«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10306437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 հոկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 215-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի ապրիլի 12-ի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը հաստատելու մասին» թիվ 85-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգի» (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետից հանել «և ծառայությունները համապատասխանաբար» բառերը։
2. 4-րդ կետում «համակցությունը» բառը փոխարինել «համակցությունները» բառով։
3. 9-րդ կետից հանել «, ձայնային և այլ» բառերը։
4. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Ապրանքային նշանը գրանցվում է սև-սպիտակ, ցանկացած գույնով կամ գունային համակցությամբ:»։
5. 11-րդ կետի`
ա) 4-րդ ենթակետում «և հայտարկված են այդ ապրանքները մակնշելու համար» բառերը փոխարինել «կամ անվանումներ և հայտարկված են այդ ապրանքների նկատմամբ գրանցելու համար» բառերով.
բ) 5-րդ ենթակետում «համընդհանուր ընդունված անվանումներից կամ դրանց հապավումներից» բառերը փոխարինել «համընդհանուր ընդունված անվանումներից, դրանց հապավումներից կամ խորհրդանիշերից» բառերով։
6. 15-րդ կետի 6-րդ ենթակետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Ֆիրմային անվանումների համար նույնատիպ ապրանք ասելով պետք է հասկանալ այն ապրանքները և ծառայությունները, որոնք արտադրվում կամ մատուցվում են տվյալ ֆիրմային անվանմամբ իրավաբանական անձի կողմից:»։
7. 16-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Արվեստի հայտնի ստեղծագործությունների հատվածներ (ֆրագմենտներ) ասելով պետք է հասկանալ ստեղծագործության առանձին դրվագների վերարտադրությունը գեղարվեստական պատկերների միջոցով, այն է` կերպարվեստի, քանդակների, ճարտարապետության մաս հանդիսացող հատվածների միջոցով:»։
8. 17-րդ կետի երկրորդ նախադասության «համարվում են տարբեր ապրանքային նշաններ» բառերը փոխարինել «համարվում են տարբեր, այսինքն՝ ոչ նույնական ապրանքային նշաններ» բառերով:
9. 27-րդ կետի 3-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Եթե գրանցման է ներկայացված բառ կամ բառային արտահայտություն և հայտում նշված չեն դրանց նկատմամբ հատուկ պահանջներ կամ առանձնահատկություններ, ապա համարվում է, որ տվյալ բառը կամ բառային արտահայտությունը կատարված են ստանդարտ (հատուկ չոճավորված) տառատեսակով:»։
10. 33-րդ կետի՝
ա) 1-ին ենթակետում «լրիվ կամ կրճատ անվանումները ապրանքային նշանում օգտագործելու համար» բառերը փոխարինել «լրիվ կամ կրճատ անվանումները կամ թվարկածին շփոթելու աստիճան նման նշանը (տարրը) ապրանքային նշանում օգտագործելու համար» բառերով.
բ) 2-րդ ենթակետում «և այլ տարբերանշանների պատկերներն ապրանքային նշանում օգտագործելու համար» բառերը փոխարինել «և այլ տարբերանշանների պատկերները կամ դրանց շփոթելու աստիճան նման նշանն ապրանքային նշանում օգտագործելու համար» բառերով.
գ) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը պաշտոնական վերահսկողական, երաշխիքային կամ հարգորոշիչ դրոշմի, կնիքի պատկերը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքային նշանում օգտագործելու համար կամ դրա օգտագործման իրավասությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը»։
11. 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Եթե ներկայացվում է լուսային, ձայնային կամ այլ նշան, ապա «այլ նշան» վանդակում դրվում է «x» նշանը և կողքը գրվում է «ձայնային», «լուսային» բառը կամ նշանի տեսակը բնութագրող այլ բառ:»։
12. 42-րդ կետի 2-րդ պարբերությունը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Այս դեպքում փորձաքննության ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը:»։
13. 47-րդ կետի 1-ին պարբերությունում «այդ ապրանքները զատված հայտերի միջև» բառերը փոխարինել «այդ ապրանքները սկզբնական և զատված հայտերի միջև» բառերով։
14. 50-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) զատված հայտով ապրանքային նշանի առաջնությունը uահմանվում է տվյալ ապրանքային նշանի համար սկզբնական հայտով սահմանված առաջնության թվականով»։
15. 54-րդ կետի 6-րդ պարբերությունը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ՝
«Հայտի համատեղ քննարկման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ստորագրում են քննարկման մասնակիցները:»։
16. 65-րդ կետում «օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի» բառերով։
17. 74-րդ կետի՝
ա) 8-րդ պարբերությունում «առաջինը նշված դասերին համապատասխան» բառերը փոխարինել «առաջինը նշված այն դասերից ելնելով, որոնց քանակը համապատասխանում է վճարված պետական տուրքի գումարին» բառերով.
բ) 10-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` երկամսյա ժամկետում այն ներկայացնելու կամ պետական տուրքի համապատասխան լրավճարում կատարելու և դրա անդորրագիրը ներկայացնելու կամ վճարված գումարին համապատասխան նրա հավակնությունների ծավալի սահմանափակման առաջարկությամբ, եթե դա հնարավոր է:».
գ) 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Երկու ամսվա ընթացքում նշված տեղեկանքը կամ պետական տուրքի լրավճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված դասերին (ծավալին) համապատասխան, իսկ այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում` հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված այն դասերից ելնելով, որոնց քանակը համապատասխանում է վճարված պետական տուրքի գումարին, իսկ դրա անհնարինության դեպքում` հայտը կհամարվի հետ կանչված:»։
18. 88-րդ կետի՝
ա) 1-ին պարբերությունում «սպորտային իրեր ծածկույթներ -դաս 28» բառերը փոխարինել «տիկնիկների հագուստ -դաս 28» բառերով.
բ) 3-րդ և 5-րդ պարբերություններում «հայտատուի հրաժարվելու դեպքում» բառերը փոխարինել «հայտատուի հրաժարվելու կամ ծանուցագիրն անպատասխան թողնելու դեպքում» բառերով։
19. 90-րդ կետի՝
ա) 15-րդ ենթակետում չակերտների մեջ վերցված «հայկական ջրեր» բառերից հետո լրացնել չակերտների մեջ վերցված «Երևան», «Հայաստան» բառերը.
բ) 22-րդ ենթակետում «Գինիներ անհատականացնող» բառերը փոխարինել «Չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսանում կամ պարունակում են գինիներ անհատականացնող» բառերով.
գ) 28-րդ կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
դ) Կարգը լրացնել նոր 901 կետով հետևյալ բովանդակությամբ.
«901. Եթե հայտարկվող նշանը որպես տարրեր ներառում է սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված տարրերից գոնե մեկը, կամ կազմված է միայն 11-րդ և 12-րդ կետերում նշված տարրերից, ապա նշանի գրանցումը մերժվում է:»։
20. 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«91. Եթե հայտարկվող նշանը կազմված չէ միայն սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված ոչ պահպանունակ տարրերից, այլև ներառում է դրանցից գոնե մեկը, ապա`
1) նշանի մեջ սույն կարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տարրերի ներառման դեպքում ստուգվում է դրա սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը.
2) սույն կարգի 11-րդ կետի և 12-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված տարրերի ներառման դեպքում ստուգվում է` արդյոք դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը: Այդ նպատակով հաշվի է առնվում տվյալ տարրի իմաստային և (կամ) տարածական նշանակությունը:
Եթե տվյալ չպահպանվող տարրը տարածական առումով ավելի մեծ տեղ է զբաղեցնում ապրանքային նշանի ընդհանուր պատկերի մեջ («ստվերում է» մնացած տարրերը) կամ ապրանքային նշանի բոլոր տարրերով արտահայտված հավաքական իմաստը տվյալ տարրի իմաստից բացի այլ իմաստ չի արտահայտում, կամ սպառողի մոտ այլ պատկերացում (ասոցիացիա) չի առաջացնում, ապա համարվում է, որ տվյալ չպահպանվող տարրը ապրանքային նշանի գերիշխող մաս է կազմում:
Չպահպանվող տարրի գերիշխող լինելը կարող է պայմանավորված լինել նաև տվյալ տարրի գունային կատարմամբ: Այսինքն՝ եթե տվյալ չպահպանվող տարրը ապրանքային նշանի պատկերի ընդհանուր ֆոնի վրա կատարված է խիստ ընդգծված (վառ) գունային լուծմամբ և դրանով իսկ ձեռք է բերել «առաջնահերթ» ընկալման հատկանիշ, ապա համարվում է, որ տվյալ տարրը ապրանքային նշանի գերիշխող մաս է կազմում:
Եթե չպահպանվող տարրը կազմում է նշանի գերիշխող մասը, ապա եզրակացություն է արվում նշանը որպես ապրանքային նշան գրանցելու անհնարինության մասին և որոշում է կայացվում նշանի գրանցումը մերժելու մասին:
Չպահպանվող տարրի առկայությունն ու դրա հորինվածքային կապերը մնացած տարրերի հետ ապահովում են տվյալ ապրանքային նշանի տարբերակող հատկությունը, սակայն չպահպանվող տարրն այլ սուբյեկտների կողմից ևս կարող է բարեխղճորեն օգտագործվել: Այս դեպքում չպահպանվող տարրերը սպառողի մոտ չպետք է շփոթություն առաջացնեն տարբեր արտադրողների կամ դրանց արտադրանքի հարցում:
Մասնավորապես, շատ կարևոր է ապրանքային նշաններում աշխարհագրական նշումների ներառման հարցը այն դեպքերում, երբ առկա է արդեն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված պահանջներին համապատասխան գրանցված ապրանքային նշան, որի մեջ աշխարհագրական անվանումը կենտրոնական տեղ է զբաղեցնում (օրինակ՝ Երևանի կոնյակի գործարանի անունով թիվ 3192 գրանցում ունեցող պիտակի տեսքով ապրանքային նշանի մեջ օգտագործված են «Երևան» և «EPEBAH» բառերը, որոնք պահպանությունից հանված են) և ծառայում է որպես տվյալ ապրանքի յուրատեսակ առևտրային անվանում: Այս դեպքում մյուս տնտեսավարող սուբյեկտներն իրենց ապրանքային նշաններում կարող են օգտագործել «Երևան» անվանումը (այդ թվում՝ այլ լեզուներով)՝ նշելու համար իրենց գտնվելու կամ ապրանքի արտադրության վայրը, կամ իրենց ֆիրմային անվանումը, որի մեջ առկա է «Երևան» անվանումը և այլ տվյալներ, սակայն նրանք ապրանքային նշաններում չեն կարող օգտագործել «Երևան» անվանումը (այդ թվում՝ այլ լեզուներով), եթե այդ անվանումն օգտագործվում է որպես նույնատիպ ապրանքների առևտրային անվանում (այսինքն՝ այսպիսի ապրանքային նշանների գրանցումը ենթակա է մերժման):»:
21. 93-րդ կետի 6-րդ ենթակետի՝
ա) երկրորդ պարբերության «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) ավելի վաղ առաջնություն ունեցող ՀՀ-ում պահպանվող կամ ՀՀ-ում պահպանվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի և հայտարկված (ստուգվող) նշանի տարբերությունը միայն գունային չէ.».
«բ) առկա է ավելի վաղ առաջնություն ունեցող ՀՀ-ում պահպանվող կամ ՀՀ-ում պահպանվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունն այն մասին, որ հայտարկված (ստուգվող) նշանը գրանցվի նույնատիպ ապրանքների համար:».
բ) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Մնացած դեպքերում հայտարկված նշանի գրանցումը մերժվում է։ Օրինակ, եթե գրանցման է ներկայացված պիտակի տեսքով ապրանքային նշան, որի մեջ ներառված է կենտրոնական դիրք զբաղեցնող, այսինքն՝ առևտրային անվանման նշանակություն ունեցող «Մառան» բառը, ապա նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե հայտնաբերվել է նույնատիպ ապրանքների համար գրանցված «Մառան» բառային ապրանքային նշանը, նույնիսկ եթե այն կատարված է այլ տառատեսակով կամ այլ լեզվով, եթե առկա չէ դրա սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը տվյալ հարցում։ Կամ եթե գրանցման ներկայացված համակցված նշանի և ավելի վաղ առաջնություն ունեցող ՀՀ-ում պահպանվող կամ ՀՀ-ում պահպանվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի մեջ օգտագործված է կենտրոնական դիրք զբաղեցնող առևտրային նշանակության նույն անվանումը, նույնիսկ եթե դրանց պատկերային տարրերը լիովին տարբերվում են, իսկ այդ անվանումը գրված է տարբեր լեզուներով և ինքնուրույն պահպանության ենթակա չէ, ապա հայտարկված նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե դրա գրանցման հարցում չկա ՀՀ-ում պահպանվող կամ ՀՀ-ում պահպանվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը: Օրինակ՝ մերժման ենթակա է հայկական կոնյակի համար գրանցման ներկայացված պիտակի տեսքով այն ապրանքային նշանի գրանցումը, որի վրա որպես առևտրային անվանում օգտագործված է «Արմենիա» բառը, անկախ դրա պատկերային մասի կատարումից (դիզայնից), եթե առկա է այլ անձի անունով գրանցված պիտակի տեսքով ապրանքային նշան, որի վրա օգտագործված է «Հայաստան» կամ «Армения», կամ «Armenia» կամ որևէ այլ լեզվով գրված՝ «արմենիա» տառադարձվող բառ և չկա վերջինիս սեփականատիրոջ համաձայնությունը:»:
22. 94-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն կետի համաձայն հայտարկվող նշանը գրանցվում է, եթե հայտատուն ներկայացնում է նշանի գրանցման մասին համաձայնություն, որտեղ նշվում է, որ ֆիրմային անվանման սեփականատերը չի առարկում նշանի գրանցմանը և ինքը չի զբաղվելու այն ապրանքների արտադրությամբ և (կամ) ծառայությունների մատուցմամբ, որոնց համար խնդրարկվում է տվյալ նշանի գրանցումը:»:
23. 95-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն, եթե հեղինակային իրավունքի գործողության ժամկետը չի ավարտվել, նշանը գրանցվում է հեղինակային իրավունքի օբյեկտի նկատմամբ իրավունք ունեցող անձի կամ դրա ժառանգների համաձայնությամբ։ Ժառանգների համաձայնություն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ժառանգության իրավունքի վկայականի պատճենը։»:
24. 95-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն կետում նշված տվյալների նկատմամբ որոնման աշխատանքների անցկացումը փորձագետի համար պարտադիր չէ, սակայն նրա կողմից կարող են օգտագործվել նշանի գրանցման վերաբերյալ որոշում կայացնելիս, անկախ այն հանգամանքից, թե ինչ ճանապարհով են դրանք հայտնի դարձել փորձագետին:»:
25. 105-րդ կետում «102-103-րդ կետերում» բառերը փոխարինել «98-104-րդ կետերում» բառերով:
26. 105-րդ կետից հետո լրացնել նոր՝ 1051-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝
«1051. Համակցված նշանների նմանությունը որոշելիս հաշվի է առնվում դրանց մեջ առկա բառային տարրերի նմանության հարցը առանձին վերցված, եթե դրանց մեջ տվյալ տարրերը հանդիսանում են հիմնական ընկալման տարրեր կամ տվյալ նշանների այսպես կոչված «առաջնային ընկալման» տարրեր կամ «անվանումներ»:
Համակցված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե առկա է ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշան, որի հիմնական ընկալման բառային տարրը շփոթելու աստիճան նման է հայտարկված նշանի հիմնական ընկալման բառային տարրին, այդ թվում նաև այն դեպքերում, երբ այդ բառային տարրերը տարբեր լեզուներով գրված նույն բառերը կամ բառային արտահայտություններն են կամ դրանց թարգմանությունները (նույնիսկ եթե նշված նշանները միմյանցից լիովին տարբերվում են պատկերային մասով): Այս դեպքում հայտարկված նշանը կարող է գրանցվել միայն ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությամբ:»:
27. 106-րդ կետի 6-րդ պարբերությունը «- ապրանքի տեսակը,» բառերից հետո լրացնել «- ապրանքի պատրաստման առանձնահատկությունները (տեխնոլոգիական),» բառերով։
28. 106-րդ կետի 7-րդ պարբերությունում «նմանատիպությունը» բառը փոխարինել «նույնատիպությունը» բառով:
29. 116-րդ կետի 1-ին նախադասության «պետական տուրքը և ներկայացվում է Գործակալություն» բառերը փոխարինել «պետական տուրքը և վճարման անդորրագիրը ներկայացվում է Գործակալություն» բառերով:
30. 126-րդ կետի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող, եթե փոփոխությունը վերաբերում է հայտարկվող նշանի ամբողջական կամ նրա հիմնական ընկալմանը (այսինքն՝ կենտրոնական դիրք զբաղեցնող), ինչպես նաև գերիշխող տարրերի ընկալմանը:»:
Կ. Ճշմարիտյան |