ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
7 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՄԻԱՏԵՍԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված «Սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)՝ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառման, ինչպես նաև դրա ձևավորման ու վարման կարգի մասին» հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հավատարմագրման մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու և այն արդիականացնելու համար համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկությունները (այսուհետ համապատասխանաբար՝ տեղեկություններ, միասնական ռեեստր) Հանձնաժողով միատեսակ ներկայացնելն ապահովելու նպատակով,
հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից`
ապահովել միասնական ռեեստրում ներառելու (կամ այն արդիականացնելու) նպատակով տեղեկությունները Հանձնաժողով գրավոր կամ էլեկտրոնային տեսքով Excel ձևաչափով ներկայացնելը՝ հաշվի առնելով հետևյալ պահանջները՝
տեղեկությունների կազմում նշվում են հավատարմագրման վկայականի գործողության կարգավիճակը («գործում է» կամ «չի գործում») և դրա գործողության դադարեցման ամսաթիվը: «Չի գործում» կարգավիճակը տրվում է այն հավատարմագրման վկայականին, որի գործողության ժամկետն ավարտվել է կամ որի գործողությունը կասեցվել է հավատարմագրման ամբողջ բնագավառի նկատմամբ.
գործունեության գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցե) և իրականացման վայրի հասցեի (հասցեների) մասին (եթե հասցեները տարբերվում են) տեղեկությունների կազմում նշվում են փոստային դասիչը, վարչատարածքային միավորը (հանրապետություն, երկիր, մարզ) (եթե առկա է), բնակավայրը, փողոցը, տան (կորպուսի, շինության) համարը, գրասենյակի համարը (եթե առկա է).
կոնտակտային հեռախոսի և ֆաքսի համարը (եթե առկա է) նշվում է երկրի ծածկագրի և քաղաքի ծածկագրի հետ՝ առանց միջակայքերի և այլ տեխնիկական նշանների.
հավատարմագրման վկայականի գրանցման ամսաթիվը և դադարեցման ամսաթիվը նշվում է օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով: Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ չի նախատեսվում հավատարմագրման վկայականի գործողության ժամկետի սահմանում, հավատարմագրման վկայականի գործողության ժամկետի նկատմամբ նշվում է «սահմանված չէ».
հավատարմագրման մարմինների և (կամ) փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման բնագավառի մասին տեղեկությունների կազմում նշվում են նաև Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգի անվանումը և դրա նշագիրը, որը կազմված է «ԵԱՏՄ ՏԿ» (ՄՄ ՏԿ) հապավումից, հերթական համարից և տեխնիկական կանոնակարգի ընդունման տարեթվից, որոնք նշվում են «/» բաժանարար գծով.
հավատարմագրման վկայականի գործողության ժամկետը կասեցնելու դեպքում համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման բնագավառի, հավատարմագրման բնագավառի կրճատման կամ ընդլայնման մասի նկատմամբ արդիականացված տվյալներում նշվում է մարմնի հավատարմագրման բնագավառը, որի նկատմամբ գործում է վկայականը՝ որպես տեղեկությունների ներկայացման ամսաթվի կարգավիճակ նշելով «գործում է ...-ից» (ամսաթիվը նշվում է օօ/աա/տտտտ ձևաչափով).
համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրից հանելու դեպքում համապատասխան տեղեկություններ պարունակող տողը չի հեռացվում միասնական ռեեստրից, հավատարմագրման վկայականին տրվում է «չի գործում» կարգավիճակ և նշվում է նշված մարմինը միասնական ռեեստրից հանելու ամսաթիվը.
համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրում ներառելու մասին տեղեկությունները նշվում են նոր տողից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |