«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11213364
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
2 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
թիվ 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ և 27-րդ հոդվածի 4-րդ մասերի`
Հրամայում եմ՝
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը` համաձայն հավելված 1-ի,
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայողական քննության անցկացման կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Հավելված 1 ՀՀ ոստիկանության պետի 2013 թվականի օգոստոսի 2-ի N 12-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով և դեպքերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) զորքերում ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեն.
1) ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարը` ոստիկանության զորքերի բոլոր ստորաբաժանումներում կատարված իրավախախտումների գործերով.
2) ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարը` իր ենթակայության ստորաբաժանումների զինծառայողների, բացառությամբ` զորամասի հրամանատարի տեղակալների կողմից կատարված իրավախախտումների գործերով:
Հավելված 2 ՀՀ ոստիկանության պետի 2013 թվականի օգոստոսի 2-ի N 12-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ոստիկանության զորքերի զինծառայողների (այսուհետ` զինծառայող) կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների) փաստերով ծառայողական քննության նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայողական քննությունն Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:
3. Ծառայողական քննությունը նպատակ ունի ապահովելու՝
1) Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը,
2) զինվորական կարգապահության ամրապնդումը, զինծառայողի կողմից կատարված իրավախախտման ժամանակին բացահայտումը,
3) ծառայողական քննությամբ պարզման ենթակա հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզումը,
4) իրավախախտումների կանխարգելումը և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը,
5) զինծառայողների` սույն կարգով նախատեսված դեպքերում իրավունքների մինչ-դատական պաշտպանությունը, ինչպես նաև անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված զինծառայողի հեղինակության վերականգնումը:
4. Ծառայողական քննությամբ պարզման ենթակա հանգամանքներն են`
1) զինծառայողի առնչությունն իրավախախտմանը և նրա մեղավորությունը,
2) այլ անձանց առնչությունն ու մեղավորությունը զինծառայողի կողմից կատարված իրավախախտմանը,
3) իրավախախտումների առաջացմանը նպաստող պայմանները,
4) իրավախախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը,
5) իրավախախտմանն առնչվող այլ հանգամանքները:
II. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5. Ծառայողական քննություն անցկացնող անձն իրավասու է կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենքով և սույն կարգով:
6. Ծառայողական քննության ընթացքում բոլոր զինծառայողներն, անկախ զբաղեցրած պաշտոնից, կոչումից և այլ հանգամանքներից, հավասար են օրենքի առջև:
7. Զինծառայողն իրավախախտում կատարելու մեջ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ծառայողական քննություն նշանակած հրամանատարի (պետի) կամ նրանից բարձր պետի կողմից հաստատված ծառայողական քննության եզրակացությամբ: Զինծառայողի մեղավորությունն ապացուցելու, ինչպես նաև նրա կողմից ի պաշտպանություն իրեն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է ծառայողական քննություն անցկացնող անձը:
8. Մինչև ծառայողական քննության ավարտն արգելվում է իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողին շնորհել զինվորական կոչում, նշանակել այլ պաշտոնի, տրամադրել արձակուրդ կամ գործուղել, իր նախաձեռնությամբ արձակել զինվորական ծառայությունից:
9. Ծառայողական քննությունն անցկացվում է հայերեն: Ծառայողական քննության բոլոր մասնակիցները, բացառությամբ` ծառայողական քննություն նշանակած հրամանատարի (պետի), ծառայողական քննություն անցկացնող անձի, իրավախախտում թույլ տված զինծառայողի և այլ զինծառայողների, իրավունք ունեն հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում են:
10. Հայերենին չտիրապետող ծառայողական քննության մասնակիցների համար անվճար ապահովվում է թարգմանչի մասնակցություն: Օտար լեզվով փաստաթղթերը ծառայողական քննության նյութերին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ: Անհրաժեշտության դեպքում ծառայողական քննությանը կարող է ներգրավվել համրի և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձ, որի մասնակցությամբ կատարված ծառայողական քննության գործողությունները ենթակա են տեսաձայնագրման:
III. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
11. Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝
1) զինծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին այլ զինծառայողների, քաղաքացիների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, լրատվության միջոցների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտարարությունները, հաղորդումներն ու դիմումները,
2) դատախազի, քննիչի հաղորդումը կամ միջնորդագիրը՝ զինծառայողի կատարած իրավախախտման, պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների մասին,
3) զինծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,
4) վերադաս հրամանատարների (պետերի) հրամանները,
5) իրավախախտման փաստի անմիջական հայտնաբերումը,
6) զինծառայողի զեկուցագիրը` օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն նշանակելու մասին` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածների վերացման կամ իր իրավունքների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու նպատակով,
7) ստուգումներ կատարող հանձնաժողովների եզրակացություններն ու նրանց ղեկավարների գրավոր հայտարարությունները:
12. Ծառայողական քննություն պարտադիր նշանակվում և անցկացվում է հետևյալ դեպքերում.
1) սպայի կողմից կատարված կարգապահական իրավախախտման, սպայական կոչում չունեցող զինծառայողի կողմից կատարված կարգապահական կոպիտ իրավախախտման, ինչպես նաև պետությանը պատճառած նյութական վնասի,
2) զորամասերում փաստաթղթային ստուգումների արդյունքներով հայտնաբերված իրավախախտումների,
3) ռազմական տեխնիկայի ոչ իրավաչափ օգտագործման կամ մոտոռեսուրսների գերածախսի (եթե տվյալ իրավախախտումը թույլ է տրվել հրամանատարի (պետի) կարգադրությամբ, ապա ծառայողական քննությունն անցկացվում է վերադաս հրամանատարի (պետի) կողմից),
4) զինծառայողի ծառայողական վկայականի (զինվորական գրքույկի), հաշվարկային գրքույկի, ինչպես նաև հատուկ պահպանության ենթակա այլ փաստաթղթի կորստի կամ փչացնելու,
5) զինծառայողի աշխատունակության ժամանակավոր կորուստ առաջացրած պատահարի,
6) նախաքննության մարմնի կամ կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ,
7) օրենքով սահմանված այլ դեպքերում:
13. Ծառայողական քննությունը նշանակվում է այն նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից` անհատական իրավական ակտ արձակելու կամ սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի վրա համապատասխան գրավոր նշում (մակագրություն) կատարելու միջոցով: Իրավախախտման բնույթից ելնելով` ծառայողական քննության անցկացումը հանձնարարվում է կոնկրետ բնագավառում առավել փորձառու զինծառայողի (ոստիկանության ծառայողի կամ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձի), իսկ առանձին դեպքերում` նաև այդպիսի անձանց խմբի:
14. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննություն անցկացնող անձը (խմբի ղեկավարը) այդ մասին զեկուցում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին), որը կասեցնում է ծառայողական քննությունը և նշանակում հետաքննություն՝ այդ մասին սահմանված կարգով և ժամկետում գրավոր հայտնելով կայազորի զինվորական դատախազին, կամ ծառայողական քննության նյութերն ուղարկում վերջինիս՝ հետագա ընթացքը որոշելու համար: Ուղարկված նյութերի պատճենները պահպանվում են ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումում:
15. Ծառայողական քննությունն անցկացվում է դրա նշանակման օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետը ծառայողական քննությունն անցկացնող անձի կամ խմբի ղեկավարի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած հրամանատարի (պետի) որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով: Ծառայողական քննության ժամկետը երկարաձգելիս պետք է պահպանվեն Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
16. Ծառայողական քննության ժամկետները երկարաձգելու մասին ծառայողական քննություն անցկացնող անձը կամ խմբի ղեկավարը պարտավոր է այդ մասին սեղմ ժամկետում գրավոր իրազեկել այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է դիմումը կամ հաղորդումը:
17. Ծառայողական քննություն նշանակած հրամանատարը քննություն անցկացնող անձի կամ խմբի ղեկավարի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա կարող է ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնել ծառայողական քննությունը.
1) իրավախախտման փաստով հետաքննություն նշանակելիս` մինչև նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելը,
2) նախաքննության մարմին ուղարկված ծառայողական քննության նյութերով` մինչև քննիչի կողմից վերջնական որոշում կայացնելը կամ մինչև զինծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը,
3) եթե ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո իրավախախտում թույլ տված զինծառայողը չի բացահայտվել, բայց ոչ ավելի, քան իրավախախտման կատարման պահից 6 ամիս ժամկետով,
4) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողի ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու դեպքերում, եթե առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը, բայց ոչ ավելի, քան իրավախախտման կատարման պահից 4 ամիս ժամկետով,
5) անհաղթահարելի ուժի դեպքում, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության անցկացմանը, բայց ոչ ավելի, քան դրա առաջացումից 3 ամիս ժամկետով:
18. Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հիմքերը վերանալու դեպքերում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության անցկացման ընդհանուր ժամկետը չի ներառում դրա կասեցման ժամանակահատվածը: Ծառայողական քննությունը ավարտվում է վերսկսվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետները լրանալուց հետո ծառայողական քննությունը կարող է շարունակվել բացառիկ դեպքերում, եթե իրավախախտման կատարման հանգամանքների և առաջացման պատճառների բացահայտումը կարող է նպաստել հետագայում նման իրավախախտումների կանխարգելմանն ու կանխմանը:
20. Ծառայողական քննությունը դադարեցվում է, եթե.
1) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողը մահացել է,
2) լրացել է սույն կարգի 17-րդ կետով նախատեսված` ծառայողական քննությունը կասեցնելու առավելագույն ժամկետը:
21. Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնող անձը կամ խմբի ղեկավարը կազմում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարի (պետի) հաստատմանը:
IV. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
22. Ծառայողական քննության մասնակիցներն են.
1) ծառայողական քննություն նշանակած հրամանատարը (պետը), ծառայողական քննություն անցկացնող անձի անմիջական ղեկավարը, ծառայողական քննություն անցկացնող անձը, խմբի անդամը (այսուհետև՝ ծառայողական քննություն անցկացնող անձ) և իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողը,
2) ծառայողական քննությանն աջակցող անձինք՝ մասնագետը և թարգմանիչը,
3) այլ անձինք` զինծառայողներ, ոստիկանության ծառայողներ կամ քաղաքացիներ, որոնք իրավախախտման դեպքի, դրա կատարման մեջ կասկածվող զինծառայողի մեղավորության կամ անմեղության, ինչպես նաև իրավախախտմանն առնչվող այլ հանգամանքների մասին կարող են հաղորդել անհրաժեշտ տեղեկատվություն:
23. Ծառայողական քննություն անցկացնող անձը.
1) սահմանված ժամկետներում անցկացնում է լրիվ, բազմակողմանի, հիմնավորված և օբյեկտիվ ծառայողական քննություն՝ կատարված գործողությունները ամրագրելով գրավոր կերպով,
2) ծառայողական քննություն նշանակած հրամանատարի (պետի), իր անմիջական ղեկավարի, ինչպես նաև ծառայողական քննություն անցկացնող խմբի ղեկավարի պահանջով պարբերաբար նրանց է ներկայացնում ծառայողական քննության նյութերը և զեկուցում քննության ընթացքի մասին,
3) պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով պահանջում է փաստաթղթեր, նյութեր և տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել իրավախախտման և դրա կատարմանն առնչվող անձանց մասին,
4) վերցնում է գործի համար նշանակություն ունեցող և ոստիկանության զորքերի ցանկացած ստորաբաժանումում պահվող կամ գտնվող իրեր և փաստաթղթեր,
5) վերցնում է բացատրություններ իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողից և այլ անձանցից,
6) կատարում է զննություն,
7) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողին վերջինիս ցանկությամբ ծանոթացնում է ծառայողական քննության եզրակացությանը,
8) իր իրավասության սահմաններում քննարկում է իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողի ներկայացրած միջնորդությունները, դրանք լրիվ կամ մասնակի մերժելու դեպքում այդ մասին գրավոր իրազեկում միջնորդություն ներկայացրած զինծառայողին,
9) պարզաբանում է իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողի, այլ անձի, մասնագետի և թարգմանչի իրավունքներն ու պարտականությունները:
24. Ծառայողական քննություն անցկացնող անձը ծառայողական քննության անցկացման ողջ ընթացքում ծառայողական քննությանն առնչվող հարցերով հաշվետու է բացառապես ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին) և իր անմիջական ղեկավարին, իսկ խմբի անդամը` նաև խմբի ղեկավարին: Ծառայողական քննության մյուս մասնակիցները, անկախ զբաղեցրած պաշտոնից և կոչումից, պարտավոր են կատարել ծառայողական քննություն անցկացնող անձի` օրենքից և սույն կարգից դրույթներից բխող պահանջները:
25. Ծառայողական քննություն անցկացնող անձի անմիջական ղեկավարը լիազորված է.
1) ծառայողական քննության անցկացումը գրավոր նշումով (մակագրությամբ) հանձնարարել իրեն անմիջականորեն ենթակա զինծառայողի,
2) ծառայողական քննություն անցկացնող անձին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ,
3) ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության անցկացումը գրավոր նշումով (մակագրությամբ) հանձնարարել իրեն անմիջականորեն ենթակա այլ զինծառայողի` այդ մասին պատճառաբանված զեկուցագիր ներկայացնելով ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին),
4) գրավոր նշումով (ստորագրությամբ) համաձայնել ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը:
26. Իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողն իրավունք ունի.
1) իմանալու, թե ինչի մեջ է կասկածվում,
2) ծառայողական քննությանը ներգրավվելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ինչի մասին նշվում է բացատրության մեջ և հավաստվում զինծառայողի ստորագրությամբ,
3) ծառայողական քննություն անցկացնող անձին փոխարինելու խնդրանքով զեկուցագրով դիմելու ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին), եթե առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն անցկացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է ծառայողական քննության ելքով,
4) գրավոր միջնորդություններ ներկայացնել ծառայողական քննության ընթացքում առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև իր մեղքը բացառող կամ պատասխանատվությունը մեղմացնող փաստական տվյալները ծառայողական քննության նյութերին կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ,
5) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ,
6) ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության հաստատվելուց հետո ծանոթանալ դրան:
27. Իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողը պարտավոր է.
1) ծառայողական քննություն անցկացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության անցկացման վայր և տալ գրավոր բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների կատարմանը և ստորագրությամբ հաստատել համապատասխան արձանագրությունները (տեղեկանքները), իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում` գրավոր պատճառաբանել իր անհամաձայնությունը,
2) ծառայողական քննություն անցկացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննությանն առնչվող առարկաները և փաստաթղթերը,
3) ծառայողական քննություն անցկացնող անձի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, հանձնել արյան, մազերի, մարմնի այլ արտաթորանքների նմուշներ,
4) ենթարկվել ծառայողական քննություն անցկացնող անձի՝ սույն կարգից բխող պահանջներին:
28. Մասնագետը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված անձ է, որը որոշակի բնագավառում տիրապետում է հատուկ մասնագիտական գիտելիքների և դրանց վերաբերյալ խորհրդատվություն կամ համապատասխան մասնագիտական եզրակացություն տրամադրելու նպատակով ներգրավվում է ծառայողական քննությանը:
29. Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննություն անցկացնող անձը` իր անմիջական ղեկավարի միջոցով, կամ խմբի ղեկավարը մասնագետ ներգրավելու նպատակով դիմում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին): Ծառայողական քննությանը ներգրավված մասնագետը ծառայողական քննություն անցկացնող անձի պահանջով պարտավոր է ներկայացնել իր որակավորման և կրթության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:
30. Թարգմանիչը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված այն անձն է, որին ծառայողական քննություն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն իրականացնելու: Թարգմանիչը պետք է ազատորեն տիրապետի հայերենին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը:
31. Այլ անձը նա է, ում կարող են հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց կապակցությամբ ծառայողական քննություն անցկացնող անձը նրանից վերցնում է գրավոր բացատրություններ, կամ ծառայողական քննություն անցկացնող անձի պահանջով մասնակցում է սույն կարգով նախատեսված այլ գործողությունների:
32. Այլ անձն իրավունք ունի՝
1) իմանալու, թե ինչ նպատակով է կանչվել,
2) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալ իր իրավունքների մասին, ինչի վերաբերյալ նշում է կատարվում բացատրության կամ իր մասնակցությամբ անցկացված՝ սույն կարգով նախատեսված այլ գործողության արձանագրության մեջ, որոնք հաստատում է ստորագրությամբ,
3) տալու բացատրություններ,
4) հրաժարվել բացատրություն տալուց, եթե իրավախախտման կատարման մեջ կասկածվող զինծառայողը հանդիսանում է իր կամ իր ամուսնու, ծնողի կամ զավակի կամ զավակի ամուսնու հետ առաջին կարգի ազգակցական կապի մեջ գտնվող անձ,
5) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:
33. Այլ անձ հանդիսացող զինծառայողը, ոստիկանության ծառայողը կամ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է՝
1) տալ հավաստի բացատրություններ.
2) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները (տեղեկանքները), իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում՝ գրավոր պատճառաբանել իր անհամաձայնությունը:
V. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
34. Ծառայողական քննությունն անցկացվում է ոստիկանության, ոստիկանության զորքերի, դրանց ստորաբաժանումների վարչական շենքերում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ վայրերում:
35. Իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողը, ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը (եթե նրանք զինծառայող կամ ոստիկանության ծառայող են) ծառայողական քննության անցկացման վայր կարող են կանչվել համապատասխան գրությամբ, հեռախոսագրով կամ կապի այլ միջոցներով՝ նրանց ծառայության վայրի զորամասի հրամանատարի (ոստիկանության համապատասխան ստորաբաժանման պետի) միջոցով: Զինծառայող կամ ոստիկանության ծառայող չհանդիսացող այլ անձինք ծառայողական քննության անցկացման վայր հրավիրվում են գրավոր ծանուցմամբ, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով: Անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն անցկացնող անձը նրանց այցելում է անձամբ:
36. Ծառայողական քննություն անցկացնող անձը իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողին և ծառայողական քննության մյուս մասնակիցներին պարզաբանում է օրենքով և սույն կարգով սահմանված իրենց իրավունքները և պարտականությունները, որի վերաբերյալ կազմված արձանագրության կամ գրավոր բացատրության մեջ կատարվում է համապատասխան նշում` ստորագրությամբ:
37. Ծառայողական քննությունն անցկացվում է ծառայողական քննություն նշանակելու առիթ հանդիսացած փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգման և պարզման շրջանակներում:
38. Ծառայողական քննության նյութերին կցվում են.
1) Իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողի և այլ անձանց բացատրությունները, որոնք վերցվում են գրավոր: Բացատրություն տվող անձը ծանոթանում է դրա բովանդակությանը, ստորագրում յուրաքանչյուր էջի տակ, իսկ վերջում` ստորագրությամբ հաստատում բացատրության հավաստիությունը: Բացատրության բոլոր էջերի տակ ստորագրում են բացատրություն վերցնողը և այն վերցնելուն ներգրավված թարգմանիչը: Բացատրություն տալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու, ֆիզիկական արատի կամ անգրագիտության պատճառով ստորագրելու հնարավորությունից զրկված լինելու դեպքերում այդ մասին կատարվում է համապատասխան նշում, որը հաստատվում է ծառայողական քննություն անցկացնող անձի և ծառայողական քննությամբ չշահագրգռված առնվազն երկու այլ զինծառայողների ստորագրություններով,
2) Զննության արձանագրությունները: Ծառայողական քննության շրջանակում առանձին հարցերի պարզման, պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն իրականացնող անձը իրավասու է կատարել փաստաթղթերի, իրերի, առարկաների, տարածքի, աշխատասենյակների զննություն, որի կապակցությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն: Զննության արձանագրություն կազմվում է նաև իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողի կամ այլ անձի կողմից իրենց նշած փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և առարկաներ ներկայացնելու դեպքերում: Զննություն կատարվում է նաև, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությամբ կամ մեծ ծավալով պայմանավորված՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին,
3) Մասնագետի եզրակացությունները և թարգմանչի կողմից կատարված թարգմանությունները,
4) Տեղեկանքները, որոնք կազմվում են առանձին փաստերի, հանգամանքների կամ իրողությունների առկայությունը (բացակայությունը) հավաստելու նպատակով: Տեղեկանքը ստորագրում է այն կազմողը: Տեղեկանքին որպես հավելվածներ կարող են կցվել փաստաթղթերի պատճեններ,
5) Տեսաձայնագրման կրիչները,
6) Պետական, տեղական ինքնակառավարման, իրավապահ և այլ մարմինների գրությունները, նրանց հասցեագրված հարցումների պատասխանները, այլ փաստաթղթեր և դրանց պատճենները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և ծառայողական, ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիք պարունակող տեղեկությունների), իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողին և խախտում կատարելու հանգամանքներին վերաբերող այլ տեղեկություններ:
39. Ծառայողական քննության ընթացքը և բոլոր արդյունքները ծառայողական քննություն անցկացնող անձի կողմից ամրագրվում են արձանագրություններում և գրավոր այլ փաստաթղթերում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրանց կցված հավելվածներում: Բացատրությունները, արձանագրությունները, տեղեկանքները և ծառայողական քննության ընթացքում կազմվող այլ փաստաթղթերը թույլատրվում է կազմել ձեռագիր կամ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ:
40. Ծառայողական քննություն անցկացնող անձը ծառայողական քննության հիմքում չի կարող դնել և օգտագործել այնպիսի փաստական տվյալներ, որոնք ձեռք են բերվել՝
1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով,
2) տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից,
3) սույն կարգի պահանջների խախտմամբ:
41. Ծառայողական քննություն անցկացնող անձը ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները գնահատում է իր ներքին համոզմունքով՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ: Իրավախախտումներ կատարելու մասին հետևությունները չեն կարող հիմնել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությամբ հավաքված և ստուգված փաստական տվյալների բավարար ամբողջությամբ:
VI. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
42. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
Ներածական մասում շարադրվում են տվյալներ՝ եզրակացությունը կազմելու վայրի, ծառայողական քննությունը սկսելու առիթի և ժամկետի մասին:
Նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են իրավախախտման կամ պատահարի բնույթը, տեղը և ժամը, քննության ընթացքում պարզված հանգամանքները, կատարողը, իրավախախտումն ինչ միջոցներով, նպատակով կամ շարժառիթներով, դիտավորությամբ, թե անզգուշությամբ է կատարվել, մեղավոր անձի բնութագիրը, պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, նրա կողմից ի պաշտպանություն իրեն բերվող փաստարկները և դրանց ստուգման արդյունքները, իրավախախտման պատճառների և դրան նպաստած հանգամանքների վերլուծությունը և փաստացի տվյալները պարզելու ապացույցները: Եթե իրավախախտումը կատարել են մի քանի անձ, ապա թվարկված հանգամանքները մեղավորներից յուրաքանչյուրի նկատմամբ նշվում են առանձին: Նշվում են նաև ներկայացված միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները:
Եզրափակիչ մասում նշվում է, թե կոնկրետ ով և ինչում է մեղավոր, օրենքի և այլ նորմատիվ ակտերի որ նորմերն են խախտվել, կարգապահական պատասխանատվության (տույժի) տեսակի, իրավախախտման արդյունքում հասցված նյութական վնասի, մեղավոր անձից (անձանցից) վերականգնման ենթակա վնասի չափի, նմանատիպ իրավախախտումները կանխարգելելու վերաբերյալ առաջարկվող միջոցառումների մասին:
Եզրակացությունն ստորագրում է ծառայողական քննություն անցկացրած անձը (խմբի ղեկավարը): Եզրակացության վերաբերյալ իր համաձայնությունն է տալիս ծառայողական քննություն անցկացնող անձի անմիջական ղեկավարը:
43. Ծառայողական քննության նյութերը և դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակած հրամանատարին (պետին)՝ համապատասխան որոշում ընդունելու համար:
44. Անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն նշանակած հրամանատարը (պետը), նախքան որոշում կայացնելը, կարող է խորհրդակցել ծառայողական քննություն անցկացրած անձի, նրա անմիջական ղեկավարի կամ խմբի ղեկավարի հետ, ինչպես նաև զրույց ունենալ իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողի հետ:
45. Ծառայողական քննության եզրակացության հիման վրա ծառայողական քննություն նշանակած հրամանատարը (պետը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) մեղավոր անձին ենթարկել օրենքով սահմանված կարգապահական, իսկ նյութական վնաս պատճառած մեղավոր անձին` նաև նյութական պատասխանատվության,
2) օրենքով սահմանված կարգով նյութերը հանձնել զորամասի սպայի պատվի դատարանի կամ օրենքով սահմանված ժողովների քննարկմանը,
3) իրավախախտման մեջ մեղադրվող զինծառայողի` ծառայության այլ վայր տեղափոխված լինելու դեպքում՝ 5-օրյա ժամկետում, ծառայողական քննության բոլոր նյութերն ուղարկել նրա ծառայության նոր վայրի զորամասի հրամանատարին (ստորաբաժանման ղեկավարին)` օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար,
4) քննության նյութերն իր առաջարկությունների հետ ուղարկել վերադաս հրամանատարին (պետին)` ըստ գործի էության որոշում կայացնելու համար,
5) ծառայողական քննության ընթացքում չպարզված հանգամանքների պարզման նպատակով վերադարձնել նյութերը` լրացուցիչ ծառայողական քննություն անցկացնելու համար: Այս դեպքում սահմանված կարգով կազմվում է նոր եզրակացություն, իսկ նախկին եզրակացությունը կցվում է ծառայողական քննության նյութերին,
6) օրենքով սահմանված կարգով որոշում կայացնել հետաքննություն սկսելու մասին կամ նյութերն ուղարկել կայազորի զինվորական դատախազություն:
46. Ծառայողական քննության արդյունքում իրավասու հրամանատարի (պետի) կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: Զինծառայողը ծառայողական քննության արդյունքում իր նկատմամբ կայացված որոշումը կարող է բողոքարկել ինչպես ըստ վերադասության, այնպես էլ դատական կարգով: Զինծառայողը իրավունք ունի ծառայողական քննության արդյունքները բողոքարկել առանց իր անմիջական հրամանատարության համաձայնության:
47. Ծառայողական քննության ընթացքում կազմված և ներկայացված բոլոր փաստաթղթերը էջակալվում են, ցուցակագրվում և ամրակարվում: Էջակալումը կատարվում է հետևյալ հերթականությամբ.
1) ծառայողական քննության անցկացման հիմք հանդիսացած հայտարարությունը, հաղորդումը կամ զեկուցագիրը,
2) ծառայողական քննության անցկացման մասին որոշումը (անհատական իրավական ակտը կամ հրամանատարի (պետի) գրավոր նշումը (մակագրությունը),
3) համապատասխան ստուգումների մասին ակտը,
4) ծառայողական քննության ընթացքում վերցված բացատրությունները,
5) զննությունների արձանագրությունները և դրանց կից փաստաթղթերը (պատճենները),
6) մասնագետի եզրակացությունը,
7) իրավախախտման մեջ մեղավոր զինծառայողի ծառայողական քարտի պատճենը,
8) իրավախախտման մեջ մեղավոր զինծառայողի բնութագիրը` ստորագրված նրա անմիջական հրամանատարի կողմից,
9) զինծառայողին պաշտոնի նշանակելու մասին հրամանի պատճենը կամ քաղվածքը՝ հաստատված զորամասի կնիքով և իրավասու պաշտոնատար անձի ստորագրությամբ,
10) ծառայողական քննության ընթացքում ստացված կամ կազմված այլ փաստաթղթեր,
11) ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը,
12) ծառայողական քննության արդյունքներով հրամանատարի (պետի) ընդունած որոշումը (պատճենը, քաղվածքը):
48. Ծառայողական քննության նյութերը պահվում են զորամասի (ոստիկանության զորքերի հրամանատարության) շտաբում (ոչ գաղտնի գործավարությունում) և հաշվառվում են դրանց համար նախատեսված հատուկ մատյաններում: Ծառայողական քննության նյութերը պահպանվում են հինգ տարի ժամկետով: