«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11203127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
2 ապրիլի 2003 թ. |
N 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 23-ի թիվ 112 որոշման հավելվածի 26-րդ կետի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Ոստիկանությունում ղեկավար-դաստիարակչական աշխատանքների կարգը և պայմանները» համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, ուսումնական հաստատությունների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների պետերին՝
- կազմակերպել սույն կարգի ուսուցումը և իրականացնել դրա պահանջների կատարումը:
3. Հրամանն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
Հ. Հարությունյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ Ը Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր Ը
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ - ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանությունում ղեկավար-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման կարգն ու պայմանները:
2. Կարգի նպատակն ու խնդիրներն են.
նպաստել՝
ա) ոստիկանությունում նոր ընդունված ծառայողների մասնագիտական պատրաստականության և բարոյագաղափարական դաստիարակության աշխատանքների արդյունավետ կատարմանը, ծառայողի ընտրած մասնագիտության առանձնահատկություններին ծանոթանալուն, ինչպես նաև հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի աշխատանքները որակով կատարելու համար անհրաժեշտ գործնական ունակություններ ձեռք բերելուն.
բ) կոլեկտիվում նոր ընդունված ծառայողի կողմից իր անհատականությունը, բարոյագաղափարական և կամային հատկանիշները դրսևորելուն, կոլեկտիվի լիարժեք անդամ դառնալուն, նրա լավագույն ավանդույթները յուրացնելուն և իրագործելուն:
ՂԵԿԱՎԱՐ - ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Փորձաշրջանի և վերապատրաստման արդյունքներով թեկնածուին ոստիկանությունում կրտսեր և ավագ խմբի պաշտոններում նշանակելուց հետո ոստիկանության ծառայողին մեկ տարի ժամկետով կցվում է ղեկավար-դաստիարակ:
4. Ղեկավար-դաստիարակ նշանակվում է ծառայության մեջ բարձր ցուցանիշներ, դաստիարակչական ունակություններ ունեցող և անձնակազմի հարգանքը վայելող առավել պատրաստված ծառայողը՝
ա) ոստիկանությունում ծառայության նոր ընդունված կրտսեր և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ.
բ) ոստիկանության ուսումնական հաստատություններ ավարտած՝ նոր ընդունված ծառայողների նկատմամբ:
5. Ղեկավար-դաստիարակի կցումը նոր ընդունված ծառայողին կատարվում է ստորաբաժանման պետի հրամանով, նոր ընդունվող ծառայողին նշանակելու օրվանից՝ մեկ շաբաթվա ընթացքում: Յուրաքանչյուր ղեկավար-դաստիարակին կցվում է 2-ից ոչ ավել նոր ընդունված ծառայող:
Հրամանի մեկական օրինակը տեղերում կցվում է կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ղեկավար-դաստիարակի և նոր ընդունված ծառայողի անձնական գործերին: Ավագ խմբի պաշտոններ զբաղեցնելու դեպքում հրամանի օրինակներն ուղարկվում են կադրերի վարչություն՝ նրանց անձնական գործերին կցելու համար:
6. Ղեկավար-դաստիարակչության ժամկետը լրանալուց հետո տվյալ ստորաբաժանման պետը, նոր ընդունված ծառայողի անմիջական պետի գրավոր զեկուցագրի հիման վրա հաստատում է բնութագիրը, որը կցվում է նոր ընդունված ծառայողի անձնական գործին:
7. Ղեկավար- դաստիարակի կատարած աշխատանքի արդյունավետությունը հաշվի է առնվում ծառայողի ատեստավորման ժամանակ:
ՂԵԿԱՎԱՐ - ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Ղեկավար-դաստիարակը պատասխանատվություն է կրում նոր ընդունված ծառայողի հետ տարվող աշխատանքների համար և իր առջև դրված խնդիրներին համապատասխան իրավասու է.
ա) ծանոթացնել նոր ընդունված ծառայողին ծառայողական գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտերի, ոստիկանությունում ծառայության անցման և մասնագիտական պատրաստականության կազմակերպումը կանոնակարգող հիմնական փաստաթղթերի պահանջներին.
բ) հաշվի առնել նոր ընդունված ծառայողի անհատական առանձնահատկությունները, ինչպես նաև ընդհանուր կրթական և հատուկ պատրաստվածության մակարդակը.
գ) կազմել նոր ընդունված ծառայողի հետ տարվող անհատական-դաստիարակչական աշխատանքի տարեկան պլան և նոր ընդունված ծառայողի անմիջական պետի հետ համաձայնեցնելուց հետո ներկայացնել ստորաբաժանման պետի հաստատմանը.
դ) նպաստել նոր ընդունված ծառայողի մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, սովորեցնել նրան ծառայողական խնդիրների լուծման առավել արդյունավետ ձևերը: Միջոցներ ձեռնարկել նոր ընդունված ծառայողի կողմից կարգապահության և օրինականության խախտում թույլ չտալու ուղղությամբ: Ակտիվ մասնակցություն ունենալ նրա ծառայողական և հասարակական գործունեության հետ առնչվող հարցերի քննարկմանը.
ե) հսկողություն սահմանել նոր ընդունված ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու նկատմամբ, մասնակցել նրա կողմից առավել բարդ ծառայողական հանձնարարությունների կատարմանը.
զ) հետևել, որ նոր ընդունված ծառայողն իր ծառայողական և մարտական պատրաստականության ընթացքում կանոնավոր հաճախի պարապմունքներին, լիարժեք տիրապետի տեսական և գործնական հմտություններին, կարողանա ինքնուրույն աշխատել ծառայողական փաստաթղթերի և հանձնարարված գրականության հետ, համառոտագրել դրանք.
է) անձնական օրինակով նպաստել ծառայողական պարտքի կատարման նկատմամբ նոր ընդունված ծառայողի բարեխիղճ վերաբերմունքի դաստիարակմանը, նրա կողմից կարգապահության, օրինականության և մասնագիտական էթիկայի նորմերի պահպանմանը, քաղաքացիների նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունքի արմատավորմանը.
ը) եռամսյակը մեկ անգամ ստորաբաժանման պետին հաշվետվություն ներկայացնել նոր ընդունված ծառայողի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:
ՆՈՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նոր ընդունված ծառայողը իրավասու է.
ա) հաստատակամորեն աշխատել ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ տեսական և գործնական հմտությունների ձեռքբերման ուղղությամբ, սահմանված ժամկետներում կատարել անհատական դաստիարակչական աշխատանքի պլանով նախատեսված առաջադրանքները.
բ) մշտապես աշխատել ընդհանուր գիտելիքների մակարդակի, կազմակերպվածության, կարգապահության բարձրացման ուղղությամբ, ակտիվորեն մասնակցել կոլեկտիվի հասարակական կյանքին.
գ) կատարել ղեկավար-դաստիարակի հանձնարարությունները:
ՂԵԿԱՎԱՐ - ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
10. Ղեկավար-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու է ստորաբաժանման պետը, որն իրավասու է՝
ա) անհատական զրույց անցկացնել նոր ընդունված ծառայողի հետ, նրան ներկայացնել անձնակազմին և հայտարարել ղեկավար-դաստիարակի նշանակման մասին հրամանը.
բ) ղեկավար-դաստիարակին իրազեկել նոր ընդունված ծառայողի դաստիարակության մեթոդիկայի վերաբերյալ, քննարկել և հաստատել նոր ընդունված ծառայողի հետ ղեկավար-դաստիարակի անհատական դաստիարակչական աշխատանքի պլանը, հսկել դրա կատարումը.
գ) ստեղծել անհրաժեշտ պայմաններ ղեկավար-դաստիարակի և նոր ընդունված ծառայողի համատեղ ծառայությունը կազմակերպելու, նրանց կողմից օպերատիվ - ծառայողական խնդիրներն իրականացնելու, նորմատիվ ակտերը և հատուկ գրականությունը ուսումնասիրելու համար.
դ) ղեկավար- դաստիարակության ժամկետը լրանալուց հետո անմիջական պետի հետ քննարկել նոր ընդունված ծառայողի մասնագիտական պատրաստվածության և բարոյագաղափարական դաստիարակության արդյունավետությունը, ինչպես նաև որոշում ընդունել ղեկավար-դաստիարակության ժամկետն ավարտված համարելու մասին.
ե) ուսումնասիրել, վերլուծել, ամփոփել ղեկավար-դաստիարակչական աշխատանքների գործընթացը և միջոցառումներ իրականացնել այդ աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ.
զ) յուրաքանչյուր կիսամյակի վերաբերյալ կադրերի վարչություն ներկայացնել ղեկավար-դաստիարակչական աշխատանքների հաշվետվությունը (հավելված 2) :
11. Ոստիկանությունում ղեկավար-դաստիարակչության կազմակերպման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունը:
Հավելված 2 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ոստիկանության ________________________________________-ի
(ստորաբաժանման անվանումը)
ղեկավար-դաստիարակչական աշխատանքների վերաբերյալ
2003 թ. _____________ կիսամյակ
հ/հ |
Ղեկավար-դաստիարակի անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը |
Նոր ընդունված ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը |
Ղեկավար-դաստիարակի նշանակման հրամանը, ամսաթիվը |
Այլ նշումներ նոր ընդունված ծառայողի և ղեկավար -դաստիարակի վերաբերյալ (տույժ, հեռացում, ազատում) |
|
|
|
|
|
Ստորաբաժանման պետ |
______________________ |
(____________________________) |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) | |
|