ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
8 սեպտեմբերի 1997 թ. |
թիվ 795 |
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 13 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և հինգերորդ մասերի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 13 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը:
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.97 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 13 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ելնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 16.06.97 թ. օրենքի 46 հոդվածի պահանջներից և նպատակ ունենալով հստակեցնել օրենքի 15 հոդվածի 13 կետի դրույթները ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կապի նախարարությունը հայտնում են.
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 13 կետի ավելացված արժեքի հարկից ազատվում են`
1. Փոստային ծառայությունների իրացումը
Փոստային ծառայություններ են հանդիսանում փոստային առաքանու (նամակներ, բացիկներ, փաթեթներ, ծանրոցներ և այլն), ինչպես նաև փոստային դրամական փոխադրությունների ընդունման, մշակման ու առաքման գործողությունները: Դրանք դասակարգվում են հիմնականների և լրացուցիչների:
Հիմնական փոստային ծառայություններ են համարվում փոստային առաքանու (նամակների, բացիկների, փաթեթների, ծանրոցների, փոստային դրամական փոխադրությունների) ընդունումը, մշակումը և առաքումը:
Լրացուցիչ փոստային ծառայություններ են համարվում փոստային առաքանու հետ կապված օժանդակ աշխատանքները առաքանու փաթեթավորումը, հասցեագրումը, համապատասխան ձևի բլանկների և ցուցակների լրացումը, ծանրոցների արկղերի վաճառքը, ծանրոցների և փաթեթների պահպանումը, հասցեների պարզաբանումը և այլն:
Փոստային առաքումների տեսակներն են`
- նամակներ (հասարակ, պատվիրված, գնահատված),
- փոստային բացիկներ (հասարակ, պատվիրված),
- փաթեթներ (հասարակ, պատվիրված, գնահատված),
- ծանրոցներ (հասարակ, գնահատված),
- փոստային դրամական փոխադրություններ (փոստով, հեռագրով):
Համապատասխան փոստային ձեռնարկության անվանական կնիքով կնքված փոստային առաքանին կոչվում է դրոշմագրված փոստային առաքանի:
2. Փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների և ծրարների անվանական արժեքով իրացումը
«Փոստային դրոշմանիշներ» հասկացությունը վերաբերվում է «փոստային նամականիշներին»:
Փոստային նամականիշը փոստային վճարի նիշ է` փոքր քառանկյուն թղթի տեսքով, որի վրա նշված է փոստային վճարի գինը և պատկերված է որևէ պատկեր:
Դրոշմագրված փոստային նամականիշների (ֆիլատելիստական) իրացումը չի դիտվում որպես փոստային նամականիշների իրացում և հարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Փոստային ծրարը` նամակի տեղադրման և ապահով փոխադրման համար փակվող ուղղանկյունաձև թղթե պատյան է, որի վրա նշվում են ստացողի և ուղարկողի հասցեները, փակցվում են փոստային նամականիշ կամ վճարը հաստատող փոստային վճարի պետական նշաններ և որոնք առաքման ժամանակ դրոշմվում են դրոշմասարքերով:
Փոստային բացիկը` կարճ հաղորդագրությունների համար փոստային առաքանու տեսակ է, ունի ստվարաթղթե ուղղանկյունաձև տեսք, որի վրա նշվում են ստացողի և ուղարկողի հասցեները, փակցվում են փոստային նամականիշ կամ վճարը հաստատող փոստային վճարի պետական նշաններ և որոնք առաքման ժամանակ դրոշմվում են դրոշմասարքերով:
3. Պետական տուրքային դրոշմանիշերի անվանական արժեքով իրացումը
Պետական տուրքի վճարման համար տուրքային դրոշմանիշները պատրաստվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նմուշով, որոշակի արժողություններով (անվանական արժեքներով), միասնական Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառության համար:
Պետական տուրքային դրոշմանիշներին առնչվող հարցերը կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով և օրենքի կիրառման հրահանգով:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից
17.10.1997 թ.
Պետական գրանցման թիվ 43970054