ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,
գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1930 թվականի հունիսի 10-ին` իր տասնչորսերորդ նստաշրջանին,
որոշում կայացնելով հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի առաջին կետն է,
որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,
հազար ինը հարյուր երեսուն թվականի հունիսի քսանութին ընդունում է սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել «Հարկադիր աշխատանքի մասին» 1930 թվականի Կոնվենցիա, և որը ենթակա է վավերացման Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամների կողմից` Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության համապատասխան:
Հոդված 1
1 Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է հնարավոր ամենասեղմ ժամկետում վերացնել հարկադիր կամ պարտադիր աշխատանքի կիրառումն իր բոլոր ձևերով:
2. Այդպիսի լրիվ վերացման նպատակով հարկադիր կամ պարտադիր աշխատանքը կարող է կիրառվել միայն հանրային նպատակներով անցումային ժամանակաշրջանում և որպես բացառիկ միջոցառում` ստորև նախատեսված պայմանների և երաշխիքների համաձայն:
3. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հնգամյա ժամկետի լրանալուց հետո և այն ժամանակ, երբ Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը 31-րդ հոդվածով նախատեսված զեկույց է կազմում, նա պետք է քննարկի առանց անցումային ժամանակաշրջանի հարկադիր կամ պարտադիր աշխատանքն իր բոլոր ձևերով վերացնելու հնարավորության մասին հարցը և որոշի այդ հարցը Խորհրդաժողովի օրակարգ մտցնելու նպատակահարմարությունը:
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը նշանակում է` որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
2. Այնուամենայնիվ, «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը սույն Կոնվենցիայի նպատակների համար չի ներառում.
ա) պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքներով պահանջվող և զուտ զինվորական բնույթի ցանկացած աշխատանք կամ ծառայություն,
բ) լրիվ ինքնակառավարվող երկրի քաղաքացիների սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն,
գ) դատարանի կայացրած դատավճռի հետևանքով անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն` այն պայմանով, որ այդ աշխատանքը կամ ծառայությունը կատարվի պետական մարմնի վերահսկողության կամ հսկողության ներքո, և որ նշված անձը չփոխանցվի կամ հանձնվի մասնավոր անձանց, ընկերությունների կամ ընկերակցությունների տնօրինմանը,
դ) արտակարգ իրավիճակների պայմաններում պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, այսինքն` պատերազմի, տարերային աղետի կամ դրա սպառնալիքի դեպքերում, ինչպիսիք են հրդեհները, ջրհեղեղները, սովը, երկրաշարժը, սուր համաճարակները կամ անասնային համաճարակները, կենդանիների, միջատների կամ մակաբույծների հարձակումները և ընդհանրապես այն իրավիճակները, որոնց դեպքում վտանգի են ենթարկվում կամ կարող են ենթարկվել ամբողջ բնակչության կամ նրա մի մասի կյանքը կամ նորմալ կենսապայմանները,
ե) համայնքային բնույթի փոքր ծավալի աշխատանքներ, որոնք կատարվում են տվյալ համայնքի անդամների կողմից համայնքի անմիջական օգուտի համար, և որոնք, հետևաբար, կարող են համարվել համայնքի անդամների սովորական քաղաքացիական պարտականություններ` պայմանով, որ համայնքի անդամները կամ նրանց անմիջական ներկայացուցիչները իրավունք ունենան այդ աշխատանքների նպատակահարմարության վերաբերյալ արտահայտել իրենց կարծիքը:
Հոդված 3
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «իրավասու մարմին» եզրույթը նշանակում է` կամ մետրոպոլ երկրի իշխանության մարմին, կամ տվյալ տարածքի բարձրագույն կենտրոնական մարմին:
Հոդված 4
1. Իրավասու մարմինները չպետք է պարտադրեն կամ թույլատրեն պարտադրել հարկադիր կամ պարտադիր աշխատանք մասնավոր անձանց, ընկերությունների կամ ընկերակցությունների օգտին:
2. Եթե այդպիսի հարկադիր կամ պարտադիր աշխատանքը մասնավոր անձանց, ընկերությունների կամ ընկերակցությունների օգտին գոյություն ունի Կազմակերպության անդամի` սույն Կոնվենցիայի վավերագիրն Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենի գրանցելու պահին, ապա այդ անդամը իր նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից ամբողջովին վերացնում է այդպիսի հարկադիր կամ պարտադիր աշխատանքը:
Հոդված 5
1. Մասնավոր անձանց, ձեռնարկություններին կամ ընկերություններին տրված ոչ մի կոնցեսիա չի ներառում հարկադիր կամ պարտադիր աշխատանքի որևէ ձև արտադրության կամ արտադրանքի հավաքման համար, որոնք մասնավոր անձինք, ընկերությունները կամ ընկերակցություններն օգտագործում են կամ առքուվաճառք են իրականացնում:
2. Եթե հարկադիր կամ պարտադիր աշխատանքի նման ձևը բխում է գործող կոնցեսիայի դրույթներից, ապա այդ դրույթները հնարավորինս սեղմ ժամկետներում վերացվում են՝ սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածին համապատասխանելու նպատակով:
Հոդված 6
Վարչակազմի պաշտոնատար անձինք, երբ նույնիսկ նրանք պարտավոր են խրախուսել իրենց պատասխանատվությանը հանձնված բնակչությանը աշխատանքի որոշ տեսակներում ներգրավելը, չեն կարող պարտադրել բնակչությանը կամ առանձին անձանց աշխատել մասնավոր անձանց, ընկերությունների կամ ընկերակցությունների օգտին:
Հոդված 7
1. Վարչական գործառույթներ չիրականացնող առաջնորդները չեն կարող դիմել հարկադիր կամ պարտադիր աշխատանքի:
2. Վարչական գործառույթներ իրականացնող առաջնորդները իրավասու մարմինների հստակ թույլտվությամբ կարող են կիրառել հարկադիր կամ պարտադիր աշխատանք` սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պայմաններին համապատասխան:
3. Ղեկավարները, որոնք պատշաճ կարգով ճանաչված են և այլ ձևերով համապատասխան վճարում չեն ստանում, կարող են օգտվել անձնական ծառայություններից պատշաճ կանոնակարգման դեպքում և պայմանով, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները չարաշահումները կանխելու համար:
Հոդված 8
1. Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի դիմելու ցանկացած որոշման պատասխանատվությունը կրում է տվյալ տարածքի քաղաքացիական իշխանության բարձրագույն մարմինը:
2. Այնուամենայնիվ, այդ իշխանությունը կարող է տեղական իշխանության բարձրագույն մարմիններին լիազորել, որ նրանք պահանջեն հարկադիր կամ պարտադիր աշխատանք այն դեպքերում, եթե այդպիսի աշխատանքը չի հանգեցնում աշխատողներին իրենց սովորական բնակության վայրից տեղափոխման: Այդ իշխանությունը կարող է նաև սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածով նախատեսված կանոններով սահմանված ժամանակաշրջանում և պայմաններում լիազորել տեղական իշխանության բարձրագույն մարմիններին, որ նրանք ներգրավեն աշխատողներին իրենց սովորական բնակության վայրից տեղափոխմամբ հարկադիր կամ պարտադիր աշխատանքում` պաշտոնեական պարտականությունները կատարելիս պաշտոնատար անձանց տեղաշարժը և վարչակազմի գույքի տեղափոխումը դյուրացնելու նպատակով:
Հոդված 9
Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ ներգրավելու իրավունք ունեցող իշխանության մարմինները, բացառությամբ այն դեպքերի, որոնց վերաբերյալ սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածը այլ բան է նախատեսում, պարտավոր են նախքան այդպիսի աշխատանքի կիրառումը հավաստիանալ, որ
ա) կատարվող աշխատանքը կամ ծառայությունը ուղղակի և կարևոր հետաքրքրություն է ներկայացնում այն կատարող համայնքի համար,
բ) այդ աշխատանքը կամ ծառայությունը ներկա կամ մոտակա անհրաժեշտություն է,
գ) այդ աշխատանքի կամ ծառայության կատարման համար անհնարին էր ստանալ կամավոր աշխատուժ` չնայած որ առաջարկվել էին տվյալ տարածքում համանման աշխատանքի կամ ծառայության համար ոչ պակաս նպաստավոր աշխատավարձ և աշխատանքի պայմաններ, և
դ) այդ աշխատանքը կամ ծառայությունը շատ ծանր բեռ չի լինի բնակչության համար՝ հաշվի առնելով առկա աշխատուժը և տվյալ աշխատանքը կատարելու բնակչության ունակությունները:
Հոդված 10
1. Որպես հարկ պահանջվող հարկադիր կամ պարտադիր աշխատանքը և այն հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, որին դիմում են վարչական գործառույթներ իրականացնող առաջնորդները հասարակական աշխատանք կատարելու համար, պետք է աստիճանաբար վերացվեն:
2. Մինչև այն վերացնելը հարկադիր կամ պարտադիր աշխատանքը որպես հարկ և վարչական գործառույթներ իրականացնող առաջնորդների կողմից որպես հասարակական աշխատանք պահանջվելիս շահագրգիռ իշխանությունները պարտավոր են նախապես հավաստիանալ, որ.
ա) կատարվելիք աշխատանքը կամ ծառայությունը ուղղակի և կարևոր հետաքրքրություն է ներկայացնում այն կատարող համայնքի համար,
բ) այդ աշխատանքը կամ ծառայությունը ներկա կամ մոտակա անհրաժեշտություն է,
գ) այդ աշխատանքը կամ ծառայությունը շատ ծանր բեռ չի լինի բնակչության համար՝ հաշվի առնելով առկա աշխատուժը և տվյալ աշխատանքը կատարելու բնակչության ունակությունները,
դ) այդ աշխատանքի կամ ծառայության կատարումը չի հանգեցնի աշխատողներին իրենց սովորական բնակության վայրից տեղափոխման,
ե) այդ աշխատանքի կամ ծառայության ղեկավարումը պետք է ընթանա կրոնի, հասարակական կյանքի և գյուղատնտեսության պահանջներին խիստ համապատասխան:
Հոդված 11
1. Միայն արական սեռի չափահաս աշխատունակ անձինք, որոնց տարիքն ակնհայտորեն ցածր չէ 18-ից և բարձր չէ 45-ից, կարող են ներգրավվել հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում: Բացառությամբ սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված աշխատանքների տեսակների` կիրառվում են հետևյալ սահմանափակումները և պայմանները.
ա) բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է, նախապես ունենալ վարչակազմի նշանակած բժշկի հավաստումը այն մասին, որ տվյալ անձինք չեն տառապում որևէ վարակիչ հիվանդությամբ, և որ նրանք ֆիզիկապես պիտանի են նշանակված աշխատանքների համար և այն պայմաններին, որտեղ այն պետք է կատարվի,
բ) դպրոցական ուսուցիչների և աշակերտների, ինչպես նաև ամբողջ վարչակազմի պաշտոնյաներին ազատելը,
գ) յուրաքանչյուր համայնքում ընտանեկան և սոցիալական կյանքի համար անհրաժեշտ թվաքանակով չափահաս և աշխատունակ տղամարդկանց թողնելը,
դ) ընտանեկան և ամուսնական կապերը հարգելը:
2. 1-ին կետի «գ» ենթակետում նշված նպատակների համար սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածով նախատեսված կանոնակարգումն ամրագրում է բնակչության հիմնական աշխատունակ տղամարդկանց թվից այն անձանց քանակը, որոնք կարող են միաժամանակ ներգրավվել հարկադիր կամ պարտադիր աշխատանքում` այն պայմանով, որ այդ մասը ոչ մի դեպքում չի գերազանցի այդ բնակչության 25 տոկոսը: Այդ քանակը սահմանելիս իրավասու իշխանությունները հաշվի են առնում բնակչության խտությունը, այդ բնակչության սոցիալական և ֆիզիկական զարգացումը, տարվա ժամանակը և աշխատանքների բնույթը, որոնք պետք է կատարվեն տվյալ անձանց կողմից իրենց բնակավայրում, և ընդհանրապես նկատի են ունենում տվյալ համայնքի նորմալ կյանքի տնտեսական և սոցիալական կարիքները:
Հոդված 12
1. Առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում որևէ անձ կարող է ներգրավվել հարկադիր կամ պարտադիր աշխատանքի տարբեր ձևերում, տարվա ընթացքում չի կարող գերազանցել վաթսուն օրը` ներառյալ աշխատանքի վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:
2. Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ ներգրավված յուրաքանչյուր աշխատողի տրվում է վկայական, որում նշվում են այդպիսի աշխատանքներում նրա աշխատած ժամանակահատվածները:
Հոդված 13
1. Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ ներգրավված յուրաքանչյուր անձի համար բնականոն աշխատանքային օրվա տևողությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին սահմանված է կամավոր աշխատանքի համար, իսկ բնականոն աշխատանքային օրը գերազանցելու դեպքում կատարած աշխատանքը վճարվում է նույն դրույքներով, որոնք կիրառվում են կամավոր աշխատանքների արտաժամյա վճարման դեպքում:
2. Շաբաթվա մեջ մեկ հանգստյան օր է հատկացվում հարկադիր կամ պարտադիր աշխատանքի որևէ ձևում ներգրավված բոլոր անձանց, և հնարավորության դեպքում այդ օրը համընկնում է հանգստի այն օրվա հետ, որը սահմանված է տվյալ տարածքների կամ շրջանների ավանդույթներով կամ սովորույթներով:
Հոդված 14
1. Բացառությամբ սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված հարկադիր կամ պարտադիր աշխատանքների` հարկադիր կամ պարտադիր աշխատանքի բոլոր ձևերը վարձատրվում են կանխիկ գումարով` ըստ դրույքաչափերի, որոնք չեն կարող ցածր լինել համանման աշխատանքների տեսակի համար կիրառվող դրույքաչափերից այն շրջանում, որտեղ տեղի են ունենում աշխատանքները, կամ որտեղ հավաքագրվում են աշխատողները. ընդ որում կիրառվում է ամենաբարձր դրույքաչափը:
2. Այն դեպքերում, երբ աշխատանքը կարգադրվում է վարչական պարտավորություններ կատարող առաջնորդների կողմից, նախորդ կետով նախատեսված պայմաններում աշխատավարձերի վճարումը կատարվում է հնարավորինս կարճ ժամկետներում:
3. Աշխատավարձերը վճարվում են յուրաքանչյուր աշխատողին անհատապես, այլ ոչ թե ցեղի առաջնորդին կամ որևէ այլ մարմնի:
4. Աշխատավարձ ստանալու նպատակով աշխատանքի վայր մեկնելու և վերադառնալու վրա ծախսված օրերը համարվում են որպես աշխատած օրեր:
5. Սույն հոդվածը չի կարող արգելք հանդիսանալ, որ աշխատավարձի մի մասի փոխարեն աշխատողներին տրվի սովորական պարենամթերք` պայմանով, որ այդ պարենամթերքի արժեքն առնվազն համարժեք լինի այն գումարային արժեքին, որին պետք է փոխարինի: Սակայն աշխատավարձից պահումներ չեն կատարվի հարկի կամ հատուկ սննդի, հագուստի, աշխատանքի գործիքների կամ աշխատողներին հատկացված բնակարանի համար, որոնք նրանց տրամադրվում են միայն աշխատանքի հատուկ պայմաններում աշխատանքը շարունակելուն աջակցելու նպատակով:
Հոդված 15
1. Արտադրական պատահարների և մասնագիտական հիվանդությունների փոխհատուցում և մահացած կամ աշխատունակությունը կորցրած աշխատողների խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցում նախատեսող օրենսդրությունը, որը գործում է կամ կգործի տվյալ տարածքում, հավասարապես կիրառվում է հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում ներգրավված անձանց նկատմամբ այնպես, ինչպես կամավոր աշխատանքներում ներգրավված անձանց նկատմամբ:
2. Ամեն դեպքում աշխատողներին հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում ներգրավող ցանկացած մարմնի վրա դրվում է աշխատողների ապրուստն ապահովելու պարտավորություն, եթե արտադրական պատահարների կամ մասնագիտական հիվանդության հետևանքով նրանք ամբողջությամբ կամ մասամբ զրկվել են վաստակելու ունակությունից: Այդ մարմնի վրա դրվում է նաև աշխատանքի հետևանքով աշխատողի մահանալու կամ նրա աշխատունակության կորստի դեպքում վերջինիս խնամքի տակ իրականում գտնվող ցանկացած անձի ապրուստն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու պարտավորություն:
Հոդված 16
1. Բացառությամբ հատուկ անհրաժեշտության դեպքերի` հարկադիր կամ պարտադիր աշխատանքում ներգրավված անձինք չեն կարող տեղափոխվել այնպիսի շրջաններ, որտեղ սնունդը և կլիմայական պայմաններն այնպես զգալիորեն են տարբերվում իրենց սովորածից, որ վտանգվում է նրանց առողջությունը:
2. Աշխատողների այդպիսի տեղափոխումը ոչ մի դեպքում չի կարող թույլատրվել, եթե աշխատողների տեղավորման և նրանց առողջության պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի և բնակարանային պայմանների նկատմամբ բոլոր միջոցները խստիվ չեն ձեռնարկվել:
3. Եթե այդպիսի տեղափոխումը անխուսափելի է, իրավասու բժշկական հաստատությունների հետ խորհրդակցելուց հետո միջոցներ են ձեռնարկվում աշխատողներին աստիճանաբար սննդի և կլիմայական նոր պայմաններին հարմարեցնելու համար:
4. Այն դեպքերում, երբ աշխատողներից կպահանջվի նրանց համար անսովոր աշխատանքների կանոնավոր կատարում, միջոցներ կձեռնարկվեն այդ տեսակի աշխատանքներին նրանց հարմարեցնելու ապահովման համար, մասնավորապես, աստիճանաբար ուսուցման, աշխատաժամանակի, հանգստի համար ընդմիջումների կազմակերպման և սննդի բարելավման կամ ավելացման համար, երբ դա անհրաժեշտ է:
Հոդված 17
Նախքան շինարարական կամ նորոգման աշխատանքների կատարման համար աշխատողներին հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում ներգրավումը թույլատրելը, որի հետևանքով աշխատողները երկար ժամկետով ստիպված կլինեն մնալ աշխատավայրերում, իրավասու մարմինը պարտավոր է հավաստիանալ, որ.
1. ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատողների առողջության և անհրաժեշտ բժշկական օգնության ապահովման համար, մասնավորապես՝ ա) այդ աշխատողները ենթարկվում են բժշկական զննության մինչև աշխատանքների սկսվելը և որոշակի պարբերականությամբ` աշխատանքի ընթացքում, բ) նախատեսվել է բժշկական անձնակազմի բավարար քանակի ապահովում, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ ամբուլատորիաների, բուժարանների, հիվանդանոցների ստեղծում և անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովում, և գ) աշխատավայրում բավարար չափով ապահովված են սանիտարական բարենպաստ պայմանները՝ խմելու ջրի մատակարարումը, սննդամթերքը, վառելանյութը, ինչպես նաև խոհանոցային պարագաները և, անհրաժեշտության դեպքում, հագուստի և բնակարանի հատկացումը,
2. ձեռնարկվել են համապատասխան միջոցներ աշխատողների ընտանիքների ապրուստն ապահովելու համար, մասնավորապես, աշխատողի խնդրանքով կամ համաձայանությամբ, վերջինիս աշխատավարձի մի մասն ապահով եղանակով ընտանիքին փոխանցելը դյուրացնելու միջոցով,
3. ապահովվել է աշխատողների աշխատանքի մեկնելը և վերադառնալը վարչակազմի պատասխանատվությամբ և հաշվին, որը կդյուրացնի ուղևորությունը՝ օգտագործելով տրանսպորտի բոլոր մատչելի միջոցները,
4. հիվանդության կամ դժբախտ պատահարների դեպքում, որի արդյունքում աշխատավորը ժամանակավորապես կորցնում է աշխատունակությունը, աշխատավորի վերադարձը իր մշտական բնակավայր իրականացվում է վարչակազմի հաշվին,
5. հարկադիր կամ պարտադիր աշխատանքի ժամկետի ավարտից հետո նույն տեղում որպես կամավոր աշխատող մնալու ցանկության դեպքում յուրաքանչյուր աշխատող իրավունք կունենա դա անելու` չզրկվելով իր մշտական բնակավայր երկու տարվա ընթացքում անվճար վերադառնալու իրավունքից:
Հոդված 18
1. Անձանց կամ բեռների փոխադրման նպատակով կատարվող հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, ինչպես, օրինակ, բեռնակիրների, թիավարների աշխատանքն է, վերացվում է հնարավորինս կարճ ժամկետում: Մինչև դրա վերացումը իրավասու մարմինը պարտավոր է հրապարակել կանոնակարգ, որը, inter alia, կսահմանի. ա) որ աշխատանքի այդ ձևը կօգտագործվի միայն վարչակազմի պաշտոնյաների տեղաշարժը դյուրացնելու համար՝ նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակ կամ վարչակազմի գույքը տեղափոխելու համար կամ, խիստ անհրաժեշտության դեպքում, ոչ պաշտոնատար անձանց տեղափոխման համար, բ) որ այդպիսի բեռնափոխադրումներում կներգրավվեն միայն աշխատող այն տղամարդիկ, որոնք բժշկական զննությամբ ֆիզիկապես ունակ են ճանաչվել, երբ այդպիսի զննությունը հնարավոր է, իսկ եթե հնարավոր չէ, անձը, որը ընդունում է այդպիսի աշխատողներ, պարտավոր է իր պատասխանատվությամբ հավաստիանալ, որ նրանք ունեն համապատասխան ֆիզիկական ունակություններ և հիվանդ չեն վարակիչ հիվանդությամբ, գ) բեռի առավելագույն քաշը, որը աշխատողը պետք է կրի, դ) այն առավելագույն տարածությունը, որի չափով աշխատավորները կարող են հեռացվել իրենց մշտական բնակավայրից, ե) ամսվա ընթացքում կամ ցանկացած այլ ժամանակաշրջանում այն առավելագույն օրերի թիվը, որոնց ընթացքում աշխատավորները կարող են ներգրավվել աշխատանքի մեջ. ընդ որում այդ թիվը ներառում է բնակավայր վերադառնալու համար անհրաժեշտ օրերը, զ) հարկադիր կամ պարտադիր աշխատանքի այդպիսի ձևում ներգրավելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև նրանց կողմից հարկադիր կամ պարտադիր աշխատանք պահանջվելու իրավասության շրջանակները.
2. 1-ին կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում հիշատակված առավելագույնի որոշման ժամանակ իրավասու մարմինը հաշվի է առնում հարցին վերաբերող բոլոր պատշաճ գործոնները, մասնավորապես, աշխատուժ հատկացնող բնակչության ֆիզիկական ունակությունները, երթուղու բնույթը, ինչպես նաև կլիմայական պայմանները:
3. Դրանից բացի` իրավասու մարմինը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի բեռնակիրների ամենօրյա նորմալ երթուղին չգերազանցի օրվա 8 ժամյա միջին տևողությանը համապատասխանող տարածությունը. ընդ որում այդ տարածության որոշման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն բեռի քաշը և երթուղու երկարությունը, այլև ճանապարհի վիճակը, տարվա ժամանակը և դրան վերաբերող բոլոր պատշաճ գործոնները: Արտաժամյա աշխատանքի անհրաժեշտության դեպքում այդպիսի աշխատանքը վճարվում է սովորական դրույքաչափերը գերազանցող դրույքաչափերով:
Հոդված 19
1. Իրավասու մարմինը թույլ է տալիս կիրառել հողի հարկադիր մշակում միայն սովի կանխման նպատակով կամ պարենամթերքի անբավարարության դեպքում և միշտ այն պայմանով, որ դրա հետևանքով ստացված գյուղատնտեսական բոլոր մթերքները կամ պարենամթերքը մնան դրանք արտադրած անձանց կամ համայնքի սեփականության ներքո:
2. Սույն հոդվածը չպետք է մեկնաբանվի որպես համայնքի անդամների` աշխատանք կատարելու պարտավորությունների դադարեցում, որը պահանջվում է համայնքի կողմից՝ օրենքով կամ սովորույթներով, եթե արտադրությունը կազմակերպված է օրենքներին և սովորույթներին համապատասխան կոլեկտիվ հիմունքներով, և եթե մթերքները կամ այդ մթերքների վաճառքից ստացված շահույթը մնում են համայնքի սեփականությունը:
Հոդված 20
Համայնքի որևէ անդամի կողմից կատարված հանցագործության համար համայնքի նկատմամբ կիրառվող կոլեկտիվ պատիժ նախատեսող օրենսդրությունը չի կարող որպես պատիժ նախատեսել համայնքի հարկադիր կամ պարտադիր աշխատանքը:
Հոդված 21
Հարկադիր կամ պարտադիր աշխատանքը չի կիրառվում հանքահորերում ստորգետնյա աշխատանքների կատարման ժամանակ:
Հոդված 22
Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության անդամները, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, համաձայնում են Աշխատանքի միջազգային բյուրո ներկայացնել սույն Կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված միջոցառումների մասին տարեկան զեկույցներ, որոնք պետք է բովանդակեն յուրաքանչյուր համապատասխան տարածքի վերաբերյալ հնարավոր առավել ամբողջական տեղեկություն այդ տարածքում հարկադիր կամ պարտադիր աշխատանքի կիրառման շրջանակի, այդ աշխատանքի կիրառման նպատակների, հիվանդության և մահացության չափի, աշխատանքային օրվա տևողության, աշխատավարձի չափի և դրա դրույքաչափերի, վճարման մեթոդների մասին, ինչպես նաև համապատասխան այլ տեղեկություններ:
Հոդված 23
1. Սույն Կոնվենցիայի դրույթները կատարելու նպատակով իրավասու մարմինը ընդունում է հարկադիր կամ պարտադիր աշխատանքի օգտագործման հստակ և ամբողջական նորմեր:
2. Այդ նորմերը inter alia բովանդակում են կանոններ, որոնք հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ ներգրավված յուրաքանչյուր անձի թույլատրում են իշխանություններին ներկայացնել իր աշխատանքի պայմանների վերաբերյալ բողոք և երաշխավորում, որ նման բողոքները կքննվեն և կքննարկվեն:
Հոդված 24
Բոլոր դեպքերում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում հարկադիր կամ պարտադիր աշխատանքի նորմերի խստորեն կիրառումը ապահովելու համար` կամավոր աշխատանքի հսկողություն նպատակով ստեղծված` արդեն գոյություն ունեցող ցանկացած տեսչության պարտականությունները հարկադիր կամ պարտադիր աշխատանքի վրա տարածելու միջոցով կամ որևէ այլ համապատասխան ձևով: Միջոցներ են ձեռնարկվում նաև, որ հարկադիր կամ պարտադիր աշխատանքում ներգրավված անձինք իրազեկվեն այդ նորմերի մասին:
Հոդված 25
Հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում անօրինական ներգրավելը պետք է քրեորեն պատժելի լինի, և սույն Կոնվենցիան վավերացնող յուրաքանչյուր անդամ պարտավոր է երաշխավորել օրենքով նախատեսված պատժամիջոցների իրական համապատասխանությունը և խստիվ կիրառումը:
Հոդված 26
1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավոր է կիրառել այն իր ինքնիշխանության, իրավազորության, հովանավորության, կախյալ իշխանության, խնամակալության կամ կառավարման ներքո գտնվող տարածքների նկատմամբ այնքանով, որքանով նա իրավունք ունի ստանձնելու ներքին իրավասության հարցերին առնչվող պարտավորություններ: Այնուամենայնիվ, եթե այդ անդամը ցանկանում է օգտվել Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի դրույթներից, նա պետք է վավերագրին կից ներկայացնի հայտարարություն՝ նշելով.
1) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը մտադիր է կիրառելու սույն Կոնվենցիայի դրույթներն առանց փոփոխությունների,
2) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը մտադիր է կիրառելու սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով և` վերջիններիս մանրամասները,
3) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունելու:
2. Նշված հայտարարությունը համարվում է վավերագրի անբաժանելի մասը և ունի վավերացմանը հավասար ուժ: Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հետագայում հայտարարության միջոցով լիովին կամ մասնակիորեն հրաժարվելու սույն հոդվածի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն` իր նախորդ հայտարարությունում արված վերապահումներից:
Հոդված 27
Սույն Կոնվենցիայի վավերագրերը Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրությանը համապատասխան գրանցելու նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:
Հոդված 28
1. Սույն Կոնվենցիան պարտադիր է միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային բյուրոյի կողմից:
2. Այն ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:
Հոդված 29
Աշխատանքի միջազգային բյուրոյի կողմից Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերի գրանցումից հետո Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը այդ մասին տեղեկացնում է Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին: Նա նաև ծանուցում է հետագայում Կազմակերպության այլ անդամների վավերագրերի գրանցման մասին:
Հոդված 30
1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյի կողմից չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ հնգամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր հնգամյա ժամկետը լրանալուց հետո:
Հոդված 31
Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:
Հոդված 32
1. Այն դեպքում, եթե խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 30-րդ հոդվածի դրույթներից, առաջ կբերի սույն Կոնվենցիայի անհետաձգելի չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի:
2. Նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:
3. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:
Հոդված 33
Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
Ուժի մեջ է մտել 17.12.2005թ.