Պայմանագրի կատարման աուդիտն իրականացվում է պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների` պայմանագրին համապատասխան կատարված լինելը գնահատելու միջոցով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան