Գլխավոր տեղեկություն
Номер
N 217
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.12.1997-14.09.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1997.12.04/5
Принят
Արդյունաբերության և առևտրի նախարար
Дата принятия
04.11.1997
Подписан
Արդյունաբերության և առևտրի նախարար
Дата подписания
04.11.1997
Дата вступления в силу
09.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2003

103.0217.04.11.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն


ք. Երևան

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ս/թ հոկտեմբերի 15-ի` «Նախարարության համակարգի ձեռնարկությունների-բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման գործընթացի մասին» կոլեգիայի N 1/1 որոշման,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախարարության համակարգի ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման (աճուրդի միջոցով վաճառքի, հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնման, լուծարման ենթակա միջոցների դուրս գրման) կարգը (հավելված N 1):

2. Ստեղծել նախարարության համակարգի ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների հիմնական միջոցների օտարման հարցերով զբաղվող նախարարության մշտական գործող հանձնաժողով (հավելված N 2):

3. Նախարարության պետական ունեցվածքի օտարման գործընթացը կարգավորող խմբին (Գ. Անանյանին)` հաստատված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Ուժը կորցրած համարել ՀՀ նախկին առևտրի սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության 04.03.1996 թ. «Նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների օտարման, դուրս գրման և աճուրդով վաճառքի կարգերի մասին, N 62, 23.08.1996 թ. «Նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) օտարման և աճուրդով վաճառքի կարգի մասին» թիվ 300, 09.09.1996 թ. «Տրանսպորտային միջոցների օտարման ցուցումները հաստատելու մասին» N 322, 04.03.1996 թ. «Նախարարության մշտական գործող հանձնաժողով ստեղծելու մասին» N 61 և ՀՀ նախկին արդյունաբերության նախարարության 08.04.1992 թ. N 49, 24.03.1993 թ. N 46, 13.08.1996 թ. N 96 և 19.09.1996 թ. N 106 նախարարությունում սեփականության և ապապետականացման գործընթացը կարգավորող հանձնաժողովի կազմի մասին հրամանները:

5. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար

Գ. Նանագուլյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և
ԱՌևՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
04.11.97 Թ. N  217 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ (ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ, ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ)

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» հ. 92, 1995 թ. հուլիսի 4-ի «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի հ. 92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ. 400 որոշումների և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1997 թ. փետրվարի 7-ին հաստատված «Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրսգրման մասին» կարգի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգի ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների (այսուհետև ձեռնարկություններ) հիմնական միջոցների օտարման վերաբերյալ առաջարկությունները քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է նախարարության մշտական գործող հանձնաժողով:

Մշտական գործող հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում որոշում է կայացնում սահմանված կարգով մասնագիտական հանձնաժողովներ ստեղծելու մասին` կոնկրետ հարցերի համալիր ուսումնասիրման և դրանց վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով:

3. Հիմնական միջոցների օտարման թույլտվություն է հանդիսանում նախարարի հրամանը, որը տրվում է նախարարության մշտական գործող հանձնաժողովի որոշման հիման վրա:

4. Նախարարության համակարգի ձեռնարկությունները, որոնք ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հաստատված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում կարող են օտարել օգտագործման համար ոչ պիտանի, բարոյապես մաշված կամ շահագործման համար ոչ շահութաբեր հիմնական միջոցները:

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված ձեռնարկություններում հիմնական միջոցները կարող են օտարվել միայն ՀՀ սեփականաշնորհման նախարարության համապատասխան թույլտվության առկայության դեպքում:

5. Նախարարության ձեռնարկությունները, որոնք նախատեսում են օտարել տեղակայման ենթակա սարքավորումները, պետք է նախարարություն ներկայացնեն սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը:

6. Հիմնական միջոցների օտարման անհրաժեշտությունը հիմնավորելու, պահանջվող փաստաթղթերը ձևակերպելու և ձեռնարկությունների խորհրդին կամ վարչությանը քննարկման ներկայացնելու համար ձեռնարկություններում ղեկավարի հրամանով ստեղծվում են հանձնաժողովներ:

7. Հիմնական միջոցների օտարման թույլտվություն ստանալու համար ձեռնարկությունները պետք է ուղեկցող նամակով նախարարություն ներկայացնեն.

7.1. Խորհրդի (բաժնետիրական ընկերության համար) կամ տնօրենի (պետական ձեռնարկության համար) կողմից հաստատված արձանագրությունը պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման անհրաժեշտության հիմնավորմամբ.

7.2. Օտարվող հիմնական միջոցների ցուցակները, նրանց բնութագրող տվյալներով` համաձայն սույն կարգի 7.3, 7.4, 7.5 կետերի: Նշված ցուցակների հետ միասին հանձնաժողովին ներկայացվում են ձեռնարկության նույնատիպ միջոցների քանակը:

7.3. Օտարվող հիմնական միջոցների տեխնիկական վիճակի մանրամասն նկարագրությունը և լուսանկարները:

7.4. Տնօրենի (խորհրդի) կողմից հաստատված տեղեկանք օտարման ներկայացվող հիմնական միջոցների ձեռնարկության հաշվեկշռում գտնվելու և ենթակա օբյեկտներին ամրակցված չլինելու մասին:

7.5. Օտարվող հիմնական միջոցների առաջարկվող նվազագույն մեկնարկային գինը:

7.6. Ավտոմոտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում են նաև մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը, շարժիչի համարը, թափքի համարը, ամրաշրջանակի համարը, շահագործման սկզբից կատարած վազքը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:

7.7. Շենքերի, կառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և այլ հիմնական միջոցների համար ներկայացվում են լրիվ անվանումը, մակնիշը և մոդելը (որտեղ կիրառվելի է), չափերը, շահագործման հանձնման տարեթիվը, տեղադրման վայրը, գույքային և գործարանային համարը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:

8. Հիմնական միջոցների վաճառքը իրականացվում է աճուրդային եղանակով:

8.1. Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքը (իսկ առանձին դեպքերում նաև այլ հիմնական միջոցների), հանձնաժողովի որոշմամբ իրականացվում է ձեռնարկությունում փակ աճուրդի եղանակով, տվյալ ձեռնարկության աշխատողների միջև:

Աճուրդն անցկացվում է ձեռնարկության ղեկավարի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը:

8.2. Այլ հիմնական միջոցների (այդ թվում նաև ձեռնարկությունում կայացած փակ աճուրդում չվաճառված սույն կարգի 8.1. կետում նշված միջոցների) վաճառքը իրականացվում է աճուրդային եղանակով, ապրանքա-ֆոնդային բորսայի միջոցով` պայմանագրի հիման վրա:

9. Ձեռնարկության ղեկավարությունը կոլեկտիվի անդամներին նախօրոք իրազեկ է դարձնում ձեռնարկության հիմնական միջոցների սպասվելիք աճուրդային վաճառքի մասին, տեսանելի վայրերում հայտարարություններ փակցնելով, նշելով հիմնական միջոցները բնութագրող տվյալները, աճուրդի անցկացման հասցեն, օրը և ժամը:

Ապրանքա-ֆոնդային բորսայում անցկացվող աճուրդին մասնակցելու ցանկացողների ցուցակը սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն:

10. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին տրվում է այդ ձեռնարկության կողմից վաճառքի ներկայացված գույքը (հիմնական միջոցները) գնելու նախապատվություն մյուս գնորդների նկատմամբ, որը կանոնակարգվում է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության և ապրանքա-ֆոնդային բորսայի միջև կնքվող պայմանագրով:

11. Ապրանքա-ֆոնդային բորսայի կողմից անցկացվող աճուրդները իրականացվում են գործող օրենսդրության, կնքված պայմանագրերի և բորսայի կանոնադրության պահանջներին համապատասխան:

12. Հիմնական միջոցների աճուրդային վաճառքի մեկնարկային գների որոշման և աճուրդի հետ կապված գոյացած գումարների օգտագործման համար անձնական պատասխանատվություն են կրում ձեռնարկության ղեկավարը և գլխավոր հաշվապահը:

13. Հիմնական միջոցների օտարման հարցերը որոշող նախարարության մշտական գործող հանձնաժողովի քարտուղարը համակարգում է նախարարության ձեռնարկությունների և ապրանքա-ֆոնդային բորսայի աշխատանքները ու այդ մասին պարբերաբար զեկուցում հանձնաժողովին:

14. Դիտորդի կարգավիճակով աճուրդին կարող են մասնակցել նաև նախարարության մշտական գործող հանձնաժողովի անդամները:

15. Հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը.

ա) նախարարության համակարգի ձեռնարկությունների հիմնական միջոցները միմյանց են հանձնվում հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց, նրանց մնացորդային արժեքով.

բ) նախարարության համակարգի ձեռնարկություններից մինչև 3 մլն. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հիմնական միջոցները հաշվեկշռից հաշվեկշիռ, անհատույց հանձնումն այլ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչությունների, պետական կառավարման տեղական մարմինների ձեռնարկություններին, բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, իսկ 3 մլն. դրամ հաշվեկշռային արժեքը գերազանցող հիմնական միջոցների անհատույց հանձնումը` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.

գ) ձեռնարկությունների հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումը ոչ պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

16. Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրսգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. մայիսի 2-ի հ. 147 որոշման հիման վրա և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված 1997 թ. փետրվարի 7-ից գործող կարգի համաձայն:

17. Ձեռնարկությունները նախարարություն են ներկայացնում լուծարվող, դուրս գրման ենթակա հիմնական միջոցների ցուցակը` ձև ՀՄ-4 ակտերով (վթարի, շահագործման պայմանների խախտման դեպքում ակտին կցվում են նաև այդ դեպքերի առաջացման պատճառները և ներկայացվում են մեղավոր անձանց, եթե այդպիսիք կան, նկատմամբ կիրառված միջոցները), սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի հետ` ապրանքաֆոնդային բորսայի միջոցով վաճառելու կամ հաշվեկշռից հաշվեկշիռ այլ ձեռնարկություններին հանձնելու նպատակով: Եթե վերոհիշյալ միջոցառումները չեն իրականացվում` ձեռնարկությանը իրավունք է վերապահում նրանց դուրսգրումը հաշվեկշռից:

18. Ձեռնարկությունները վերահսկում են դուրս գրվող հիմնական միջոցների լուծարման, պիտանի ագրեգատների, համակարգերի, դետալների, գունավոր և թանկարժեք մետաղների առանձնացման ընթացքը, որոշում են քանակը և կշիռը և հսկում դրանց համապատասխան պահեստ հանձնումը:

Թանկարժեք մետաղներ պարունակող դետալները և հանգույցները գնահատվում և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և
ԱՌևՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
04.11.97 Թ. N 217 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Կ Ա Զ Մ

 

Նախարարության համակարգի ձեռնարկությունների ԵՎ բաժնետիրական ընկերությունների հիմնական միջոցների օտարման հարցերով զբաղվող նախարարության մշտական գործող հանձնաժողովի՝

 

Շ. Կիրակոսյան -  նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
Ս. Նազարյան -

 արդյունաբերական ճյուղերի վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ,

Գ. Անանյան -  պետական ունեցվածքի օտարման գործընթացի կարգավորման խմբի ղեկավար, հանձնաժողովի քարտուղար,
Հ. Գրիգորյան -  իրավական հարցերով նախարարի խորհրդական,
Ս. Բաբայան -  տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ,
Ա. Զուլալյան -  ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ, գլխավոր հաշվապահ,
Կ. Կոստանդյան -  սեփականաշնորհման և ապապետականացման վարչության պետի տեղակալ,
Յու. Առուստամյան -  գիտության վարչության պետի տեղակալ,
Ռ. Բաղդասարյան -  ֆինանսների և տնտեսագիտական ծրագրերի բաժնի պետ,
Ս. Ազոյան -  պետական ունեցվածքի օտարման գործընթացի կարգավորման խմբի գլխավոր մասնագետ։

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21.11.1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05970059