ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «դրանց փոխհարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին), մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, շենքերի կառավարման մարմինների փոխհարաբերությունները լիազոր մարմնի, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ, նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «, շենքերի կառավարման մարմինների, լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների և կառուցապատողների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը «տարածքները,» բառից հետո լրացնել «շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «սեփականատերերը կարող են ընտրվել» բառերը փոխարինել «սեփականատերերը, իսկ սույն օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում սեփականատերերի անունից շենքի կառուցապատողը ընտրում են» բառերով.
2) 2-րդ մասի «սեփականատերերն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել» բառերը փոխարինել «սեփականատերերը, իսկ սույն օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում սեփականատերերի անունից շենքի կառուցապատողը իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու» բառերով.
3) 3-րդ մասի «ա» կետից հանել «շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. |
Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները |
1. Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է լիազոր մարմինը, որի իրավասություններն են՝
1) բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակումը.
2) «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի վարումը.
3) բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների համար խորհրդատվական նյութերի՝ մեթոդական ցուցումների, ուղեցույցների, տիպային ձևաթղթերի մշակումը և հաստատումը.
4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում տվյալ մարզի կտրվածքով մարզպետի իրավասություններն են՝
1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը լիազոր մարմնի քննարկմանը.
2) բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի մշտադիտարկումը և դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին՝ վերջինիս հարցման հիման վրա:
3. Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են՝
1) տվյալ համայնքի կտրվածքով՝ համայնքի ղեկավարի՝
ա. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալների մուտքագրումը,
բ. բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացումը և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մարզպետին,
գ. սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը,
դ. սույն կետի «գ» ենթակետում նշված՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման դեպքում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում իր անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքումը,
ե. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին՝ վերջինիս հարցման հիման վրա,
զ. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ.
2) Երևան քաղաքի կտրվածքով՝ Երևանի քաղաքապետի՝
ա. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալների մուտքագրումը,
բ. բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացումը և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին,
գ. սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը,
դ. սույն կետի «գ» ենթակետում նշված՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման դեպքում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում իր անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքումը,
ե. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին՝ վերջինիս հարցման հիման վրա,
զ. օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը՝ լիազոր մարմնի քննարկմանը,
է. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ.
3) համայնքի ավագանու կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված լիազորությունները:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1. | Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում |
1. Նոր կառուցված բազմաբնակարան շենքը շահագործման հանձնելուց հետո՝ մինչև շինության սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, կառուցապատողը սույն օրենքով նախատեսված կարգով սեփականատերերի անունից ընտրում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված՝ շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմնի ձևերից մեկը:
2. Նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից կամ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շենքի կառավարման մարմին ընտրելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում կառուցապատողը հանձնման-ընդունման ակտով շենքի կառավարման մարմնին է փոխանցում շենքի նախագծային փաստաթղթերը՝ շինարարական նորմերով սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին համապատասխան, իսկ հանձնման-ընդունման ակտի օրինակը ակտն ստորագրվելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, ներկայացնում է համայնքի ղեկավարին:
3. Նոր կառուցված բազմաբնակարան շենքի շինությունը կառուցապատողի կողմից օտարվելու դեպքում այդ շինության նկատմամբ սեփականության իրավունքի հետ ձեռք բերողին օրենքի ուժով փոխանցված է համարվում նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բաժնեմասով, իսկ նոր կառուցվող բազմաբնակարան շենքի շինությունը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով ծանրաբեռնվելու դեպքում այդ իրավունքը տարածվում է նաև կառուցվող բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ այդ շենքի համար առանձնացված հողամասի համապատասխան բաժնեմասի վրա:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավունքի ձեռքբերման պայմանագրի կնքումից հետո ընդհանուր բաժնային գույքի բաժնեմասի նվազեցումը կարող է իրականացվել այդ պահին շենքի շինության գնման իրավունք կամ շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձանց գրավոր համաձայնությամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասում նշված սահմանափակումը: Ընդ որում, սույն մասում նշված՝ շենքի շինության գնման իրավունք կամ շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձինք գրավոր համաձայնությունը կարող են հայտնել առանձին համաձայնությամբ կամ կառուցապատողի հետ պայմանագրի կնքման փուլում՝ այն պայմանագրում ամրագրելով որպես առանձին դրույթ: Սույն մասով սահմանված համաձայնությունների հիման վրա բաժնեմասերի փոփոխությունները վերագրանցման պարտավորություն չեն առաջացնում, և այդ փոփոխություններից հետո իրականացվող գրանցումները կատարվում են փոփոխված բաժնեմասերով:
5. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ բազմաբնակարան շենքի շինությունների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կազմում ընդգրկված և մեկից ավելի շինությունների կամ շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորեր, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներ ու դրանց տեղադրման տարածքները կառուցապատողի կողմից չեն կարող առանձնացվել և օտարվել ինչպես շենքի կառուցման ընթացքում, այնպես էլ շենքը շահագործման հանձնելուց հետո: Բացառություն են այն դեպքերը, երբ սույն մասում նշված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորեր, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներ նախատեսված են շենքի կոնկրետ շինության սպասարկման համար, որի պարագայում դրանց տեղադրման տարածքները կարող են օտարվել միայն տվյալ շինության սեփականատիրոջը՝ շինության հետ:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-142-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: