«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011570
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2011 թ. |
N 1242-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը, սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:
4. Սույն հրամանը ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի2011 թ. նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր (բակալավրի և մագիստրոսի) իրականացնող հաստատություններում (այսուհետև՝ Բուհեր) ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման ընդհանուր պայմանները:
2. Ուսումնական պլանների փոփոխության պատճառով առաջացած առարկայական տարբերությունները համարվում են ակադեմիական պարտքեր, որոնք ուսանողը պետք է հանձնի ռեկտորի հրամանով հաստատված անհատական ժամանակացույցով, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:
3. Առարկայական տարբերություն է համարվում ուսումնառած պլանում բացակայող առարկան կամ որևէ առարկայից 25 տոկոս և ավելի կրեդիտների տարբերությունը:
4. Ակադեմիական անբավարար առաջադիմություն է համարվում քննաշրջանում երեք և ավելի առարկաներից կամ մեկ առարկայից երեք անգամ «անբավարար» գնահատական ստանալը:
5. Բուհի ռեկտորը վերականգնվող ուսանողին ազատում է նախկինում ուսումնասիրած և համապատասխան կրեդիտներ հավաքած առանձին առարկաների ուսումնական պարապմունքներից: Ուսանողը պարտավոր է վճարել միայն այն առարկաների ուսումնական պարապմունքների համար, որոնց հաճախելու է, ըստ տվյալ բուհում տվյալ մասնագիտության համար գործող մեկ կրեդիտի արժեքի:
II. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ, ԱԶԱՏՈՒՄ
6. Ուսանողը հեռացվում է Բուհից.
1. ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի),
2. բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
3. բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:
7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն Բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:
8. Ուսանողը ազատվում է Բուհից.
1. իր դիմումի համաձայն,
2. այլ բուհ տեղափոխվելու դեպքում:
9. Բուհից ուսանողի ազատման հրաման իր դիմումի համաձայն չի կարող տրվել, եթե նա ենթակա է հեռացման համաձայն սույն Կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերի:
10. Ուսանողի ուսումնառությունն ընդհատվում է.
1. ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,
2. առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,
3. հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում:
11. Քննաշրջանի ընթացքում քննություններին չներկայացած ուսանողներին թույլատրվում է մինչև տվյալ կիսամյակի երրորդ շաբաթվա ավարտը անհատական ժամանակացույցով հանձնել ակադեմիական պարտքերը:
12. Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումը իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը:
13. Սույն կարգի 6-րդ կետի 1. ենթակետով նախատեսված դեպքում, Բուհից հեռացման հրամանները տրվում են քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է:
14. Բուհից հեռացված (ազատված) արական սեռի ուսանողների վերաբերյալ հրամանները 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան զինկոմիսարիատներ:
15. Բուհից հեռացման (ազատման) դեպքում ուսանողի դիմումի համաձայն, 3 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրվում է հեռացման (ազատման) հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը: Բուհի կողմից հաստատված ավարտական վկայականի պատճենը պահվում է ուսանողի գործում:
16. Ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, իրավունք է վերապահվում մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով դրանք:
17. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն ուսումնառությունն ընդհատած ուսանողները շարունակում են ուսանողական իրավունքները մինչև ուսումնառության ընդհատումը ունեցած կարգավիճակի պահպանմամբ:
III. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
18. Ուսանողական իրավունքների վերականգնումը թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:
19. Ուսանողական իրավունքների վերականգնման դիմումները ներկայացվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգում` կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է ակադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:
20. Բուհերից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են ընդունող բուհի ռեկտորի հրամանով՝ ուսուցման բոլոր ձևերում:
21. Բուհը քննարկում է ուսանողի վերականգնման դիմումը և որոշում նրա ուսումնառության շարունակման կուրսը և մյուս պայմանները, կամ հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը:
22. Առաջացած առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի մարման համար բուհի ռեկտորի կողմից սահմանվում է ժամկետ, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:
23. Առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնումից հետո կցագրման հրամանը փոխարինվում է ուսանողի հրամանագրումով:
24. Զորակոչվելու կապակցությամբ և առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդի ձևակերպմամբ ուսումնառությունը ընդհատած ուսանողները ուսումնառությունը շարունակում են այն պահից, որից այն ընդհատել են` անկախ առաջացած ծրագրային տարբերություններից:
25. Վճարովի ուսուցման համակարգում ուսանողների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը վճարելուց հետո:
26. Բուհից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են այն կիսամյակում, որից նրանք հեռացվել (ազատվել) են, եթե վերականգնման պահին առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը չի գերազանցում 20 կրեդիտը: 20 կրեդիտը գերազանցելու դեպքում ուսանողին առաջարկվում է վերականգնվել ավելի ցածր կիսամյակում, որի համար առարկայական անհամապատասխանությունների սույն կետում նշված պահանջը բավարարվում է, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակի:
27. Բուհից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են տվյալ մասնագիտության համար լիազոր մարմնի կողմից սահմանված տեղերի սահմաններում:
28. Սույն Կարգի 14-րդ կետով ուսումնառությունն ընդհատած ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքներն այն պահից, երբ ընդհատել են այն, անկախ լիազոր մարմնի կողմից սահմանված տեղերի քանակից և առաջացած ծրագրային տարբերություններից:
29. Բուհից հեռացված ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքները առնվազն 1 կիսամյակ հետո:
30. Բուհերից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են վճարովի սկզբունքով: Վճարովի սկզբունքով վերականգնված ուսանողները կարող են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի» համաձայն մասնակցել փոխատեղման գործընթացին` առնվազն մեկ ուսումնական տարի ուսանելուց հետո:
31. Բուհերից հեռացված (ազատված) ուսանողները կարող են վերականգնել ուսանողական իրավունքները պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
32. Ըստ մասնագիտությունների չհավատարմագրված բուհերից հեռացված (ազատված) ուսանողների վերականգնումն ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող հավատարմագրված բուհերում չի թույլատրվում:
33. Վերականգնված ուսանողի անձնական գործում պահվում են ուսանողի դիմումը, ակադեմիական տեղեկանքը, վերականգնման մասին հրամանի պատճենը, բուհի հետ կնքած պայմանագիրը և միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, ուսման վարձի վճարման անդորրագիրը:
34. Անվճար սկզբունքով ուսումը կարող են շարունակել ՀՀ օրենքով սահմանված իրավունքներից օգտվող անձինք: