Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն Կոնվենցիան ստորագրող պետությունները,
ցանկանալով դյուրացնել Հարցման նամակների փոխանցումն ու կատարումը և նպաստել այդ նպատակով նրանց կողմից օգտագործվող տարբեր մեթոդների մոտարկմանը,
ցանկանալով բարելավել փոխադարձ դատական համագործակցությունը քաղաքացիական կամ առևտրային գործերում,
որոշեցին այդ նպատակով կնքել նոր կոնվենցիա և համաձայնեցին հետևյալ դրույթների մասին.
ԳԼՈՒԽ I
Հարցման նամակը
Հոդված 1
Քաղաքացիական կամ առևտրային գործերով Պայմանավորվող կողմերի դատական մարմինը կարող է, այդ պետության իրավունքի համաձայն, դիմել մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին, Հարցման նամակի միջոցով, ապացույցներ ձեռք բերելու կամ այլ դատական գործողություններ կատարելու համար։
Նամակը չի կարող ներկայացվել այնպիսի ապացույցներ ձեռք բերելու համար, որոնք նախատեսված չեն արդեն հարուցված կամ ակնկալվող դատական վարույթներում օգտագործելու համար։
«Այլ դատական գործողություն» արտահայտությունը չի վերաբերում դատական փաստաթղթերի հանձնմանը կամ որևէ գործընթացի նախաձեռնմանը, որի միջոցով կատարվում կամ հարկադիր կերպով կատարվում են վճիռներ կամ որոշումներ, կամ հայցի ապավովմանն ուղղված որոշումներ։
Հոդված 2
Պայմանավորվող կողմը նշանակում է Կենտրոնական մարմին, որը կստանձնի մյուս Պայմանավորվող կողմի դատական մարմնի կողմից ուղարկված Հարցման նամակները ստանալու և դրանք կատարելու իրավասություն ունեցող մարմնին փոխանցելու պարտականությունը։ Յուրաքանչյուր պետություն կկազմավորի Կենտրոնական մարմին՝ իր սեփական իրավունքի համաձայն։
Նամակները պետք է ուղարկվեն կատարող Պետության Կենտրոնական մարմնին առանց այդ Պետության այլ մարմնի միջոցով փոխանցվելու։
Հոդված 3
Հարցման նամակում նշվում է.
ա) կատարումը հայցող մարմինը և կատարման համար հայցվող մարմինը, եթե հայտնի է հայցող մարմնին,
բ) դատավարության կողմերի անուններն ու հասցեները, ինչպես նաև նրանց ներկայացուցիչների անուններն ու հասցեները, եթե այդպիսիք կան,
գ) դատավարության բնույթը, որի համար պահանջվում է ապացույցը՝ տալով ամբողջական անհրաժեշտ տեղեկատվություն դրա վերաբերյալ,
դ) ձեռք բերվելիք ապացույցը կամ կատարվելիք այլ դատական գործողությունը:
Անհրաժեշտության դեպքում, Նամակը պետք է, ի թիվս այլ հարցերի, պարունակի հետևյալը.
ե) հարցաքննվող անձանց անուններն ու հասցեները,
զ) հարցերը, որոնք պետք է տրվեն հարցաքննվող անձանց կամ գործի առարկայի վերաբերյալ շարադրանք, որոնց մասով նրանք պետք է հարցաքննվեն,
է) ստուգվելիք փաստաթղթերը կամ այլ անշարժ կամ շարժական գույքը,
ը) ապացույցի ձեռք բերման այլ պահանջներ, ինչպես օրինակ՝ երդմամբ կամ հաստատմամբ, կամ կիրառելի այլ հատուկ ձևերով,
թ) այլ հատուկ մեթոդ կամ ընթացակարգ՝ 9-րդ հոդվածի համաձայն:
Ա. Նամակի մեջ կարող է նաև նշվել 11-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն։
Որևէ օրինականացում կամ նմանատիպ այլ ձևական պահանջների պահպանում չի կարող պահանջվել։
Հոդված 4
Հարցման նամակը պետք է լինի հարցվող մարմնի լեզվով կամ պետք է ուղեկցվի այդ լեզվով թարգմանությամբ։
Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմը պետք է ընդունի Նամակը անգլերենով կամ ֆրանսերենով, կամ այս լեզուներից որևէ մեկով թարգմանությամբ, եթե վերապահում չի կատարել 33-րդ հոդվածի համաձայն։
Պայմանավորվող պետությունը, որը ունի մեկից ավելի պաշտոնական լեզուներ և չի կարող, ելնելով իր ներպետական իրավունքից, ընդունել Նամակը նշված լեզուներից մեկով իր ամբողջ տարածքի համար, կարող է հայտարարությամբ նշել այն լեզուն, որով Նամակը կամ դրա թարգմանությունը պետք է ձևակերպվի՝ իր տարածքի նշված մասերում կատարվելու համար։ Առանց հիմնավոր պատճառի այդ հայտարարության դրույթները չկատարելու դեպքում, պահանջվող լեզվով թարգմանության ծախսերը պետք է կրի հարցումը ներկայացնող պետությունը։
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարությամբ նշել այն լեզուն կամ լեզուները, որոնք այլ են, քան նշված են նախորդ պարբերություններում, որով կամ որոնցով Նամակը կարող է ուղարկվել իր Կենտրոնական մարմին։
Նամակն ուղեկցող ցանկացած թարգմանություն պետք է հաստատվի որպես ճշգրիտ թարգմանություն կամ դիվանագիտական պաշտոնատար անձի, կամ հյուպատոսական գործակալի կողմից, կամ լիցենզավորված թարգմանչի կողմից, կամ յուրաքանչյուր պետությունում դրա համար լիազորված անձի կողմից։
Հոդված 5
Եթե Կենտրոնական մարմինը գտնում է, որ հարցումը չի համապատասխանում սույն Կոնվենցիայի դրույթներին, այն պետք է անհապաղ տեղեկացնի Հարցման նամակն ուղարկած այդ Պետության իրավասու մարմնին՝ նշելով Նամակին վերաբերող առարկությունները։
Հոդված 6
Եթե մարմինը, ում փոխանցվել է Հարցման նամակը, իրավասու չէ կատարելու այն, ապա Նամակը պետք է անհապաղ ուղարկվի նույն Պետության այն մարմնին, որն իրավասու է կատարելու այն՝ իր երկրի իրավունքի դրույթներին համապատասխան։
Հոդված 7
Ցանկության դեպքում, հայցող մարմինը պետք է տեղեկացվի ժամանակի և վայրի մասին, որտեղ և երբ կայանալու է դատավարությունը, որպեսզի կողմերը և նրանց ներկայացուցիչները, եթե այդպիսիք կան, կարողանան ներկա գտնվել։ Այս տեղեկատվությունը պետք է անմիջապես ուղարկվի կողմերին կամ նրանց ներկայացուցիչներին, հարցում ներկայացնող պետության մարմնի հարցման դեպքում։
Հոդված 8
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ մյուս Պայմանավորվող պետության հայցող մարմնի դատական անձնակազմի անդամները կարող են ներկա գտնվել Նամակի կատարման գործընթացին։ Հայտարարող պետության կողմից նշանակված իրավասու մարմնի նախնական թույլտվությունը կարող է պահանջվել։
Հոդված 9
Դատական մարմինը, որը կատարում է Հարցման նամակը, պետք է կիրառի իր երկրի իրավունքը կիրառվելիք մեթոդների և ընթացակարգերի մասով։
Այնուամենայնիվ, այն պետք է հետևի հայցող մարմնի հարցմանը, որը նշել է հատուկ մեթոդ կամ ընթացակարգ կիրառելու մասին, բացառությամբ, եթե դա համատեղելի չէ հարցումը կատարող պետության ներպետական իրավունքի հետ կամ անհնար է կատարել ներպետական գործելակերպի և ընթացակարգի կամ գործնականում ծագած բարդությունների պատճառով։
Հարցման նամակը պետք է կատարվի արագացրած կարգով։
Հոդված 10
Հարցման նամակը կատարելիս հարցում ստացած մարմինը պետք է ձեռնարկի հարկադրանքի համապատասխան միջոցներ այնպիսի դեպքերում և այն նույն չափով, ինչ նախատեսված է իր ներպետական իրավունքով իր երկրի մարմինների կողմից ընդունված որոշումների համար կամ ներքին վարույթներում կողմերի ներկայացրած հարցումների կատարման համար։
Հոդված 11
Հարցման նամակը կատարելիս ներգրավված անձը կարող է հրաժարվել ցուցմունք տալուց՝ այնքանով, որքանով նա արտոնություն կամ պարտականություն ունի ցուցմունք տալուց հրաժարվելու համար.
ա) կատարման Պետության իրավունքով, կամ
բ) ծագման պետության իրավունքով, և Հարցման նամակի մեջ նշվել է արտոնությունը կամ պարտականությունը, կամ, հարցում ստացած մարմնի դեպքում՝ այլ կերպ հաստատվել է այդ մարմնին հարցում ներկայացրած մարմնի կողմից։
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ, ի լրումն, նա կհարգի այն արտոնություններն ու պարտականությունները, որոնք գոյություն ունեն ծագման պետությունից բացի այլ պետությունների և կատարող պետության իրավունքի ներքո՝ այդ հայտարարության մեջ նշված չափով։
Հոդված 12
Հարցման նամակի կատարումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե.
ա) կատարման պետությունում Նամակի կատարումը չի գտնվում դատական համակարգի գործառույթների ներքո, կամ
բ) Պետությունը, ում հասցեագրված է հարցումը, գտնում է, որ դրա կատարումը կարող է վտանգել իր ինքնիշխանությունը կամ անվտանգությունը։
Կատարումը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ կատարման Պետությունը, իր ներպետական իրավունքի համաձայն, պահանջում է բացառիկ իրավասություն գործողության առարկայի նկատմամբ կամ, որ նրա ներպետական իրավունքը դրա նկատմամբ գործողություն կատարելու իրավունք չի տալիս։
Հոդված 13
Հարցման նամակի հիմքում ընկած փաստաթղթերը պետք է ուղարկվեն հարցում ստացած մարմնի կողմից հարցում ներկայացնող մարմնին նույն ուղիով, որն օգտագործվել է վերջինիս կողմից։
Յուրաքանչյուր դեպքում, երբ Նամակը չի կատարվում ամբողջությամբ կամ մասնակիորեն, հարցում ներկայացնող մարմինը պետք է նույն ուղիով անհապաղ տեղեկացվի՝ նշելով չկատարելու պատճառների մասին։
Հոդված 14
Նամակի կատարումը չի կարող հանգեցնել հարկերի կամ այլ վճարների որևէ հատուցման։
Այնուամենայնիվ, կատարող պետությունն իրավունք ունի հարցում ներկայացրած պետությունից պահանջել փորձագետներին և թարգմանիչներին վճարած գումարների, ինչպես նաև 9-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն ծագման պետության կողմից պահանջված հատուկ ընթացակարգ կիրառելու հետևանքով առաջացած ծախսերի հատուցում։
Հարցում ստացած մարմինը, որի իրավունքը պարտավորեցնում է կողմերին ինքնուրույն ձեռք բերել ապացույցները, և որը չի կարող ինքնուրույն կատարել Նամակը, կարող է հարցում ներկայացրած իրավասու մարմնի համաձայնությամբ նշանակել համապատասխան անձի՝ այն կատարելու համար։ Այս համաձայնությունը ստանալիս հարցում ստացած իրավասու մարմինը պետք է նշի այս ընթացակարգի համար պահանջվող մոտավոր ծախսերը։ Եթե հարցում ներկայացրած մարմինը տալիս է իր համաձայնությունը, ապա նա պետք է փոխհատուցի առաջացած ծախսերը. առանց այդպիսի համաձայնության հարցում ներկայացրած իրավասու մարմինը պատասխանատու չէ այդ ծախսերի փոխհատուցման համար։
Գլուխ II
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 15
Քաղաքացիական կամ տնտեսական գործերում, Պայմանավորվող պետության դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը կարող է, մյուս Պայմանավորվող պետության տարածքում և այն տարածքում, որտեղ նա իրականացնում է իր գործառույթները, ապացույցներ ձեռք բերել, առանց հարկադրանքի, այն պետության քաղաքացիներից, որը նա ներկայացնում է՝ նպատակ ունենալով աջակցել սկսված դատավարությանը այն պետությունում, որը նա ներկայացնում է։
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ ապացույցները կարող են ձեռք բերվել դիվանագիտական աշխատակցի կամ հյուպատոսական գործակալի կողմից, միայն եթե դրա համար թույլտվությունը տրվել է անձամբ նրա կամ նրա անունից տրված դիմումի հիման վրա հայտարարություն անող պետության կողմից նշանակված համապատասխան մարմնի կողմից։
Հոդված 16
Պայմանավորվող պետության դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը մյուս Պայմանավորվող պետության տարածքում և այն տարածքում, որտեղ նա իրականացնում է իր գործառույթները, նույնպես ապացույցներ է ձեռք բերում, առանց հարկադրանքի, այն պետության քաղաքացիներից, որտեղ նա իրականացնում է իր գործառույթները կամ երրորդ պետության քաղաքացիներից՝ այն պետության դատարաններում հարուցված վարույթներին աջակցելու նպատակով, որը նա ներկայացնում է, եթե.
ա) այն պետության կողմից նշանակված իրավասու մարմինը, որտեղ նա իրականացնում է իր գործառույթները, տվել է իր համաձայնությունը կամ ընդհանուր առմամբ կամ կոնկրետ մասով, և
բ) նա կատարում է այն պայմանները, որոնք իրավասու մարմինը նշել է թույլտվության մեջ։
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ ապացույցները կարող է ձեռք բերվել սույն հոդվածի համաձայն՝ առանց իր նախնական թույլտվության։
Հոդված 17
Քաղաքացիական կամ առևտրային գործերում, այս նպատակի համար պատշաճ կերպով որպես հանձնակատար նշանակված անձը կարող է, առանց հարկադրանքի, ապացույցներ ձեռք բերել Պայմանավորվող պետության տարածքում՝ որպես աջակցություն մյուս Պայմանավորվող պետության դատարաններում հարուցված վարույթներին, եթե.
ա) իրավասու մարմինը, որին նշանակել է այն պետությունը, որտեղ պետք է ձեռք բերել ապացույցները, տվել է իր թույլտվությունը կամ ընդհանուր առմամբ կամ կոնկրետ գործի մասով, և
բ) նա պահպանում է այն պահանջները, որոնք նշել է թույլտվության մեջ իրավասու մարմինը։
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ ապացույցները կարելի է ձեռք բերել սույն հոդվածի համաձայն՝ առանց իր նախնական համաձայնության։
Հոդված 18
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ դիվանագիտական աշխատակիցը, հյուպատոսական գործակալը կամ 15-րդ, 16-րդ կամ 17-րդ հոդվածների համաձայն ապացույցներ ձեռք բերելու համար լիազորված հանձնակատարը կարող է դիմել հայտարարող պետության կողմից՝ անհրաժեշտ աջակցության համար նշանակված իրավասու մարմնին՝ հարկադրանքով ապացույցներ ձեռք բերելու համար։ Հայտարարությունը կարող է ներառել այնպիսի պայմաններ, որոնք հայտարարող պետությունը կարող է անհրաժեշտ համարել։
Եթե իրավասու մարմինը դրական է արձագանքում դիմումին, այն պետք է կիրառի հարկադրանքի ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է և նախատեսված է իր իրավունքով ներքին վարույթներում օգտագործելու համար։
Հոդված 19
Իրավասու մարմինը 15-րդ, 16-րդ կամ 17-րդ հոդվածներում նշված թույլտվությունը տրամադրելիս կամ 18-րդ հոդվածի համաձայն դիմումին դրական արձագանքելիս կարող է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի, ի թիվս այլ հարցերի՝ ապացույցներ ձեռք բերելու վերցնելու վայրի ու ժամի մասով։ Նույն կերպ, այն կարող է պահանջել, որպեսզի ողջամիտ ժամկետներում նախապես ծանուցվի ապացույցներ ձեռք բերելու օրվա և վայրի մասին. այդ դեպքում իրավասու մարմնի ներկայացուցիչը ներկա կգտնվի ապացույցներ ձեռք բերելու ընթացքին։
Հոդված 20
Սույն գլխի ցանկացած հոդվածի համաձայն ապացույցներ ձեռք բերելիս ներգրավված անձինք պետք է օրինական կարգով ներկայացված լինեն։
Հոդված 21
Երբ դիվանագիտական աշխատակիցը, հյուպատոսական գործակալը կամ հանձնակատարը 15-րդ, 16-րդ կամ 17-րդ հոդվածների համաձայն լիազորված է ապացույցներ ձեռք բերելու, ապա.
ա) նա կարող է ձեռք բերել այն բոլոր տեսակի ապացույցները, որոնք չեն հակասում այն պետության իրավունքին, որտեղ ձեռք է բերվում ապացույցը, կամ չեն համապատասխանում վերը նշված հոդվածների համաձայն տրված որևէ թույլտվության, և իրավունք ունի այդպիսի սահմաններում ձեռնարկելու երդման կամ հաստատման միջոցով ապացույցների ձեռք բերումը.
բ) բացառությամբ այն դեպքերի, երբ ստացողը այն պետության քաղաքացի է, որտեղ գործը քննարկման փուլում է, ներկայանալու կամ ցուցմունք տալու համար անձին ուղղված հարցումը պետք է կազմվի այն վայրի լեզվով, որտեղ ձեռք են բերվում ապացույցները, կամ ուղեկցված լինի այդ լեզվով թարգմանությամբ.
գ) հարցմամբ պետք է տեղեկացվի անձին, որ նա կարող է օրինական կերպով ներկայացված լինել և ցանկացած պետությունում, որը 18-րդ հոդվածի համաձայն հայտարարություն չի ներկայացրել, պետք է նույնպես նրան տեղեկացնի, որ նա պարտավոր չէ ներկայանալ կամ վկայություն տալ.
դ) ապացույցները կարող են ձեռք բերվել այն իրավունքի ներքո, որը կիրառելի է այն դատարանում, որտեղ գործը քննվում է՝ պայմանով, որ այդ կարգն արգելված չլինի այն պետության իրավունքով, որտեղ ապացույցը ձեռք է բերվում.
ե) այն անձը, ումից պահանջվել է ցուցմունք տալ, կարող է վկայակոչել արտոնությունները կամ պարտականությունները՝ 11-րդ հոդվածում նշված ցուցմունքները տալուց հրաժարվելու համար։
Հոդված 22
Այն փաստը, որ սույն գլխում սահմանված ընթացակարգի համաձայն ապացույցներ ձեռք բերելու փորձը մատնվել է անհաջողության, անձի կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելու պատճառով, չի խանգարում հետագայում դիմում ներկայացնել I գլխի համաձայն ապացույցներ ձեռք բերելու համար։
Գլուխ III
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23
Պայմանավորվող պետությունը կարող է, ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ, հայտարարել, որ նա չի կատարելու Հարցման նամակները, որոնք տրվել են մինչդատական փաստաթղթերի բացահայտման նպատակով՝ ինչպես Ընդհանուր իրավունքի երկրներում։
Հոդված 24
Պայմանավորվող պետությունը կարող է, ի լրումն Կենտրոնական մարմնի, նշանակել այլ իրավասու մարմիններ և որոշել նրանց իրավասության սահմանները։ Այդուհանդերձ, Հարցման նամակները բոլոր դեպքերում կարող են ուղարկվել Կենտրոնական մարմին։
Դաշնային պետությունները պետք է հնարավորություն ունենան նշանակելու ավելի, քան մեկ Կենտրոնական մարմին։
Հոդված 25
Պայմանավորվող պետությունը, որն ունի ավելի, քան մեկ իրավական համակարգ, կարող է նշանակել յուրաքանչյուր այդպիսի համակարգերից մեկի մարմնին, որը բացառիկ իրավասություն կունենա սույն Կոնվենցիայի համաձայն կատարելու Հարցման նամակները։
Հոդված 26
Սահմանադրական սահմանափակումների հետևանքով առաջացած անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող պետությունը կարող է պահանջել ծագման պետությունից Հարցման նամակների կատարման հետ կապված ծախսերի և վճարների փոխհատուցում՝ անձի կողմից ցուցմունք տալու նպատակով ներկայանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնումն իրականացնելու, այդպիսի անձանց մասնակցության ծախսերը, ինչպես նաև այդ ցուցմունքների սղագրության համար անհրաժեշտ ծախսերը։
Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը վերը նշված պարբերության համաձայն հարցում է ներկայացրել, ապա ցանկացած այլ Պայմանավորվող պետություն նույնպես կարող է պահանջել այդ պետությունից նմանատիպ վճարների և ծախսերի փոխհատուցում։
Հոդված 27
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կարող արգելել Պայմանավորվող պետությանը.
ա) հայտարարել, որ Հարցման նամակները կարող են փոխանցվել իր դատական մարմիններին այնպիսի ուղիներով, որոնք այլ են, քան 2-րդ հոդվածում սահմանվածները,
բ) թույլատրել, իր ներքին օրենսդրությամբ կամ գործելակերպով, սույն Կոնվենցիայով սահմանված ցանկացած գործողություն, որը կարող է իրականացվել նվազ սահմանափակ պայմաններով,
գ) թույլատրել, իր ներպետական իրավունքով կամ գործելակերպով, ապացույցներ ձեռք բերելու մեթոդներ, որոնք այլ են, քան Կոնվենցիայում սահմանվածները։
Հոդված 28
Սույն Կոնվենցիան չի խոչընդոտում երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև համաձայնագրի ստորագրումը՝ շեղում կատարելու.
ա) 2-րդ հոդվածի դրույթներից՝ կապված Հարցման նամակի փոխանցման մեթոդների հետ,
բ) 4-րդ հոդվածի դրույթներից՝ կապված այն լեզուների հետ, որոնք կարող են գործածվել,
գ) 8-րդ հոդվածի դրույթներից՝ կապված Հարցման նամակների կատարման ժամանակ դատական աշխատակիցների ներկայության հետ,
դ) 11-րդ հոդվածի դրույթներից՝ կապված ցուցմունք տալուց հրաժարվելու մասով վկաների արտոնությունների և պարտականությունների հետ,
ե) 13-րդ հոդվածի դրույթներից՝ կապված կատարված Նամակները հարցում ներկայացնող մարմնին վերադարձնելու մեթոդների հետ,
զ) 14-րդ հոդվածի դրույթներից` կապված վճարների և ծախսերի հետ,
է) II գլխի դրույթներից։
Հոդված 29
Սույն Կոնվենցիայի Կողմերի միջև, որոնք նաև 1905 թվականի հուլիսի 17-ին և 1954 թվականի մարտի 1-ին ստորագրված «Քաղաքացիական դատավարության մասին» կոնվենցիաներից երկուսի կամ մեկի կողմեր են, սույն Կոնվենցիան փոխարինում է նախկինում ստորագրված կոնվենցիաների 8-16-րդ հոդվածներին։
Հոդված 30
Սույն Կոնվենցիան չի ազդում 1905 թվականի Կոնվենցիայի 23-րդ հոդվածի, կամ 1954 թվականի Կոնվենցիայի 24-րդ հոդվածի կիրառման վրա։
Հոդված 31
1905 և 1954 թվականների Կոնվենցիաների Կողմերի միջև լրացուցիչ համաձայնագրերը պետք է հավասարապես կիրառելի համարվեն սույն կոնվենցիայի նկատմամբ, եթե Կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերել։
Հոդված 32
Առանց խախտելու 29-րդ և 31-րդ հոդվածների դրույթները՝ սույն Կոնվենցիայով շեղում չի կատարվում այն կոնվենցիաների դրույթներից, որոնք պարունակում են սույն Կոնվենցիայի առարկային վերաբերող դրույթներ, որին կողմեր են հանդիսանում կամ կարող են հանդիսանալ Պայմանավորվող պետությունները։
Հոդված 33
Պետությունը կարող է, ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ, ամբողջությամբ կամ մասամբ բացառել 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության և II գլխի դրույթների կիրառումը։ Այլ վերապահումներ չեն թույլատրվում։
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ, հետ վերցնել իր կողմից արված վերապահումը. վերապահումը դադարում է գործել հետ վերցնելու վերաբերյալ հայտարարության մասին ծանուցումից հետո վաթսուներորդ օրը։
Այն դեպքում, երբ պետությունը վերապահում է արել, այդ պետության հետ առնչություն ունեցող ցանկացած այլ պետություն կարող է կիրառել նույն կանոնը վերապահում արած պետության դեմ։
Հոդված 34
Պետությունը կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել կամ փոփոխել հայտարարությունը։
Հոդված 35
Պայմանավորվող պետությունը պետք է, վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ ժամկետում, տեղեկացնի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը 2-րդ, 8-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածների համաձայն իրավասու մարմինների նշանակման մասին։
Պայմանավորվող պետությունը պետք է նույն կերպ, անհրաժեշտության դեպքում, տեղեկացնի Նախարարությանը նաև հետևյալի մասին.
ա) այն իրավասու մարմինների նշանակման մասին, ում պետք է ծանուցվի, ում թույլտվությունը և ում աջակցությունը կարող է պահանջվել կամ հայցվել դիվանագիտական աշխատակցի կամ հյուպատոսական գործակալի կողմից ապացույցներ ձեռք բերելիս՝ համապատասխանաբար 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների համաձայն,
բ) այն իրավասու մարմնի նշանակման մասին, ում թույլտվությունը պահանջվում է հանձնակատարի կողմից 17-րդ հոդվածի համաձայն ապացույցներ ձեռք բերելու համար և նրանց մասին, ովքեր կարող են տրամադրել 18-րդ հոդվածում նախատեսված աջակցությունը,
գ) 4-րդ, 8-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 23-րդ և 27-րդ համաձայն ներկայացված հայտարարությունների մասին,
դ) վերը նշված նշանակումների և հայտարարությունների ցանկացած չեղյալ հայտարարման կամ փոփոխության մասին,
ե) ցանկացած վերապահում հետ վերցնելու մասին։
Հոդված 36
Ցանկացած դժվարություն, որ կարող է առաջանալ Պայմանավորվող պետությունների միջև սույն կոնվենցիայի կատարման հետ կապված, պետք է լուծվի դիվանագիտական ուղիներով։
Հոդված 37
Սույն Կոնվենցիան բաց է Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի 11-րդ նստաշրջանում ներկայացված պետությունների կողմից ստորագրման համար։
Այն ենթակա է վավերացման, և վավերացման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը։
Հոդված 38
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 37-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում նշված վավերացման մասին վաթսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո վաթսուներորդ օրը։
Կոնվենցիան ստորագրող յուրաքանչյուր պետության համար, որն ավելի ուշ է վավերացնում այն, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո վաթսուներորդ օրը։
Հոդված 39
Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի 11-րդ նստաշրջանում չներկայացված, սակայն այդ Խորհրդաժողովի, Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված գործակալությունների անդամ, կամ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության կողմ հանդիսացող ցանկացած պետություն կարող է միանալ սույն Կոնվենցիային՝ 38-րդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան այն ուժի մեջ մտնելուց հետո։
Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը։
Կոնվենցիային միացող պետության համար այն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո վաթսուներորդ օրը։
Միանալն ուժի մեջ է մտնում միայն միացող պետության և այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերությունների մասով, որոնք հայտարարած կլինեն միանալն ընդունելու մասին։ Այդպիսի հայտարարությունն ի պահ է հանձնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը. այս նախարարությունը դիվանագիտական ուղիներով ուղարկում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետությանը դրա հաստատված պատճենը։
Կոնվենցիան ինչպես դրան միացող Պետության, այնպես էլ միանալն ընդունելու մասին հայտարարած պետության համար ուժի մեջ է մտնում ընդունելու մասին հայտարարությունն ի պահ հանձնելուց հետո վաթսուներորդ օրը։
Հոդված 40
Ցանկացած պետություն կարող է, ստորագրման, վավերացման կամ միանալու պահին, հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ այդ տարածքներից մեկի կամ մի քանիսի վրա։ Այդ հայտարարությունն ուժի մեջ է մտնում տվյալ պետության համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից։
Հետագայում, ցանկացած ժամանակ Կոնվենցիայի գործողության նման տարածման մասին ծանուցվում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։
Կոնվենցիան այդպիսի տարածքների համար ուժի մեջ է մտնում նախորդ պարբերությունում նշված ծանուցումը ստանալուց հետո վաթսուներորդ օրը։
Հոդված 41
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է հինգ տարի ժամկետով՝ 38-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, նույնիսկ այն պետությունների համար, որոնք այն վավերացրել են կամ դրան միացել են հետագայում։
Եթե Կոնվենցիան չեղյալ չհայտարարվի, ապա դրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է՝ յուրաքանչյուր 5 տարվա համար։
Յուրաքանչյուր չեղյալ հայտարարման մասին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը ծանուցվում է հնգամյա ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ։
Չեղյալ հայտարարումը կարող է սահմանափակվել տարածքներից մի քանիսով, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։
Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում միայն այն պետության առնչությամբ, որն այդ մասին ծանուցում է։ Մյուս Պայմանավորվող պետությունների համար Կոնվենցիան մնում է ուժի մեջ։
Հոդված 42
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է 37-րդ հոդվածում նշված պետություններին, ինչպես նաև 39-րդ հոդվածի դրույթներին համապատասխան միացած պետություններին՝
ա) 37-րդ հոդվածում նշված ծանուցումների,
բ) 38-րդ հոդվածում առաջին պարբերության համաձայն սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու,
գ) 39-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիային միանալու դեպքերի,
դ) 40-րդ հոդվածում նշված Կոնվենցիայի գործողության տարածման դեպքերի և դրանք ուժի մեջ մտնելու ամսաթվերի,
ե) 33-րդ և 35-րդ հոդվածներում նշված նշանակումների, վերապահումների և հայտարարությունների,
զ) 41-րդ հոդվածի երրորդ պարբերությունում նշված չեղյալ հայտարարման դեպքերի մասին։
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Հաագայում, 1970 մարտի 18-ին, անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որն ի պահ է հանձնվում Նիդերլանդների կառավարության արխիվներ, և որի հաստատված պատճենը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի տասնմեկերորդ նստաշրջանին ներկայացված պետություններից յուրաքանչյուրին։
Հայաստանի Հանրապետության վերապահումը և հայտարարությունը «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ
Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումը՝
- Հայաստանի Հանրապետությունը լիովին բացառում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության կիրառումը։
Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ
- Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ մյուս Պայմանավորվող պետության հայցող մարմնի դատական անձնակազմի անդամները ներկա կգտնվեն Հարցման գրությունը կատարելու ընթացքին միայն Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ։
- Կոնվենցիայի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն՝ դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը կամ լիազոր կոմիսար նշանակված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է վերցնել կամավոր վկայություն միայն իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով։
- Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ դիվանագիտական աշխատակիցը, հյուպատոսական գործակալը կամ լիազոր կոմիսարը, որը լիազորված է վկայություն վերցնել 15-րդ, 16-րդ կամ 17-րդ հոդվածների համաձայն կարող է դիմել անհրաժեշտ աջակցության համար Հայաստանի Հանրապետության նշանակած իրավասու մարմնին հարկադիր կարգով վկայություն վերցնելու համար։
- Կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը չի կատարի մինչդատական փաստաթղթերի տրամադրման նպատակով ուղարկված Հարցման նամակները, ինչպես դա ընդունված է Ընդհանուր իրավունքի երկրներում։
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. օգոստոսի 26-ին