«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811395
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 հունիսի 2011 թ. |
թիվ 424-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 376-Ն որոշման 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության համար բարենպաստ պայմանների ապահովման, մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացումը հեշտացնելու և արագացնելու, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված մաքսային ընթացակարգերի կատարելագործման նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Վ. Գաբրիելյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի հունիսի 30-ի N 424-Ն հրամանի |
ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընդհանուր դրույթներ
Ռիսկերի կառավարումը մաքսային հսկողության ժամանակակից մեթոդների հիմնական սկզբունքն է: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին ռիսկերի գնահատումն իրականացվում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային հսկողության իրականացման նպատակով, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից հետբացթողումային հսկողության նպատակով իրականացվող ստուգումների ծրագրավորման համար:
Ռիսկերի կառավարման համակարգը կիրառվում է.
1. մաքսային հսկողության ձևերի ընտրության ժամանակ,
2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` մաքսային հսկողության ենթակա ապրանքների և տրանսպորտային միջոցների ընտրության ժամանակ,
3. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության դրույթների խախտման հավանականությունը մաքսային մարմինների կողմից գնահատելու համար:
2. Սույն մեթոդաբանության կիրառման առումով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը
Ռիսկ - Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության դրույթների խախտման հավանականություն:
Բացահայտված (առկա) ռիսկ – փաստ, հայտնի ռիսկ, երբ օրենսդրության խախտումն արդեն իսկ տեղի է ունեցել և մաքսային մարմիններն արդեն տիրապետում են այդ փաստին:
Հավանական ռիսկ – չդրսևորված ռիսկ, որի ծագման պայմաններն առկա են:
Ռիսկի վերլուծություն - մաքսային մարմինների տրամադրության տակ առկա տեղեկատվության պարբերական վերլուծություն, որն իրականացվում է ռիսկերի ծագման պայմանների և պատճառների բացահայտման, դրանց նույնականացման և մաքսային օրենսդրության դրույթները խախտելու հետևանքների գնահատման համար:
Ռիսկի ոլորտ - առանձին խմբավորած վերլուծության օբյեկտներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է կիրառել մաքսային հսկողության որոշակի ձևեր:
Ռիսկի ցուցիչներ - նախապես տրված բնորոշիչներով սահմանված չափանիշներ, որոնցից շեղումը թույլ է տալիս ընտրել հսկողության ենթակա օբյեկտը:
Ռիսկի գնահատում – ռիսկի ծագման հավանականության և ռիսկի աստիճանի պարբերական որոշում, և դրա ծագման արդյունքում մաքսային օրենսդրության խախտումների հետևանքների գնահատում:
Ռիսկի պրոֆիլ - ռիսկի ոլորտի, ռիսկի ցուցիչների, ինչպես նաև ռիսկի նվազեցմանը կամ չեզոքացմանը կամ կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ամբողջություն:
Ռիսկի աստիճան – ռիսկի որակական և քանակական գնահատման արդյունք, այսինքն ռիսկի հավանական հետևանքների արտահայտում, այդ թվում` թվային:
Ռիսկի աստիճանի գնահատման չափանիշներ - արտաքին տնտեսական գործունեության հետ կապված և դրա վրա ազդող գործոնների քանակական և որակական ցուցանիշների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին վերագրել ռիսկի այս կամ այն աստիճանը:
3. Ռիսկի բացահայտման (վերհանման) փուլերը
Մաքսային սահմանին հավանական ռիսկերի բացահայտումը (վերհանումը) իրականացվում է հետևյալ հիմնական փուլերով.
3.1 ռիսկի ենթատեքստի կազմում
3.2 ռիսկի վերլուծություն
3.3 ռիսկի մշակում` պրոֆիլի նախագծում
3.4 համակարգի մոնիտորինգ:
3.1. Ռիսկի ենթատեքստի կազմում
Այս փուլը հանդիսանում է ռիսկերի կառավարման կարևորագույն փուլերից մեկը:
Այս փուլում մաքսային մարմինների կողմից հավաքագրվող ցանկացած տեղեկատվություն կարող է դիտարկվել որպես հավանական ռիսկի առաջացման աղբյուր:
Ռիսկի ենթատեքստի ձևավորման համար մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում պետք է ձևավորվի հետևյալ տեղեկատվությունը`
ա) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ վիճակագրական տվյալներ,
բ) հայտարարագրվող տվյալներ,
գ) կոնտրագենտ երկրի տնտեսական և արդյունաբերական հնարավորությունների մասին տվյալներ,
դ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տվյալներ,
ե) այլ` հսկողություն իրականացնող պետական մարմիններից, այդ թվում` այլ պետությունների մաքսային մարմիններից ստացված տվյալներ,
զ) մաքսային մարմինների կողմից իրականացված օպերատիվ գործողության արդյունքների վերաբերյալ տվյալներ,
է) մաքսային ոլորտում իրավախախտումների և հանցագործությունների հետ կապված տվյալներ,
ը) մաքսային ընթացակարգերում ներգրավված աշխատակիցների` բրոքերների, փոխադրողների, մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչների, շահագործողների գործունեության վերաբերյալ տվյալներ,
թ) մաքսային մարմինների տրամադրության տակ առկա այլ տվյալներ:
Մաքսային մարմիններում ռիսկերի կառավարումը կարող է լինել ռազմավարական, օպերատիվ, մարտավարական:
Ռիսկերի ռազմավարական կառավարումը ենթադրում է, որ մաքսային մարմինները ուսումնասիրելով առկա տեղեկատվության համախումբը, առանձնացնում են ռիսկի առավել անկարևոր ոլորտները և միջամտություն են ցուցաբերում միայն այն ոլորտների նկատմամբ, որտեղ փորձի և փաստերի հիման վրա ձևավորված եզրահանգումները ցույց են տալիս, որ այդպիսի միջամտությունը տեղին է: Ենթատեքստում ներառված ռիսկի ոլորտները կարող են ներառել սոցիալական հարցեր, ներմուծման/արտահանման արգելքներ, շրջակա միջավայրին և մարդկանց առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, առևտրային քաղաքականության ապահովմանն ուղղված միջոցներ, մաքսատուրքերի, հարկերի և քվոտաների վերաբերյալ հարցեր:
Ռիսկի օպերատիվ կառավարումն իրենից ներկայացնում է գնահատված ռիսկի հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ հսկողության մակարդակի որոշում: Այդպիսի օրինակ կարող է լինել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ իրականացվող ստուգումների ծավալի որոշումը, կամ սահմանափակ մարդկային ռեսուրսների և սարքավորումների արդյունավետ օգտագործումը:
Ռիսկի մարտավարական կառավարումը կիրառվում է մաքսային մարմինների կողմից իրենց աշխատանքային վայրում անմիջապես ծագած ռիսկերի կառավարման ժամանակ: Օգտագործելով օպերատիվ տվյալները, փորձը, գիտելիքները և ընթացակարգերի համախումբը, մաքսային մարմնի աշխատակիցը կարող է որոշել, թե մաքսային սահմանը հատող որ բեռների կամ անձանց նկատմամբ է անհրաժեշտ իրականացնել առավել խիստ հսկողություն:
3.2. Ռիսկի վերլուծություն
Ռիսկի վերլուծությունն իրականացվում է երեք հիմնական գործոնների բացահայտման միջոցով: Դրանք են`
3.2.1 ռիսկի նույնականացում (բացահայտում)
3.2.2 ռիսկի հիմնական վերլուծություն
3.2.3 ռիսկի գնահատում
3.2.1 Ռիսկի նույնականացում
Ռիսկի նույնականացումը ենթադրում է յուրաքանչյուր ռիսկի վերլուծությունն առանձին: Ռիսկի նույնականացման նպատակով կազմվում է մաքսային մարմինների գործունեությանն առնչվող բացահայտված և հավանական բոլոր ռիսկերի ցանկը:
Ռիսկերի նույնականացման արդյունքում պահանջվում է իրականացնել առկա հսկողության ընթացակարգերի մանրամասն նկարագրություն, ներառյալ.
1. շահագրգիռ կողմերի նկարագրություն
2. ուժեղ և թույլ կողմերի նկարագրություն
3. որտեղ, երբ և ինչպես կարող է տեղի ունենալ ռիսկը և ով կկրի այն
4. ինչ վտանգներ կարող են ծագել և ծագման արդյունքում ինչպիսին կարող է լինել դրանց ազդեցությունը
5. ինչու են ծագում առանձին խախտումների հնարավորությունները:
3.2.2. Ռիսկի հիմնական վերլուծություն
Այս փուլում դիտարկվում է ենթատեքստում կուտակված ամբողջ տեղեկատվությունը բոլոր տեսանկյուններից: Ռիսկի վերլուծության այս փուլի առաջին քայլը ռիսկի օբյեկտի ընտրությունն է:
Ռիսկի օբյեկտներն են.
ա) մաքսային հսկողության ներքո գտնվող կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները,
բ) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները,
գ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից ներկայացված պայմանագրերը կամ այլ` սեփականությունը հաստատող փաստաթղթերը,
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը,
ե) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց գործունեությունը,
զ) մաքսային հսկողության միջոցների կիրառման արդյունքները:
Ռիսկի օբյեկտի ընտրությանը հաջորդում է ռիսկի ցուցչի սահմանումը:
Ռիսկերի ցուցիչները իրենցից ներկայացնում են ընտրողականության չափանիշների հստակ արտահայտումը. ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ապրանքի ծագման երկիրը, արտահանման երկիրը, առևտուր անող երկիրը, լիզենզավորման պայմանի առկայությունը, արժեքը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը, օրենսդրության պահանջների պահպանման մակարդակը, տրանսպորտային միջոցի տեսակը, մաքսային տարածքում գտնվելու նպատակը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի ֆինանսական վիճակը և գործարքի ֆինանսական հետևանքները:
Ռիսկերի ցուցիչները, ռիսկի աստիճանները, ռիսկի աստիճանների տոկոսները, ռիսկի չափանիշները հրապարակման ենթակա չեն, ունեն գաղտնի բնույթ և հաստատվում են վերադաս մաքսային մարմնի կողմից:
Ռիսկի ցուցիչները պետք է մշտապես կատարելագործվեն: Մաքսային մարմինները դրանց արդիականությունն ապահովվում են տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության գնահատման հիման վրա:
3.2.3. Ռիսկի գնահատում
Ռիսկերի գնահատումն իրականացվում է ռիսկերի աստիճանի որոշման նպատակով:
Ռիսկերի գնահատման չափանիշները տարածվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխում իրականացնող անձանց վրա:
Ռիսկերն, ըստ հետևանքների առաջացման հնարավորության, դասակարգվում են 3 տարատեսակների` բարձր, միջին և ցածր աստիճանի ռիսկեր:
Բարձր աստիճանի ռիսկերն այն ռիսկերն են, որոնք կարող են էապես ազդել տնտեսության վրա: Այսպիսի ռիսկերի նվազեցմանը կամ չեզոքացմանը կամ կանխարգելմանն ուղղված միջոցառումները պետք է հանդիսանան պետության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս և ներառված լինեն տնտեսության կառավարման ծրագրում:
Միջին աստիճանի ռիսկերը այն ռիսկերն են, որոնք ունեն ծագման առավել փոքր հավանականություն և էապես չեն ազդում տնտեսության վրա:
Ցածր աստիճանի ռիսկերը թույլատրելի ռիսկերն են, որոնք կարող են ծագել որոշակի ընթացակարգերի իրականացման կամ անհրաժեշտ գործունեության բացակայության դեպքում:
Մաքսային ձևակերպումների համար նախատեսված մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` փաստաթղթային ստուգում և/կամ ապրանքների և տրանսպորտային միջոցների զննում իրականացնելու համար ընտրվում են մաքսային հսկողության իրականացման հետևյալ ընթացակարգերը.
1. Բարձր աստիճանի ռիսկի առկայության դեպքում «Կարմիր ուղի» մաքսային հսկողության ընթացակարգն ընտրվում է 100-80% միջակայքում,
2. Միջին աստիճանի ռիսկի առկայության դեպքում «Կարմիր ուղի» ընթացակարգն ընտրվում է 80-40% միջակայքում,
3. Ցածր աստիճանի ռիսկի առկայության դեպքում «Կարմիր ուղի» ընթացակարգն ընտրվում է 40-0% միջակայքում:
4. Բարձր, միջին և ցածր ռիսկի աստիճանների առկայության դեպքում ընտրողականությունը իրականացնելիս «Դեղին ուղի» և «Կանաչ ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերն ընտրվում են 100-0% միջակայքում:
3.3 Ռիսկի պրոֆիլի նախագծում
Ռիսկի պրոֆիլը հանդիսանում է գործնական միջոց, որը մաքսային մարմինների կողմից ներդրվում է ռիսկի կառավարման պրակտիկայում: Ռիսկի պրոֆիլը փաստաթուղթ է, որը կարող է ներկայացվել տարբեր եղանակներով և պետք է ներառի մաքսային սահմանով տեղափոխման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը:
Ռիսկի պրոֆիլը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
1. ռիսկի բնութագիրը
2. գործողության ոլորտը
3. ռիսկի ցուցչի գործողության ժամկետը
4. ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը
5. մաքսային ռեժիմը
6. մաքսային հսկողության ուղղակի միջոցները
7. մաքսային մարմինների պատասխանատու ստորաբաժանումը
8. անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
Յուրաքանչյուր ռիսկի պրոֆիլ ստանում է իր ծածկագիրը հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտքագրելու համար:
Ռիսկի պրոֆիլները հրապարակման ենթակա չեն, ունեն գաղտնի բնույթ և հաստատվում են վերադաս մաքսային մարմնի կողմից:
Ռիսկի կառավարման համակարգի արդյունավետության ապահովման և ժամանակավրեպ տեղեկատվությունից համակարգի ազատման նպատակով մաքսային մարմինները պարբերաբար վերանայում են ռիսկի պրոֆիլները:
3.4 Ռիսկերի համակարգի մոնիտորինգ
Ռիսկերի կառավարմանն ուղղված միջոցառումների մշակման և ներդրման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել
1. արդյունքների կանխատեսում և ծրագրավորած միջոցների հնարավոր հետևանքների որոշում,
2. ռիսկերի նվազեցմանը կամ կանխարգելմանը կամ չեզոքացմանն ուղղված միջոցների վերլուծություն, իսկ առկա արդյունքներով` արդյունավետ միջոցների ընտրություն,
3. կիրառված միջոցների ամփոփում և առաջարկությունների նախապատրաստում:
Ռիսկերի կառավարումը հնարավոր չէ իրականացնել առանց «հետադարձ կապի»: Ռիսկերի ցուցիչների, չափանիշների, աստիճանների և պրոֆիլների մշակմանը և ներդրմանը զուգահեռ անընդհատ անհրաժեշտ է իրականացնել մաքսային համապատասխան հսկողության իրականացման արդյունավետության գնահատում, դրանց արդյունավետության վերլուծություն, իսկ արդյունքների հիման վրա` պրոֆիլների բացահայտված բացթողումների շտկում:
4. Հետբացթողումային հսկողությունը գնահատված ռիսկերի հիման վրա
Ռիսկերի կառավարման արդյունքները օգտագործվում են նաև հետբացթողումային հսկողություն իրականացնելիս:
Հետբացթողումային ստուգումների պլանավորման նպատակով մաքսային մարմինը կատարում է հավաքագրված տեղեկությունների վերլուծություն, որի ընթացքում վերլուծվում է հետևյալ տեղեկատվությունը.
1. ռիսկերի պրոֆիլներին և համապատասխան մաքսային հայտարարագրերում և դրանց կից` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից ձևակերպված և ներկայացված փաստաթղթերում ներառված տվյալները,
2. արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հաշիվների վերաբերյալ տվյալները,
3. մաքսային մարմինների կողմից նախկինում անցկացված ստուգումների վերաբերյալ տվյալները,
4. պետական լիազոր մարմինների կողմից ստացված տեղեկատվությունը,
5. մաքսային մարմինների տրամադրության տակ առկա` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների վերաբերյալ այլ փաստաթղթերում ներառված տեղեկատվությունը,
6. այլ պետությունների մաքսային մարմիններից փոխօգնության և փոխհամագործակցության շրջանակներում ստացված տեղեկատվությունը:
Իրականացված վերլուծության աշխատանքների արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան սուբյեկտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է հետբացթողումային հսկողություն:
Հետբացթողումային հսկողության համար անձանց և կազմակերպությունների ընտրությունը իրականացվում է ռիսկի պրոֆիլների հիման վրա: Հսկողությունն իրականացվում է մաքսային կանոնների պահպանման, մաքսային արժեքի որոշման, ապրանքների ծագման երկրի որոշման, ապրանքների դասակարգման, մաքսատուրքերի գծով տրամադրված արտոնությունների ճշտությունը ստուգելու համար, ինչպես նաև այլ անհրաժեշտ հարցերի դիտարկման նպատակով:
Հետբացթողումային հսկողության յուրաքանչյուր փուլ բաժանվում է որոշակի ժամանակահատվածի, որպեսզի որոշվի ծախսված մարդկային ռեսուրսների և ժամանակահատվածի արդյունավետությունը: Նշվածը հիմք է հանդիսանում ռեսուրսների առավել արդյունավետ վերաբաշխման համար: