ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2020 թվական թիվ 91-Ն |
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 12 հունիսի 2020 թվական թիվ 04-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը, 25-րդ հոդվածի 2.1-րդ մասը, 26.1-րդ հոդվածի 7-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում են.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև տեղեկությունների փոխանցման ձևաչափը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Ա. Ջավադյան |
2020 թ. հունիսի 12 ք. Երևան |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ |
Հ. Հարությունյան |
2020 թ. հունիսի 12 Երևան |
Հավելված 1 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն որոշմամբ |
Հաստատված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ նաև՝ Բանկ) կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ նաև՝ Օրենք) սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (այսուհետ նաև՝ Հայտարարատու) և բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց (այսուհետ նաև՝ Թեկնածու) վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը:
2. Օրենքով սահմանված տեղեկությունները փոխանցվում են Հավելված 2-ով սահմանված ձևաչափով (այսուհետ նաև՝ Ձևաչափ)՝ xml (Էքս էմ էլ) սխեմային համապատասխան։
3. Հանձնաժողովը Հայտարարատու կամ Թեկնածու անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու համար լրացնում է Հավելված 2-ի՝ Հայտարարատու անձի անձնական տվյալները, վերաբերելի ժամանակահատվածները և կոնկրետ ամսաթվերը։ Լրացված Ձևաչափը Հանձնաժողովի լիազոր անձը CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով ուղարկում է Բանկի պատասխանատու անձի CBANet (Սի Բի Էյ Նեթ) էլեկտրոնային հասցեին (այսուհետ նաև՝ էլեկտրոնային հասցե)՝ «Բանկային գաղտնիք» նշագրմամբ: Բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու դեպքում Ձևաչափում պարտադիր նշում է կատարվում՝ «Բարեվարքության ուսումնասիրության համար»։
4. Բանկի պատասխանատու անձը Ձևաչափը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լրացված դաշտերը։ Հանձնաժողովի (լիազոր անձի) կողմից լրացման ենթակա դաշտերը թերի կամ կիսատ լրացված լինելու դեպքում Բանկի պատասխանատու աշխատակիցը դրանք հայտնաբերելուց անմիջապես հետո հետ է ուղարկում Ձևաչափը՝ հաղորդագրության դաշտում նշելով թերությունների մասին։
5. Հանձնաժողովի լիազոր անձը, ստանալով թերությունների մասին հաղորդագրությունը, դրանք շտկելուց հետո անմիջապես ուղարկում է Բանկի պատասխանատու աշխատակցի էլեկտրոնային հասցեին։
6. Բանկի պատասխանատու աշխատակիցը, ստանալով ճշգրտված Ձևաչափը, անմիջապես նույն համակարգով ուղարկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համապատասխան էլեկտրոնային հասցեներին։
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, ստանալով Ձևաչափը, պարտավոր են 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը՝ բացառությամբ սույն Կարգի 8-րդ կետով սահմանված անձանց վերաբերյալ հարցումների։
8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը Թեկնածուի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու Ձևաչափը ստանալուց հետո պարտավոր են 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը։
9. Այն դեպքերում, երբ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետը բավարար չէ (տեղեկության ծավալները մեծ են կամ արխիվացված են և այլ) ներկայացնելու հայցվող տեղեկությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկը CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Բանկին՝ նշելով չտրամադրելու պատճառը։ Բանկի պատասխանատու անձը, ստանալով հաղորդագրությունը, կարող է ժամկետը երկարաձգել ևս 5 աշխատանքային օրով՝ դրա մասին CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրությամբ ծանուցելով նաև Հանձնաժողովի լիազոր անձին։
10. Այն դեպքում, երբ Ձևաչափում նշված ժամանակահատվածի համար հայցվող տեղեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվել է կամ չի պահպանվել՝ այն չի տրամադրվում՝ համապատասխան դաշտերում կատարելով «Առկա չէ» նշումը։
11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի կողմից հայցվող տեղեկությունը ստանալուց հետո Բանկի պատասխանատու անձը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստացված տեղեկությունը էլեկտրոնային հաղորդագրությամբ ուղարկում է Հանձնաժողովի լիազոր անձին։
12. Հանձնաժողովի լիազոր անձը, ստանալով տեղեկությունը, հետադարձ հաղորդագրությամբ հավաստում է այն ստանալու փաստը։
13. Օրենքով սահմանված բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները փոխանակվում են սույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան։
14. Հանձնաժողովին արգելվում է սույն կարգով ստացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը տրամադրել երրորդ անձանց, հրապարակել, հասանելի դարձնել դրանց իրավասությունը չունեցող անձանց, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված դեպքերում: Սույն կետի պահանջները խախտելը առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
15. Հանձնաժողովը Հայտարարատու կամ Թեկնածու անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու համար տարեկան կարող է կատարել միայն մեկ հարցում, բացառությամբ այն դեպքերի, երբ.
1.Հայտարարատու անձի կողմից ներկայացված հայտարարագրի և Ձևաչափով ներկայացված տեղեկությունների միջև առկա է առերևույթ անհամապատասխանություն՝ Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,
2.Հանձնաժողովի կողմից Ձևաչափով սահմանված տեղեկությունը ստանալուց հետո՝ օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից ստացված տեղեկությունները առերևույթ չեն համապատասխանում Ձևաչափով ներկայացված տեղեկությանը՝ Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,
3.Հայտարարատուն Օրենքով սահմանված կարգով միևնույն տարվա ընթացքում ներկայացնում է մեկից ավելի հայտարարագիր՝ Հանձնաժողովն իրավասու է կատարել հայտարարագրերի թվին համապատասխան քանակով հարցումներ,
4.Օրենքով սահմանված պաշտոնների թեկնածուների վերաբերյալ Հանձնաժողովն իրավասու է կատարել նրանց՝ Օրենքով սահմանված պաշտոններին դիմելու քանակին համապատասխան թվով հարցումներ։ Այն դեպքում, երբ թեկնածու անձը դառնում է Հայտարարատու պաշտոնատար անձ՝ Հանձնաժողովը կարող է հարցում կատարել նաև որպես Հայտարարատու պաշտոնատար անձ՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան։
5.Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի կողմից իրականացվող լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում առաջացել է հիմնավոր կասկած տեղեկությունների անարժանահավատության վերաբերյալ։ Սույն կետի հիմքով Հանձնաժողովը կրկին հարցում կատարելու համար պետք է Ձևաչափի հետ ներկայացնի նաև գրավոր հիմնավորումներ՝ առաջացած կասկածների վերաբերյալ։
16. Հանձնաժողովը պարտավոր է սույն կարգով ստացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանել Հանձնաժողովում՝ այդ նպատակների համար առանձնացված, Բանկի կողմից ներկայացված պահանջներին բավարարող սերվերների վրա՝ պաշտպանված տիրույթում:
17. Հանձնաժողովը ստացված՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող է պահպանել այն ստանալուց հետո 5 տարի։
Հավելված 2 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն որոշմամբ |
Հաստատված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն որոշմամբ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև փոխանակվող տեղեկությունների ձևաչափ*
Անձնական տվյալներ՝
Անուն, ազգանուն, հայրանուն. ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ (առկայության դեպքում՝ բոլոր անձնագրերի տվյալները, այդ թվում՝ վավերականության ժամկետն ավարտված) |
Վերաբերելի ժամանակահատվածներ և կոնկրետ ամսաթվեր | |
Հ/հ |
Տեղեկության անվանումը |
Տեղեկության նկարագրությունը |
1. |
Պահատուփերի առկայություն |
Այո կամ ոչ |
2. |
Հաշիվների առկայություն |
Այո կամ ոչ |
3. |
Հաշվի (ների) մնացորդ |
Մնացորդի չափը՝ ըստ արժույթի |
4. |
Հայտարարագրման ենթակա գործարքի վերաբերյալ տեղեկություն |
1. Անշարժ գույքի ձեռքբերման համար կատարված 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը* գերազանցող (ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի)
2. Անշարժ գույքի օտարման դիմաց ստացված 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի)
3. Տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար կատարված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի)
4. Տրանսպորտային միջոցի օտարման դիմաց ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) վճարումներ՝ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի)
5. 8 միլիոն (ներառյալ` 8 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող միանվագ գնման գործարք (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի)
6. Ստացված և տրամադրված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) փոխառություններ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի)
7. Ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) շահաբաժիններ (դիվիդենտներ) (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ըստ ներկայացված ժամանակաշրջանի)
8. Ժառանգություն ստացած 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) դրամական միջոցներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ըստ ներկայացված ժամանակաշրջանի)
9. 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ըստ ներկայացված ժամանակաշրջանի) |
5. |
Պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն մուտքի ամփոփ տեղեկատվություն |
Մուտքերի ամբողջ (համախառն) չափը՝ ըստ հաշիվների և արժույթների՝ պահանջվող ժամանակահատվածի համար |
6. |
Պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն ելքի ամփոփ տեղեկատվություն |
Ելքերի ամբողջ (համախառն) չափը՝ ըստ հաշիվների և արժույթների՝ պահանջվող ժամանակահատվածի համար |
6.1 |
Համախառն կանխիկ ելքեր |
1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) կանխիկ ելքերի ամբողջ (համախառն) չափը՝ ըստ հաշիվների և արժույթների ՝ պահանջվող ժամանակահատվածի համար |
6.2 |
Համախառն կանխիկ մուտքեր |
1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) կանխիկ մուտքերի ամբողջ (համախառն) չափն՝ ըստ հաշիվների և արժույթների՝ պահանջվող ժամանակահատվածի համար |
* Ձևաչափն ամբողջական ներկայացվելու դեպքում Բանկի կողմից տրամադրման են ենթակա ամբողջական տեղեկությունները։ Բանկային գաղտնիք կազմող առանձին տեղեկություններ ստանալու համար Ձևաչափը ներկայացնելիս լրացվում են միայն այն դաշտերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ։
Արտարժույթի հաշվարկը դրամի նկատմամբ կատարվում է տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված միջին փոխարժեքով։