Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Կատարված է Վաշինգտոնում 1970 թ. հունիսի 19-ին, փոփոխված և լրացված է 1979 թ. հոկտեմբերի 2-ին, փոփոխված է 1984 թ. փետրվարի 3-ին)
Նախաբան
Պայմանավորվող պետությունները,
ցանկանալով նպաստել գիտության և տեխնիկայի առաջընթացին,
ցանկանալով կատարելագործել գյուտերի իրավական պաշտպանությունը,
ցանկանալով պարզեցնել գյուտերի պաշտպանության ձեռքբերումն ու այն դարձնել ավելի խնայողական, երբ այդ պաշտպանությունը հայցվում է մի քանի երկրներում,
ցանկանալով հեշտացնել ու արագացնել նոր գյուտեր նկարագրող փաստաթղթերում բովանդակվող տեխնիկական տեղեկատվության մատչելիությունը հասարակությանը,
ցանկանալով խթանել ու արագացնել զարգացող երկրների տնտեսական զարգացումն այնպիսի միջոցառումների ընդունման միջոցով, որոնք կոչված են մեծացնելու նրանց իրավական համակարգերի արդյունավետությունը, լինեն դրանք ներպետական, թե տարածաշրջանային միջոցառումներ, ստեղծված լինեն գյուտերի պաշտպանության նպատակով՝ նրանց հատուկ պահանջմունքների համար կիրառելի առկա տեխնոլոգիական լուծումների մասին մատչելի տեղեկատվություն տրամադրելու և ժամանակակից տեխնոլոգիայի մշտապես ավելացվող ծավալի մատչելիությունը հեշտացնելու միջոցով,
համոզված լինելով, որ ժողովուրդների միջև համագործակցությունը էապես կհեշտացնի այդ նպատակների իրագործումը,
կնքեցին սույն Պայմանագիրը.
Ներածական դրույթներ
Հ ո դ վ ա ծ 1
Միության հիմնադրումը
(1) Սույն Պայմանագրի մասնակից պետությունները (այսուհետ՝ «Պայմանավորվող պետություններ») հիմնում են Միություն՝ գյուտերի պաշտպանության համար հայտեր ներկայացնելու, դրանց որոնման ու փորձաքննության գործում համագործակցության և հատուկ տեխնիկական ծառայություններ մատուցելու նպատակով: Այդ Միությունն անվանվում է Միջազգային արտոնագրային համագործակցության միություն:
(2) Սույն Պայմանագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի մասնակից երկրի ցանկացած քաղաքացու կամ այդ երկրում բնակվող անձի՝ նշված Կոնվենցիայով նախատեսված իրավունքների սահմանափակում:
Հ ո դ վ ա ծ 2
Սահմանումներ
Սույն Պայմանագրի և Կանոնակարգի նպատակների համար և, եթե այլ կերպ սահմանված չէ,
(i) «հայտ» նշանակում է հայտ գյուտի պաշտպանության համար. «հայտ» ասելով պետք է հասկացվեն հայտեր՝ գյուտերի արտոնագրերի, հեղինակային վկայականների, օգտակարության մասին վկայականների, օգտակար նմուշների, լրացուցիչ արտոնագրերի կամ վկայականների, լրացուցիչ հեղինակային վկայականների և օգտակարության մասին լրացուցիչ վկայականների համար,
(ii) «արտոնագիր» ասելով պետք է հասկացվեն արտոնագրեր՝ գյուտերի, հեղինակային վկայականների, օգտակարության մասին վկայականների, օգտակար նմուշների, լրացուցիչ արտոնագրերի կամ վկայականների, լրացուցիչ հեղինակային վկայականների, օգտակարության մասին լրացուցիչ վկայականների համար,
(iii) «ներպետական արտոնագիր» նշանակում է ներպետական մարմնի կողմից տրված արտոնագիր,
(iv) «տարածաշրջանային արտոնագիր» նշանակում է ներպետական կամ միջկառավարական այնպիսի մարմնի կողմից տրված արտոնագիր, որն իրավունք ունի տալու ավելի քան մեկ պետությունում գործող արտոնագրեր,
(v) «տարածաշրջանային հայտ» նշանակում է հայտ տարածաշրջանային արտոնագրի համար,
(vi) «ներպետական հայտ» նշանակում է ներպետական արտոնագրերի և տարածաշրջանային արտոնագրերի համար ներկայացված հայտեր, որոնք այլ են, քան սույն Պայմանագրի համաձայն ներկայացված հայտերը,
(vii) «միջազգային հայտ» նշանակում է սույն Պայմանագրի համաձայն ներկայացված հայտ,
(viii) «հայտ» ասելով պետք է հասկացվեն միջազգային հայտերը և ներպետական հայտերը,
(ix) «արտոնագիր» ասելով պետք է հասկացվեն ներպետական արտոնագրերը և տարածաշրջանային արտոնագրերը,
(x) «ներպետական օրենսդրություն» նշանակում է Պայմանավորվող պետության ներպետական իրավունքը կամ, եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանային հայտին կամ տարածաշրջանային արտոնագրին, տարածաշրջանային հայտերի ներկայացում կամ տարածաշրջանային արտոնագրերի տրամադրում նախատեսող պայմանագիր,
(xi) «առաջնության ամսաթիվ»՝ սահմանված ժամկետները հաշվելու նպատակով նշանակում է.
(ա) եթե միջազգային հայտը 8-րդ հոդվածին համապատասխան բովանդակում է առաջնության հավակնություն՝ այն հայտի ներկայացման ամսաթիվը, որի առաջնությունը հայցվում է այդ կերպ,
(բ) եթե միջազգային հայտը 8-րդ հոդվածին համապատասխան բովանդակում է մի քանի առաջնությունների հավակնություններ՝ ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման ամսաթիվը, որի առաջնությունը հայցվում է այդ կերպ,
(գ) եթե միջազգային հայտը 8-րդ հոդվածին համապատասխան չի բովանդակում որևէ առաջնության հավակնություն՝ այդ հայտի միջազգային ներկայացման ամսաթիվը,
(xii) «ներպետական գերատեսչություն» նշանակում է Պայմանավորվող պետության պետական մարմին, որը լիազորված է տալու արտոնագրեր՝ «ներպետական գերատեսչություն» ասելով պետք է հասկացվի նաև ցանկացած միջկառավարական մարմին, որը մի քանի պետությունների կողմից լիազորված է տալու տարածաշրջանային արտոնագրեր, պայմանով, որ այդ պետություններից առնվազն մեկը Պայմանավորվող պետություն է, և որ այդ պետությունները լիազորել են այդ մարմնին ստանձնել այնպիսի պարտավորություններ և իրականացնել այնպիսի լիազորություններ, որոնք սույն Պայմանագիրը և Կանոնակարգը նախատեսում են ներպետական գերատեսչությունների համար,
(xiii) «նշված գերատեսչություն» նշանակում է պետության կամ պետության անունից գործող ներպետական գերատեսչություն, որը հայտատուի կողմից նշված է սույն Պայմանագրի 1-ին գլխին համապատասխան,
(xiv) «ընտրված գերատեսչություն» նշանակում է պետության ներպետական գերատեսչություն կամ պետության անունից գործող գերատեսչություն՝ ընտրված հայտատուի կողմից, սույն Պայմանագրի 2-րդ գլխին համապատասխան,
(xv) «ստացող գերատեսչություն» նշանակում է ներպետական գերատեսչություն կամ միջկառավարական կազմակերպություն, որին ներկայացվում է միջազգային հայտը,
(xvi) «Միություն» նշանակում է Միջազգային արտոնագրային համագործակցության միություն,
(xvii) «Ասամբլեա» նշանակում է Միության Ասամբլեա,
(xviii) «Կազմակերպություն» նշանակում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն,
(xix) «Միջազգային բյուրո» նշանակում է Կազմակերպության միջազգային բյուրո և Մտավոր սեփականության պաշտպանության միջազգային միավորված բյուրոներ (BIRPI), քանի դեռ այն գոյություն ունի,
(xx) «Գլխավոր տնօրեն» նշանակում է Կազմակերպության Գլխավոր տնօրեն և (BIRPI)-ի տնօրեն, քանի դեռ գոյություն ունի (BIRPI) -ն:
Գլուխ 1
Միջազգային հայտ միջազգային որոնում
Հ ո դ վ ա ծ 3
Միջազգային հայտ
(1) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում գյուտերի պաշտպանության համար հայտերը կարող են ներկայացվել որպես միջազգային հայտեր՝ սույն Պայմանագրին համապատասխան:
(2) Միջազգային հայտը բովանդակում է, ինչպես սահմանված է սույն Պայմանագրում և Կանոնակարգում, խնդրանք, գյուտի նկարագրություն, մեկ կամ մի քանի հավակնություններ, մեկ կամ մի քանի գծագրեր (եթե դա պահանջվում է) և համառոտ շարադրանք:
(3) Բովանդակությունը ծառայում է բացառապես տեխնիկական տեղեկատվության նպատակների և չի կարող հաշվի առնվել որևէ այլ նպատակով, մասնավորապես, հայցվող պաշտպանության ծավալի մեկնաբանման համար:
(4) Միջազգային հայտը պետք է՝
(i) կազմվի սահմանված լեզվով,
(ii) համապատասխանի ձևակերպման համար սահմանված պահանջներին,
(iii) համապատասխանի գյուտի միասնականության սահմանված պահանջին,
(iv) ուղեկցվի սահմանված տուրքերի վճարմամբ:
Հ ո դ վ ա ծ 4
Խնդրանքը
(1) Խնդրանքը բովանդակում է՝
(i) միջնորդություն առ այն, որ միջազգային հայտը դիտվի սույն Պայմանագրի համաձայն,
(ii) Պայմանավորվող պետության կամ պետությունների նշումը, («նշված պետություններ»), որտեղ գյուտի պաշտպանությունը միջազգային հայտի հիման վրա հայցվում է. եթե նշված պետություններից որևէ մեկի համար առկա է տարածաշրջանային արտոնագիր, և հայտատուն ցանկանում է ստանալ տարածաշրջանային, այլ ոչ թե ներպետական արտոնագիր, դա պետք է նշվի խնդրանքում. եթե տարածաշրջանային արտոնագրի մասին պայմանագրի համաձայն հայտատուն չի կարող իր դիմումը սահմանափակել այդ Պայմանագրի մասնակից առանձին պետություններով, այդ պետություններից որևէ մեկի նշումը և տարածաշրջանային արտոնագիր ստանալու մասին խնդրանքը պետք է դիտվեն որպես այդ Պայմանագրի մասնակից բոլոր պետությունների նշում. եթե նշված պետության ներպետական օրենսդրության համաձայն այդ պետության նշումը տարածաշրջանային արտոնագրի համար հայտի ուժ ունի, այդ պետության նշումը պետք է դիտվի որպես տարածաշրջանային արտոնագիր ստանալու մտադրության արտահայտություն,
(iii) հայտատուի և գործակալի (եթե այդպիսին գոյություն ունի) անունը և սահմանված այլ տեղեկություններ նրանց մասին,
(iv) գյուտի անվանումը,
(v) գյուտարարի անունը և սահմանված այլ տեղեկություններ նրա մասին, եթե նշված պետություններից առնվազն մեկի ներպետական օրենսդրությունը պահանջում է, որ այդ տեղեկությունները ներկայացված լինեն ներպետական հայտի ներկայացման հետ միաժամանակ: Հակառակ դեպքում հիշատակված տեղեկությունները կարող են ներկայացվել խնդրանքում կամ առանձին ծանուցմամբ՝ հասցեագրված նշված գերատեսչությանը, որի ներպետական օրենսդրությունը պահանջում է հիշատակված տեղեկությունների ներկայացում, բայց թույլատրում է դրանք ներկայացնել ներպետական հայտը ներկայացնելուց հետո:
(2) Յուրաքանչյուր նշման համար սահմանված ժամկետում վճարվում է սահմանված տուրք:
(3) Եթե հայտատուն չի խնդրում 43-րդ հոդվածում թվարկված պաշտպանության ձևերից որևէ մեկը, պետության նշումը նշանակում է, որ հայցվող պաշտպանությունը ներառում է նշված պետության կողմից կամ նշված պետության համար արտոնագրի տրամադրումը: Սույն կետի նպատակների համար 2-րդ հոդվածի (ii) ենթակետը չի կիրառվում:
(4) Խնդրանքում գյուտարարի անունը և սահմանված այլ տեղեկություններ չնշելը որևէ հետևանք չի առաջացնում ցանկացած նշված պետությունում, որի ներպետական օրենսդրությունը պահանջում է ներկայացնել այդ տեղեկությունները, բայց թույլատրում է դա կատարել ներպետական հայտը ներկայացնելուց հետո: Հիշատակված տեղեկություններն առանձին ծանուցմամբ չներկայացնելը ոչ մի հետևանք չի առաջացնում ցանկացած նշված պետությունում, որի ներպետական օրենսդրությունը չի պահանջում դրանք ներկայացնել:
Հ ո դ վ ա ծ 5
Գյուտի նկարագրությունը
Նկարագրությունը գյուտը պետք է բացահայտի բավականին պարզ ու լիարժեք, որպեսզի տեխնիկայի բնագավառի մասնագետի համար հնարավոր լինի այն իրականացնել:
Հ ո դ վ ա ծ 6
Հավակնությունները
Հավակնությունը կամ հավակնությունները սահմանում են այն, ինչի համար պաշտպանությունը հայցվում է: Հավակնությունները պետք է լինեն պարզ և ճշգրիտ: Դրանք պետք է լիովին հիմնավորվեն գյուտի նկարագրությամբ:
Հ ո դ վ ա ծ 7
Գծագրերը
(1) 2-րդ կետի (ii) ենթակետի դրույթներին համապատասխան, գծագրերը ներկայացվում են, երբ դրանք անհրաժեշտ են գյուտը հասկանալու համար:
(2) Եթե գյուտը հասկանալու համար գծագրերն անհրաժեշտ չեն, բայց գյուտի բնույթը թույլատրում է գծագրերի տեսքով պարզաբանում.
(i) հայտատուն կարող է այդպիսի գծագրեր ներառել միջազգային հայտում՝ այն ներկայացնելիս,
(ii) ցանկացած նշված գերատեսչություն կարող է պահանջել, որպեսզի հայտատուն սահմանված ժամկետում իրեն ներկայացնի այդպիսի գծագրեր:
Հ ո դ վ ա ծ 8
Առաջնության հավակնությունը
(1) Ինչպես սահմանված է Կանոնակարգով, միջազգային հայտը կարող է ներառել հայտարարություն, որում նշվում է առաջնության հավակնությունն ավելի վաղ ներկայացված մեկ կամ մի քանի հայտերի՝ տրված Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի ցանկացած մասնակից երկրում կամ այդ երկրի համար:
(2) (ա)-(բ) ենթակետի դրույթներին համապատասխան՝ 1-ին կետի համաձայն հայտարարված ցանկացած առաջնության հավակնության պայմանները և հետևանքները սահմանված են Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի Ստոկհոլմի փաստաթղթի 4-րդ հոդվածում:
(բ) Միջազգային հայտը, որի համար Պայմանավորվող պետությունում կամ պետության համար նախկինում ներկայացված մեկ կամ մի քանի հայտերի առաջնության հավակնություն է ներկայացվել, կարող է բովանդակել այդ պետության նշումը: Եթե միջազգային հայտում հայցվում է նշված պետությունում կամ այդ պետության համար ներկայացված մեկ կամ մի քանի ներպետական հայտերի առաջնությունը, կամ եթե հայցվում է միայն մեկ պետությունում նշած միջազգային հայտի առաջնությունը, առաջնության հավակնության հետևանքները և պայմանները կարգավորվում են այդ պետության ներպետական օրենսդրությամբ:
Հ ո դ վ ա ծ 9
Հայտատուն
(1) Պայմանավորվող պետության ցանկացած քաղաքացի կամ այդ պետությունում բնակվող ցանկացած անձ կարող է միջազգային հայտ ներկայացնել:
(2) Ասամբլեան կարող է որոշել թույլատրելու Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի մասնակից, սակայն սույն Պայմանագրին չմասնակցող ցանկացած երկրի քաղաքացիներին, ինչպես նաև այդ երկրում բնակվող անձանց՝ ներկայացնելու միջազգային հայտեր:
(3) Քաղաքացիության և բնակության վայրի հասկացությունները, ինչպես նաև այդ հասկացությունների կիրառումն այն դեպքերում, երբ կան մի քանի հայտատուներ կամ երբ հայտատուները բոլոր նշված պետությունների համար նույն հայտատուները չեն, սահմանվում են Կանոնակարգով:
Հ ո դ վ ա ծ 10
Ստացող գերատեսչությունը
Միջազգային հայտը ներկայացվում է ստացող համապատասխան գերատեսչություն, որը ստուգում և դրան ընթացք է տալիս սույն Պայմանագրով և Կանոնակարգով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 11
Միջազգային հայտի ներկայացման ամսաթիվը և հետևանքները
(1) Ստացող գերատեսչությունը որպես միջազգային ներկայացման ամսաթիվ է ընդունում միջազգային հայտն ստանալու ամսաթիվը, եթե գտնում է, որ այն ստանալու պահին՝
(i) հայտատուն քաղաքացիության կամ բնակության վայրի պատճառով ակնհայտորեն զրկված չէ տվյալ ստացող գերատեսչությանը միջազգային հայտ ներկայացնելու իրավունքից,
(ii) միջազգային հայտը կազմված է սահմանված լեզվով,
(iii) միջազգային հայտն առնվազն բովանդակում է հետևյալ տարրերը՝
(ա) հիշատակում այն մասին, որ հայտը ներկայացվում է որպես միջազգային հայտ,
(բ) առնվազն մեկ Պայմանավորվող պետության նշում,
(գ) հայտատուի անունը, ինչպես սահմանված է,
(դ) մաս, որն արտաքուստ ներկայացվում է որպես գյուտի նկարագրություն,
(ե) մաս, որն արտաքուստ ներկայացվում է որպես հավակնություն կամ հավակնություններ:
(2) (ա) Եթե ստացող գերատեսչությունը գտնում է, որ միջազգային հայտն ստանալու ժամանակ չի բավարարում (1)-ին կետում թվարկված պահանջները, նա հայտատուին հրավիրում է անհրաժեշտ շտկումներ կատարելու, ինչպես նախատեսված է Կանոնակարգում:
(բ) Եթե հայտատուն ընդունում է հրավերը, ինչպես նախատեսված է Կանոնակարգով, ստացող գերատեսչությունը որպես միջազգային ներկայացման ամսաթիվ է ընդունում պահանջվող շտկումներն ստանալու ամսաթիվը:
(3) 64-րդ հոդվածի (4)-րդ կետին համապատասխան (1)-ին կետի (i)-(iii) ենթակետերում թվարկված պահանջները բավարարող ցանկացած միջազգային հայտ, որի վերաբերյալ սահմանված է միջազգային ներկայացման ամսաթիվը, յուրաքանչյուր նշված պետությունում կանոնավոր ներպետական հայտի ուժ ունի միջազգային ներկայացման ամսաթվից, որը յուրաքանչյուր նշված պետությունում դիտվում է որպես փաստացի ներկայացման ամսաթիվ:
(4) (1)-ին կետի (i)-(iii) ենթակետերում թվարկված պահանջները բավարարող ցանկացած միջազգային հայտ համարժեք է ներպետական կանոնավոր ներկայացմանը՝ Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի իմաստով:
Հ ո դ վ ա ծ 12
Միջազգային հայտի փոխանցումը Միջազգային բյուրո և Միջազգային որոնման մարմին
(1) Կանոնակարգով նախատեսված կարգով, միջազգային հայտի մի օրինակը պահվում է ստացող գերատեսչությունում («ստացող գերատեսչության օրինակ»), մի օրինակ ուղարկվում է Միջազգային բյուրո («գրանցման օրինակ») և մի օրինակ՝ 16-րդ հոդվածում հիշատակված իրավասու Միջազգային որոնման մարմնին («որոնման օրինակ»):
(2) Գրանցման օրինակը համարվում է միջազգային հայտի բնօրինակը:
(3) Միջազգային հայտը համարվում է մերժված, եթե Միջազգային բյուրոն սահմանված ժամկետում չի ստացել գրանցման օրինակը:
Հ ո դ վ ա ծ 13
Նշված գերատեսչությունների կողմից միջազգային հայտի օրինակն ստանալու հնարավորությունը
(1) Ցանկացած նշված գերատեսչություն կարող է խնդրել Միջազգային բյուրոյին միջազգային հայտի օրինակն իրեն ուղարկել մինչև 20-րդ հոդվածով նախատեսված առաքումը, և Միջազգային բյուրոն այդ օրինակը նշված գերատեսչությանն է ուղարկում հնարավորինս շուտ, առաջնության ամսաթվից սկսած մեկ տարին լրանալուց հետո:
(2) (ա) Հայտատուն ցանկացած ժամանակ կարող է իր միջազգային հայտի օրինակն ուղարկել ցանկացած նշված գերատեսչություն:
(բ) Հայտատուն ցանկացած ժամանակ կարող է Միջազգային բյուրոյին խնդրել միջազգային հայտի իր օրինակն ուղարկել ցանկացած նշված գերատեսչություն, և Միջազգային բյուրոն հնարավորինս շուտ այդ օրինակն ուղարկում է նշված գերատեսչությանը,
(գ) ցանկացած ներպետական գերատեսչություն կարող է տեղեկացնել Միջազգային բյուրոյին, որ չի ցանկանում օրինակներ ստանալ (բ) ենթակետով նախատեսված կարգով, և այդ դեպքում (բ) ենթակետը չի կիրառվում այդ գերատեսչության նկատմամբ:
Հ ո դ վ ա ծ 14
Միջազգային հայտի որոշ թերություններ
(1) (ա) Ստացող գերատեսչությունն ստուգում է, թե միջազգային հայտն ունի, արդյոք, հետևյալ թերություններից որևէ մեկը՝
(i) ստորագրված չէ, ինչպես նախատեսված է Կանոնակարգով,
(ii) չի բովանդակում հայտատուի մասին սահմանված տեղեկություններ,
(iii) չի բովանդակում անվանումը,
(iv) չի բովանդակում ամփոփ շարադրանք,
(v) չի բավարարում միջազգային հայտին ներկայացվող պահանջներն այն ծավալով, ինչպես նախատեսված է Կանոնակարգով:
(բ) Եթե ստացող գերատեսչությունը գտնում է, որ հիշատակված թերություններից որևէ մեկն առկա է, նա հայտատուին հրավիրում է սահմանված ժամկետում շտկել միջազգային հայտը. այդ հրավերին չարձագանքելու դեպքում հայտը համարվում է մերժված, և ստացող գերատեսչությունը հայտարարում է այդ մասին:
(2) Եթե միջազգային հայտում հղում է կատարվում գծագրերին, որոնք փաստացի ներառված չեն հայտում, ստացող գերատեսչությունը հայտատուին տեղեկացնում է այդ մասին, և նա կարող է գծագրերը ներկայացնել սահմանված ժամկետում: Եթե հայտատուն դա կատարում է, միջազգային ներկայացման ամսաթիվ է համարվում ստացող գերատեսչության կողմից գծագրերի ստացման ամսաթիվը: Հակառակ դեպքում, նշված գծագրերին ցանկացած հղում համարվում է առոչինչ:
(3) (ա) Եթե ստացող գերատեսչությունը պարզում է, որ սահմանված ժամկետում չեն մուծվել 3-րդ հոդվածի (4)-րդ կետի (iv) ենթակետով նախատեսված տուրքերը կամ չի մուծվել 4-րդ հոդվածի (2)-րդ կետով նախատեսված ոչ մի տուրք՝ կապված նշված ցանկացած պետության հետ, միջազգային հայտը համարվում է մերժված, և ստացող գերատեսչությունը հայտարարում է այդ մասին:
(բ) Եթե ստացող գերատեսչությունը պարզում է, որ 4-րդ հոդվածի (2)-րդ կետով նախատեսված տուրքը սահմանված ժամկետում վճարված է մեկ կամ մի քանի (բայց ոչ բոլոր) նշված պետությունների առնչությամբ, այն պետությունների նշումը, որոնց առնչությամբ սահմանված ժամկետում տուրքը չի վճարվել, համարվում է մերժված, և ստացող գերատեսչությունը հայտարարում է այդ մասին:
(4) Եթե ստացող գերատեսչությունը միջազգային հայտի միջազգային ներկայացման ամսաթվի սահմանումից հետո սահմանված ժամկետում հայտնաբերում է, որ 11-րդ հոդվածի (1)-ին կետի (i-iii) ենթակետերում թվարկված պահանջներից որևէ մեկը չի կատարվել այդ ամսաթվին, հիշատակված հայտը համարվում է մերժված, և ստացող գերատեսչությունը հայտարարում է այդ մասին:
Հ ո դ վ ա ծ 15
Միջազգային որոնում
(1) Յուրաքանչյուր միջազգային հայտ ենթակա է միջազգային որոնման:
(2) Միջազգային որոնման նպատակը տեխնիկայի համապատասխան մակարդակի բացահայտումն է:
(3) Միջազգային որոնումը կատարվում է հավակնությունների հիման վրա՝ պատշաճ կերպով հաշվի առնելով գյուտի նկարագրությունն ու գծագրերը (եթե այդպիսիները կան):
(4) 16-րդ հոդվածում հիշատակված Միջազգային որոնման մարմինը ձգտում է բացահայտել տեխնիկայի համապատասխան մակարդակն այնքանով, որքանով թույլատրում են նրա հնարավորությունները և ցանկացած դեպքում օգտագործում է Կանոնակարգով սահմանված փաստաթղթերը:
(5) (ա) Եթե Պայմանավորվող պետության ներպետական օրենսդրությունը թույլ է տալիս, հայտատուն, որը ներպետական հայտ է ներկայացնում Պայմանավորվող պետության ներպետական կամ այդ պետության անունից գործող գերատեսչություն, կարող է այդ օրենսդրությամբ սահմանված կարգով խնդրել, որպեսզի իր հայտի կապակցությամբ կատարվի միջազգային որոնմանը համանման որոնում («միջազգային բնույթի որոնում»):
(բ) Եթե Պայմանավորվող պետության ներպետական օրենսդրությունը թույլ է տալիս, տվյալ պետության ներպետական կամ այդ պետության անունից գործող գերատեսչությունը կարող է իրեն ներկայացված ցանկացած ներպետական հայտ ենթարկել միջազգային բնույթի որոնման:
(գ) Միջազգային բնույթի որոնումը կատարում է 16-րդ հոդվածում հիշատակված Միջազգային որոնման մարմինը, որն իրավասու կլիներ միջազգային որոնում կատարելու, եթե ներպետական հայտը լիներ միջազգային հայտ և ներկայացված լիներ (a) և (b) ենթակետերում հիշատակված գերատեսչությանը: Եթե ներպետական հայտը կազմված է այն լեզվով, որով Միջազգային որոնման մարմինը հնարավորություն չունի քննելու հայտը, միջազգային որոնումը կատարվում է հայտատուի կողմից միջազգային հայտի համար սահմանված այն լեզվով պատրաստված թարգմանությամբ, որը Միջազգային որոնման մարմինը պարտավորվել է ընդունել միջազգային հայտերի համար: Ներպետական հայտը և թարգմանությունը, երբ դա պահանջվում է, ներկայացվում են միջազգային հայտերի համար սահմանված ձևով:
Հ ո դ վ ա ծ 16
Միջազգային որոնման մարմին
(1) Միջազգային որոնումը կատարում է Միջազգային որոնման մարմինը, որը կարող է լինել կամ ներպետական գերատեսչություն, կամ միջկառավարական կազմակերպություն, ինչպես, օրինակ, Միջազգային արտոնագրային ինստիտուտը, որի խնդիրների մեջ է մտնում հայտերում մատնանշված գյուտերի կապակցությամբ տեխնիկայի մակարդակի վերաբերյալ փաստաթղթային որոնման մասին հաշվետվությունների պատրաստումը:
(2) Եթե մինչև միասնական Միջազգային որոնման մարմնի հիմնադրումը գոյություն ունեն մի քանի միջազգային որոնման մարմիններ, յուրաքանչյուր ստացող գերատեսչություն, (3)-րդ կետի (բ) ենթակետում հիշատակված համաձայնագրի դրույթներին համապատասխան, նշում է այն միջազգային որոնման մարմինը կամ մարմինները, որոնք իրավասու են կատարելու այդ գերատեսչությանը ներկայացված միջազգային հայտերի որոնումը:
(3) (ա) Միջազգային որոնման մարմինները նշանակվում են Ասամբլեայի կողմից: (գ) ենթակետում նախատեսված պահանջները բավարարող ցանկացած ներպետական գերատեսչություն և ցանկացած միջկառավարական կազմակերպություն կարող է նշանակվել որպես Միջազգային որոնման մարմին:
(բ) Նշանակումը կատարվում է նշանակվող ներպետական գերատեսչության կամ միջկառավարական կազմակերպության համաձայնությամբ և նման գերատեսչության կամ կազմակերպության ու Միջազգային բյուրոյի միջև կնքված Ասամբլեայի հաստատմանը ենթակա համաձայնագրի հիման վրա: Համաձայնագրում պետք է սահմանված լինեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես, նման գերատեսչության կամ կազմակերպության ձևական պարտավորությունը՝ կիրառելու և պահպանելու միջազգային որոնման բոլոր ընդհանուր կանոնները:
(գ) Կանոնակարգը սահմանում է այն նվազագույն պահանջները, մասնավորապես, անձնակազմի և փաստաթղթերի վերաբերյալ, որոնց, նախքան նշանակվելը, պետք է համապաասխանեն ցանկացած գերատեսչություն կամ կազմակերպություն, և որոնց պետք է շարունակեն բավարարել նշանակման ողջ ժամկետի ընթացքում:
(դ) Նշանակումը կատարվում է որոշակի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:
(ե) Նախքան որևէ ներպետական գերատեսչության կամ միջկառավարական կազմակերպության նշանակման կամ նշանակման ժամկետի երկարաձգման մասին որոշում ընդունելը կամ նշանակման դադարեցումը թույլատրելը՝ Ասամբլեան լսում է շահագրգիռ գերատեսչությանը կամ կազմակերպությանը և հարցնում է 56-րդ հոդվածում հիշատակված Տեխնիկական համագործակցության կոմիտեի առաջարկը, եթե այդ Կոմիտեն արդեն ստեղծվել է:
Հ ո դ վ ա ծ 17
Միջազգային որոնման մարմնի կողմից կիրառվող ընթացակարգը
(1) Միջազգային որոնման մարմնի կողմից կիրառվող ընթացակարգը սահմանվում է սույն Պայմանագրի ու Կանոնակարգի և սույն Պայմանագրի և Կանոնակարգի համաձայն Միջազգային բյուրոյի և այդ Մարմնի հետ կնքվող համաձայնագրի դրույթներով:
(2) (ա) Եթե Միջազգային որոնման մարմինը գտնում է, որ.
(i) միջազգային հայտը վերաբերում է այնպիսի հարցի, որի կապակցությամբ Միջազգային որոնման մարմնի կողմից Կանոնակարգին համապատասխան միջազգային որոնման կատարում չի պահանջվում, և տվյալ դեպքում որոշում է չկատարել նման որոնում, կամ
(ii) գյուտի նկարագրությունը, հավակնությունները կամ գծագրերը չեն բավարարում սահմանված պահանջներին այնքանով, որ լիարժեք որոնման կատարումն անհնար է դառնում, հիշատակված Մարմինը հայտարարում է այդ մասին և ծանուցում հայտատուին ու Միջազգային բյուրոյին, որ միջազգային որոնման հաշվետվություն չի կազմվի:
(բ) Եթե (ա) ենթակետում հիշատակված իրավիճակներից որևէ մեկի առկայությունը բացահայտվում է միայն որոշակի հավակնությունների կապակցությամբ, ապա միջազգային որոնման հաշվետվությունը դա մատնանշում է նման հավակնությունների առնչությամբ, մինչդեռ մյուս հավակնությունների կապակցությամբ նշյալ հաշվետվությունը կազմվում է 18-րդ հոդվածին համապատասխան:
(3) (ա) Եթե Միջազգային որոնման մարմինը գտնում է, որ միջազգային հայտը չի բավարարում գյուտի միասնության պահանջին, ինչպես դա սահմանվում է Կանոնակարգով, նա հայտատուին առաջարկում է վճարել լրացուցիչ տուրքեր: Միջազգային որոնման մարմինը միջազգային որոնման հաշվետվություն կազմում է միջազգային հայտի այն հատվածների կապակցությամբ, որոնք վերաբերում են հավակնություններում առաջինը հիշատակված գյուտին («գլխավոր գյուտ»), և, պահանջվող լրացուցիչ տուրքերի՝ սահմանված ժամկետում վճարման դեպքում, միջազգային հայտի այն հատվածների կապակցությամբ, որոնք վերաբերում են այն գյուտերին, որոնց համար այդ տուրքերը վճարված են:
(բ) Ցանկացած նշված պետության ներպետական օրենսդրությունը կարող է նախատեսել, որ եթե տվյալ պետության ներպետական գերատեսչությունը գտնում է, որ Միջազգային որոնման մարմնի՝ (ա) ենթակետում հիշատակված առաջարկը հիմնավորված է, և եթե հայտատուն չի վճարել լրացուցիչ բոլոր տուրքերը, միջազգային հայտի այն հատվածները, որոնց կապակցությամբ որոնում չի կատարվել, այդ պետությունում ուժ ունենալու առումով համարվում են մերժված, քանի դեռ հայտատուն տվյալ պետության ներպետական գերատեսչությանը հատուկ տուրք չի վճարել:
Հ ո դ վ ա ծ 18
Միջազգային որոնման հաշվետվություն
(1) Միջազգային որոնման հաշվետվությունը կազմվում է սահմանված ժամկետում և սահմանված ձևով,
(2) Միջազգային որոնման հաշվետվությունը, կազմվելուն պես, Միջազգային որոնման մարմնի կողմից ուղարկվում է հայտատուին և Միջազգային բյուրո:
(3) Միջազգային որոնման հաշվետվությունը կամ 17-րդ հոդվածի (2)-րդ կետի (ա) ենթակետում հիշատակված հայտարարությունը թարգմանվում է Կանոնակարգով նախատեսված լեզվով: Թարգմանությունները կատարվում են կամ Միջազգային բյուրոյի կողմից, կամ նրա պատասխանատվությամբ:
Հ ո դ վ ա ծ 19
Հավակնությունների փոփոխումը լրացումը Միջազգային բյուրոյում
(1) Միջազգային որոնման հաշվետվությունն ստանալուց հետո հայտատուն իրավունք ունի մեկ անգամ փոփոխելու և լրացնելու միջազգային հայտի հավակնությունները՝ սահմանված ժամկետում Միջազգային բյուրոյին ներկայացնելով փոփոխությունները: Հայտատուն միաժամանակ կարող է Կանոնակարգին համապատասխան ներկայացնել փոփոխությունների համառոտ բացատրությունը և նշել, թե դրանք ինչպես կարող են անդրադառնալ գյուտի նկարագրության ու գծագրերի վրա:
(2) Փոփոխություններն ու լրացումները չպետք է անցնեն սկզբնապես ներկայացված միջազգային հայտի սահմանները:
(3) Եթե նշված որևէ պետության ներպետական օրենսդրությունը թույլատրում է, որպեսզի փոփոխություններն ու լրացումներն անցնեն սկզբնապես ներկայացված միջազգային հայտի սահմանները, (2)-րդ կետը չպահպանելն այդ պետությունում հետևանքներ չի ունենա:
Հ ո դ վ ա ծ 20
Առաքումը նշված գերատեսչություններ
(1) (ա) Միջազգային հայտը միջազգային որոնման հաշվետվության (ներառյալ 17-րդ հոդվածի (2)-րդ կետի (բ) ենթակետում հիշատակված ցանկացած նշում) կամ 17-րդ հոդվածի (2)-րդ կետի (ա) ենթակետում հիշատակված հայտարարության հետ միասին առաքվում է յուրաքանչյուր նշված գերատեսչություն, ինչպես նախատեսված է Կանոնակարգով, եթե նշված գերատեսչությունն ամբողջովին կամ մասամբ չի հրաժարվում նման պահանջից:
(բ) Առաքվող նյութերն ընդգրկում են հիշատակված հաշվետվության կամ հայտարարության թարգմանությունը (ինչպես սահմանված է):
(2) Եթե հավակնությունները փոփոխվել են 19-րդ հոդվածի (1)-ին կետին համապատասխան, նյութերը պետք է բովանդակեն կամ հավակնությունների ամբողջ տեքստը՝ ինչպես սկզբնական, այնպես էլ փոփոխված տեսքով, կամ հավակնությունների ամբողջ տեքստը սկզբնական տեսքով՝ կատարված փոփոխությունների նշումով, ինչպես նաև 19-րդ հոդվածի (1)-ին կետում հիշատակված բացատրությունները, եթե այդպիսիք կան:
(3) Նշված գերատեսչության կամ հայտատուի խնդրանքով Միջազգային որոնման մարմինը, համապատասխանաբար, գերատեսչություն կամ հայտատուին է ուղարկում փաստաթղթերի օրինակները, որոնք հղված են միջազգային որոնման հաշվետվությունում, ինչպես դա նախատեսված է Կանոնակարգով:
Հ ո դ վ ա ծ 21
Միջազգային հրատարակումը
(1) Միջազգային բյուրոն իրականացնում է միջազգային հայտերի հրատարակումը:
(2) (ա)‑(բ) ենթակետում և 64-րդ հոդվածի (3)-րդ կետում նախատեսված բացառությունները հաշվի առնելով՝ միջազգային հայտի միջազգային հրատարակումն իրականացվում է անհապաղ, այդ հայտի առաջնության ամսաթվից սկսած՝ տասնութ ամիս անց:
(բ) Հայտատուն կարող է խնդրել Միջազգային բյուրոյին իր միջազգային հայտը հրատարակել նախքան (ա) ենթակետում հիշատակված սահմանված ժամկետի լրանալը՝ ցանկացած ժամանակ: Միջազգային բյուրոն կատարում է այդ խնդրանքը Կանոնակարգին համապատասխան:
(3) Միջազգային որոնման հաշվետվությունը կամ 17-րդ հոդվածի (2)-րդ կետի (ա) ենթակետում հիշատակված հայտարարությունը հրատարակվում է, ինչպես սահմանված է Կանոնակարգով:
(4) Միջազգային հրատարակման լեզուն ու ձևը, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են Կանոնակարգով:
(5) Այն դեպքում, երբ միջազգային հայտը մերժվում է կամ համարվում է մերժված մինչև հրատարակման համար տեխնիկական նախապատրաստական աշխատանքների ավարտը, միջազգային հրատարակում չի կատարվում:
(6) Եթե միջազգային հայտը բովանդակում է արտահայտություններ կամ գծագրեր, որոնք Միջազգային բյուրոյի կարծիքով հակասում են բարոյականությանը կամ հասարակական կարգին, կամ եթե նրա կարծիքով միջազգային հայտը բովանդակում է արհամարհական դատողություններ, ինչպես դրանք սահմանված են Կանոնակարգով, Միջազգային բյուրոն իրավունք ունի իր հրատարակումներում չընդգրկել նման արտահայտությունները, գծագրերն ու դատողությունները՝ նշելով բաց թողնված բառերի կամ գծագրերի տեղն ու քանակը, և պահանջի դեպքում՝ ներկայացնելով բաց թողնված հատվածների առանձին պատճենները:
Հ ո դ վ ա ծ 22
Նշված գերատեսչություններին ներկայացվող օրինակը, թարգմանությունը տուրքը
(1) Հայտատուն ոչ ուշ, քան առաջնության ամսաթվից հետո 20 ամիսը լրանալը, յուրաքանչյուրնշված գերատեսչությանն է ներկայացնում միջազգային հայտի մեկ օրինակ (եթե 20-րդ հոդվածի համաձայն առաքում դեռևս չի կատարվել) ու դրա թարգմանությունը (ինչպես սահմանված է) և վճարում է ներպետական տուրք (եթե այդպիսին նախատեսված է): Եթե նշված պետության ներպետական օրենսդրությունը պահանջում է գյուտարարի անվան և նրա մասին այլ սահմանված տվյալներ, սակայն թույլատրում է դրանք ներկայացնել ներպետական հայտը ներկայացնելուց հետո, հայտատուն նշված տվյալներն այդ պետության կամ այդ պետության անունից գործող ներպետական գերատեսչությանը ներկայացնում է ոչ ուշ, քան առաջնության ամսաթվից հետո՝ 20 ամիսը լրանալը:
(2) Եթե Միջազգային որոնման մարմինը 17-րդ հոդվածի (2)-րդ կետի (ա) ենթակետի համաձայն հայտարարում է, որ միջազգային որոնման հաշվետվություն չի կազմվի, սույն հոդվածի (1)-ին կետում հիշատակված գործողությունների կատարման համար սահմանված ժամկետը նույնն է, ինչ (1)-ին կետում նախատեսվածը:
(3) Ցանկացած ներպետական օրենսդրություն (1)-ին կամ (2)-րդ կետերում նշված գործողությունները կատարելու համար կարող է սահմանել ժամկետներ, որոնք լրանում են ավելի ուշ, քան այդ կետերում նշված ժամկետները:
Հ ո դ վ ա ծ 23
Ներպետական ընթացակարգը հետաձգելը
(1) Ոչ մի նշված գերատեսչություն չի կարող նախաձեռնել միջազգային հայտի քննություն՝ մինչև 22-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ժամկետի լրանալը:
(2) Չնայած (1)-ին կետի դրույթներին, ցանկացած նշված գերատեսչություն՝ հայտատուի հատուկ խնդրանքով, ցանկացած ժամանակ կարող է նախաձեռնել միջազգային հայտի քննություն:
Հ ո դ վ ա ծ 24
Նշված պետություններում միջազգային հայտի գործողության հնարավոր դադարեցումը
(1) Ներքոհիշյալ (ii) դեպքում, 25-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, 11-րդ հոդվածի (3)-րդ կետով նախատեսված միջազգային հայտի գործողությունը դադարում է յուրաքանչյուր նշված պետությունում նույն հետևանքներով, ինչ այդ պետությունում ցանկացած ներպետական հայտ հետ վերցնելը.
(i) եթե հայտատուն հետ է վերցնում իր միջազգային հայտը կամ այդ պետության նշումը,
(ii) եթե միջազգային հայտը համարվում է հետ վերցված 12-րդ հոդվածի (3)-րդ կետի, 14-րդ հոդվածի (1)-ին կետի (b) ենթակետի, 14-րդ հոդվածի (3)-րդ կետի (ա) ենթակետի կամ 14-րդ հոդվածի (4)-րդ կետի ուժով կամ եթե այդ պետության նշումը համարվում է հետ վերցված 14-րդ հոդվածի (3)-րդ կետի (բ) ենթակետի ուժով,
(iii) եթե հայտատուն համապատասխան ժամկետում չի կատարում 22-րդ հոդվածով նախատեսված գործողությունները:
(2) Չնայած 1-ին կետի դրույթներին, ցանկացած նշված գերատեսչություն կարող է պահպանել միջազգային հայտի ուժը՝ նախատեսված 11-րդ հոդվածի (3)-րդ կետով, նույնիսկ այն դեպքում, երբ դա չի պահանջվում 25-րդ հոդվածի (2)-րդ կետի ուժով:
Հ ո դ վ ա ծ 25
Նշված գերատեսչությունների կողմից վերանայումը
(1) (ա) Եթե ստացող գերատեսչությունը հրաժարվել է սահմանել միջազգային ներկայացման ամսաթիվը կամ հայտարարել է, թե միջազգային հայտը համարվում է մերժված, կամ եթե Միջազգային բյուրոն 12-րդ հոդվածի (3)-րդ կետին համապատասխան եզրակացություն է ընդունել, Միջազգային բյուրոն, հայտատուի խնդրանքով, գործում առկա ցանկացած փաստաթղթի օրինակ անհապաղ փոխանցում է հայտատուի կողմից մատնանշված՝ նշված գերատեսչությանը:
(բ) Եթե ստացող գերատեսչությունը հայտարարել է, թե որևէ տվյալ պետության նշումը համարվում է հետ վերցված, Միջազգային բյուրոն, հայտատուի խնդրանքով, այդ պետության ներպետական գերատեսչությանն անհապաղ առաքում է գործում առկա ցանկացած փաստաթղթի օրինակը:
(գ) (ա) կամ (բ) ենթակետերում հիշատակված խնդրանքը պետք է ներկայացվի սահմանված ժամկետում:
(2) (ա)‑(բ) ենթակետի դրույթներին համապատասխան, յուրաքանչյուր նշված գերատեսչություն սահմանված ժամկետում ներպետական տուրքի վճարման (եթե այդպիսին նախատեսված է) և համապատասխան թարգմանություն (ինչպես սահմանված է) ներկայացնելու դեպքում որոշում է՝ արդյոք մերժումը, հայտարարությունը կամ (1)-ին կետում նշված եզրակացությունը հիմնավորված է սույն Պայմանագրի և Կանոնակարգի դրույթներով, և եթե գտնում է, որ այդպիսի մերժումը կամ հայտարարությունն ստացող գերատեսչության կողմից թույլ տված սխալի կամ բացթողման արդյունք է կամ եզրակացության ընդունումը Միջազգային բյուրոյի թույլ տված սխալի կամ բացթողման արդյունք է, նշված գերատեսչության պետությունում միջազգային հայտի գործողության առումով միջազգային հայտին վերաբերում է այնպես, կարծես նման սխալ կամ բացթողում տեղի չի ունեցել:
(բ) Եթե գրանցման օրինակը, հայտատուի թույլ տված որևէ սխալի կամ բացթողման պատճառով, Միջազգային բյուրոյում ստացվել է 12-րդ հոդվածի (3)-րդ կետով նախատեսված ժամկետի լրանալուց հետո, (ա) ենթակետի դրույթները կիրառվում են միայն 48-րդ հոդվածի (2)-րդ կետում հիշատակված պայմանների առկայության դեպքում:
Հ ո դ վ ա ծ 26
Նշված գերատեսչություններում միջազգային հայտում փոփոխություններ ուղղումներ կատարելու հնարավորությունը
Նշված գերատեսչությունները միջազգային հայտը չեն կարող մերժել Պայմանագրի և Կանոնակարգի պահանջներին նրա անհամապատասխանության հիմքով՝ առանց հայտատուին հնարավորություն տալու շտկելու նշված հայտն այն չափով և այն ընթացակարգին համապատասխան, որոնք ներպետական օրենսդրությամբ նախատեսված են նույն կամ համեմատելի իրավիճակներում ներպետական հայտերի կապակցությամբ:
Հ ո դ վ ա ծ 27
Ներպետական պահանջները
(1) Որևէ ներպետական օրենսդրություն չի կարող պահանջել միջազգային հայտի ձևի կամ բովանդակության համապատասխանություն այնպիսի պահանջների, որոնք այլ են, քան սույն Պայմանագրով և Կանոնակարգով նախատեսվածները կամ ավելին են դրանցից:
(2) (1)-ին կետի դրույթները չեն ազդում 7-րդ հոդվածի (2)-րդ կետի կիրառման վրա և ներպետական օրենսդրությանը չեն խոչընդոտում պահանջելու, եթե նշված գերատեսչությունում միջազգային հայտի քննությունն արդեն սկսված է, ներկայացնել՝
(i) եթե հայտատուն իրավաբանական անձ է՝ այն պաշտոնյայի անունը, որը հանդես է գալիս այդ իրավաբանական անձի անունից,
(ii) միջազգային հայտի մաս չկազմող փաստաթղթեր, որոնք, սակայն, հաստատում են հայտում կատարված հայտարարությունը կամ դատողությունները, ներառյալ՝ հայտատուի ստորագրությամբ միջազգային հայտի հաստատումը, երբ հայտատուն ստորագրել է իր ներկայացուցչի կամ գործակալի միջոցով:
(3) Եթե հայտատուն, ցանկացած նշված պետության նպատակների համար, ներպետական օրենսդրությամբ օժտված չէ ներպետական հայտ ներկայացնելու իրավունքով, քանի որ ինքը գյուտարարը չէ, միջազգային հայտը կարող է մերժվել նշված գերատեսչության կողմից:
(4) Եթե ներպետական օրենսդրությունը ներպետական հայտի ձևի ու բովանդակության նկատմամբ նախատեսում է պահանջներ, որոնք հայտատուի կարծիքով ավելի ձեռնտու են, քան միջազգային հայտի կապակցությամբ սույն Պայմանագրով կամ Կանոնակարգով սահմանված պահանջները, նշված պետության կամ այդ պետության համար գործող ներպետական գերատեսչությունը, դատարանները և իրավասու այլ մարմիններ միջազգային հայտերի նկատմամբ սույն Պայմանագրով և Կանոնակարգով նախատեսված պահանջների փոխարեն կարող են կիրառել ներպետական օրենսդրության պահանջները, բացառությամբ, եթե հայտատուն պահանջում է, որպեսզի իր միջազգային հայտի նկատմամբ կիրառվեն սույն Պայմանագրով և Կանոնակարգով սահմանված պահանջները:
(5) Սույն Պայմանագրում և Կանոնակարգում ոչինչ չի կարող դիտվել որպես ցանկացած Պայմանավորվող պետության՝ արտոնագրաունակության այնպիսի պայմաններ սահմանելու ազատության սահմանափակում, ինչպիսին ցանկանում է: Մասնավորապես, տեխնիկայի մակարդակի սահմանման վերաբերյալ սույն Պայմանագրի և Կանոնակարգի ցանկացած դրույթ բացառապես ծառայում է միջազգային ընթացակարգի նպատակի համար, և ցանկացած Պայմանավորվող կողմ, երբ որոշում է միջազգային հայտում հավակնորդ գյուտի արտոնագրաունակությունը, ազատ է կիրառելու իր ներպետական օրենսդրության չափանիշները՝ կապված տեխնիկայի մակարդակի և արտոնագրաունակության այլ պայմանների հետ, որոնք չեն սահմանում հայտերի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներ:
(6) Ներպետական օրենսդրությունը կարող է պահանջել, որպեսզի հայտատուն ներկայացնի ապացույցներ նշված իրավունքով նախատեսված արտոնագրաունակության ցանկացած պայմանի վերաբերյալ:
(7) Ցանկացած ստացող գերատեսչություն, կամ եթե նշված գերատեսչությունում ընթացք է տրվել միջազգային հայտին, ապա այդ գերատեսչությունը, կարող է ներպետական օրենսդրությունը կիրառել այնքանով, որքանով դա վերաբերում է ցանկացած պահանջի, որի համաձայն հայտատուն ներկայացվում է նշված գերատեսչությունում հայտատուներին ներկայացնելու իրավունք ունեցող գործակալի միջոցով և/կամ հայտատուն նշված պետությունում ունի հասցե՝ ստացվող ծանուցումների նպատակի համար:
(8) Սույն Պայմանագրում և Կանոնակարգում ոչինչ չի դիտվում որպես Պայմանավորվող պետության ազատության սահմանափակում՝ կիրառելու միջոցներ, որոնք ինքն անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության պաշտպանության համար կամ՝ սահմանափակելու իր քաղաքացիների կամ բնակիչների՝ միջազգային հայտեր ներկայացնելու իրավունքն այդ պետության ընդհանուր տնտեսական շահերի պաշտպանության համար:
Հ ո դ վ ա ծ 28
Հավակնությունների նկարագրության գծագրերի փոփոխությունն ու լրացումները նշված գերատեսչություններում
(1) Հայտատուին հնարավորություն է տրվում յուրաքանչյուր նշված գերատեսչությունում սահմանված ժամկետում փոփոխել կամ լրացնել հավակնությունները, նկարագրությունն ու գծագրերը: Նշված գերատեսչությունները չպետք է արտոնագիր տան կամ այն մերժեն մինչև այդ ժամկետի լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է հայտատուի հատուկ համաձայնությունը:
(2) Փոփոխություններն ու լրացումները չպետք է դուրս գան ներկայացված միջազգային հայտի շրջանակներից, եթե նշված պետության ներպետական օրենսդրությունը չի թույլատրում դուրս գալ այդ շրջանակներից:
(3) Փոփոխություններն ու լրացումները պետք է համապատասխանեն նշված պետության ներպետական օրենսդրության պահանջներին՝ սույն Պայմանագրով և Կանոնակարգով չնախատեսված բոլոր հարցերի առնչությամբ:
(4) Եթե նշված գերատեսչությունը պահանջում է միջազգային հայտի թարգմանությունը, փոփոխությունները պետք է ներկայացվեն թարգմանության լեզվով:
Հ ո դ վ ա ծ 29
Միջազգային հրատարակման հետևանքները
(1) Նշված պետությունում հայտատուի ցանկացած իրավունքի պաշտպանության կապակցությամբ միջազգային հայտի միջազգային հրատարակման հետևանքները տվյալ պետությունում,
(2)-(4)-րդ կետերի դրույթներին համապատասխան, նույնն են, ինչ նշված պետության ներպետական օրենսդրությունը նախատեսում է քննության չառնված ներպետական հայտերի պարտադիր ներպետական հատարակումների համար:
(2) Եթե լեզուն, որով իրականացվել է միջազգային հրատարակումը, տարբերվում է այն լեզվից, որով հրատարակումները կատարվում են տվյալ պետությունում՝ նրա ներպետական օրենսդրությանը համապատասխան, ներպետական օրենսդրությունը կարող է նախատեսել, որ 1-ին կետում հիշատակված հետևանքներն առաջանում են միայն այն բանից հետո, երբ՝
(i) ներպետական հրատարակման լեզվով թարգմանությունը հրատարակված է ներպետական օրենսդրությանը համապատասխան, կամ
(ii) ներպետական հրատարակման լեզվով թարգմանությունը հանրությանը մատչելի է դարձել հրապարակային ծանոթացման միջոցով, ներպետական օրենսդրությանը համապատասխան, կամ
(iii) ներպետական հրատարակման լեզվով թարգմանությունը հայտատուն փոխանցել է անձի, որը փաստացի կամ ենթադրաբար ոչ իրավաչափ է օգտագործում միջազգային հայտում նշված գյուտը, կամ
(iv) տեղի են ունեցել (i) և (iii) ենթակետերում նշված երկու գործողությունները, կամ (ii) և (iii) ենթակետերում նշված գործողությունները:
(3) Ցանկացած նշված պետության ներպետական օրենսդրությունը կարող է նախատեսել, որ այն դեպքում, երբ հայտատուի խնդրանքով միջազգային հրատարակումն իրականացվել է մինչև առաջնության ամսաթվից սկսած 18 ամիսը լրանալը, (1)-ին կետում հիշատակված հետևանքները կիրառվում են միայն առաջնության ամսաթվից սկսած՝ 18 ամիսը լրանալուց հետո:
(4) Ցանկացած նշված պետության ներպետական օրենսդրությունը կարող է նախատեսել, որ (1)-ին կետում հիշատակված հետևանքները կիրառվում են միայն այն ամսաթվից, երբ 21-րդ հոդվածին համապատասխան հրատարակված միջազգային հայտի օրինակն ստացվել է այդ պետության ներպետական գերատեսչության կամ այդ պետության անունից գործող ներպետական գերատեսչության կողմից: Հիշատակված գերատեսչությունն իր տեղեկագրում անհապաղ հրատարակում է ստացման ամսաթիվը:
Հ ո դ վ ա ծ 30
Միջազգային հայտի գաղտնիության բնույթը
(1) (ա)‑(բ) ենթակետի դրույթներին համապատասխան, Միջազգային բյուրոն և Միջազգային որոնման մարմինները չեն թույլատրում միջազգային հայտի մատչելիությունը ցանկացած անձի կամ մարմնի համար՝ մինչև այդպիսի հայտի միջազգային հրատարակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջում կամ թույլատրում է հայտատուն:
(բ) (ա) ենթակետի դրույթները չեն կիրառվում իրավասու Միջազգային որոնման մարմնին կատարվող փոխանցումների, 13-րդ հոդվածով նախատեսված փոխանցումների, ինչպես նաև 20-րդ հոդվածով նախատեսված առաքումների նկատմամբ:
(2) (ա) Ներպետական գերատեսչությունները չեն թույլատրում միջազգային հայտի մատչելիությունը երրորդ կողմերի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջում կամ թույլատրում է հայտատուն՝ մինչև հետևյալ ամսաթվերից առավել վաղի վրա հասնելը.
(i) միջազգային հայտի միջազգային հրատարակման ամսաթվի,
(ii) 20-րդ հոդվածին համապատասխան նյութերի ստացման ամսաթվի,
(iii) 22-րդ հոդվածին համապատասխան միջազգային հայտի օրինակի ստացման ամսաթվի:
(բ) (ա) ենթակետի դրույթները ներպետական գերատեսչությանը չեն խոչընդոտում երրորդ կողմերին տեղեկացնելու, որ ինքը նշված գերատեսչությունն է, կամ հրատարակելու այդ փաստը: Սակայն այդպիսի տեղեկատվությունը կամ հրատարակումը կարող է բովանդակել միայն հետևյալ տվյալները՝ ստացող գերատեսչության ինքնությունը, հայտատուի անունը, միջազգային ներկայացման ամսաթիվը, միջազգային հայտի համարը և գյուտի անունը:
(գ) (ա) ենթակետի դրույթները չեն խոչընդոտում ցանկացած նշված գերատեսչությանը թույլատրելու միջազգային հայտի մատչելիությունը դատական նպատակներով:
(3) (2)-րդ կետի (ա) ենթակետի դրույթները կիրառելի են ցանկացած ստացող գերատեսչության նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է 12-րդ հոդվածի (1)-ին կետով նախատեսված նյութերի առաքմանը:
(4) Սույն հոդվածի նպատակների համար «մատչելիություն» տերմինը նշանակում է ցանկացած միջոց, որի օգնությամբ երրորդ կողմերը կարող են ստանալ տեղեկություններ, ներառյալ՝ անձնական հաղորդումներն ու ընդհանուր հրատարակումը, պայմանով, սակայն, որ ներպետական գերատեսչությունը, որպես կանոն, չպետք է հրատարակի միջազգային հայտը կամ նրա թարգմանությունը մինչև միջազգային հրատարակումը կամ, եթե առաջնության ամսաթվից սկսած 20 ամսվա ընթացքում միջազգային հրատարակումն իրականացված չէ, մինչև հիշատակված առաջնության ամսաթվից սկսած 20 ամիսների լրանալը:
Գլուխ 2
Միջազգային նախնական փորձաքննություն
Հ ո դ վ ա ծ 31
Միջազգային նախնական փորձաքննության անցկացման պահանջը
(1) Հայտատուի պահանջով նրա միջազգային հայտը ենթարկվում է միջազգային նախնական փորձաքննության, ինչպես դա նախատեսված է հաջորդ դրույթներով և Կանոնակարգով:
(2) (ա) Ցանկացած հայտատու, որը 2-րդ գլխի դրույթներով պարտավորված Պայմանավորվող պետության քաղաքացի է կամ բնակիչ, ինչպես սահմանված է Կանոնակարգում, և որի միջազգային հայտը ներկայացվել է այդ պետության կամ այդ պետության անունից գործող ստացող գերատեսչություն, կարող է պահանջել միջազգային նախնական փորձաքննության անցկացում:
(բ) Ասամբլեան կարող է որոշել միջազգային հայտեր ներկայացնելու իրավունք ունեցող անձանց թույլատրել պահանջելու միջազգային նախնական փորձաքննություն, նույնիսկ եթե նրանք այնպիսի պետության քաղաքացիներ կամ բնակիչներ են, որը սույն Պայմանագրի մասնակից չէ կամ պարտավորված չէ 2-րդ գլխի դրույթներով:
(3) Միջազգային նախնական փորձաքննություն անցկացնելու պահանջը տրվում է միջազգային հայտից առանձին: Պահանջը բովանդակում է սահմանված տվյալներ, կազմվում է սահմանված ձևով ու լեզվով:
(4) (ա) Պահանջը պետք է մատնանշի այն Պայմանավորվող պետությունը կամ պետությունները, որոնցում հայտատուն մտադիր է օգտագործելու միջազգային նախնական փորձաքննության արդյունքները («ընտրված պետություններ»): Լրացուցիչ Պայմանավորվող պետությունները կարող են ընտրվել ավելի ուշ: Ընտրությունը կարող է վերաբերել միայն 4-րդ հոդվածի համապատասխան արդեն նշված Պայմանավորվող պետություններին:
(բ) (2)-րդ կետի (ա) ենթակետում նշված հայտատուները կարող են ընտրել 2-րդ գլխի դրույթներով պարտավորված ցանկացած Պայմանավորվող պետության: (2)-րդ կետի (բ) ենթակետում հիշատակված հայտատուները կարող են ընտրել միայն 2-րդ գլխի դրույթներով պարտավորված այն Պայմանավորվող պետություններին, որոնք հայտարարել են, թե իրենք պատրաստ են ընտրվելու նման հայտատուների կողմից:
(5) Պահանջը ենթակա է սահմանված ժամկետում սահմանված տուրքի վճարման:
(6) (ա) Պահանջը ներկայացվում է 32-րդ հոդվածում հիշատակված Միջազգային նախնական փորձաքննության իրավասու մարմնին:
(բ) Ցանկացած լրացուցիչ ընտրություն փոխանցվում է Միջազգային բյուրոյին:
(7) Յուրաքանչյուր ընտրված գերատեսչություն ծանուցվում է իր ընտրության մասին:
Հ ո դ վ ա ծ 32
Միջազգային նախնական փորձաքննության մարմին
(1) Միջազգային նախնական փորձաքննությունը կատարում է Միջազգային նախնական փորձաքննության մարմինը:
(2) 31-րդ հոդվածի (2)-րդ կետի (ա) ենթակետում հիշատակված պահանջների դեպքում՝ ստացող գերատեսչությունը, իսկ 31-րդ հոդվածի (2)-րդ կետի (բ) ենթակետում հիշատակված պահանջների դեպքում՝ Ասամբլեան, շահագրգիռ Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կամ մարմինների և Միջազգային բյուրոյի միջև կիրառվող համաձայնագրին համապատասխան, մատնանշում է այն Միջազգային նախնական փորձաքննության մարմինը կամ մարմինները, որոնք իրավասու են կատարելու նախնական փորձաքննություն:
(3) 16-րդ հոդվածի (3)-րդ կետի դրույթները կիրառվում են mսtatis mսtaոdis Միջազգային նախնական փորձաքննության մարմինների նկատմամբ:
Հ ո դ վ ա ծ 33
Միջազգային նախնական փորձաքննություն
(1) Միջազգային նախնական փորձաքննության նպատակն է՝ ձևավորել նախնական և ոչ պարտադիր կարծիք այն հարցի կապակցությամբ, թե արդյոք հավակնորդ գյուտը նորույթ է, ունի գյուտարարական մակարդակ (ակնհայտ չէ) և արդյունաբերորեն կիրառելի է:
(2) Միջազգային նախնական փորձաքննության նպատակների համար հավակնորդ գյուտը համարվում է նորույթ, եթե չի կանխատեսվում տեխնիկայի՝ նախկինում գոյություն ունեցած մակարդակով, ինչպես սահմանված է Կանոնակարգում:
(3) Միջազգային նախնական փորձաքննության նպատակների համար հավակնորդ գյուտը համարվում է գյուտարարական մակարդակ ունեցող, եթե այն, հաշվի առնելով տեխնիկայի՝ նախկինում գոյություն ունեցած մակարդակը, ինչպես սահմանված է Կանոնակարգում, սահմանված համապատասխան ամսաթվին ակնհայտ չէ տեխնիկայի բնագավառի մասնագետի համար:
(4) Միջազգային նախնական փորձաքննության նպատակների համար հավակնորդ գյուտը համարվում է արդյունաբերորեն կիրառելի, եթե այն իր բնույթին համապատասխան կարող է իրագործվել կամ օգտագործվել (տեխնոլոգիական իմաստով) արդյունաբերության որևէ ճյուղում: «Արդյունաբերությունը» պետք է հասկանալ դրա ամենալայն իմաստով, ինչպես սահմանված է Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայում:
(5) Վերը նշված չափանիշները ծառայում են միջազգային նախնական փորձաքննության նպատակների համար միայն: Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է կիրառել տվյալ պետությունում գյուտի արտոնագրաունակությունը որոշելու լրացուցիչ կամ այլ չափանիշներ:
(6) Միջազգային նախնական փորձաքննությունը հաշվի է առնում բոլոր փաստաթղթերը, որոնց վրա հղում է արված միջազգային որոնման հաշվետվության մեջ: Կարող են հաշվի առնվել նաև ցանկացած լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են համարվում կոնկրետ դեպքում:
Հ ո դ վ ա ծ 34
Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կողմից կիրառվող ընթացակարգը
(1) Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կողմից կիրառվող ընթացակարգը ղեկավարվում է սույն Պայմանագրի դրույթներով, Կանոնակարգով և Միջազգային բյուրոյի և նշված Մարմնի միջև սույն Պայմանագրին ու Կանոնակարգին համապատասխան կնքված համաձայնագրով:
(2) (ա) Հայտատուն իրավունք ունի բանավոր և գրավոր ձևով հաղորդակցվել միջազգային նախնական փորձաքննության մարմնի հետ:
(բ) Հայտատուն իրավունք ունի սահմանված կարգով և սահմանված ժամկետում փոփոխություններ և լրացումներ կատարել հավակնության, նկարագրության մեջ ու գծագրերում՝ մինչև միջազգային նախնական փորձաքննության հաշվետվության պատրաստումը: Փոփոխություններն ու լրացումները չպետք է դուրս գան ներկայացված միջազգային հայտի շրջանակներից:
(գ) Հայտատուն ստանում է առնվազն մեկ Միջազգային նախնական փորձաքննության մարմնի գրավոր կարծիքը, եթե այդ Մարմինը չի համարում, որ կատարվել են հետևյալ բոլոր պայմանները՝
(i) գյուտը բավարարում է 33-րդ հոդվածի (1)-ին կետով նախատեսված չափանիշները,
(ii) միջազգային հայտը բավարարում է սույն Պայմանագրի և Կանոնակարգի պահանջներն այնքանով, որքանով ստուգված են այդ Մարմնի կողմից,
(iii) չի նախատեսվում դիտողությունների կատարում 35-րդ հոդվածի (2)-րդ կետի վերջին նախադասությանը համապատասխան:
(դ) Հայտատուն կարող է պատասխանել գրավոր կարծիքին:
(3) (ա) Եթե Միջազգային նախնական փորձաքննության մարմինը գտնում է, որ միջազգային հայտը չի բավարարում գյուտի միասնության պահանջը, ինչպես դա սահմանված է Կանոնակարգում, նա կարող է հայտատուին առաջարկել վերջինիս հայեցողությամբ սահմանափակել հավակնություններն այնպես, որպեսզի դրանք համապատասխանեն տվյալ պահանջին, կամ վճարել լրացուցիչ տուրքեր:
(բ) Ցանկացած ընտրված պետության ներպետական օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ այն դեպքում, երբ հայտատուն նախընտրում է (ա) ենթակետին համապատասխան սահմանափակել հավակնությունները, միջազգային հայտի այն հատվածները, որոնք սահմանափակման հետևանքով ենթակա չեն միջազգային նախնական փորձաքննության, այդ պետության առնչությամբ, համարվում են մերժված, քանի դեռ հայտատուն չի վճարում հատուկ տուրք այդ պետության ներպետական գերատեսչությանը:
(գ) Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի կատարում (ա) ենթակետում հիշատակված պահանջը, Միջազգային նախնական փորձաքննության մարմինը կազմում է հաշվետվություն միջազգային հայտի այն մասերով, որոնք, իր կարծիքով, վերաբերում են գլխավոր գյուտին, և այդ մասին նշում է հիշատակված հաշվետվությունում: Ցանկացած ընտրված պետության ներպետական օրենսդրությունը կարող է նախատեսել, որ այն դեպքում, երբ իր ներպետական գերատեսչությունը Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կարծիքը համարում է հիմնավոր, միջազգային հայտի այն հատվածները, որոնք չեն վերաբերում գլխավոր գյուտին, համարվում են մերժված նրանց գործողության առումով տվյալ պետությունում, եթե հայտատուն չվճարի հատուկ տուրք այդ գերատեսչությանը:
(4) (ա) Եթե միջազգային նախնական փորձաքննության մարմինը գտնում է, որ.
(i) միջազգային հայտը վերաբերում է այնպիսի հարցի, որի կապակցությամբ չի պահանջվում Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կողմից Կանոնակարգին համապատասխան միջազգային նախնական փորձաքննության կատարում, և տվյալ դեպքում նա որոշում է այդպիսի փորձաքննություն չկատարել, կամ
(ii) նկարագրությունը, հավակնությունները կամ գծագրերը այնքան անհստակ են, որ հավակնորդ գյուտի նորույթ լինելու, գյուտարարական մակարդակի (ոչ ակնհայտ) կամ արդյունաբերական կիրառելիության վերաբերյալ հնարավոր չէ հիմնավորված կարծիք կազմել, հիշատակված Մարմինը չի քննարկում 33-րդ հոդվածի (1)-ին կետում նշված հարցերը և հայտատուին ծանուցում է այդ կարծիքի ու դրա դրդապատճառների մասին:
(բ) Եթե (ա) ենթակետում հիշատակված իրավիճակներից ցանկացածը վերաբերում է միայն որոշ հավակնություններին, հիշատակված ենթակետի դրույթները կիրառվում են միայն այդ հավակնությունների նկատմամբ:
Հ ո դ վ ա ծ 35
Միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունը
(1) Միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունը կազմվում է սահմանված ժամկետում և սահմանված ձևով:
(2) Միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունը չի բովանդակում որևէ հիմնավորում այն մասին, թե արդյոք հավակնորդ գյուտն արտոնագրաունակ է կամ ենթադրվում է այդպիսին կամ ոչ՝ արտոնագրաունակ որևէ ներպետական օրենսդրության համաձայն: (3)-րդ կետի դրույթներին համապատասխան, յուրաքանչյուր հավակնության կապակցությամբ հաստատում է, թե արդյոք հավակնությունը բավարարում է նորույթ լինելու, գյուտարարական մակարդակ ունենալու և արդյունաբերական կիրառելիության չափանիշը, ինչպես սահմանված է 33-րդ հոդվածի (1)-(4)-րդ կետերում միջազգային նախնական փորձաքննության նպատակների համար: Այդ հաստատումն ուղեկցվում է այն փաստաթղթերի հղումներով, որոնք համարվում են արված եզրակացություններին օժանդակող, և այնպիսի պարզաբանումներով, որոնք պահանջվում են տվյալ կոնկրետ գործի հանգամանքներով: Հաստատումն ուղեկցվում է նաև այլ դիտողություններով, ինչպես նախատեսված է Կանոնակարգում:
(3) (ա) Եթե Միջազգային նախնական փորձաքննության մարմինը հաշվետվությունը կազմելու ժամանակ գտնում է, որ առկա է 34-րդ հոդվածի (4)-րդ կետի (ա) ենթակետում հիշատակված իրավիճակներից մեկը, ապա հաշվետվությունն արձանագրում է այդ կարծիքն ու դրա դրդապատճառները: Այն չի բովանդակում (2)-րդ կետում նախատեսված որևէ հաստատում:
(բ) Եթե գտնում են, որ առկա է 34-րդ հոդվածի (4)-րդ կետի (բ) ենթակետում հիշատակված իրավիճակ, միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունը խնդրո առարկա հավակնությունների կապակցությամբ ընդգրկում է հաստատում, ինչպես նախատեսված է (ա) ենթակետում, մինչդեռ մյուս հավակնությունների կապակցությամբ ընդգրկում է հաստատում, ինչպես նախատեսված է (2)-րդ կետում:
Հ ո դ վ ա ծ 36
Միջազգային նախնական փորձաքննության հաշվետվության փոխանցումը, թարգմանությունը և առաքումը
(1) Միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունն ու կից սահմանված հավելվածներն ուղարկվում են հայտատուին և Միջազգային բյուրոյին:
(2) (ա) Միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունն ու կից հավելվածները թարգմանվում են սահմանված լեզուներով:
(բ) Հիշատակված հաշվետվության ցանկացած լեզվով թարգմանությունը կատարվում է Միջազգային բյուրոյի կողմից կամ նրա պատասխանատվությամբ, իսկ նշված հավելվածների ցանկացած թարգմանություն կատարում է հայտատուն:
(3) (ա) Միջազգային բյուրոն միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունը, նրա թարգմանությունը (ինչպես սահմանված է) և հավելվածները (բնօրինակի լեզվով) առաքում է յուրաքանչյուր ընտրված գերատեսչություն:
(բ) Հավելվածների սահմանված թարգմանությունն ընտրված գերատեսչություններ ուղարկում է հայտատուն՝ սահմանված ժամկետում:
(4) 20-րդ հոդվածի (3)-րդ կետի դրույթները կիրառվում են mսtatis mսtaոdis ցանկացած փաստաթղթի օրինակների նկատմամբ, որի վրա հղում է կատարվում միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունում և որի վրա հղում կատարված չէ միջազգային որոնման հաշվետվության մեջ:
Հ ո դ վ ա ծ 37
Պահանջից կամ ընտրությունից հրաժարվելը
(1) Հայտատուն կարող է հրաժարվել ցանկացած կամ բոլոր ընտրություններից:
(2) Բոլոր պետությունների ընտրությունից հրաժարվելու դեպքում համարվում է, որ տեղի է ունենում նաև հրաժարում պահանջից:
(3) (ա) Միջազգային բյուրոն ծանուցվում է ցանկացած հրաժարման մասին:
(բ) Միջազգային բյուրոն, իր հերթին, ծանուցում է շահագրգիռ ընտրված գերատեսչություններին և Միջազգային նախնական փորձաքննության համապատասխան մարմնին:
(4) (ա)‑(բ) ենթակետի դրույթներին համապատասխան, պահանջից կամ Պայմանավորվող պետության ընտրությունից հրաժարվելը, եթե այդ պետության ներպետական օրենսդրությունն այլ բան չի նախատեսում, համարվում է միջազգային հայտից հրաժարում, այնքանով, որքանով դա վերաբերում է տվյալ պետությանը:
(բ) Պահանջից կամ ընտրությունից հրաժարվելը չի համարվում միջազգային հայտից հրաժարում, եթե նման հրաժարումը կատարվում է մինչև 22-րդ հոդվածով նախատեսված կիրառելի ժամկետի լրանալը, սակայն ցանկացած Պայմանավորվող պետություն իր ներպետական օրենսդրությամբ կարող է նախատեսել, որ վերոհիշյալ դրույթը կիրառելի է միայն այն դեպքում, երբ իր ներպետական գերատեսչությունը հիշատակված ժամկետում ստացել է միջազգային հայտի օրինակը՝ թարգմանության (ինչպես սահմանված է) և ներպետական տուրքի հետ միասին:
Հ ո դ վ ա ծ 38
Միջազգային նախնական փորձաքննության գաղտնիության բնույթը
(1) Միջազգային բյուրոն և Միջազգային նախնական փորձաքննության մարմինը, առանց հայտատուի պահանջի կամ թույլատրության, չեն արտոնում միջազգային նախնական փորձաքննության նյութերի մատչելիությունը, 30-րդ հոդվածի (4)-րդ կետի իմաստով և նրանում բովանդակվող պայմանին համապատասխան, ցանկացած ժամանակ ցանկացած անձի կամ մարմնի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրված գերատեսչությունների կողմից արդեն կազմվել է միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունը:
(2) (1)-ին կետի, 36-րդ հոդվածի (1)-ին կետի, 36-րդ հոդվածի (3)-րդ կետի և 37-րդ հոդվածի (3)-րդ կետի (b) ենթակետի դրույթներին համապատասխան, Միջազգային բյուրոն և Միջազգային նախնական փորձաքննության մարմինը, առանց հայտատուի պահանջի կամ թույլտվության, չեն տալիս որևէ տեղեկատվություն միջազգային նախնական փորձաքննության հաշվետվություն կազմելու կամ չկազմելու, ինչպես նաև պահանջից կամ որևէ ընտրությունից հրաժարվելու կամ չհրաժարվելու վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 39
Ընտրված գերատեսչություններին տրամադրվող օրինակը, թարգմանությունը նրան վճարվող տուրքը
(1) (ա) Եթե որևէ Պայմանավորվող պետության ընտրությունը կատարված է մինչև առաջնության ամսաթվից սկսած 19 ամիսը լրանալը, 22-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում նման պետության նկատմամբ, և հայտատուն ցանկացած ընտրված գերատեսչություն է ներկայացնում միջազգային հայտի օրինակը (բացառությամբ այն դեպքի, երբ առաքումն արդեն կատարվել է 20-րդ հոդվածին համապատասխան) և դրա թարգմանությունը (ինչպես սահմանված է), ինչպես նաև վճարում է ներպետական տուրք (եթե այդպիսին նախատեսված է) ոչ ուշ, քան առաջնության ամսաթվից սկսած 30 ամիս անց:
(բ) Ցանկացած ներպետական օրենսդրություն (ա) ենթակետում հիշատակված գործողությունների իրականացման համար կարող է սահմանել ժամկետներ, որոնք լրանում են ավելի ուշ, քան նախատեսված է այդ ենթակետում:
(2) 11-րդ հոդվածի (3)-րդ կետով նախատեսված գործողությունն ընտրված պետությունում դադարում է նույն հետևանքներով, ինչ և տվյալ պետությունում ցանկացած ներպետական հայտի մերժման դեպքում, եթե հայտատուն չի կատարում (1)-ին կետի (ա) ենթակետում շարադրված գործողությունները (1)-ին կետի (ա) ենթակետի կամ (1)-ին կետի (բ) ենթակետին համապատասխան կիրառելի ժամկետում:
(3) Ցանկացած ընտրված գերատեսչություն կարող է պահպանել միջազգային հայտի գործողությունը, որը նախատեսված է 11-րդ հոդվածի (3)-րդ կետում, նույնիսկ, եթե հայտատուն չի կատարում (1)-ին կետի (ա) կամ (բ) ենթակետում շարադրված պահանջները:
Հ ո դ վ ա ծ 40
Ներպետական փորձաքննության և այլ ընթացակարգի հետաձգումը
(1) Եթե որևէ Պայմանավորվող պետության ընտրությունը կատարվել է մինչև առաջնության ժամկետից սկսած 19 ամիսը լրանալը, այդ պետության նկատմամբ 23-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում, և նման պետության կամ նման պետության անունից գործող ներպետական գերատեսչությունը, (2)-րդ կետի դրույթներին համապատասխան, չի սկսում փորձաքննություն և միջազգային հայտի հետ կապված այլ գործընթաց՝ մինչև 39-րդ հոդվածին համապատասխան կիրառելի ժամկետի լրանալը:
(2) Չնայած (1)-ին կետի դրույթներին՝ ցանկացած ընտրված գերատեսչություն հայտատուի հատուկ խնդրանքով կարող է ցանկացած ժամանակ կատարել փորձաքննություն և միջազգային հայտով այլ ընթացակարգ:
Հ ո դ վ ա ծ 41
Ընտրված գերատեսչություններում հավակնությունների, նկարագրության և գծագրերի փոփոխություններն ու լրացումները
(1) Հայտատուին հնարավորություն է տրվում յուրաքանչյուր ընտրված գերատեսչությունում, սահմանված ժամկետում փոփոխություններ և լրացումներ կատարել հավակնությունների, նկարագրության մեջ և գծագրերում: Ոչ մի ընտրված գերատեսչություն արտոնագիր չի տալիս կամ այն չի մերժում մինչև այդ ժամկետի լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ կա հայտատուի հատուկ համաձայնությունը:
(2) Փոփոխություններն ու լրացումները չպետք է դուրս գան ներկայացված միջազգային հայտի շրջանակներից, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրված պետության ներպետական օրենսդրությամբ թույլատրվում է դուրս գալ այդ շրջանակներից:
(3) Փոփոխություններն ու լրացումները պետք է համապատասխանեն ընտրված պետության ներպետական օրենսդրության պահանջներին՝ այն բոլոր հարցերի կապակցությամբ, որոնք նախատեսված չեն սույն Պայմանագրով և Կանոնակարգով:
(4) Եթե ընտրված գերատեսչությունը պահանջում է ներկայացնել միջազգային հայտի թարգմանություն, փոփոխություններն ու լրացումները պետք է ներկայացված լինեն թարգմանության լեզվով:
Հ ո դ վ ա ծ 42
Ընտրված գերատեսչություններում ներպետական փորձաքննության արդյունքները
Ընտրված գերատեսչությունը, ստանալով միջազգային նախնական փորձաքննության հաշվետվությունը, չի կարող հայտատուից պահանջել ներկայացնելու փաստաթղթերի օրինակներ կամ տեղեկատվություն ցանկացած փաստաթղթի բովանդակության մասին, որն առնչվում է ցանկացած այլ ընտրված գերատեսչությունում միևնույն միջազգային հայտի փորձաքննությանը:
Գլուխ 3
Ընդհանուր դրույթներ
Հ ո դ վ ա ծ 43
Պաշտպանության որոշակի տեսակների հայցումը
Ցանկացած նշված կամ ընտրված պետության կապակցությամբ, որի օրենսդրությունը նախատեսում է հեղինակային վկայականների, օգտակարության մասին վկայականների, օգտակար մոդելների, լրացուցիչ արտոնագրերի կամ վկայականների, լրացուցիչ հեղինակային վկայականների կամ օգտակարության մասին լրացուցիչ վկայականների տրամադրում, հայտատուն կարող է նշել, ինչպես սահմանված է Կանոնակարգում, որ իր միջազգային հայտում՝ այնքանով, որքանով դա վերաբերում է շահագրգիռ պետությանը, հայցվում է ոչ թե արտոնագիր, այլ հեղինակային վկայական, օգտակարության մասին վկայական, օգտակար մոդել, կամ հայցվում է լրացուցիչ արտոնագիր կամ վկայական, լրացուցիչ հեղինակային վկայական կամ օգտակարության մասին լրացուցիչ վկայական, և հետևանքները որոշվում են հայտատուի ընտրությամբ: Սույն հոդվածի նպատակների և դրան վերաբերող ցանկացած կանոնի համար 2-րդ հոդվածի (ii) կետը չի կիրառվում:
Հ ո դ վ ա ծ 44
Պաշտպանության երկու տեսակների հայցումը
Ցանկացած նշված կամ ընտրված պետության կապակցությամբ, որի օրենսդրությամբ թույլատրվում է, որ հայտը, արտոնագիր կամ 43-րդ հոդվածում թվարկված պաշտպանության տեսակներից որևէ մեկը հայցելու հետ միաժամանակ, կարող է հայցել նաև պաշտպանության մեկ այլ տեսակ, հայտատուն կարող է նշել, ինչպես սահմանված է Կանոնակարգում, իր կողմից հայցվող պաշտպանության երկու տեսակները, և հետևանքները որոշվում են հայտատուի այդ նշումով: Սույն հոդվածի նպատակների համար 2-րդ հոդվածի (ii) կետը չի կիրառվում:
Հ ո դ վ ա ծ 45
Տարածաշրջանային արտոնագրերի մասին պայմանագրեր
(1) Տարածաշրջանային արտոնագրի տրամադրում նախատեսող ցանկացած պայմանագիր (տարածաշրջանային արտոնագրերի մասին պայմանագիր), որը 9-րդ հոդվածի համաձայն միջազգային հայտեր ներկայացնելու իրավունք ունեցող բոլոր անձանց վերապահում է տարածաշրջանային հայտեր ներկայացնելու իրավունք, կարող է նախատեսել, որ և՛ տարածաշրջանային արտոնագրերի մասին պայմանագրի, և՛ սույն Պայմանագրի մասնակից պետություն նշող կամ ընտրող միջազգային հայտերը կարող են ներկայացվել որպես հայտեր տարածաշրջանային արտոնագրերի համար:
(2) Այդպիսի նշված կամ ընտրված պետության ներպետական օրենսդրությունը կարող է նախատեսել, որ միջազգային հայտում նման պետության ցանկացած նշումը կամ ընտրությունը դիտվում է որպես հայտատուի ցանկության արտահայտություն՝ ստանալու տարածաշրջանային արտոնագիր՝ տարածաշրջանային արտոնագրերի մասին պայմանագրի համաձայն:
Հ ո դ վ ա ծ 46
Միջազգային հայտի սխալ թարգմանությունը
Եթե միջազգային հայտի սխալ թարգմանության հետևանքով այդ հայտի հիման վրա տրված արտոնագրի ծավալը գերազանցում է բնագրի լեզվով միջազգային արտոնագրի ծավալը, շահագրգիռ Պայմանավորվող պետության իրավասու մարմիններն իրավունք ունեն համապատասխանաբար և հետադարձ ուժով սահմանափակել արտոնագրի ծավալը և այն առոչինչ համարել այն մասով, որ մասով գերազանցում է բնագրի լեզվով միջազգային արտոնագրի ծավալը:
Հ ո դ վ ա ծ 47
Ժամկետներ
(1) Սույն Պայմանագրով նախատեսված ժամկետների հաշվարկման մանրամասները որոշվում են Կանոնակարգով:
(2) (ա) Սույն Պայմանագրի 1-ին և 2-րդ գլուխներում սահմանված բոլոր ժամկետները, բացի 60-րդ հոդվածի համապատասխան վերանայումից, կարող են փոփոխվել Պայմանավորվող պետությունների որոշումներով:
(բ) Այդ որոշումներն ընդունվում են կամ Ասամբլեայում, կամ նամակագրությամբ կատարվող քվեարկությամբ և պետք է լինեն միաձայն:
(գ) Ընթացակարգի մանրամասները որոշվում են Կանոնակարգով:
Հ ո դ վ ա ծ 48
Որոշակի ժամկետներ չպահպանելը
(1) Եթե սույն Պայմանագրով կամ Կանոնակարգով սահմանված որևէ ժամկետ չի պահպանվում փոստային ծառայությունում ընդհարումների կամ անխուսափելի կորստի կամ փոստային կապի ձգձգումների պատճառով, ժամկետը համարվում է պահպանված այնպիսի դեպքերում, որոնք նախատեսված են Կանոնակարգում, եթե ներկայացվում են ապացույցներ և պահպանվում են Կանոնակարգով նախատեսված այլ պայմաններ:
(2) (ա) Ցանկացած Պայմանավորվող պետություն՝ այնքանով, որքանով դա վերաբերում է իրեն, ցանկացած ժամկետի խախտում համարում է հարգելի իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված հիմքերով:
(բ) Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է՝ այնքանով, որքանով դա վերաբերում է իրեն, ցանկացած ժամկետի խախտում համարել հարգելի՝ (ա) ենթակետում հիշատակված հիմքերից բացի, նաև այլ հիմքերով:
Հ ո դ վ ա ծ 49
Միջազգային մարմիններում հանդես գալու իրավունքը
Ցանկացած փաստաբան, արտոնագրային գործակալ կամ այլ անձ, որն իրավունք ունի հանդես գալու միջազգային հայտն ստացած ներպետական գերատեսչությունում, որին ներկայացված է, այդ հայտի կապակցությամբ իրավունք ունի հանդես գալու Միջազգային բյուրոյում և իրավասու Միջազգային որոնման մարմնում և իրավասու Միջազգային նախնական փորձաքննության մարմնում:
Գլուխ 4
Տեխնիկական ծառայություններ
Հ ո դ վ ա ծ 50
Արտոնագրային տեղեկատվական ծառայություններ
(1) Միջազգային բյուրոն կարող է մատուցել ծառայություններ՝ տրամադրելով հրատարակված փաստաթղթերի, նախնական արտոնագրերի և հրատարակված հայտերի հիման վրա իրեն հայտնի տեխնիկական և այլ համապատասխան տեղեկատվություն (այսուհետ՝ «տեղեկատվական ծառայություններ»):
(2) Միջազգային բյուրոն այդ տեղեկատվական ծառայությունները կարող է մատուցել կամ անմիջականորեն, կամ մեկ կամ մի քանի Միջազգային որոնման մարմինների, կամ այլ ներպետական կամ միջազգային մասնագիտացված հաստատությունների միջոցով, որոնց հետ Միջազգային բյուրոն կարող է համաձայնության հասնել:
(3) Տեղեկատվական ծառայություններն իրականացվում են այնպես, որ նպաստեն տեխնիկական գիտելիքների և տեխնոլոգիայի, ներառյալ առկա հրատարակված նոու-հաուի ձեռքբերմանը հատկապես զարգացող երկրներ հանդիսացող Պայմանավորվող պետությունների կողմից:
(4) Տեղեկատվական ծառայությունները տրամադրվում են Պայմանավորվող պետությունների կառավարություններին և նրանց քաղաքացիներին ու բնակիչներին: Ասամբլեան կարող է որոշել նման ծառայություններ մատուցել նաև այլ անձանց:
(5) (ա) Պայմանավորվող պետությունների կառավարություններին ցանկացած ծառայություն մատուցվում է ինքնարժեքով, սակայն, եթե դա վերաբերում է զարգացող երկիր հանդիսացող Պայմանավորվող պետության կառավարությանը, ծառայությունը մատուցվում է ավելի ցածր արժեքով, եթե տարբերությունը կարող է ծածկվել, Պայմանավորվող պետությունների կառավարություններից բացի, այլ սուբյեկտների տրամադրված ծառայություններից ստացված շահույթի կամ 51-րդ հոդվածի (4)-րդ կետում հիշատակված աղբյուրների հաշվին:
(բ) (ա) ենթակետում հիշատակված ինքնարժեք ասելով՝ հասկացվում է ներպետական գերատեսչության կողմից ծառայություններ տրամադրելու կամ Միջազգային որոնման մարմնի կողմից իր պարտավորությունները կատարելու համար սովորաբար կրած ծախսերից բացի առավել արժեքը:
(6) Սույն հոդվածի դրույթների կիրառման վերաբերյալ մանրամասները սահմանվում են Ասամբլեայի որոշումներով և Ասամբլեայի կողմից սահմանված շրջանակներում՝ այնպիսի աշխատանքային խմբերի կողմից, որոնք Ասամբլեան կարող է ստեղծել այդ նպատակով:
(7) Ասամբլեան, երբ անհրաժեշտ է գտնում, հանձնարարում է ֆինանսավորման մեթոդները՝ ի լրումն (5)-րդ կետում նախատեսվածների:
Հ ո դ վ ա ծ 51
Տեխնիկական օգնություն
(1) Ասամբլեան հիմնադրում է Տեխնիկական օգնության կոմիտե (սույն հոդվածում՝ «Կոմիտե»):
(2) (ա) Կոմիտեի անդամներն ընտրվում են Պայմանավորվող պետությունների թվից՝ պատշաճ կերպով հաշվի առնելով զարգացող երկրների ներկայացուցչությունը:
(բ) Գլխավոր տնօրենն իր նախաձեռնությամբ կամ Կոմիտեի խնդրանքով Կոմիտեի աշխատանքին մասնակցելու է հրավիրում միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են զարգացող երկրների տեխնիկական օգնության հարցերով:
(3) (ա) Կոմիտեի խնդիրն է զարգացող պետություններ հանդիսացող Պայմանավորվող պետություններին՝ իրենց արտոնագրային համակարգն անհատապես կամ տարածաշրջանային ընդգրկումով զարգացնելու գործում տրամադրվող տեխնիկական օգնության կազմակերպումն ու վերահսկողությունը:
(բ) Տեխնիկական օգնությունը ներառում է, ի թիվս այլոց, մասնագետների պատրաստումը, փորձագետների տրամադրումը և սարքավորման մատակարարումը՝ ինչպես ցուցադրման, այնպես էլ գործնական կիրառման նպատակների համար:
(4) Միջազգային բյուրոն, սույն հոդվածի համաձայն, ծրագրերի ֆինանսավորման նպատակով ձգտում է համաձայնագրեր կնքել, մի կողմից, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և միջկառավարական կազմակերպությունների, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության հաստատությունների և Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատությունների հետ, որոնք զբաղվում են տեխնիկական օգնության տրամադրումով, և, մյուս կողմից, տեխնիկական օգնություն ստացող պետությունների կառավարությունների հետ:
(5) Սույն հոդվածի դրույթների կիրառման հետ կապված մանրամասները կարգավորվում են Ասամբլեայի որոշումներով և Ասամբլեայի սահմանած շրջանակներում աշխատանքային խմբերի կողմից, որոնք Ասամբլեան կարող է ստեղծել այդ նպատակով:
Հ ո դ վ ա ծ 52
Պայմանագրի այլ դրույթների հետ հարաբերությունները
Սույն գլուխը չի անդրադառնում սույն Պայմանագրի այլ գլուխներում բովանդակվող ֆինանսական դրույթների վրա: Այդ դրույթները չեն կիրառվում սույն գլխի կամ նրա իրականացման նկատմամբ:
Գլուխ 5
Վարչական դրույթներ
Հ ո դ վ ա ծ 53
Ասամբլեա
(1) (ա) 57-րդ հոդվածի (8)-րդ կետին համապատասխան՝ Ասամբլեան կազմված է Պայմանավորվող պետություններից:
(բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կառավարություն ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:
(2) (ա) Ասամբլեան.
(i) լուծում է Միության պահպանմանն ու զարգացմանը և սույն Պայմանագրի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերը,
(ii) կատարում է սույն Պայմանագրի այլ դրույթներով իրեն վերապահված խնդիրները,
(iii) Միջազգային բյուրոյին ցուցումներ է տալիս վերանայման խորհրդաժողովների նախապատրաստման վերաբերյալ,
(iv) վերանայում և հաստատում է Գլխավոր տնօրենի՝ Միությանն առնչվող հաշվետվություններն ու գործունեությունը և նրան տալիս է բոլոր անհրաժեշտ հրահանգները՝ Միության իրավասության մեջ մտնող հարցերով,
(v) վերանայում և հաստատում է (9)-րդ կետին համապատասխան ստեղծված Գործադիր կոմիտեի հաշվետվություններն ու գործունեությունը և հրահանգներ է տալիս այդ Կոմիտեին,
(vi) որոշում է Միության ծրագիրը, ընդունում նրա երեքամյա բյուջեն և հաստատում նրա վերջնական հաշվետվությունները,
(vii) հաստատում է Միության ֆինանսական կանոնակարգը,
(viii) ստեղծում է այնպիսի կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Միության նպատակների իրականացման համար,
(ix) որոշում է, թե Պայմանավորվող պետություններ չհանդիսացող որ պետություններին և (8)-րդ կետի դրույթներին համապատասխան՝ որ միջկառավարական ու միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին կարելի է թույլատրել մասնակցելու իր նիստերին որպես դիտորդներ,
(x) իրականացնում է ցանկացած այլ համապատասխան գործողություններ, որոնք ուղղված են Միության նպատակների իրագործմանը, և կատարում է այնպիսի այլ գործառույթներ, որոնք բխում են սույն Պայմանագրից:
(բ) Այն հարցերով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նաև այլ Միությունների համար, որոնց կառավարումն իրականացնում է Կազմակերպությունը, Ասամբլեան որոշումներ է ընդունում՝ լսելով Կազմակերպության համակարգող կոմիտեի կարծիքը:
(3) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ պետություն և քվեարկել միայն նրա անունից:
(4) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ունի մեկ ձայն:
(5) (ա) Պայմանավորվող պետությունների կեսը կազմում է քվորում:
(բ) Ասամբլեան որոշումներ կարող է ընդունել քվորումի բացակայությամբ, բայց այդ բոլոր որոշումները, բացառությամբ իր սեփական ընթացակարգին վերաբերող որոշումների, ուժի մեջ են մտնում միայն այն ժամանակ, երբ քվորումը և ձայների անհրաժեշտ մեծամասնությունը ձեռք են բերվում նամակագրությամբ կատարվող քվեարկությամբ, ինչպես նախատեսված է Կանոնակարգով:
(6) (ա) 47-րդ հոդվածի (2)-րդ կետի (բ) ենթակետի, 58-րդ հոդվածի (2)-րդ կետի (բ) ենթակետի, 58-րդ հոդվածի (3)-րդ կետի և 61-րդ հոդվածի (2)-րդ կետի (բ) ենթակետի դրույթներին համապատասխան, Ասամբլեան իր որոշումներն ընդունում է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
(բ) Ձեռնպահների ձայները հաշվի չեն առնվում:
(7) 2-րդ գլխի դրույթներով պարտավորված պետությունների համար բացառիկ հետաքրքրության հարցերի կապակցությամբ՝ (4), (5) և (6)-րդ կետերում առկա ցանկացած հղում Պայմանավորվող պետություններին, համարվում է կիրառելի միայն 2-րդ գլխի դրույթներով պարտավորված պետությունների նկատմամբ:
(8) Որպես Միջազգային որոնման մարմին կամ Միջազգային նախնական փորձաքննության մարմին նշանակված ցանկացած միջկառավարական կազմակերպության թույլատրվում է որպես դիտորդ մասնակցելու Ասամբլեայի նիստերին:
(9) Երբ Պայմանավորվող պետությունների քանակը գերազանցում է քառասունը, Ասամբլեան ստեղծում է Գործադիր կոմիտե: Սույն Պայմանագրում և Կանոնակարգում Գործադիր կոմիտեին արված ցանկացած հղում դիտվում է որպես հղում այդ Կոմիտեին այն բանից հետո, երբ այն կստեղծվի:
(10) Մինչ Գործադիր կոմիտեի ստեղծումն Ասամբլեան ծրագրի և եռամյա բյուջեի շրջանակներում հաստատում է Գլխավոր տնօրենի ներկայացրած տարեկան ծրագրերն ու բյուջեները:
(11) (ա) Ասամբլեան հերթական նստաշրջանի է հրավիրվում երկու տարին մեկ անգամ, որը գումարում է Գլխավոր տնօրենը և, բացառիկ դեպքերի բացակայության դեպքում, Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հետ միաժամանակ ու միևնույն տեղում:
(բ) Ասամբլեան արտահերթ նստաշրջանի է հրավիրում Գլխավոր տնօրենը՝ Գործադիր կոմիտեի պահանջով կամ Պայմանավորվող պետությունների մեկ քառորդի պահանջով:
(12) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները:
Հ ո դ վ ա ծ 54
Գործադիր կոմիտե
(1) Ասամբլեայի կողմից Գործադիր կոմիտեի ստեղծումից հետո վերջինս ղեկավարվում է ներքոհիշյալ դրույթներով:
(2) (ա) 57-րդ հոդվածի (8)-րդ կետի դրույթներին համապատասխան՝ Գործադիր կոմիտեն կազմված է այն պետություններից, որոնք ընտրվում են Ասամբլեայի կողմից՝ Ասամբլեայի անդամ պետությունների թվից:
(b) ‑Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ պետության կառավարություն ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:
(3) Գործադիր կոմիտեի անդամ պետությունների քանակը կազմում է Ասամբլեայի անդամ պետությունների քանակի մեկ քառորդ մասը: Լրացման ենթակա տեղերի քանակը որոշելիս՝ մնացորդը, որը ստացվում է չորսի բաժանելուց հետո, հաշվի չի առնվում:
(4) Գործադիր կոմիտեի անդամներին ընտրելիս՝ Ասամբլեան պատշաճ կերպով հաշվի է առնում աշխարհագրական արդարացի բաշխումը:
(5) (a) ‑Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ իր գործառույթներն իրականացնում է Ասամբլեայի նստաշրջանի փակումից հետո, որի ժամանակ ինքն ընտրվել է, մինչև Ասամբլեայի հաջորդ հերթական նստաշրջանի փակումը:
(b) ‑Գործադիր կոմիտեի անդամները, բայց ոչ ավելի, քան նրանց կազմի երկու երրորդը, կարող են վերընտրվել:
(c) ‑Ասամբլեան սահմանում է Գործադիր կոմիտեի անդամների ընտրության և հնարավոր վերընտրության կանոնների մանրամասները:
(6) (a) Գործադիր կոմիտեն՝
(i) ‑նախապատրաստում է Ասամբլեայի օրակարգի նախագիծը,
(ii) ‑Ասամբլեային ներկայացնում է առաջարկներ Գլխավոր տնօրենի կողմից պատրաստված ծրագրի և Միության երկամյա բյուջեի նախագծի վերաբերյալ,
(iii) վերացված է.
(iv) ‑Ասամբլեային է ներկայացնում Գլխավոր տնօրենի պարբերական հաշվետվությունները՝ համապատասխան մեկնաբանություններով, և ֆինանսական վերստուգումների ամենամյա հաշվետվությունները,
(v) ‑ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Գլխավոր տնօրենի կողմից Միության ծրագրի կատարումն Ասամբլեայի որոշումներին համապատասխան և հաշվի առնելով Ասամբլեայի երկու հերթական նստաշրջանների միջև ծագող հանգամանքները,
(vi) ‑կատարում է մնացյալ բոլոր գործառույթները, որոնք նրան վերապահված են սույն Պայմանագրով:
(b) ‑Այն հարցերի կապակցությամբ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նաև Կազմակերպության կողմից կառավարվող այլ Միությունների համար, Գործադիր կոմիտեն որոշումներ է ընդունում Կազմակերպության համակարգող կոմիտեի կարծիքը լսելուց հետո:
(7) (a) ‑Գործադիր կոմիտեն իր հերթական նստաշրջանը հրավիրում է տարին մեկ անգամ՝ Գլխավոր տնօրենի գումարմամբ, հնարավորության սահմաններում՝ Կազմակերպության համակարգող կոմիտեի հետ միաժամանակ և միևնույն վայրում:
(բ) Գործադիր կոմիտեին արտահերթ նստաշրջանի է հրավիրում Գլխավոր տնօրենը՝ կամ իր սեփական նախաձեռնությամբ, կամ Նախագահողի, կամ Գործադիր կոմիտեի անդամների մեկ քառորդի պահանջով:
(8) (ա) Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայն:
(բ) Գործադիր կոմիտեի անդամ պետությունների կեսը կազմում է քվորում:
(գ) Որոշումներն ընդունվում են տրված ձայների պարզ մեծամասնությամբ:
(դ) Ձեռնպահների ձայները հաշվի չեն առնվում:
(ե) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ պետություն և քվեարկել միայն նրա անունից:
(9) Գործադիր կոմիտեի անդամ չհանդիսացող Պայմանավորվող պետություններին, ինչպես նաև որպես Միջազգային որոնման կամ Միջազգային նախնական փորձաքննության մարմին նշանակված ցանկացած միջկառավարական կազմակերպության թույլատրվում է նրա նիստերին մասնակցել որպես դիտորդներ:
(10) Գործադիր կոմիտեն ընդունում է ընթացակարգի իր կանոնները:
Հ ո դ վ ա ծ 55
Միջազգային բյուրո
(1) Միությանը վերաբերող վարչական հարցերով զբաղվում է Միջազգային բյուրոն:
(2) Միջազգային բյուրոն կատարում է Միության տարբեր մարմինների Քարտուղարության գործառույթները:
(3) Գլխավոր տնօրենը Միության գլխավոր պաշտոնատար անձն է և ներկայացնում է Միությունը:
(4) Միջազգային բյուրոն հրատարակում է տեղեկագիր և Կանոնակարգով նախատեսված կամ Ասամբլեայի սահմանած այլ հրատարակումներ:
(5) Կանոնակարգը սահմանում է այն ծառայությունները, որոնք ներպետական գերատեսչությունները մատուցում են՝ աջակցելու Միջազգային բյուրոյին, Միջազգային որոնման և Միջազգային նախնական փորձաքննության մարմիններին սույն Պայմանագրով նախատեսված իրենց խնդիրների իրականացման գործում:
(6) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակվող անձնակազմի ցանկացած անդամ, առանց ձայնի իրավունքի, մասնակցում են Ասամբլեայի, Գործադիր կոմիտեի և սույն Պայմանագրին կամ Կանոնակարգին համապատասխան ստեղծված ցանկացած այլ կոմիտեի կամ աշխատանքային խմբի բոլոր նիստերին: Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակվող անձնակազմի անդամը ex օfficiօ այդ մարմինների քարտուղարն է:
(7) (ա) Միջազգային բյուրոն, Ասամբլեայի ցուցումներին համապատասխան և Գործադիր կոմիտեի հետ համագործակցելով, նախապատրաստում է վերանայման խորհրդաժողովները:
(բ) Միջազգային բյուրոն վերանայման խորհրդաժողովների նախապատրաստման հարցերով կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:
(գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակվող անձինք, առանց ձայնի իրավունքի, մասնակցում են վերանայման խորհրդաժողովների քննարկումներին:
(8) Միջազգային բյուրոն կատարում է իրեն հանձնարարված ցանկացած այլ առաջադրանք:
Հ ո դ վ ա ծ 56
Տեխնիկական համագործակցության կոմիտեն
(1) Ասամբլեան ստեղծում է Տեխնիկական համագործակցության կոմիտե (սույն հոդվածում՝ «Կոմիտե»):
(2) (ա) Ասամբլեան որոշում է Կոմիտեի կազմը և նշանակում նրա անդամներին՝ պատշաճ կերպով հաշվի առնելով զարգացող երկրների արդարացի ներկայացուցչությունը:
(բ) Միջազգային որոնման և Միջազգային նախնական փորձաքննության մարմինները Կոմիտեի ex օfficiօ անդամներ են: Այն դեպքում, երբ այդպիսի մարմին է Պայմանավորվող պետության ներպետական գերատեսչությունը, այդ պետությունը չի կարող լրացուցիչ ներկայացվել Կոմիտեում:
(գ) Եթե Պայմանավորվող պետությունների քանակը թույլ է տալիս՝ Կոմիտեի անդամների ընդհանուր քանակը պետք է երկու անգամ գերազանցի ex օfficiօ անդամների քանակը:
(դ) Գլխավոր տնօրենն իր նախաձեռնությամբ կամ Կոմիտեի խնդրանքով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու իրենց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը:
(3) Կոմիտեի խնդիրն է նպաստել առաջարկությունների և հանձնարարականների միջոցով՝
(i) սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունների մշտական կատարելագործմանը,
(ii) մի քանի Միջազգային որոնման և Միջազգային նախնական փորձաքննության մարմինների գոյության պայմաններում նրանց փաստաթղթերի և աշխատանքի մեթոդների միասնականության և նրանց հաշվետվությունների միևնույն բարձրորակ մակարդակի առավելագույնս ապահովմանը,
(iii) Ասամբլեայի կամ Գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ մեկ միասնական Միջազգային որոնման մարմնի ստեղծման հետ կապված տեխնիկական հիմնախնդիրների լուծմանը:
(4) Ցանկացած Պայմանավորվող պետություն և ցանկացած շահագրգիռ միջազգային կազմակերպություն կարող են գրավոր ձևով դիմել Կոմիտեին՝ վերջինիս իրավասության մեջ մտնող ցանկացած հարցով:
(5) Կոմիտեն կարող է իր առաջարկություններն ու հանձնարարականները հասցեագրել Գլխավոր տնօրենին կամ նրա միջոցով Ասամբլեային, Գործադիր կոմիտեին, բոլոր կամ առանձին Միջազգային որոնման և միջազգային նախնական փորձաքննության մարմիններին, ինչպես նաև բոլոր կամ առանձին ստացող գերատեսչություններին:
(6) (ա) Ցանկացած դեպքում Գլխավոր տնօրենը Գործադիր կոմիտեին ուղարկում է Կոմիտեի բոլոր առաջարկությունների և հանձնարարականների տեքստերը: Գլխավոր տնօրենին իրավունք է տրամադրվում մեկնաբանելու այդ տեքստերը:
(բ) Գործադիր կոմիտեն կարող է իր տեսակետն արտահայտել Կոմիտեի ցանկացած առաջարկի, հանձնարարականի կամ Կոմիտեի այլ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Կոմիտեին հանձնարարել ուսումնասիրելու նրա իրավասության մեջ մտնող ցանկացած հարց և զեկուցելու այդ մասին: Գործադիր կոմիտեն կարող է Ասամբլեային ներկայացնել Կոմիտեի առաջարկությունները, հանձնարարականներն ու զեկույցները՝ համապատասխան մեկնաբանություններով:
(7) Մինչև Գործադիր կոմիտեի ստեղծումը, (6)-րդ կետի հղումները Գործադիր կոմիտեին՝ համարվում են հղումներ Ասամբլեային:
(8) Կոմիտեի ընթացակարգի մանրամասները սահմանվում են Ասամբլեայի որոշումներով:
Հ ո դ վ ա ծ 57
Ֆինանսներ
(1) (ա) Միությունն ունի բյուջե:
(բ) Միության բյուջեն ներառում է Միությանը հատուկ եկամուտներն ու ծախսերը և նրա ներդրումները Կազմակերպության կողմից կառավարվող միությունների ընդհանուր ծախսերի բյուջե:
(գ) Ոչ միայն Միության, այլև Կազմակերպության կողմից կառավարվող մեկ կամ ավելի միություններին վերաբերող ծախսերը համարվում են միությունների ընդհանուր ծախսեր: Նման ընդհանուր ծախսերում Միության բաժինը համամասն է այն մասնակցությանը, որը Միությունն ունի դրանց մեջ:
(2) Միության բյուջեն ընդունվում է՝ հաշվի առնելով Կազմակերպության կողմից կառավարվող այլ միությունների բյուջեների համակարգման պահանջը:
(3) (5)-րդ կետի դրույթներին համապատասխան՝ Միության բյուջեն ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.
(i) Միջազգային բյուրոյին՝ Միությանն առնչվող ծառայությունների դիմաց վճարվող տուրքերից և վճարներից,
(ii) Միջազգային բյուրոյի՝ Միությանն առնչվող հրատարակությունների վաճառքից կամ ռոյալթիից,
(iii) նվիրատվություններից, ժառանգած միջոցներից և նպաստներից,
(iv) վարձավճարներից, տոկոսավճարներից և զանազան այլ եկամուտներից:
(4) Միջազգային բյուրոյի ծառայությունների համար տուրքերի և վճարների չափը, ինչպես նաև նրա հրատարակումների գները սահմանվում են այնպես, որ բնականոն հանգամանքների դեպքում բավարար լինեն ծածկելու Միջազգային բյուրոյի բոլոր ծախսերը՝ կապված սույն Պայմանագրով վարչական գործառույթների իրականացման հետ:
(5) (ա) Եթե ֆինանսական որևէ տարի ավարտվում է պակասորդով, Պայմանավորվող պետությունները (բ) և (գ) ենթակետերի դրույթներին համապատասխան կատարում են մուծումներ՝ այդ պակասորդը ծածկելու համար:
(բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետության մուծման չափը սահմանում է Ասամբլեան՝ պատշաճ կերպով հաշվի առնելով միջազգային հայտերի քանակը՝ տրված նրանցից յուրաքանչյուրի կողմից համապատասխան տարվա ընթացքում:
(գ) Եթե առկա են պակասորդի կամ դրա մի մասի ժամանակավոր ծածկման այլ աղբյուրներ, Ասամբլեան կարող է որոշել այդ պակասորդը տեղափոխել հաջորդ տարի և չպահանջել Պայմանավորվող պետություններից մուծումների վճարում:
(դ) Եթե Միության ֆինանսական վիճակը թույլ է տալիս, Ասամբլեան կարող է որոշել (ա) ենթակետին համապատասխան կատարված մուծումները փոխհատուցել նման մուծումներ կատարած Պայմանավորվող պետություններին:
(ե) Պայմանավորվող այն պետությունը, որը (բ) ենթակետին համապատասխան իր մուծումը չի վճարել Ասամբլեայի սահմանած ամսաթվից սկսած երկու տարվա ընթացքում, կորցնում է ձայնի իրավունքը Միության ցանկացած մարմնում: Սակայն Միության ցանկացած մարմին կարող է թույլ տալ նման պետությանը՝ շարունակել օգտվելու ձայնի իրավունքից այդ մարմնում այնքան ժամանակ, քանի դեռ նա համոզված է, որ վճարման ձգձգումը կատարվել է բացառիկ և անխուսափելի հանգամանքների բերումով:
(6) Եթե բյուջեն չի ընդունվում մինչև ֆինանսական նոր ժամանակաշրջանը, ապա ֆինանսական կանոնակարգով նախատեսված կարգին համապատասխան, գործում է նախորդ տարվա բյուջեի մակարդակով:
(7) (ա) Միությունն ունի շրջանառու հիմնադրամ, որը կազմվում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կողմից կատարվող միանվագ վճարումից: Եթե հիմնադրամը դառնում է անբավարար, Ասամբլեան ընդունում է միջոցներ դրա ավելացման համար: Եթե այդ հիմնադրամի միջոցների մի մասն այլևս անհրաժեշտ չէ, այն փոխհատուցվում է Պայմանավորվող պետություններին:
(բ) Նշված հիմնադրամին յուրաքանչյուր Պայմանավորվող պետության սկզբնական վճարման կամ դրա ավելացմանը նրա մասնակցության չափը սահմանում է Ասամբլեան՝ նույն սկզբունքների հիմքով, որոնք նախատեսված են (5)-րդ կետի (բ) ենթակետում:
(գ) Վճարման պայմանները սահմանում է Ասամբլեան՝ Գլխավոր տնօրենի առաջարկով և այն բանից հետո, երբ լսվում է Կազմակերպության համակարգող կոմիտեի կարծիքը:
(դ) Ցանկացած փոխհատուցում կատարվում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության վճարած գումարին համամասնորեն՝ հաշվի առնելով նրա կողմից կատարված վճարումների ամսաթվերը:
(8) (ա) Կենտրոնակայանի մասին համաձայնագրում, որը կնքվում է այն պետության հետ, որի տարածքում Կազմակերպությունն ունի իր կենտրոնակայանը, նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ շրջանառու հիմնադրամն անբավարար է, այդ պետությունը տրամադրում է կանխավճարներ: Յուրաքանչյուր դեպքում կանխավճարի չափն ու տրամադրման պայմաններն այդ պետության և Կազմակերպության միջև հատուկ համաձայնագրի առարկա են: Քանի դեռ այդ պետությունը պարտավորված է վճարել կանխավճարներ, նա Ասամբլեայում և Գործադիր կոմիտեում ex օfficiօ ունի մեկ տեղ:
(բ) (ա) ենթակետում հիշատակված պետությունը և Կազմակերպությունն իրավունք ունեն գրավոր ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել կանխավճարներ տրամադրելու մասին պարտավորությունը: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այն տարվա ավարտից երեք տարի անց, երբ կատարվել է ծանուցումը:
(9) Ֆինանսական վերստուգումն իրականացվում է ֆինանսական կանոնակարգի կանոններին համապատասխան՝ մեկ կամ մի քանի Պայմանավորվող պետությունների կամ արտաքին ստուգողների կողմից: Իրենց համաձայնությամբ նրանց նշանակում է Ասամբլեան:
Հ ո դ վ ա ծ 58
Կանոնակարգ
(1) Սույն Պայմանագրին կից Կանոնակարգը բովանդակում է կանոններ՝
(i) այն հարցերի վերաբերյալ, որոնց առնչությամբ սույն Պայմանագիրը հատուկ հղում է կատարում Կանոնակարգին կամ հատուկ նախատեսում է, որ դրանք սահմանված են կամ պետք է սահմանվեն,
(ii) ցանկացած վարչական պահանջի, հարցի կամ ընթացակարգի վերաբերյալ,
(iii) ցանկացած մանրամասի վերաբերյալ, որն օգտակար է սույն Պայմանագրի դրույթների կիրառման համար:
(2) (ա) Ասամբլեան կարող է փոփոխություններ և լրացումներ կատարել Կանոնակարգում:
(բ) (3)-րդ կետի դրույթներին համապատասխան՝ փոփոխություններն ու լրացումներն ընդունվում են ձայների երեք քառորդի մեծամասնությամբ:
(3) (ա) Կանոնակարգը նշում է այն կանոնները, որոնք կարող են փոփոխվել միայն՝
(i) միաձայն համաձայնությամբ, կամ
(ii) եթե ոչ մի Պայմանավորվող պետություն, որի ներպետական գերատեսչությունը գործում է իբրև Միջազգային որոնման մարմին կամ Միջազգային նախնական փորձաքննության մարմին, չի առարկում, և այն դեպքում, երբ այդ մարմինը միջկառավարական կազմակերպություն է, եթե չի առարկում այդ կազմակերպության անդամ Պայմանավորվող պետությունը, որն այդ նպատակով լիազորված է մյուս անդամ պետությունների կողմից՝ տվյալ կազմակերպության համապատասխան իրավասու մարմնի շրջանակներում:
(բ) Հետագայում կիրառելի պահանջն այդ կանոնների վրա չտարածելը կպահանջի համապատասխանաբար (ա) կետի (i) կամ (ii) ենթակետում նախատեսված պայմանների կատարում:
(գ) Հետագայում (ա) ենթակետում նախատեսված մեկ կամ մյուս պահանջները ցանկացած կանոնի վրա տարածելը կպահանջի միաձայն համաձայնություն:
(4) Կանոնակարգը նախատեսում է վարչական հրահանգի մշակումը Գլխավոր տնօրենի կողմից՝ Ասամբլեայի հսկողության ներքո:
(5) Սույն Պայմանագրի և Կանոնակարգի դրույթների միջև տարաձայնությունների դեպքում կիրառվում են Պայմանագրի դրույթները:
Գլուխ 6
Վեճերի լուծումը
Հ ո դ վ ա ծ 59
Վեճերի լուծում
64-րդ հոդվածի (5)-րդ կետի դրույթներին համապատասխան՝ երկու կամ մի քանի Պայմանավորվող պետությունների միջև սույն Պայմանագրի կամ Կանոնակարգի կիրառման կամ մեկնաբանման կապակցությամբ ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, կարող է ցանկացած շահագրգիռ պետության պահանջով փոխանցվել Միջազգային դատարան՝ Դատարանի ստատուտին համապատասխան Դատարանին դիմելու միջոցով, եթե միայն շահագրգիռ պետությունները չպայմանավորվեն վեճի կարգավորման այլ եղանակի շուրջ: Պայմանավորվող պետությունը, որը դիմում է դատարան, այդ մասին տեղեկացնում է Միջազգային բյուրոյին: Միջազգային բյուրոն այդ մասին հայտնում է մյուս Պայմանավորվող պետություններին:
Գլուխ 7
Վերանայում փոփոխություններ ու լրացումներ
Հ ո դ վ ա ծ 60
Պայմանագրի վերանայումը
(1) Սույն Պայմանագիրը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել Պայմանավորվող պետությունների հատուկ խորհրդաժողովի կողմից:
(2) Վերանայման խորհրդաժողովի հրավիրման հարցը որոշում է Ասամբլեան:
(3) Որպես Միջազգային որոնման կամ Միջազգային նախնական փորձաքննության մարմին նշանակված ցանկացած միջկառավարական կազմակերպության թույլատրվում է վերանայման խորհրդաժողովի նիստերին մասնակցելու իբրև դիտորդ:
(4) 53-րդ հոդվածի (5), (9) և (11)-րդ կետերը, 54-րդ հոդվածը, 55-րդ հոդվածի (4)-(8)-րդ կետերը, 56 և 57-րդ հոդվածները փոփոխվել և լրացվել կարող են կամ վերանայման խորհրդաժողովում, կամ 61-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 61
Պայմանագրի որոշ դրույթների փոփոխություններն ու լրացումները
(1) (ա) 53-րդ հոդվածի (5), (9) և (11)-րդ կետերի, 54-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի (4)-(8)-րդ կետերի, 56 և 57-րդ հոդվածների փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկները կարող են կատարվել Ասամբլեայի ցանկացած անդամ պետության, Գործադիր կոմիտեի կամ Գլխավոր տնօրենի կողմից:
(բ) Այդպիսի առաջարկները Գլխավոր տնօրենի կողմից Պայմանավորվող պետություններին է ուղարկվում Ասամբլեայի կողմից դրանց քննարկումից վեց ամիս առաջ:
(2) (ա) 1-ին կետում նախատեսված հոդվածների փոփոխություններն ու լրացումներն ընդունում է Ասամբլեան:
(բ) Փոփոխությունների և լրացումների ընդունման համար պահանջվում է երեք քառորդ ձայների մեծամասնությունը:
(3) (ա) (1)-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած փոփոխություն կամ լրացում ուժի մեջ է մտնում մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Գլխավոր տնօրենը փոփոխությունն ու լրացումն ընդունելու ժամանակ Ասամբլեայի անդամ պետությունների երեք քառորդից ստանում է իրենց համապատասխան ընթացակարգերի համաձայն դրանց ընդունման մասին գրավոր ծանուցումները:
(բ) Նշված հոդվածների՝ այդ կարգով ընդունված ցանկացած փոփոխություն կամ լրացում պարտադիր է բոլոր այն պետությունների համար, որոնք փոփոխությունների ու լրացումների ուժի մեջ մտնելու ժամանակ հանդիսանում են Ասամբլեայի անդամներ, սակայն ցանկացած փոփոխություն և լրացում, որը մեծացնում է Պայմանավորվող պետությունների ֆինանսական պարտավորությունները, պարտադիր է միայն այն պետությունների համար, որոնք ծանուցել են իրենց կողմից այդպիսի փոփոխությունն ու լրացումն ընդունելու մասին:
(գ) (ա) ենթակետի դրույթներին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխություն և լրացում պարտադիր է բոլոր պետությունների համար, որոնք դառնում են Ասամբլեայի անդամներ այն ամսաթվից հետո, երբ հիշատակված փոփոխությունը կամ լրացումն ուժի մեջ է մտել (ա) ենթակետի դրույթներին համապատասխան:
Գլուխ 8
Եզրափակիչ դրույթներ
Հ ո դ վ ա ծ 62
Պայմանագրի մասնակից դառնալը
(1) Արդյունաբերական սեփականության պաշտպանության Միջազգային միության ցանկացած անդամ պետություն կարող է դառնալ սույն Պայմանագրի մասնակից՝
(i) այն ստորագրելով, որին հետևում է վավերագրի ի պահ հանձնումը, կամ
(ii) Պայմանագրին միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելով:
(2) Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:
(3) Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի Ստոկհոլմի փաստաթղթի 24-րդ հոդվածի դրույթները կիրառվում են սույն Պայմանագրի նկատմամբ:
(4) (3)-րդ կետը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետության կողմից ընդունում կամ լռելյայն համաձայնություն փաստացի իրավիճակի՝ այն տարածքի կապակցությամբ, որի նկատմամբ սույն Պայմանագիրը կիրառելի է այլ Պայմանավորվող պետության կողմից նշված կետի ուժով:
Հ ո դ վ ա ծ 63
Պայմանագրի ուժի մեջ մտնելը
(1) (ա) (3)-րդ կետի դրույթներին համապատասխան՝ սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երեք ամիս հետո այն բանից, երբ ութ պետություններ ի պահ կհանձնեն իրենց վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը, պայմանով, որ այդ պետություններից առնվազն չորսը բավարարում են հետևյալ ցանկացած պահանջ.
(i) այդ պետությունում ներկայացված հայտերի քանակը գերազանցել է 40000-ը՝ համաձայն Միջազգային բյուրոյի կողմից հրատարակված վերջին ամենամյա վիճակագրական տվյալների,
(ii) այդ պետության քաղաքացիները կամ բնակիչները որևէ օտարերկրյա պետությունում ներկայացրել են առնվազն 1000 հայտ՝ համաձայն Միջազգային բյուրոյի կողմից հրատարակված վերջին ամենամյա վիճակագրական տվյալների,
(iii) այդ պետության ներպետական գերատեսչությունն օտարերկրյա պետության քաղաքացիներից կամ բնակիչներից ստացել է 10000 հայտ՝ համաձայն Միջազգային բյուրոյի կողմից հրատարակված վերջին ամենամյա վիճակագրական տվյալների:
(բ) Սույն կետի նպատակների համար «հայտեր» տերմինը չի ներառում օգտակար մոդելների համար հայտերը:
(2) (3)-րդ կետի դրույթներին համապատասխան՝ ցանկացած պետություն, որը չի դարձել սույն Պայմանագրի մասնակից մինչև դրա՝ (1)-ին կետին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթիվը, սույն Պայմանագրի դրույթներով պարտավորված է համարվում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից երեք ամիս հետո:
(3) 2-րդ գլխի դրույթներն ու սույն Պայմանագրի հավելվածը կազմող Կանոնակարգի՝ դրանց առնչվող դրույթները կիրառվում են, սակայն միայն սկսած այն ամսաթվից, երբ (1)-ին կետում նշված պահանջներից առնվազն մեկը բավարարող երեք պետություն դառնում է սույն Պայմանագրի մասնակից՝ առանց հայտարարելու, ինչպես սահմանված է 64-րդ հոդվածի (1)-ին կետում, որ իրենք մտադիր չեն պարտավորված լինելու 2-րդ գլխի դրույթներով: Այդ ամսաթիվը, սակայն, չպետք է լինի ավելի վաղ, քան Պայմանագրի (1)-ին կետին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
Հ ո դ վ ա ծ 64
Վերապահումներ
(1) (ա) Ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ ինքը պարտավորված չէ 2-րդ գլխի դրույթներով:
(բ) (ա) ենթակետին համապատասխան հայտարարություն կատարած պետությունները պարտավորված չեն 2-րդ գլխի դրույթներով և Կանոնակարգի՝ դրանց առնչվող դրույթներով:
(2) (ա) Ցանկացած պետություն, որը (1)-ին կետի (ա) ենթակետի համաձայն հայտարարություն չի կատարել, կարող է հայտարարել, որ.
(i) ինքը պարտավորված չէ 39-րդ հոդվածի (1)-ին կետի դրույթներով՝ կապված միջազգային հայտի օրինակը և դրա թարգմանությունը (ինչպես սահմանված է) ներկայացնելու հետ,
(ii) ներպետական գործընթացը հետաձգելու պարտավորությունը, ինչպես նախատեսված է 40-րդ հոդվածում, չի խոչընդոտում միջազգային հայտի կամ դրա թարգմանության հրատարակմանը ներպետական գերատեսչության կողմից կամ նրա միջոցով: Սակայն հասկացվում է, որ այդ պետությունը չի ազատվում 30 և 38-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումներից:
(բ) Նման վերապահում կատարող պետությունները կապված կլինեն նշված դրույթներով՝ իրենց հայտարարություններին համապատասխան:
(3) (ա) Ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ այնքանով, որքանով դա վերաբերում է իրեն, միջազգային հայտի միջազգային հրատարակում չի պահանջվում:
(բ) Եթե առաջնության ամսաթվից սկսած 18 ամիսը լրանալուն պես միջազգային հայտը բովանդակում է միայն այնպիսի պետությունների նշում, որոնք (ա) ենթակետին համապատասխան հայտարարություն են կատարել, միջազգային հայտը չի հրատարակվում 21-րդ հոդվածի (2)-րդ կետի ուժով:
(գ) (բ) ենթակետի դրույթների կիրառման դեպքում միջազգային հայտը, այնուամենայնիվ, հրատարակվում է Միջազգային բյուրոյի կողմից՝
(i) հայտատուի խնդրանքով, ինչպես նախատեսված է Կանոնակարգում,
(ii) երբ (ա) ենթակետին համապատասխան հայտարարություն կատարած ցանկացած նշված պետության ներպետական գերատեսչության կողմից կամ նրա անունից ներպետական հայտի կամ միջազգային հայտի վրա հիմնված արտոնագիրը հրատարակվում է նման հրատարակումից հետո անհապաղ, բայց ոչ շուտ, քան առաջնության ամսաթվից 18 ամիս առաջ:
(4) (ա) Ցանկացած պետություն, որի ներպետական օրենսդրությունն իր արտոնագրերի ազդեցությունը տեխնիկայի մակարդակի վրա նախատեսում է հրատարակման ամսաթվին նախորդող ամսաթվից սկսած, սակայն տեխնիկայի մակարդակի որոշման նպատակների համար Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի համաձայն հայցվող առաջնության ամսաթիվը չի հավասարեցնում տվյալ պետությունում հայտի հանձնման փաստացի ամսաթվին, կարող է հայտարարել, որ տվյալ պետությունից դուրս միջազգային հայտ ներկայացնելը, որը նշում է այդ պետությանը, տեխնիկայի մակարդակի որոշման նպատակների համար չի հավասարեցվում տվյալ պետությունում տրվող միջազգային հայտի փաստացի ներկայացնելուն:
(բ) (ա) ենթակետին համապատասխան հայտարարություն կատարած ցանկացած պետություն այդ ծավալով պարտավորված չէ 11-րդ հոդվածի (3)-րդ կետի դրույթներով:
(գ) (ա) ենթակետին համապատասխան հայտարարություն կատարած ցանկացած պետություն միաժամանակ գրավոր հաղորդում է այն ամսաթիվը, որից սկսած, և այն պայմանները, որոնց համաձայն այդ պետությունը նշող ցանկացած միջազգային հայտի տեխնիկայի մակարդակի ազդեցությունն սկսում է գործել այդ պետությունում: Այդ հաղորդումը կարող է փոփոխվել ցանկացած ժամանակ՝ Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով:
(5) Ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ ինքը պարտավորված չէ 59-րդ հոդվածի դրույթներով: Նման հայտարարություն կատարած ցանկացած Պայմանավորվող պետության և ցանկացած այլ Պայմանավորվող պետության միջև որևէ վեճի դեպքում 59-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում:
(6) (ա) Սույն հոդվածին համապատասխան կատարված ցանկացած հայտարարություն պետք է լինի գրավոր: Այն կարող է կատարվել սույն Պայմանագրի ստորագրման ժամանակ, վավերագիրը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու ժամանակ կամ, բացառությամբ (5)-րդ կետով նախատեսված դեպքի, ցանկացած ավելի ուշ ժամանակ Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով: Այդպիսի ծանուցման դեպքում հայտարարությունն ուժի մեջ է մտնում վեց ամիս հետո այն ամսաթվից, երբ Գլխավոր տնօրենն ստացել է ծանուցումը, և չի տարածվում մինչև վեցամսյա ժամկետի լրանալը ներկայացված միջազգային հայտերի վրա:
(բ) Սույն հոդվածի համաձայն կատարված ցանկացած հայտարարությունից կարելի է ցանկացած ժամանակ հրաժարվել Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցագրի միջոցով: Նման հրաժարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից ծանուցումն ստանալու ամսաթվից երեք ամիս անց և (3)-րդ կետի համաձայն կատարված հայտարարության դեպքում չի տարածվում մինչև եռամսյա ժամկետի լրանալը ներկայացված միջազգային հայտերի վրա:
(7) Սույն Պայմանագիրը, բացի այն վերապահումներից, որոնք նախատեսված են (1)-(5)-րդ կետերում, այլ վերապահումներ չի թույլատրում:
Հ ո դ վ ա ծ 65
Աստիճանական կիրառումը
(1) Եթե Միջազգային որոնման կամ Միջազգային նախնական փորձաքննության որևէ մարմնի հետ համաձայնագիրը նախատեսում է այդ մարմնի կողմից քննվելիք միջազգային հայտերի քանակի կամ տեսակի ժամանակավոր սահմանափակում, Ասամբլեան ձեռնարկում է միջոցներ, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի և Կանոնակարգի աստիճանական կիրառման համար՝ կապված միջազգային հայտերի որոշակի կատեգորիաների հետ: Այդ դրույթը տարածվում է նաև 15-րդ հոդվածի (5)-րդ կետի համաձայն միջազգային բնույթի որոնման վերաբերյալ խնդրանքների վրա:
(2) Ասամբլեան սահմանում է այն ամսաթվերը, որոնցից սկսած (1)-ին կետի դրույթներին համապատասխան կարող են ներկայացվել միջազգային հայտեր և միջազգային նախնական փորձաքննության վերաբերյալ պահանջներ: Այդ ամսաթվերը չպետք է լինեն 63-րդ հոդվածի (1)-ին կետի դրույթների համաձայն սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց կամ համապատասխանաբար 63-րդ հոդվածի (3)-րդ կետի դրույթների համաձայն 2-րդ գլխի կիրառելի դառնալուց հետո վեց ամսից ուշ:
Հ ո դ վ ա ծ 66
Չեղյալ հայտարարելը
(1) Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցագրի միջոցով:
(2) Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից ծանուցագիրն ստանալուց վեց ամիս հետո: Այն չի անդրադառնում միջազգային հայտի գործողության վրա չեղյալ հայտարարող պետությունում, եթե հայտը ներկայացվել է, և եթե չեղյալ հայտարարող պետությունն ընտրվել է, ընտրությունը կատարվել է մինչև վեցամսյա ժամկետի լրանալը:
Հ ո դ վ ա ծ 67
Ստորագրումը և լեզուները
(1) (ա) Սույն Պայմանագիրն ստորագրվում է մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
(բ) Պաշտոնական տեքստերը կազմվում են Գլխավոր տնօրենի կողմից շահագրգիռ կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո՝ գերմաներենով, իսպաներենով, պորտուգալերենով, ռուսերենով և ճապոներենով, ինչպես նաև այլ լեզուներով, որոնք կորոշի Ասամբլեան:
(2) Սույն Պայմանագիրը բաց է ստորագրման Վաշինգտոնում, մինչև 1970թ. դեկտեմբերի 31-ը:
Հ ո դ վ ա ծ 68
Ավանդապահի գործառույթները
(1) Սույն Պայմանագրի բնագիրը, այն բանից հետո, երբ այլևս բաց չէ ստորագրման համար, ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին:
(2) Գլխավոր տնօրենը սույն Պայմանագրի և դրան կից Կանոնակարգի՝ իր կողմից հաստատված երկու օրինակներն ուղարկում է Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի բոլոր մասնակից պետությունների կառավարություններին և, խնդրանքի դեպքում, ցանկացած այլ պետության կառավարության:
(3) Գլխավոր տնօրենը սույն Պայմանագիրը գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:
(4) Գլխավոր տնօրենը սույն Պայմանագրի և դրան կից Կանոնակարգի ցանկացած փոփոխության և լրացման՝ իր կողմից հաստատված երկու օրինակներն ուղարկում է Պայմանավորվող պետությունների կառավարություններին և, խնդրանքի դեպքում, ցանկացած այլ պետության կառավարության:
Հ ո դ վ ա ծ 69
Ծանուցումներ
Գլխավոր տնօրենն Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիայի բոլոր մասնակից պետությունների կառավարություններին ծանուցում է.
(i) 62-րդ հոդվածին համապատասխան ստորագրումների մասին,
(ii) 62-րդ հոդվածին համապատասխան վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին,
(iii) սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի և այն ամսաթվի մասին, որից սկսած 63-րդ հոդվածի (3)-րդ կետին համապատասխան կիրառելի է 2-րդ գլուխը,
(iv) 64-րդ հոդվածի (1)-(5)-րդ կետերին համապատասխան կատարված ցանկացած հայտարարության մասին,
(v) 64-րդ հոդվածի (6)-րդ կետի (բ) ենթակետին համապատասխան ցանկացած հայտարարությունից հրաժարվելու մասին,
(vi) 66-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարումների մասին, և
(vii) 31-րդ հոդվածի (4)-րդ կետին համապատասխան ցանկացած հայտարարության մասին:
* Հայաստանի Հանրապետությունը Պայմանագրի 64-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն հայտարարել է, որ իրենց պարտավորված չի համարում 59-րդ հոդվածի դրույթներով:
** Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 25-ից: