«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106432
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2006 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետով` հրամայում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Գ. Մկրտչյանին` 5-օրյա ժամկետում նախարարության գործավարության կարգը՝ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական գրանցմանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին՝ գործավարությունն իրականացնել սույն հրամանով հաստատված գործավարության կարգի դրույթներին համապատասխան:
(3-րդ կետը խմբ. 20.08.09 N 18-Ն)
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Իսախանյանին:
Հ. Աբրահամյան |
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործավարության կարգը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ)։
3. ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործավարությունն իրականացնում է Աշխատակազմի քարտուղարության (այսուհետ` Քարտուղարություն) ընդհանուր բաժինը (այսուհետ` Բաժին) աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով:
4. Աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի (այսուհետ` անձնակազմի կառավարման բաժին) կողմից տրվում է համակարգից օգտվողի անուն:
5. Համակարգից օգտվելու համար յուրաքանչյուր աշխատակցի վերապահվում է գաղտնաբառ ունենալու իրավունք, որն աշխատակիցն իրավասու չէ փոխանցել որևէ այլ անձի:
6. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի աշխատակիցը կարող է փոխել համակարգից օգտվելու իր գաղտնաբառը:
7. Օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը։
8. Աշխատակցի արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը տեղեկանք է ներկայացնում աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին տվյալ աշխատակցին փոխարինող անձի վերաբերյալ` նշելով փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը:
9. Աշխատողի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատակցին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:
10. Աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչության ինֆոտեխնոլոգիաների բաժինն անհրաժեշտության դեպքում կարող է ձեռնարկել համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիքներ:
11. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը։
12. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի (այսուհետ` Հրահանգ) պահանջներին համապատասխան, որը ենթակա չէ համակարգ մուտքագրման:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
13. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ բաժնի աշխատակիցը կից նյութերով գրանցում է համակարգում՝ նշելով փաստաթուղթն ուղարկողին, պայմանանիշը, փաստաթղթի համարը, ամսաթիվը, տեսակը, հանձնարարականի համարը (եթե ի կատարումն է), աշխատակազմում գրանցման համարն ու ամսաթիվը, վերջնաժամկետը (առկայության դեպքում), փաստաթղթի վերնագիրը, համառոտ բովանդակությունը, ուղարկված փաստաթղթի ձևը (թղթային կրիչ թե էլեկտրոնային տարբերակ), առդիր փաստաթղթերի քանակը, էլեկտրոնային կրիչը (առկայության դեպքում) հասանելիության աստիճանը, ստացման եղանակը և համակարգի կողմից պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
14. Բաժնի աշխատակիցը քաղաքացիների դիմումների վերաբերյալ համակարգում գրանցում է` դիմողի անունը, ազգանունը, հասցեն, կոլեկտիվ առաջարկության կամ դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը, պայմանանիշը, աշխատակազմում գրանցման համարն ու ամսաթիվը, վերջնաժամկետը, համառոտ բովանդակությունը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
15. Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը։
16. Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է Բաժնի դասակարգիչներով (հաստատում է Քարտուղարության պետը) թղթակցին տրված պայմանանիշից, հերթական համարից և տարեթվից։
17. Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվելուց և դրոշմակնիքը դրվելուց հետո միայն մուտքագրվում է պատկերամուտով (սկաներով), որից հետո փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է բաժնի պետին` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
18. Բաժնի պետը համակարգով գրանցված գրությունների մասին տեղեկատվությունն ուղարկում է Քարտուղարության պետին:
19. Ստացված բոլոր ծրարները Բաժնում բացվում են (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից)։
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը։
20. Բաժնի աշխատակիցները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ։
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ երեք օրինակից, որոնցից մեկը մնում է Բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը։
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ Համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային հասցեները), որոնցով դրանք ստացվել են, անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը։
21. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար։
22. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են Համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է։
23. Քարտուղարության պետը փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկում է աշխատակազմի ղեկավարի մակագրությանը` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
24. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան աշխատակազմի որևէ ելից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան դաշտում» այն կցվում է համապատասխան ելից փաստաթղթին։
25. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման։
Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ ուղարկվում է համակարգի միջոցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում սույն կարգին համապատասխան։
26. Աշխատակազմի ղեկավարը, համապատասխան փաստաթուղթն առանց աշխատակազմի որևէ ստորաբաժանման վրա մակագրելու, կարող է համապատասխան մակագրությամբ վերադարձնել բաժնի պետին:
27. Աշխատակազմի ղեկավարը անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը փոխանցում է նախարարին կամ նախարարի տեղակալներին` մակագրության:
28. Միևնույն փաստաթուղթն աշխատակազմի ղեկավարը կարող է համակարգով «1-ին, 2-րդ, … n-րդ կատարող(ներ)» մակագրությամբ` համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված ժամկետից առնվազն մեկ օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ նյութերը:
29. Հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը ստորաբաժանումների կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթը հանձնում է նախարարության համապատասխան պաշտոնատար անձի հաստատմանը:
30. Միևնույն փաստաթուղթը աշխատակազմի ղեկավարը կարող է «Հավասարազոր» մակագրությամբ փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումների: Հանձնարարական ստացած աշխատակազմի ստորաբաժանումներից յուրաքանչյուրը հանձնարարականի արդյունքում իր նախապատրաստած փաստաթուղթն ուղարկում է նախարարության համապատասխան պաշտոնատար անձի հաստատմանը:
31. Աշխատակազմի ղեկավարի «Ի տնօրինություն» մակագրության դեպքում փաստաթղթի հետագա ընթացքը որոշում է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
32. Աշխատակազմի ղեկավարը փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկում է ստորաբաժանման ղեկավարին` սահմանելով կատարման կոնկրետ ժամկետ:
33. Համակարգի միջոցով փաստաթղթի հիմնական վերջնաժամկետը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշմամբ սահմանված ժամկետներին համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի ղեկավարը կարող է սահմանել կատարման առավել սեղմ վերջնաժամկետ:
34. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են Բաժնում:
35. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո փաստաթղթերի հետագա շարժը իրականացնում է ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը։
36. Համակարգում փաստաթղթերը ստորաբաժանումից ստորաբաժանում կարող են վերահասցեագրվել միայն համապատասխան պաշտոնատար անձի մակագրությամբ։
37. Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը տվյալ ստորաբաժանմանը կարող են հանձնվել նաև թղթային տարբերակով:
38. Աշխատակազմ ստացված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, ընդունման-հանձնման ակտերը, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունն ու որոշումը, ատեստավորման թերթիկն ու համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշումը (այսուհետ` նյութեր), վարկային ծրագրերի և բարեգործական կազմակերպությունների հաշվետվությունները, աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից հարցման միջոցով ստացված դատվածության բացակայության մասին տեղեկանքը, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու և զրկելու մասին համապատասխան իրավական ակտերը և այլն (այսուհետ` մյուս փաստաթղթեր) ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով, քանի որ դրանք համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրվում են անձամբ` թղթային կրիչներով:
39. Հսկողության վերցված հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման համար Բաժնի աշխատակիցը կամ համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցը մինչև հանձնարարականի կատարման ժամկետի լրանալը ծանուցում է համապատասխան կատարողներին և տեղեկացնում է իր կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին։
40. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումների, նամակների, հանձնարարականների դեպքում ժամկետի երկարացման թույլտվությունը իրականացվում է տվյալ փաստաթուղթը մակագրող համապատասխան պաշտոնատար անձի մակագրությամբ` Բաժնի միջոցով, կատարողի առաջարկությամբ:
41. Փաստաթուղթը կցվում է գործին այն դեպքում, երբ փաստաթղթին կից կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է տարածքային կառավարման նախարարի, նախարարի տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը։
42. Աշխատակազմի աշխատակիցները պատասխանատու են իրենց մոտ գտնվող այն փաստաթղթերի պահպանության համար, որոնք տրամադրվել են Բաժնի կողմից։ Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել։
43. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատակիցը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին։
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
44. ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, մարզպետարաններից, այլ պետական մարմիններից ստացված տարածքային կառավարման նախարարության լուծումը պահանջող գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար կատարման ժամկետ է սահմանվում`
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր-մինչև 5 օր
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցեր-մինչև 15 օր
Կազմակերպություններից ստացված գրությունների, քաղաքացիների նամակների, դիմումների համար կատարման ժամկետ է սահմանվում`
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր-մինչև 10 օր
լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր-մինչև 25 օր։
45. ՀՀ օրենքները, ՀՀ Աժ նորմատիվ բնույթի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց տեղեկագրերը Աշխատակազմի Քարտուղարության Բաժնից կամ արխիվից դուրս են տրվում միայն վերադարձնելու պայմանով, որի համար նշված ստորաբաժանումներում տարվում է հաշվառում։ Վերցված փաստաթղթերը ենթակա են վերադարձման 5-օրյա ժամկետում։
IV. ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
47. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծեր նախապատրաստելիս.
-պահպանում են գործող օրենսդրության պահանջները, կատարողների առջև դնելով հստակ ձևակերպված խնդիրներ, նշելով հանձնարարականի կատարման ժամկետները և կատարող անձանց,
-հետևում են, որ Նախարարին (աշխատակազմի ղեկավարին) ներկայացվեն շահագրգիռ ստորաբաժանումների հետ համաձայնեցված նախագծեր,
-ապահովում են Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների ժամանակին նախապատրաստումը,
-հետևում են, որ նշագրերի, ինչպես նաև հրամանին կից փաստաթղթերի տակ դրվեն ամսաթվեր, նշագրողի պաշտոնը, անվանատառը և ազգանունը։
48. Նախարարը, Նախարարի տեղակալները կամ աշխատակազմի ղեկավարը համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարում է կազմակերպել նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագծի (այսուհետ` հրամանի նախագիծ) նախապատրաստումը, փոխանցելով նրան նաև հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (օրինակ` դիմում, զեկուցագիր, տեղեկանք և այլն): Հրամանի նախապատրաստման համար հիմք կարող է հանդիսանալ նաև ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությունը:
49. Ստորաբաժանման ղեկավարը, վերջնաժամկետի նշմամբ, որը չի կարող գերազանցել աշխատակազմի ղեկավարի սահմանած վերջնաժամկետը, հանձնարարում է աշխատակցին նախապատրաստել հրամանի նախագիծ` փոխանցելով նաև անհրաժեշտ նյութերը:
50. Հրամանի նախագիծը նախապատրաստած աշխատակիցն այն ուղարկում է ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
51. Ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը կարող է վերադարձնել աշխատակցին` այն խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:
52. Աշխատողը հրամանի լրամշակված նախագիծը ներկայացնում է ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
53. Ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը համաձայնեցնում է շահագրգիռ ստորաբաժանումների հետ և նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնում է իրավաբանական բաժին` իրավական փորձաքննության:
54. Աշխատակազմի իրավաբանական բաժինը 5-օրյա ժամկետում ուսումնասիրում և քննարկում է հրամանի նախագիծը ու ներկայացնում իրավական փորձաքննության եզրակացություն։
55. Համաձայնեցումներ ստացած հրամանի նախագիծը ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:
56. Հաստատված հրամանի նախագիծն ուղարկվում է անձնակազմի կառավարման բաժնի պետին` այն համապատասխան ձևաթղթի վրա տպելու և նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի ստորագրությանը ներկայացնելու համար:
57. Ստորագրված հրամանը համարակալվում է անձնակազմի կառավարման բաժնում:
58. Հրամանի բնօրինակը թղթային տարբերակով պահվում է անձնակազմի կառավարման բաժնում:
59. Հրամանի հաստատված էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին։
60. Անհրաժեշտության դեպքում համապատասխան հրամանները կարող են աշխատակիցներին տրամադրվել նաև թղթային տարբերակով` կնքված:
61. Հրամաններն արխիվացվում են անձնակազմի կառավարման բաժնում:
62. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների այն նախագծերը և նրանց կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ առկա են տարաձայնություններ, կարող են նախապես քննության առնվել Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում։
Հրամանի նախագծի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմում է խորհրդակցության մասնակիցների ցուցակը և ապահովում է նրանց մասնակցությունը։
63. Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանների բնօրինակները կնքվում են նախարարության, կամ Աշխատակազմի կնիքներով։
64. Բաժինը ապահովում է Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հրամանների առաքումը հասցեատերերին:
65. Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի յուրաքանչյուր հրաման անձնակազմի կառավարման բաժնում գրանցվում է հրամանների գրանցամատյանում, դրվում է հերթական համարը նշելով ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ։
66. Անձնակազմի կառավարման բաժնի կողմից հրամանների լրացուցիչ օրինակներ տրվում են միայն աշխատակազմի ղեկավարի ցուցումով։
67. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների բնօրինակները նրան կից նյութերով պահպանվում են անձնակազմի կառավարման բաժնում, իսկ դրանց հաստատված էլեկտրոնային տարբերակները` համակարգում:
V. ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
68. ՀՀ տարածքային կառավարման նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների կատարման հսկողության կազմակերպումը իրականացվում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի ցուցումով։
69. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների կատարումը ուսումնասիրելու հանձնարարությունները տրվում են Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի կողմից։
70. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների, հանձնարարականների կատարման հսկողությունն իրականացվում է Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում։
71. Ուսումնասիրություններին կարող են ներգրավվել Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները։
72. Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվում և ներկայացվում են զեկուցագրի կամ տեղեկանքի ձևով։
73. Հանձնարարությունը հսկողությունից հանվում է ներկայացված տեղեկանքի (զեկուցագրի) հիման վրա Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ։
VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
74. Աշխատակազմի ստորաբաժանման կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից կամ նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում համակարգում ստորաբաժանման աշխատակիցը լրացնում է ելից փաստաթղթի վերնագիրը, ստացողին, հասանելիության աստիճանը, առաքման եղանակը, ուղարկվող փաստաթղթի ձևը (թղթային կրիչ թե էլեկտրոնային տարբերակ), վերջնաժամկետը, առդիր փաստաթղթերի քանակը, էլեկտրոնային կրիչը (առկայության դեպքում) և համակարգով պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
75. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ելից գրություններ նախապատրաստած ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում գրությունը համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնեցմանը:
76. Համաձայնեցումներից հետո ստորաբաժանման ղեկավարը գրությունն ուղարկում է փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձի հաստատմանը:
77. Տվյալ պաշտոնատար անձը հաստատած գրությունը համապատասխան մակագրությամբ ուղարկում է Բաժնի պետին և այդ մասին տեղյակ է պահում նաև կատարող ստորաբաժանմանը:
78. Կատարող ստորաբաժանման ղեկավարը հանձնարարում է աշխատակցին գրությունը տպել ձևաթղթի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթուղթը առաքվում է համակարգի միջոցով:
79. Ձևաթղթի վրա տպված գրությունը թղթային տարբերակով Քարտուղարության կամ Բաժնի պետի միջոցով ներկայացվում է տվյալ պաշտոնատար անձի ստորագրությանը:
80. Գրությունը ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է Բաժնի պետին` փաստաթղթի առաքումն ապահովելու համար, միաժամանակ տեղեկացնելով կատարողին:
81. Գրության ստորագրված թղթային տարբերակը տվյալ պաշտոնատար անձի գործավարի միջոցով փոխանցվում է Բաժին:
82. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան աշխատակազմ ստացված որևէ մտից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան դաշտում» այն կցվում է համապատասխան մտից գրությանը:
83. Նոր ելից փաստաթուղթ գրանցելիս համակարգը ձևավորում է հերթական ելից համար, որը կազմում է տվյալ փաստաթղթի վերջնական ելից համարի մի մասը: Ելից վերջնական համարը ձևավորվում է Բաժնում` առաքման ժամանակ:
84. Աշխատակազմում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում աշխատակազմի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչությունը:
85. Աշխատակազմի ստորաբաժանում համակարգով ուղարկված մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
86. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի կողմից։
87. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի քանակը։
88. Նամակների տեքստի տակ, էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը։
89. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների, հանձնարարականների, նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և այլ պետական մարմինների նամակների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը։
90. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ստացված գրությունների պատասխաններ, նամակի տեքստում հղում է կատարվում տվյալ գրության վրա, նշելով դրա ամսաթիվը և համարը։
91. Եթե հանձնարարականում նշվում է, որ պետք է տեղեկացնել արդյունքների մասին, ապա տեքստի տակ դրվում է «Վերցված է հսկողության» դրոշմ, որի վրա նշվում է կատարման ժամկետը։
92. Նախարարի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը իրավասու են ստորագրելու առաքվող այն փաստաթղթերը, որոնք անմիջականորեն զեկուցվել են իրենց, ինչպես նաև իրենց հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը, որոնք մինչև հասցեատիրոջն առաքելը զեկուցվում են Նախարարին և նոր առաքվում հասցեատերերին։
93. Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով առաքվող փաստաթղթերը տպագրվում են համապատասխանաբար Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի ձևաթղթերի վրա։
94. Շտապ բնույթի նամակները մինչև Բաժին հանձնելը պատասխանատու ստորաբաժանման կողմից հաղորդվում են ֆաքսիմիլան կամ էլեկտրոնային կապի միջոցով, որի մասին ստորաբաժանումը կատարում է համապատասխան գրանցում։
95. Նամակի ելից համարը կազմված է ստորագրողի պայմանանիշից, ելիցը պատրաստողի պայմանանիշից, հերթական համարից և տարեթվից։
96. Ելից թղթակցությունը (2 օրինակից, հիմքերի հետ միասին) բաց վիճակում գրանցման և առաքման համար հանձնվում է Բաժին։ Առաջին օրինակը ուղարկվում է համապատասխան հասցեատերերին, իսկ երկրորդ օրինակը կից նյութերով, պահվում է Բաժնում։
Ծրարված թղթակցությունը գրանցվում է ցուցակում և առաքվում է հասցեատերերին։
97. Առաքվող թղթակցության համար կազմվում է ցուցակ, որտեղ նշվում է փաստաթղթի համարը, առաքման հասցեն, առաքող պատասխանատու անձի անուն, ազգանունը և ստորագրությունը։
98. ՀՀ կառավարություն, ՀՀ նախարարություններ, այլ պետական մարմիններ և կազմակերպություններ առաքված փաստաթղթերի կատարման հսկողությունը իրականացվում է Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից։
VII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
99. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են Բաժնում։
100. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում առաջին ազգանունը։
101. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով։
102. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները գրանցվում են համակարգում որպես «ի լրումն» նույն առարկայի վերաբերյալ առաջինը ստացված փաստաթղթի:
103. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են Աշխատակազմի ղեկավարին։
104. Աշխատակազմի ղեկավարի կողմից տրվում են հանձնարարականներ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու և դրանց պատասխանելու վերաբերյալ։
105. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Բաժնի կողմից կարող են վերահասցեագրվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում։
106. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունների, դիմումների ու բողոքների պատասխանները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, նախարարի տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով, վերադարձվում են Բաժին հասցեատերերին ուղարկելու համար։
107. Նամակների քննարկման արդյունքների մասին, դիմողի պահանջի դեպքում, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին։
108. Վերահսկողության վերցված նամակների վերջին էջի աջ անկյունում դրվում է «Վերցված է հսկողության» դրոշմակնիքը։
VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
109. Փաստաթղթերն Աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց՝ գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
110. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
111. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան։
112. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի։
113. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) Աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը։
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են Աշխատակազմի արխիվում։
114. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն Աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ։
(հավելվածը խմբ. 06.02.07 N 6-Ն, 20.08.09 N 18-Ն)