ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 6-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ |
բազային տուրքի 175 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով |
Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ |
բազային տուրքի 50 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ գործակիցները.
2025 թվականի ապրիլի 1-ից |
2026 թվականի հունվարի 1-ից |
2027 թվականի հունվարի 1-ից |
2028 թվականի հունվարի 1-ից |
2.0 |
3.0 |
4.0 |
5.0 |
Սույն մասով սահմանված՝ պետական տուրքի հաշվարկման գործակիցները կիրառվում են, եթե տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված չէ: Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված լինելու դեպքում պետական տուրքի հաշվարկման գործակից է համարվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանվելու օրն ընդգրկող տարվա համար սույն մասով սահմանված գործակիցը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու վրա:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասամբ օգտագործված՝ խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում` 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում` 50 միլիարդ դրամի և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռևս չօգտագործված՝ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո խաղադրույքներ կարող են ընդունվել սույն օրենքով սահմանվող և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող պետական տուրքի դրույքաչափերի և գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո։
5. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված և մինչև այդ օրը մասամբ օգտագործված՝ խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում` 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում` 50 միլիարդ դրամի և մինչև այդ տարվա հունվարի 1-ն օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաև այդ տարվա հունվարի 1-ից հետո։
6. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված և մինչև այդ օրը չօգտագործված՝ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա այդ տարվա հունվարի 1-ից հետո խաղադրույքներ կարող են ընդունվել այդ տարվա հունվարի 1-ից սահմանվող և մինչև այդ գործող պետական տուրքի դրույքաչափերի և գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-52-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
