«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10309214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
25 մարտի 2009 թ. |
N 207-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիuի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաuտատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր uեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Ֆիրմային անվանման փորձաքննության անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի 2001 թվականի օգոստոսի 9-ի «Ֆիրմային անվանման գրանցման հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը հաստատելու մասին» N 45 հրամանը:
3. Նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Տարասյանին` սույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Նախարար |
Ն. Երիցյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Սույն կարգը սահմանված է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ ֆիրմային անվանումների գրանցման հայտերով փորձաքննության անցկացումը կանոնակարգելու նպատակով։
Սույն կարգում օգտագործվել են հետևյալ հիմնական հասկացությունները.
Օրենք՝ «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.
Փորձաքննության մարմին՝ մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն.
հայտ՝ ֆիրմային անվանման գրանցման հայտ.
հայտատու՝ գրանցվող իրավաբանական անձի հիմնադիրներին ներկայացվող լիազորված անձ կամ գրանցված իրավաբանական անձ, որը հայտ է ներկայացնում պետական ռեգիստր.
ապրանքային նշան՝ ապրանքային և (կամ) սպասարկման նշան։
1. Ֆիրմային անվանման փորձաքննությունը Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան հայտարկված ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով Փորձաքննության մարմնի կողմից իրականացվող ստուգում է, որով որոշվում է ֆիրմային անվանման համապատասխանությունը դրա գրանցման համար օրենքով սահմանված պահանջներին։
2. Պետական ռեգիստրից էլեկտրոնային եղանակով ստացված ֆիրմային անվանման գրանցման հայտով փորձաքննությունն իրականացնում է Փորձաքննության մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ Ֆիրմային անվանումների բաժինը (այսուհետ՝ Բաժին):
3. Ֆիրմային անվանման փորձաքննությունն սկսվում է Օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին դրա համապատասխանության ստուգմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 7-ի N 289 որոշմամբ հաստատված ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգի (այսուհետ՝ կարգ) պահանջները, այնուհետև ներկայացված ֆիրմային անվանման փորձաքննությունն անցկացվում է Օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիրմային անվանման մեջ հանրահայտ (հայտնի, հռչակավոր) անձի անունը (լրիվ, կրճատ կամ կեղծանուն) կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ նրա մահվան դեպքում՝ նրա ժառանգների համաձայնությամբ: Օրինակ՝ ««Վահան Տերյան» ՍՊԸ» ֆիրմային անվանման համար անհրաժեշտ է ստանալ Վահան Տերյանի ժառանգների թույլտվությունը։
4. Որևէ ֆիզիկական անձի անունը (ազգանունը) որևէ հանրահայտ անձի անվանը (կեղծանվանը) համընկնելու դեպքում տվյալ ֆիզիկական անձը, որպես որևէ ձեռնարկության հիմնադիր, իր անունը կարող է օգտագործել ֆիրմային անվանման մեջ՝ ավելացնելով ծննդավայրի կամ բնակության վայրի անվանումը կամ մասնագիտությունը կամ այլ անձնական հատկանիշ բնորոշող բառեր, որոնցով նա կտարբերվի հանրահայտ անձից: Օրինակ՝ «Սևանցի Թումանյան Հովհաննես և ընկերներ» ԲԲԸ և այլն։
5. Սույն կարգի 3-րդ կետում նշված պահանջը համարվում է կատարված, եթե համապատասխան համաձայնությունը Փորձաքննության մարմին ներկայացվել է էլեկտրոնային հայտին կից, կամ հայտին կից դա Պետական ռեգիստր ներկայացնելու մասին նշված է էլեկտրոնային եղանակով Փորձաքննության մարմին ներկայացված հայտում:
6. Կարգի 4-րդ կետի համաձայն` հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը, տվյալ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, առանց թույլտվության կարող է օգտագործվել ֆիրմային անվանման մեջ միայն այն դեպքում, երբ այդ անձի հռչակը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է տվյալ իրավաբանական անձի գործունեության հիմնական ոլորտին: Օրինակ՝ ուսումնական, հրատարակչական և նմանատիպ այլ հիմնական գործունեության համար կարող է գրանցվել «Շիրակացի» կամ «Անանիա Շիրակացի» տարբերակող անունով կամ դրանց օգտագործմամբ ֆիրմային անվանում, կամ շինարարության, ճարտարապետության, կիրառական արվեստի բնագավառների հիմնական գործունեության համար կարող է գրանցվել «Մոմիկ» կամ «Թորոս Ռոսլին» տարբերակող նշանակության անունով կամ դրանց օգտագործմամբ ֆիրմային անվանում։
7. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ Ֆիրմային անվանումը ներկայացվել է առանց սույն կարգի 3-4-րդ կետերում նշված պահանջների պահպանման, և բացակայում են Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը, Բաժնի կողմից կայացվում է եզրակացություն՝ ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին՝ պայմանով, որ գրանցումը կարող է կատարվել միայն հանրահայտ անձի կամ նրա ժառանգների համաձայնության առկայության դեպքում:
8. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում (օրինակ՝ «Հայկական ձեռագրերի պահպանության կենտրոն» ՍՊԸ, «Արմենիան մոթորզ» ՓԲԸ, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ և այլն) կարող են օգտագործվել Փորձաքննության մարմնի թույլտվությամբ:
9. Եթե ներկայացված ֆիրմային անվանման մեջ օգտագործված է «Հայ», «Հայաստան» կամ «հայկական» բառը կամ դրա թարգմանությունը, ապա Բաժինը տվյալ ֆիրմային անվանման փորձաքննությունն իրականացնում է սույն կարգի 3-6-րդ կետերում նշված, ինչպես նաև օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան: Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ ներկայացված ֆիրմային անվանումը համապատասխանում է նշված պահանջներին, ապա Բաժինը կայացնում է եզրակացություն՝
1) ֆիրմային անվանման մեջ «Հայ», «Հայաստան» կամ «հայկական» բառի կամ դրա թարգմանության օգտագործման թույլտվություն տալու և գրանցման հնարավորության մասին, եթե մինչև եզրակացությունը Պետական ռեգիստր ուղարկելը Փորձաքննության մարմին է ներկայացվել նշված բառի օգտագործման թույլտվություն տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) Ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին՝ պայմանով, որ գրանցումը կարող է կատարվել միայն ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ «Հայ», «Հայաստան» կամ «հայկական» բառի օգտագործման համար Փորձաքննության մարմնի թույլտվության առկայության դեպքում:
10. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն, եզրակացության կայացման ընթացքում հաշվի է առնվում, որ եթե սույն կարգի 9-րդ կետում նշված բառերի օգտագործումը պայմանավորված է ֆիրմային անվանման մեջ տվյալ իրավաբանական անձի հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ, կամ այդ բառերը ներառված չեն ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անուններում, ապա հայտը քննարկվում է առանց նշված բառերի թույլտվության: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Զրահատուն» ՓԲԸ, Հայաստանի «Դիսքավրի» ամերիկյան համալսարան ՍՊԸ և այլն:
11. Սույն կարգի 9-րդ կետում նշված բառերի օգտագործման թույլտվության (և համապատասխան պետական տուրքի վճարման) հարցի քննարկման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ «արմ» բառը ընկալվում և հավասարեցվում է նշված բառերի թարգմանությանը հատկապես այն դեպքերում, երբ դրանով կազմված բարդ բառի մեջ դրան հաջորդում է որևէ լեզվով իմաստ ունեցող բառ կամ այդպիսի բառի կրճատ ձև, օրինակ՝ «Արմբրիտ» (որպես Հայաստան-Բրիտանիա), «Արմսվյազ» (որպես հայկական կապ), «Արմսթար» (որպես հայկական աստղ) և այլն, որոնք տվյալ իրավաբանական անձը որոշակի առումով բնութագրում են որպես համահայկական, համահայաստանյան նշանակության սուբյեկտ: Այդ իսկ պատճառով նմանատիպ բառերը ևս ֆիրմային անվանումների տարբերակող անուններում կարող են օգտագործվել միայն սահմանված կարգով տրված թուլտվության հիման վրա, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում:
Մնացած դեպքերում, երբ «արմ»-ով կազմված բառը մտացածին, իմաստազուրկ և մարդու մոտ համահայաստանյանի, համահայկականի հետ անմիջականորեն կապված որոշակի պատկերացում չի առաջացնում, ապա այն կարող է օգտագործվել առանց Փորձաքննական մարմնի թույլտվության: Օրինակ՝ «Արմէդ», «Արմեն Պետրոսյան», «Արմուլին» և այլն:
12. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ֆիրմային անվանումների մեջ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Կարգի 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումներն առանց թույլտվության կարող են օգտագործվել ֆիրմային անվանումներում, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանմամբ իրավաբանական անձը չեն բնորոշում որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ։ Օրինակ՝ «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ, «Արթիկի N 5 քարհանք» ԲԲԸ և այլն։
13. Կարգի 3-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` եթե Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորի (մարզ, քաղաք, գյուղ) անվանման օգտագործմամբ ֆիրմային անվանումը իրավաբանական անձին բնորոշում է որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ, կամ եթե վարչատարածքային միավորների անվանումն օգտագործվում է որպես ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անուն, ապա անհրաժեշտ է ստանալ մարզի համար՝ համապատասխան մարզպետի, Երևան քաղաքի համար՝ Երևանի քաղաքապետի, այլ քաղաքների ու գյուղերի համար՝ համապատասխան քաղաքապետի կամ գյուղապետի թույլտվությունը։ Օրինակ՝ «Սյունյաց մշակույթ» ՍՊԸ անվանման համար անհրաժեշտ է ստանալ Սյունիքի մարզպետի թույլտվությունը, «Երևաննախագիծ» ինստիտուտ ՓԲԸ անվանման համար՝ Երևանի քաղաքապետի թույլտվությունը, «Գյումրի» ՓԲԸ անվանման համար՝ Գյումրիի քաղաքապետի թույլտվությունը և այլն։ Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ սովորաբար ՀՀ մարզերի անվանումների ներառումը ֆիրմային անվանման մեջ տվյալ իրավաբանական անձին բնորոշում է որպես մարզային նշանակության սուբյեկտ, քանի որ դա չի բնորոշում իրավաբանական անձի գտնվելու կոնկրետ վայրը կամ վերջինիս որևէ այլ հատկանիշ, բացառությամբ այն դեպքերի, երբ մարզի անվանման օգտագործումը իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ պայմանավորված է նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ: Օրինակ՝ «Շիրակի մարզպետարանի «Գեղանի» մշակութային կենտրոն» ՓԲԸ և այլն:
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված պահանջը համարվում է կատարված, եթե համապատասխան համաձայնությունը Փորձաքննության մարմին ներկայացվել է էլեկտրոնային հայտին կից, կամ հայտին կից դա Պետական ռեգիստր ներկայացնելու մասին նշված է էլեկտրոնային եղանակով Փորձաքննության մարմին ներկայացված հայտում:
15. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ Ֆիրմային անվանումը ներկայացվել է առանց սույն կարգի 13-րդ կետում նշված պահանջների պահպանման, բացակայում են Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը, Բաժնի կողմից կայացվում է եզրակացություն՝ ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին՝ պայմանով, որ գրանցումը կարող է կատարվել միայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում:
16. Ֆիրմային անվանման փորձաքննության խնդիրը դրա գրանցման մերժման հիմքերի ի հայտ բերելն է, որոնք նախատեսված են Օրենքի 9-րդ հոդվածով: Փորձաքննությունը, որն իրականացվում է հայտի ստացման օրվանից մեկօրյա ժամկետում, առաջին հերթին անցկացվում է նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթներին համապատասխան, ըստ որի որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չէ այն անվանումը, որի տարբերակող նշանակության անունը՝
1) համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես որոշակի տեսակի ապրանքի, ծառայության կամ հաստատության անվանում:
Համընդհանուր օգտագործման մեջ մտած որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող անվանումների թվին են պատկանում այն անվանումները, որոնք նախկինում գրանցված են եղել որպես ապրանքային նշան, բայց սպառողի կողմից ընկալվում են որպես ապրանքի սեռային կամ տեսակային անվանում տարբեր արտադրողների կողմից նույն կամ նույնատիպ ապրանքների համար իրարից անկախ բազմիցս օգտագործելու պատճառով, օրինակ՝ թերմոս, վազելին, ցելոֆան, նովոկաին, լինոլեում և այլն:
Համընդհանուր օգտագործման մեջ մտած ծառայությունների անվանումների թվին դասվում են իրավաչափորեն մատուցվող ծառայությունների անվանումները, օրինակ՝ «Ավտոտեխսպասարկում», «Քիմմաքրում» և այլն: Համընդհանուր օգտագործման մեջ մտած հաստատությունների անվանումների թվին դասվում են, օրինակ՝ «Գեղեցկության սրահ», «Գործարան», «Գրադարան» և այլն:
2) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ կամ տերմին է:
Համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշների թվին են պատկանում այն անվանումները, որոնք մատնանշում են տնտեսության կամ գործունեության որոշակի ճյուղ, բնագավառ, օրինակ՝ «Ավիացիա», «Անտառտնտեսություն»: Որպես համընդհանուր ճանաչում ստացած տերմին չի կարող գրանցվել, օրինակ՝ «Բայթ», «Քրոմ» և այլն:
3) նշում է ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, հատկությունը, արժեքը, ստեղծման նպատակը կամ գովազդում է դա: Օրինակ՝ «Ապահովագրական ծառայություն», «Մետաղական կոնստրուկցիա», որևէ թիվ, կամ դրա համակցությամբ այլ անվանում, «Էքստրա», «Լյուքս» և այլն:
4) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը կամ շփոթելու աստիճան նման է դրան: Միջազգային կազմակերպության լրիվ կամ կրճատ անվանմանը շփոթելու աստիճան նման անվանումը կարող է գրանցվել որպես ֆիրմային անվանում միայն տվյալ կազմակերպության համաձայնությամբ: Այդ անվանումները պահպանվում են Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածին համապատասխան, որի տվյալների էլեկտրոնային բազան մատչելի է Բաժնի համար և օգտագործվում է ներկայացված անվանումների փորձաքննության նպատակով:
5) հանդիսանում կամ պարունակում է կեղծ կամ մոլորության մեջ գցող տեղեկություն, օրինակ՝ օտարերկրյա պետություններին անհիմն հղումներ պարունակող անվանումները:
6) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, առաջացնում կամ կարող է առաջացնել անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ազգային և հոգևոր արժեքներ են համարվում նյութական, գիտական, մշակութային արժեքները, ինչպես նաև հոգևոր արժեքները։ Արժեք հասկացությամբ նշվում է այն հանգամանքը, որ մարդկային գործունեության մեջ ներգրավված իրականությունը ձեռք է բերում մի նոր հատկանիշ, այն իմաստավորվում է հասարակական-մշակութային և հոգևոր ենթատեքստում և դառնում զանազան գնահատականների առարկա։ Օրինակ՝ խաչքարը ճարտարապետական հուշարձան է, սակայն հայ ժողովրդի իրականության մեջ այն ձեռք է բերել մի նոր հատկանիշ։ Մեր ազգային մտածելակերպին հարիր չէ, օրինակ՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով որպես ֆիրմային անվանում կամ ապրանքային նշան օգտագործել որևէ Սրբի անուն կամ հայ ժողովրդի պատմության մեջ և արվեստում նշանակալի և առանձնահատուկ տեղ զբաղեցնող անձանց, ինչպես, օրինակ՝ Ներսես Շնորհալու, Կոմիտասի կամ Գրիգոր Նարեկացու անունները:
17. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես ֆիրմային անվանում չեն կարող գրանցվել այն անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝
1) սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
2) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որևէ ապրանքային նշանի՝ պայմանով, որ նշված ֆիրմային անվանման օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու՝ հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ապրանքային նշանի իրավատիրոջը:
Այս կապակցությամբ տեղեկատվական համապատասխան հիմնապաշարներից ի հայտ են բերվում մինչև ստուգվող ֆիրմային անվանման հայտի ներկայացման թվականը Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ անձանց պատկանող այն ֆիրմային անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են ստուգվող ֆիրմային անվանմանը: Նույն օրը ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման ֆիրմային անվանումների էլեկտրոնային հայտեր ստանալու դեպքում առաջնությունը տրվում է Պետական ռեգիստրի կողմից ավելի փոքր գրանցման համար ունեցող հայտում նշված անվանմանը:
Որպես ստուգման տեղեկատվական պարտադիր հիմնապաշար` ներկայացված անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման անվանումների (անունների, արտահայտությունների, բառերի, բառակապակցությունների) որոնումն անցկացվում է Փորձաքննության մարմնի ապրանքային նշանների և ապրանքի ծագման տեղանունների հիմնապաշարներում, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից նախկինում գրանցված իրավաբանական անձանց մասին տվյալների հիմնապաշարում, Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի համակարգին համապատասխան գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում (ROMARIN ծրագիր):
18. Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձանց ֆիրմային անվանումների թվին են պատկանում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Պետական ռեգիստրի կողմից գրանցված և հայտի ներկայացման օրվա դրությամբ գոյություն ունեցող (չլուծարված) իրավաբանական անձանց անվանումները, ինչպես նաև օրենքին համապատասխան ավելի վաղ գրանցման ներկայացված այն ֆիրմային անվանումները, որոնք արդեն գրանցվել են կամ դեռևս կարող են գրանցվել։ Այստեղ հաշվի են առնվում նաև այն ֆիրմային անվանումները, որոնց վերաբերյալ Օրենքի և սույն կարգի համաձայն տրվել է գրանցման հնարավորության մասին եզրակացություն:
19. Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ ապրանքային կամ սպասարկման նշանների թվին են պատկանում այն բառային ապրանքային նշանները կամ համակցված նշանի մեջ ներառված բառային արտահայտությունը կամ բառը, որոնք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ավելի վաղ են գրանցման ներկայացվել (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան), քան տվյալ ֆիրմային անվանման հայտը և արդեն գրանցվել են կամ դեռևս կարող են գրանցվել։
20. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստանալու համար միջազգային ընթացակարգով ավելի վաղ գրանցման ներկայացված նշանի հայտի մասին տեղեկություններն ստացվել են ավելի ուշ, քան օրենքին համապատասխան գրանցվել է դրան համընկնող կամ շփոթելու աստիճան նման ֆիրմային անվանում, ապա վերջինիս սեփականատերն այդ մասին իմանալուց հետո պարտավոր է փոխել իր ֆիրմային անվանումը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռնարկել որևէ այլ միջոցառում:
21. Նկատի ունենալով, որ ֆիրմային անվանումը գրանցման է ներկայացվում առանց տվյալ իրավաբանական անձի գործունեության ոլորտը նշելու, ապա այն քննարկվում է որպես բոլոր ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանում: Այս դեպքում, տվյալ անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման ավելի վաղ գրանցված կամ գրանցման գործողություն ունեցող ֆիրմային անվանում կամ ապրանքային նշան հայտնաբերվելու դեպքում, անկախ հայտնաբերված ֆիրմային անվանմամբ իրավաբանական անձի գործունեության ոլորտից կամ այն ապրանքների ցանկից, որոնց համար գրանցված է հայտնաբերված ապրանքային նշանը, տրվում է ֆիրմային անվանման գրանցման անհնարինության մասին եզրակացություն:
22. Ֆիրմային անվանումների շփոթելու աստիճան նմանությունը առաջին հերթին որոշվում է տարբերակող նշանակության անունների նույնությամբ։ Այսինքն` եթե հայտարկված ֆիրմային անվանման մեջ տարբերակող անունը (մասը) համընկնում է արդեն գրանցված ֆիրմային անվանման տարբերակող անվանը, ապա հայտարկված ֆիրմային անվանման գրանցումը ենթակա չէ գրանցման։
23. Ֆիրմային անվանումները համարվում են շփոթելու աստիճան նման, եթե դրանց տարբերակող անունները ընդհանուր առմամբ զուգորդվում են միմյանց հետ (այսինքն՝ մարդու մոտ առաջացնում են ընկալման նույն զգացողությունը), չնայած, որ դրանք կարող են ունենալ առանձին տարբերություններ:
Այդպիսի նմանությունը կարող է լինել ձայնային (հնչյունային) և իմաստային (միտք արտահայտող):
24. Տարբերակող անունների ձայնային նմանությունը որոշելու համար հիմնականում հաշվի են առնվում հետևյալ հատկանիշները՝
1) համեմատվող անուններում համընկնող հնչյունների առկայությունը.
2) հնչյունների և հնչյունային կապակցությունների միմյանց նկատմամբ դասավորվածությունը.
3) համընկնող վանկերի առկայությունը և դրանց դասավորվածությունը.
4) անվան մեջ վանկերի քանակը.
5) անուններում համընկնող հնչյունային կապակցությունների տեղը.
6) ձայնավորների կազմի մոտիկությունը.
7) բաղաձայնների կազմի մոտիկությունը.
8) անունների համընկնող մասերի բնույթը.
9) անուններից մեկը մյուսի մեջ մտնելը.
10) շեշտադրությունը:
25. Տարբերակող անունների իմաստային նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա՝
1) անունների մեջ դրված նույն հասկացության, գաղափարի, մասնավորապես տարբեր լեզուներով անունների համընկնող իմաստի.
2) անունների (արտահայտությունների) տարրերից որևէ համընկնող տարրի, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.
3) անունների մեջ դրված հասկացությունների, գաղափարների հակադրության:
26. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ֆիրմային անվանումը համարվում է որևէ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե նրա տարբերակող անունը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ապրանքային նշանին: Այս դեպքում ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների համեմատության ժամանակ տարբերակող նշանակության անվան հետ համեմատվում է ոչ թե բառային ապրանքային նշանը կամ համակցված ապրանքային նշանի բառային մասը` որպես այդպիսին (նշան, պատկեր), այլ դրա հայերեն գրադարձությունը (արտասանությունը), անկախ նրանից, թե տվյալ ապրանքային նշանը (բառային մասը) ինչ լեզվով է գրված։ Օրինակ՝ եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված է «MECHTA» ապրանքային նշանը, ապա չի կարող գրանցվել որևէ ֆիրմային անվանում, որի մեջ տարբերակող անունը «մեչտա» է, օրինակ՝ «Մեչտա» ՓԲԸ:
27. Սույն կարգի համաձայն` շփոթելու աստիճան նման համարվում են, մասնավորապես, այն անունները և (կամ) բառային ապրանքային նշանները, որոնք՝
1) նմանահնչուն են, այսինքն՝ դրանցից մեկը կարդալու (լսելու) դեպքում մարդու մոտ տպավորություն է ստեղծվում նախկինում կարդացած (լսած) մեկ այլ անվանման կամ բառային ապրանքային նշանի մասին, երբ դրանցից առնվազն մեկը հայերեն հասկանալի չէ, օրինակ՝ «Ձագար» և «Ծագար», «Նակիլա» և «Մակիլա», «Կամինակա» և «կանիմակա», «Բելա» և «Bella», «Կանոն» և «Canon» և այլն.
2) բաղկացած են նմանահնչուն կամ նույնական բառերից և դրանցից մեկը կարդալու (լսելու) դեպքում մարդու մոտ տպավորություն է ստեղծվում նախկինում կարդացած (լսած) մեկ այլ անվանման կամ բառային ապրանքային նշանի մասին, օրինակ՝ «Արմեն և Դավիթ» և «Դավիթ և Արմեն», «Նանիլա-թուր» և «Տուր-մանիլա» և այլն.
3) պարունակում են նույնական անուններ, սակայն տարբերվում են միայն ինչ-որ պատահական թվերով, օրինակ՝ «Ոստան-2» անունը՝ «Ոստան»-ից, «Արաքս-5» անունը՝ «Արաքս»-ից և այլն: Այս դեպքում թվով տարբերվող անունը կարող է շփոթելու աստիճան նման չհամարվել մյուսին, եթե տվյալ թիվը որոշակի առումով խորհրդանշական իմաստ ունի, օրինակ՝ «Արփի-999»-ը «Արփի» անվանը, որտեղ 999-ը կարող է խորհրդանշել ազնվություն, մաքրություն և այլն:
28. Ֆիրմային անվանման փորձաքննության արդյունքում կայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը՝
1) ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին.
2) ֆիրմային անվանման գրանցման անհնարինության մասին՝ նշելով մերժման հիմքերը, ինչի մասին մեկօրյա ժամկետում ծանուցվում է Պետական ռեգիստր։
29. Ֆիրմային անվանման գրանցման մասին եզրակացության մեջ նշվում են հայտի համարը, ներկայացման թվականը, էլեկտրոնային հայտի ստացման թվականը, ֆիրմային անվանման եզրակացության համարը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)։