«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10207331
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 228-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշումը.
Հրամայում եմ`
1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը և պայմանները»՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի N 228-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը և պայմանները (այսուհետ՝ Կարգ) սահմանվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կարգի հիման վրա։
2. Սույն Կարգը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) սահմանելու վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման միասնական կարգ և պայմաններ, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ՝ Անձինք) համար հնարավորություններ ստեղծելու՝ ըստ անհրաժեշտության, ծանոթանալու վարչական գործերի նյութերին և օրենքով սահմանված կարգով դրանցից ստանալու տեղեկատվություններ, ձեռք բերելու քաղվածքներ, պատճեններ (լուսապատճեններ)։
3. Սույն Կարգով սահմանվում են Նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի բացման և վարման, վարչական վարույթի իրականացման, վարչական գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով Նախարարությունում ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը և պայմանները։
4. Սույն Կարգի գործողությունը տարածվում է Օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ բողոքի (այսուհետ՝ դիմում, եթե ենթատեքստից այլ բան չի բխում) հիման վրա, ինչպես նաև Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների վրա, եթե դիմումի կամ Նախարարության նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է։
Սույն Կարգի գործողությունը տարածվում է նաև Նախարարության, նրա ստորաբաժանման կամ նրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության դեմ անձանց կողմից օրենքով սահմանված կարգով բերված բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթների վրա։
5. Սույն Կարգի գործողությունը չի տարածվում Նախարարությունում անձանցից ստացված (այսուհետ նկատի են առնվում Նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում և դրանց տարածքային ստորաբաժանումներում ստացված) այն դիմումների վրա, որոնցով հայցվող խնդրանքները ենթակա են քննարկման և լուծման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով և պայմաններով։
6. Վարչական վարույթին առնչվող՝ սույն Կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են Օրենքում։
II. Նախարարությունում վարչական վարույթի իրականացման կարգը
7. Նախարարությունում վարչական վարույթի իրականացման և սույն Կարգով նախատեսված մյուս գործառույթները կատարում են Նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների տարածքային ստորաբաժանումները՝ Օրենքով, այլ իրավական ակտերով իրենց վերապահված իրավասության սահմաններում, ինչպես նաև Օրենքով ու սույն Կարգով սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան։
Սույն Կարգի գործողությունը տարածվում է 24-րդ կետով նախատեսված Նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և վերջիններիս տարածքային ստորաբաժանումների վրա (այսուհետ՝ բոլորը միասին՝ Նախարարության ստորաբաժանումներ), ինչպես նաև Նախարարության այն ստորաբաժանումների վրա, որոնք Օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով պարտավոր կլինեն վարչական վարույթ իրականացնել սույն Կարգի ուժի մեջ մտնելուց հետո։
8. Անկախ նրանից, թե վարչական վարույթի ընթացքում վարչական ակտի ընդունումը Նախարարության որ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ մարմնի վրա է դրված, Նախարարությունում վարչական վարույթի իրականացման և սույն Կարգով նախատեսված գործառույթների կատարման համար պատասխանատու են Նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, նրանց բացակայության դեպքում՝ Օրենքով սահմանված կարգով նրանց փոխարինող պաշտոնատար անձինք՝ նրանցից յուրաքաչյուրին սույն Կարգին համապատասխան մակագրված դիմումների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով Նախարարության համապատասխան ստորաբաժանումում այդ ստորաբաժանման ղեկավարի կամ Նախարարության իրավասու այլ պաշտոնատար անձի նախաձեռնության հիման վրա հարուցված վարչական վարույթի մասով։
9. Դիմումը Նախարարության կամ նրա աշխատակազմի առաձնացված ստորաբաժանումների կամ վերջիններիս տարածքային ստորաբաժանումների գործավարական կանոններով սահմանված կարգով մուտքագրվելուց, իրավասու պաշտոնատար անձի կողմից մակագրություն անելուց և Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնելու պահից՝ անհապաղ, համապատասխան ղեկավարը ծանոթանում է դիմումին և դրան առնչվող վարչական գործի մյուս նյութերին։
Եթե ծանոթացման ընթացքում պարզվում է, որ դիմումով հայցվող վարչական ակտի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը պատկանում է այլ վարչական մարմնի, կամ վերապահված չէ որևէ վարչական մարմնի, Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կատարում է Օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված գործողությունները՝ պատշաճ ձևով ծանուցելով դիմողին։
Սույն կետի նպատակների համար պատշաճ ձևով ծանուցելու ներքո նկատի է առնվում հեռախոսով, հեռակապով, էլեկտրոնային կամ այլ փոստով, գրավոր կամ գործնականում հնարավոր որևէ այլ եղանակով դիմողին կամ նրա ներկայացուցչին՝ դիմումը Նախարարությունում ստանալու օրվանից եռօրյա ժամկետում այն մասին տեղեկացնելը, որ նրա դիմումը վերահասցեագրվել է այլ վարչական մարմին կամ վերադարձվել է դիմողին։
10. Եթե ծանուցման արդյունքում պարզվում է, որ դիմումը կամ դիմումով բարձրացված հարցերից թեկուզև մեկը ենթակա է քննարկման Նախարարության համապատասխան ստորաբաժանումում, ապա նրա ղեկավարը հանձնարարական է տալիս ստորաբաժանման իրավասու ծառայողին կամ ծառայողներին՝ գործը քննարկման նախապատրաստելու և վարչական վարույթի հարուցված լինելու մասին դիմողին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ։
Վարչական վարույթի հարուցված լինելու մասին պատշաճ ձևով ծանուցելու ներքո նկատի է առնվում Օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասի և 35-րդ հոդվածի համապատասխան պահանջների պահպանումով, վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրյա ժամկետում դիմողին կամ նրա ներկայացուցչին հեռախոսով, հեռակապով, էլեկտրոնային կամ այլ փոստով, գրավոր կամ գործնականում հնարավոր որևէ այլ եղանակով դիմումի հիման վրա Նախարարության տվյալ ստորաբաժանումում վարչական վարույթի հարուցված լինելու մասին տեղեկացնելը։
11. Սույն կարգի 9-10-րդ կետերին համապատասխան՝ դիմողին պատշաճ ձևով ծանուցելու մասին Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա հանձնարարությունը կատարած ստորաբաժանման իրավասու ծառայողը գրառում է կատարում և կցում դիմումին։ Գրառման մեջ նշվում է պատշաճ ձևով ծանուցման եղանակը, տարին, ամիսը և ամսաթիվը, ծանուցված անձի անունը և ազգանունը։
Եթե պատշաճ ձևով ծանուցումը կատարվել է գրավոր, ապա վարչական գործին կցվում է գրավոր ծանուցման պատճենը։
12. Վարչական վարույթի հարուցման մասին դիմողին կամ ակտի հասցեատիրոջը պատշաճ ձևով ծանուցելուց հետո Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը միջոցներ է ձեռնարկում տվյալ վարչական գործը քննարկման նախապատրաստելու համար, որի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում դիմումը Օրենքի 31-32-րդ և 41-րդ հոդվածների պահանջներին համապատասխան կազմված լինելու հանգամանքը պարզելու վրա և, եթե ծագում է նշված հոդվածների պահանջները չպահպանելու հետևանքով ձևական սխալները վերացնելու, վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի թերությունները վերացնելու անհրաժեշտություն, ապա իրավասու ծառայողին կամ ծառայողներին հանձնարարական է տալիս գործը քննարկման նախապատրաստելու համար դիմողին կամ նրա ներկայացուցչին հրավիրել տվյալ ստորաբաժանում՝ բացահայտված թերությունները վերացնելուն ուղղված Օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված գործողություններ կատարելու համար։
Գործը քննարկման նախապատրաստելիս Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը պետք է աշխատանքները կազմակերպի այնպես, որպեսզի դրա արդյունքում ակնկալվող վարչական ակտն ընդունվի օրենքով սահմանված ժամկետում՝ հաշվի առնելով Օրենքի 36-րդ հոդվածով վարչական մարմնի վրա դրված արագ գործելու պարտականությունը և գործի առնչությամբ մեկից ավելի քննարկումներ անցկացնելու հավանականությունը։
13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված գործողություններն ավարտելուց հետո Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի համապատասխան դրույթի համաձայն, պատշաճ ձևով դիմողին կամ նրա ներկայացուցչին ծանուցում է վարչական վարույթի վերաբերյալ գործի քննարկման տեղի, օրվա, ժամի և անհրաժեշտ այլ պայմանների, օրինակ՝ լրացուցիչ փաստաթղթեր կամ նյութեր ներկայացնելու, վկա հրավիրելու մասին և այլն։
Օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերում պետք է դիմել համապատասխան վարչական մարմնին կամ մարմիններին, որոնց թույլտվությունը կամ համաձայնությունը պահանջվում է վարչական վարույթի իրականացման արդյունքում վարչական ակտի ընդունման համար։
14. Վարչական վարույթի վերաբերյալ գործի քննարկմանը նախապատրաստվելու փուլում Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ իրավասու ծառայողը կարող է կազմակերպել դիմողի նախնական լսումներ, նրա հետդիմումի, գործում առկա այլ փաստաթղթերի ուսումնասիրություն, իրականացնել այլ միջոցառումներ, որոնք կարող են նպաստել Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացմանը։
15. Վարչական վարույթի վերաբերյալ գործի քննարկումն իրականացնում է Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ղեկավարվելով Օրենքի 38-րդ հոդվածի պահանջներով, մասնավորապես դիմումի մերժման կամ ակտի հասցեատիրոջ նկատմամբ այլ միջամտող վարչական ակտ ընդունելու հավանականության պարագայում, նախօրոք լսելով տվյալ վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին։
Վարչական վարույթի վերաբերյալ գործը մեկ քննարկումով չավարտվելու դեպքում, այն կարող է հետաձգվել և անցկացվել երկրորդ կամ ավելի քննարկում, բայց այն հաշվով, որպեսզի ապահովվի օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտի ընդունումը։
Այդ դեպքում, անհրաժեշտությունից ելնելով, Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կարող է երկարաձգել վարչական վարույթի ժամկետը՝ Օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան, իսկ Օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կասեցնել վարչական վարույթը, որոնց մասին պատշաճ ձևով պարտավոր է ծանուցել դիմողին, վարույթի մյուս մասնակիցներին և այլ անձանց, եթե այդպիսիք կան։
Վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու կամ վարույթը կասեցնելու հիմք հանդիսացած համապատասխան հանգամանքը կամ հանգամանքները վերանալուց հետո վարչական վարույթը և գործի քննարկումը վերսկսվում է՝ Օրենքին համապատասխան։
Եթե վարչական վարույթը իրականացվել է վարույթի մասնակիցների, վկաների, փորձագետների, այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ստորաբաժանման որևէ իրավասու ծառայողի հանձնարարում է կազմել արձանագրություն՝ Օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով։
16. Վարչական վարույթի վերաբերյալ գործի քննարկման արդյունքում ընդունվում է վարչական ակտ՝ Օրենքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։
Վարչական ակտը պարտադիր չէ, որ ունենա «որոշում», «հրաման», «կարգադրություն» կամ որևէ այլ հատուկ անուն։ Բավարար է, որ այդ ակտը ձևակերպված լինի գրավոր՝ Օրենքի 55-57-րդ հոդվածներին համապատասխան և պարունակի անձի դիմումից բխող խնդրանքի կամ պահանջի լրիվ կամ մասնակի բավարարման կամ մերժման կամ ակտի հասցեատիրոջ համար որոշակի իրավունքներ, պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու մասին հստակ դրույթներ։
Օրինակ, անձի դիմումով հայցվող խնդրանքի մերժման վերաբերյալ վարչական ակտը կարող է կազմվել սովորական գրավոր տեսքով, որում անհրաժեշտ է միայն հստակ մատնանշել, թե նրա որ խնդրանքն է մերժվում՝ օրենսդրորեն հիմնավորելով դա։
17. Վարչական ակտը ստորագրում է Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, իսկ եթե օրենքով այդ ակտն ընդունելու իրավասություն ունի Նախարարության որևէ այլ պաշտոնատար անձ, ապա այդ պաշտոնատար անձը՝ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ։
Եթե ընդունվելու է միջամտող վարչական ակտ և այն իրավասու է ընդունելու Նախարարության այլ պաշտոնատար անձը, քան վարչական վարույթն իրականացրած համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, ապա այդ պաշտոնատար անձը նույնպես պետք է անձամբ լսի ակտի հասցեատիրոջը կամ նրա ներկայացուցչին, բացառությամբ Օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված այն դեպքերի, երբ լսումներ իրականացնելը պարտադիր չէ։
18. Վարչական վարույթի իրականացման ընթացքում Նախարարության ստորաբաժանման ղեկավարի ինքնաբացարկի կամ բացարկի դեպքում վարույթն իրականացնելու իրավասու պաշտոնատար անձը որոշվում է Օրենքի 24-26-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, եթե հատուկ օրենքը, որի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել, այլ բան չի սահմանում։
19. Օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում վարչական վարույթ իրականացնող Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կարճում է վարույթը, իսկ եթե կարճման իրավասությունը տրված է Նախարարության այլ պաշտոնատար անձի, ապա կարճման մասին որոշումն ընդունում է այդ պաշտոնատար անձը՝ Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ։
Կարճման մասին որոշումը Օրենքի 50-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին և վարույթի մյուս մասնակիցներին, եթե կան այդպիսիք։
20. Սույն բաժնի դրույթները կիրառվում են նաև Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի նկատմամբ՝ Օրենքի 34-րդ հոդվածի, 35-րդ հոդվածի երկրորդ մասի, 50-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջների պահպանումով։
Նախարարության նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման ներքո նկատի է առնվում Օրենքով Նախարարության որևէ իրավասու պաշտոնատար անձի՝ նախարարի, Նախարարության ստորաբաժանման ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի նախաձեռնությամբ Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցելը, որը պայմանավորված չէ դրա հասցեատիրոջ կամքով։
Վարչական վարույթ հարուցելու նախաձեռնություն դրսևորելուց հետո Նախարարության իրավասու պաշտոնատար անձը դրանից բխող հանձնարարականներ է տալիս Նախարարության այն ստորաբաժանմանը, որի վրա դրված է տվյալ հարցով վարչական վարույթ իրականացնելու պարտականությունները՝ ըստ այդ ստորաբաժանման կանոնադրության կամ այլ իրավական ակտի։
21. Եթե Օրենքի 70-րդ հոդվածի համաձայն դիմումի հիման վրա ընդունված վարչական ակտի վերաբերյալ վարչական կարգով բողոք է բերվել, ապա այն քննարկում է դրա համար Նախարարության իրավասու պաշտոնատար անձը, որի առնչությամբ վարչական վարույթը իրականացվում է Օրենքին և սույն բաժնի կանոններին համապատասխան։
Եթե վարչական վարույթի իրականացման ընթացքում Օրենքին համապատասխան ներգրավվել է վկա, նշանակվել է փորձաքննություն, մասնակցել է թարգմանիչ, որոնց այդ կապակցությամբ վճարումներ պետք է տրվեն, ապա վարույթն իրականացնող Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ իրավասու այլ պաշտոնատար անձը պետք է ղեկավարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Վարչական վարույթի ընթացքում կատարած աշխատանքների համար փորձագետներին, թարգմանիչներին և վկաներին վճարումներ կատարելու կարգը հաստատելու մասին» N 1130-Ն որոշմամբ հաստատված կարգով։
III. Նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման կարգը
22. Անձանց դիմումների կամ Նախարարության նախաձեռնության հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ՝ Վարչական գործեր) կազմվում և վարվում են առանձին։
Յուրաքանչյուր դիմումով կամ Նախարարության նախաձեռնությունով բացվում և վարվում է առանձին գործ, որի շապիկի վրա նշվում է Նախարարության և նրա այն ստորաբաժանման լրիվ անվանումը, որն իրականացնելու է տվյալ դիմումով վարչական վարույթը, ինչպես նաև՝
ա) վարչական վարույթի հարուցման տարին.
բ) գործի հերթական համարը.
գ) դիմումով հայցվող վարչական ակտի հակիրճ անվանումը կամ առարկան.
դ) «Անձի դիմումի հիման վրա» կամ «Վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա» մակագրությունը։
23. Նախարարության յուրաքանչյուր ստորաբաժանումում վարչական գործերի համարակալումները սկսվում են տվյալ տարում հարուցված առաջին գործից՝ 001 համարանշումով։ Գործի համարանիշից առաջ նշվում է համապատասխան ստորաբաժանման պայմանանշանը, որը համարանիշից անջատվում է գծիկով։
24. Վարչական վարույթ իրականացնող Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պայմանանշաններն են՝
ա) Վերահսկողության վարչություն՝ «Վ».
բ) Նոտարիատի բաժին՝ «Ն».
գ) Անձնակազմի կառավարման բաժին՝ «Կ»։
Նախարարության առանձնացված ստորաբաժանումների պայմանանշաններն են՝
ա) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն՝ «ՔԿԱԳ».
բ) Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ «ՊՌ».
գ) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «ԴԱՀԿ».
դ) Քրեակատարողական ծառայություն՝ «ՔԾ»։
Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները, որոնք ունեն վարչական վարույթ իրականացնող տարածքային ստորաբաժանումներ (բաժիններ և այլն), կարող են սույն կետով իրենց համար սահմանված պայմանանշաններին որպես հավելում տարբերակելու նպատակով, լրացուցիչ պայմանանշան սահմանել տարածքային ստորաբաժանումների համար։
Եթե օրենքին համապատասխան՝ Նախարարությանը նոր լիազորություններ են տրվում, որոնք անհրաժեշտ են դարձնում իրականացնելու այնպիսի գործերով վարչական վարույթներ, որոնց իրականացումը դրվում է Նախարարության որևէ այլ ստորաբաժանման վրա (այդ թվում՝ նոր ստեղծված), քան նախատեսված են սույն կարգի 24-րդ կետով, ապա այդ ստորաբաժանման պայմանանշանը սահմանում է դրա ղեկավարը։ Ընդ որում, տվյալ ստորաբաժանման պայմանանշանը չպետք է նմանվի Նախարարության մյուս ստորաբաժանումների պայմանանշաններին կամ կրկնի դրանք։
25. Վարչական գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար Նախարարության համապատասխան պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ վարչական գործի բացման և վարման համար նրա կողմից նշանակված իրավասու մասնագետի անունը և ազգանունը, վարույթը հարուցելու տարին, ամիսը և ամսաթիվը՝ Օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետին համապատասխան և վարույթն ավարտելու տարին, ամիսը և ամսաթիվը՝ Օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներին համապատասխան։
Եթե վարչական վարույթի իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի առնչությամբ Օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան բողոք է բերվել և գործը պետք է փոխանցվի բողոքարկման կարգով վերադաս վարչական մարմին կամ դատարան, ապա գործի նյութերից հանված պատճեններից կազմվում է դրա կրկնօրինակը, որի շապիկի վերին աջ անկյունում նշվում է՝ «Բողոքարկվել է վարչական կարգով» և/կամ «Բողոքարկվել է դատական կարգով»՝ նշելով բողոքարկման և դրա վերաբերյալ իրավասու մարմնի ընդունած համապատասխան ակտի տարին, ամիսը և ամսաթիվը։
Վարչական վարույթի վերաբերյալ բացվող գործի շապիկի (կազմի) սխեման ներկայացված է սույն կարգի 1-ին Ձևում։
26. Վարչական գործում պահվում են անձի դիմումը կամ Նախարարության նախաձեռնության առնչությամբ կազմված փաստաթուղթը և դրանց կից բոլոր փաստաթղթերը. Օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով գործը քննարկելու դեպքում՝ համապատասխան արձանագրությունը, ընդունված վարչական ակտի պատճենը, այդ ակտի վարչական և/կամ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ բողոքին առնչվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները, ներառյալ բողոքի վերաբերյալ ընդունված վարչական կամ դատական ակտերը կամ դրանց պատճենները։
Վերադաս վարչական մարմնում կամ դատարանում վարչական բողոքի քննարկումն ավարտվելուց հետո օրենքով սահմանված կարգով վարչական գործը Նախարարության համապատասխան ստորաբաժանում վերադարձվելու դեպքում վարչական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին։
Սույն կարգի նպատակների համար վերադաս վարչական մարմիններ են համարվում՝
ա) Նախարարության այն պաշտոնատար անձը, որն իրավասու է քննարկելու Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի կողմից ընդունված վարչական ակտի դեմ Օրենքով սահմանված կարգով բերված բողոքը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ վարչապետը, որոնք Օրենքով իրավասու են քննարկելու այն վարչական ակտերի վերաբերյալ վարչական կարգով բերված բողոքները, որոնք ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ նրա պարտականությունները կատարող տեղակալը։
Եթե Օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն բողոքը բերվել է Նախարարության այն ստորաբաժանում, որը վարչական ակտ է ընդունել, ապա այդ նույն ստորաբաժանումն էլ իրականացնում է բողոքից բխող վարչական վարույթը՝ Օրենքին և սույն կարգին համապատասխան։
27. Վարչական գործերը, որոնցով վարչական կամ դատական կարգով բողոք է բերվել, ընթացիկ վարչական գործերից առանձնացվում և պահվում են առանձին, մինչև դրանց ավարտը։
28. Ավարտված վարչական գործերը կարվում են և կնքվում Նախարարության կամ համապատասխան ստորաբաժանման կնիքով, եթե տվյալ ստորաբաժանումը կնիք ունի։ Ավարտված վարչական գործի կարված մասում Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ստորագրում է՝ նշելով տարին, ամիսը և ամսաթիվը։
Ավարտված վարչական գործերը պահվում են Նախարարության համապատասխան ստորաբաժանումում՝ քննարկման փուլում գտնվող գործերից առանձին։
Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ապահովում է օրենքով սահմանված կարգով անձանց գրավոր կամ բանավոր դիմումների հիման վրա տեղեկությունների տրամադրումը ավարտված վարչական գործերի վերաբերյալ, այդ թվում՝ թույլատրելով դրանցից հանել քաղվածքներ, պատճեններ (լուսապատճեններ)։
Վարչական գործը համարվում է ավարտված, եթե Օրենքի 58-րդ հոդվածին համապատասխան՝ ընդունվել է վարչական ակտ, որը դարձել է անբողոքարկելի, կամ բողոքարկված գործով իրավասու վարչական կամ դատական մարմնի կողմից, ըստ էության, որոշում է կայացվել, որը բողոքարկման ենթակա չէ, կամ օրենքով սահմանված ժամկետներում չի բողոքարկվել։
Վարչական գործն ավարտված է համարվում նաև, եթե Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն որոշում է ընդունվել տվյալ վարչական գործի վարույթը կարճելու մասին և այդ որոշումը սահմանված կարգով չի բողոքարկվել։
Օրենքով սահմանված ժամկետներում ավարտված վարչական վարույթի վերաբերյալ գործերը Նախարարության համապատասխան ստորաբաժանումը հանձնում է Նախարարության արխիվ։
29. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերը բացվում, վարվում և պահվում են Նախարարության կամ նրա իրավասու ստորաբաժանման նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերից առանձին։
30. Եթե Օրենքով սահմանված կարգով բողոքարկվել է Նախարարության կամ նրա ստորաբաժանման կամ նրանց իրավասու պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը, ապա նման բողոքի հիման վրա վարչական վարույթը հարուցվում և իրականացվում է նույն կարգով, ինչը Օրենքով և սույն Կարգով սահմանված է դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթների համար։
IV. Նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը
31. Վարչական վարույթ իրականացնող Նախարարության յուրաքանչյուր ստորաբաժանում վարչական գործերի վարմանը զուգահեռ վարում է վարչական գործերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ՝ Գրանցամատյան)։
32. Նախարարության ստորաբաժանումներում վարվում են երկու տեսակի Գրանցամատյաններ՝
ա) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման.
բ) Նախարարության կամ նրա իրավասու ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման։
33. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վերին մասում նշվում է Նախարարության և վարչական վարույթն իրականացնող համապատասխան ստորաբաժանման լրիվ անվանումը, քիչ ներքև՝ համապատասխան ստորաբաժանման պայմանանշանը և տարեթիվը, մեջտեղում՝ «Գրանցամատյան» բառը, այնուհետ՝ «Անձի դիմումի հիման վրա» կամ «Վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա» բառերը՝ հետևյալ հավելումով. «հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման», իսկ շապիկի ներքևի աջ անկյունում՝ տվյալ գրանցամատյանում հաշվառված գործերի ընդհանուր թիվը (շապիկի սխեման ներկայացնող 2-րդ և 3-րդ Ձևերը կցվում են)։
34. Վարչական գործերի հաշվառման Գրանցամատյանները կազմվում և լրացվում են յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին։
35. Գրանցամատյանում տեղեկությունների գրանցման համար նախատեսված յուրաքանչյուր էջ պետք է առնչվի միայն մեկ վարույթի վերաբերյալ հաշվառման ենթակա վարչական գործին։ Ըստ այդմ յուրաքանչյուր էջ պետք է նախապես այնպես կազմվի, որպեսզի դրանում, ըստ անհրաժեշտության, հնարավոր լինի լրացնել սույն կարգի 4-րդ Ձևում նշված երեք աղյուսակները, որոնց համապատասխան էլ վարչական գործերի հաշվառման Գրանցամատյանների էջերը կազմվում և համապատասխան տեղեկությունները գրանցվում են։
Գրանցամատյանի էջի 1-ին աղյուսակի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի համարները, որոնք պետք է համընկնեն տվյալ վարչական վարույթով գործի հերթական համարի հետ։
1-ին աղյուսակը լրացվում է բոլոր դեպքերում, իսկ 2-րդ աղյուսակը՝ վարչական ակտի վերաբերյալ վարչական կարգով բողոք բերելու դեպքում, 3-րդ աղյուսակը՝ վարչական ակտի վերաբերյալ դատական կարգով բողոք բերելու դեպքում։
1-ին աղյուսակում նշվում են Նախարարության համապատասխան ստորաբաժանումում ստացված դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործի ընթացքը ներկայացնող տեղեկությունները։
2-րդ աղյուսակում նշվում են տվյալ վարչական գործով վարչական կարգով բերված բողոքը Նախարարության համապատասխան ստորաբաժանումում կամ Նախարարության իրավասու պաշտոնատար անձի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները։
3-րդ աղյուսակում նշվում են տվյալ վարչական գործով դատական կարգով բերված բողոքը քննելու ընթացքը ներկայացնող տեղեկությունները։
1-ին աղյուսակին հաջորդած և լրացված մյուս աղյուսակը կամ աղյուսակները կազմում են 1-ին աղյուսակի շարունակությունը։
3-րդ աղյուսակը լրացնելու դեպքում պետք է հաշվի առնել դատական ատյաններում գործի քննության հնարավորությունը և ըստ այդմ էլ լրացնել 3-րդ աղյուսակի 13-15-րդ սյունակները՝ գործն առաջին ատյանում քննելու դեպքում, 16-18-րդ սյունակները՝ վերաքննիչ դատարանում, և 19-21-րդ սյունակները՝ վճռաբեկ դատարանում քննելու դեպքում։
Եթե վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան կամ վերաքննիչ դատարան, ապա համապատասխանաբար 13-15-րդ կամ 16-18-րդ սյունակներում՝ մինչ այդ կատարված գրառումներից ներքև, կատարվում են նոր գրառումներ, որոնք վերաբերում են նոր քննության ընթացքը ներկայացնող տեղեկություններին։
36. Վարչական գործերի հաշվառման Գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում Նախարարության համապատասխան ստորաբաժանումում հարուցված բոլոր վարչական վարույթների վերաբերյալ գործերի մասին։
Գրանցամատյանի լրացված վերջին էջին հաջորդող էջի վրա Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ վարչական գործը բացելու և վարելու համար նրա կողմից նշանակված պատասխանատու իրավասու ծառայողը նշում է՝ «Գրանցամատյանը լրացված է», ապա ստորագրում է այդ գրառման տակ, նշելով տարին, ամիսը և ամսաթիվը։
Գրանցամատյանը կարվում և կնքվում է Նախարարության կամ համապատասխան ստորաբաժանման կնիքով։
37. Գրանցամատյանում ուղղումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում դրա համապատասխան էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում, համապատասխան ուղղումը կատարող պաշտոնատար անձը նշում է, որ ուղղումները կատարվել են իր կողմից և ստորագրում է։
Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման Գրանցամատյանը պահվում է Նախարարության համապատասխան ստորաբաժանումում, որը բաց է շահագրգիռ անձանց ծանոթացման համար՝ օրենքով սահմանված կարգով։
Նախարարության ստորաբաժանումները պետք է վարեն երկու տեսակի գործերի հաշվառման Գրանցամատյաններ. մեկը՝ անձանց դիմումի հիման վրա հարուցված, մյուսը՝ Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների վերաբերյալ գործերի հաշվառման։
V. Նախարարությունում վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը
38. Նախարարության յուրաքանչյուր ստորաբաժանում վարում է նաև իր կողմից իրականացված վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման Գրանցամատյան (այսուհետ՝ ակտերի հաշվառման գրանցամատյան)։
39. Ակտերի հաշվառման Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են Նախարարության և համապատասխան ստորաբաժանման լրիվ անվանումները, ստորաբաժանման պայմանանշանը և տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ ակտերի հաշվառման Գրանցամատյանում և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը։
Ակտերի հաշվառման Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում նշվում է «Գրանցամատյան» բառը՝ հետևյալ հավելումով. «Անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման», կամ «Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»։
Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) սխեմաները ներկայացվում են սույն կարգի 5-րդ և 6-րդ Ձևերում։
40. Ակտերի հաշվառման Գրանցամատյանում լրացվում են Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ եթե դրանք փոխկապակցված են կամ լրացնում են միմյանց, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը։
Հաշվառման ենթակա են Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված վարչական վարույթի արդյունքում ընդունված հետևյալ վարչական ակտերը՝
ա) անձի դիմումի հիման վրա կամ Նախարարության տվյալ ստորաբաժանման կամ վարչական վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող Նախարարության համապատասխան պաշտոնատար անձի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը.
բ) Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը.
գ) Օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ Նախարարության համապատասխան ստորաբաժանման կամ Նախարարության իրավասու պաշտոնատար անձի կողմից ընդունված ակտը.
դ) Նախարարության համապատասխան ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտի բողոքարկման հիման վրա՝ Օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ վերադաս վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի (սույն կարգի 26-րդ կետի «ա և «բ»» ենթակետեր) ընդունած վարչական ակտը, եթե Օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինը կամ պաշտոնատար անձն է իրականացրել, ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.
ե) Օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում վերադաս վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի (սույն կարգի 26-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր) հանձնարարության հիման վրա, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքում՝ դատական ակտի հիման վրա Նախարարության համապատասխան ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև Օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի, կամ դատարանի կողմից Նախարարության համապատասխան ստորաբաժանման կամ պաշտոնատար անձի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողությունը կատարելու պատասխանատվություն դնելու մասին որոշման հիման վրա Նախարարության համապատասխան ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի ընդունած նոր վարչական ակտը.
զ) Նախարարության ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի կամ վերադաս վարչական մարմնի կամ իրավասու պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտի կատարման ապահովման նպատակով Օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացնելու մասին ակտը.
է) Օրենքի 85-րդ հոդվածի համաձայն Նախարարության համապատասխան ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը։
41. Ակտերի հաշվառման Գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը՝ անձի դիմումը կամ Նախարարության համապատասխան ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի նախաձեռնությունը.
բ) հաշվառվող վարչական ակտի անվանումը՝ որոշում, հրաման և այլն, դրա ընդունման տարին, ամիսը և ամսաթիվը, ակտի համարը.
գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը և ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, ակտի հասցեատիրոջ բնակության վայրը՝ հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ նրա գտնվելու վայրը):
Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (Օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.
դ) վարչական ակտի եզրափակիչ մասի շարադրանքը (Օրենքի 55-րդ հոդվածի չորրորդ մասի «զ» կետ).
ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, վերջիններիս քանակը մեծ լինելու դեպքում՝ նշում դրանց քանակի մասին.
զ) վարչական ակտերի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե Նախարարության համապատասխան ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի կողմից վարչական ակտն ընդունվել է Օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ՝ այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, վերջիններիս քանակը մեծ լինելու դեպքում՝ նշում դրանց քանակի մասին.
է) հաշվառված վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը։
Ակտերի հաշվառման Գրանցամատյանում տեղեկությունները գրանցվում են սույն կարգի 7-րդ Ձևին համապատասխան։
42. Ակտերի հաշվառման Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարվել են իր կողմից և ստորագրում է՝ նշելով տարին, ամիսը և ամսաթիվը։
Ակտերի հաշվառման գրանցամատյանի վարումը Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի գրավոր հանձնարարությամբ դրվում է տվյալ ստորաբաժանման համապատասխան տեսակի վարչական վարույթի իրականացման հետ առնչություն ունեցող իրավասու ծառայողի վրա, որը և պատասխանատու է ակտերի հաշվառման Գրանցամատյանի վարման համար։
Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը իր հերթին ևս պատասխանատու է վարչական ակտերի հաշվառման Գրանցամատյանի վարման աշխատանքները սույն Կարգին համապատասխան իրականացնելու համար։
43. Ակտերի հաշվառման գրանցամատյանը պահվում է Նախարարության համապատասխան ստորաբաժանումում, որը բաց է շահագրգիռ անձանց ծանոթացման համար՝ Օրենքով սահմանված կարգով։
44. Նախարարության համապատասխան ստորաբաժանումում վարվում է վարչական ակտերի հաշվառման երկու տեսակի Գրանցամատյան, մեկը՝ դիմումի հիման վրա հարուցված, մյուսը՝ Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման համար։
VI. Եզրափակիչ դրույթներ
45. Նախարարության ստորաբաժանման ղեկավարը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը ստուգում է համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման Գրանցամատյանների և ակտերի հաշվառման Գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև տվյալ ոլորտի պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ։
46. Անհրաժեշտության դեպքում, Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Նախարարության ղեկավարության առաջ հարցեր է բարձրացնում՝ սույն կարգով նախատեսված գործառույթների իրականացման վիճակը բարելավելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար։
Ձև N 1
Վարչական վարույթի վերաբերյալ բացվող գործի շապիկի (կազմի) սխեման
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործակալություն
2007
Գործ N ՔԿԱԳ - 001
Անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթ
Քաղաքացու անունը փոփոխելու թույլտվություն ստանալու մասին
|
Ձև N 2
Վարչական գործերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) սխեման
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության կենտրոնական ստորաբաժանում
ՊՌ - 2007
Գրանցամատյան
Անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման
|
Ձև N 3
Վարչական գործերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) սխեման
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչություն
Վ - 2007
Գրանցամատյան
Վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման
|
Ձև N 4
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԷՋԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Աղյուսակ 1
Տեղեկություններ գործը Նախարարության համապատասխան ստորաբաժանումում քննարկելու ընթացքի մասին
N/N ը/կ |
Դիմումն ստանալու (վարչական մարմնի նախաձեռնությունը դրսևորելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Դիմողի (ակտի հասցեատիրոջ) անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը, եթե իրավաբանական անձ է) |
Դիմումի հիման վրա (վարչական մարմնի նախաձեռնությամբ) հայցվող (ներկայացվող) պահանջի համառոտ շարադրանքը |
Վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի տարեթիվը և ամիս-ամսաթիվը, համարը և դրանով ընդունված որոշման համառոտ շարադրանքը |
Նշում վարչական ակտի մասին դիմողին (վարչական ակտի հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), տարեթվի և ամիս-ամսաթվի մասին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Աղյուսակ 2
Տեղեկություններ բողոքը վերադաս վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
Բողոքը բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա կարգավիճակը (դիմող, երրորդ անձ) |
Բողոքի համառոտ շարադրանքը |
Բողոքը քննարկող և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունող վարչական մարմնի անվանումը |
Բողոքի վերաբերյալ ակտի ընդունման տարեթիվը և ամիս-ամսաթիվը, համարը և այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը |
Նշում բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), տարեթվի և ամիս-ամսաթվի մասին |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Աղյուսակ 3
Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին
Հայցի քննությունը դատարանում |
Բողոքի քննությունը գործը վերստին քննող դատարանում |
Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում | ||||||
Հայցը ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և հայցի համառոտ շարադրանքը |
Հայցը ներկայացնողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը) |
Հայցի վերաբերյալ կայացված դատական ակտի տարին և ամիս-ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
Գործը վարույթ ընդունելու տարին և ամիս- ամսաթիվը և բողոքի համառոտ շարադրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը |
Բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարին և ամիս- ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
Բողոքը վարույթ ընդունելու տարին և ամիս-ամսաթիվը և բողոքի համառոտ շարադրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը |
Բողոքի վերաբերյալ կայացված որոշման տարին և ամիս-ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
Ձև N 5
Նախարարության ստորաբաժանումներում վարվող ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) սխեման
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժին
Ն - 2007
Գրանցամատյան
Անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման
|
Ձև N 6
Նախարարության ստորաբաժանումներում վարվող ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) սխեման
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
ՊՌ - 2007
Գրանցամատյան
Նախարարության նախաձեռնության հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման
|
Ձև N 7
ՍԽԵՄԱ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
N/N ը/կ |
Վարչական վարույթ հարուցելու հիմքը՝ անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռնությունը |
Վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարին և ամիս- ամսաթիվը և համարը |
Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա բնակության վայրը (հասցեն, գտնվելու վայրը), խմբային չափանիշներով առանձնացվող հասցեատերերի դեպքում՝ խմբի անվանումը |
Վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը |
Վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների, այլ փաստաթղթերի անվանումները (դրանց ընդհանուր թիվը) |
Վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմնի (մարմինների) անվանումը (անվանումները) (օրենքի 52-րդ հոդված) |
Վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական ակտերի (թույլտվություն և այլն) անվանումները (դրանց ընդհանուր թիվը) |
Վարչական ակտի՝ ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածների, այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը (օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1,2,3...)։
Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ։ Օրինակ, «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի՝ ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը՝ այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը։