Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-169-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.04.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.05.2024
Дата вступления в силу
01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին

 

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»․

 

2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, նպատակ ունենալով՝

 ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության բնական ու հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը,

ձևավորել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր,

կանոնակարգել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ պատասխանատու մարմինների գործունեությունը,

ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին հոգեբանական, նյութական և սոցիալական աջակցության տրամադրման և նրանց սոցիալական վերականգնման համար պատասխանատու մարմինների գործունեության համար իրավական հիմքեր, ընդունում է սույն օրենքը:»։

 

Հոդված 2. Օրենքի 2-4-րդ գլուխների վերնագրերում, 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 3-9-րդ, 11-21-րդ հոդվածներում, 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան և կենցաղային» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում, 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 20-րդ հոդվածի 5-րդ մասում, 22-րդ հոդվածի 2-րդ մասում «եղող» բառը փոխարինել «գտնվող» բառով։

 

Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կանոնակարգում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանեկան և կենցաղային բռնության հասկացությունը, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:»:

 

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Ընտանեկան և կենցաղային բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնի արարքը կամ անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ զուգընկերների կամ ընտանիքի նախկին անդամների կամ նախկին զուգընկերների միջև՝ անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից:».

2) 2-րդ մասում՝

 ա. 1-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1) ֆիզիկական բռնություն` անձի կամքին հակառակ՝ ֆիզիկական բնույթի արարքը, ներառյալ՝ բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական բնույթի միջամտությունների ենթարկվելուն պարտադրելը, բժշկական օգնություն ստանալուց զրկելը կամ նման օգնությունը խոչընդոտելը, ֆիզիկական ցավ պատճառելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ սպանությունը, առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ֆիզիկական ներգործությունը, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը, վտանգի մեջ թողնելը, մարդուն առևանգելը.

 2) սեռական բռնություն` անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողությունները, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին և մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով` սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները.

 3) հոգեբանական բռնություն՝ անձին հոգեբանական ճնշում, հոգեկան տառապանք պատճառելը, ներառյալ՝ անձի ինքնագնահատականի և արժանապատվության պարբերաբար նվաստացումը, հարազատ երեխաների, ընկերների և հարազատների հետ շփումներն արգելելը կամ դրանք խոչընդոտելը, ինչպես նաև վերահսկողություն կիրառելը, ինքնավնասման կամ ինքնասպանության սպառնալիքով ճնշում գործադրելը, ֆիզիկական, տնտեսական բռնություն գործադրելու, տնային կենդանիներին վնասելու սպառնալիքը, դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ հարազատի կամ զուգընկերոջ կամ ընկերոջ կամ խնամքի տակ գտնվողի անվտանգության համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ հոգեկան ներգործությունը կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինքնասպանությանը հասցնելը կամ հակելը, հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը, հետամտելը.

4) տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածության մեջ դնելը, նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սննդից, հագուստից, կացարանից, դեղից, հիգիենիկ պարագաներից, օրենքով սահմանված նպաստից կամ կենսաթոշակից, այդ թվում՝ երեխայի համար տրամադրվող, աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից) զրկելը, անձին սեփականության իրավունքով պատկանող կամ նրա կողմից տնօրինվող գույքը վնասելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կամքին հակառակ՝ նրան վարկային կամ ֆինանսական գործարքներում ներգրավելը, անձին սեփականության իրավունքով պատկանող միջոցները և գույքը կտակելուն կամ նվիրաբերելուն հարկադրելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը.»,

բ. 5-րդ կետը «օրինական» բառից առաջ լրացնել «այլ» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-3-րդ, 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ընտանիքի անդամներ` անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը (նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), ծնողը (նաև խորթ ծնողը, որդեգրողը, խնամատար ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրողի ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը (նաև համամայրը կամ համահայրը), ամուսնու քույրը, ամուսնու եղբայրը, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար` փեսան և հարսը.

2) աջակցության կենտրոն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ հավաստագրված պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից (այսուհետ՝ Լիազոր մարմին).

3) ապաստարան (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց (այսուհետ՝ շահառուներ)՝ սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան՝ հավաստագրված Լիազոր մարմնի կողմից, որտեղ շահառուները ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ.»․

«5) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ (նաև ընտանիքի ներսում բռնությանը ականատես երեխան), որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանեկան և կենցաղային բռնությունից.

6) խնամքի տակ գտնվող անձ` երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, առողջական կամ այլ հանգամանքներով անօգնական վիճակում գտնվող անձ, որը բնակվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ, և որի համար մշտապես հոգ է տանում վերջինս.»,

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից:»:

 

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածում 2-րդ մասի «գործ հարուցելուն» բառերը փոխարինել «վարույթ նախաձեռնելուն» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, առկա չէ հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով: Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում որոշման կայացման պահից:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացման ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:»:

 

Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե ընտանիքի մեկ անդամը, զուգընկերը, ընտանիքի նախկին անդամը կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:».

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը սահմանվում է 20-25 օր:».

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Անհետաձգելի միջամտության որոշում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշումն ուժի մեջ է մտնում որոշման կայացման պահից: Դրա պատճենն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով:».

4) 8-րդ մասում՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից առաջին անհրաժեշտության իրերը հավաքելը ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից հեռանալը:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը որոշում է կայացնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու մասին, իրավասու ծառայողը չի հեռանում մինչև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի և նրա խնամքի տակ գտնվող անձանց կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը:».

5) 10-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է մինչև դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքում:».

6) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պաշտպանական որոշումը կայացվում է 4-12 ամիս ժամկետով, և այն կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամիս ժամկետով:».

2) 5-րդ մասի 1-ին կետը «այլ վայրերի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ժամանակավոր կացարանի» բառերով.

3) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության դադարումը` կապված քրեական վարույթի հետ

 

1. Ընտանեկան և կենցաղային բռնության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու, անձի նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփումը սահմանափակելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաuտատող տվյալները գաղտնիացնելու, պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողություն իրականացնելու, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոց տրամադրելու, պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումն ապահովելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելու կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելու, պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոխելու, դատական նիստերի դահլիճից հեռացնելու կամ դռնփակ դատական նիստ անցկացնելու, դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով կազմակերպելու հատուկ պաշտպանության միջոցներ կիրառվելու դեպքերում` համապատասխան միջոցների կիրառման ժամկետով, դադարում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումներով նախատեսված այն սահմանափակումների գործողությունը, որոնք կապված են անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ:

2. Ընտանեկան և կենցաղային բռնության փաստով քրեական վարույթ նախաձեռնելուց հետո անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել, կամ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու մասին որոշում չի կայացվել, և վարույթն իրականացնող մարմինը չի կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ պաշտպանության միջոցները: Եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կայացվել է բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու մասին որոշում, և վարույթն իրականացնող մարմինը կիրառել է սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ պաշտպանության միջոցները, ապա անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել, կամ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե դրանցով նախատեսվող սահմանափակումը կապված չէ անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ:»:

 

Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը և հաշվառումից հանելը, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մշտադիտարկումը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Աջակցության կենտրոն դիմած շահառուների շրջանում ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը՝ բռնության ենթարկված անձանց հետ հանդիպումների, զանգերի և հաղորդակցման այլ միջոցների կիրառմամբ՝ Լիազոր մարմնի սահմանած կարգով:

1.2. Կանխարգելիչ հաշվառման շրջանակում անչափահաս անձի կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է ոստիկանությունը` ներքին գործերի նախարարի սահմանած կարգով:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության իրավասու ծառայողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում է ունենում հաշվառման վերցված ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հետ և իրականացնում բացատրական աշխատանքներ:»:

 

Հոդված 14. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «Հոգեբուժական օգնության մասին» բառերը փոխարինել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» բառերով։

 

Հոդված 15. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում «լիազոր հանրապետական գործադիր մարմինը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 16. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում Լիազոր մարմինը`

1) միջոլորտային ռազմավարական փաստաթղթերի շրջանակում մշակում է պետական ռազմավարական միջոցառումներ և ապահովում է դրանց իրականացումը.

2) մշակում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը.

3) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած աջակցության կենտրոնների և ապաստարանների տրամադրած տվյալները, դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաև այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.

4) ուսումնասիրում է ընտանեկան և կենցաղային բռնության պատճառները, պայմանները և հետևանքները, մշակում դրանց հաղթահարմանն ուղղված պետական ծրագրեր.

5) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների և ապաստարանների հավաստագրումը՝ Կառավարության սահմանած կարգով.

6) ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կնքում է ապաստարանի և աջակցության կենտրոնի ֆինանսավորման պայմանագիր՝ Կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա, և վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների և աջակցության կենտրոնների գործունեության նկատմամբ նաև ֆինանսական միջոցների օգտագործման մասով.

7) վերահսկում է Կառավարության սահմանած ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին, ապաստարանի կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների պահպանումը.

8) վերահսկում է Կառավարության սահմանած աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին, աջակցության կենտրոնների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների պահպանումը.

9) պարբերաբար կազմակերպում է աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակիցների վերապատրաստում, այդ թվում՝ ոլորտի հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ.

10) հանրության համար հասանելի կերպով տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է կապի այն միջոցների ցանկը (ներառյալ՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների համար նախատեսված անվճար «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարները, որոնք աջակցության կենտրոնները և ապաստարանները պարտավոր են ունենալ), որոնցով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածները, նրանց ընտանիքի անդամները և այլ անձինք կարող են անհապաղ կապ հաստատել աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակցի կամ կենտրոնների ներգրաված համապատասխան մասնագետի հետ և ստանալ անհրաժեշտ անհատույց, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ նաև նրանց համար մատչելի օգնություն.

11) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով բացում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար և տնօրինում այն Կառավարության սահմանած կարգով: Հաշվեհամարի միջոցները ձևավորվում են պետական բյուջեի հատկացումներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից.

12) ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելելու նպատակով աջակցման կենտրոն և ապաստարան դիմած անձանց շրջանում սահմանում է մշտադիտարկման կարգը.

13) կազմակերպում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառներում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը, որի կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը։».

14) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինների և հատուկ կառույցների հետ մշակում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը.

15) Միասնական սոցիալական ծառայության միջոցով համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և ներպետական հասարակական կազմակերպությունների հետ՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց՝ ըստ անհրաժեշտության, սոցիալական ծառայություններից օգտվելու գործընթացում աջակցելու և համապատասխան մարմիններ ուղղորդելու համար:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Լիազոր մարմնի ղեկավարին կից գործում է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհուրդը, որը նրան առաջարկություններ է ներկայացնում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարական միջոցառումների, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմում ընդգրկվում են՝

1) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության ներկայացուցիչներ.

2) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

3) աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ։»:

 

Հոդված 17. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 15.

Ներքին գործերի նախարարության լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում».

 

2) 1-ին մասում՝

ա․ առաջին պարբերությունը, 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ներքին գործերի նախարարությունը`

1) ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.

2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, ինչպես նաև կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական առնվազն մեկ հանդիպում ունենում հաշվառված անձանց հետ.»,

բ․ 3-րդ կետը «ոստիկանություն դիմած անձանց» բառերից հետո լրացնել «իրազեկում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցների մասին,» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Կրթության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում».

 

2) 1-ին մասի «լիազոր հանրապետական գործադիր մարմինը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Առողջապահության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում առողջապահության ոլորտի Լիազոր մարմինը`

1) ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում բռնության դեպքով պայմանավորված՝ անձի առողջական խնդիրների լուծման նպատակով.

2) բժշկական հաստատություններում պարբերական վերապատրաստումներ է իրականացնում ընտանեկան և կենցաղային բռնության պատճառով բժշկական օգնության դիմած անձանց համար՝ հասանելի հոգեբանական և այլ ծառայությունների մասին տեղեկացնելու, նրանց աջակցության կենտրոններ ուղղորդելու վերաբերյալ:»։

 

Հոդված 20. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին առաջարկում է սույն օրենքով նախատեսված աջակցությունների տրամադրում.».

3) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) ներկայացնում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը վերաբերող քաղաքականության ու ընտանեկան և կենցաղային բռնությունից տուժած անձանց մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված առաջարկներ:»:

 

Հոդված 21. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինը ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել նրանց կողմից ապաստարանի հիմնադրման կամ արդեն հիմնադրված ապաստարանի գործունեության աջակցման մասին պայմանագիր, որը պետք է պարունակի նաև այդ ապաստարանի գործունեության նկատմամբ Լիազոր մարմնի հսկողություն իրականացնելու կարգը, այդ թվում՝ տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ: Ֆինանսավորվող ոչ առևտրային իրավաբանական անձն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող մրցույթով:».

2) 4-րդ մասը «կրթության պայմաններով» բառերից հետո լրացնել «, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններով» բառերով.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Շահառուները կարող են ապաստարանում տեղավորվել, եթե առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն: Ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ` առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի: Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշում կարող են կայացնել`

1) ոստիկանությունը` կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի դեպքում.

2) ապաստարանը կամ աջակցության կենտրոնը` գնահատված կարիքի հիման վրա:»:

 

Հոդված 22. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-169-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: