310.0598.11.07.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
11 հուլիսի 1997 թ. |
N 598 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 30 Մ2 ՄԱԿԵՐԵՍ ՈՒՆԵՑՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 166 որոշման 4-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 30 մ2 մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգի որոշ կետերի վերաբերյալ» հրահանգչական նամակը` համաձայնեցված ՀՀ արդյունաբերության և առևտրի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 30 Մ2 ՄԱԿԵՐԵՍ ՈՒՆԵՑՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 3 հունիսի 1997 թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 166 որոշման 4-րդ կետը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել որոշմամբ հաստատված համապատասխան կարգի որոշ դրույթները, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.
1. Կարգի 1-ին և 2-րդ կետերի հետ կապված.
Առևտրական տարածքը (մակերեսը) հաշվարկվում է քառակուսի մետրերով, և ըստ էության կարգը տարածվում է մինչև 30 մ2 առևտրական տարածք (մակերես) ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) վրա:
2. Կարգի 3-րդ կետի «բ», «դ», «ե» ենթակետերի հետ կապված.
Հատկացված տարածքը միաժամանակ գործունեության տարբեր տեսակների համար օգտագործելիս առևտրական գործունեության մասով սահմանված կարգով իրականացվում է հաստատագրված վճարումների հաշվարկում (գանձում) անկախ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող (այլ կամ ընդհանուր) գործունեության ֆինանսական արդյունքներից:
Օրինակ 1. (Բոլոր օրինակները և նրանցում նշված անվանումները պայմանական են):
Բենզալցման կայանում, բացի բենզինի և այլ դիզելային վառելիքի վաճառքից, 10 մ2 առևտրական տարածք ունեցող կրպակում (առանձին շինությունում, կարգի 4-րդ կետում թվարկված չափանիշներին համապատասխան) իրականացվում է ծխախոտի և հրուշակեղենի վաճառք: Նշված կրպակի համար սահմանված կարգով հաշվարկվում և վճարվում է հաստատագրված վճար:
Ընդհանրապես, հաստատագրված վճարումով հարկման ենթակա լինելը որոշելու նպատակով պայմաններն ուսումնասիրվում են հետևյալ հաջորդականությամբ.
1. Առանձին շինություն (ստացիոնար կամ ոչ հիմնական տիպի) լինելու հանգամանքը
2. Այդպիսի շինության մեջ առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան տարածքի առկայությունը
3. Այդպիսի առևտրական գործունեություն ծավալելու մասում առևտրական տարածքի մինչև 30 մ2 լինելու հանգամանքը:
Նշված կարգով հաստատագրված վճարումներ կատարող խանութի, կրպակի (տաղավարի) որոշակիացումից հետո հաստատագրված վճարը գանձվում է բուն առևտրական գործունեություն իրականացնողից, այդ թվում` տարածքը վարձակալողից:
Օրինակ 2.
Հայաստանի Ջրաշեն գյուղում գտնվող մի շինության մեջ միաժամանակ իրականացվում են կենցաղսպասարկման ծառայություններ, հացաթխում, փոստի ծառայությունների տրամադրում և տեղաբաշխված է սպառողական կոոպերացիայի խանութը: Վերը նշված հաջորդականությունը հաշվի առնելով` պետք է ստուգվի խանութի առևտրական տարածքը (մակերեսը): Այն մինչև 30 մ2 կազմելու դեպքում սպառողական միությունների շրջանային համապատասխան միությունը պետք է սահմանված կարգով կատարի հաստատագրված վճարում:
Օրինակ 3.
«Միրզոյան եղբայրներ» ընկերության հանրախանութը տեղաբաշխված է Երևանում, առանձին եռահարկ շենքում: Առևտրական մակերեսը կազմում է 600 մ2 (յուրաքանչյուր հարկում` 200-ական մ2): Տվյալ դեպքում հաստատագրված վճարումներ չեն գործելու, անկախ նրանից, որ «Միրզոյան եղբայրներ» ընկերությունն իր տարածքի մեծ մասը վարձակալությամբ տրամադրել է մի քանի տասնյակ այլ տնտեսավարող սուբյեկտների: Վարձակալը և վարձատուն հարկերը հաշվարկելու և վճարելու են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Միաժամանակ նույն պայմաններում, եթե «Միրզոյան եղբայրներ» ընկերության կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին վարձակալությամբ տրամադրված վարձակալված տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեությունը կհամապատասխանի ՀՀ կառավարության 03.06.97 թ. N 166 որոշմամբ նախատեսված (այսինքն` կիրագործվի այդ եռահարկ շենքի ներսում առանձնացված շինություն հանդիսացող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով) ձևին, ապա այդ վարձակալ տնտեսավարող սուբյեկտները կհանդիսանան հաստատագրված վճարումներ կատարողներ, եթե առևտրական գործունեությունն իրականացվում է մինչև 30 մ2 առևտրական տարածքի (մակերեսի) միջոցով:
Օրինակ 4.
Աբովյանի «Շողեր» ՍՊԸ իր տրամադրության տակ ունի քաղաքի տարբեր մասերում տեղաբաշխված 4 կրպակ, 1 խանութ Երևանում (48 մ2 առևտրական մակերեսով) և 2 տաղավար Եղվարդում: Կրպակներից և տաղավարներից յուրաքանչյուրի առևտրական տարածքը չի գերազանցում 30 մ2-ը, թեև դրանց ընդհանուր առևտրական մակերեսի հանրագումարը կազմում է 176 մ2: Տվյալ դեպքում, բացի Երևանի խանութից, բոլոր կրպակների և տաղավարների համար «Շողեր» ՍՊԸ պետք է կատարի հաստատագրված վճարումներ:
3. Կարգի 4-րդ կետի հետ կապված.
Խանութների համար առևտրական տարածքը (մակերեսը) ներառում է առևտրական դահլիճի մակերեսը, որը նախատեսված է ապրանքների ցուցադրման, վաճառքի և գնված ապրանքների գծով լրացուցիչ մանր սպասարկումների համար: Խանութների առևտրական տարածքի (մակերեսի) մեջ չեն մտնում առևտրական դահլիճից դուրս գտնվող ադմինիստրատիվ, կենցաղային տարածքները, ապրանքների ընդունման, բեռնաթափման, պահեստային և այլ համանման տարածքները: Կրպակների, տաղավարների համար, քանի որ դրանք չունեն առևտրական դահլիճ, որպես առևտրական տարածք հիմք է ընդունվում ընդհանուր մակերեսը: Առևտրական ցանցի հաշվառման գործող կանոնների համաձայն, որոշակի դեպքերում տաղավարների մեջ առևտրական դահլիճի առանձնացման դեպքում հիմք է ընդունվում խանութների համար նախատեսվող առևտրական մակերեսը:
Օրինակ 5.
Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող Վաղարշապատ խճուղու վրա տեղաբաշխված է խանութ, որի առևտրական տարածքը 20 մ2 է: Միաժամանակ խանութի սեփականատեր «Արմինե Հակոբյան» անհատական ձեռնարկությունը խանութի դիմաց, անմիջականորեն մուտքի մոտ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված (ըստ էության նույն առևտրի կետում, որի համար վարվում է մեկ միասնական ընդհանուր ապրանքների և դրանց գների գրանցման (մուտքի և ելքի գլխավոր) գիրք) 8 մ2 տարածքի վրա փաստորեն ևս իրականացնում է առևտրական գործունեություն:
Քանի որ առևտրական գործունեության իրականացման համար օգտագործվող առևտրական տարածքը (մակերեսը) չի գերազանցում 30 մ2-ին (28 մ2), ուստի ձեռնարկությունն առևտրական տարածքի 28 մ2-ի համար կատարում է հաստատագրված վճարում` սահմանված չափով և ժամկետներում:
Նույն պայմաններում, եթե անմիջականորեն խանութի մուտքի մոտ առևտրական գործունեությունն իրականացվում է ոչ թե 8 մ2-ի միջոցով, այլ օրինակ 12 մ2-ի միջոցով, ապա վերը նշված անհատական ձեռնարկությունը հաստատագրված վճարումներ կատարող չի հանդիսանում: Հարկերը հաշվարկվում և վճարվում են ընդհանուր սահմանված կարգով:
Օրինակ 6.
Կիևյան փողոցի վրա տեղաբաշխված 10 մ2 մակերես ունեցող կրպակի սեփականատեր անհատ ձեռներեցը կրպակին անմիջականորեն հարող (ըստ էության իրեն տրամադրված) 5 մ2 տարածքի վրա իրականացնում է առևտրական գործունեություն և սահմանված կարգով կատարում հաստատագրված վճարում` 15 մ2 հաշվով:
Հետագայում այդ անհատ ձեռներեցը վերը նշված 5 մ2 տարածքը վարձակալական պայմանագրով տրամադրում է այլ տնտեսավարող սուբյեկտի:
Տվյալ դեպքում անհատ ձեռներեցը հաստատագրված վճարում կատարում է` ելնելով փաստացի օգտագործված 10 մ2-ից, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտը 5 մ2 տարածքում իրականացված առևտրական գործունեության համար հարկերը վճարում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, քանի որ վերջինս առևտրական գործունեություն չի իրականացնում ՀՀ կառավարության 03.06.97 թ. N 166 որոշմամբ նախատեսված ձևերից (խանութ, կրպակ (տաղավար) որևէ մեկով:
Վարձակալական եկամուտներից հարկային պարտավորությունները անհատ ձեռներեցը պետք է կատարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
4. Կարգի 5-րդ կետի հետ կապված.
բ) կետի վերաբերյալ.
Հայաստանի Հանրապետությունում ՍՆԱ-ի փոփոխման դեպքում ՍՆԱ x 2.5 %-ը (որպես ելակետային տվյալ) փոփոխվում է ՍՆԱ-ի փոփոխման փաստացի օրվանից:
գ) կետի վերաբերյալ.
Առևտրական գործունեության իրականացման օրերն ընդունվում, ամրագրվում են օրացուցային օրերին հավասար, եթե տնտեսավարող սուբյեկտը նախապես (գրավոր) դրանց գրանցման առումով չի նշում չաշխատելու օրերը: Ընդ որում չաշխատելու առումով կարող են նշվել շաբաթ և (կամ) կիրակի օրերը, կամ նշվել կոնկրետ ամսաթվեր և այլն:
5. Կարգի 6-րդ կետի հետ կապված.
Օրինակ 7.
«Արամ» ՍՊԸ Վաղարշապատում ունի 26 մ2 առևտրական տարածք (մակերես) ունեցող խանութ և մի կրպակ` 8 մ2 տարածքով (մակերեսով) Վաղարշապատի շրջանի Առատաշեն գյուղում: «Արամ» ՍՊԸ-ն հաշվառման վայրի ՀՏ ներկայացված հայտարարությամբ տեղեկացրել է, որ Վաղարշապատի խանութի համար չեն նախատեսված հանգստյան օրեր, իսկ Առատաշեն գյուղում գտնվող խանութը չի աշխատելու շաբաթ և կիրակի օրերին (հուլիս ամսվա համար` 8 օր, օգոստոս ամսվա համար` 10 օր, սեպտեմբերի համար` 8 օր): 1997 թ. հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսների համար անկախ դրանից և տվյալ հաշվետու ժամանակահատվածի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարի մուծում հետևյալ չափերով.
ա) Վաղարշապատ քաղաքի խանութի համար
- հուլիս ամսվա համար` ՀՎ=ՍՆԱ 2.5% x ԱՏ x Գ x Օր = 25 x 26 x 1.0 x 31 = 20150 դրամ
- օգոստոս ամսվա համար` ՀՎ = ՍՆԱ 2,5% x ԱՏ x Գ x Օր = 25 x 26 x 1,0 x 31 = 20150 դրամ
- սեպտեմբեր ամսվա համար` ՀՎ =ՍՆԱ 2,5% x ԱՏ x Գ x Օր = 25 x 26 x 1,0 x 30 = 19500 դրամ.
բ) Առատաշեն գյուղի կրպակի համար
- հուլիս ամսվա համար` ՀՎ =ՍՆԱ 2.5% x ԱՏ x Գ x Օր = 25 x 8 x 0.5 x 23 = 2300 դրամ
- օգոստոս ամսվա համար` ՀՎ = 25 X 8 X 0,5 X 21 = 2100 դրամ.
- սեպտեմբեր ամսվա համար` ՀՎ = 25 X 8 X 0,5 X 22 = 2200 դրամ:
Համաձայն ՀՀ կառավարության 03.06.97 թ. N 166 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի` շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարային մուծումներ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների համար չեն կատարվելու:
Եռամսյակն ավարտվելուց հետո ընկերությունը հաշվարկում է իր ֆինանսական ցուցանիշները, որից պարզվում է, որ ապրանքաշրջանառության ծավալը եռամսյակի ընթացքում Վաղարշապատի խանութի համար կազմել է 6112,0 հազ. դրամ, քանի որ այն (ապրանքաշրջանառության ծավալը) 1 քառ. մետրի հաշվարկով կազմում է 42,8 հազ. դրամ (այսինքն` սահմանված նվազագույն աշխատավարձի 42.8-ապատիկը), ուստի` որևէ վերահաշվարկ չի կատարվում և խանութի առումով շահութահարկի և ԱԱՀ-ի հարկային պարտավորությունները երրորդ եռամսյակի համար կազմում են հաստատագրված վճարի գումարի չափը:
Առատաշեն գյուղի կրպակի շրջանառությունը կազմել է 2100 հազ. դրամ: Քանի որ 1 մ2 -ի հաշվով եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է ՍՆԱ 250-ապատիկը (կազմել է 262,5 հազ. դրամ), ուստի` կրպակի միջոցով իրականացված առևտրական գործունեության մասով ՍՊԸ վճարում է հարկերը` սահմանված ընդհանուր կարգով: Այդ դեպքում անցած եռամսյակի համար վճարված 6600 դրամը ( 2300 + 2100 + 2200) հաստատագրված վճարումների գումարը կարգի 6-րդ կետի համաձայն կհաշվանցվի. - 40 % -ի չափով ( 6600 դրամ X 40 % = 2640 դրամ)` ԱԱՀ-ի եռամսյակային պարտավորությունների դիմաց, և
- 60 % -ի չափով (6600 դրամ X 60 % = 3960 դրամ, կամ 6600 դրամ - 2640 դրամ = 3960 դրամ)` շահութահարկի եռամսյակային պարտավորությունների դիմաց:
Հաջորդ ամիսների համար տնտեսավարող սուբյեկտն ամեն դեպքում կատարում է հաստատագրված վճարումներ` չորրորդ եռամսյակի արդյունքներով, նորից վերը նշված կարգով կատարելով համեմատություն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ:
6. Կարգի 7-րդ կետի հետ կապված.
Հաստատագրված վճարումների հաշվարկման համար հիմք հանդիսացող համապատասխան տվյալների հաշվարկումը (գրանցումը) իրականացվում է հարկային տեսչության մարմնին սահմանված կարգի փաստաթղթի (հայտարարության) ներկայացման և դրա մեկ օրինակը հարկային տեսչության մարմնի կողմից կնքվելուց հետո տնտեսավարող սուբյեկտի խանութի, կրպակի (տաղավարի) երևացող մասում փակցնելու միջոցով:
Այդ նպատակով տնտեսավարող սուբյեկտներն իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին նախօրոք 2 օրինակից ներկայացնում են հաստատագրված վճարումների հաշվարկման համար տվյալների գրանցման մասին հայտարարություն (ձևը կցվում է): Հարկային տեսչության մարմնի կողմից հերթական հրամանով հայտարարությունը գրանցելուց, կնքելուց և համապատասխան կարգով մուտքագրելուց հետո օրինակներից մեկը վերադարձվում է տնտեսավարող սուբյեկտին, որը (կամ պատճենը) փակցվում է տնտեսավարող սուբյեկտի առևտրական գործունեության իրականացման վայրում, մուտքի մոտ` երևացող տեղում:
Հետագա ժամանակաշրջանում ելակետային տվյալներում փոփոխությունների ժամանակ կատարվում են համապատասխան փոփոխություններ «Հաստատագրված վճարումների գրանցման մասին հայտարարության» մեջ:
_________________ տարածքային հարկային տեսչության պետ` ______________________ |
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
1. Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը _______________________________ 2. Հարկ վճարողի հաշվառման համարը ___________________________________ 3. Գտնվելու վայրը ________________________________________________ 4. Առևտրական գործունեության իրականացման հասցեն ___________________________________________ 5. Առևտրական կետերի բնութագիրը` խանութ, կրպակ (տաղավար) (անհրաժեշտը ընդգծել) 6. Կրպակի (տաղավարի ամբողջ մակերեսը, մ2 ____________________________________________ 7. Խանութի ընդհանուր մակերեսը մ2 ____________________________________ - առևտրական տարածքը (մակերեսը) մ2 ________________________________ 8. Հանգստյան (չաշխատելու) օրերը _____________________________________ Տնտեսավարող սուբյեկտի (պաշտոնական անձի) ստորագրություն Կ.Տ. Գրանցված է Թիվ ______ ____________ 199 թ. Կ.Տ. _______ ___________ 199 թ. |