ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է որոշմանը, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում դրա հարկադիր կատարումը թույլատրելու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարման ներկայացնելու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և հարկադիր կատարման ներկայացնելը մերժելու մասին:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից և գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-200-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|