ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 245-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․
«6) հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Սույն կետի իմաստով հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը հանցագործության հիմքով փոխադրամիջոցը սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելն ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 246-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․
«5. Սույն Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է, իսկ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Սույն մասում նշված ժամկետը ենթակա է երկարաձգման նույն ժամկետով, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնում տեղեկատվություն է ստացվում քրեական վարույթի (այդ թվում՝ դատական վարույթի) հիմքով տրանսպորտային միջոցը սեփականատիրոջ տիրապետումից դուրս լինելու մասին:»։
Հոդված 3. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «փոփոխությունների» բառից հետո լրացնել «և պետական գրանցումը կասեցված փոխադրամիջոցների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունների հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման գործընթացի վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-55-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
