ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան և նպատակները |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման կամ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում մաքսային մարմինների կողմից ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգը և պայմանները, մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների վճարման հետ կապված հարաբերությունները, մաքսային ընթացակարգերին համապատասխան կամ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ ապրանքների տեղափոխման դեպքերում դրանց օգտագործման պայմանները, մաքսային մարմինների և Միության մաքսային օրենսգրքով սահմանված անձանց միջև հարաբերությունները, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքով Միության անդամ պետության օրենսդրությամբ կարգավորման ենթակա կամ Միության մաքսային օրենսգրքով չկարգավորված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքը կարգավորում է նաև մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթի և մաքսային կանոնների խախտումների համար նախատեսված պատասխանատվության հետ կապված հարաբերությունները:
3. Սույն օրենքի նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության կողմից մաքսային կարգավորման և մաքսային գործի բնագավառում Միության մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի կատարման ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների և օրինական շահերի պահպանման ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովումը.
3) մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով չկարգավորված և դրանցով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորման ենթակա` մաքսային գործին առնչվող հարաբերությունների կարգավորումը։
4. Սույն օրենքով չկարգավորվող մաքսային իրավահարաբերությունները կարգավորվում են Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում:
Հոդված 2. | Մաքսային կարգավորումը և մաքսային գործը Հայաստանի Հանրապետությունում |
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային կարգավորումը մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին ու ակտերին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) և «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միանալու մասին» պայմանագրին (այսուհետ՝ Միությանը միանալու մասին պայմանագիր) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային գործի իրականացման կարգի ու կանոնների սահմանումն է։
2. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ օրենսդրությամբ սահմանված տեղափոխման կարգի և պայմանների պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողությունը, մաքսային գործառնությունների կատարման կարգը, ներառյալ մաքսային հայտարարագրումը, ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը, մաքսային վճարների, այլ վճարների և հարկերի գանձումը, մաքսային հսկողությունը և մաքսային վարչարարության իրագործման այլ միջոցներ, ինչպես նաև մաքսային մարմինների և ապրանքների տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքներն իրացնող անձանց միջև հարաբերությունների ապահովումը:
Հոդված 3. | Մաքսային ոլորտում օրենսդրության մշակումը և մաքսային գործի ղեկավարումը Հայաստանի Հանրապետությունում |
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե):
2. Կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, ապահովում է մաքսային վարչարարության իրականացումը, ինչպես նաև աջակցում է մաքսային ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակմանը։
3. Ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, մշակում է մաքսային ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
Հոդված 4. | Մաքսային գործի բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, իսկ Միության օրենսդրությամբ նախատեսված կամ չկարգավորված մասով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
2. Եթե սույն օրենքով սահմանված են Միության մասին պայմանագրով սահմանված՝ միության իրավունքով նախատեսված դրույթներին հակասող՝ նույն հարաբերությունները կարգավորող դրույթներ, ապա գերակայությունը տրվում է Միության մասին պայմանագրով նախատեսված միության իրավունքով սահմանված դրույթներին, բացառությամբ այն դեպքերի, երբ Միության մասին պայմանագրով նախատեսված միության իրավունքով այդ դրույթների սահմանումը վերապահված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
Հոդված 5. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն՝ Միության անդամ պետությունների տարածքից կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք պետական սահմանը փաստացի հատելու միջոցով.
2) ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստացի դուրսբերումը Միության անդամ այլ պետությունների տարածքներ կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներ.
3) սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ օրենքով պետական այլ մարմիններին վերապահված և օրենքով նախատեսված դեպքում մաքսային մարմիններին վերապահված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացում մաքսային մարմինների կողմից:
2. Սույն օրենքում հասկացություններն օգտագործվում են Միության մաքսային օրենսգրքով, Միության` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային այլ պայմանագրերով ու ակտերով, ինչպես նաև Միության մասին պայմանագրով և Միությանը միանալու մասին պայմանագրով, իսկ սույն մասով նախատեսված իրավական ակտերով սահմանված չլինելու կամ այդ իրավական ակտերին համապատասխան՝ հասկացությունների սահմանումը Միության անդամ պետության օրենսդրությանը վերապահված լինելու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Հոդված 6. | Մաքսային փաստաթղթերը |
1. Միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգավորման համաձայն՝ մաքսային փաստաթղթերում ներառվող տեղեկությունների դասակարգիչները սահմանում է Կոմիտեն։
2. Միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային փաստաթղթերի՝ էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն:
3. Կոմիտեն Միության մաքսային օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտում այլ միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված մաքսային փաստաթղթերից բացի կարող է սահմանել այլ մաքսային փաստաթղթեր: Սույն մասում նշված փաստաթղթերի ձևը, դրանց լրացման կարգը, կառուցվածքն ու ձևաչափը, ինչպես նաև դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը սահմանում է Կոմիտեն:
4. Միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտում այլ միջազգային պայմանագրերով և ակտերով մաքսային փաստաթղթերի ձևեր և դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման կարգ սահմանված չլինելու դեպքում այդպիսի փաստաթղթերի ձևերը և դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման կարգը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 7. | Արգելքների և սահմանափակումների պահպանումը |
1. Արգելքների և սահմանափակումների պահպանման ընդհանուր դրույթները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 7-րդ և 12-րդ հոդվածներով:
2. Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատվում է Միության մասին պայմանագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կամ Կառավարության սահմանած դեպքերում ու կարգով, իսկ արտահանման վերահսկողության միջոցների, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցների պահպանումը՝ Կառավարության սահմանած դեպքերում ու կարգով՝ այդ միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացնելու միջոցով:
3. Տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների տեղափոխման դեպքերում և Կառավարության սահմանած այլ դեպքերում, երբ ապրանքների բացթողման ժամանակ մաքսային մարմիններ չեն կարող ներկայացվել ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հավաստող փաստաթղթերը, հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինների թույլտվությամբ ապրանքների բացթողումը, բացառությամբ արտահանման կամ ներմուծման համար արգելված ապրանքների, կարող է կատարվել առանց նշված փաստաթղթերի առկայության՝ բացթողումից հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, դրանք ներկայացնելու, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներն ապահովելու պայմանով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ապրանքները համարվում են պայմանական բաց թողնված ապրանքներ մինչև Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաստատումը ներկայացնելը, իսկ մինչև այդ նշված ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 191-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները:
5. Անկախ սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերը ապրանքների բացթողումից հետո ներկայացնելու թույլտվության առկայության հանգամանքից՝ հայտարարատուն պարտավոր է ապահովել ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը ներմուծման պահին։
6. Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ արգելքներով և սահմանափակումներով պայմանավորված՝ ներմուծման համար արգելված ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանումը Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված անձանցից տարբերվող անձինք կարող են իրականացնել սույն օրենքով սահմանված դեպքում:
7. Արգելքներով և սահմանափակումներով պայմանավորված՝ ներմուծման համար արգելված ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանումը կարող են իրականացնել Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված անձանցից, ինչպես նաև սույն օրենքի 181-րդ հոդվածի 8-րդ մասում նշված անձանցից տարբերվող անձինք՝ մաքսային մարմնի թույլտվությամբ:
8. Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված՝ ապրանքների արտահանման արգելքի մասին մաքսային մարմնի որոշման կայացման դեպքում նշված որոշումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապրանքները մեկնման վայրից Միության մաքսային տարածք հետ չվերադարձվելու դեպքում դրանք արգելանքի են վերցնում մաքսային մարմինները՝ Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 8. | Միության մաքսային սահմանով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը |
1. Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ապրանքները Միության մաքսային սահմանով ներմուծվում և արտահանվում են պետական սահմանի անցման կետերով:
2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման վայրեր են համարվում Կառավարության սահմանած՝ պետական սահմանի անցման կետերը:
3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխումը, սույն հոդվածի 1-ին մասում նշված վայրերից բացի, կարող է իրականացվել նաև այլ վայրերով՝ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով:
4. Կառավարության սահմանած առանձին կատեգորիայի ապրանքների՝ Միության մաքսային սահմանով ներմուծումն ու արտահանումը կարող են իրականացվել միայն Կառավարության սահմանած՝ պետական սահմանի անցման կետերում:
5. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետեր հանդիսացող ժամանման վայրերով, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ այլ վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով:
6. Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետեր հանդիսացող մեկնման վայրերով, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ այլ վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով։
Հոդված 9. | Մաքսային մարմիններ նախնական տեղեկատվություն ներկայացնելը |
1. Մաքսային մարմիններ նախնական տեղեկատվություն ներկայացնելու նպատակները, կազմը և դեպքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններ նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև անգլերեն:
3. Այն դեպքում, երբ ապրանքների ներմուծման պահին մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերում առկա չէ Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կազմով պարտադիր ներկայացվող նախնական տեղեկատվությունը, մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային հսկողություն՝ Միության մաքսային օրենսգրքի 44-րդ գլխին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված մաքսային հսկողության ձևերով և 46-րդ գլխով սահմանված մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցներով:
4. Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 15-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան՝ մաքսային մարմիններ նախնական տեղեկատվություն կարող է չներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատվածների հետ ամբողջությամբ կամ մասնակի համընկնող սահմաններ ունեցող ազատ տնտեսական գոտի ներմուծվող ապրանքների, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ստեղծված ազատ տնտեսական գոտի ներմուծվող ապրանքների համար:
5. Միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին համապատասխան՝ նախքան ապրանքների ժամանումը նախնական մաքսային հայտարարագրման դեպքում որպես նախնական տեղեկատվություն օգտագործվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական մաքսային հայտարարագրում արտացոլված տեղեկությունները, եթե նշված նախնական մաքսային հայտարարագիրը պարունակում է Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
Հոդված 10. | Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը |
1. Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ):
2. ԱՏԳ ԱԱ-ն կարող է օգտագործվել Միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ և սույն օրենքով նախատեսված նպատակներից տարբերվող այլ նպատակներով, եթե դա նախատեսված է օրենքով կամ Կառավարության որոշմամբ:
Հոդված 11. | Մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունումը և պարզաբանումները |
1. Մաքսային մարմինը հայտարարատուի կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա ապրանքների՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ կարող է ընդունել նախնական որոշում՝ Միության մաքսային օրենսգրքի 3-րդ գլխին և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են ընդունել ապրանքների առանձին տեսակների դասակարգման որոշումներ և տալ պարզաբանումներ՝ Կոմիտեի սահմանած կարգով: Սույն մասով սահմանված որոշումները կամ պարզաբանումները հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում՝ այդպիսի որոշումների կամ պարզաբանումների տրամադրմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակում է Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց համար, Միության մաքսային օրենսգրքի համաձայն, մաքսային մարմինների ընդունած նախնական և այլ որոշումներում ներառված տեղեկատվությունները, բացառությամբ շահագրգիռ անձին վերաբերող` պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների:
4. Միության մաքսային օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու համար դիմումատուի ներկայացրած տեղեկությունները բավարար չեն, մաքսային մարմինը ոչ ուշ, քան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված դիմումի գրանցումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում ներկայացրած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով հարցում է ուղարկում լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության մասին` գրավոր ներկայացնելով այն տեղեկությունների ցանկը, որոնք պահանջվում են նախնական որոշում կայացնելու համար:
5. Եթե դիմում ներկայացրած անձը լրացուցիչ տեղեկություններ չի տրամադրում, կամ տրամադրված տեղեկությունները բավարար չեն նախնական որոշում կայացնելու համար, ապա մաքսային մարմինը նախնական որոշում չի ընդունում և այդ մասին ծանուցում է դիմողին:
6. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը մաքսային մարմինն ընդունում է ոչ ուշ, քան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված դիմումի գրանցումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիմումատուի կողմից Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված՝ պահանջվող ամբողջ տեղեկատվությունը ներկայացվելու դեպքում:
7. Անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետից՝ այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում առավել երկար ժամկետում ուսումնասիրելու ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում նշանակելու համապատասխան փորձաքննություն, ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը մաքսային մարմինն ընդունում է ոչ ուշ, քան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված դիմումի գրանցումից հետո՝ 90 օրվա ընթացքում՝ այդ մասին ծանուցելով դիմումատուին:
8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումն ուղարկելու դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքի դասակարգման նախնական որոշման տրամադրման համար սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված ժամկետները կասեցվում են մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտության մասին հայտարարատուին կամ նրա լիազորած անձին ծանուցելու օրվանից մինչև պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելը և վերսկսվում են այդպիսի տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից ստանալու օրվանից:
9. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերը կամ ապրանքների ցանկը, որոնց համար մաքսային մարմնի տրամադրած՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողության ժամկետը կազմում է դրա ընդունման օրվանից հինգ տարի:
10. Միության մաքսային օրենսգրքի 26-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման հետկանչի մասին որոշումն ընդունվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության ընդունած՝ ապրանքների դասակարգման որոշումների հիման վրա և կիրառվում է ընդունման օրվանից:
Հոդված 12. | Ապրանքների դասակարգումը |
1. Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը նշվում են մաքսային հայտարարագրերում և մաքսային մարմիններ ներկայացվող` Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերում՝ ըստ անհրաժեշտության:
2. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների ոչ ճիշտ դասակարգման մասին տեղեկություններ ունենալու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուից կարող է պահանջել ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկություններ, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները հայտարարատուն մաքսային մարմիններ է ներկայացնում Միության մաքսային օրենսգրքի 324-րդ և 325-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ մաքսային մարմիններ ներկայացված տեղեկությունները հավաստող փաստաթղթերն ստանալուց հետո մաքսային հայտարարագրում հայտարարատուի հայտարարագրած ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ճշգրտելու, ինչպես նաև դասակարգման համար լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ապրանքների բացթողումը կատարվում է հայտարարատուի կողմից նախապես հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով՝ Միության մաքսային օրենսգրքի 121-րդ և 325-րդ հոդվածներին համապատասխան:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի տարածվում ոչ սակագնային կարգավորման ենթակա այն ապրանքների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված են ներմուծման և արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ, որոնց առկայության դեպքում ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգվում է, Միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, մինչև ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից որոշման կայացումը:
6. Մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցումից հետո՝ ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո, ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը կազմում է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման վերաբերյալ արձանագրություն, որի հիման վրա մաքսային մարմինն ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում:
7. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևը, որոշման ընդունման կարգն ու ժամկետները սահմանում է Կոմիտեն:
8. Մաքսային մարմնի ընդունած՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը ներառում է հետևյալ տեղեկությունները.
1) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի անվանումը, ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
2) հայտարարատուի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
3) ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ՝ ամսաթիվ) և այն հայտարարագրի գրանցման ամսաթիվն ու համարը, որով հայտարարագրվել է դասակարգվող ապրանքը, ինչպես նաև մաքսային հայտարարագրում ապրանքի համարը, որի համար ընդունվել է ապրանքի դասակարգման մասին որոշումը.
4) ապրանքի անվանումը (մանրամասն նկարագիրը).
5) ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ տեղեկությունները.
6) ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը, իսկ Միության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում, եթե ապրանքների դասակարգման ժամանակ մաքսային մարմնի մոտ բացակայում են ապրանքների առանձնահատկությունների, դրանց անվանումների վերաբերյալ հստակ տվյալներ կամ 10 նիշի մակարդակով ապրանքների դասակարգման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ՝ ելնելով ապրանքի դասակարգման հատկանիշների վրա ազդեցություն ունեցող առանձնահատկությունների վերաբերյալ տվյալներից՝ առնվազն ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը.
7) ընդունված որոշման հիմնավորումը, պատճառը և ԱՏԳ ԱԱ մեկնաբանման համապատասխան կանոնին հղումը:
9. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը կարող է տրամադրվել մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի միջոցով կամ թղթային կրիչով: Թղթային կրիչով ապրանքի դասակարգման որոշումը կարող է տրամադրվել մաքսային մարմինների պաշտոնական ձևաթղթով` մաքսային մարմնի նամակով, կամ կարող է համարվել ստուգում իրականացնելու վերաբերյալ որոշման կամ մաքսային և այլ վճարների կամ տույժերի գանձման վերաբերյալ որոշման բաղկացուցիչ մաս, եթե այդպիսի որոշումները կայացվում են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ:
10. Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը պարտադիր է հայտարարատուի համար:
11. Մինչև ապրանքները բաց թողնելը ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում այն տրամադրվում է հայտարարատուին մինչև ապրանքների բացթողման ժամկետը:
12. Ապրանքների բացթողումից հետո մաքսային ստուգման ընթացքում ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշման ընդունման դեպքում այն ուղարկվում է հայտարարատուին մաքսային ստուգման ակտի հետ:
13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում ԱՏԳ ԱԱ ծածկագրի փոփոխության հետևանքով մաքսատուրքի, հարկերի չվճարված կամ պակաս վճարված գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված` սույն օրենքով սահմանված տույժերի և տուգանքների գանձումն իրականացվում է սույն օրենքին համապատասխան:
14. Ապրանքները բաց թողնելու նպատակով ապրանքների դասակարգման հարցերով հայտարարատուին կամ նրա լիազորած անձին մասնագիտական աջակցություն տրամադրելու համար Կոմիտեն կարող է սահմանել ապրանքների դասակարգման վերաբերյալ տեղեկությունների հայտարարագրման առանձնահատկություններ։
15. Ապրանքները բաց թողնելու նպատակով հայտարարատուն կամ նրա լիազորած անձը սույն հոդվածի 14-րդ մասում նշված առանձնահատկություններից օգտվում է կամավոր։
16. Անկախ սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգավորումից՝ հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կարող է նշել ապրանքների դասակարգման վերաբերյալ իր կողմից ճիշտ համարվող տեղեկությունները։
Հոդված 13. | Սահմանված ժամանակահատվածում չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ներմուծվող կամ արտահանվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման կարգը |
1. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ ապրանքը, որը ներմուծելը կամ արտահանելը նախատեսվում է Միության մաքսային օրենսգրքի 101-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը գերազանցող ժամանակահատվածում` մի քանի խմբաքանակներով, կարող է հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման մեկ ծածկագրով՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշման առկայության դեպքում:
2. Միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը մաքսային մարմինն ընդունում է մինչև այդ ապրանքների ներմուծումը:
3. Միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողության դադարեցման կարգը և ժամկետները, ինչպես նաև ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և դրա գործողությունը դադարեցնելու որոշումների, ինչպես նաև սույն մասում նշված որոշումների ընդունման համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների ձևերը սահմանում է Կառավարությունը:
4. Ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ մաքսային մարմինները Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով մաքսային հայտարարագրում կատարելու նպատակով ընդունում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումները, սահմանում է Հանձնաժողովը, իսկ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում՝ Կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Հոդված 14. | Ապրանքների ծագումը որոշելը |
1. Միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ծագումը որոշվում է Միության մասին պայմանագրով նախատեսված նպատակներով և կանոններով՝ Միության մաքսային օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագումը որոշում և ապրանքների համար ծագման հավաստագիրը տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը՝ սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով մինչև այդ կետով նախատեսված` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը:
3. Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Հայտարարագրման ժամանակ ապրանքների ծագումը որոշում է հայտարարատուն, իսկ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմինը:
Ապրանքների ծագումը հայտարարագրում է հայտարարատուն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:
5. Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) 25-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս ապրանքների ծագման հայտարարագրով հաստատվելու դեպքերը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 15. | Ապրանքներին տրամադրվող կարգավիճակը՝ ըստ ծագման |
1. Ապրանքներին, ըստ ծագման, տրամադրվում է ոչ առանձնաշնորհային ծագման կարգավիճակ կամ առանձնաշնորհային ծագման կարգավիճակ:
2. Ապրանքների ոչ առանձնաշնորհային ծագման շրջանակում նախատեսվում է՝
1) Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառություն, բացառությամբ օրենքով սահմանված կարգով արտոնությունների կիրառման դեպքերի.
2) Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառություն.
3) ապրանքների ծագման ոչ առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրում:
3. Ապրանքների առանձնաշնորհային ծագման շրջանակում նախատեսվում է՝
1) Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառումից ազատում` միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթների շրջանակում.
2) ապրանքների ծագման առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրում.
3) զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներին սակագնային առանձնաշնորհումների տրամադրում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արգելքների և սահմանափակումների, մաքսային վիճակագրության վարման և ծագման հավաստագրերի տրամադրման նպատակով:
Հոդված 16. | Ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքի ծագման որոշման կանոնները |
1. Ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված են համարվում`
1) կենդանի կենդանիները, որոնք ծնվել և աճեցվել են Հայաստանի Հանրապետությունում.
2) կենդանիները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետությունում որսորդության, թակարդելու, ձկնորսության (տվյալ երկրի տարածքային և ներքին ջրերում) կամ համանման այլ գործունեության հետևանքով.
3) կենդանի կենդանիներից Հայաստանի Հանրապետությունում ստացված արտադրանքը.
4) Հայաստանի Հանրապետությունում աճեցված, հնձված, քաղված կամ հավաքված բույսերը կամ բուսամթերքը.
5) Հայաստանի Հանրապետության տարածքից, ընդերքից կամ տարածքային և ներքին ջրերի հատակից ստացված, արդյունահանված օգտակար հանածոները և այլ բնական պաշարներ, որոնք ընդգրկված չեն սույն մասի 1-4-րդ կետերում.
6) Հայաստանի Հանրապետությունում արտադրության, վերամշակման կամ սպառման հետևանք համարվող մնացորդները և երկրորդային հումքը, որոնք պիտանի չեն կամ պիտանի են միայն որպես հումք.
7) Հայաստանի Հանրապետության դրոշն օրինականորեն կրող նավերով չեզոք ջրերում ձկնորսությամբ ձեռք բերված արտադրանքը.
8) սույն մասի 7-րդ կետում նշված ապրանքներից Հայաստանի Հանրապետության դրոշն օրինականորեն կրող նավ-գործարաններում պատրաստված արտադրանքը.
9) Հայաստանի Հանրապետությանը պատկանող կամ Հայաստանի Հանրապետության վարձակալած տիեզերանավերում թռիչքի ընթացքում ստացված արտադրանքը.
10) Հայաստանի Հանրապետությունում սույն մասի 1-9-րդ կետերում նշված արտադրանքից ստացված կամ արտադրված ապրանքները:
Հոդված 17. | Ապրանքի բավարար վերամշակման չափանիշները Հայաստանի Հանրապետությունում |
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ են համարվում այն աշխատանքները, որոնց հետևանքով`
1) տեղի է ունեցել ԱՏԳ ԱԱ-ում ապրանքի ապրանքային ծածկագրի առաջին չորս նիշերից ցանկացածի փոփոխություն.
2) ապրանքի արտադրության մեջ օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում է արտադրանքի բացթողման (մատակարարման) գնի ոչ պակաս, քան 30 տոկոսը, ընդ որում, այդ գնի մեջ հաշվի չեն առնվում անուղղակի հարկերը, առևտրային վերադիրները, տրանսպորտային, ապահովագրման, պահպանման և համանման այլ ծախսերը:
2. ԱՏԳ ԱԱ-ում որպես կոմպլեկտներ դասակարգվող կամ որպես այդպիսիք հանդիսացող ապրանքները համարվում են Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող, եթե կոմպլեկտը հավաքվել է Հայաստանի Հանրապետությունում և դրա՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող մասերի ընդհանուր արժեքը գերազանցում է դրա արժեքի 55 տոկոսը։
Հոդված 18. | Ապրանքի բավարար վերամշակման չափանիշ չհանդիսացող գործողությունները |
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ չեն համարվում`
1) բացառապես ապրանքի նպատակային նշանակության մեջ կատարվող փոփոխությունները.
2) ցանկացած ձևով կատարվող փաթեթավորման գործողությունները.
3) ներդաշնակ համակարգի կանոնների համաձայն` անավարտ ապրանքներն ավարտուն ապրանքների շարքում դասակարգելը կամ ավարտված, բայց չմոնտաժված արտադրանքը մոնտաժված ապրանքների շարքում դասակարգելը.
4) պարզ հավաքման գործողությունները, մասնավորապես մեկ այլ անվանման տակ դասակարգելի ապրանքներ ստանալու համար միավորների խրոցակային միացումը.
5) բացառապես պաշտպանական միջոցների ավելացումը.
6) ԱՏԳ ԱԱ 01 (կենդանի կենդանիներ) ապրանքային խմբում դասակարգված ապրանքներից 02 (միս և մսի ենթամթերք) ապրանքային խմբի ապրանքներ ստանալը.
7) ապրանքների վաճառահանման և փոխադրման նախապատրաստական աշխատանքները.
8) արտադրանքի պահպանության, տեղափոխման և պահեստավորման համար անհրաժեշտ գործողությունները.
9) ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նիշերի, պիտակների կամ այլ տարբերակող նշանների ամրացումը.
10) ապրանքների (բաղադրամասերի) խառնման միջոցով այնպիսի արտադրանքի ստացումը, որի բնութագրերն էապես չեն տարբերվում ելակետային բաղադրամասերի բնութագրերից.
11) սույն մասի 1-10-րդ կետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցությունը:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից` իրենց նպատակային նշանակության փոփոխությամբ ձեռք բերված ապրանքները համարվում են բավարար վերամշակված, եթե կատարված աշխատանքները բավարարում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափանիշը:
3. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի ծագումը որոշելիս ապրանքների հետ ներկայացված փաթեթավորող նյութերի և տարաների ծագումը հաշվի չի առնվում սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով ապրանքների դասակարգման փոփոխության վերաբերյալ սահմանված որևէ դրույթով: Փաթեթավորող նյութերի ու տարաների դասակարգումը կատարվում է ԱՏԳ ԱԱ-ում դասակարգման ենթակա ապրանքների հետ:
4. Ապրանքի ծագումը որոշելիս հաշվի չեն առնվում`
1) ապրանքի արտադրության համար օգտագործվող էներգիայի, վառելիքի, սարքավորումների, մեքենաների և գործիքների ծագումը.
2) ապրանքը վերջնական տեսքի բերելու համար տեխնիկական գործընթացով չնախատեսված, բայց օգտագործված և ֆիզիկապես ապրանքում չընդգրկված նյութերի ծագումը.
3) ապրանքների հետ միաժամանակ տեղափոխվող օժանդակ սարքերի, պահեստամասերի ծագումը, եթե դրանց քանակը և արժեքը բնորոշ են տվյալ ապրանքի համար, դրանց գինը ներառված է ապրանքի գնի մեջ, և դրանք ապրանքից առանձին ապրանքագրված չեն:
5. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնի կիրառման նպատակով կոմպլեկտները կամ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգում որպես այդպիսիք սահմանված ապրանքները մի քանի ապրանքախմբերով (մասնատված) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվելու դեպքում`
1) այդ մասին հայտարարատուն նախօրոք գրավոր տեղեկացնում է մաքսային մարմիններին՝ հայտնելով մասնատման պատճառները, յուրաքանչյուր ապրանքախմբի մասնացուցակը` ապրանքային համապատասխան ծածկագրերի նշումով, յուրաքանչյուր ապրանքախմբի մեջ մտնող ապրանքների արժեքը և ծագումը.
2) մասնատված բոլոր ապրանքները միևնույն երկրից պետք է առաքի միևնույն առաքողը.
3) ամբողջ խմբաքանակը պետք է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվի մաքսային հայտարարագրի ընդունման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
Հոդված 19. | Ապրանքի ծագման որոշումը՝ այլ երկրների կանոններին համապատասխան |
1. Սույն գլխի դրույթներից անկախ՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների ծագումը կարող է որոշվել այն երկրի, երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան, որտեղ դրանք մատակարարվում են ըստ արտաքին տնտեսական գործունեության գործարքի պայմանների:
2. Սույն հոդվածին համապատասխան՝ ապրանքների ծագումը որոշվում է հայտարարատուի դիմումի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 20. | Ապրանքի ծագման հավաստումը |
1. Ապրանքի ծագման հավաստման նպատակով մաքսային մարմինները հայտարարատուից կամ նրա լիազորած անձից կարող են պահանջել ապրանքների ծագումը հավաստող` Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված փաստաթղթերը:
2. Ապրանքի ծագմանը վերաբերող՝ հայտարարագրված տեղեկությունները հաստատում են մաքսային մարմինները: Ապրանքի հայտարարագրված ծագումը հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների կատարման համար, եթե ապրանքի ծագման երկրի կամ Կառավարության լիազորած մարմնի տված՝ հայտարարատուի ներկայացրած ապրանքի ծագման հավաստագրում այն նշված է որպես ծագման միակ երկիր:
3. Մաքսային մարմինը հայտարարատուի ներկայացրած ծագման հավաստագրի իսկության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում հարցում է կատարում ապրանքի ծագման հավաստագիր տրամադրած երկրի լիազոր մարմիններին կամ կազմակերպություններին` լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ ստանալու համար: Հարցում կատարվելու դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է հայտարարատուի հայտարարագրած ապրանքների ծագմանը համապատասխան հաշվարկված մաքսային և այլ վճարների վճարմամբ (վճարների վճարումից ազատմամբ)` մաքսային մարմինների կողմից Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված և փաստացի վճարված մաքսային և այլ վճարների գումարների դրական տարբերության վճարման ապահովումը ներկայացնելու պայմանով:
4. Մաքսային մարմիններն ապրանքների ծագման վերաբերյալ հարցման արդյունքներն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում են կայացնում հայտարարագրված ապրանքների համար հարցման արդյունքներին համապատասխան լրացուցիչ մաքսային և այլ վճարների վճարման անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ, որն առձեռն կամ փոստային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հայտարարատուին` կցելով որոշման կայացման հիմքերը: Մաքսային մարմինների կողմից որոշումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուն վճարում է սույն հոդվածով սահմանված մաքսային և այլ վճարների գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով նախատեսված տույժերը:
5. Ապրանքների ծագման հավաստագիր ներկայացնելը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման հաստատման համար պարտադիր պայման չէ, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
6. Եթե ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված են ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ կամ այդպիսիք նշված չեն, ապա`
1) ծագման հավաստագրի կամ ծագման հայտարարագրի առկայության դեպքում մաքսային մարմինները հաստատում են դրանցում նշված ծագումը.
2) ծագման հավաստագրի կամ ծագման հայտարարագրի բացակայությամբ պայմանավորված՝ մաքսային մարմինների կողմից ապրանքի ծագումը հաստատելու անհնարինության դեպքում ապրանքների նկատմամբ կիրառվում են նշված երկրների նկատմամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների առավել բարձր դրույքաչափերը և ոչ սակագնային կարգավորման առավել խիստ միջոցները:
7. Ապրանքների ծագումից կախված՝ առանձնաշնորհումների, արտոնությունների կիրառության, ինչպես նաև արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանվածության հանգամանքը հաստատելու նպատակով մաքսային մարմինները մաքսային հսկողության իրականացման շրջանակում կարող են պահանջել ապրանքի ծագման պարտադիր հաստատում:
Հոդված 21. | Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը |
1. Մաքսային մարմինը հայտարարատուի կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա ապրանքի ծագման վերաբերյալ կարող է ընդունել նախնական որոշում՝ Միության մաքսային օրենսգրքի 4-րդ գլխին և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան։
2. Ապրանքի ծագման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացվող դիմումի մեջ ներառվող և նշված դիմումի հետ ներկայացվող տեղեկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածով:
3. Ապրանքի ծագման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացվող դիմումի հետ հնարավորության դեպքում ներկայացվում են նաև ապրանքի փորձանմուշները և նմուշները:
4. Միության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից ապրանքի ծագման նախնական որոշում ընդունելու համար դիմումատուի ներկայացրած տեղեկությունները բավարար չեն, մաքսային մարմինը ոչ ուշ, քան ապրանքի ծագման նախնական որոշում ընդունելու համար ներկայացված դիմումի գրանցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմում ներկայացրած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության մասին` գրավոր ներկայացնելով այն տեղեկությունների ցանկը, որը պահանջվում է նախնական որոշում կայացնելու համար:
5. Եթե դիմում ներկայացրած անձը լրացուցիչ տեղեկություններ չի տրամադրում, կամ տրամադրված տեղեկությունները բավարար չեն նախնական որոշում կայացնելու համար, ապա մաքսային մարմինը նախնական որոշում չի ընդունում և այդ մասին ծանուցում է դիմողին:
6. Ապրանքների ծագման վերաբերյալ նախնական որոշումը մաքսային մարմինն ընդունում է ոչ ուշ, քան ապրանքների ծագման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված դիմումի գրանցումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիմումատուի կողմից Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված՝ պահանջվող ամբողջ տեղեկատվությունը ներկայացվելու դեպքում:
7. Անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետից՝ այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում առավել երկար ժամկետում ուսումնասիրելու ապրանքների ծագման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում նշանակելու համապատասխան փորձաքննություն, ապրանքների ծագման վերաբերյալ նախնական որոշումը մաքսային մարմինն ընդունում է ոչ ուշ, քան ապրանքների ծագման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված դիմումի գրանցումից հետո՝ 90 օրվա ընթացքում՝ այդ մասին ծանուցելով դիմումատուին:
8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու անհրաժեշտության ծագման դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքի ծագման նախնական որոշման տրամադրման համար սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ժամկետները կասեցվում են մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին հայտարարատուին կամ նրա լիազորած անձին ծանուցելու օրվանից մինչև պահանջվող տեղեկատվություն ներկայացնելը և վերսկսվում են այդպիսի տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից ստանալու օրվանից:
9. Ապրանքների ծագման նախնական որոշման մեջ փոփոխությունները, այդ որոշման դադարեցումը և հետկանչը կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 22. | Մաքսային արժեքը |
1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի 5-րդ գլխին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան` Միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված մեթոդներով մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Մաքսային մարմինները սույն օրենքով սահմանված կարգով ապրանքների մաքսային արժեքի հետ կապված հարցերի վերաբերյալ անձանց տրամադրում են իրազեկումներ: Իրազեկումներ տրամադրելիս մաքսային մարմինն իրավունք չունի կատարելու փաստաթղթերի ստուգում և ընդունելու նախնական որոշումներ մաքսային արժեքի վերաբերյալ:
4. Սույն օրենքում օգտագործվող «փոխկապակցված անձինք», «նույնական ապրանքներ», «համանման ապրանքներ» հասկացությունները կիրառվում են Միության մաքսային օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված իմաստներով։
Հոդված 23. | Մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ նախնական որոշումները |
1. Միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 19-րդ կետին համապատասխան` մաքսային մարմինները կարող են տրամադրել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ նախնական որոշումներ:
2. Կառավարությունը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև որոշումների կիրառության կարգն ու ժամկետները:
Հոդված 24. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը |
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքն արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը տեղափոխելու համար:
2. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ հայտարարագրում է հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը:
3. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշում է հայտարարատուն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ այն որոշում են մաքսային մարմինները: Մաքսային արժեքը որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII գլխի (մաքսային արժեքի որոշման համաձայնագրի) բացատրական նշումներին համապատասխան՝ Կառավարության սահմանած կարգով:
4. Մաքսային արժեքի որոշման նպատակով սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների` սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքը: Սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների` սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքն ընդունվում կամ մերժվում է հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի կամ մաքսային արժեքի որոշման մեթոդի փոփոխությունը կատարվում է այն դեպքերում, կարգով և ձևով, որոնք Հանձնաժողովը սահմանել է Միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկություններում փոփոխություններ կատարելու մասին մաքսային մարմնի պահանջի հիման վրա՝ մինչև ապրանքների բացթողումը կամ ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկություններում փոփոխություններ կատարելու մասին մաքսային մարմնի որոշման ընդունումը։
6. Սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքի մերժման դեպքում սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում սույն օրենքի 27-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ մաքսային մարմինները գրավոր ծանուցում են հայտարարատուին` կազմելով սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված մերժման եզրակացությունը:
7. Մաքսային մարմինների կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում մաքսային արժեքի մերժման վերաբերյալ հայտարարատուին ծանուցում չներկայացվելու դեպքում հայտարարատուի որոշած մաքսային արժեքը համարվում է ընդունված:
Հոդված 25. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի բաղկացուցիչները |
1. Մաքսային արժեքը ներառում է`
1) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ձեռքբերման գինը.
2) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
3) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.
4) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ արտահանվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
ա. ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
բ. ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
գ. ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
դ. ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և արտահանման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
5) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
6) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
7) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերում նշված ծախսերը ներառվում են արտահանման մաքսային արժեքում, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնի մեջ:
Հոդված 26. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքում չներառվող ծախսերը |
1. Արտահանման մաքսային արժեքում չեն ներառվում`
1) Հայաստանի Հանրապետությունում վճարված կամ վճարման ենթակա և վճարման փաստաթղթերում առանձին նշված անուղղակի հարկերը.
2) մատակարարի նկատմամբ գնորդի ստանձնած ֆինանսական պարտավորություններից բխող տոկոսները, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված գումարների, և եթե տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նմանօրինակ գործարքներում կիրառվող տոկոսի միջին դրույքաչափը.
3) էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ և այլն) արժեքը.
4) Հայաստանի Հանրապետությունից արտահանելուց հետո գործարանների, մեքենաշինական սարքերի կամ սարքավորումների և Հայաստանի Հանրապետությունից արտահանված այլ ապրանքների հետ կապված շինարարական, մոնտաժային, հավաքման, տեխնիկական սպասարկման կամ տեխնիկական օժանդակության աշխատանքների դիմաց կատարվող վճարները, եթե դրանք ներառված չեն այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ:
Հոդված 27. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի մեթոդը |
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուն մաքսային հայտարարագրի հետ ներկայացնում է`
1) ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի, քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի և գնորդի միջև համաձայնեցված այլ փաստաթուղթ).
2) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահման տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերի պարտավորությունը կրում է գնորդը:
2. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի արժեքի մեթոդով, եթե՝
1) հայտարարատուն ներկայացրել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը․
2) գնորդի կողմից ապրանքների տնօրինման կամ օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան, բացի այն սահմանափակումներից, որոնք`
ա. սահմանված են օրենքով կամ
բ. սահմանափակում են աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, կամ
գ. էականորեն չեն ազդում տվյալ ապրանքների ձեռքբերման արժեքի վրա.
3) վաճառքը կամ գինը ենթակա չէ որևէ պայմանի կամ հատուցման, որի պատճառով գնահատվող ապրանքների ձեռքբերման արժեքները չեն կարող որոշվել.
4) գնորդի կողմից ապրանքների հետագա վաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացվող հասույթներից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող անցնել վաճառողին, քանի դեռ հնարավոր չէ համապատասխան ճշգրտում կատարել` համաձայն սույն օրենքի 25-րդ հոդվածի դրույթների․
5) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, սակայն`
ա. հայտարարատուի ներկայացրած տեղեկատվության համաձայն` այդպիսի փոխկապակցվածությունը չի ազդել ապրանքի ձեռքբերման արժեքի վրա, կամ
բ. հայտարարատուի կողմից ձեռք բերված ապրանքի ձեռքբերման արժեքն առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից արտահանված` չփոխկապակցված անձից ձեռք բերված նույնական կամ համանման ապրանքների ձեռքբերման արժեքից, որոնց արտահանման ժամանակ մաքսային արժեքը որոշվել է սույն օրենքի 29-րդ կամ 30-րդ հոդվածով, կամ
գ. հայտարարատուի որոշած մաքսային արժեքը սույն օրենքի 29-րդ կամ 30-րդ հոդվածի համաձայն որոշված նույնական կամ համանման ապրանքների արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ, կամ
դ. հայտարարատուի որոշած մաքսային արժեքը նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանված նույն կամ համանման ապրանքների` սույն հոդվածով նախատեսված մեթոդով որոշված միջին մաքսային արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ:
3. Մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված տեղեկատվության ստուգման ժամանակ հաշվի են առնվում առևտրային գործարքների մակարդակների, այդպիսի գործարքների քանակի վերաբերյալ հայտարարատուի ցույց տված տարբերությունները, ինչպես նաև մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված այն ծախսերը, որոնք վաճառողը կատարում է վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված չեն, և որոնք վաճառողը չի կատարում վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված են: Այդպիսի տեղեկատվության ստուգումն օգտագործվում է հայտարարատուի նախաձեռնությամբ և միայն համեմատության նպատակով, և դրա հետևանքով մաքսային արժեքին փոխարինող արժեքներ չեն կարող սահմանվել:
4. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներից, եթե մաքսային մարմինները հիմքեր ունեն համարելու, որ հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են, ապա նրանք այդ փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով օգտվում են սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից` սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված մերժման ժամանակ գրավոր ներկայացնելով մերժման հիմք համարվող տեղեկատվությունը և դրա աղբյուրները:
Հոդված 28. | Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը |
1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքի որոշման ժամանակ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ծախսերի և 26-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների բացակայությամբ պայմանավորված՝ մաքսային արժեքի որոշման անհնարինության դեպքում մաքսային արժեքը որոշում են մաքսային մարմինները` սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան մաքսային արժեքի որոշման և ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի տրամադրած և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից:
3. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից մաքսային մարմիններին՝ սույն հոդվածով նախատեսված նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 29. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը՝ ըստ նույնական ապրանքների գործարքի արժեքի |
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույնական ապրանքների գործարքի արժեքի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների կամ ապրանքների քանակի տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա՝ անկախ ճշգրտման հետևանքով գործարքի արժեքի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:
2. Ճշգրտումը կատարելիս հաշվի են առնվում տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով տեղափոխվող ապրանքների և դիտարկվող նույնական ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:
3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն նույնական ապրանքների մեկից ավելի գործարքի արժեքներ, ապա արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:
Հոդված 30. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը՝ ըստ համանման ապրանքների գործարքի արժեքի |
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված համանման ապրանքների գործարքի արժեքի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների կամ ապրանքների քանակի տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա՝ անկախ ճշգրտման հետևանքով գործարքի արժեքի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:
2. Ճշգրտումը կատարելիս հաշվի են առնվում տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով տեղափոխվող ապրանքների և դիտարկվող համանման ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:
3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն համանման ապրանքների մեկից ավելի գործարքի արժեքներ, ապա արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:
Հոդված 31. | Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը |
1. Եթե Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքները կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է համախառն ամենամեծ քանակով, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում այդ ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված նվազեցումները և 3-րդ մասում նշված ավելացումները:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված նվազեցումները ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարներն են:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ավելացումները Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների պահեստավորման, փոխադրման, ապահովագրման և համանման այլ ծախսերն են:
4. Համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 32. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը՝ ըստ հաշվարկային արժեքի |
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է`
1) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի և վերամշակման արժեքից.
2) Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար արտադրողների նախանշած նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից և կատարվող ընդհանուր ծախսերից.
3) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը նույն կամ գրեթե նույն քանակի նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերից.
4) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը նույն կամ գրեթե նույն քանակի նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերից, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի:
Հոդված 33. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը |
1. Եթե Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն գլխով սահմանված մաքսային արժեքի որոշման նախորդ մեթոդներով, ապա այն որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա:
2. Ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս չեն կարող հիմք ընդունվել`
1) այլընտրանքային մաքսային արժեքներից ավելի բարձր մաքսային արժեքի ընդունումը նախատեսող տարբերակ.
2) արտադրության ծախսերը, որոնք, սույն օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, ներառված չեն նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների մեջ.
3) նվազագույն կամ առավելագույն մաքսային արժեքները.
4) կամայական արժեքներ:
Հոդված 34. | Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը |
1. Սույն օրենքի 27-33-րդ հոդվածներով նախատեսված՝ մաքսային արժեքի որոշման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի:
2. Հայտարարատուի պահանջով սույն օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է: Նման պահանջի բացակայության դեպքում կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջով անհնար է սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կանոնի կիրառմամբ մաքսային արժեքը որոշել, ապա այն որոշվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 35. | Մաքսային մարմնի կամ նրա պաշտոնատար անձի կայացրած՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի հետ կապված որոշումներին անհամաձայնությունը |
1. Հայտարարագրած մաքսային արժեքը կամ դրա որոշման եղանակը մաքսային մարմինների կողմից չընդունվելու դեպքում մաքսային մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում կազմում և հայտարարատուին են տրամադրում Կոմիտեի սահմանած ձևով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում են հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, ինչպես նաև նշվում է այն մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Մերժման եզրակացության հետ մաքսային մարմինները հայտարարատուին ներկայացնում են մաքսային արժեքի չափը և որոշման եղանակը` հիմնավորելով նաև սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված հերթականությամբ մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինությունը:
2. Մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչև վերջնական որոշում ընդունելը, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուին գրավոր ներկայացնում են գործարքի արժեքի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքները և առաջարկում են հայտարարատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնց քննությամբ նշյալ փաստաթղթերը կամ տեղեկությունները ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում են որոշում մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ կամ ընդունում են հայտարարատուի ներկայացրած մաքսային արժեքը:
3. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունվելու դեպքում հայտարարատուն մերժման եզրակացությունն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, կարող է բողոքարկել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատական կարգով: Մաքսային մարմինը պարտավոր է 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնել համապատասխան որոշում և ծանուցել հայտարարատուին: Բողոքարկումը հայտարարատուին չի ազատում սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից:
ԲԱԺԻՆ 2
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 6
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 36. | Մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը և դրանց գծով արտոնությունները |
1. Մաքսային վճարներ են համարվում մաքսատուրքը, մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը և մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը:
2. Միության անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը հաշվարկվում և վճարվում են Միության մասին պայմանագրին համապատասխան՝ Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերով, բացառությամբ Միությանը միանալու մասին պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, որոնք կարող են հաշվարկվել և վճարվել նշված հավելվածով սահմանված դրույքաչափերով՝ նույն հավելվածով հաստատված ժամանակացույցին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս: Օրենքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի այլ դրույքաչափեր:
4. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:
5. Մաքսային մարմիններին վճարման ենթակա հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մասին պայմանագրով, Միության մաքսային օրենսգրքով, Միության իրավական այլ ակտերով և սույն օրենքով:
6. Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու ձևով սակագնային արտոնությունները սահմանվում են Միության մասին պայմանագրի 6-րդ հավելվածին համապատասխան:
7. Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դեպքում սակագնային արտոնություններ կարող են կիրառվել նաև Միության մասին պայմանագրով, Միությանը միանալու մասին պայմանագրով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով, Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ դեպքերում:
8. Կառավարությունը կարող է սահմանել սակագնային առանձին արտոնությունների կիրառության կարգ՝ Հանձնաժողովի սահմանած դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված արտոնությունների կիրառման համար:
9. Սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են Միության մասին պայմանագրին, երրորդ կողմի հետ կնքված Միության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնցով նախատեսվում է ազատ առևտրի ռեժիմի կիրառում:
10. Արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները կարող են սահմանվել օրենքով:
11. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի վճարման արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և օրենքով:
12. Մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով արտոնությունները սահմանվում են օրենքով:
13. Մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են օրենքով:
Հոդված 37. |
Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողները |
1. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողներ են համարվում հայտարարատուն կամ այն անձինք, որոնք, Միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերի և սույն օրենքի համաձայն, կրում են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորություն:
2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունը կատարում են Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին և 73-րդ հոդվածի 1-ին կետերով սահմանված անձինք կամ նրանց լիազորած անձինք:
3. Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, կազմակերպության վերակազմակերպման դեպքերում սնանկության գործընթացում, դատական ակտերի հարկադիր կատարման ժամանակ մաքսատուրքերի, մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների վճարման գծով պարտավորությունները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձինք:
Հոդված 38. | Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետները |
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով:
2. Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված դեպքում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը:
3. Միության մաքսային օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի և 74-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորության կատարման ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ Հանձնաժողովի սահմանած դեպքերում՝ օրենքով:
Հոդված 39. | Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման կարգը |
1. Մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարելու կարգը սահմանվում է Միության մաքսային օրենսգրքի 61-րդ և 74-րդ հոդվածներով:
2. Մաքսատուրքերը, հարկերը, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը կարող են վճարվել մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը` Միության մասին պայմանագրով, Միության միջազգային պայմանագրերով և սույն օրենքով սահմանված կարգով:
3. Միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, սույն օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների գծով պարտավորությունները կատարելու ձևերը (եղանակները) ու վճարման միջոցները, ինչպես նաև վճարման պահը (վճարելու օրը) սահմանում է Կառավարությունը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված վճարները էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կատարելու կարգը սահմանում է Կառավարությունը։
5. Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված ներմուծման մաքսատուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում բացված` Միության մասին պայմանագրով սահմանված միասնական հաշվին:
6. Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում բացված՝ Միության մասին պայմանագրով սահմանված միասնական հաշվին: Միության մասին պայմանագրով սահմանված նախնական հատուկ, նախնական հակագնագցման և նախնական փոխհատուցման տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական հաշվին:
7. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերը և վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական հաշիվներին:
8. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման համար միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական հաշվին:
9. Մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական հաշվին:
10. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտահանման մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական հաշվին:
11. Ներմուծման մաքսատուրքերը կարող են վճարվել մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը` սույն օրենքով և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
12. Հանձնաժողովի սահմանած հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են Միության մաքսային օրենսգրքի 12-րդ գլխով սահմանված կարգով:
13. Մաքսատուրքը, հարկերը, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Հայաստանի Հանրապետության արժույթով:
14. Միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մուտքի անդորրագիրը կարող է կիրառվել նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի և այլ վճարների, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի հաշվառման և վճարման նպատակով:
15. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքի, մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի վճարման գծով պարտավորությունը կարող է կատարել հայտարարատուի լիազորած անձը:
16. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմինը մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը կամ եթե այդպիսի օրը որոշված չէ՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը բացահայտելու օրվան հաջորդող օրը հայտարարատուին, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ կամ սույն հոդվածի 15-րդ մասում նշված անձանց էլեկտրոնային եղանակով կամ փոստային առաքմամբ՝ հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկում է ծանուցագիր՝ սահմանված ժամկետում չվճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մասին, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, ինչպես նաև 73-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի:
17. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված ծանուցագրի ձևը, դրանում պարունակվող տեղեկությունները սահմանում է Կոմիտեն:
18. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված ծանուցագրով ներկայացված՝ օրենքով սահմանված պահանջների կատարման համար ժամկետը սահմանվում է ծանուցագիրն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օր:
19. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ և 73-րդ հոդվածի 5-րդ կետերին համապատասխան՝ սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված ծանուցագիրը չի ուղարկվում սույն հոդվածի 15-րդ մասում նշված անձանց, եթե՝
1) նախքան ծանուցումն ուղարկելը մաքսային մարմնում առկա է տեղեկատվություն՝ սույն հոդվածի 15-րդ մասում նշված պարտավորությունը սույն օրենքով սահմանված կարգով անհուսալի ճանաչելու մասին, կամ
2) Միության մաքսային օրենսգրքի համաձայն՝ սույն հոդվածի 15-րդ մասում նշված պարտավորությունը դադարած լինելու մասին, կամ
3) սույն օրենքին և Միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ մաքսային մարմիններն սկսել են մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձումը:
20. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով արժութային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
21. Միության մաքսային օրենսգրքի 61-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուի կողմից ներկայացված հանձնարարագրի հիման վրա բանկերը մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի փոխանցումը կատարում են բանկային գործառնությունները կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն։
22. Լուծարվող կազմակերպության մաքսատուրքի և հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումը դրվում է այդ կազմակերպության լուծարման հանձնաժողովի վրա` այդ կազմակերպության դրամական միջոցների, ներառյալ գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է առկա պարտավորությունն ընդգրկել լուծարման հաշվեկշռում:
23. Վերակազմակերպված կազմակերպության՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարում է (են) կազմակերպության իրավահաջորդը (իրավահաջորդները)՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
24. Կազմակերպությունների միաձուլման դեպքում վերակազմակերպված կազմակերպության՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպությունների միաձուլումից առաջացած կազմակերպությունը:
25. Կազմակերպությունների միացման դեպքում վերակազմակերպված կազմակերպության՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն կազմակերպությունը, որին միացել է կազմակերպությունը:
26. Կազմակերպության բաժանման դեպքում վերակազմակերպված կազմակերպության՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
27. Կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի կազմակերպության առանձնացման դեպքում վերակազմակերպված կազմակերպության՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունները առանձնացված կազմակերպություններից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
28. Կազմակերպության վերակազմավորման դեպքում վերակազմակերպված կազմակերպության՝ մաքսատուրքի, հարկերի վճարման, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի պարտավորության կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպության վերակազմավորման հետևանքով առաջացած կազմակերպությունը:
Հոդված 40. | Արտարժույթի փոխարժեքի կիրառումը |
1. Ապրանքների մաքսային արժեքի որոշման, մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների հաշվարկն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:
2. Արտարժույթի վերահաշվարկի նպատակով կիրառվում է մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, եթե Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Հոդված 41. | Հայաստանի Հանրապետությունում «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ու 3-րդ ենթակետերի համաձայն պայմանական բաց թողնված ապրանքների` Միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելու համար Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված ներմուծման մաքսատուրքի, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարվող հարկերի վճարումը կարող է կատարել հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամ այդ ապրանքների նկատմամբ օրինական տիրապետման իրավունք ունեցող այլ անձ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ներմուծման մաքսատուրքի, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարվող հարկերի գումարների վճարումը կատարում են նույն մասում նշված անձինք՝ ապրանքների պայմանական բացթողում իրականացրած մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա, որում արվում են նշումներ՝
1) ապրանքների պայմանական բացթողման համար հիմք համարվող մաքսային հայտարարագրի համարի վերաբերյալ.
2) մաքսատուրքի, հարկերի վճարման վճարային փաստաթղթի վավերապայմանների վերաբերյալ:
3. Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը և մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերը վճարվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք չափով, որոնք պայմանական հաշվարկվել են, կամ չեն վճարվել ապրանքները արտոնությունների կիրառման նպատակով «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնելիս:
4. Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար վճարվում են ներմուծման մաքսատուրքի և մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի լրացուցիչ պարտավորության գումարները, որոնք հաշվարկվում են որպես «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ Միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափով հաշվարկվող գումարների և ապրանքների բացթողման ժամանակ փաստացի վճարված գումարների դրական տարբերություն:
5. Սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում նշված դեպքերով նախատեսված ներմուծման մաքսատուրքերը և մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերը վճարվում են սույն օրենքով նախատեսված համապատասխան գանձապետական հաշիվներին:
6. Սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում նշված դեպքերով նախատեսված ներմուծման մաքսատուրքերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի վճարումը հաստատում է մաքսային մարմինը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին վճարման անդորրագիր տրամադրելու միջոցով:
7. Վճարման անդորրագրի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Կոմիտեն: Վճարման անդորրագրում նշում է արվում ապրանքի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ: Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում, եթե անձինք չեն խախտել Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-4-րդ կետերով սահմանված պայմանները:
Հոդված 42. | Կանխավճարները |
1. Կանխավճարները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածով:
2. Հայտարարատուն մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով վճարումները կարող է կատարել կանխավճարների հաշվին:
3. Կանխավճարները նախքան մաքսային հայտարարագիրը կամ դրան փոխարինող փաստաթուղթը ներկայացնելը կարող են փոխանցվել մաքսային մարմինների կողմից տնօրինվող գանձապետական հաշվին:
4. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, դրանց գծով տոկոսների, տույժերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կանխավճարների գումարներից (դրամական միջոցներից) կարող է իրականացվել հայտարարատուի կարգադրության հիման վրա:
5. Հայտարարատուի կարգադրություն է համարվում՝
1) նրա կողմից կամ նրա անունից մաքսային հայտարարագիր կամ մաքսային հայտարարագրի ճշգրտում ներկայացնելը․
2) նրա կողմից Միության մաքսային օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դիմումը ներկայացնելը․
3) նրա կողմից կանխավճարները վերադարձնելու կամ կանխավճարները դրամական միջոցների ներդրման նպատակով հաշվանցելու դիմում ներկայացնելը․
4) նրա կողմից կանխավճարները մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, դրանց գծով տոկոսների, տույժերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի՝ սահմանված ժամկետում չվճարվելու հետևանքով առաջացած պարտավորությունները մարելուն ուղղելու մասին դիմում ներկայացնելը։
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված դիմումները մաքսային մարմին են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով։
7. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված դիմումների ձևը, կառուցվածքը և ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն:
8. Սույն հոդվածով սահմանված կանխավճարները կարող են օգտագործվել նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի և մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման նպատակով, ինչպես նաև որպես սույն մասում նշված՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի և այլ վճարների վճարման ապահովում:
9. Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուն մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով կամ թղթային եղանակով Կոմիտեի սահմանած ձևով դիմում է ներկայացնում մաքսային մարմիններ՝ կանխավճարների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն ստանալու համար, եթե մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կատարվել է մաքսային մարմինների կողմից՝ կանխավճարների հաշվին:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հաշվետվության ձևը սահմանում է Կոմիտեն, իսկ այդ հաշվետվությունը մաքսային մարմինը հայտարարատուին է տրամադրում համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից հինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
11. Չպահանջված կանխավճարները տնօրինվում են հայտարարատուի կողմից: Հայտարարատուն կարող է հետ ստանալ իր կողմից չօգտագործված կանխավճարները, եթե առկա չեն նրա կողմից վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով ժամկետանց պարտավորություններ, որոնց բռնագանձումը կատարում են մաքսային մարմինները: Այդպիսի ժամկետանց պարտավորությունների առկայության պարագայում մաքսային մարմինների կողմից բռնագանձում տարածելուց հետո կանխավճարների մնացորդային գումարները կարող են վերադարձվել հայտարարատուին՝ սույն մասին համապատասխան:
12. Կանխավճարները կարող են ուղղվել դրամական միջոցների ներդրման եղանակով մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովմանը:
13. Սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան՝ կանխավճարները փոխանցվում են մաքսային մարմինների կողմից տնօրինվող համապատասխան գանձապետական հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 7
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ
Հոդված 43. | Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը |
1. Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանման, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող՝ Միության մաքսային օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և 47-րդ հոդվածով սահմանված պարտադիր վճար է:
2. Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի տեսակները և դրույքաչափերը, մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրք վճարողները, հարկվող օբյեկտը, հաշվարկման բազան, վճարելու պարտավորության ծագումը և դադարումը, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի վճարման ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, բռնագանձման և վերադարձման (հաշվանցման) կարգը, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի արտոնությունները սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 8
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 44. | Մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետների փոփոխությունը |
1. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետների փոփոխությունը ներմուծման մաքսատուրքի, մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի վճարման ժամկետների հետաձգումը կամ տարաժամկետումն է:
2. Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխությունը կատարվում է վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով՝ Միության մաքսային օրենսգրքի 8-րդ գլխով սահմանված հիմքերի և պայմանների առկայության դեպքում և կարգով:
3. Հարկերի վճարման ժամկետների փոփոխության պայմանները, հիմքերը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով:
Հոդված 45. | Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխության ընդհանուր պայմանները |
1. Ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգումը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին ներմուծման մաքսատուրքի վճարման՝ սահմանված ժամկետից ուշ վճարելու հնարավորության տրամադրումն է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար:
2. Մաքսատուրքի տարաժամկետ վճարումը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին մաքսատուրքի վճարման՝ սահմանված ժամկետից ուշ՝ մաս-մաս վճարման հնարավորության տրամադրումն է:
3. Մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը տրամադրվում է Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ժամկետներով:
4. Մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը կարող է տրամադրվել միայն Միության մաքսային օրենսգրքի 9-րդ գլխով նախատեսված ապահովումների առկայության դեպքում:
5. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի ժամկետների փոփոխության համար հաշվարկվում են Միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված չափով:
6. Ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետի հետաձգումը կամ տարաժամկետումը տրամադրվում է հայտարարատուին Միության մաքսային օրենսգրքի 58-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխան՝ մաքսային մարմնի որոշման հիման վրա:
7. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանում է Կառավարությունը:
8. Ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
9. Ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը ներկայացվում է դիմումը ներկայացրած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով:
10. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշման մեջ նշվում է այն ժամկետը, որով տրամադրվում է ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորությունը, իսկ մերժվելու դեպքում որոշման մեջ նշվում են մերժման պատճառները:
11. Տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու մասին գրավոր որոշումը ներառում է նաև ներմուծման մաքսատուրքի վճարման ժամանակացույցը:
12. Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքեր վճարողը մաքսային մարմիններ է ներկայացնում ներմուծման մաքսատուրքերի վճարման հետաձգումը կամ տարաժամկետումը հիմնավորող փաստաթղթեր հետևյալ պետական կառավարման համակարգի մարմիններից.
1) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության՝ արտակարգ իրավիճակների ոլորտի քաղաքականության համար պատասխանատու պետական լիազոր մարմնից.
2) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության՝ ֆինանսների ոլորտի քաղաքականության համար պատասխանատու պետական լիազոր մարմնից.
3) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ միջազգային պայմանագրերով համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից.
4) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության՝ գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության համար պատասխանատու պետական լիազոր մարմնից.
5) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում՝ համապատասխան ոլորտում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնից․
6) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց համալրող մասերի և պահեստամասերի՝ արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործելու հիմքի առկայության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պետական լիազոր մարմնից:
Հոդված 46. | Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգում կամ տարաժամկետում չտրամադրելը |
1. Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը կարող է մերժել հայտարարատուի ներկայացրած՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին դիմումի հիման վրա սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված որոշման կայացումը հետևյալ դեպքերում.
1) եթե հայտարարատուն ունի մաքսային և այլ վճարների գծով ժամկետանց պարտավորություններ․
2) եթե առկա է հայտարարատուի կամ նրա կատարած գործարքների նկատմամբ հարուցված վարույթ․
3) եթե հայտարարատուի նկատմամբ իրականացվում են սնանկության ճանաչմանն ուղղված գործողություններ․
4) եթե հայտարարատուի կողմից արտաքին տնտեսական գործունեության իրականացման ժամկետը ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման նպատակով դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ չի գերազանցում մեկ տարին:
Հոդված 47. | Տոկոսները |
1. Տոկոսները վճարվում են ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշման տրամադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի (վերաֆինանսավորման դրույքաչափի) 1/360-ի չափով՝ հետաձգման կամ տարաժամկետման յուրաքանչյուր օրվա համար: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները հաշվեգրելիս կիրառվում է վերաֆինանսավորման դրույքաչափը, որը գործում է վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից փաստացի օգտվելու համապատասխան ժամանակահատվածներում:
2. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետի հետաձգման դեպքում տոկոսները վճարվում են ոչ ուշ, քան հետաձգման ժամկետն ավարտվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի տարաժամկետ վճարման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված տոկոսները կարող են վճարվել փուլ առ փուլ, սույն օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան տարաժամկետ վճարման համար նախատեսված ամբողջ ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Միության մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ, 174-րդ հոդվածի 6-րդ, 175-րդ հոդվածի 2-րդ, 198-րդ հոդվածի 8-րդ, 208-րդ հոդվածի 10-րդ, 216-րդ հոդվածի 7-րդ, 225-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ, 226-րդ հոդվածի 3-րդ, 241-րդ հոդվածի 7-րդ և 247-րդ հոդվածի 6-րդ կետերով նախատեսված դեպքերում վճարվում են տոկոսներ՝ Միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 9
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 48. | Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման եղանակները |
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետով և սույն օրենքով սահմանված եղանակներով:
2. Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակ է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների տված երաշխիքը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրությունը, որը տրամադրվում է սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների տարածքներում գրանցված փոխադրողների կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է միայն Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված եղանակներով:
4. Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով նախատեսված ապահովումներն ընդունված լինելու վերաբերյալ փաստաթղթերի ձևերը և օգտագործման կարգը հաստատում է Կոմիտեն:
Հոդված 49. | Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումն ապահովելու ընդհանուր պայմանները |
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, ինչպես նաև սույն գլխին համապատասխան:
2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը կարող է նախատեսված լինել միանգամյա կամ բազմակի օգտագործման համար:
3. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման միանգամյա ապահովումը ներկայացվում է մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով միևնույն արտաքին առևտրային պայմանագրի հիման վրա տեղափոխվող` մեկ խմբաքանակում գտնվող ապրանքների համար:
4. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման չափը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի համաձայն:
5. Կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, որոնց համար, Միության մաքսային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ և 75-րդ հոդվածի 7-րդ կետերին համապատասխան, սահմանվում են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման հաստատագրված չափեր, ինչպես նաև նշված հաստատագրված չափերի մեծություններ:
6. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումն իրականացնում են սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով նախատեսված անձինք, իսկ, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն, ապրանքների տեղափոխման դեպքում կարող են իրականացնել տարանցվող ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունք ունեցող այլ անձինք։
7. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որը կատարում է ապրանքների բացթողումը, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով և սույն հոդվածով սահմանված դեպքերի:
8. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել մեկնման վայրի մաքսային մարմնին կամ նշանակման վայրի մաքսային մարմնին։
9. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը մաքսային մարմինները չեն ընդունում Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված դեպքերում:
10. Միության մաքսային օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների արտահանման ժամանակ մաքսային մարմիններին արտահանման մաքսատուրքի վճարման ապահովում չի տրամադրվում:
11. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չտրամադրման լրացուցիչ դեպքերը, ինչպես նաև այն պայմանները, որոնց պահպանման պարագայում այդպիսի ապահովում ներկայացնել չի պահանջվում, սահմանվում են օրենքով:
12. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը ներկայացվում է մաքսային մարմիններ՝ Միության մաքսային օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին և 75-րդ հոդվածի 1-ին կետերին համապատասխան:
13. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման մեծությունը հաշվարկվում և տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:
14. Հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունը Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում չկատարելու դեպքում մաքսային մարմինը նշված պարտավորության կատարման ժամկետի ավարտի օրվան հաջորդող աշխատանքային օրը հայտարարատուին Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովումները տրամադրած անձանց ծանուցում է ուղարկում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման անհրաժեշտության վերաբերյալ:
15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ծանուցման ձևը սահմանում է Կոմիտեն:
16. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ծանուցման ուղարկման օրվանից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետը մաքսային մարմինը սահմանում է 10 աշխատանքային օր:
17. Սույն հոդվածի 14-րդ մասին համապատասխան ուղարկվող ծանուցման մեջ նշվում է նաև մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չվճարված պարտավորությունների գծով հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման պարտավորության վերաբերյալ տեղեկատվություն:
18. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մաքսային մարմինների կողմից ևս 10 աշխատանքային օրով հայտարարատուի կամ հայտարարատուին համապատասխան ապահովումը տրամադրած անձի հիմնավորված դիմումի հիման վրա: Նշված երկարաձգումը չի կարող օրենսդրությամբ սահմանված՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետի խախտման համար նախատեսված տույժերի կամ տուգանքների հաշվարկը դադարեցնելու հիմք հանդիսանալ:
19. Սույն հոդվածով նախատեսված ժամկետում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունը չկատարվելու դեպքում նշված ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինը օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու հայցադիմումով դիմում է դատարան մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով առկա ժամկետանց պարտավորությունների և դրանք օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերի և տուգանքների գանձման նպատակով:
20. Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված եղանակով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման տրամադրման դեպքում հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում մաքսային մարմինները կատարում են գրավի իրացմանն ուղղված աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան: Նշված դեպքում գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների հաշվին փոխհատուցվում են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, իսկ մնացորդային միջոցները վերադարձվում են այդ միջոցները վերադարձնելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե սույն մասին համապատասխան գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցները բավարար չեն մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի և տուգանքների գծով պարտավորությունը մարելու համար, ապա մաքսային մարմինների կողմից գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների հաշվին չմարված պարտավորությունը հաշվարկվում և ծանուցագրով առաջադրվում է հայտարարատուին կամ նրա հետ, Միության մաքսային օրենսգրքի համաձայն, համապարտ պարտավորություն կրող անձանց:
21. Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով, ինչպես նաև սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եղանակներով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը վերադարձվում են հետևյալ դեպքերում.
1) հայտարարատուի կողմից ներկայացվող դիմումի հիման վրա, եթե նշված ապահովմամբ ապահովված չէ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով ընթացիկ պարտավորություն՝ դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
2) եթե նշված ապահովման ժամկետն ավարտվել է, կամ բացահայտվել են այնպիսի հանգամանքներ, որոնց պատճառով ապահովումը չի կարող օգտագործվել մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունն ապահովելու համար՝ ժամկետի ավարտի կամ նշված հանգամանքների բացահայտմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 50. | Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման բազմակի ապահովումը |
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով պարբերաբար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձը կարող է մաքսային մարմիններ ներկայացնել մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման բազմակի ապահովում` իր կողմից առնվազն մեկ տարվա ընթացքում իրականացվող բոլոր գործարքների համար՝ Միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում բազմակի ապահովման տրամադրումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
3. Միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում բազմակի ապահովման տրամադրումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան:
4. Հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման բազմակի ապահովումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որն ընդունում է այդպիսի ապահովման շրջանակում ներմուծվող ապրանքների առաջին խմբաքանակի համար մաքսային հայտարարագիրը:
5. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների բազմակի ապահովումը հաստատող փաստաթղթի համարի, դրանով ապահովվող գումարի, այդ ապահովման գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ մուտքագրվում են մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, որտեղ կատարվում է այդ ապահովման շրջանակում կատարվող գործարքների առանձնացված հաշվառում:
6. Մաքսային մարմինը մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով կատարում է բազմակի ապահովման օգտագործման հնարավորության ստուգում մասնավորապես` ճշտելով ապահովման ժամկետը, ապահովման շրջանակում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների առկայությունը, որից հետո միայն ընդունում է բազմակի ապահովումը կամ ծանուցմամբ պահանջում է նոր ապահովում ներկայացնել՝ ծանուցման մեջ նշելով բազմակի ապահովումը չընդունելու պատճառները:
7. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բազմակի ապահովման շրջանակում իրականացվող յուրաքանչյուր ներմուծման ժամանակ հայտարարատուն մաքսային մարմիններին տրամադրում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման բազմակի ապահովումը հաստատող փաստաթղթի համարի վերաբերյալ տեղեկատվություն:
8. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բազմակի ապահովումը կարող է տրամադրվել դրամական միջոցների ներդրման, երաշխավորության, ապահովագրական կազմակերպությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրության կամ բանկային երաշխիքի տեսքով:
9. Անձի ցանկությամբ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բազմակի ապահովման գումարի չափը կարող է ավելացվել բանկային երաշխիքի, ապահովագրական կազմակերպությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրության, դրամական միջոցների ներդրման, երաշխավորության պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:
10. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերն ու պայմանները, որոնց պարագայում մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է բազմակի ապահովմամբ, գերազանցում է դրանով ներկայացվող ապահովման չափը:
11. Կառավարությունը կարող է սահմանել նաև սույն մասով նախատեսված չափը:
Հոդված 51. | Դրամական միջոցների ներդրումը՝ որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման նպատակով դրամական միջոցները մուտքագրվում են մաքսային մարմինների կողմից տնօրինվող՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշվին:
2. Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների համար դրամական միջոցները՝ որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց, մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշիվներին:
3. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարների գծով պարտավորությունները չկատարվելու դեպքում մաքսային մարմինն իրավասու է որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման միջոց՝ ներդրված դրամական միջոցներից սույն օրենքով սահմանված կարգով գանձելու չկատարված պարտավորություններին համապատասխան գումարները:
4. Որպես դրամական միջոցների ներդրման՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշիվներում մուտքի կամ միասնական գանձապետական հաշվին մուտքի հաստատում՝ դրամական միջոցներ ներդրած անձին տրվում է անդորրագիր, որի կիրառման ձևը և կարգը սահմանում է Կոմիտեն:
5. Սույն հոդվածով նախատեսված անդորրագիրն այլ անձի չի կարող փոխանցվել: Անդորրագրի կորստի դեպքում այն տրամադրած մաքսային մարմինը դրամական միջոցներ ներդրած անձի դիմումի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անդորրագրի կրկնօրինակը:
6. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ներդրված՝ չօգտագործված կամ մասնակի օգտագործված միջոցներն անձի դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով պարտավորությունների կատարմանը, իսկ այդպիսի պարտավորությունների բացակայության դեպքում՝ վերադարձվել:
7. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման բազմակի ապահովման գումարի հաշվին մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների գանձումից երեք աշխատանքային օր առաջ համապատասխան մաքսային մարմինը պարտավոր է այդ մասին ծանուցել բազմակի ապահովում ներկայացրած անձին:
Հոդված 52. | Երաշխիքը |
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման նպատակով մաքսային մարմինները կարող են ընդունել երաշխիքներ (ապահովագրական ընկերությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրություն), որոնք տրամադրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները կամ ապահովագրական ընկերությունները:
2. Երաշխիքի տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխիք տված անձի պարտավորությունների և երաշխիքի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով նախատեսված կարգավորումներից տարբերվող մասով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության բանկային օրենսդրությամբ, ապահովագրական գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:
3. Հայտարարատուն կամ նրա լիազորած անձն ապահովում է սույն օրենքի նպատակով տրամադրվող երաշխիքի անհետկանչելիությունը: Երաշխիքում նշվում են՝
1) մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի (պրինցիպալ) պարտավորությունները, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է երաշխիքով.
2) երաշխիքով ապահովված մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմնի՝ երաշխիք տված անձից երաշխիքով տրված գումարից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարի դուրսգրման անվիճելի իրավունքը.
3) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքով սահմանված տույժ վճարելու՝ երաշխիք տված անձի պարտավորությունը.
4) պայման՝ պետական գանձապետարանի հաշվին կամ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված հաշվին երաշխիքով երաշխիք տված անձի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության փաստը.
5) երաշխիքի գործողության ժամկետը.
6) համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի համարը:
4. Տրամադրված երաշխիքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը և պետք է բավարար լինի երաշխիքով ապահովված պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից երաշխիք տված անձին երաշխիքի մասով պահանջ ներկայացնելու համար:
5. Երաշխիքը մաքսային մարմին ներկայացնելու պահին պետք է ուժի մեջ մտած լինի:
6. Մաքսային մարմինը երաշխիքն ուսումնասիրում է ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն ընդունելու կամ մերժելու նպատակով։
7. Երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝
1) երաշխիքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին.
2) երաշխիքով ապահովվող մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի ընդհանուր գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարի վճարման համար.
3) երաշխիքի ժամկետը պակաս է հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.
4) երաշխիքը տրամադրած բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության՝ օրենքով սահմանված համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիան բացակայում է.
5) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակում:
8. Երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում մաքսային մարմինն այդ մասին սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցում է երաշխիք ներկայացրած անձին՝ նշելով մերժման հիմքերը:
9. Երաշխիքը մաքսային մարմինը վերադարձնում է մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի գրավոր դիմումի հիման վրա, եթե կատարվել կամ դադարեցվել են երաշխիքով ապահովված պարտավորությունները, կամ պարտավորություն չի առաջացել:
10. Բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության ապահովագրական գործունեության իրավունքի լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դադարեցվելու դեպքում այդպիսի բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության երաշխիք ներկայացրած՝ մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողը պարտավոր է լիցենզիայի դադարեցման օրվանից մաքսային մարմին ներկայացնել մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա ունեցող կազմակերպությունից: Սույն մասով սահմանված ժամկետում երաշխիք կամ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման այլ եղանակով ապահովում չներկայացվելու դեպքում անձի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը չի կարող երկարաձգվել:
Հոդված 53. | Երաշխավորությունը |
1. Երաշխավորությունը ձևակերպվում է մաքսային մարմնի և երաշխավորի միջև կնքվող երաշխավորության պայմանագրով: Երաշխավորության տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխավորի պարտավորությունների և երաշխավորության պայմանագրի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենքով:
2. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարելու ապահովումը երաշխավորության միջոցով իրականացնելու դեպքում երաշխավորը մաքսային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով իր ստորագրած կամ կնքած երաշխավորության պայմանագրի երկու օրինակ և մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի գրավոր համաձայնությունը երաշխավորի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման երաշխավորման վերաբերյալ:
3. Երաշխավորության պայմանագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և պետք է պարունակի երաշխավորությամբ ապահովված պարտավորության գումարի, մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի և երաշխավորի համապարտ պատասխանատվություն կրելու և երաշխավորության պայմանագրի գործողության ժամկետի վերաբերյալ նշումներ:
4. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը միևնույն երաշխավորության պայմանագրով չի կարող իրականացվել երկու տարին գերազանցող ժամանակահատվածով:
5. Մաքսային մարմինը երաշխավորության պայմանագիր կնքելու առաջարկն ուսումնասիրում է մաքսային մարմին փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Երաշխավորության պայմանագրի կնքման դեպքում մաքսային մարմինը մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողին է տրամադրում անդորրագիր` երաշխավորությամբ ապահովված պարտավորության գումարի չափով:
7. Երաշխավորության պայմանագրի ընդունումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված երաշխավորության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն օրենքով սահմանված չափանիշներին.
2) երաշխավորության պայմանագրով ապահովվող գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարի վճարման համար.
3) երաշխավորության պայմանագրի ժամկետը կարճ է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.
4) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակում:
8. Երաշխավորության պայմանագրի կնքումը մերժելու դեպքում մաքսային մարմինն այդ մասին սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցում է երաշխավորության պայմանագիրն առաջարկած անձին՝ նշելով մերժման հիմքերը:
9. Մաքսային մարմինը չի կրում երաշխավորության պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը:
Հոդված 54. | Գույքի գրավը |
1. Գույքի գրավը ձևակերպվում է մաքսային մարմնի և մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի միջև կնքվող պայմանագրով: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների փոխադրման համար գույքի գրավի միջոցով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը կարող է ներկայացնել նաև գրավի առարկա հանդիսացող ապրանքների տիրապետման կամ օգտագործման կամ տնօրինման իրավունք ունեցող անձը նոտարական կարգով վավերացված համապատասխան լիազորությունը կամ գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում:
2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման, գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման, գրավի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և սույն օրենքով:
3. Սույն հոդվածի կիրառության նպատակներով կարող է գրավադրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան գրավի առարկա հանդիսացող գույք, բացառությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս գտնվող գույքի.
2) գրավադրված գույքի.
3) կենդանիների և արագ փչացող ապրանքների.
4) կազմակերպությունների.
5) գույքային իրավունքների.
6) արժեթղթերի.
7) շրջանառության մեջ գտնվող ապրանքների.
8) արտադրանքի և արտադրական այն թափոնների, որոնց ազատ իրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, արգելվում է.
9) այն գույքի, որի վրա բռնագանձումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, տարածվում է բացառապես դատարանի որոշմամբ:
4. Գրավի առարկան գրավի պայմանագրի գործողության ընթացքում պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության տարածքում:
5. Գրավի առարկայի շուկայական արժեքը որոշելու համար կատարվում է գրավի առարկայի գնահատում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Գույքի գրավով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումն ապահովելու նպատակով անձը մաքսային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի գրավի պայմանագրի երկու օրինակ` ստորագրված և գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը և դրա շուկայական արժեքը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական վավերացմամբ պատճենները:
7. Գույքի գրավի պայմանագրում ներառվում են հետևյալ պայմանները.
1) անձը, առանց մաքսային մարմնի համաձայնության, իրավունք չունի տնօրինելու գրավի առարկան.
2) գրավատուն իր միջոցներով պարտավոր է ապահովագրել գրավի առարկան.
3) գրավի առարկայի գնահատումը գրավատուն կատարում է իր հաշվին.
4) գրավի առարկան փոխարինելը թույլատրվում է մաքսային մարմնի գրավոր համաձայնությամբ՝ համարժեք այլ գույքով, որը ձևակերպվում է գույքի գրավի պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով.
5) գրավի առարկայի վրա բռնագանձման տարածման դեպքում դրա իրացման մասով ծախսերը փոխհատուցվում են գրավի առարկայի իրացումից ստացված դրամական միջոցների հաշվին, իսկ դրանց ոչ բավարար լինելու դեպքում՝ գրավատուի հաշվին.
6) գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, բացառությամբ գրավի այն առարկայի, որն օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալի պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:
8. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել, եթե գրավի առարկայի շուկայական արժեքն ավելի քան 20 տոկոսով գերազանցում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման անհրաժեշտ չափը:
9. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել` գրավի առարկան գրավատուի մոտ թողնելով կամ մաքսային մարմին փոխանցելով:
10. Մաքսային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելու մասին առաջարկն ուսումնասիրում է այն ստանալուց հետո՝ առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Գույքի գրավի պայմանագրի կնքման դեպքում մաքսային մարմինը գրավատուին է տրամադրում անդորրագիր գույքի գրավով ապահովված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չափի վերաբերյալ:
12. Գույքի գրավի պայմանագրի կնքումը մաքսային մարմինը մերժում է, եթե՝
1) ներկայացված գույքի գրավի պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն օրենքով սահմանված չափանիշներին.
2) գույքի գրավի պայմանագրով ապահովվող գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարի վճարման համար.
3) գույքի գրավի պայմանագրի ժամկետը կարճ է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.
4) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակում:
13. Գույքի գրավի պայմանագրի կնքումը մերժելու դեպքում մաքսային մարմինն այդ մասին սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցում է անձին՝ նշելով մերժման հիմքերը:
14. Գույքի գրավով ապահովված պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի՝ վճարման ենթակա գումարները փոխանցվում են պետական գանձապետական հաշվին կամ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված հաշվին՝ օրենքով սահմանված կարգով գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից:
15. Գույքի գրավի պայմանագրի կնքման և գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման հետ կապված բոլոր ծախսերը կրում է գրավատուն:
Գ Լ ՈՒ Խ 10
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ, ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ
Հոդված 55. | Ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը, հաշվանցումը |
1. Ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման կամ հաշվանցման վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի հիման վրա՝ Կոմիտեի սահմանած կարգով:
2. Միության մասին պայմանագրի 5-րդ հավելվածի դրույթների պահպանմամբ՝ ներմուծման մաքսատուրքը վճարվում է Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված միասնական հաշվին և չի կարող հաշվանցվել այլ վճարների գծով պարտավորությունների մարմանը, բացառությամբ մաքսային վճարների, տույժերի (տոկոսների), ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի: Միության մասին պայմանագրի 8-րդ հավելվածի դրույթների պահպանմամբ՝ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը չեն կարող հաշվանցվել այլ վճարների գծով պարտավորությունների մարմանը, բացառությամբ մաքսային վճարների, տույժերի (տոկոսների):
3. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձման կամ հաշվանցման դիմումը ներկայացվում է մաքսային մարմին։
4. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման դիմումի հետ ներկայացվում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կամ գանձումը հաստատող փաստաթուղթը:
5. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելուց 30 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի նշած վճարողի կամ նրա իրավահաջորդի բանկային հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով։
8. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման և հաշվանցման դիմումի ձևը հաստատում է Կոմիտեն։
9. Միության մաքսային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ և 76-րդ հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը կատարվում է այն դեպքում, երբ առկա չեն մաքսային վճարների և այլ վճարների գծով ժամկետանց պարտավորություններ: Այդպիսի պարտավորությունների առկայության պարագայում մաքսային մարմինները կարող են կատարել նշված պարտավորությունների գումարների մարում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման հաշվին, որից հետո միջոցների մնացորդային մասը վերադարձվում է հայտարարատուին:
10. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով գերավճարների վերադարձը կատարվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերով սահմանված դրույթներին համապատասխան, եթե՝
1) Միության մաքսային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով և 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում մաքսային մարմիններ է ներկայացվում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ տեղեկություն.
2) Միության մաքսային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և 76-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքերում մաքսային մարմիններ են ներկայացվում Միության մաքսային օրենսգրքի 237-րդ և 242-րդ հոդվածներին համապատասխան մաքսային հայտարարագրերը:
11. Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված՝ մաքսային մարմինների կողմից տնօրինվող գանձապետական հաշվին փոխանցված կանխավճարները վերադարձվում են դրանք փոխանցած անձանց նրանց կողմից Կոմիտեի սահմանած ձևով ներկայացված դիմումի հիման վրա դիմումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե մաքսային վճարների և այլ վճարների գծով պարտավորություններ առկա չեն:
12. Միության մաքսային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ նախնական հատուկ, նախնական հակագնագցման և նախնական փոխհատուցման տուրքերը վերադարձվում են հայտարարատուի (վճարողի) կողմից ներկայացված դիմումի հիման վրա դիմումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չէ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով վճարման ենթակա պարտավորություն:
Հոդված 56. | Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձման այլ դեպքեր |
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձը կատարվում է նաև մաքսային մարմնի թույլտվությամբ՝ նախկինում հայտարարագրված մաքսային ընթացակարգի փոփոխության դեպքում, եթե ապրանքները նոր մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարները պակաս են սկզբնական մաքսային ընթացակարգի ժամանակ վճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարներից, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքի 223-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքի:
Հոդված 57. | Որպես մաքսատուրքի, հարկերի և հակագնագցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) |
1. Որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է անձի (նրա իրավահաջորդի) ներկայացրած դիմումի հիման վրա՝ Կոմիտեի սահմանած կարգով:
2. Դրամական միջոցները վերադարձվում (հաշվանցվում) են դրամական միջոցներ ներդրած անձի (նրա իրավահաջորդի) ներկայացրած դիմումի հիման վրա: Դրամական միջոցների` սույն օրենքով նախատեսված հաշիվներին մուտքի անդորրագրի (թղթային կամ էլեկտրոնային) ձևակերպումից երեք տարի հետո մաքսային մարմինը գույքագրում է ներդրված դրամական միջոցները և դրանցով ապահովված պարտավորություններ ծագած չլինելու դեպքում վերադարձնում է դրամական միջոցները այն ներդրած անձին․
3. Սույն հոդվածով սահմանված ժամկետում դրամական միջոցները ներդրած անձը (նրա իրավահաջորդը) հայտնի չլինելու դեպքում չպահանջված գումարները մաքսային մարմնի տեղեկատվության հիման վրա ընդգրկվում են պետական բյուջեի ոչ հարկային այլ եկամուտների մեջ և չեն վերադարձվում։
4. Որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է սույն հոդվածով նախատեսված դիմումը ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) մասին դիմումին կցվում են՝
1) դրամական միջոցների ներդրումը հաստատող վճարման անդորրագիրը.
2) ներդրված դրամական միջոցներով ապահովված պարտավորության կատարումը (դադարեցումը) հաստատող փաստաթղթերը:
6. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի կամ տույժերի վճարման պարտավորություն ունեցող անձի կողմից որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում՝ ներդրված դրամական միջոցների վերադարձը կատարվում է այդպիսի պարտավորությունները մարելուց հետո:
7. Որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) դիմումի և մաքսային մարմնի որոշման ձևերը հաստատում է Կոմիտեն։
8. Կառավարությունը կարող է սահմանել հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը, ինչպես նաև որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովում ներդրված դրամական միջոցները չվերադարձնելու (չհաշվանցելու) դեպքեր:
Գ Լ ՈՒ Խ 11
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ
Հոդված 58. | Ընդհանուր դրույթներ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների բռնագանձման վերաբերյալ |
1. Մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում չկատարվելու դեպքում դրանց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է օրենքով սահմանված կարգով և տարածվում է մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի՝ Միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների կամ այն ապրանքների վրա, որոնց համար չեն վճարվել այդ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը:
2. Մաքսատուրքի, հարկերի, դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ ձեռնարկելուց առաջ մաքսային մարմինը համապատասխան վճարներ վճարողին սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկում է ծանուցագիր մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կատարելու վերաբերյալ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
3. Մաքսային մարմինների կողմից սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված ծանուցագրում նշվում են՝
1) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվարկման հիմքը.
2) համապատասխան վճարի տեսակը, դրույքաչափը, գումարը, վճարման ժամկետը.
3) տոկոսների, տույժերի տեսակը, չափը, գումարը, վճարման ժամկետը.
4) վճարման ժամկետի ուշացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության վերաբերյալ տեղեկատվություն:
4. Հայտարարատուի և այլ անձի մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման համապարտ պարտավորության առկայության դեպքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման վերաբերյալ ծանուցագիրը ներկայացվում է միաժամանակ հայտարարատուին և այլ անձի` ծանուցագրի մեջ համապարտության վերաբերյալ նշում կատարելով:
5. Մաքսային մարմնի կողմից սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված ծանուցագիրը հայտարարատուին կամ համապարտ պարտավորություն կրող անձին ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը չկատարվելու դեպքում մաքսային մարմինները դրանց բռնագանձումը կատարում են օրենքով սահմանված կարգով:
6. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի կողմից սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում մաքսային մարմինն սկսում է մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձման գործընթաց՝ մաքսային մարմիններին ծանուցագրի ստացումից հրաժարվելու մասին փաստի հայտնի դառնալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
7. Մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձում չի կատարվում, եթե մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման մասին պահանջները չեն ներկայացվել դրանց վճարման ժամկետը լրանալու օրվանից կամ Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ժամանակ մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր չվճարելու փաստը հայտնաբերելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
8. Միության անդամ այլ պետության տարածքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության ծագման դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները բռնագանձվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան։
9. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գանձումը կատարվում է ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմնի կողմից կամ այն մաքսային մարմնի կողմից, որին տրամադրվել է տվյալ ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում, կամ ապրանքների ապօրինի տեղափոխումը բացահայտած մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների արժեքի հաշվին, եթե դրանց համար համապատասխան ապահովում կամ կանխավճարներ տրամադրված չեն եղել:
Հոդված 59. | Տույժերը |
1. Տույժեր են համարվում սույն հոդվածով սահմանված այն գումարները, որոնք մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողը պարտավոր է վճարել Միության մաքսային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու դեպքում։
2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված գումարի 0.04 տոկոսի չափով:
3. Սույն մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չվճարված գումարների նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
4. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի նկատմամբ հաշվարկված տույժեր չեն գանձվում սույն օրենքով, Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված՝ հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամանակահատվածի համար:
5. Մաքսային ստուգման արդյունքով մաքսային վճարների չվճարում կամ թերի վճարում բացահայտվելու դեպքում սույն օրենքի 204-րդ հոդվածով նախատեսված մաքսային ստուգման ակտում և դրան համապատասխան ընդունված որոշումներում արտացոլված տույժերը հաշվարկվում են՝ ստուգման ավարտի օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը:
6. Մաքսային ստուգման արդյունքով մաքսային վճարների չվճարում կամ թերի վճարում բացահայտվելու և մաքսային ստուգման ակտում և դրան համապատասխան ընդունված որոշումներում արտացոլված տույժերը սույն օրենքի 204-րդ հոդվածով սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում տույժերի հաշվարկը վերսկսվում է սույն օրենքի 204-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը:
7. Տույժերի վճարումը, բռնագանձումը և վերադարձը կատարվում է Միության մաքսային օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 60. | Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձումն առաջնահերթ այն ապրանքների հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր չեն վճարվել |
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վճարողի հաշիվներին դրամական միջոցների բացակայության դեպքում մաքսային մարմինները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով իրավունք ունեն բռնագանձելու մաքսատուրքը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերն առաջնահերթ այն ապրանքների իրացման հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր չեն վճարվել, եթե տվյալ ապրանքները չունեն Միության ապրանքների կարգավիճակ։
2. Սույն հոդվածով նախատեսված ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումն իրականացվում է սույն օրենքի համաձայն։
1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն բռնագանձելու վճարման ենթակա մաքսատուրքը, հարկերը, դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը՝ որպես ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին։
2. Մաքսային մարմինների կողմից Միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ մաքսային վճարների և այլ վճարների ժամկետանց պարտավորությունների գանձման նպատակով մաքսային մարմինն օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու հայցադիմումով դիմում է դատարան:
3. Մաքսային մարմինների կողմից Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխան՝ որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձումը կատարվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշվից։
5. Մաքսային մարմինը որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվին մաքսատուրքի, հարկերի, դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների բռնագանձման մասին գրավոր հայտնում է մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողին՝ բռնագանձումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների պարտավորությունը ճանաչվում է անհուսալի և հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում․
1) իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով լուծարվելուց հետո.
2) իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ դատարանի վճռի հիման վրա սնանկ ճանաչվելու դեպքում՝ պարտավորության այն չափով, որն օրենքով նախատեսված բռնագանձման բոլոր միջոցների իրականացումից հետո մնացել է չմարված.
3) ֆիզիկական անձի մահվան կամ օրենքով սահմանված կարգով նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
4) oրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու դեպքում, որը հաշվարկվում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
Սույն կետի կիրառության իմաստով՝ հայցային վաղեմության ժամկետը կազմում է հինգ տարի.
5) Կառավարության սահմանած այլ դեպքերում:
2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման համապարտ պարտավորություն ունեցող անձանցից որևէ մեկի պարտավորության բռնագանձման անհուսալի ճանաչելը չի հանգեցնում համապարտ պարտավորություն ունեցող այլ անձանց պարտավորության անհուսալի ճանաչմանը և դուրսգրմանը։
3. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մասով անհուսալի ճանաչված պարտավորությունների առանձնացված հաշվառումը վարում է Կոմիտեն:
4. Սույն հոդվածով սահմանված հիմքերով դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
ԲԱԺԻՆ 3
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆՔ
Գ Լ ՈՒ Խ 12
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԿՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 63. | Մաքսային գործառնությունների կատարման կարգը |
1. Մաքսային գործառնությունների կատարման և դրանք կատարող անձանց վերաբերյալ միասնական կարգավորումները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 13-րդ գլխով:
2. Մաքսային գործառնությունների կատարման հերթականությունը (տեխնոլոգիան) Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով չկարգավորված մասով սահմանում է Կոմիտեն՝ Միության մաքսային օրենսգրքի 78-րդ հոդվածին համապատասխան:
3. Միության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի սահմանած կարգով և դեպքերում մաքսային մարմինները կարող են կատարել առանձին մաքսային գործառնություններ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:
Հոդված 64. | Մաքսային գործառնությունների կատարման վայրը և ժամանակը |
1. Միության մաքսային օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային գործառնությունները կարող են կատարվել մաքսային մարմինների՝ սահմանված վայրից կամ աշխատանքային ժամերից դուրս:
2. Մաքսային մարմինների՝ սահմանված վայրից կամ աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնություններ կատարելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ներկայացնելու դեպքում հայտարարատուն կրում է նշված գործառնությունների կատարման համար համապատասխան պայմանների ապահովման պարտավորություն, որի մասին տեղեկատվությունն արտացոլում է իր ներկայացրած դիմումի մեջ:
3. Մաքսային մարմինների՝ սահմանված վայրից կամ աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների կատարման դեպքերը և կարգը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 65. | Մաքսային գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները |
1. Մաքսային գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների և այլ պետական մարմինների միջև տեղեկատվական համակարգերի միջոցով փոխգործակցության կարգը, մաքսային մարմիններին տրամադրվող տեղեկությունների ցանկը և այդպիսի տեղեկությունների տրամադրման ժամկետները սահմանում է Կառավարությունը:
Հոդված 66. | Մաքսային գործառնությունների կատարման առաջնահերթ կարգը |
1. Առանձին կատեգորիայի ապրանքների համար մաքսային գործառնությունների կատարման առաջնահերթ կարգը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ արագ փչացող ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց համար կիրառվում է Միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ մաքսային գործառնությունների կատարման առաջնահերթ կարգը մինչև Հանձնաժողովի սահմանելը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 67. | Հայտարարատուն |
1. Որպես հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող անձանց ցանկը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ որպես հայտարարատու կարող է հանդես գալ Միության այն անձը, որը Միության մեկ այլ անձի հետ կնքել է այնպիսի գործարք, որի հիման վրա ապրանքներն արտահանվում են Միության տարածքից:
3. Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հարկ վճարող հաշվառված՝ մասնաճյուղ ունեցող օտարերկրյա անձը կարող է հանդես գալ որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պայմաններին համապատասխանելու պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ այդ անձն ապրանքները տեղափոխում է Միության մաքսային սահմանով օտարերկրյա անձի և Միության անդամ պետության անձի միջև գործարքի շրջանակից դուրս, եթե օտարերկրյա անձն իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու կամ տնօրինելու ապրանքները:
4. Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել անձանց կատեգորիաներ, որոնք կարող են հանդես գալ որպես հայտարարատու՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ, որոնց պահպանման դեպքում այդպիսի անձինք կարող են հանդես գալ որպես հայտարարատու:
Հոդված 68. | Ապրանքների ժամանման հետ կապված մաքսային գործառնությունները |
1. Ապրանքների ժամանման հետ կապված մաքսային գործառնությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 14-րդ գլխով:
2. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ փաստաթղթերը կամ տեղեկությունները ներկայացվում են՝
1) օդային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ժամանումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, իսկ մաքսային մարմինների ոչ աշխատանքային ժամերին ժամանման դեպքում՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի սկզբից ութ ժամվա ընթացքում․
2) երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ժամանումից հետո՝ 12 ժամվա ընթացում, իսկ մաքսային մարմինների ոչ աշխատանքային ժամերին ժամանման դեպքում՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի սկզբից ութ ժամվա ընթացքում:
3. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները մաքսային մարմիններին կարող են տրամադրել հայտարարատուն կամ փոխադրողը կամ նրանց լիազորած անձինք, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչները:
4. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը ապրանքների ժամանման վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, էլեկտրոնային համակարգում կամ տրամադրված փաստաթղթերի վրա նշում է կատարում ապրանքների ժամանման օրվա և ժամի վերաբերյալ:
5. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանման վայր ապրանքների տեղափոխման կարգը կարող է սահմանել Կառավարությունը:
6. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ ժամանման վայրերում ժամանակավոր պահպանման համապատասխան պայմանների բացակայության կամ ապրանքները ժամանակավոր պահպանման վայրեր հասցնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինները կարող են անձի հիմնավորված դիմումի հիման վրա թույլատրել ապրանքների պահպանությունն այլ վայրերում:
7. Սույն օրենքի 6-րդ մասում նշված դեպքում մաքսային մարմիններ է ներկայացվում այդ ապրանքների համար «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում՝ առանց դրանց գծով արտոնությունների և առանձնաշնորհումների հաշվառման:
8. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ եթե Կառավարության սահմանած դեպքերում օտարերկրյա ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել ժամանման վայրերից դուրս գտնվող ժամանակավոր պահպանման այլ վայրերում, ապա օտարերկրյա ապրանքները ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանման այլ վայրեր կարող են տեղափոխվել մաքսային ուղեկցմամբ՝ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման:
9. Միության մաքսային օրենսգրքի 90-րդ հոդվածի շրջանակում նախատեսված բեռնային գործողությունները կարող են կատարվել մաքսային մարմիններին էլեկտրոնային կամ թղթային եղանակով դրանց մասին ծանուցելուց հետո, եթե դրանք կատարվում են առանց նույնականացման միջոցները վնասելու:
10. Կառավարությունը կարող է սահմանել, սույն մասով սահմանված դեպքերից բացի, այլ դեպքեր, երբ Միության մաքսային օրենսգրքի 90-րդ հոդվածի շրջանակում նախատեսված բեռնային գործողությունները կարող են կատարվել միայն ծանուցմամբ՝ առանց մաքսային մարմինների թույլտվության:
Հոդված 69. | Ապրանքների մեկնման հետ կապված մաքսային գործառնությունները |
1. Ապրանքների մեկնման հետ կապված մաքսային գործառնությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 15-րդ գլխով:
2. Միության մաքսային օրենսգրքի 92-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները կարող են մաքսային մարմիններին տրամադրել հայտարարատուն կամ փոխադրողը կամ նրանց լիազորած անձինք, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչները:
Գ Լ ՈՒ Խ 13
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 70. | Ընդհանուր դրույթներ ապրանքների ժամանակավոր պահպանման վերաբերյալ |
1. Ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան։
2. Միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ մինչև ապրանքների բացթողումը մաքսային մարմինները կարող են թույլատրել ժամանակավոր պահպանման վայրի փոփոխություն՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա, եթե ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը հանվել է ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից կամ դադարել է գործունեություն ծավալել, կամ չեղարկվել է այլ վայրերում ապրանքների պահպանման վերաբերյալ մաքսային մարմնի թույլտվությունը, կամ բացակայում են ապրանքների պահպանման պայմանները կամ ապրանքների փաթեթավորումները բացելու համար բեռնային տեղերը, կամ այդպիսի վայրի փոփոխությունը պայմանավորված է ապրանքների պահպանության կամ մաքսային հսկողության համար անհրաժեշտ առավել բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ապահովելու անհրաժեշտությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում ժամանակավոր պահպանման վայրերից ապրանքների տեղափոխումը կարող է կատարվել առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ Կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
Հոդված 71. | Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրերը |
1. Միության մաքսային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր պահպանման վայրեր են համարվում ժամանակավոր պահպանման պահեստները և ժամանակավոր պահպանման հետևյալ այլ վայրերը (ժամանակավոր պահպանման այլ վայրեր).
1) մաքսային մարմնի պահեստը.
2) ապրանքներն ստացողի պահեստը՝ սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.
3) սույն օրենքով նախատեսված` լիազորված տնտեսական օպերատորի շինությունները, տարածքները կամ բաց հրապարակները.
4) միջազգային փոստային առաքումների վայրերում տեղակայված առանձին շինությունները՝ համաձայն սույն օրենքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի.
5) օդային կամ երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրման վերաբերյալ պայմանագրի շրջանակում փոխադրվող՝ չստացված կամ չպահանջված ուղեբեռի պահպանման վայրերը.
6) երկաթուղիները և կոնտեյներային հրապարակները, որոնք տեղակայված են մաքսային մարմինների հետ համաձայնեցված վայրերում՝ երկաթուղային կայարանների տարածքի սահմաններում, և նախատեսված են ապրանքների ժամանակավոր պահպանման համար՝ առանց դրանք տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու.
7) մաքսային պահեստները։
2. Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրը սույն օրենքին համապատասխան ստեղծվող մաքսային հսկողության գոտի է։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում ապրանքների պահպանումը ժամանակավոր պահպանման այլ վայրերում իրականացվում է մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ։ Ժամանակավոր պահպանման այլ վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանման թույլտվությունը կարող է լինել միանգամյա` ապրանքների որոշակի խմբաքանակի ժամանակավոր պահպանման համար, կամ բազմակի` որոշակի ժամանակահատվածում օտարերկրյա ապրանքների պարբերական ժամանակավոր պահպանման համար։
4. Ժամանակավոր պահպանման այլ վայրերին ներկայացվող պահանջները սահմանում է Կոմիտեն: Ժամանակավոր պահպանման այլ վայրերի` սույն մասով նախատեսված պայմաններին չհամապատասխանելու դեպքում մաքսային մարմինը կարող է մերժել սույն հոդվածով սահմանված թույլտվության տրամադրումը:
5. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված՝ ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնելու ժամանակ ապրանքներն ստացողի պարտավորությունները համապարտության սկզբունքով կրում է նաև ապրանքների ժամանակավոր պահպանման՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վայրում ապրանքների ժամանակավոր պահպանման համար թույլտվություն ստացած անձը։
6. Մաքսային մարմինը հրաժարվում է անձին թույլտվություն տալ ժամանակավոր պահպանման այլ վայրերում ապրանքների պահպանման համար, եթե այդ անձը մինչև մաքսային մարմին դիմելու օրը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության մաքսային գործի բնագավառին վերաբերող վարչական իրավախախտումների համար, բացառությամբ երկաթուղային տրանսպորտի միջոցով ներմուծվող ապրանքների, եթե դրանց ժամանակավոր պահպանումը երկաթուղիների վրա իրականացնում է փոխադրողը։
7. Կառավարությունը սահմանում է ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման պահեստ և ապրանքների ժամանակավոր պահպանման այլ վայրեր հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու, ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման վայր հանձնելու և նշված վայրից հանելու կարգը։
Հոդված 72. | Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու հետ կապված մաքսային ձևակերպումները |
1. Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու դեպքում ապրանքների համար ներկայացվող փաստաթղթերը և այդ փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնող անձինք սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետով։
2. Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված ժամկետներում:
3. Միության մաքսային օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ժամանակավոր պահպանման վայրերում ապրանքները պահպանման հանձնելը հավաստվում է Կոմիտեի սահմանած ձևի արձանագրությամբ կամ մաքսային մարմիններ ուղեկցող փաստաթղթեր ներկայացնելու կամ Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով նախնական տեղեկատվության օգտագործման միջոցով, եթե հայտարարատուի կողմից առկա է այդպիսի տեղեկատվության օգտագործման վերաբերյալ կամարտահայտությունը:
4. Միության մաքսային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքների՝ ժամանակավոր պահպանման վայրերում տեղակայման մասին փաստաթղթերի գրանցման և դրանց գրանցման հավաստման տրամադրման կարգը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 73. | Ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանումը |
1. Ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում.
1) պահպանության հատուկ պայմաններ պահանջող, պահպանման առանձնահատկություններ ունեցող կամ վտանգավոր (պայթուցիկ, հրավառ, թունավոր) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու դեպքում.
2) եթե ապրանքներ ստացողը պետական մարմին է.
3) եթե եղանակային կամ աշխարհագրական պայմանների պատճառով անհնար է ապրանքների տեղափոխումը ժամանակավոր պահպանման վայրեր․
4) տեխնոլոգիական, արտադրական կամ մաքսային մարմնի որոշած այլ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնելու դեպքում․
5) ապրանքների մեծ եզրաչափերի կամ բեռնման, բեռնաթափման հատուկ պայմանների անհրաժեշտության առկայության դեպքում։
2. Ապրանքներ ստացողի պահեստում ժամանակավոր պահպանման համար թույլտվությունը տրամադրելիս մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարում կամ նշված վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքներ ստացողները պետական մարմիններ կամ հաստատություններ են։
3. Ապրանքներ ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանման թույլտվությունը կարող է լինել միանգամյա` ապրանքների որոշակի խմբաքանակի ժամանակավոր պահպանության համար, կամ բազմակի` որոշակի ժամանակահատվածում օտարերկրյա ապրանքների պարբերական ժամանակավոր պահպանության համար։
4. Ապրանքներ ստացողի պահեստում երրորդ անձանց պատկանող ապրանքների պահպանումը չի թույլատրվում։
5. Ապրանքներ ստացողը պարտավոր է ապահովել ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանները: Ստացողի պահեստում ժամանակավոր պահպանվող ապրանքների նկատմամբ գործողություններ կարող են իրականացվել մաքսային մարմինների թույլտվությամբ։ Մաքսային մարմինները կարող են ապրանքների փաթեթվածքի կամ այդ ապրանքների պահպանման համար նախատեսված շինության նկատմամբ կիրառել նույնականացման միջոցներ։
6. Ապրանքների կորստի, դրանք առանց մաքսային մարմինների թույլտվության երրորդ անձանց փոխանցելու կամ հանձնելու դեպքում ապրանքներ ստացողը պարտավոր է վճարել Միության մաքսային օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը։
7. Ապրանքներ ստացողի կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում չկատարված մաքսային պարտավորությունների, մաքսային օրենսդրության խախտումների փաստերի բացակայության դեպքում ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանությունը կարող է թույլատրվել Միության մաքսային օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածով։
8. Կառավարությունը սահմանում է ապրանքները և տրանսպորտային միջոցներն ստացողի պահեստ հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու, ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման վայր հանձնելու և նշված վայրից հանելու կարգը:
Հոդված 74. | Ապրանքների պահպանումը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում |
1. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստները բաց տեսակի պահեստներ են և պետք է համապատասխանեն օրենքով բաց տեսակի պահեստներին ներկայացվող պահանջներին։
2. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում ապրանքների պահպանության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Ապրանքները ժամանակավոր պահպանման ընդունելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնող անձին տրամադրում է անդորրագիր` Կոմիտեի սահմանած ձևով:
Հոդված 75. | Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը |
1. Մաքսային մարմինները կարող են ապրանքները հանձնել ժամանակավոր պահպանման պահեստներ՝ սույն օրենքին համապատասխան։
2. Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնվելու դեպքում պահեստի տիրապետողի և մաքսային մարմնի միջև կնքվում է պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան։
3. Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնվելու դեպքում պահպանության հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 76. | Ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները |
1. Ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործողությունները կարող են իրականացվել մաքսային մարմնի թույլտվությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված թույլտվությունն ստանալու համար հայտարարատուն դիմում է ներկայացնում մաքսային մարմին՝ ներկայացնելով այն գործողությունները, որոնց պետք է ենթարկվեն մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները, ինչպես նաև դրանց իրականացման անհրաժեշտության, իրականացման վայրի և ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն:
4. Մաքսային մարմինը, ուսումնասիրելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը, դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ մերժում է ներկայացված գործողությունների կատարման վերաբերյալ դիմումը՝ գրավոր նշելով մերժման պատճառները:
Գ Լ ՈՒ Խ 14
ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ
Հոդված 77. | Ընդհանուր դրույթներ մաքսային հայտարարագրման մասին |
1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրվում են Միության մաքսային օրենսգրքի 17-րդ և 37-43-րդ գլուխներին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և սույն օրենքին համապատասխան։
2. Ապրանքների մաքսային հայտարարագրումը կատարում է հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը:
3. Մաքսային գործառնությունների կատարման ժամանակահատվածի կրճատման, ինչպես նաև մաքսային հայտարարագրման գործընթացում անձանց օժանդակելու նպատակով մաքսային մարմինները կարող են Կառավարության սահմանած կարգով կատարել մաքսային հայտարարագրերի լրացում՝ հայտարարատուի ներկայացրած դիմումի և փաստաթղթերի հիման վրա:
Հոդված 78. | Մաքսային հայտարարագիրը |
1. Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով, Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կարող են կիրառվել հետևյալ մաքսային հայտարարագրերը.
1) ապրանքների հայտարարագիր.
2) տարանցման հայտարարագիր.
3) ուղևորային մաքսային հայտարարագիր.
4) տրանսպորտային միջոցի հայտարարագիր:
2. Մաքսային հայտարարագրերի ձևերը և դրանց լրացման կարգերը սահմանում է Հանձնաժողովը:
3. Ապրանքների հայտարարագրում և տարանցման հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 106-րդ և 107-րդ հոդվածներով:
4. Ուղևորային մաքսային հայտարարագրում և տրանսպորտային միջոցի հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանում է Հանձնաժողովը։
5. Ապրանքների հայտարարագրում և տարանցման հայտարարագրում նշվող տեղեկությունները՝ կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակից, ապրանքները տեղափոխող անձանցից և տրանսպորտային միջոցի տեսակից, կարող են կրճատվել Հանձնաժողովի որոշմամբ կամ սույն օրենքով՝ Հանձնաժողովի որոշմանը համապատասխան։
6. Կառավարությունը կարող է սահմանել, Միության մաքսային օրենսգրքով և Հանձնաժողովի սահմանած՝ մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքերից բացի, այլ դեպքեր:
7. Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակի կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրա ներկայացնելու և օգտագործելու կարգը սահմանում է Հանձնաժողովը։
8. Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է Կառավարությունը:
9. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ սահմանում է տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերը` որպես մաքսային հայտարարագիր օգտագործելու դեպքերը և կարգը՝ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում:
Հոդված 79. | Հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթերը |
1. Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի հետ ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին չեն ներկայացվում, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերի։
2. Ապրանքների հայտարարագրի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը Կառավարությունը կարող է կրճատել՝ կախված մաքսային հայտարարագրման եղանակից (գրավոր, էլեկտրոնային), մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակներից և ապրանքներ տեղափոխող անձանցից։
3. Մաքսային մարմինն իրավասու է ստուգելու մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց բնօրինակներին։ Ստուգումից հետո ներկայացված փաստաթղթերը մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դրանք ներկայացրած անձին։
Հոդված 80. | Հայտարարագրման վայրը |
1. Միության ապրանքներ չհանդիսացող ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման մաքսային մարմիններում՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
2. Միության ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման մաքսային մարմիններում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
3. Առանձին ապրանքների հայտարարագրումը կարող է կատարվել սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված մասնագիտացված մաքսային մարմիններում:
4. Առանձին ապրանքների հայտարարագրումը կամ ապրանքների հայտարարագրումը որոշակի մաքսային ընթացակարգերով կարող է կատարվել օրենքով սահմանված կարգով ստեղծված արտաքին տնտեսական գործունեության կենտրոններում։
5. Չբեռնված տրանսպորտային միջոցները և միայն ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցները մաքսային մարմիններում հայտարարագրվում են մաքսային սահմանը հատելիս, բացառությամբ օդային տրանսպորտային միջոցների, որոնք հայտարարագրվում են ժամանման վայրերում` օդանավակայաններում:
Հոդված 81. |
Հայտարարատուի իրավունքներն ու պարտականությունները |
1. Հայտարարատուի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածով։
2. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրում է պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 82. | Մաքսային հայտարարագիրը ներկայացնելը, գրանցելը և դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը |
1. Մաքսային հայտարարագիր ներկայացնելուն առնչվող մաքսային գործառնությունները և դրանց կատարման կարգը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածով:
2. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին թղթային եղանակով` գրավոր հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում:
3. Կոմիտեն սահմանում է մաքսային մարմինների այն ստորաբաժանումների ցանկը, որոնք իրավասու են ընդունելու մաքսային հայտարարագիրը:
4. Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններ թղթային եղանակով ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև դրա էլեկտրոնային օրինակը:
5. Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, ապա մաքսային մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, կարող է հայտարարատուի հիմնավորված դիմումի և նրա ներկայացրած մաքսային հայտարարագրի հիմքով մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը:
6. Կառավարությունը, Հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում:
7. Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ մաքսային մարմինն ամրագրում է մաքսային հայտարարագիրը ներկայացնելու հերթական համարը, ամսաթիվը՝
1) գրավոր հայտարարագրման դեպքում` մաքսային մարմնի կողմից` ներկայացված հայտարարագրի վրա նշում կատարելու միջոցով.
2) էլեկտրոնային հայտարարագրման դեպքում` մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով:
8. Ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումից առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` գրավոր հայտարարագրման դեպքում, կամ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի կողմից` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում, իրականացվում է մաքսային հայտարարագրի լրացման՝ Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման ճշտության ստուգում ներկայացնելուց հետո՝ առավելագույնը մեկ ժամվա ընթացքում: Մաքսային մարմինը մերժում է ներկայացված հայտարարագրի գրանցումը Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:
9. Հայտարարատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված և ստորագրված գրավոր կամ էլեկտրոնային մաքսային հայտարարագիրը գրանցում է մաքսային մարմինը, որի կապակցությամբ հայտարարագրին տրվում է գրանցման հերթական համար, և նշվում է ամսաթիվը:
10. Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից ստուգվելու դեպքում, եթե մաքսային մարմինը բացահայտում է նշված հայտարարագիրը կրկնակի գրանցված լինելու վերաբերյալ փաստ, ապա ծանուցում է հայտարարատուին դրա մասին: Հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ հայտարարագիրը կրկնակի ներկայացված լինելու փաստը հաստատվելու կամ մեկ ժամվա ընթացքում տեղեկություններ չներկայացվելու դեպքում կրկնակի ներկայացված հայտարարագրի գրանցումը մերժվում է:
11. Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագիր ներկայացնելով՝ հայտարարատուն մաքսային մարմնի հիմնավորված պահանջով պարտավորություն է կրում հայտարարագրված ապրանքները և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը զննման ներկայացնելու համար: Սույն մասում նշված պարտավորությունը չկատարելու համար հայտարարատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով և չափով:
12. Հայտարարագրի գրանցումից հետո ռիսկերի կառավարման համակարգում մաքսային հսկողության իրականացման նպատակով ինքնաշխատ եղանակով ձևավորվում է ռիսկի պրոֆիլներին համապատասխան ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներով հսկողության ակտ, որում ներառվող ցուցումները բխում են մաքսային հսկողության ընթացակարգերից:
13. Գրավոր հայտարարագրերի հետ ներկայացված դրանց էլեկտրոնային պատճենները մաքսային մարմինը ներմուծում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ գրանցվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
14. Մաքսային հայտարարագրի գրանցման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:
15. Թղթային եղանակով հայտարարագրման դեպքում հայտարարատուն ապրանքի մաքսային հայտարարագրի և Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված՝ մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունը հաստատող փաստաթղթի հետ մաքսային մարմիններ կարող է ներկայացնել նաև մաքսային հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:
16. Հայտարարատուի կողմից կարող են մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը կամ ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո մինչև ապրանքների բացթողումը մաքսային մարմիններին տրամադրել ապրանքների ծագման վերաբերյալ տեղեկությունները, արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, եթե դրանց մասին տեղեկությունները կամ դրանցում պարունակվող տեղեկությունները մաքսային մարմինը չի կարող ստանալ Միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Սույն մասում նշված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն:
17. Թղթային եղանակով հայտարարագրման դեպքում հայտարարատուն մաքսային տարանցման հայտարարագրի և Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված՝ տարանցման հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունը հաստատող փաստաթղթի հետ մաքսային մարմիններ կարող է ներկայացնել մաքսային տարանցման հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:
18. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է կրճատել ուղևորային մաքսային հայտարարագրին զուգահեռ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում:
19. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու համար Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից առավել կարճ ժամկետ:
20. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սահմանում է ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի, տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը՝ Հանձնաժողովի որոշմամբ չկանոնակարգված մասով:
21. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, սահմանում է ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը:
22. Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցումը Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքերով մերժվելու դեպքում մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու վերաբերյալ ծանուցման մեջ նշվում է մերժման պատճառի շտկման հնարավոր տարբերակը:
23. Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Կոմիտեն սահմանում է տեխնիկական խնդիրների, կապի միջոցների անսարքության (հեռահաղորդակցության ցանցի և համացանցի), էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված` մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի խափանման դեպքում, մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու՝ մաքսային գործառնությունների կատարման կարգի առանձնահատկությունները:
24. Հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան՝ այն դեպքում, երբ ապրանքների հայտարարագիրը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, ապրանքների ճշգրտված մաքսային հայտարարագիրը և ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ էլեկտրոնային փաստաթղթերի ձևով` Կոմիտեի սահմանած կարգով:
25. Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված ապրանքների հայտարարագրում, ապրանքների ճշգրտված հայտարարագրում, ինչպես նաև մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների փոփոխության կամ լրացման դեպքում) հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում այդ փոփոխությունները կամ լրացումները հաստատող փաստաթղթերը, այդ թվում` մաքսային և այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը հայտարարատուն կարող է ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝ Կոմիտեի սահմանած կարգով:
26. Հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ապրանքների հայտարարագիրը` կատարված փոփոխություններով (լրացումներով), կամ այդ փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի միջոցով հայտարարատուին ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն:
27. Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում փոփոխություններ կատարելու մասին մաքսային մարմնի որոշումը, ապրանքների ճշգրտված մաքսային հայտարարագիրը, դրա էլեկտրոնային ձևը, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների փոփոխության կամ լրացման դեպքում նաև մաքսային արժեքի վերաբերյալ հայտարարագիրը և դրա էլեկտրոնային ձևը ներկայացվում են հայտարարատուին` Հանձնաժողովի սահմանած կարգով:
28. Հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան՝ էլեկտրոնային ձևով ներկայացված ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության կամ լրացման դեպքում ապրանքների ճշգրտված մաքսային հայտարարագիրը, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների փոփոխության կամ լրացման դեպքում նաև ապրանքների մաքսային արժեքի հայտարարագիրը կարող են ներկայացվել հայտարարատուին էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝ Կոմիտեի սահմանած կարգով:
29. Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման մասին դիմումի և փաստաթղթերի ուսումնասիրությունը կատարում են մաքսային մարմինները՝ այդ փաստաթղթերը մաքսային մարմնում գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։
Հոդված 83. | Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը |
1. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան:
2. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններն ընդունում են ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերի` հայտարարատուի ստորագրած պատճենները կամ այդ փաստաթղթերում ներառված` էլեկտրոնային համակարգով ներկայացված տեղեկությունները, որոնք համադրվում են հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի բնօրինակների և դրանցում առկա տեղեկությունների հետ:
3. Տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերի հիման վրա ներկայացված նախնական հայտարարագրում ներկայացված արժեքից, քանակից կամ կշռից ապրանքների փաստացի ցուցանիշների շեղման դեպքում հայտարարատուն ներկայացնում է դրանց փոփոխությունները հաստատող փաստաթղթերը:
4. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումից հետո նախնական հայտարարագրով ներկայացված ապրանքների արժեքի, քանակի կամ կշռի շեղում հայտնաբերելու դեպքում հայտարարատուն իրավասու է հետ կանչելու իր ներկայացրած հայտարարագիրը՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
5. Նախնական հայտարարագիրն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չի համարվում և կարող է փոփոխվել հայտարարատուի կողմից կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ:
6. Այն դեպքում, երբ մաքսային մարմիններ է ներկայացված ապրանքների նախնական մաքսային հայտարարագիր, հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա ապրանքների տեղակայումը և բացթողումը կարող է կատարվել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինների գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության գոտիներում:
Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված դեպքում ապրանքների տեղակայման և բացթողման կարգը, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից կատարվող գործողությունների հաջորդականությունը սահմանում է Կոմիտեն:
7. Կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, երբ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, նախնական մաքսային հայտարարագրումը կատարվում է պարտադիր կարգով:
Հոդված 84. | Ապրանքների ոչ ամբողջական մաքսային հայտարարագրումը |
1. Ապրանքների ոչ ամբողջական մաքսային հայտարարագրումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում ոչ ամբողջական մաքսային հայտարարագրում:
3. Ոչ ամբողջական մաքսային հայտարարագրման դեպքում հայտարարատուն պարտավոր է ներկայացնել ճշգրտված տվյալներով մաքսային հայտարարագիր ոչ ամբողջական մաքսային հայտարարագրի գրանցումից հետո՝ 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:
Հոդված 85. | Ապրանքների պարբերական հայտարարագրումը |
1. Ապրանքների պարբերական մաքսային հայտարարագրումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան:
2. Մաքսային նպատակների համար որպես մեկ խմբաքանակ դիտվում են՝
1) Միության տարածքից արտահանման դեպքում` արտաքին տնտեսական մեկ պայմանագրի շրջանակում նույն պետական սահմանի անցման կետով և նույն մաքսային մարմնում ձևակերպվող՝ մեկ անձի կողմից կատարվող մատակարարումները` անկախ առանձին մատակարարումների քանակից.
2) Միության տարածք ներմուծման դեպքում` արտաքին տնտեսական մեկ պայմանագրի շրջանակում նույն մաքսային մարմնում ձևակերպվող նույն ապրանքները` անկախ առանձին մատակարարումների քանակից:
3. Պարբերական մաքսային հայտարարագիրը ներկայացնելու դեպքում գործում են հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող նորմատիվ իրավական ակտերը:
4. Մաքսային մարմինը պարբերական հայտարարագրով նախատեսված յուրաքանչյուր մատակարարման ժամանակ կատարում է ապրանքների հաշվառում և մաքսային հսկողություն մինչև պարբերական հայտարարագրի ժամկետի ավարտը:
5. Մաքսային մարմինը մերժում է պարբերական հայտարարագրի գրանցումը, եթե՝
1) չեն պահպանվել Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով պարբերական հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված պահանջները.
2) հայտարարատուն ունի մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով չմարված պարտավորություններ.
3) անձը սնանկ է ճանաչվել:
6. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների կատեգորիաները, որոնց նկատմամբ չի կիրառվում պարբերական մաքսային հայտարարագրում:
7. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ, որոնց պահպանման պարագայում կիրառվում է պարբերական մաքսային հայտարարագրում:
8. Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել պարբերական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության առանձնահատկությունները:
Հոդված 86. | Մեկ ապրանքային խմբաքանակում գտնվող ապրանքների հայտարարագրումը |
1. Եթե մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները դասվում են ԱՏԳ ԱԱ տարբեր ծածկագրերի այնպես, որ, հայտարարատուի կատարած հաշվարկի համաձայն, դրանց հայտարարագրման հետ կապված ծախսերը համադրելի են կամ գերազանցում են վճարման ենթակա մաքսային վճարները, ապա հայտարարատուի գրավոր դիմումի հիման վրա մաքսային մարմինները կարող են թույլատրել այդ ապրանքները հայտարարագրել` դասելով դրանք այն ապրանքի ծածկագրին, որի համար Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ:
2. Կառավարությունը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի կիրառման դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը:
Հոդված 87. | Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքից Միության ապրանքների արտահանման ժամանակ, որոնց քանակի կամ մաքսային արժեքի վերաբերյալ չեն կարող ներկայացվել ճշգրիտ տեղեկություններ, կարող է կիրառվել ժամանակավոր մաքսային հայտարարագրում՝ ներկայացնելով ժամանակավոր մաքսային հայտարարագիր:
2. Ժամանակավոր մաքսային հայտարարագրումը կարող է կիրառվել հանքային հանածո (մետաղական օգտակար հանածո) հանդիսացող ապրանքների, բնական նավթի, բնական գազի և էլեկտրաէներգիայի հայտարարագրման ժամանակ:
3. Կառավարությունը, սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ապրանքներից բացի, կարող է սահմանել այլ ապրանքների ցանկ, որոնց հայտարարագրման ժամանակ կարող է կիրառվել սույն հոդվածով սահմանված ժամանակավոր մաքսային հայտարարագրումը:
4. Ժամանակավոր մաքսային հայտարարագրումը հայտարարատուին չի ազատում Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված՝ մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման, արգելքների և սահմանափակումների պահպանման, ինչպես նաև ընտրված մաքսային ընթացակարգերի պայմանների պահպանման պարտավորությունից և մաքսային հսկողությունից:
5. Ժամանակավոր հայտարարագրման ժամանակ արտահանվող ապրանքների նկատմամբ արգելքները և սահմանափակումները կիրառվում են ապրանքների համար ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ:
6. Մեկ ժամանակավոր մաքսային հայտարարագրի շրջանակում թույլատրվում է հայտարարագրել մի քանի գործարքների շրջանակում կատարվող առաքումները, եթե դրանք կատարում է նույն անձը, նույն մաքսային ընթացակարգի շրջանակում՝ անկախ մատակարարման, գնագոյացման և վճարման պայմանների հետ կապված գործարքների տարբերությունից:
7. Եթե ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ ապրանքների գնորդը հայտնի չէ, ապա հայտարարագրվող ապրանքների համար ներկայացվում է մեկ ժամանակավոր մաքսային հայտարարագիր հետագայում յուրաքանչյուր գնորդի համար առանձին լրիվ մաքսային հայտարարագիր ներկայացնելու պայմանով:
8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դրույթների կիրառման ժամանակ մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակներում տվյալներ չեն լրացվում հետագայում լրիվ մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանց ճշգրտման պայմանով:
9. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում կարող են լրացվել կողմնորոշիչ տեղեկություններ արտահանվող ապրանքների քանակի, պայմանական մաքսային արժեքի վերաբերյալ, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով արտահանման ենթակա ապրանքների քանակը, դրանց սպառողական հատկությունները, որակը և մատակարարման գործարքի շրջանակում նախատեսված այլ պայմաններ՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ:
10. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող դրույքաչափերը և տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած արժույթի փոխարժեքը:
11. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված քանակը գերազանցող քանակով ապրանքների արտահանումը չի թույլատրվում, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի:
12. Ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված ապրանքների՝ Միության տարածքից փաստացի արտահանումից հետո հայտարարատուն պարտավոր է ներկայացնել մեկ կամ մի քանի լրիվ մաքսային հայտարարագրեր Միության տարածքից արտահանված ապրանքների համար:
13. Լրիվ մաքսային հայտարարագրերը պարունակում են հայտարարագրված ապրանքների վերաբերյալ հավաստի ճշգրտված տվյալներ՝ մասնավորապես ճշգրտելով նախապես հայտարարագրված արտահանվող ապրանքների կողմնորոշիչ քանակը կամ մաքսային արժեքը:
14. Մեկ կամ մի քանի լրիվ մաքսային հայտարարագրերը ներկայացնելու ժամկետը որոշում են մաքսային մարմինները՝ հայտարարատուի դիմումի հիման վրա և հաշվի առնելով ապրանքների քանակի կամ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների ճշգրտման ժամկետները, որոնք չեն կարող գերազանցել ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից հաշվարկված վեց ամիս ժամկետը: Հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է երկարաձգել լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացման ժամկետը սույն մասում նշված ժամկետը լրանալուց հետո մինչև երկու ամիս ժամկետով:
15. Լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացման ժամկետները խախտելու կամ հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հայտարարատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:
16. Հարկերի գծով նախկինում վճարված գումարների վերադարձը կատարվում է լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացումից հետո՝ փաստացի արտահանված ապրանքների և լրիվ մաքսային հայտարարագրում (հայտարարագրերում) հայտարարագրված մաքսային արժեքի հիման վրա:
17. Եթե լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման ժամանակ փոփոխվում են նաև ապրանքների հայտարարագրում ներկայացման ենթակա այլ տվյալներ, որոնք չեն առաջացնում արգելքների և սահմանափակումների պահպանվածության վերաբերյալ տեղեկությունների փոփոխություններ, ապա այդպիսի փոփոխությունները կատարվում են լրիվ մաքսային հայտարարագիրը ներկայացնելիս:
18. Լրիվ մաքսային հայտարարագրերի քանակը չի կարող պակաս լինել այն գործարքների քանակից, որոնց մասով կատարվել են փաստացի մատակարարումները:
19. Եթե մինչև լրիվ մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները չեն արտահանվել Միության տարածքից, ապա ժամանակավոր մաքսային հայտարարագիրը հետ է կանչվում Միության մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 88. | Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքի՝ որոշակի ժամանակահատվածում հայտարարագրման առանձնահատկությունները |
1. Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքը, որի տեղափոխումը նախատեսվում է կատարել մի քանի ապրանքային խմբաքանակով՝ սույն հոդվածով սահմանված ժամանակահատվածում, կարող է հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով:
2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապրանքի հայտարարագրումը, հայտարարատուն էլեկտրոնային կամ թղթային եղանակով մաքսային մարմիններ ուղարկում է ծանուցում նախատեսվող առաքումների վերաբերյալ՝ կցելով մաքսային մարմինների ընդունած՝ ապրանքների դասակարգման մասին որոշումը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցման մեջ նշվում են՝
1) հայտարարատուի անվանումը, գտնվելու վայրը.
2) ապրանքի դասակարգման մասին որոշման համարը և տրման ժամկետը.
3) ապրանքի ներմուծման կամ արտահանման նախատեսվող ժամկետները.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի հավաքման, պահպանման վայրը.
5) այլ տեղեկություններ՝ հայտարարատուի հայեցողությամբ, որոնք կարող են ներմուծվող ապրանքի մաքսային հսկողության համար նշանակություն ունենալ:
4. Սույն հոդվածով նախատեսված ծանուցման ձևը սահմանում է Կոմիտեն:
5. Սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով ապրանքների հայտարարագրման դեպքում ապրանքի բաղկացուցիչ մասերը պետք է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվեն մեկ գործարքի շրջանակում:
6. Կոմպլեկտավորված, ավարտուն ապրանքի վերջին բաղադրիչի համար մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածի 8-րդ կետով, և մաքսային մարմինը կարող է այն երկարաձգել ևս մեկ տարի ժամկետով՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա, որը ներկայացվում է մաքսային մարմիններ մինչև Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը:
7. Անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետից՝ լրացուցիչ երկարաձգման անհրաժեշտության առաջացման պարագայում մաքսային մարմինը կարող է երկարաձգել ապրանքի բաղադրիչների տեղափոխման ժամկետը յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով՝ դիմումը մինչև երկարաձգված ժամկետի ավարտը ներկայացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան ապրանքի առաջին բաղադրիչի համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից հետո 5 տարին լրանալը:
8. Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի հայտարարագրման ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է Կոմիտեն:
9. Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի դասակարգման որոշման գործողության դադարեցման դեպքում ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչի մաքսային հայտարարագրի հիման վրա հաշվարկվում և գանձվում են մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար հաշվարկված տույժերը:
10. Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության առանձնահատկությունները սահմանում է Կոմիտեն:
Հոդված 89. | Որոշ կատեգորիաների ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները |
1. Միության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված ապրանքների հայտարարագրումը կարող է կատարվել պարբերական հայտարարագրման եղանակով՝ Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված պարբերական հայտարարագիր ներկայացնելով:
2. Կառավարությունը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապրանքների մաքսային հսկողության առանձնահատկությունները:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 86-րդ հոդվածին համապատասխան, կարող է սահմանել մաքսային հայտարարագրման կամ այլ մաքսային գործառնությունների կատարման կարգը, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հնարավորությունը այն ապրանքների համար, որոնք անօրինականորեն տեղափոխվել են Միության մաքսային սահմանով, կամ որոնց բացթողումը չեն կատարել մաքսային մարմինները Միության մաքսային օրենսգրքին կամ սույն օրենքին համապատասխան:
4. Էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրերի թղթային տարբերակների կիրառման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը՝ Միության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 15
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ
Հոդված 90. | Ապրանքների բացթողումը |
1. Ապրանքների բացթողումը կատարում են մաքսային մարմինները՝ Միության մաքսային օրենսգրքի 18-րդ գլխին համապատասխան։
2. Այն դեպքում, երբ մեկ ապրանքային խմբաքանակում ներառված է մի քանի ապրանք, մաքսային մարմինն իրականացնում է այն ապրանքների բացթողումը, որոնց բացթողման համար Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններն ապահովվել են։
3. Ապրանքների բացթողումը կատարում է ապրանքների հայտարարագիրը գրանցած մաքսային մարմինը: Մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների բացթողումը կարող է կատարել ապրանքների հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնից տարբերվող այլ մաքսային մարմին:
Հոդված 91. | Ապրանքների բացթողման հիմքերը և պայմանները |
1. Ապրանքների բացթողման համար Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պայմաններն ապահովված լինելու դեպքում ապրանքները բաց են թողնվում հայտարարագրման ժամանակ նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ապրանքների բացթողումը չեղարկելու դեպքեր և պայմաններ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում:
3. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել մաքսային մարմինների կողմից կատարվող՝ ապրանքների բացթողումը չեղարկելուն ուղղված մաքսային գործառնությունների կատարման կարգը Հանձնաժողովի որոշմամբ չկարգավորված մասով:
4. Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը տեղեկատվական փոխազդեցության համակարգի առկայության դեպքում ապրանքների բացթողման մասին ծանուցում է ուղարկում ժամանակավոր պահպանում կատարող անձին՝ ապրանքների բացթողման մասին որոշման կայացումից հետո՝ մեկ ժամվա ընթացքում:
5. Մաքսային մարմինների հետ համապատասխան տեղեկատվական փոխազդեցության համակարգի առկայության դեպքում սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ծանուցումը կարող է ուղարկվել նաև ապրանքների հայտարարագրման հետ առնչություն ունեցող այլ անձանց, որոնք Կոմիտեի սահմանած ձևով մաքսային մարմնի հետ կնքում են պայմանագիր:
6. Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքով, Հանձնաժողովի որոշումներով, սույն օրենքով և Կառավարության սահմանած այն դեպքերում, երբ որպես մաքսային հայտարարագիր օգտագործվում են ապրանքների տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթեր, մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մասին, ինչպես նաև բացթողումը չեղարկելու մասին համապատասխան նշումները կատարվում են սույն մասում նշված փաստաթղթերի վրա: Սույն մասում նշված՝ ապրանքների բացթողման և բացթողումը չեղարկելու մասին մաքսային մարմինների կողմից նշումների կատարման կարգը սահմանում է Կոմիտեն:
7. Հանձնաժողովի կոլեգիայի որոշման համապատասխան մաքսային մարմին ներկայացվող դիմումի գրանցման վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնատար անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է հայտարարատուին սույն մասում նշված դիմումի գրանցման օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 92. | Ապրանքների բացթողման ժամկետները |
1. Ապրանքների բացթողման ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածով:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետներից առավել կարճ ժամկետներ:
3. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ժամանման վայրերում ապրանքների բացթողմանն առնչվող մաքսային գործառնությունների կատարման առանձնահատկությունները:
4. Միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը ապրանքների բացթողման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ծանուցում է ուղարկում հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին՝ ծանուցման մեջ նշելով ապրանքների բացթողման ժամկետի երկարաձգման պատճառը՝ Միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերին համապատասխան:
Հոդված 93. | Ապրանքների բացթողումը մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը |
1. Մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման հիմքերն ու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածով։
2. Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ», ինչպես նաև մաքսատուրքի և հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ապրանքների բացթողումը կարող է կատարվել մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:
3. Կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների կատեգորիաները, որոնց բացթողումը կարող է կատարվել մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ», ինչպես նաև մաքսատուրքի և հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպման դեպքում:
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ապրանքների՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բացթողման համար մաքսային մարմիններ ներկայացված դիմումի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը՝ Հանձնաժողովի որոշմամբ չկարգավորված մասով:
5. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան, սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բացթողման համար չի պահանջվում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման տրամադրում:
6. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 20-րդ կետին համապատասխան, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը կարող է սահմանել ապրանքների բացթողման առանձնահատկությունները՝ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում կամ մինչև Հանձնաժողովի որոշմամբ այդպիսի առանձնահատկությունների սահմանումը:
Հոդված 94. | Պայմանական բացթողումը |
1. Պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված դեպքերում բաց թողնված ապրանքները:
2. Պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան բաց թողնված ապրանքները:
3. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով պայմանական բաց թողնված ապրանքների՝ Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Միության ապրանքի կարգավիճակի ձեռքբերման համար արգելքների և սահմանափակումների պահպանումը հավաստվում է համապատասխան փաստաթղթերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերը ներկայացվում են կամայական կազմված դիմումով, որտեղ նշվում է նաև պայմանական բաց թողնված ապրանքների հայտարարագրի համարը: Հայտարարատուի պահանջով մաքսային մարմինը գրավոր հավաստում է ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը:
5. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ապրանքների պայմանական բացթողման լրացուցիչ դեպքեր և կարգ:
6. Պայմանագրի 4-րդ հավելվածում ընդգրկված՝ պայմանական բաց թողնված ապրանքները Հայաստանի Հանրապետությունից Միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանելիս ձևակերպվում են «Արտահանում» մաքսային ընթացակարգով՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքի կարգավիճակը, իսկ նշված ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծման դեպքում Միության մաքսային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման պարագայում այդ ապրանքների համար նախկինում վճարված ներմուծման մաքսատուրքի գումարները ենթակա են նվազեցման «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակում վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքի գումարներից:
8. Պայմանագրի 4-րդ հավելվածում ընդգրկված՝ պայմանական բաց թողնված ապրանքները «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվելուց հետո, ինչպես նաև նշված ապրանքներից պատրաստված ապրանքները ազատ տնտեսական գոտուց Միության տարածք ներմուծելիս վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքի պարտավորությունից նվազեցվում է նախկինում այդ ապրանքների համար վճարված ներմուծման մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից տվյալ ապրանքների նույնականացման պարագայում:
Հոդված 95. | Ապրանքների բացթողման մերժումը |
1. Սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով սահմանված` ապրանքների բացթողման համար նախատեսված պահանջները և պայմանները պահպանված չլինելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը:
2. Ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելիս մաքսային մարմինը նշում է ապրանքների բացթողումը մերժելու պատճառները՝ Միության մաքսային օրենսգրքի 125-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև կարող է նշել մերժման պատճառների վերացման հնարավոր տարբերակները:
3. Միության մաքսային օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Կոմիտեն սահմանում է ապրանքների բացթողումը մերժելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը Հանձնաժողովի որոշմամբ չկարգավորված մասով:
4. Ապրանքների բացթողման մերժումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 96. | Մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման առանձնահատկությունները |
1. Մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման առանձնահատկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածով:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերը, երբ մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմիններ չի ներկայացվում:
3. Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, եթե ապրանքների հայտարարագրումը կատարում է մաքսային ներկայացուցիչը, որը համապատասխանում է Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված պայմաններին, ապա ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում չի ներկայացվում հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման պարագայում.
1) մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվող անձանց մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով առկա պարտավորությունը համապատասխան վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովում չներկայացնելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ չի գերազանցում՝
2023 թվականի համար՝ մաքսային ներկայացուցչի ներկայացրած ապահովման 20 տոկոսը.
2024 թվականի համար՝ մաքսային ներկայացուցչի ներկայացրած ապահովման 35 տոկոսը.
2025 թվականի և հաջորդող տարիների համար՝ մաքսային ներկայացուցչի ներկայացրած ապահովման 50 տոկոսը.
2) համապատասխան վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովում չներկայացնելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ մաքսային ներկայացուցիչը չունի ժամկետանց պարտավորություններ, և մաքսային մարմիններ նրա ներկայացրած ապահովման նկատմամբ բռնագանձման կամ արգելանքի միջոցներ չեն կիրառվել:
4. Մաքսային մարմինների կողմից սույն մասին համապատասխան մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը չներկայացնելու մասին որոշումն ընդունելու կամ այդ ապահովումը մերժելու կարգը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 97. | Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման կասեցումը |
1. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցվում է Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել մինչև բացթողման կասեցման ժամկետի ավարտը՝
1) Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքերում.
2) դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ հայտարարատուի գործողությունները իրավաչափ ճանաչվելու դեպքում.
3) Կոմիտեի սահմանած այլ դեպքերում:
3. Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը կարող է սահմանել այն դեպքերը, երբ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշման ուժը կորցրած ճանաչվելուց հետո բացթողման ժամկետները չեն վերսկսվում:
ԲԱԺԻՆ 4
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
Գ Լ ՈՒ Խ 16
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 98. | Մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը |
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` Միության ապրանք չհանդիսացող ապրանքները ձևակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետությունից Միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող ապրանքները ձևակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններին համապատասխան:
3. Միության ապրանքները Միության անդամ այլ պետություններ տեղափոխվում են (ներմուծվում կամ արտահանվում են) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
4. Միության ապրանք չհամարվող ապրանքները Միության անդամ այլ պետություններ տեղափոխվում են (ներմուծվում կամ արտահանվում են) Միության մաքսային օրենսգրքի 22-րդ և 43-րդ գլուխներով և սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:
5. Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի պահանջվում:
6. Հայտարարատուն կարող է փոխել իր ընտրած մաքսային ընթացակարգը՝ Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխան:
7. Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային ընթացակարգերի գործողությունը դադարեցվում է Կոմիտեի սահմանած ձևով:
Հոդված 99. |
Մաքսային ընթացակարգերը և մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխանությունն ապահովող երաշխիքները |
1. Մաքսային ընթացակարգերի տեսակները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 127-րդ հոդվածով:
2. Հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգի պայմաններով ու պահանջներով ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ պայմանների և պահանջների ապահովման նպատակով մաքսային մարմիններն իրավասու են հայտարարատուից կամ նրա լիազորած անձանցից պահանջելու սահմանված սահմանափակումների պահպանման ապահովման վերաբերյալ գրավոր պարտավորագիր, իրականացնելու ապրանքների նույնականացում, փաթեթվածքների և ապրանքների պահպանման համար նախատեսված շինությունների կնքում և կապարակնքում, ձեռնարկելու նշված սահմանափակումների պահպանումն ապահովող այլ միջոցառումներ:
3. Ըստ մաքսային ընթացակարգերի՝ Կառավարությունը կարող է սահմանել պայմաններ, որոնց պահպանման պարագայում համապատասխան մաքսային ընթացակարգերի գործողությունը կարող է ավարտվել նախքան մաքսային ընթացակարգի շրջանակում սահմանված ժամկետի ավարտը:
Գ Լ ՈՒ Խ 17
«ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 100. | Ապրանքների ձևակերպումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով |
1. «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Միության անդամ երկրներում ձևակերպված ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում նշված մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային ձևակերպում չի պահանջվում:
3. Եթե «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակում Միության անդամ պետություններում վճարվել են ապրանքների ներմուծման՝ օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերից ցածր դրույքաչափով մաքսատուրքեր, կամ եթե ներմուծվող ապրանքները պատրաստված են այնպիսի հումքից, որի ներմուծման ժամանակ Միության անդամ պետություններում կիրառվել են մաքսատուրքի արտոնություններ, կամ եթե ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող կարգավորումները Միության անդամ պետությունում չեն կիրառվել, ապա ներմուծման մաքսատուրքերի լրացուցիչ գումարների վճարումը և Հայաստանի Հանրապետությունում առկա կարգավորումներին համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են դրանց հայտարարագրման ժամանակ:
Հոդված 101. | «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառումն ապրանքների պայմանական բացթողման դեպքում |
1. «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործման կամ տնօրինման սահմանափակումներին առնչվող ներմուծման մաքսատուրքերի և հարկերի արտոնությունների կիրառման դեպքում Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար նշված ընթացակարգով կրկնակի ձևակերպում չի պահանջվում` Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան:
2. Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար մաքսատուրքերի և հարկերի վճարման կարգը սահմանվում է սույն օրենքով:
3. Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան` պայմանական բաց թողնված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը հայտարարատուն ներկայացնում է ապրանքների պայմանական բացթողումը կատարած մաքսային մարմին: Մաքսային մարմինն ընդունում է այդ փաստաթղթերը հայտարարատուի դիմումի հիման վրա, որում նշվում է ապրանքների հայտարարագրի գրանցման համարը: Հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը պարտավոր է տրամադրել փաստաթղթերի ընդունման մասին գրավոր կամ էլեկտրոնային հավաստում:
4. Ապրանքների մաքսատուրքի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման հիմքերով սահմանված` ապրանքների օգտագործման կամ տնօրինման սահմանափակումները դադարում են այդ արտոնությունների տրամադրման նպատակով ընդունված իրավական ակտերով սահմանված ժամկետների ավարտից հետո, կամ եթե չեն սահմանվել ժամկետներ, ապա ապրանքների բացթողումից երեք տարի հետո:
Գ Լ ՈՒ Խ 18
«ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 102. | Ապրանքների ձևակերպումը «Արտահանում» մաքսային ընթացակարգով |
1. «Արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 21-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից առավել կարճ ժամկետ:
3. Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից առավել կարճ ժամկետ սահմանված լինելու դեպքում հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է երկարաձգել այն՝ Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:
4. Մաքսային մարմնի կողմից սույն մասով նշված դիմումը մերժելու դեպքում հայտարարատուին ներկայացվում են նաև մերժման հիմքերը:
Գ Լ ՈՒ Խ 19
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 103. | Ապրանքների ձևակերպումը «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով |
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում Միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված տարանցման հայտարարագիրը:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին տարանցման առանձնահատկությունները:
Հոդված 104. |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները |
1. Մաքսային մարմինները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում չեն պահանջում Միության մաքսային օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում:
2. Մաքսային մարմինների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցման մասին որոշման ընդունման դեպքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 343-րդ հոդվածով:
3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցումը կատարում են մաքսային մարմինները:
4. Մաքսային մարմինները կարող են սահմանել փոխադրման երթուղիներ՝ Միության մաքսային օրենսգրքի 344-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններով: Կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների տեղափոխման երթուղիներ:
5. Միության մաքսային օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար հաշվարկվող մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Միության մաքսային օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի շրջանակում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման ներկայացում չի պահանջվում:
7. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հայտարարատուն կարող է ներկայացնել բազմակի ապահովում:
8. Այն դեպքերում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը կատարում է Միության անդամ հանդիսացող մեկ պետության մաքսային մարմինը, իսկ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման բազմակի ապահովումը տրամադրվում է Միության անդամ հանդիսացող մեկ այլ պետության մաքսային մարմնին, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման բազմակի ապահովման տրամադրման համար կիրառվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված առանձնահատկությունները:
9. Այն դեպքերում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը կատարում է մաքսային մարմինը, որին տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման բազմակի ապահովումը, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման բազմակի ապահովման տրամադրումը կատարում է սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 105. | Ապրանքների առաքման վայրը |
1. Ապրանքների առաքման վայրը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ժամանման վայրերում տեղակայված մաքսային մարմինները ապրանքների առաքման վայրերը որոշում են՝ հիմք ընդունելով տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերում նշված տվյալները:
3. Անկախ սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված դրույթներից՝ ժամանման վայրերում տեղակայված մաքսային մարմինները կարող են սահմանել ապրանքների առաքման այլ վայրեր՝
1) hայտարարատուի կամ փոխադրողի կամ նրա լիազորած անձանց դիմումի հիման վրա.
2) տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերում նշված առաքման վայրեր ապրանքները հասցնելու անհնարինության դեպքում.
3) մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ որոշված դեպքերում՝ մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառման շրջանակում.
4) օրենքով սահմանված այլ դեպքերում:
4. Ապրանքների առաքման վայրերում մաքսային մարմինների ներկայությունը, ինչպես նաև ապրանքների տեղափոխումը մաքսային մարմինների գտնվելու վայրեր չեն հանդիսանում ապրանքները առաքման վայր հասցնելու պարտադիր պայման:
5. Միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ առաքման վայրի փոփոխության նպատակով հայտարարատուն կամ փոխադրողը կամ նրա լիազորած անձինք դիմում են ներկայացնում մաքսային մարմին, որում նշում են առաքման վայրի փոփոխության պատճառները և նախընտրելի առաքման վայրը, ինչպես նաև ներկայացնում են ապրանքների առաքմանն առնչվող փաստաթղթերը:
6. Մաքսային մարմինը սույն մասով սահմանված դիմումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առաքման վայրի փոփոխության վերաբերյալ որոշում է կայացնում: Այդպիսի որոշում կայացնելու դեպքում առաքման վայրի փոփոխությունը կատարվում է առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու: Սույն մասով սահմանված դեպքում ապրանքների առաքման վայրի փոփոխությանն առնչվող մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 106. | «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորություններն ու պատասխանատվությունը |
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով:
2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և փաստաթղթերը նշանակման մաքսային մարմին չհասցնելու դեպքում փոխադրողը պատասխանատվություն է կրում սույն օրենքով սահմանված կարգով, եթե ապրանքներն այդ ընթացակարգով բաց են թողնվել Հայաստանի Հանրապետությունում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքից բացի, այլ դեպքերում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ փոխադրողի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում վերջինս պատասխանատվություն է կրում սույն օրենքով սահմանված կարգով, եթե խախտումը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հոդված 107. | «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը և դադարը |
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության տարածք Միության անդամ պետություններից ներմուծվող (բացառությամբ օդային տրանսպորտով ներմուծման) ապրանքները ձևակերպվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
3. Միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառված «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտից հետո ապրանքները ժամանակավոր պահպանման չեն հանձնվում:
4. Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտման նպատակով Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը մաքսային մարմիններ կարող է ներկայացնել հայտարարատուն կամ փոխադրողը կամ նրա լիազորած անձը:
5. Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի ժամկետներ՝ կախված տրանսպորտային միջոցի տեսակից:
7. Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելով, մաքսային հայտարարագիրը գրանցելով, ապրանքները բաց թողնելով, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնմամբ, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելանքի վերցնելով:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը, այդ թվում՝ կախված տրանսպորտի այն տեսակից, որով ապրանքները փոխադրվում են, սահմանում է Կառավարությունը:
9. Միության մաքսային օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի և փոխադրողի միջև տեղեկատվական փոխազդեցության համակարգի առկայության պարագայում մաքսային մարմինը կարող է ծանուցում ուղարկել փոխադրողին Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված անձանց կողմից ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնման կամ դրանց հայտարարագրմանն ուղղված գործողությունները չկատարելու մասին` Կոմիտեի սահմանած կարգով:
10. Երկաթուղային և օդային տրանսպորտով ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի կողմից Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են ապրանքների նշանակման վայր տրանսպորտային միջոցի ժամանումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, իսկ մաքսային մարմինների ոչ աշխատանքային ժամերին ժամանելու դեպքում՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի սկզբից 8 ժամվա ընթացքում:
11. Նշանակման մաքսային մարմինը պարտավոր է Միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ կետով և սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետներից հետո՝ մեկ ժամվա ընթացքում, գրանցել փաստաթղթերը ներկայացնելու և տրանսպորտային միջոցի ժամանման փաստը և փոխադրողին տալ տրանսպորտային միջոցի ժամանման մասին գրավոր հավաստում` Կոմիտեի սահմանած ձևով:
Գ Լ ՈՒ Խ 20
«ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 108. | «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը, դրա շրջանակում ապրանքների ձևակերպման պայմանները և մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետները |
1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 109. |
«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները ապրանքները մաքսային պահեստում փաստացի չտեղակայելու դեպքում |
1. Այն ապրանքների նկատմամբ, որոնք իրենց մեծ չափերի կամ բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմանների պատճառով չեն կարող պահպանվել մաքսային պահեստներում, կարող է կիրառվել «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը՝ նշված ապրանքներն այլ վայրերում պահպանելու միջոցով՝ մաքսային մարմնի տրամադրած՝ այդպիսի պահպանման թույլտվության հիման վրա:
2. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվության տրամադրման կարգը և մաքսային պահեստներից տարբերվող այն վայրերին ներկայացվող պահանջները, որտեղ կարող են պահպանվել սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները, սահմանում է Կառավարությունը:
Հոդված 110. | Մաքսային պահեստներում պահպանվող ապրանքները |
1. Միության մաքսային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մաքսային պահեստում թույլատրվում է պահպանել «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության ապրանքները մինչև Միության մաքսային տարածքից դրանց արտահանումը:
2. Միության մաքսային օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել ապրանքների առանձին կատեգորիաներ, որոնք թույլատրվում է պահպանել փակ տիպի մաքսային պահեստներում:
Հոդված 111. | «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը և դադարը |
1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 161-րդ հոդվածին համապատասխան։
2. Մաքսային պահեստում պահպանվող ապրանքների նկատմամբ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգը կարող է կիրառել մաքսային պահեստի տիրապետողը։
Գ Լ ՈՒ Խ 21
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը ներկայացնում է այն անձը, որն ստացել է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն, կամ որն անմիջականորեն կատարում է ապրանքների վերամշակման գործառնությունները և իրավունք ունի հանդես գալու որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան:
3. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 113. | Վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքի նույնականացումը |
1. Վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված նույնականացման միջոցներով: Ընդ որում, նույնականացման եղանակի կիրառելիությունը որոշում է վերամշակման թույլտվությունը տրամադրող մաքսային մարմինը՝ հաշվի առնելով ապրանքների հատկությունները կամ բնույթը և դրանց վերամշակման գործառնությունները:
2. Մաքսային մարմինը կարող է ինքնուրույն որոշել վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակը, եթե հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը ընդունելի չէ մաքսային մարմնի համար:
3. Մաքսային մարմինը ներկայացնում է գրավոր հիմնավորում հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը չընդունելու վերաբերյալ:
4. Միության մաքսային օրենսգրքի 167-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված նույնականացման միջոցների կիրառման նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել փաստաթղթեր՝ ելնելով ապրանքների բնույթից և կատարվող վերամշակման գործողություններից, այդ թվում՝ վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող:
Հոդված 114. |
«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը |
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը ապրանքների մաքսային տարածքում վերամշակման թույլտվության մեջ սահմանված ժամկետն է, որը որոշում է վերամշակման թույլտվությունն ստացող անձը և համաձայնեցնում մաքսային մարմնի հետ՝ Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներին համապատասխան:
2. Հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման ժամկետը, Միության մաքսային օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է երկարաձգվել ոչ ուշ, քան նշված մաքսային ընթացակարգի ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման համար հայտարարատուն սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմին է ներկայացնում մինչև վերամշակման ժամկետի ավարտը։
4. Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը և հայտարարատուին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է վերամշակման ժամկետի երկարաձգման կամ այդպիսի երկարաձգումը մերժելու մասին: Ընդ որում, երկարաձգման մերժման դեպքում մաքսային մարմինները նշում են մերժման հիմքերը:
5. Մաքսային մարմինը մերժում է վերամշակման ժամկետի երկարաձգումը, եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ խախտվել են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի պայմանները, կամ ժամկետի երկարաձգման դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ:
6. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգվում է նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ:
Հոդված 115. | Վերամշակման արդյունքի նվազագույն ելքը |
1. Ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքը հայտարարատուն որոշում է ինքնուրույն՝ հաշվի առնելով Միության մաքսային օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված՝ վերամշակման գործառնությունների փաստացի տեխնոլոգիական գործընթացը, և համաձայնեցնում է մաքսային մարմինների հետ վերամշակման թույլտվությունն ստանալու նպատակով դիմում ներկայացնելիս կամ այդ թույլտվության մեջ փոփոխություններ կատարելիս:
2. Մաքսային մարմինների կողմից նվազագույն ելքի չափաքանակների համաձայնեցման ժամանակ կարող են հաշվի առնվել փորձագիտական կազմակերպությունների եզրակացությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների դիրքորոշումները, որոնք հիմնված են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրության տեխնոլոգիական գործընթացի վրա:
3. Կառավարության լիազորած մարմնի կողմից Միության մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման դեպքում կարող են սահմանվել վերամշակման արդյունքով ստացված ելքի ստանդարտ չափաքանակներ, որոնք մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն:
4. Միության մաքսային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է վերամշակման գործառնությունների հետևանքով առաջացած թափոնների՝ առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը:
Հոդված 116. | Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման փաստաթուղթը |
1. Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն է:
2. Օտարերկրյա ապրանքների, այդ ապրանքների վերամշակման արդյունքների, մնացորդների և թափոնների արժեքը հայտնի չլինելու դեպքում վերամշակման թույլտվության մեջ նշվում են համապատասխան միջակայքեր:
3. Եթե վերամշակման թույլտվության ստացման օրվա դրությամբ բացակայում են անձի կողմից ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերը, ապա այդ տեղեկությունները ներառվում են վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու միջոցով՝ ոչ ուշ, քան ապրանքների հայտարարագրումից մեկ աշխատանքային օր առաջ:
4. Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման կարգը, ձևը, լրացման կարգը, վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, վերամշակման թույլտվության փաստաթղթի գործողությունը կասեցնելու և վերսկսելու կարգը սահմանում է Կառավարությունը: Ապրանքների վերամշակման թույլտվության էլեկտրոնային ձևաչափը և կառուցվածքը սահմանում է Կոմիտեն:
5. Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի լրացման առանձնահատկությունները:
Հոդված 117. | Ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը |
1. Ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է ստանալ ցանկացած շահագրգիռ անձ, այդ թվում՝ անմիջականորեն վերամշակման գործառնությունները չկատարող, որը, Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան, կարող է հանդես գալ որպես հայտարարատու:
2. Ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում է ներկայացնում մաքսային մարմին:
3. Վերամշակման թույլտվություն ստանալու դիմումի մեջ նշվում են՝
1) դիմումատուի (հայտարարատուի) անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
2) ապրանքների վերամշակման գործառնություններն անմիջականորեն կատարող անձանց անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
3) վերամշակման ենթակա օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև դրանցից ստացվող արդյունքների, մնացորդների և թափոնների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը, հիմնական և լրացուցիչ չափման միավորները, արժեքը կամ արժեքային միջակայքը.
4) օտարերկրյա ապրանքների վերամշակման տեխնոլոգիական գործընթացն ապահովող Միության ապրանքների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը.
5) օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող գործառնությունները, դրանց կիրառման եղանակների և ժամկետների մասին տեղեկությունները.
6) վերամշակման արտադրական գործընթացների իրականացման վայրի հասցեն.
7) վերամշակման արդյունքի նվազագույն ելքը.
8) վերամշակման արդյունքով օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակները.
9) ապրանքների վերամշակման ժամկետը.
10) օտարերկրյա ապրանքների՝ Միության ապրանքներով փոխարինումը.
11) թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման հնարավորությունը.
12) օտարերկրյա ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը.
13) արտադրական կորուստների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը՝ արտահայտված հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, արժեքը կամ արժեքային միջակայքը:
4. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագիրը կարող է օգտագործվել որպես վերամշակման թույլտվության դիմում, եթե այդպիսի վերամշակման նպատակը վերանորոգումն է:
5. Ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումին կցվում են նաև դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:
6. Մաքսային մարմինն ուսումնասիրում է սույն հոդվածին համապատասխան՝ անձի ներկայացրած դիմումը և փաստաթղթերը դրանց գրանցման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսային մարմինն իրավասու է վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ստուգման նպատակով հարցում կատարելու դիմումը ներկայացրած անձին կամ համապատասխան պետական լիազոր մարմիններին, որոնք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել մաքսային մարմինների կողմից հայցվող տեղեկությունները: Հարցման ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից անձի ներկայացրած դիմումի ուսումնասիրության համար սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է:
7. Եթե որպես ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու դիմում, սույն հոդվածին համապատասխան, օգտագործվում է մաքսային հայտարարագիրը, ապա դիմումի ուսումնասիրության ժամկետը չի կարող գերազանցել այդպիսի մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողման ժամկետները:
8. Մաքսային մարմինը կարող է մերժել ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը, եթե անձը չի ներկայացրել սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակները կամ մաքսային մարմինների հետ չի համաձայնեցրել վերամշակման ժամկետները:
9. Մաքսային մարմնի կողմից ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման մերժումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկվում է անձին՝ նշելով այդ թույլտվության տրամադրման մերժման հիմքերը: Ապրանքների վերամշակման թույլտվության մերժման ձևը սահմանում է Կոմիտեն:
10. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, դրա էլեկտրոնային կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 118. | Ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելը |
1. Ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտություն առաջանալիս մաքսային մարմինների տրամադրած թույլտվության մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ) վերամշակման թույլտվությունն ստացած անձի կողմից վերամշակման թույլտվությունը տրամադրած մաքսային մարմին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում ներկայացնելու միջոցով:
2. Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան առաջարկվող փոփոխությունները (լրացումները) և համաձայնության դեպքում կատարում է փոփոխություններ (լրացումներ) վերամշակման թույլտվության մեջ:
3. Լրացուցիչ տեղեկատվության կամ հարցման անհրաժեշտության դեպքում սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է այդ տեղեկատվության կամ հարցման պատասխանն ստանալու ժամկետով:
4. Վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելը մերժվում է սույն օրենքի 117-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որի մասին մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է անձին՝ նշելով մերժման հիմքերը:
5. Վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար անձի կողմից ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև այն էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 119. |
«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչը (չեղարկումը) |
1. Վերամշակման թույլտվությունը կարող են հետ կանչել (չեղարկել) մաքսային մարմինները, եթե՝
1) հայտարարատուն չի պահպանում մաքսային ընթացակարգի պայմանները.
2) մաքսային մարմիններին հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար մաքսային մարմիններ ներկայացվել են անարժանահավատ տեղեկություններ, որոնք ազդել են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մեծության վրա.
3) ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձը թույլտվությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, չի իրականացրել վերամշակման ենթակա ապրանքների ներմուծում «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով:
2. Մինչև վերամշակման թույլտվության՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հետկանչը (չեղարկումը) մաքսային մարմինը թույլտվությունն ստացած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկում է ծանուցում վերամշակման թույլտվությունը հետ կանչելու մտադրության վերաբերյալ:
3. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, վերամշակման թույլտվություն ստացած անձի կողմից ապրանքների ներմուծմանն ուղղված որևէ գործողություն չիրականացվելու դեպքում մաքսային մարմինը վերամշակման թույլտվությունը հետ է կանչում (չեղարկում է):
4. Մաքսային մարմինների կողմից վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) վերաբերյալ որոշումը գործում է դրա ընդունման պահից: Ընդ որում, հետ կանչված (չեղարկված) թույլտվության հիման վրա ապրանքների ներմուծումը «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում:
5. Վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) դեպքում հայտարարատուն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում ավարտել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողությունը:
6. Անկախ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթներից՝ հայտարարատուին չի թույլատրվում ապրանքներն արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե նա խախտել է Միության մաքսային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջը: Այդ դեպքում հայտարարատուն պարտավոր է վերամշակման թույլտվության հետկանչին (չեղարկմանը) հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում ապրանքները հայտարարագրել «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ վճարելով մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չվճարված գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար հաշվարկված տույժերը: Եթե օտարերկրյա ապրանքների ձևակերպումը նշված ընթացակարգով հնարավոր չէ դրանց նկատմամբ գործող արգելքների և սահմանափակումների պատճառով, ապա դրանք ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանում նախատեսող մաքսային ընթացակարգով կամ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով՝ վճարելով «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակում հաշվարկված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չվճարված գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար հաշվարկված տույժերը:
7. Եթե մաքսային մարմինների ընդունած՝ վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) որոշումը վերադասության կարգով կամ բողոքարկման արդյունքով ճանաչվում է ոչ իրավաչափ, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու դեպքում վերամշակման թույլտվության գործողությունը վերականգնվում է՝ մաքսային մարմինների կողմից սույն մասով սահմանված որոշումն անվավեր ճանաչվելու օրվանից:
Հոդված 120. |
Օտարերկրյա ապրանքների փոխարինումը համարժեք ապրանքներով (համարժեք փոխարինումը) |
1. Մաքսային մարմինները թույլատրում են օտարերկրյա ապրանքների փոխարինումը (համարժեք փոխարինումը) Միության համարժեք ապրանքներով՝ Միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածին համապատասխան: Համարժեք փոխարինման թույլտվության մասին նշումը մաքսային մարմինը կատարում է վերամշակման թույլտվության մեջ:
2. Եթե օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինումը թույլատրվում է, ապա կարող է թույլատրվել համարժեք ապրանքների վերամշակմամբ ստացված արդյունքի արտահանումը նախքան օտարերկրյա ապրանքների ներմուծումը: Ընդ որում, օտարերկրյա ապրանքների ներմուծման ժամկետը որոշում է հայտարարատուն՝ վերամշակման թույլտվության ժամկետի շրջանակում:
3. Միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
Հոդված 121. | «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը, դադարը և կասեցումը |
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում, դադարում և կասեցվում է Միության մաքսային օրենսգրքի 173-րդ հոդվածին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 22
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 122. | «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի բովանդակությունը, ապրանքների՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպման և մաքսային ընթացակարգի ներքո օգտագործման պայմանները, մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների հաշվարկումը և վճարման ժամկետները |
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը ներկայացնում է այն անձը, որն ստացել է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն և իրավունք ունի հանդես գալու որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան:
3. Միության մաքսային օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման դեպքում արտահանման մաքսատուրքի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմիններին չի տրամադրվում:
4. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 123. | «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ժամկետը |
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ժամկետը ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման թույլտվության մեջ սահմանված ժամկետն է, որը որոշում է վերամշակման թույլտվությունն ստացող անձը և համաձայնեցնում մաքսային մարմնի հետ՝ Միության մաքսային օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված առավելագույն ժամկետին համապատասխան:
2. Հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման ժամկետը, Միության մաքսային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է երկարաձգվել ոչ ուշ, քան նշված մաքսային ընթացակարգի ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման համար հայտարարատուն սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմին է ներկայացնում մինչև վերամշակման ժամկետի ավարտը:
4. Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը և հայտարարատուին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում վերամշակման ժամկետի երկարաձգման կամ այդպիսի երկարաձգումը մերժելու մասին: Ընդ որում, ժամկետի երկարաձգումը մերժելիս մաքսային մարմինները նշում են մերժման հիմքերը:
5. Մաքսային մարմինը մերժում է վերամշակման ժամկետի երկարաձգումը, եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ խախտվել են «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի պայմանները, կամ երկարաձգման դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ:
6. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգվում է նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ:
Հոդված 124. | Վերամշակման արդյունքի մեջ Միության ապրանքների նույնականացումը |
1. Վերամշակման արդյունքի մեջ Միության ապրանքների նույնականացումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված նույնականացման եղանակներով, ընդ որում, նույնականացման եղանակի կիրառելիությունը որոշում է վերամշակման թույլտվությունը տրամադրած մաքսային մարմինը՝ հաշվի առնելով ապրանքների հատկությունները, բնույթը և դրանց վերամշակման գործառնությունները:
2. Մաքսային մարմինը կարող է ինքնուրույն որոշել վերամշակման արդյունքի մեջ Միության ապրանքների նույնականացման եղանակը, եթե հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը ընդունելի չէ մաքսային մարմնի համար:
3. Մաքսային մարմինը ներկայացնում է գրավոր հիմնավորում հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը չընդունելու վերաբերյալ:
4. Միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված նույնականացման միջոցների կիրառման նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել փաստաթղթեր՝ ելնելով ապրանքների բնույթից և Միության մաքսային տարածքից դուրս կատարվող վերամշակման գործողություններից, այդ թվում՝ Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների տեխնոլոգիական գործընթացում Միության ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող:
Հոդված 125. |
Վերամշակման արդյունքի նվազագույն ելքը |
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի շրջանակում ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակները որոշում է վերամշակման թույլտվություն ստացած անձը՝ հիմք ընդունելով ապրանքների վերամշակման փաստացի տեխնոլոգիական գործընթացները և համաձայնեցնում մաքսային մարմինների հետ:
2. Մաքսային մարմինների կողմից նվազագույն ելքի չափաքանակների համաձայնեցման ժամանակ կարող են հաշվի առնվել փորձագիտական կազմակերպությունների եզրակացությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների դիրքորոշումները, որոնք հիմնված են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրության տեխնոլոգիական գործընթացի վրա:
3. Կառավարության լիազորած մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման դեպքում կարող է սահմանել վերամշակման արդյունքով ստացված ելքի ստանդարտ չափաքանակներ, որոնք մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն:
Հոդված 126. | Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը |
1. Միության մաքսային օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն է:
2. Օտարերկրյա ապրանքների, վերամշակման արդյունքի, մնացորդների և թափոնների արժեքը հայտնի չլինելու դեպքում վերամշակման թույլտվության մեջ նշվում են համապատասխան արժեքային միջակայքեր:
3. Եթե վերամշակման թույլտվության ստացման օրվա դրությամբ բացակայում են անձի կողմից ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքները, ապա այդպիսի տեղեկությունները ներառվում են վերամշակման թույլտվության մեջ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու միջոցով ոչ ուշ, քան ապրանքների հայտարարագրումից մեկ աշխատանքային օր առաջ:
4. Միության մաքսային օրենսգրքի 181-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման կարգը, ձևը, լրացման կարգը, վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, ինչպես նաև վերամշակման փաստաթղթի գործողությունը կասեցնելու և վերսկսելու կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության էլեկտրոնային ձևաչափն ու կառուցվածքը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 127. | Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը |
1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է ստանալ ցանկացած շահագրգիռ անձ, որը, Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան, կարող է հանդես գալ որպես հայտարարատու «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ:
2. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ներկայացնում է դիմում այն մաքսային մարմին, որտեղ նախատեսվում է կատարել տվյալ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը:
3. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվող դիմումի մեջ նշվում են՝
1) դիմումատուի (հայտարարատուի) անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
2) ապրանքների վերամշակման գործառնություններն անմիջականորեն կատարող անձանց անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
3) վերամշակման ենթակա Միության ապրանքների, ինչպես նաև դրանցից ստացվող արդյունքների, մնացորդների և թափոնների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, արժեքը կամ արժեքային միջակայքը.
4) Միության ապրանքների նկատմամբ կիրառվող գործառնությունները, դրանց կիրառման եղանակները և ժամկետները.
5) վերամշակման արտադրական գործընթացների կատարման վայրի հասցեն.
6) վերամշակման արդյունքով նվազագույն ելքը.
7) վերամշակման արդյունքով Միության ապրանքների նույնականացման եղանակները.
8) ապրանքների վերամշակման ժամկետը.
9) վերամշակման արդյունքով ստացված ապրանքների՝ օտարերկրյա ապրանքներով համարժեք փոխարինման հնարավորությունը.
10) ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերի տեսակը, համարը, ամսաթիվը:
4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար սույն հոդվածին համապատասխան ներկայացվող դիմումին կցվում են նաև դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:
5. Մաքսային մարմինը ուսումնասիրում է անձի կողմից սույն հոդվածին համապատասխան ներկայացված դիմումը և փաստաթղթերը՝ Կոմիտեի սահմանած կարգով դրանց գրանցման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Մաքսային մարմինն իրավասու է վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ստուգման նպատակով հարցում կատարելու դիմումը ներկայացրած անձին կամ համապատասխան պետական լիազոր մարմիններին, որոնք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել մաքսային մարմինների կողմից հայցվող տեղեկությունները:
7. Սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան կատարված հարցման ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից անձի ներկայացրած դիմումի ուսումնասիրության՝ սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է:
8. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագիրը կարող է օգտագործվել որպես վերամշակման թույլտվության դիմում, եթե այդպիսի վերամշակման նպատակը վերանորոգումն է:
9. Եթե որպես ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու դիմում, սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան, օգտագործվում է մաքսային հայտարարագիրը, ապա դիմումի ուսումնասիրության ժամկետը չի կարող գերազանցել այդպիսի մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողման ժամկետները:
10. Մաքսային մարմինը կարող է մերժել մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը, եթե անձը չի ներկայացրել սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները (բացառությամբ այն տեղեկությունների, որոնք, սույն գլխին համապատասխան, կարող են լրացվել նախքան մաքսային հայտարարագրումը), ինչպես նաև վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակները կամ վերամշակման ժամկետները մաքսային մարմինների հետ չհամաձայնեցնելու դեպքում:
11. Մաքսային մարմնի կողմից մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման մերժումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկվում է անձին՝ մերժման դեպքում նշելով այդ թույլտվության տրամադրման մերժման հիմքերը: Ապրանքների վերամշակման թույլտվության մերժման ձևը սահմանում է Կոմիտեն:
12. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, դրա էլեկտրոնային կառուցվածքն ու ձևաչափը սահմանուն է Կոմիտեն:
Հոդված 128. | Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելը |
1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության առաջացման դեպքում մաքսային մարմինների տրամադրած թույլտվության մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ)՝ վերամշակման թույլտվությունն ստացած անձի կողմից վերամշակման թույլտվությունը տրամադրած մաքսային մարմին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում ներկայացնելու միջոցով:
2. Մաքսային մարմինն ուսումնասիրում է անձի կողմից առաջարկվող փոփոխությունները (լրացումները) երեք աշխատանքային օրվա ընթացքում և համաձայնության դեպքում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ կատարում է փոփոխություններ (լրացումներ):
3. Լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու կամ հարցման անհրաժեշտության դեպքում սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է այդ տեղեկատվության կամ հարցման պատասխանի ստացման ժամկետով:
4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժվում է սույն օրենքի 127-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որի մասին մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է անձին՝ նշելով մերժման հիմքերը:
5. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու դիմումի ձևը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով այն ներկայացնելիս կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 129. |
«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչը (չեղարկումը) |
1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը մաքսային մարմինները կարող են հետ կանչել (չեղարկել), եթե՝
1) հայտարարատուն չի պահպանում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի պայմանները.
2) մաքսային մարմիններին հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար մաքսային մարմիններ ներկայացվել են անարժանահավատ տեղեկություններ, որոնք ազդել են մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների մեծության վրա.
3) ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձը թույլտվությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, չի կատարել վերամշակման ենթակա ապրանքների արտահանում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով:
2. Մինչև մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հետկանչը (չեղարկումը) մաքսային մարմինը թույլտվությունն ստացած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկում է ծանուցում վերամշակման թույլտվությունը հետ կանչելու մտադրության վերաբերյալ:
3. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, վերամշակման թույլտվություն ստացած անձի կողմից ապրանքների արտահանմանն ուղղված որևէ գործողություն չիրականացվելու դեպքում մաքսային մարմինը վերամշակման թույլտվությունը հետ է կանչում (չեղարկում է):
4. Մաքսային մարմինների կողմից վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) վերաբերյալ որոշումը գործում է դրա ընդունման պահից, ընդ որում, հետ կանչված (չեղարկված) թույլտվության հիման վրա ապրանքների արտահանումը «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում:
5. Մաքսային մարմինների կողմից վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) որոշման վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուն պարտավոր է նախկինում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպել «Արտահանում» մաքսային ընթացակարգով:
6. Եթե մաքսային մարմինների ընդունած՝ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) որոշումը վերադասության կարգով կամ բողոքարկման արդյունքով ճանաչվում է ոչ իրավաչափ, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու դեպքում վերամշակման թույլտվության գործողությունը մաքսային մարմինները վերականգնում են սույն մասով սահմանված որոշումն անվավեր ճանաչվելու օրվանից:
Հոդված 130. |
Վերամշակման արդյունքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով |
1. Մաքսային մարմինը կարող է թույլատրել ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով:
2. Եթե ապրանքների վերամշակման նպատակը երաշխիքային (անհատույց) վերանորոգումն է, որը կատարվում է երաշխիքային ժամկետի շրջանակում, ապա մաքսային մարմինները թույլատրում են ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով, եթե՝
1) ապրանքների անմիջական վերամշակման գործառնություններ կատարող օտարերկրյա անձը հաստատում է այդպիսի փոխարինման անհրաժեշտությունը.
2) ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով նախատեսված է պայմանագրով կամ արտադրողի երաշխիքով:
3. Համարժեք օտարերկրյա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության ժամկետը չգերազանցող ժամկետում:
4. Մաքսային մարմնի կողմից ապրանքների վերամշակման արդյունքների փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով թույլատրելու դեպքում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով Միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են մինչև վերամշակման թույլտվության մեջ նշված ժամկետի ավարտը, որը հաշվարկվում է համարժեք ապրանքների ներմուծման օրվանից սկսած:
5. Ապրանքների վերամշակման արդյունքի՝ օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինելու մասին շահագրգիռ անձը հայտնում է վերամշակման թույլտվություն ստանալու համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումի մեջ, իսկ մաքսային մարմինը դրա վերաբերյալ նշումը կատարում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ:
6. Եթե ապրանքի փոխարինման անհրաժեշտությունը ծագում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն ստանալուց հետո, ապա վերամշակման թույլտվություն ստացած անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմիններ ներկայացնում է հիմնավորված դիմում ապրանքների վերամշակումից ստացվող արդյունքի փոխարինումը թույլատրելու վերաբերյալ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմումին կցվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և որոշում կայացնում ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ, որի մասին ծանուցում է դիմումը ներկայացնող անձին:
8. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումը մերժելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի մերժման պատճառաբանված հիմքերը:
9. Եթե որպես մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն օգտագործվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագիրը, ապա մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինելու թույլտվությունը տրամադրվում է առանձին՝ Կոմիտեի սահմանած ձևով:
10. Օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
11. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 184-րդ հոդվածին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 23
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը կիրառվում է Կառավարության սահմանած ցանկին համապատասխան ապրանքների ներմուծման նկատմամբ:
3. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը ներկայացնում է այն անձը, որն ստացել է ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն և իրավունք ունի հանդես գալու որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան:
4. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 132. |
Վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքի նույնականացումը |
1. Վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված նույնականացման միջոցներով, ընդ որում, նույնականացման եղանակի կիրառելիությունը որոշում է վերամշակման թույլտվությունը տրամադրող մաքսային մարմինը՝ հաշվի առնելով ապրանքների հատկությունները, բնույթը և դրանց վերամշակման գործառնությունները:
2. Մաքսային մարմինը կարող է ինքնուրույն որոշել վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակը, եթե հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը ընդունելի չէ մաքսային մարմնի համար:
3. Մաքսային մարմինը ներկայացնում է գրավոր հիմնավորում հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը չընդունելու վերաբերյալ:
4. Միության մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված նույնականացման միջոցների կիրառման նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել փաստաթղթեր՝ ելնելով ապրանքների բնույթից և կատարվող վերամշակման գործողություններից, այդ թվում՝ վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող:
Հոդված 133. |
«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի ժամկետը |
1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի ժամկետը ապրանքների ներքին սպառման համար վերամշակման թույլտվության մեջ սահմանված ժամկետն է, որը որոշում է վերամշակման թույլտվությունն ստացող անձը և համաձայնեցնում մաքսային մարմնի հետ՝ Միության մաքսային օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետին համապատասխան:
2. Հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման ժամկետը, Միության մաքսային օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է երկարաձգվել ոչ ուշ, քան մաքսային ընթացակարգի ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման համար հայտարարատուն սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմին է ներկայացնում մինչև վերամշակման ժամկետի ավարտը։
4. Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը և հայտարարատուին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում վերամշակման ժամկետի երկարաձգման կամ երկարաձգումը մերժելու մասին: Ընդ որում, մերժման դեպքում մաքսային մարմինները նշում են մերժման հիմքերը:
5. Մաքսային մարմինը մերժում է ներքին սպառման համար վերամշակման ժամկետի երկարաձգումը, եթե առկա է տեղեկատվություն, որ խախտվել են «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի պայմանները, կամ երկարաձգման դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ:
6. Ներքին սպառման համար վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգվում է նաև «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ:
Հոդված 134. | Ներքին սպառման համար վերամշակման արդյունքի նվազագույն ելքը |
1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքը հայտարարատուն որոշում է ինքնուրույն՝ հաշվի առնելով Միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված՝ վերամշակման գործառնությունների փաստացի տեխնոլոգիական գործընթացը և համաձայնեցնում մաքսային մարմինների հետ վերամշակման թույլտվությունն ստանալու համար դիմում ներկայացնելիս կամ այդ թույլտվության մեջ փոփոխություններ կատարելիս:
2. Մաքսային մարմինները նվազագույն ելքի չափաքանակների համաձայնեցման ժամանակ կարող են հաշվի առնել փորձագիտական կազմակերպությունների եզրակացությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների դիրքորոշումները, որոնք հիմնված են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրության տեխնոլոգիական գործընթացի վրա:
3. Կառավարության լիազորած մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման դեպքում կարող է սահմանել վերամշակման արդյունքով ստացված ելքի ստանդարտ չափաքանակներ, որոնք մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն:
Հոդված 135. | Ներքին սպառման համար վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը |
1. Միության մաքսային օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը ներքին սպառման համար վերամշակման թույլտվությունն է:
2. Օտարերկրյա ապրանքների, վերամշակման արդյունքի, մնացորդների և թափոնների արժեքը հայտնի չլինելու դեպքում ներքին սպառման համար վերամշակման թույլտվության մեջ նշվում են համապատասխան արժեքային միջակայքեր:
3. Եթե վերամշակման թույլտվության ստացման օրվա դրությամբ բացակայում են անձի կողմից ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքները, ապա այդպիսի տեղեկությունները ներառվում են վերամշակման թույլտվության մեջ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու միջոցով ոչ ուշ, քան ապրանքների հայտարարագրումից մեկ աշխատանքային օր առաջ:
4. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման կարգը, ձևը, դրա լրացման կարգը, վերամշակման թույլտվություն տրամադրելու մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, ինչպես նաև վերամշակման փաստաթղթի գործողության կասեցնելու և վերսկսելու կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման էլեկտրոնային թույլտվության ձևաչափն ու կառուցվածքը սահմանում է Կոմիտեն:
6. Կառավարությունը կարող է սահմանել «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի լրացման առանձնահատկությունները:
Հոդված 136. |
Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը |
1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է ստանալ ցանկացած շահագրգիռ անձ, որը, Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան, կարող է հանդես գալ որպես հայտարարատու:
2. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում է ներկայացնում մաքսային մարմին:
3. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվող դիմումի մեջ նշվում են՝
1) դիմումատուի (հայտարարատուի) անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
2) ապրանքների վերամշակման գործառնություններն անմիջականորեն կատարող անձանց անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
3) վերամշակման ենթակա ապրանքների, ինչպես նաև դրանցից ստացվող արդյունքների, մնացորդների և թափոնների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, արժեքը կամ արժեքային միջակայքը.
4) օտարերկրյա ապրանքների վերամշակման տեխնոլոգիական գործընթացն ապահովող՝ Միության ապրանքների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը.
5) վերամշակման արտադրական գործընթացների կատարման վայրի հասցեն.
6) վերամշակման արդյունքի նվազագույն ելքը.
7) վերամշակման արդյունքով օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակները.
8) ապրանքների վերամշակման ժամկետը.
9) թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման հնարավորությունը.
10) օտարերկրյա ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքները հաստատող փաստաթղթերի տեսակը, համարը, ամսաթիվը:
4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվող դիմումին կցվում են նաև դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:
5. Մաքսային մարմինն անձի ներկայացրած դիմումը և փաստաթղթերն ուսումնասիրում է Կոմիտեի սահմանած կարգով դրանց գրանցման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսային մարմինն իրավասու է ներքին սպառման համար վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ստուգման նպատակով հարցում կատարելու դիմումը ներկայացրած անձին կամ համապատասխան պետական լիազոր մարմիններ, որոնք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել մաքսային մարմինների կողմից հայցվող տեղեկությունները:
6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան կատարված հարցման ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից անձի ներկայացրած դիմումի և փաստաթղթերի ուսումնասիրության՝ սույն հոդվածով սահմանված ժամկետը կասեցվում է:
7. Մաքսային մարմինը կարող է մերժել ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը, եթե անձը չի ներկայացրել սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակները կամ վերամշակման ժամկետները մաքսային մարմինների հետ չի համաձայնեցրել:
8. Մաքսային մարմնի կողմից ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման մերժումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկվում է անձին՝ մերժման դեպքում նշելով այդպիսի թույլտվության տրամադրման մերժման հիմքերը: Ապրանքների վերամշակման թույլտվության մերժման ձևը սահմանում է Կոմիտեն:
9. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, դրա էլեկտրոնային կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն:
10. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, դրա էլեկտրոնային կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 137. | Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելը |
1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության առաջացման դեպքում տրամադրված թույլտվության մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ)՝ վերամշակման թույլտվությունն ստացած անձի կողմից վերամշակման թույլտվությունը տրամադրած մաքսային մարմին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում ներկայացվելու միջոցով:
2. Մաքսային մարմինն ուսումնասիրում է անձի կողմից առաջարկվող փոփոխությունները (լրացումները) երեք աշխատանքային օրվա ընթացքում և համաձայնության դեպքում վերամշակման թույլտվության մեջ կատարում է փոփոխություններ (լրացումներ):
3. Լրացուցիչ տեղեկատվության կամ հարցման անհրաժեշտության դեպքում սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է այդ տեղեկատվության կամ հարցման պատասխանի ստացման ժամկետով:
4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժվում է սույն օրենքի 136-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որի մասին մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է անձին՝ նշելով մերժման հիմքերը:
5. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար սույն հոդվածին համապատասխան ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև այն էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս դրա կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 138. |
«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչը (չեղարկումը) |
1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող են հետ կանչել (չեղարկել) մաքսային մարմինները, եթե՝
1) հայտարարատուն չի պահպանում մաքսային ընթացակարգի պայմանները․
2) մաքսային մարմիններին հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար մաքսային մարմիններ ներկայացվել են անարժանահավատ տեղեկություններ, և որոնք ազդել են մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների մեծության վրա․
3) ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձը թույլտվությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, չի իրականացրել վերամշակման ենթակա ապրանքների ներմուծում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:
2. Մինչև ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հետկանչը (չեղարկումը) մաքսային մարմինը թույլտվությունն ստացած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկում է ծանուցում վերամշակման թույլտվությունը հետ կանչելու մտադրության վերաբերյալ:
3. Մաքսային մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձի կողմից ապրանքների ներմուծմանն ուղղված որևէ գործողություն չկատարվելու դեպքում վերամշակման թույլտվությունը հետ է կանչում (չեղարկում է):
4. Մաքսային մարմինների կողմից ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) վերաբերյալ որոշումը գործում է դրա ընդունման պահից, ընդ որում, հետ կանչված (չեղարկված) թույլտվության հիման վրա ապրանքների ներմուծումը «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում:
5. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) դեպքում հայտարարատուն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա, վերամշակման չենթարկված ապրանքները վերահայտարարագրել «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:
6. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների վերամշակումից ստացված արդյունքը թույլատրվում է ձևակերպել «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:
7. Եթե մաքսային մարմինների ընդունած՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) որոշումը վերադասության կարգով կամ բողոքարկման արդյունքով ճանաչվում է ոչ իրավաչափ, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու դեպքում վերամշակման թույլտվության գործողությունը վերականգնում են մաքսային մարմինները սույն մասով սահմանված որոշումն անվավեր ճանաչվելու օրվանից:
8. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում, դադարում և կասեցվում է Միության մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 24
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 139. | «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը |
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. Ազատ տնտեսական գոտիներում գտնվող օտարերկրյա և Միության ապրանքները ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծվելիս ձևակերպվում են «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը կամ կատեգորիաները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծելիս ենթակա չեն ձևակերպման «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով:
Հոդված 140. | «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները |
1. Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան՝ ազատ տնտեսական գոտիներում թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մանրածախ վաճառք առանց նշված ընթացակարգն ավարտելու:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող անձը եռամսյակային կտրվածքով մաքսային մարմիններ է ներկայացնում հաշվետվություն «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվետվության ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն:
4. Կառավարության սահմանած այն ազատ տնտեսական գոտու տարածքում, որի սահմանագիծը մասնակի կամ ամբողջությամբ համընկնում է Միության մաքսային սահմանի հատվածների հետ՝
1) Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղավորման կամ օգտագործման համար «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու կարող են հանդես գալ այդ ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող՝ Կառավարության որոշած իրավաբանական անձինք.
2) Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Կառավարությունը կարող է սահմանել ապրանքներն այդ ազատ տնտեսական գոտիների տարածքներ ներմուծելիս Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման և ապրանքներն այդ ազատ տնտեսական գոտիների տարածքներից արտահանելիս Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման առանձնահատկությունները։
5. Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ կետը, 207-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը չեն կիրառվում Կառավարության սահմանած այն ազատ տնտեսական գոտու նկատմամբ, որի սահմանագիծը մասնակի կամ ամբողջությամբ համընկնում է Միության մաքսային սահմանի հատվածներին:
6. Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 23-րդ կետով սահմանված արտոնությունների կիրառման նպատակով նշված կետով սահմանված անձինք իրենց կողմից տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման նպատակով ներկայացնում են ուղևորային մաքսային հայտարարագիր՝ միաժամանակ ներկայացնելով նաև նույն կետով սահմանված պայմանների պահպանումը հավաստող փաստաթղթեր:
7. Միության մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան, Կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, երբ լոգիստիկ կամ նավահանգստային ազատ տնտեսական գոտիների տարածք մուտք գործող՝ «Արտահանում» կամ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև այլ ապրանքներ չեն ձևակերպվում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով:
8. Կոմիտեն կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների կատարման կարգը:
9. Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կամ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
10. Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը թույլատրում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումը (տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքներով)՝
1) կապալառուին, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող՝ ազատ տնտեսական գոտու տարածքում շինարարական, մոնտաժման և այլ աշխատանքներ իրականացնելու համար.
2) փոխադրողին՝ ապրանքների փոխադրում իրականացնելու համար:
11. Սույն հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ ապրանքների փոխանցման դեպքում կապալառուն և փոխադրողը մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների մասով համապարտ պարտավորություն են կրում Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով այդպիսի վճարների պարտավորության ծագման դեպքերում, եթե պարտավորության ծագման օրվա դրությամբ փոխանցված ապրանքները չեն հանձնվել հայտարարատուին:
12. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել դեպքեր, երբ ազատ տնտեսական գոտու շահագործողի կողմից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը ավարտելու, տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքներով կարող են փոխանցվել նույն ազատ տնտեսական գոտու մեկ այլ շահագործողի:
13. Սույն հոդվածի 12-րդ մասում նշված դեպքում Կառավարությունը սահմանում է նաև ապրանքների փոխանցման կարգը և պայմանները:
14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած դեպքերում ապրանքների սեփականության իրավունքի փոխանցման պահից ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերած անձը կրում է հայտարարատուի՝ Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտավորությունը:
15. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել դեպքեր, երբ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, առանց նշված մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտելու, սեփականության իրավունքով կարող են փոխանցվել այլ անձանց:
16. Սույն հոդվածի 15-րդ մասում նշված դեպքում ապրանքների փոխանցման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:
17. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած դեպքերում ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պահից ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերած անձը կրում է հայտարարատուի՝ Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտավորությունը:
18. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն գործողությունները (գործառնությունները), որոնք չեն թույլատրվում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ:
Հոդված 141. | «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը |
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքների մեջ կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված եղանակներով:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված նույնականացման կարգը:
Հոդված 142. | Ազատ տնտեսական գոտու տարածքը |
1. Ազատ տնտեսական գոտու տարածքին ներկայացվող պահանջները և այնտեղ կատարվող մաքսային գործառնությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով:
2. Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:
3. Միության մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել ազատ տնտեսական գոտիներ ապրանքների ներմուծման մասին մաքսային մարմիններ ներկայացվող ծանուցումների և մաքսային մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների ձևերը, ինչպես նաև նշված ծանուցումների և թույլտվությունների տրամադրման կարգը:
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը:
5. Միության մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուն վարում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառում:
6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու կարգը, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 143. |
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտն ու դադարեցումը |
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածին համապատասխան:
2. Կառավարությունը Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում սահմանում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի՝ առանց այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու գործողությունն ավարտելու կարգը:
3. Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ապրանքները մաքսային մարմինները հանում են հաշվառումից՝ դրանց համար լիազորված մարմնի տրամադրած փաստաթղթի (եզրակացության) հիման վրա՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում իրականացնելով մաքսային հայտարարագրի վրա, իսկ մաքսային հայտարարագրումը թղթային եղանակով իրականացված լինելու դեպքում՝ մաքսային հայտարարագրի թղթային օրինակների վրա համապատասխան գրառում կատարելով և կնքելով:
5. Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված դեպքերում այդ ազատ տնտեսական գոտու գործունեության համար «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ սույն մասում նշված կետերով նախատեսված ապրանքների նկատմամբ կիրառված «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մաքսային մարմիններ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հիմնավորված դիմումի և ազատ տնտեսական գոտու գործունեության դադարեցումը կամ ազատ տնտեսական գոտու շահագործողի գործունեության դադարեցումը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ապրանքները մաքսային մարմինները հանում են հաշվառումից՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելով մաքսային հայտարարագրի վրա, իսկ մաքսային հայտարարագրումը թղթային եղանակով կատարելու պարագայում՝ մաքսային հայտարարագրի թղթային օրինակների վրա համապատասխան գրառում կատարելով և կնքելով:
Հոդված 144. | «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի առանձնահատկությունները ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կամ շահագործողի լուծարման դեպքում |
1. Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան՝ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կամ շահագործողի՝ օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ազատ տնտեսական գոտում գտնվող ապրանքների համար Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 3-6-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով (բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի) մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի լուծարման ժամկետի ավարտը:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է, իսկ ապրանքները վերցվում են Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված կարգով: Ապրանքների հետագա տնօրինումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 25
«ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 145. | «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի բովանդակությունը |
1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 28-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության ապրանքների այն կատեգորիաները, որոնք ազատ պահեստում տեղակայելու համար պարտադիր ձևակերպվում են «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 211-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել օտարերկրյա այն ապրանքների կատեգորիաները և ցանկերը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չի կիրառվում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը:
Հոդված 146. | Ապրանքների՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները |
1. Ապրանքների՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 212-րդ հոդվածով:
2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտելու ժամանակ որպես հայտարարատու կարող է հանդես գալ այն անձը, որը «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի հայտարարատու է, իսկ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև դրանց վերամշակումից ստացված արդյունքների նկատմամբ, Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածին համապատասխան, սեփականության իրավունքի փոխանցում նախատեսող գործարքներ իրականացնելու դեպքում՝ այդ գործարքի կողմ հանդիսացող անձը, որին անցել է սեփականության իրավունքը:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 212-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերը, երբ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են տեղակայված լինել մի քանի ազատ պահեստներում, որոնց համար որպես հայտարարատու հանդես եկող տիրապետողը մեկ իրավաբանական անձ է:
4. Սույն մասով սահմանված դեպքում Կոմիտեն սահմանում է ազատ պահեստների միջև ապրանքների փոխադրման, ինչպես նաև այդպիսի ապրանքների նկատմամբ կատարվող մաքսային գործառնությունները և մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները:
Հոդված 147. | «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կատարվող գործողությունները |
1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կատարվող գործողությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածով:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է ընդլայնել կամ կրճատել Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործառնությունները՝ կախված ազատ պահեստի ստեղծման նպատակներից:
3. Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի թույլտվությամբ Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործառնությունները կարող են իրականացնել այն անձինք, որոնց սեփականության իրավունքով փոխանցվել են «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքները:
4. Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրարկման նպատակով նույն մասով նախատեսված թույլտվությունը տրամադրում է մաքսային մարմինը՝ թույլտվության մեջ նշելով մաքսային մարմնի այն ստորաբաժանումը, որը կատարում է «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կամ այդ ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքների մաքսային ընթացակարգի ավարտմանն ուղղված գործառնությունները:
5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ դրանցից ստացված (արտադրված) ապրանքները կարող են առանց մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու դուրս բերվել ազատ պահեստի տարածքից Հայաստանի Հանրապետության այլ տարածք մաքսային մարմնի նշած մաքսային ընթացակարգի գործողության ավարտմանն ուղղված գործառնությունների կատարման նպատակով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապրանքներն ազատ պահեստի տարածքից դուրս բերելու համար Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածով սահմանված թույլտվությունն ստանալու նպատակով հայտարարատուն էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ներկայացնում է հիմնավորված դիմում մաքսային մարմին՝ ներկայացնելով առանց մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ ապրանքների տեղափոխման հիմնավորումը, ինչպես նաև նշելով մաքսային մարմնի այն նախընտրելի ստորաբաժանումը, որտեղ պետք է կատարվեն մաքսային ընթացակարգի գործողության ավարտմանն ուղղված գործառնությունները, ապրանքների տեղափոխման և մաքսային մարմնի կողմից գործառնությունների կատարման նախընտրելի ժամկետները:
7. Դիմումին կից ներկայացվում են նաև «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված մաքսային հայտարարագիրը և այդ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:
8. Մաքսային մարմինը դիմումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով տրամադրում է ապրանքների տեղափոխման թույլտվություն կամ մերժում է այդպիսի թույլտվության տրամադրումը՝ նշելով մերժման հիմնավորումը:
Հոդված 148. | «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը նշված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքների մեջ |
1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքների մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման նպատակով կիրառվում են Միության մաքսային օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված նույնականացման եղանակները:
2. Միության մաքսային օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից նույնականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 149. | «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը և դադարը |
1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածով և սույն գլխով սահմանված դրույթներին համապատասխան: Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված հանգամանքներով պայմանավորված՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վիճակի փոփոխության կամ բացակայության դեպքում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա՝ այդ ապրանքների համար լիազորված մարմնի տրամադրած փաստաթղթի հիմքով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները մաքսային մարմինները հանում են հաշվառումից՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելով մաքսային հայտարարագրի վրա, իսկ մաքսային հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացված լինելու պարագայում՝ մաքսային հայտարարագրի թղթային օրինակների վրա համապատասխան գրառում կատարելով և կնքելով:
3. Ազատ պահեստի գործունեության դադարեցման դեպքում այդ պահեստի գործունեության համար «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված ապրանքների նկատմամբ կիրառված «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մաքսային մարմիններ ազատ պահեստի տիրապետողի կողմից հիմնավորված դիմում և ազատ պահեստի գործունեության դադարեցումը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ապրանքները հանվում են հաշվառումից՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելով մաքսային հայտարարագրի վրա, իսկ մաքսային հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացված լինելու պարագայում՝ մաքսային հայտարարագրի թղթային օրինակների վրա համապատասխան գրառում կատարելով և կնքելով:
Հոդված 150. | Ազատ պահեստի լուծարման դեպքում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի առանձնահատկությունները |
1. Ազատ պահեստի՝ օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ազատ պահեստում գտնվող ապրանքների համար ավարտվում է Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերին (բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի) համապատասխան մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի լուծարման ժամկետի ավարտը:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ազատ պահեստի լուծարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի մեկնարկի օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն հոդվածով սահմանված կարգով «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է, իսկ ապրանքները վերցվում են Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված կարգով: Ապրանքների հետագա տնօրինումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 26
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 151. | Ապրանքների ձևակերպումը «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով |
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 152. | «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումը և տնօրինումը |
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումն ու տնօրինումը կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներով։
2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի։
Հոդված 153. | Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը առանց մաքսային մարմինների թույլտվության |
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները հայտարարատուն առանց մաքսային մարմինների թույլտվության կարող է փոխանցել այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը՝ Միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հիմքերով:
2. Անձը, որին տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն է կրում վճարման ենթակա մաքսային վճարների վճարման համար:
3. Մաքսային մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 340-րդ հոդվածի համաձայն, իրավունք ունի պահանջելու «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փաստացի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ, իսկ ապրանքներն այլ անձի փոխանցելու դեպքում՝ այդ անձի մասին տեղեկություններ։
Հոդված 154. | Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը մաքսային մարմինների թույլտվությամբ |
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը մաքսային մարմինների թույլտվությամբ կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
2. Մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ հայտարարատուի ժամանակավոր ներմուծած ապրանքներն այլ անձի տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու դեպքում այդ անձն ստանձնում է Միության մաքսային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջները և պայմանները պահպանելու պարտավորությունը։
3. Հայտարարատուն պարտավոր է վճարել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի և հարկերի գումարներն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում օգտագործել է ապրանքները, եթե նշված մաքսային ընթացակարգով առաջացել է մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորություն:
4. Անձը, որին փոխանցվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, Միության մաքսային օրենսգրքի 29-րդ գլխին համապատասխան՝ ունի իրավունքներ և կրում է պարտավորություններ ժամանակավոր ներմուծված ապրանքները փոխանցելու մասին մաքսային մարմնի որոշման կայացման օրվանից։
1. Միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու համար մաքսային մարմինների թույլտվության տրամադրման կարգը և դիմումի ձևը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 156. |
Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետները |
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածով:
2. Ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել հայտարարատուի խնդրարկած, սակայն Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետով: Ընդ որում, սկզբնապես խնդրարկված ժամկետը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել՝ Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված առավելագույն ժամկետները չգերազանցող ժամկետով երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ:
3. Մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով հայտարարագրում փոփոխություններ կատարելու միջոցով:
4. Մաքսային մարմինն ուսումնասիրում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին ներկայացված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին ծանուցում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին։
5. Ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին մաքսային մարմնի մերժման մեջ նշվում են մերժման հիմքերը։ Մաքսային մարմինը հայտարարատուին գրավոր ծանուցում է նշված մերժման մասին։
6. Այն ապրանքների ժամանակավոր ներմուծման դեպքում, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է ժամանակավոր ներմուծման առավել կարճ կամ առավել երկար ժամկետներ, մաքսային մարմինը, որը կատարել է նշված ընթացակարգով ապրանքների ձևակերպումը, սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի երկարաձգումը կատարում է Հանձնաժողովի սահմանած ժամկետներում:
7. Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձևը և դիմումի քննարկման արդյունքների մասին մաքսային մարմնի որոշման ձևը սահմանում է Կառավարությունը։
Գ Լ ՈՒ Խ 27
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 157. | «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգը |
1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 158. | «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետները |
1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 229-րդ հոդվածով:
2. Ժամանակավոր արտահանման նպատակներից և պայմաններից կախված՝ հայտարարատուն ներկայացնում է «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետը, որը չի կարող գերազանցել այն գործարքի ժամկետը, որի համաձայն՝ ապրանքները ժամանակավոր արտահանվում են Միության մաքսային տարածքից:
3. Եթե ապրանքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է այնպիսի գործարքի հիման վրա, որի համար ժամկետներ նախատեսված չեն, ապա ժամանակավոր արտահանման ժամկետը որոշում և ներկայացնում է հայտարարատուն:
4. Մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով հայտարարագրում փոփոխություններ կատարելու միջոցով ժամկետի երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ:
5. Մաքսային մարմինն ուսումնասիրում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին ծանուցում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին։
6. Ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին մաքսային մարմնի մերժման մեջ պետք է նշվեն մերժման հիմքերը։ Մաքսային մարմինը հայտարարատուին գրավոր ծանուցում է նշված մերժման մասին։
7. Միության մաքսային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ առանձին տեսակի ապրանքների համար Կառավարությունը կարող է սահմանել ժամանակավոր արտահանման վերջնաժամկետներ:
Հոդված 159. | «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգման դիմումի ձևը և մաքսային մարմնի որոշման ձևը |
1. Ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձևը և դիմումի քննարկման արդյունքների մասին մաքսային մարմնի որոշման ձևը սահմանում է Կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 28
«ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 160. | «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգը |
1. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 31-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 161. | Հարկերի, լրավճարների գումարների և այլ գումարների վճարումը ապրանքները «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված լինելու դեպքում |
1. Միության մաքսային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ այդ ապրանքների համար նախկինում Միության մաքսային տարածքից արտահանման ժամանակ չվճարված կամ վերադարձված հարկերի, դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների, լրավճարների կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն որպես վճար ստացված այլ գումարները ենթակա են փոխհատուցման Կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 29
«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 162. | «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգը |
1. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 32-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 163. | Ներմուծման մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը) |
1. Նախկինում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, Միության մաքսային օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերին համապատասխան, «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարված գումարները վերադարձվում (հաշվանցվում) են սույն օրենքի 10-րդ գլխով սահմանված կարգով, եթե այդ ապրանքները փաստացի արտահանվել են Միության տարածքից:
Գ Լ ՈՒ Խ 30
«ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 164. | «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը |
1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 33-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 165. | Անմաքս առևտրի խանութները |
1. Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը, տեղակայման վայրին և ապրանքների իրացման պայմաններին ներկայացվող պահանջները սահմանված են սույն օրենքի 286-րդ հոդվածով։
2. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը պարտավոր է հաշվառում կատարել և հաշվետվություններ ներկայացնել այն ապրանքների վերաբերյալ, որոնց նկատմամբ կիրառվել է «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը՝ սույն օրենքի 197-րդ հոդվածի համաձայն։
3. Հայաստանի Հանրապետության տարածք Միության անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժամանման վայրերում գործող՝ անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների ներմուծման դեպքում, եթե դրանց բնաիրային և արժեքային չափերը գերազանցում են Միության օրենսդրությամբ ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ ներմուծվող ապրանքների համար սահմանված բնաիրային և արժեքային չափերը, ներկայացվում է ուղևորային մաքսային հայտարարագիր՝ Միության օրենսդրությանը համապատասխան:
4. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝
1) Միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձինք.
2) տվյալ անմաքս առևտրի տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի անձնակազմի անդամները.
3) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք` օդանավում ուղևորներին վաճառելու համար: Սույն կետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
5. Միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց ապրանքների իրացումն անմաքս առևտրի խանութներից թույլատրվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման բոլոր վայրերում:
Գ Լ ՈՒ Խ 31
«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 166. | «Ոչնչացում» մաքսային ընթացակարգը |
1. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 34-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 167. | Ապրանքների՝ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները |
1. Մինչև «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելը հայտարարատուն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու ցանկության մասին դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որին պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումին կից ներկայացվում է Կառավարության սահմանած՝ պետական լիազոր մարմնի տրամադրած՝ ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացությունը, որում նշվում են ապրանքների ոչնչացման վայրի, եղանակի, ոչնչացման հետևանքով առաջացող հնարավոր թափոնների վերաբերյալ տեղեկություններ:
3. Ապրանքների ոչնչացումը կատարում են այն անձինք, որոնք ունեն իրավասու մարմինների համապատասխան լիազորությունը հաստատող փաստաթուղթը:
4. Որպես սույն հոդվածի 2-րդ մասում նշված եզրակացություն կարող է օգտագործվել նաև ժամանակավոր ներմուծված օտարերկրյա ապրանքների հատկությունների և բնութագրերի փորձարկումները, ստուգումները, փորձերը կամ ցուցադրումը կատարած կազմակերպության տրամադրած ոչնչացման ակտը այն դեպքում, երբ այդ ապրանքները ժամանակավոր ներմուծվել են դրանց հետ կամ դրանց միջոցով հատկությունների և բնութագրերի փորձարկումներ, ստուգումներ, փորձեր, ցուցադրում իրականացնելու համար և ոչնչացվել կամ վնասվել են այդ գործողությունների կատարման ընթացքում։
5. Որպես ապրանքների ոչնչացման հնարավորությունը հաստատող եզրակացություն կարող են օգտագործվել սույն օրենքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմինների ճանաչած փաստերը։
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում մաքսային մարմին ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սույն հոդվածի 1-ին և սույն օրենքի 168-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված տեղեկությունները։
7. Ապրանքների ոչնչացումից հետո հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը:
Հոդված 168. | Ապրանքների ոչնչացումը |
1. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացումը կատարվում է մաքսային մարմինների սահմանած ժամկետում, որը որոշվում է՝ հաշվի առնելով հայտարարագրված ապրանքների փաստացի ոչնչացման ժամկետները, ոչնչացման եղանակը և վայրը, ինչպես նաև պետական լիազոր մարմնի տրամադրած՝ սույն օրենքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը:
2. Ապրանքների ոչնչացումը կատարվում է հայտարարատուի միջոցների հաշվին:
3. Ապրանքների ոչնչացումը կատարվում է Կառավարության սահմանած մարմնի (հանձնաժողովի, անձի կամ պետական կառավարման համակարգի մարմնի) հսկողության ներքո: Անհրաժեշտության դեպքում ապրանքների ոչնչացման գործընթացում կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմինների մասնագետներ և անկախ փորձագետներ:
4. Ոչնչացումը կատարվում է՝
1) ջերմային, քիմիական, մեխանիկական կամ այլ ազդեցության միջոցներով (այրում, քայքայում, կոտրում, տեղադրում և այլն), որոնց հետևանքով ապրանքներն անդառնալիորեն ոչնչացվում են: Ոչնչացման եղանակը ապահովում է ապրանքների օգտագործման անհնարինությունը կամ դրանց՝ ըստ նշանակության օգտագործման համար նախնական վիճակի վերականգնման անհնարինությունը.
2) ապամոնտաժման, քանդման, մեխանիկական վնասման (ներառյալ անցքեր առաջացնելը, պատռելը) և այլ եղանակներով վնասելով` պայմանով, որ այդպիսի վնասվածքներ հասցնելը կբացառի ապրանքների հետագա վերականգնումը և օգտագործումը:
5. Ապրանքների փաստացի ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման վերաբերյալ ակտ՝ Կառավարության սահմանած ձևով, որում նշվում են՝
1) ապրանքների ոչնչացման վայրը և ամսաթիվը.
2) մաքսային ընթացակարգի հայտարարատու հանդիսացող անձի մասին տեղեկություններ.
3) ոչնչացման ժամանակ ներկա անձանց մասին տեղեկություններ.
4) ոչնչացվող ապրանքների անվանումը, դրանց քանակը և չափման միավորը.
5) ապրանքների ոչնչացման եղանակը.
6) ոչնչացումից հետո թափոնների առկայությունը և դրանց քանակը, ինչպես նաև հետագա օգտագործման հնարավորությունը.
7) ոչնչացման ակտում ընդգրկված այլ տեղեկություններ:
6. Ոչնչացման ակտն ստորագրում են մաքսային մարմնի պաշտոնատար անձը (անձինք) և հայտարարատուն: Այն կազմվում է Կառավարության սահմանած քանակով և բաշխվում Կառավարության սահմանած բաշխման կարգով:
7. Ապրանքների ոչնչացման փաստը կարող է պահպանվել նաև տեսանկարահանումով կամ ֆոտոնկարահանումով, որը կցվում է ոչնչացման ակտին:
8. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգն ավարտվում է սույն հոդվածով սահմանված ակտի հիման վրա:
9. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 32
«ՀՐԱԺԱՐՈՒՄ՝ ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 169. | «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգը |
1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 35-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հոդված 170. | «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքները հայտարարագրելու կարգը |
1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքները հայտարարագրվում են մաքսային մարմնի թույլտվությամբ։
2. Թույլտվություն ստանալու համար հայտարարատուն գրավոր դիմում է մաքսային մարմին՝ դիմումում նշելով ապրանքների անվանումը, քանակը, արժեքը, գտնվելու վայրը, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և ապրանքներից հօգուտ պետության հրաժարվելու պատճառների համառոտ նկարագրությունը։
3. Մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը և որոշում է կայացնում «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվության տրամադրման մասին կամ Հանձնաժողովի որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքներից, ինչպես նաև Միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված, Միության անդամ պետությունների տարածքում շրջանառության համար արգելված ապրանքներից հրաժարվելու դեպքում թույլտվության տրամադրումը մերժելու մասին։
4. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքները հայտարարագրելու համար հայտարարատուն «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ զուգահեռ մաքսային մարմին է ներկայացնում նաև հիմնավորված հաշվարկ Միության մաքսային օրենսգրքի 252-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված պահանջի պահպանվածության մասին:
5. Եթե «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապրանքները չեն հանձնվում մաքսային մարմիններ, ապա ապրանքների բացթողումը մաքսային մարմիններն անվավեր են ճանաչում:
6. Մաքսային մարմինների կողմից «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները հայտարարատուի հանձնելուց հետո հանձնվում են Կառավարության սահմանած լիազորված պետական մարմիններ՝ հետագա տնօրինման նպատակով:
7. Ապրանքների հանձնման ժամանակ կազմվում է հանձնման և ընդունման ակտ, որի ձևը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 171. | «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգ կիրառելու համար պատասխանատվությունը |
1. Մաքսային մարմինները չեն փոխհատուցում «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց գույքային պահանջները։
Գ Լ ՈՒ Խ 33
«ՀԱՏՈՒԿ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 172. | «Հատուկ» մաքսային ընթացակարգը |
1. «Հատուկ» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 36-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է «Հատուկ» մաքսային ընթացակարգով առանձին ապրանքների ձևակերպման պայմանները և կարգը Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում:
ԲԱԺԻՆ 5
ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 34
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 173. | Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ կիրառվող երկուղի համակարգը |
1. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 37-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններին համապատասխան:
2. Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ երկուղի համակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածին համապատասխան:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը (ինչպես նաև այդպիսի ցանկ կազմելու կարգը), որտեղ կիրառվում է մաքսային հսկողության երկուղի համակարգը:
Հոդված 174. | Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունները |
1. Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 258-րդ հոդվածին համապատասխան:
2. Երկաթուղային տրանսպորտով երթևեկող ուղևորների նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առանց տրանսպորտային միջոցը լքելու, բացառությամբ այն դեպքերի, երբ տրանսպորտային միջոցը լքելու նպատակը Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահպանումն է:
3. Մաքսային գործառնությունների՝ առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու իրականացման հերթականությունը սահմանում է Կառավարությունը:
4. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, սահմանում է ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման, դրանց բաց թողնելու և մաքսային հսկողությունից դուրս գտնվելու փաստը հաստատելու կարգը՝ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում և չկարգավորված մասով:
5. Միության մաքսային տարածքից նախկինում արտահանված ապրանքները հետադարձ ներմուծելիս, առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման արժեքային, քաշային կամ քանակական նորմերը գերազանցելու դեպքում Միության մաքսային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, այդ ապրանքների նույնականացման բացակայության պարագայում անձը մաքսային մարմիններ է ներկայացնում այնպիսի տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ հետադարձ ներմուծվող ապրանքներն այն նույն ապրանքներն են, որոնք նախկինում իր կողմից արտահանվել էին։
6. Այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով կամ որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսվում է մաքսատուրքի և հարկերի վճարում միասնական դրույքաչափով կամ որպես միագումար մաքսային վճար, դրանց վճարումը կատարվում է մաքսային մարմինների կողմից տրվող մաքսային մուտքի անդորրագրի հիման վրա, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հանձնաժողովը:
7. Այն դեպքերում, երբ որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսվում է միագումար մաքսային վճարի մաս կազմող հարկերի վճարում, դրանց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
8. Մաքսային մարմինն ապահովում է ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման կանոնների մասին տեղեկատվության մատչելիությունը, այդ թվում՝ տրանսպորտային և զբոսաշրջային կազմակերպություններում հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով կազմված տեղեկատվական թերթիկների տարածման միջոցով, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման վայրերում ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվական ցուցանակների տեղադրման միջոցով:
9. Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, և (կամ) քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը:
10. Միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 26-րդ կետին համապատասխան՝ միասնական դրույքաչափերով գանձվող և միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքի և հարկերի հաշվարկի ձևը, դրա լրացման և այդ հաշվարկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանում է Կոմիտեն:
11. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված չափաքանակները չեն ներառում սույն օրենքի 177-րդ հոդվածում նշված անձանց անձնական օգտագործման ապրանքները, որոնց բնաիրային չափերը սահմանում է Կառավարությունը, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքին համապատասխան որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծվող ապրանքները:
13. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:
14. Հանձնաժողովի խորհրդի որոշման համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռի միջոցով կարող են ներմուծել որպես ժառանգություն ստացած՝ անձնական օգտագործման ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկ հատ, ինչպես նաև այլ անձնական օգտագործման ապրանքներ՝ ազատվելով մաքսատուրքերի և հարկերի վճարումից՝ տվյալ ապրանքները կամ տրանսպորտային միջոցը որպես ժառանգություն ստացած լինելու փաստը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հավաստող փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում:
15. Ֆիզիկական անձինք, ազատվելով մաքսատուրքերի և հարկերի վճարումից, կարող են ցանկացած եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնք ներառված են Միության մասին պայմանագրի 7-րդ հավելվածի 4-րդ կետում, և որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Կառավարության սահմանած կարգով այդ ապրանքների կարգավիճակի հաստատման դեպքում:
Հոդված 175. | Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության ծագումը, հաշվարկումը, կատարումը, կատարման ապահովումը, դադարեցումը և վճարման ժամկետը |
1. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների ծագումը, հաշվարկումը, դադարեցումը և վճարման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 268-րդ հոդվածին համապատասխան:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 268-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող, փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստանալու նպատակ ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունների ծագման, դադարեցման և դրանց վճարման վերջնաժամկետի այլ հանգամանքներ:
3. Անձնական օգտագործման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունները ֆիզիկական անձանց կողմից կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 266-րդ, 268-րդ և 269-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներում վճարողի կողմից մաքսատուրքերի, հարկերի գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը մաքսատուրքերի, հարկերի վճարման վերջնաժամկետի օրվան հաջորդող աշխատանքային օրը մաքսատուրքերի, հարկերի վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցում է ուղարկում վճարողին և նրա հետ համապարտ պարտավորություն կրող անձանց՝ Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխան:
5. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ուղարկվող ծանուցման ձևը պարունակում է տեղեկատվություն հայտարարատուի, հայտարարագրված ապրանքների, վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի չափի, մաքսատուրքերի, հարկերի՝ սահմանված ժամկետում չվճարելու համար վճարման ենթակա տույժերի, չվճարված կամ թերի վճարված մաքսատուրքերի և հարկերի վճարման ժամկետի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
6. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ուղարկվող ծանուցման ձևը, դրա լրացման և ուղարկման, ինչպես նաև փոփոխելու և չեղարկելու կարգը սահմանում է Կոմիտեն:
7. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածով սահմանված դեպքերից բացի այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանուցումը չի ուղարկվում մաքսային մարմինների կողմից:
8. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների կատարման վաղեմության ժամկետը հինգ տարի է, որը հաշվարկվում է Միության մաքսային օրենսդրությամբ և սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի հիման վրա այդպիսի պարտավորությունների կատարման՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից:
9. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը կիրառում է դրանց բռնագանձմանն ուղղված միջոցներ՝ սույն օրենքին և Միության մաքսային օրենսգրքին համապատասխան: Մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում տարածելու միջոցները չեն կիրառվում Կառավարության սահմանած դեպքերում:
10. Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարները, որոնց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից անհնար է, ճանաչվում են անհուսալի և դուրս են գրվում Կառավարության սահմանած հիմքերով և կարգով:
11. Անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան:
12. Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորությունները կարող են կատարել նաև նրանց լիազորած անձինք:
13. Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անգործունակ ճանաչված ֆիզիկական անձի՝ ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունները կատարում է խնամակալը, իսկ անհայտ բացակայող ճանաչված ֆիզիկական անձի դեպքում՝ անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչը:
14. Միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ ֆիզիկական անձանց կողմից մաքսատուրքի, հարկերի վճարման գծով չմարված պարտավորությունների գանձման նպատակով մաքսային մարմինն ապրանքների վրա օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու հայցադիմումով դիմում է դատարան:
15. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերից բացի լրացուցիչ դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով անձնական օգտագործման ապրանքները ձևակերպվում են առանց մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովում տրամադրելու:
16. Միության մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչը կարող է իր ցանկությամբ օգտագործել իր ներկայացրած պարտավորությունների կատարման ապահովումը՝ ֆիզիկական անձի կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ սույն օրենքին համապատասխան:
17. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել անձնական օգտագործման ապրանքների առանձին տեսակների (կատեգորիաների) համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման հաստատագրված չափեր:
Հոդված 176. | Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթերը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը |
1. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 261-րդ հոդվածով:
2. Կառավարությունը սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք հաստատում են Միության մաքսային օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց որպես մշտական բնակության ժամանող ճանաչելու կամ օրենսդրությամբ սահմանված կարգով որպես փախստական կամ հարկադիր տեղահանված ճանաչելու հանգամանքը։
3. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ժամանակավոր ներմուծվում են Միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածին համապատասխան:
4. Միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված արտոնության կիրառման համար մաքսային մարմիններ ներկայացվում է պետական լիազոր մարմնի տրամադրած՝ անձի դիվանագիտական կարգավիճակը հաստատող փաստաթուղթը:
Հոդված 177. | Մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունները |
1. «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությունը սույն հոդվածում նշանակում է հետևյալը.
նշված անձանց պատկանող օգտագործված ապրանքներ (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների), որոնք նախատեսված են ֆիզիկական անձի՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար, ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ և չեն գերազանցում Կառավարության սահմանած բնաիրային չափերը, և անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝ յուրաքանչյուր տեսակից մեկ միավորից ոչ ավել քանակի, որոնք գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո (կամ ձեռք են բերվել վարկային կամ լիզինգային պայմանագրով և գտնվել են տիրապետման ներքո) նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում՝ նախքան ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչելու փաստը հաստատող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ունենալու փաստը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ: Վարկային կամ լիզինգային պայմանագրի հիման վրա ձեռք բերված նշված տրանսպորտային միջոցները դրանց ազատ շրջանառության նպատակով բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման պահին պետք է գտնվեն այդ անձի սեփականության ներքո։
2. Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կամ Կառավարության սահմանած գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ կիրառվում են Հանձնաժողովի սահմանած մաքսային վճարների արտոնություններ՝ Միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող օտարերկրյա ֆիզիկական անձ է ճանաչվում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունեցող այն ֆիզիկական անձը, որին բնակչության պետական ռեգիստրը վարող՝ Կառավարության լիազոր մարմինը տրամադրել է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ:
4. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված այն ֆիզիկական անձին, որն այդ փաստաթուղթն ստանալու նպատակով նույն մասում հիշատակված լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 2550 օր ժամանակահատվածում առնվազն 1280 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
5. Կառավարության լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթը նույն անձին տրամադրում է միայն մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձը, նախկինում ստանալով Հայաստանի Հանրապետության մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը, ստանալու օրվանից 18 ամսվա ընթացքում չի օգտվել մշտական բնակության ժամանող օտարերկրյա ֆիզիկական անձանց համար նախատեսված մաքսային վճարների արտոնությունից:
6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը և նախորդ բնակության երկրում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը՝ հետևյալ պայմանների միաժամանակյա ապահովման դեպքում.
1) նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում.
2) անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ, ընդ որում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո (կամ ձեռք են բերվել վարկային կամ լիզինգային պայմանագրով և գտնվել են տիրապետման ներքո), որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ, նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում՝ օտարերկրյա այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ: Վարկային կամ լիզինգային պայմանագրի հիման վրա ձեռք բերված նշված տրանսպորտային միջոցները դրանց ազատ շրջանառության նպատակով բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման պահին պետք է գտնվեն այդ անձի սեփականության ներքո.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքներ այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չեն ներմուծվել.
4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքները չեն գերազանցում Կառավարության սահմանած բնաիրային չափերը:
7. Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է բնակչության պետական ռեգիստրը վարող՝ Կառավարության լիազոր մարմինը` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու տեղեկատվության հիման վրա:
8. Սույն հոդվածին համապատասխան՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանում է Կառավարությունը:
9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով Հայաստանի Հանրապետություն ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքի, եթե նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը դիտարկվող ժամանակահատվածում առնվազն 12 ամիս բնակվել է օտարերկրյա պետությունում:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի կիրառության իմաստով՝ դիտարկվող ժամանակահատված է համարվում անձի կողմից ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռի տեղափոխման փաստով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվան նախորդող 420 օր տևողությամբ ժամանակահատվածը:
11. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված արտոնության տրամադրման նպատակով անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին` դիմումին կցելով օտարերկրյա պետությունում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ:
12. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ:
13. Սույն հոդվածի 6-րդ և 9-րդ մասերում նշված անձինք միաժամանակ չեն կարող օգտվել սույն հոդվածում նշված մեկից ավելի արտոնությունից:
14. Կառավարության սահմանած գործունեության ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով:
15. Սույն հոդվածով սահմանված մաքսային վճարների արտոնություններով ձևակերպված ապրանքների մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը, դրանց վճարման ժամկետներն ու հաշվարկումը կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 268-րդ և 269-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի 175-րդ հոդվածով:
16. Միության մաքսային օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ նշված կետով սահմանված անձանց անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել ժամանակավոր պահպանման պահեստներում կամ նշված անձանց կողմից նախանշված վայրում՝ մաքսային մարմինների թույլտվությամբ Միության մաքսային օրենսգրքի 259-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետներով:
17. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված՝ ժամանակավոր պահպանման պահեստներից տարբերվող այլ վայրերին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:
(177-րդ հոդվածը լրաց. 11.12.23 ՀՕ-387-Ն)
Հոդված 178. | Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում |
1. Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք Միության անդամ այլ պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մաքսային մարմիններ են ներկայացնում անձը հաստատող և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, որոնց հիման վրա մաքսային մարմինը մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում հաշվառում է դրանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել այդ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տրանսպորտային միջոցները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել բացառապես տրանսպորտային միջոցը ներմուծող անձի կամ նրա լիազորած անձի կողմից և պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետությունից մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը:
Գ Լ ՈՒ Խ 35
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 179. | Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխումը |
1. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել միջազգային փոխադրման երկաթուղային տրանսպորտային միջոցների և նշված տրանսպորտային միջոցներով տեղափոխվող կոնտեյներների՝ ներքին փոխադրումներում օգտագործման պարբերականության սահմանափակում:
3. Միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է երկաթուղային փոխադրումների ժամանակ օգտագործվող՝ ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտի կամ կոնտեյներների մասին տեղեկությունների՝ մաքսային մարմիններ ներկայացման կարգը:
4. Միության մաքսային օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հայտարարագրման ժամանակ որպես հայտարարատու կարող են հանդես գալ փոխադրողների կողմից լիազորված անձինք:
Հոդված 180. |
Պաշարների տեղափոխումը Միության մաքսային սահմանով |
1. Պաշարների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 39-րդ գլխով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են հայտարարագրվել և բաց թողնվել որպես պաշարներ, եթե դրանք բեռնվում են երկաթուղային տրանսպորտի վրա անմիջապես մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված անմաքս առևտրի խանութներից:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 283-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել անմաքս առևտրի խանութից որպես պաշարներ ձևակերպված և երկաթուղային տրանսպորտի վրա բեռնվող ապրանքների օգտագործման կարգը և պայմանները:
Գ Լ ՈՒ Խ 36
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 181. | Միջազգային փոստային առաքումներով ապրանքների տեղափոխումը |
1. Միջազգային փոստային առաքումներով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 40-րդ գլխին, սույն գլխին և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կատարվում են միջազգային փոստափոխանակման վայրերում կամ Կոմիտեի սահմանած այլ վայրերում:
3. Կառավարությունը սահմանում է միջազգային փոստափոխանակման վայրերը, որտեղ միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվում են մաքսային գործառնություններ:
4. Փոստային կապի օպերատորի կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում որպես հայտարարատու կարող է հանդես գալ փոստային կապի օպերատորը, որի դեպքում փոստային կապի օպերատորը կրում է Միության մաքսային օրենսգրքով հայտարարատուի համար սահմանված պարտավորությունները և օգտվում է իրավունքներից:
5. Միության մաքսային օրենսգրքի 285-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ փոստային կապի ազգային օպերատորը Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմիններ տեղեկատվություն է ներկայացնում միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձանց փաստաթղթերի մասին:
6. Միության մաքսային օրենսգրքի 286-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ «Արտահանում» մաքսային ընթացակարգով միջազգային փոստային առաքումներով արտահանվող ապրանքների հայտարարագրման, ինչպես նաև «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգին համապատասխան միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածքից արտահանված և ստացողներին չհանձնված ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, որպես ապրանքների հայտարարագիր, կարող են կիրառվել Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերը:
7. Միջազգային փոստային առաքումներով ներմուծված և չպահանջված ապրանքների արտահանման ժամանակ, եթե ներմուծված ապրանքները չեն ենթարկվել փոփոխությունների, բացառությամբ բնական մաշվածության կամ բնականոն պայմաններում դրանց պահպանման հետևանքով առաջացած փոփոխությունների, ապա դրանք կարող են արտահանվել Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով՝ մաքսային մարմիններ ներկայացնելով Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված՝ ապրանքների ներմուծման ժամանակ օգտագործված փաստաթղթերը:
8. Միջազգային փոստային առաքումներով արտահանված և չպահանջված ապրանքների ներմուծման ժամանակ, եթե արտահանված ապրանքները չեն ենթարկվել փոփոխությունների, բացառությամբ բնական մաշվածության կամ բնականոն պայմաններում դրանց պահպանման հետևանքով առաջացած փոփոխությունների, ապա դրանք կարող են ներմուծվել Հայաստանի Հանրապետության տարածք «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով՝ պահպանելով նշված ընթացակարգի պայմանները և մաքսային մարմիններ ներկայացնելով Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված՝ արտահանման ժամանակ օգտագործված փաստաթղթերը:
9. Միության մաքսային օրենսգրքի 286-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը և սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան, ենթակա չեն Միության մաքսային տարածք ներմուծման, պետք է անհապաղ արտահանվեն Հայաստանի Հանրապետության տարածքից փոստային կապի օպերատորի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Միության մաքսային օրենսգրքի 286-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան՝ Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր կամ ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործելիս ապրանքների հայտարարագրում կամ ուղևորային մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկություններ պարունակող՝ փոստային կապի նշանակված օպերատորի կողմից ուղարկվող ապրանքների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ներկայացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել որպես այդպիսի ապրանքների հայտարարագրի կամ ուղևորային մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ:
11. Միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 18-րդ կետով սահմանված՝ միջազգային փոստային առաքումներով փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ օտարերկրյա արժույթի վերահաշվարկը կատարվում է այդ ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման օրվա դրությամբ գործող՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքով:
12. Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են մաքսատուրք և հարկեր՝ Հանձնաժողովի սահմանած դրույքաչափերով:
13. Միության անդամ չհանդիսացող պետություններից տեղափոխվող էքսպրես-բեռների համար ներկայացվող ապրանքային կամ ուղևորային մաքսային հայտարարագրերը կարող են փոխարինվել էքսպրես-բեռներ փոխադրողների կողմից ներկայացվող՝ Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված հայտարարագրերի պարզեցված ձևերով:
Հոդված 182. | Առանձին կատեգորիաների անձանց կողմից ապրանքների տեղափոխումը |
1. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, դրանց անձնակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից օգտվող օտարերկրյա անձանց պատկանող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 42-րդ գլխով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրյա անձանց պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխելու համար Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Միության մաքսային օրենսգրքի 42-րդ գլխով նախատեսված պայմաններից առավել արտոնյալ պայմաններ սահմանված լինելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պայմանները:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքների տեղափոխման համար արտոնությունները սահմանված են Միության մաքսային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման դեպքում մաքսային հայտարարագրումը կատարվում է տվյալ կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումը ներկայացվում է երկու օրինակից և պարունակում է տեղեկատվություն ապրանքներն ուղարկողի և ստացողի անվան, գտնվելու վայրի, ապրանքի բնութագրի, քանակի (քաշի, ծավալի) վերաբերյալ:
5. Միության մաքսային օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, ինչպես նաև 299-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում սույն մասով նախատեսված դիմումում նշվում է նաև տրանսպորտային միջոցների համար կիրառվող արտոնությունների ժամկետը:
6. Դիմումին կից ներկայացվում են՝
1) տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը.
2) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում):
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքներ տեղափոխող անձը մաքսային մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև անձի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ լիազորագիր, որոնցում նշված գործողության ժամկետը հաստատում է տվյալ անձի՝ Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված արտոնություններից օգտվելու ժամկետը:
8. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 301-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն պետությունների ցանկը, որոնց հետ նախատեսված է մաքսային զննումից ազատմամբ և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակների կողմից անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելու փոխադարձության սկզբունք, ինչպես նաև կարող է սահմանել սույն մասում նշված ապրանքների տեղափոխման կարգը:
9. Միության մաքսային օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ հյուպատոսական հիմնարկների սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված արտոնությունը կիրառվում է սույն մասով սահմանված անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետով, այդ ժամկետը հաստատող փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 37
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐՈՎ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 183. | Խողովակաշարով ապրանքների տեղափոխման և հայտարարագրման առանձնահատկությունները |
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 41-րդ գլխին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 290-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ մաքսային հսկողության ներքո գտնվող խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների բեռնման, բեռնաթափման և վերաբեռնման գործառնությունները կատարվում են մաքսային մարմինների թույլտվությամբ:
Սույն մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Կոմիտեն:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 290-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության առանձնահատկությունները:
4. Հայտարարատուն յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում իրականացված մատակարարումների համար «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով խողովակաշարով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունները տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրվանից ոչ ուշ ներկայացնում է մաքսային մարմիններ՝ Կոմիտեի սահմանած ձևով:
Հոդված 184. |
Էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման և հայտարարագրման առանձնահատկությունները |
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 41-րդ գլխին համապատասխան:
2. Կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններ:
3. Կոմիտեն էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական սահմանով էլեկտրահաղորդման գծերով տեղափոխված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման՝ Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգից տարբերվող կարգ:
4. Կառավարությունը կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման համար մաքսային հայտարարագրի ներկայացման՝ Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ:
5. Էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի արտապլանային (տեխնոլոգիական) սալդո-փոխհոսքերի մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:
6. Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով էլեկտրահաղորդման գծերով Միության ապրանքի կարգավիճակ ունեցող էլեկտրաէներգիայի տեղափոխման դեպքում Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դիմումի ներկայացում չի պահանջվում:
7. Կառավարությունը կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով Միության մաքսային տարածքով էլեկտրաէներգիայի տեղափոխման դեպքում փոխադրողի կողմից մաքսային մարմնին փաստացի տեղափոխված էլեկտրաէներգիայի ծավալի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման համար Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ, ինչպես նաև մաքսային մարմիններ ներկայացվող այլ տեղեկություններ:
8. Կոմիտեն կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով Միության մաքսային տարածքով էլեկտրաէներգիայի տեղափոխման դեպքում մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման առանձնահատկություններ, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշումների կատարման կարգը:
Հոդված 185. | Խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայումը |
1. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայման վայրերը:
2. Մաքսային մարմինները էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ իրականացնում են խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տվյալների հսկողություն՝ կիրառելով նույնականացման միջոցներ:
3. Կոմիտեն էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների քանակի որոշման կարգը:
4. Էլեկտրահաղորդման գծերով կամ խողովակաշարով տեղափոխվող ապրանքների հաշվառման նպատակով կարող են օգտագործվել այդպիսի ապրանքների տեղափոխման գործարքի պայմանագրերով նախատեսված հաշվառման սարքերը, որոնք կարող են տեղակայված լինել ինչպես ապրանքների արտահանման կամ ներմուծման երկրներում, այնպես էլ սահմանակից կամ այլ պետությունների տարածքներում:
5. Կոմիտեն սահմանում է էլեկտրահաղորդման գծերով կամ խողովակաշարով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի վրա նույնականացման միջոցների տեղադրման և հանման մասին կազմվող արձանագրության ձևը:
Գ Լ ՈՒ Խ 38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 186. | Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով ապրանքների տեղափոխումը |
1. Հայաստանի Հանրապետության և Միության այլ անդամ պետությունների միջև Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային գործառնությունները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 43-րդ գլխին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ երկաթուղային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության և Միության այլ անդամ պետությունների միջև Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով Միության ապրանքների տեղափոխման համար «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպմանն ուղղված գործառնությունները կատարվում են Կոմիտեի սահմանած ստորաբաժանումներում:
3. «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար» և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից Միության այլ անդամ պետությունների տարածք առանց նշված մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու տեղափոխելու նպատակով կարող են ձևակերպվել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատուի ցանկությամբ՝ մաքսային մարմնի թույլտվության հիման վրա, որի մեջ նշվում է այն ստորաբաժանումը, որտեղ տվյալ ապրանքները ձևակերպվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:
ԲԱԺԻՆ 6
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 39
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 187. | Մաքսային հսկողության իրականացումը |
1. Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան:
2. Մաքսային հսկողության օբյեկտները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 311-րդ հոդվածով, իսկ մաքսային հսկողության իրականացման վայրերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի 12-րդ կետով։
3. Միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ:
4. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմինները կիրառում են ընտրողականության սկզբունքը և սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրության դրույթների պահպանման համար բավարար մաքսային հսկողության ձևերով: Մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների ընտրության ժամանակ մաքսային մարմինները կիրառում են մաքսային հսկողության տեխնիկական միջոցները և իրենց տրամադրության տակ առկա տեղեկատվության վերլուծությունը:
5. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները համագործակցում են հսկողություն իրականացնող այլ պետական մարմինների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հետ՝ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
6. Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման ընթացքում կազմվող որոշումների, արձանագրությունների, ակտերի և այլ փաստաթղթերի ձևերը սահմանում է Կոմիտեն` Միության մաքսային օրենսդրությամբ դրանք սահմանված չլինելու դեպքում:
7. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, սահմանում է մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի կամ միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը։
8. Միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են կիրառել Միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային հսկողության ձևերը և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցները մաքսային մարմիններին օրենքով վերապահված՝ մաքսային կարգավորմանն առնչվող իրավասություններից բացի այլ իրավասությունների իրականացման ժամանակ:
9. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում նշված՝ պայմանական բաց թողնված ապրանքների նկատմամբ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության իրականացման պարբերականությունը և մաքսային հսկողության իրականացմանը ներկայացվող պահանջները:
10. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքները հատելու ժամանակ այլ պետական մարմինների կողմից իրականացվող հսկողության՝ մաքսային մարմինների կողմից համակարգման կարգը:
Հոդված 188. | Մաքսային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը |
1. Մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության միջոցների ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ:
2. Ռիսկերի կառավարման համակարգը կիրառվում է մաքսային մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Միության մաքսային օրենսդրության, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և մաքսային մարմիններին վերապահված այլ ոլորտներում խախտումները կանխարգելելու նպատակով։ Մաքսային մարմիններին վերապահված հսկողության իրականացման ընթացքում ռիսկերի կառավարման համակարգը կիրառվում է այնպիսի խախտումներին հակազդելու նպատակով, որոնք՝
1) ունեն կրկնվող բնույթ.
2) կապված են մաքսատուրքերի, հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև Կառավարության սահմանած՝ հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված ռեզիդենտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման հետ.
3) կապված են տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման հետ.
4) վտանգում են հայրենական ապրանք արտադրողների մրցունակությունը.
5) առնչվում են մաքսային մարմիններին վերապահված` Միության և Հայաստանի Հանրապետության այլ շահերին։
3. Ռիսկերի կառավարման համակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն օրենքին համապատասխան:
4. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 378-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման ռազմավարությունը և մարտավարությունը, ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը և ռիսկերի գնահատման աստիճանները:
5. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 378-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, Կառավարության սահմանած կարգով համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստում է այն անձանց օրինապահությունը, որոնց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջանում։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 189. | Մաքսային հսկողության գոտիները |
1. Մաքսային հսկողության գոտիները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 319-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
2. Կառավարությունը մաքսային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների վայրերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:
3. Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
4. Մաքսային հսկողության գոտու տարածքում պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից օրենքով իրենց վերապահված իրավասության սահմաններում գործողությունների իրականացումը կարող է տեղի ունենալ մաքսային մարմինների հետ փոխգործակցության միջոցով՝ մաքսային մարմինների հսկողության ներքո:
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ստեղծվող մաքսային հսկողության գոտիների վրա։
6. Մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները և մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանում է Կառավարությունը:
(189-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-317-Ն)
(25.10.23 ՀՕ-317-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 190. | Մաքսային հսկողության իրականացման ժամկետները |
1. Ապրանքների՝ մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածով:
2. Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունը կարող է իրականացվել Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված մաքսային հսկողության ներքո գտնվելու ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում։
3. Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերով, 9-րդ կետի 1-ին և 11-րդ կետի 3-րդ ենթակետերով, ինչպես նաև 153-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ և 224-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետերով սահմանված հանգամանքների կատարված լինելու փաստերը մաքսային մարմինների կողմից ճանաչվելու կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 191. | Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ գործող սահմանափակումները |
1. Արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված նույնականացման միջոցները փոխելը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները կորցնելու դեպքում անձը կրում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 40
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 192. |
Մաքսային հսկողության իրականացումը |
1. Մաքսային հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները՝ Միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված՝ մաքսային հսկողության ձևերով և 46-րդ գլխով սահմանված՝ մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցներով՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան։
2. Միության մաքսային օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետին համապատասխան՝ կամերալ մաքսային ուսումնասիրությունը, որպես մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոց, կարող է կիրառվել սույն օրենքի 198-րդ և 204-րդ հոդվածներով սահմանված կարգով։
3. Օրենքով կարող են սահմանվել մաքսային հսկողության իրականացումն ապահովող լրացուցիչ միջոցներ։
Հոդված 193. | Մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման առանձնահատկությունները |
1. Մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 324-326-րդ հոդվածներին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 326-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման արդյունքները ձևակերպվում են Կոմիտեի սահմանած ձևով:
3. Միության մաքսային օրենսգրքի 326-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը սահմանում է Կոմիտեն:
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 324-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի իրականացման մասին անձին ծանուցելու կարգը:
Հոդված 194. | Մաքսային զննման առանձնահատկությունները |
1. Մաքսային մարմինների կողմից մաքսային զննումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 328-րդ հոդվածին համապատասխան:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 328-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան, սահմանում է այն դեպքերը, երբ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները ձևակերպվում են փաստաթղթերը կնքելու կամ փաստաթղթերում համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով:
Հոդված 195. | Տարածքների և շինությունների մաքսային տեսազննման առանձնահատկությունները |
1. Տարածքների և շինությունների մաքսային տեսազննումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից տարածքների և շինությունների մաքսային տեսազննումն իրականացվում է մաքսային մարմնի ղեկավարի կարգադրագրի հիման վրա, որի ձևը սահմանում է Կոմիտեն:
3. Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ բնակելի տարածքներում տարածքների և շինությունների մաքսային տեսազննումը կարող է իրականացվել սեփականատիրոջ թույլտվությամբ կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
4. Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են դիմադրությունը հաղթահարելով մուտք գործել ստուգվող անձի տարածքներ և շինություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձին օբյեկտներ մուտք գործելու համար սահմանված է պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտքի այլ կարգ:
5. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել առանձին օբյեկտների տարածք մաքսային մարմինների կողմից մուտքի հատուկ կարգ:
6. Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի հիմնավորված որոշման հիման վրա տարածքների և շինությունների մաքսային տեսազննման ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը երկու աշխատանքային օրով:
Հոդված 196. | Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և դրանց նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների հաշվառումը |
1. Մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների հաշվառումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 345-րդ հոդվածին համապատասխան:
2. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների, ինչպես նաև այդպիսի ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների հաշվառման կարգը և ձևը սահմանում է Կոմիտեն։
3. Միության մաքսային օրենսգրքի 345-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են իրականացնել հայտարարատուների առանձնացված հաշվառում:
Սույն մասով նախատեսված՝ հայտարարատուների հաշվառման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանում է Կոմիտեն:
Հոդված 197. | Ապրանքների հաշվառման համակարգի և հաշվետվողականության ստուգումը |
1. Միության մաքսային օրենսգրքի 350-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների հաշվառման համակարգի և հաշվետվողականության ստուգումը, որպես մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոց, իրականացվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, լիազորված տնտեսական օպերատորների նկատմամբ, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ:
2. Ստուգման միևնույն ժամանակահատվածում կարող է իրականացվել ապրանքների հաշվառման համակարգի միայն մեկ ստուգում: Ստուգման արդյունքներն ամփոփվում են արձանագրությամբ, որի ձևը սահմանում է Կոմիտեն:
3. Ապրանքների հաշվառման համակարգի ստուգումը կատարվում է մաքսային մարմիններ ներկայացվող հաշվետվություններում և մաքսային մարմինների տրամադրության տակ առկա տեղեկությունների, ինչպես նաև հաշվապահական հաշվետվություններում, մաքսային մարմիններ ներկայացվող սկզբնական փաստաթղթերում առկա տեղեկությունների համադրման եղանակով:
4. Հաշվետվությունները կարող են մաքսային մարմիններ ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ, կամ առանց էլեկտրոնային թվային ստորագրության, որը ուղեկցվում է թղթային եղանակով կազմակերպության ղեկավարի, գլխավոր հաշվապահի կամ նրանց լիազորած անձանց ստորագրությամբ:
5. Մաքսային ներկայացուցիչները Կոմիտեի սահմանած կարգով և ձևով յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ ներառյալ այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 15-րդ օրը, մաքսային մարմիններ են ներկայացնում հաշվետվություն իրենց գործունեության վերաբերյալ:
6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա և Միության կարգավիճակ ունեցող ապրանքները տիրապետող կամ օգտագործող անձինք իրենց կողմից պահպանվող, փոխադրվող, իրացվող, վերամշակվող կամ օգտագործվող ապրանքների, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են մաքսային մարմինների պահանջով՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության շրջանակում:
Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված հաշվետվության ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը, ինչպես նաև ներկայացման ժամկետը սահմանում է Կոմիտեն:
7. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը և հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է սույն օրենքի 142-րդ հոդվածին համապատասխան:
8. Լիազորված տնտեսական օպերատորների կողմից հաշվառման և հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է սույն օրենքի 294-րդ հոդվածով։
9. Ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների, անմաքս առևտրի խանութների տիրապետողների, մաքսային փոխադրողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն։
10. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունները չներկայացնելը կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
11. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին հավակնող և լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց, ինչպես նաև ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ներառվելուն հավակնող և ազատ պահեստի տիրապետող հանդիսացող անձանց ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման կարգը:
Հոդված 198. | Կամերալ և արտագնա մաքսային ստուգումները, կամերալ մաքսային ուսումնասիրությունը |
1. Կամերալ մաքսային ստուգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ առանց ստուգում սկսելու մասին որոշման (կարգադրագրի)՝ մաքսային մարմինների գտնվելու վայրերում, ինչպես նաև առանց ստուգվող անձին այցելության և առանց վարչական վարույթի մասին ծանուցման:
2. Արտագնա մաքսային ստուգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա լիազորած մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց կողմից արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշման (կարգադրագրի) հիման վրա, որի ձևը հաստատում է Կոմիտեն: Արտագնա մաքսային ստուգումն սկսելու վերաբերյալ ստուգվող անձին ծանուցման կարգը, դրա իրականացման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով:
3. Կամերալ մաքսային ուսումնասիրությունը Միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետի երրորդ պարբերությամբ նշված ժամկետներում մաքսային մարմնի կողմից կիրառվող մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոց է, որի նպատակներն են մաքսային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների հայտնաբերումը, կանխումը և օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման առաջադրումը։
4. Կամերալ մաքսային ուսումնասիրությունն անցկացվում է բացառապես մաքսային մարմնում՝ Կոմիտեի սահմանած կարգով: Կամերալ մաքսային ուսումնասիրությունն անցկացվում է առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:
5. Միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի որոշման հիման վրա կարող են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ այլ պետական մարմիններից:
6. Մաքսային ստուգման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանում է Կառավարությունը:
7. Արտագնա մաքսային ստուգումների տեսակները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ կետով:
8. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ օրենքով կարող են սահմանվել արտագնա մաքսային ստուգումների լրացուցիչ տեսակներ, դրանց իրականացման հիմքերը, ժամկետները և իրականացման կարգի առանձնահատկությունները:
9. Արտագնա մաքսային ստուգում կատարելու մասին որոշումը (կարգադրագիրը), բացի Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված տեղեկություններից, կարող է պարունակել նաև տվյալ արտագնա մաքսային ստուգմանն առնչվող այլ տեղեկություններ:
10. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան, Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ կետի 5-9-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները փոփոխելու և լրացնելու անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել մինչև արտագնա մաքսային ստուգման անցկացման ավարտը արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը:
11. Արտապլանային արտագնա մաքսային ստուգումների նշանակման հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 16-րդ կետով:
12. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 16-րդ կետի 9-րդ ենթակետին համապատասխան՝ արտապլանային արտագնա մաքսային ստուգումների՝ Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված հիմքերից բացի, այլ լրացուցիչ հիմքերը սահմանվում են օրենքով:
13. Արտագնա մաքսային ստուգման իրականացման սկիզբ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին առձեռն հանձնելու ամսաթիվը, իսկ եթե ստուգման ենթարկվող անձին արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) հանձնվում է այդ անձի հասցեով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով, ապա արտագնա մաքսային ստուգման իրականացման սկիզբ է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պատվիրված նամակը վերադարձվում է հասցեատիրոջը այն չհանձնելու պատճառների մասին նշումով, ապա արտագնա մաքսային ստուգման իրականացման սկիզբ է համարվում պատվիրված նամակի վերադարձի օրը:
14. Կամերալ մաքսային ստուգման իրականացման ընթացքում մաքսային մարմինները ծանուցում են ստուգվող անձանց իրենց իրավունքների և պարտականությունների մասին հետևյալ դեպքերում.
1) երբ կամերալ մաքսային ստուգման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում ստուգվող անձանցից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ.
2) երբ կամերալ մաքսային ստուգման արդյունքներով նախատեսվում է կազմել կամերալ մաքսային ստուգման ակտ, որով ստուգվող անձին առաջադրվում են պարտավորություններ, եթե նախքան սույն կետով սահմանված գործողությունների իրականացումը սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքով ծանուցում չի ուղարկվել ստուգվող անձին:
15. Կամերալ մաքսային ստուգման արդյունքների վերաբերյալ ստուգվող անձանց ծանուցման կարգը և ծանուցումների ձևը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 199. | Արտագնա մաքսային ստուգման կասեցման ժամկետը և կարգը |
1. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է կասեցվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 24-րդ կետով սահմանված հիմքերով՝ մաքսային ստուգում իրականացնող անձի (անձանց) հաշվետվության հիման վրա՝ մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ:
2. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է կասեցվել ինն ամսից ավել ժամկետով, բայց ոչ ավելի, քան 12 ամսով, եթե մաքսային մարմինների կողմից չեն ստացվել այնպիսի տվյալներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ արտագնա մաքսային ստուգման վերջնական արդյունքի վրա:
3. Արտագնա մաքսային ստուգման կասեցումը և վերսկսումը ձևակերպվում են մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ: Այդ որոշման մասին մաքսային մարմինը գրավոր ծանուցում է ստուգվող անձին նշված որոշումն ընդունելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակում Միության անդամ պետությունների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ հարցումներ կատարելու դեպքում արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցվում է մինչև հարցման պատասխանն ստանալու օրը, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը։
Հոդված 200. | Արտագնա մաքսային ստուգման անցկացման նպատակով մաքսային մարմնի պաշտոնատար անձանց մուտքն ստուգվող անձի օբյեկտ |
1. Ստուգվող անձն իրավունք ունի մերժելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ թույլատրել մուտք գործել իր օբյեկտներ՝ Միության մաքսային օրենսգրքի 334-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում:
2. Միության մաքսային օրենսգրքի 334-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ստուգման ենթարկվող անձի կողմից ստուգվող անձի օբյեկտ արտագնա մաքսային ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգմանը մասնակցող այլ պաշտոնատար անձանց մուտքն առանց հիմնավորման մերժելու դեպքում կազմվում է արձանագրություն՝ Կոմիտեի սահմանած ձևով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրությունն ստորագրում են մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, ստուգվող անձը կամ նրա ներկայացուցիչը, և դրա պատճենը հանձնվում է ստուգվող անձին կամ նրա ներկայացուցչին։
4. Ստուգվող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համապատասխան գրառում է կատարում արձանագրության մեջ։ Ստուգվող անձն իրավունք ունի արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ տալու գրավոր բացատրություն։
5. Ստուգվող անձի կողմից վերջինիս օբյեկտ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգմանը մասնակցող այլ պաշտոնատար անձանց մուտքն առանց հիմնավորման մերժելու դեպքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք և արտագնա մաքսային ստուգմանը մասնակցող այլ պաշտոնատար անձինք կարող են մուտք գործել այդպիսի օբյեկտներ՝ դիմադրությունը հաղթահարելով և կողպված շինությունները բացելով, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձին օբյեկտներ մուտք գործելու համար սահմանված է պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտքի այլ կարգ:
Հոդված 201. | Արտագնա մաքսային ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու, ապրանքները և փաստաթղթերն առգրավելու կարգը |
1. Ապրանքների վրա արգելանք դնելը և ապրանքների առգրավումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված նպատակներով։
2. Արտագնա մաքսային ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու հիմքերն են՝
1) հատուկ դրոշմանիշներ, նույնականացման նշաններ կամ այլ եղանակներով կատարված նշագրում չունեցող ապրանքների տեղափոխումը, եթե ապրանքների դրոշմանիշները, նույնականացման նշանները, նշագրումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ, կամ կեղծված դրոշմանիշներով կամ նույնականացման միջոցներով ապրանքների հայտնաբերումը.
2) ստուգվող անձի առևտրային փաստաթղթերում ապրանքների հայտարարագրման կամ բաց թողնման փաստերը հաստատող տեղեկությունների բացակայությունը, եթե Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրության համաձայն առևտրային փաստաթղթերում այդ տեղեկությունների նշումը պարտադիր է, ինչպես նաև ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը կամ Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի բացակայությունը.
3) պայմանական բաց թողնված ապրանքները` նախատեսված նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու փաստերի բացահայտումը.
4) մաքսատուրքի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունների տրամադրման պայմանների կամ կարգի չպահպանման մասին փաստերի բացահայտումը.
5) մաքսային ընթացակարգի պայմանների և պահանջների խախտումներով ապրանքների օգտագործման մասին վկայող փաստերի բացահայտումը։
3. Ապրանքների վրա արգելանքը դրանց տնօրինման և օգտագործման արգելքն է։ Արգելանքի տակ գտնվող ապրանքները փոխանցվում են դրանց տիրապետողին կամ այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի պահպանմանը։
4. Արգելանքի տակ դրված ապրանքների օգտագործումը կարող է թույլատրվել արտագնա մաքսային ստուգումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ այդպիսի ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի դիմումի հիման վրա։
5. Արգելանքի տակ գտնվող ապրանքների փոխանցումն այլ անձանց, դրանց օտարումը կամ այլ կերպ տնօրինումը արգելվում է։
6. Ստուգվող ապրանքները կարող են առգրավվել, եթե բացահայտվել է, որ դրանց ներմուծումը Միության մաքսային տարածք կամ Հայաստանի Հանրապետության տարածք արգելված է, ինչպես նաև, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ապրանքների արգելանքը դրանց պահպանման համար բավարար միջոց չէ։
7. Առգրավված ապրանքները տեղավորվում են ժամանակավոր պահպանման պահեստներում՝ սույն օրենքով սահմանված կարգով։
8. Արտագնա մաքսային ստուգման ժամանակ փաստաթղթերի պատճենների ներկայացումն անբավարար համարվելու դեպքում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ փաստաթղթերի բնօրինակները կարող են ոչնչացվել, թաքցվել, ուղղվել կամ փոփոխվել, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները։ Փաստաթղթերի բնօրինակների առգրավման ժամանակ կազմվում է փաստաթղթերի բնօրինակների առգրավման արձանագրություն՝ երկու օրինակից։
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված արձանագրության մի օրինակը առգրավված փաստաթղթերի պատճենների հետ փոխանցվում է ստուգվող անձին։ Փաստաթղթերի պատճենների վրա նշվում են փաստաթղթերի բնօրինակների առգրավման արձանագրության համարն ու ամսաթիվը: Փաստաթղթերի պատճեններն ստորագրում են դրանք առգրավող պաշտոնատար անձինք։
10. Ապրանքների, փաստաթղթերի առգրավումը և ապրանքների վրա արգելանք դնելն իրականացվում են արտագնա մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա՝ ստուգվող անձի և առնվազն երկու ընթերակաների ներկայությամբ։
11. Բոլոր առգրավվող ապրանքները, փաստաթղթերը կամ ապրանքները, որոնց վրա արգելանք է դրվում, ներկայացվում են ընթերականերին, սույն օրենքով նախատեսված` առգրավման գործողություններին մասնակցող այլ անձանց, որից հետո, ըստ անհրաժեշտության, փաթեթավորվում, կնքվում կամ կապարակնքվում են։
12. Առգրավված փաստաթղթերը համարակալում և ստորագրում է ստուգվող անձը կամ նրա լիազորած անձը։
13. Առգրավվող փաստաթղթերն ստուգվող անձի կամ նրա լիազորած անձի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում փաստաթղթերի առգրավման արձանագրության մեջ այդ մասին արտագնա մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձը կատարում է համապատասխան նշում։
14. Ապրանքների, փաստաթղթերի առգրավումը, ապրանքների վրա արգելանք դնելը ձևակերպվում են արձանագրությամբ, որի մեջ մանրամասն նկարագրվում են առգրավված ապրանքները, փաստաթղթերը կամ այն ապրանքները, որոնց վրա արգելանք է դրվել՝ դրանց անվանումների, քանակի և անհատական հատկանիշների նշումով։ Նշված արձանագրությունն ստորագրում են առգրավումը կամ արգելանքը իրականացրած պաշտոնատար անձը և ստուգվող անձը, ինչպես նաև ընթերակաները։ Արձանագրության պատճենը հանձնվում է ստուգվող անձին կամ նրա լիազորած անձին։
15. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից ոչ ուշ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթակա են վերցման սույն օրենքին համապատասխան, կամ այն դեպքում, երբ ապրանքները, փաստաթղթերը ենթակա են արգելանքի վերցման կամ առգրավման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։
16. Սույն հոդվածին համապատասխան՝ առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են մաքսային մարմնի՝ արտագնա մաքսային ստուգումն անցկացրած պաշտոնատար անձի որոշման հիման վրա։
17. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձի, դրված արգելանքի հանումը ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի և ստուգված անձի կողմից ստորագրված արձանագրությամբ, որը կազմվում է երկու օրինակից: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է ստուգված անձին, իսկ մյուսը պահպանվում է մաքսային մարմնում:
18. Առգրավված ապրանքների պահպանման ծախսերը կրում է առգրավված ապրանքների նկատմամբ տնօրինման, տիրապետման, օգտագործման իրավունք ունեցող անձը:
19. Ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Կառավարության սահմանած կարգով։
20. Այն դեպքերում, երբ առգրավված ապրանքները, փաստաթղթերը սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան, վերադարձման ենթակա չեն, դրանք արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից համարվում են՝
1) սույն օրենքի 248-րդ հոդվածով նախատեսված հիմքերով արգելանքի վերցված կամ
2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակում վերցված կամ
3) քրեական վարույթի շրջանակում առգրավված:
21. Սույն հոդվածի 20-րդ մասում նշված դեպքերում արտագնա մաքսային ստուգման ակտի մեջ նշվում է այն արձանագրության համարը, որի հիման վրա ապրանքները և փաստաթղթերն առգրավվել են:
22. Արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում չպահանջված՝ առգրավված ապրանքները հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը` քրեական վարույթի շրջանակում դատական ակտի համաձայն։
23. Ապրանքների առգրավման հիմքերը կամ դրանց պահպանման անհրաժեշտությունը վերանալուց հետո այդ ապրանքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին:
Հոդված 202. | Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս |
1. Մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածով և սույն օրենքով:
2. Միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան՝ արտագնա մաքսային ստուգման ժամանակ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար Միության մաքսային օրենսգրքով սահմանված իրավունքներից բացի լրացուցիչ իրավունքները, որոնք մաքսային մարմինների կողմից կարող են իրականացվել արտագնա մաքսային ստուգման ժամանակ, սահմանվում են օրենքով:
Հոդված 203. | Ստուգվող անձի իրավունքներն ու պարտականությունները մաքսային ստուգման ժամանակ |
1. Մաքսային ստուգման ժամանակ ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 336-րդ հոդվածով և սույն օրենքով:
Հոդված 204. | Մաքսային ստուգման արդյունքների ամփոփումը և դրանց հիման վրա որոշումների ընդունումը, կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների ամփոփումը |
1. Մաքսային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքներն ամփոփվում են՝
1) կամերալ մաքսային ստուգման ակտով՝ կամերալ մաքսային ստուգում իրականացնելու դեպքում.
2) արտագնա մաքսային ստուգման ակտով՝ արտագնա մաքսային ստուգում իրականացնելու դեպքում։
2. Մաքսային ստուգման ակտը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում է մաքսային ստուգումն իրականացրած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից։
3. Մաքսային ստուգման ակտում նշվում են՝
1) տեղեկություններ ստուգվող անձի մասին (լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը).
2) տեղեկություններ մաքսային ստուգումն իրականացրած՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասին (պաշտոնը, անունը, ազգանունը).
3) Միության կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության խախտման բացահայտված փաստերի (հատկանիշների) դասակարգված նկարագրությունն այն իրավական ակտերին հղումով, որոնց պահանջները խախտվել են, կամ տեղեկություններ խախտումների (հատկանիշների) բացահայտված փաստերի բացակայության վերաբերյալ.
4) բացահայտված խախտումների կամ դրանց հետևանքների վերացման վերաբերյալ եզրակացություններ, ինչպես նաև լրացուցիչ հաշվարկման և գանձման ենթակա մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գումարների վերաբերյալ առաջարկություններ.
5) Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 28-րդ կետով սահմանված այլ տեղեկություններ:
4. Մաքսային ստուգման ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը։
5. Մաքսային ստուգման ակտը հաստատում է մաքսային ստուգումն իրականացրած մաքսային մարմնի ղեկավարը կամ համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. Մաքսային ստուգման ակտի հիման վրա մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների չվճարման կամ ոչ լրիվ վճարման բացահայտման դեպքում ստուգումն իրականացրած մաքսային մարմնի ղեկավարը կամ համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ընդունում է սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված որոշումը (որոշումները):
7. Մաքսային ստուգման ակտի մեկ օրինակը կցվում է մաքսային ստուգման նյութերին, իսկ մյուս օրինակը մաքսային ստուգման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնվում է ստուգվող անձին: Մաքսային ստուգման ակտն ստուգվող անձին կարող է հանձնվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, առձեռն եղանակով՝ հասցեատիրոջ ստորագրությամբ, ինչպես նաև այնպիսի եղանակներով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
8. Մաքսային ստուգման ակտի ստացումից հրաժարվելու դեպքում ստացողը դրա վերաբերյալ նշում է կատարում ստուգման ակտի վրա և պատշաճ ծանուցված է համարվում ստուգման ակտի ստացումից հրաժարվելու օրվանից:
9. Եթե ստուգման ակտն ուղարկվում է հասցեատիրոջը հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով կամ սույն հոդվածով սահմանված այլ եղանակներով, ապա ստացման օր է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պատվիրված նամակը վերադարձվում է հասցեատիրոջն այն չհանձնելու պատճառների մասին նշումով, ապա ստացման օր է համարվում պատվիրված նամակի վերադարձի օրը:
10. Մաքսային ստուգման ակտի օրինակը մաքսային ստուգման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմին (մարմիններ):
11. Միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ մաքսային ստուգման արդյունքով մաքսային մարմնի կողմից որոշումների ընդունման կարգը սահմանում է Կոմիտեն:
12. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում ստուգվող անձը մաքսային ստուգման ակտը և սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է կատարել ակտով և որոշմամբ (որոշումներով) առաջադրված գումարների վճարումը և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ: Սույն մասով սահմանված ժամկետում նշված գումարները վճարելու դեպքում օրենքով սահմանված տույժերն այդ ժամկետի համար չեն հաշվարկվում: Մաքսային ստուգման արդյունքներով վարչական կամ քրեական իրավախախտման փաստեր հայտնաբերելու դեպքում դրանց հետագա ընթացքն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Միության մաքսային օրենսգրքի 331-336-րդ հոդվածներով և սույն օրենքով սահմանված դրույթների կիրառման ժամանակ մաքսային ստուգման ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրականացվող գործողությունների ընթացակարգը, մաքսային ստուգման արդյունքների ձևակերպման կարգը, ինչպես նաև մաքսային ստուգման ընթացքում կազմվող որոշումների, արձանագրությունների և ընթացակարգային այլ փաստաթղթերի ձևերը սահմանում է Կոմիտեն:
14. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 27-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ստուգվող անձանց՝ արտագնա մաքսային ստուգման նախնական արդյունքների հետ ծանոթացման և առկայության պարագայում դրանց վերաբերյալ առարկությունների ներկայացման կարգը:
15. Մաքսային ստուգման ակտը և դրա հիման վրա կայացված որոշումը երկու ամսվա ընթացքում կարող են բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատական կարգով:
16. Կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքով անճշտություններ, անհամապատասխանություններ կամ խախտումներ հայտնաբերելու դեպքում Կոմիտեի սահմանած ձևով կազմվում է կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
17. Կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը պարունակում է՝
1) կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության համարը, այն կազմելու ամիսը, ամսաթիվը և տարին.
2) կամերալ մաքսային ուսումնասիրությունն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը․
3) հայտարարատուի լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․
4) ապրանքների հայտարարագրի համարը և ամսաթիվը, որի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերվել է անհամապատասխանություն․
5) Միության մաքսային օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով, Հայաստանի Հանրապետության՝ մաքսային կարգավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջների (հնարավոր) խախտումների ընդհանուր նկարագիրը։
18. Կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից և ստորագրում է (են) այն իրականացրած պաշտոնատար անձը (անձինք)։
19. Կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը մաքսային մարմինը Կոմիտեի սահմանած կարգով և ժամկետներում ներկայացնում է հայտարարատուին կամ նրա լիազորած անձին։
20. Հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
1) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ համաձայն լինելու դեպքում սահմանված կարգով ներկայացնում է ապրանքների հայտարարագրի ճշգրտումը կամ Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված այլ փաստաթուղթ, որը վկայում է մաքսային հայտարարագրում կամ դրան փոխարինող այլ փաստաթղթում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին.
2) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների կամ խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում մաքսային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները, որոնք մաքսային մարմինն օգտագործում է մաքսային հսկողության ընթացքում։
21. Սույն հոդվածի 21-րդ մասում նշված ժամկետում հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից չարձագանքելու կամ նույն ժամկետում մաքսային մարմին ներկայացված գրավոր փաստաթղթավորված առարկությունները մաքսային մարմնի կողմից հիմնավոր չհամարվելու դեպքում կայացվում է կամերալ մաքսային ստուգում կամ արտագնա մաքսային ստուգում իրականացնելու որոշում։
Հոդված 205. | Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը |
1. Հայտարարատուն, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք և շահագրգիռ այլ անձինք, Միության մաքսային օրենսգրքի 340-րդ հոդվածին համապատասխան, պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները տրամադրել մաքսային մարմիններին։
2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այլ գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Հայտարարատուն պարտավոր է սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային հայտարարագրի հետ ներկայացնել մաքսային հսկողության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի:
4. Մաքսային հսկողություն իրականացնելիս՝ մաքսային մարմինների հարցման արդյունքով, սույն օրենքի 229-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնք մաքսային մարմինների կողմից ստացվել են Միության մաքսային օրենսգրքին, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին և ակտերին, երրորդ կողմի հետ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին կամ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, հիմք են հանդիսանում մաքսային հսկողության արդյունքներն արձանագրելու (ամփոփելու) և դրանց հիման վրա համապատասխան պարտավորություններ առաջադրելու համար:
Հոդված 206. | Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը բանկերի կողմից |
1. Միության մաքսային օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմիններն իրավունք ունեն հարցում կատարելու բանկերին մաքսային հսկողության ենթակա անձանց արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ բանկային հաշիվների առկայության և հաշվեհամարների, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով:
2. Բանկը, ստանալով սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը, 10 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմիններին է տրամադրում համապատասխան փաստաթղթերը և տեղեկությունները կամ նույն ժամանակահատվածում տեղեկացնում է մաքսային մարմիններին՝ այդպիսի փաստաթղթերին և տեղեկություններին չտիրապետելու վերաբերյալ:
3. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցման ձևը և փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:
4. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է համապատասխան օրենքով սահմանված կարգով:
Հոդված 207. | Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցների կիրառումը |
1. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցները կիրառվում են Միության մաքսային օրենսգրքի 342-րդ հոդվածին համապատասխան:
2. Մաքսային հսկողության համար պահանջվող ժամանակահատվածի կրճատման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հսկողության տեխնիկական միջոցների ցանկը և օգտագործման կարգը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 208. | Նույնականացման միջոցները և դրանց կիրառումը |
1. Մաքսային մարմինների կողմից կիրառվող նույնականացման միջոցները և դրանց կիրառման կարգը սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 341-րդ հոդվածով:
2. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է նույնականացման միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կարգը:
3. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից օգտագործվող նույնականացման միջոցների կիրառման կարգը:
Հոդված 209. | Ապրանքների փոխադրման երթուղին և մաքսային ուղեկցումը |
1. Մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով ապրանքների փոխադրման երթուղու սահմանումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 344-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
2. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 344-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, սահմանում է առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխվող՝ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ փոխադրման երթուղու սահմանմանը, փոփոխությանը և պահպանմանն առնչվող մաքսային գործառնությունների իրականացման կարգը:
3. Մաքսային ուղեկցումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 343-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան:
4. Կառավարությունը կարող է սահմանել այն կազմակերպություններին առաջադրվող պահանջները, որոնք կարող են իրականացնել մաքսային ուղեկցում, և որոնց կողմից իրականացված ուղեկցման արդյունքներն ընդունում են մաքսային մարմինները:
Հոդված 210. | Մաքսային հսկողության իրականացման ժամանակ մասնագետի մասնակցությունը |
1. Մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով մասնագետների ներգրավումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 346-րդ հոդվածին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության նպատակով տվյալ ոլորտում հատուկ գիտելիքների և հմտությունների տիրապետող մասնագետների ներգրավումն իրականացվում է մաքսային մարմնի որոշման հիման վրա:
3. Սույն մասում նշված որոշման ձևը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 211. | Մաքսային հսկողության իրականացմանն այլ պետական մարմինների մասնագետների և փորձագետների ներգրավումը |
1. Մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով մաքսային հսկողության իրականացմանն այլ պետական մարմինների մասնագետների և փորձագետների ներգրավումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 347-րդ հոդվածին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 347-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման նպատակով այլ պետական մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավումն իրականացվում է մաքսային մարմնի որոշման հիման վրա:
3. Սույն մասում նշված որոշման ձևը սահմանում է Կոմիտեն:
ԲԱԺԻՆ 7
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 41
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Հոդված 212. |
Մաքսային մարմինները |
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:
2. Մաքսային մարմինները սահմանվում են վարչապետի որոշմամբ։
3. Մաքսային մարմիններն ստեղծվում, վերակազմավորվում և լուծարվում են օրենքով սահմանված կարգով:
4. Մաքսային մարմինները տեղակայվում են Կառավարության սահմանած վայրերում:
5. Կառավարությունը կարող է ստեղծել մասնագիտացված մաքսային մարմիններ, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենքով մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների կամ մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման լիազորություններով:
6. Կառավարությունը կարող է ստեղծել տարածաշրջանային մաքսային մարմիններ, որոնք գործում են Կառավարության սահմանած տարածաշրջաններում:
7. Կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների տեղակայման վայրերում, մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման այլ վայրերում մաքսային ենթակառուցվածքներին և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջները:
8. Մաքսային մարմինները համարվում են արժութային վերահսկողության մարմիններ և, Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան, արժութային վերահսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:
9. Արժութային վերահսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների` սույն մասով նախատեսված գործառույթները և լիազորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:
10. Մաքսային մարմինների կողմից արժութային վերահսկողությամբ բացահայտված՝ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների դեպքում խախտումներ կատարած անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 213. | Մաքսային լաբորատորիաները, ուսումնական հաստատությունները և մաքսային գործի իրականացման նպատակներով ստեղծվող այլ կազմակերպությունները |
1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ապրանքների փորձաքննության և հետազոտության համար Կառավարությունը կարող է ստեղծել մաքսային լաբորատորիաներ, գիտահետազոտական հիմնարկներ, տվյալների մշակման կենտրոններ և այլ կազմակերպություններ:
2. Մաքսային գործի բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Կառավարությունը կարող է ստեղծել մասնագիտացված ուսումնական հաստատություններ:
Հոդված 214. | Մաքսային մարմինների գործունեության սկզբունքները |
1. Մաքսային մարմիններն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են՝
1) օրինականության և օրենքի առաջ անձանց հավասարության, նրանց իրավունքների ու ազատությունների պահպանման անհրաժեշտությամբ.
2) մաքսային գործի միասնական կառավարման և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնագիտական կարողությունների ապահովման անհրաժեշտությամբ.
3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների հրապարակայնության, մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման նպատակով մաքսային մարմինների ներկայացրած պահանջների հստակության, Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրության և արտաքին տնտեսական գործունեության իրականացման կանոնների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ.
4) մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման ընթացքում օրենսդրությամբ սահմանված դրույթների միատեսակ կիրառման անհրաժեշտությամբ.
5) մաքսային գործի կատարելագործման անհրաժեշտությամբ` հիմք ընդունելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մաքսային վարչարարության մեթոդների ներդրումը և մաքսային գործի բնագավառում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային ստանդարտները։
Հոդված 215. | Մաքսային մարմինների պարտականությունները |
1. Մաքսային մարմինները պարտավոր են՝
1) ապահովել մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացումը.
2) օժանդակել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի, արտաքին տնտեսական կապերի զարգացմանը.
3) վարել արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն, փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրություն և հատուկ մաքսային վիճակագրություն.
4) ապահովել և վերահսկել մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների հաշվարկման ճշտությունը և ժամանակին վճարումը.
5) միջոցներ ձեռնարկել չվճարված մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների վճարումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար.
6) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային սահմանով տեղափոխելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը.
7) ապահովել Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արգելքների ու սահմանափակումների պահպանումը.
8) ապահովել մաքսային մարմինների կողմից անձանց մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն օժանդակությունը.
9) բացահայտել, կանխարգելել և կասեցնել այն հանցագործություններն ու վարչական իրավախախտումները, որոնց նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված է մաքսային մարմինների իրավասությանը, կատարել անհետաձգելի քննչական գործողություններ և իրականացնել նախնական քննություն նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների հետաքննության ձևով, մաքսային գործի բնագավառում վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) գործերով իրականացնել վարչական վարույթ, աջակցություն ցուցաբերել կոռուպցիայի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում, հակազդել Միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող մտավոր սեփականության օբյեկտների, թմրանյութերի, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, զենքի ու զինամթերքի, մշակութային արժեքների և այլ առարկաների անօրինական շրջանառությանը.
10) աջակցել պետական անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, մարդու կյանքի ու առողջության, կենդանիների ու բույսերի պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների սպառողների շահերի պաշտպանության համար ձեռնարկվող միջոցների իրականացմանը.
11) հսկողություն իրականացնել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման հետ կապված արժութային գործարքների նկատմամբ՝ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը և դրանց համապատասխան՝ արժութային կարգավորման հարցերով մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.
12) մաքսային կարգավորման միջոցների օգնությամբ պաշտպանել հայրենական ապրանք արտադրողների շահերը, ապահովել մաքսային մարմինների ռեսուրսների օպտիմալ օգտագործումը.
13) ապահովել Միության մաքսային սահմանով Միության անդամ պետությունների արժույթի, արժեթղթերի կամ արժութային արժեքների, ճանապարհային չեկերի տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդեցության միջոցներ` Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.
14) պարզաբանել մաքսային իրավահարաբերությունների բնագավառում անձանց իրավունքներն ու պարտականությունները, օժանդակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացման գործում.
15) ապահովել Հայաստանի Հանրապետության՝ մաքսային գործին առնչվող միջազգային պարտավորությունների կատարումը, համագործակցել օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների, մաքսային գործի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.
16) իրականացնել մաքսային գործի բնագավառում տեղեկատվական ու պարզաբանման գործառույթներ, պետական մարմիններին, կազմակերպություններին ու անձանց տրամադրել տեղեկություններ մաքսային գործին առնչվող հարցերի վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության օրենքներով մաքսային մարմիններին կարող են վերապահվել այլ պարտականություններ։
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 351-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել պետական սահմանի անցման կետերում պետական հսկողություն իրականացնող այլ պետական մարմինների գործառույթները մաքսային մարմիններին պատվիրակելու կարգը:
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 351-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, կարող է սահմանել մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշ ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող որոշ միջոցների՝ պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական կառավարման համակարգի այլ մարմիններին պատվիրակման կարգը:
Հոդված 216. | Մաքսային մարմինների իրավասությունները |
1. Մաքսային մարմիններն իրենց վերապահված գործառույթների կատարման համար իրավունք ունեն՝
1) ձեռնարկելու միջոցներ մաքսային մարմիններին վերապահված` Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դրույթների` անձանց կողմից պահպանումն ապահովելու նպատակով.
2) պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում.
3) ստուգելու մաքսային ձևակերպումներին մասնակցող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.
4) անձանցից պահանջելու մաքսային գործի բնագավառում օրենքով սահմանված գործողությունների իրականացման լիազորությունները հաստատող փաստաթղթեր.
5) իրականացնելու օպերատիվ-հետախուզական գործունեություն, կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացնելու հետաքննություն իրենց իրավասության շրջանակում և անձանց ենթարկելու վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով.
6) իրականացնելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանման, բեռնման կամ այլ գործողությունների տեսագրում և ձայնագրում, կինոնկարահանում և լուսանկարահանում.
7) պետական մարմիններից, կազմակերպություններից և անձանցից ստանալու իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
8) օրենքով սահմանված դեպքերում և կարգով համապատասխան պետական մարմիններ ներկայացնելու հայտեր՝
ա. մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, տոկոսների և տույժերի բռնագանձման վերաբերյալ,
բ. մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, տոկոսների և տույժերի վճարման նպատակով գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ,
գ. ապրանքները տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ,
դ. օրենքով կամ Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ հարցերի վերաբերյալ.
9) մշակելու, ստեղծելու և գործարկելու տեղեկատվական համակարգեր, կապի համակարգեր և տվյալների փոխանակման համակարգեր, մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության միջոցներ, ներառյալ գաղտնագրային պաշտպանության միջոցները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
10) կանգնեցնելու մաքսային հսկողության ենթակա տրանսպորտային միջոցը և իրականացնելու ապրանքների և տրանսպորտային միջոցի զննում՝ ելնելով մաքսային հսկողության իրականացման նպատակներից.
11) որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ պետական սահմանի անցման կետերում իրականացնելու սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթներ.
12) օրենքով նախատեսված դեպքում իրականացնելու սույն մասի 11-րդ կետով չնախատեսված սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթներ.
13) իրականացնելու օրենքով մաքսային մարմինների համար նախատեսված այլ իրավունքներ։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքները մաքսային մարմնի կողմից օգտագործվում են բացառապես մաքսային գործի բնագավառում գործառույթներ իրականացնելիս։
3. Միության մաքսային օրենսգրքի 359-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են ընդունել ապրանքների դասակարգման, ծագման երկրի, մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ նախնական որոշումներ:
4. Մաքսային մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:
5. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ մաքսային մարմինն իրականացնում է գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
6. Մաքսային մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթն իրականացնում են մաքսային մարմնի անունից:
7. Սույն հոդվածով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:
Հոդված 217. | Մաքսային մարմինների տարբերանշանը |
1. Մաքսային մարմինները, դրանց տրանսպորտային միջոցներն ունեն տարբերանշան, որը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 218. | Մաքսային մարմինների գտնվելու վայրերը և աշխատանքային ժամերը |
1. Մաքսային մարմինները գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում։ Մաքսային մարմինների տեղակայման վայրեր են համարվում նաև մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` մաքսային ձևակերպման վայրերը և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսված վայրերը:
2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ապրանքների կանոնավոր մատակարարում իրականացնող՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, տրանսպորտային և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փոստային կապի կազմակերպությունների նախաձեռնությամբ մաքսային կետերն ու մաքսատների կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել նշված անձանց պատկանող շինություններում` Կառավարության որոշմամբ հաստատվելու դեպքում։
3. Մաքսային ձևակերպումն իրականացվում է այդ նպատակով մաքսային մարմնի որոշած վայրերում` մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում:
4. Մաքսային մարմինների աշխատանքային ժամերը սահմանում է Կոմիտեն:
5. Հայտարարատուի խնդրանքով և վերջինիս հաշվին ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններ կատարող մաքսային մարմինը Կառավարության սահմանած կարգով մաքսային գործառնությունները կարող է իրականացնել այլ վայրում և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս:
Հոդված 219. |
Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, նրանց իրավունքներն ու պարտականությունները |
1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և մաքսային մարմինների աշխատողները։
2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը սահմանվում են Միության մաքսային օրենսդրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:
3. Մաքսային մարմինները և դրանց պաշտոնատար անձինք ընդունում են որոշումներ, կատարում են գործողություններ իրենց իրավասությունների սահմաններում՝ Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Հոդված 220. | Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պահանջների պարտադիր կատարումը |
1. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց օրինական պահանջներն իրենց գործունեությամբ մաքսային գործին առնչվող անձանց կողմից ենթակա են պարտադիր կատարման։
2. Մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների և հսկողության կամ մաքսային այլ ընթացակարգերի իրականացման ժամանակ ներկայացվող պահանջները չեն կարող խոչընդոտ դառնալ ապրանքների ներմուծման, արտահանման, բացթողման կամ մաքսային գործի բնագավառում այլ գործունեության իրականացման համար, եթե դրանք ուղղված չեն Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման համար անհրաժեշտ նվազագույն հսկողության իրականացմանը:
3. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց օրինական պահանջները չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության։
Հոդված 221. | Մաքսային մարմինների համագործակցությունը պետական այլ մարմինների հետ |
1. Պետական կառավարման համակարգի մարմինները և այդ մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակում օժանդակել մաքսային մարմինների առջև դրված խնդիրների լուծմանը:
2. Մաքսային մարմինները մաքսային գործի և իրենց վերապահված այլ լիազորությունների իրականացման նպատակով համագործակցում են այլ անձանց հետ: Մաքսային մարմինները պարտավոր են հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վրա դաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ կամ տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Ոստիկանություն:
3. Մաքսային մարմինները հանցագործության կամ վարչական իրավախախտումների մասին վկայող փաստերի հայտնաբերման դեպքում, որոնց գործերով վարույթը օրենքով վերապահված է պետական կառավարման համակարգի այլ մարմինների իրավասությանը, պարտավոր են այդ մասին տեղեկություններն անհապաղ տրամադրել համապատասխան մարմիններին։
Հոդված 222. | Մաքսային մարմինների գործունեության գերատեսչական վերահսկողությունը |
1. Օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում մաքսային մարմինը կամ մաքսային մարմնի վերադաս պաշտոնատար անձը ցանկացած ժամանակ իրավունք ունի մաքսային մարմնի գերատեսչական վերահսկողության կարգով չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու մաքսային գործի բնագավառում այլ մաքսային մարմնի կամ մաքսային մարմնի այլ` ավելի ցածր պաշտոնատար դիրք գրավող պաշտոնատար անձի` Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող որոշումը, ինչպես նաև ձեռնարկելու Միության մաքսային օրենսդրությամբ և մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ` ոչ իրավաչափ որոշում կայացրած մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) նկատմամբ։
2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի որոշումը գերատեսչական վերահսկողության կարգով չեղյալ ճանաչելուց (փոփոխելուց) հետո պահանջվում է մաքսային գործի բնագավառում նոր որոշման ընդունում, ապա այդպիսի որոշումն ընդունում է Կոմիտեի ղեկավարի լիազորած մաքսային մարմինը` Միության մաքսային օրենսդրությանը և մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` մաքսային հսկողության իրականացման համար սահմանված ժամկետներում։
Հոդված 223. | Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ընդունած որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը |
1. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության բողոքարկումն իրականացվում է Միության մաքսային օրենսդրությանը և «Մաքսային ծառայության մասին» օրենքին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 42
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 224. | Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը |
1. Հայաստանի Հանրապետության արտաքին և Միության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի վիճակագրության վարման, ինչպես նաև տնտեսության վիճակի վերլուծության նպատակներով մաքսային մարմինները Կառավարության սահմանած կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում:
2. Մաքսային քաղաքականության իրականացման նպատակով մաքսային մարմինները մաքսային վիճակագրությունը վարում են Հանձնաժողովի սահմանած մեթոդաբանությամբ:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սահմանում է ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության վարման կարգը:
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային վիճակագրության վարման հատուկ կարգը, որն օգտագործվում է միայն մաքսային նպատակների համար:
Հոդված 225. | Վիճակագրական նպատակներով օգտագործվող փաստաթղթերն ու տեղեկությունները |
1. Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմիններին տրամադրված տեղեկությունները, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման նպատակով օգտագործվող փաստաթղթերը և տեղեկությունները:
2. Մաքսային վիճակագրության նպատակներով հավաքված տեղեկությունները մաքսային մարմինները չեն կարող օգտագործել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք չեն կարող հրապարակել, օգտագործել անձնական նպատակների համար, տրամադրել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վերաբերյալ Կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը ներկայացվում է մաքսային մարմին՝ Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
5. Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները, փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Կառավարությունը:
(225-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-77-Ն)
Գ Լ ՈՒ Խ 43
ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 226. | Մաքսային օրենսդրության, մաքսային գործի և մաքսային մարմինների իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկումը: Պաշտոնական պարզաբանումը |
1. Մաքսային մարմիններն ապահովում են՝
1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության ազատ, անվճար հասանելիությունը և հրապարակայնությունը, այդ թվում՝ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով.
2) իրենց պաշտոնական կայքերում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և Միության մաքսային օրենսդրությանն առնչվող իրավական ակտերի, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հրապարակումը կարող է հանգեցնել մաքսային հսկողության իրականացման արդյունավետության նվազեցմանը կամ խոչընդոտել դրա իրականացումը:
2. Մաքսային մարմիններն անձանց տրամադրում են իրազեկումներ Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
3. Մաքսային մարմինների կողմից իրազեկումն իրականացվում է անվճար հիմունքներով` բանավոր կամ գրավոր։ Անձի կողմից գրավոր հարցման դեպքում մաքսային մարմինը պարտավոր է տեղեկությունները ներկայացնել գրավոր:
4. Մաքսային մարմինը պատասխանատվություն չի կրում իր հրապարակած իրավական ակտերի կամ իրազեկման ձևերով տրամադրած տեղեկատվության խեղաթյուրման արդյունքների կամ առանց մաքսային մարմնի գիտության և հսկողության հրապարակված իրավական ակտերի համար:
5. Մաքսային մարմինը կարող է սահմանել անձանց իրազեկումներ տրամադրելու կարգը և ժամկետները:
Հոդված 227. | Մաքսային մարմնի կողմից անձանց վերաբերյալ ընդունված որոշման, իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ տեղեկատվության ստացումը |
1. Անձինք իրավունք ունեն մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իրենց վերաբերյալ ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ հարցում կատարելու մաքսային մարմին, եթե այդ որոշումը, գործողությունը կամ անգործությունն առնչվում են նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին:
2. Հարցումը պետք է կատարվի ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) մասին անձին հայտնի դառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։
3. Անձը կարող է տեղեկատվությունն ստանալու հարցումը ներկայացնել ինչպես բանավոր, այնպես էլ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ օրենքով սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 44
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Հոդված 228. | Մաքսային մարմինների կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները |
1. Տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները մաքսային մարմինները կիրառում են իրենց գործառույթների իրականացման ապահովման, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմինների հետ տեղեկատվության փոխանակման, բնակչությանը պետական ծառայությունների մատուցման, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից տեղեկատվության էլեկտրոնային եղանակով ներկայացման և ծառայությունների մատուցման նպատակով:
2. Տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների ստեղծումն ու ներդրումն իրականացվում են մաքսային մարմինների նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Մաքսային գործում տեղեկատվական համակարգերի կիրառման կարգը սահմանում է Կոմիտեն:
4. Տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները, որոնք կիրառվում են սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը երրորդ անձանց կողմից մաքսային մարմիններին էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով, պետք է համապատասխանեն օրենքով սահմանված պահանջներին:
Հոդված 229. |
Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները |
1. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներն իրենցից ներկայացնում են փաստաթղթավորված տեղեկատվության և տվյալների համախումբ, որը ներառում է մաքսային մարմիններում ստեղծվող, մշակվող և հավաքվող տվյալների շտեմարաններ, այդ թվում՝
1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մաքսային մարմինների հետ գործողությունների իրականացման ընթացքում անձանց կողմից ներկայացվող տեղեկատվություն.
2) միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման շրջանակում պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվություն.
3) մաքսային մարմինների հարցումների հիման վրա կամ միջազգային տեղեկատվության փոխանակման շրջանակում օտարերկրյա պետությունների պետական գերատեսչությունների կողմից տրամադրվող տեղեկատվություն:
2. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և կիրառման կարգը, տեղեկատվության և տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված, փաստաթղթավորման պահանջները սահմանում է Կոմիտեն:
3. Անձանց կողմից մաքսային մարմնի տեղեկատվական ռեսուրսներում առկա սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվության ստացման կարգը սահմանվում է օրենքով:
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և դրանց հասանելիության կարգը:
Հոդված 230. | Մաքսային մարմինների կողմից տեղեկատվության պաշտպանության ապահովումը |
1. Տեղեկատվության պաշտպանության ծրագրային, ապարատային, ինչպես նաև այլ միջոցների ստեղծումն իրականացվում է Կոմիտեի նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով: Տեղեկատվության պաշտպանության ծրագրային, ապարատային, ինչպես նաև այլ միջոցների կիրառման կարգը սահմանում է Կոմիտեն:
2. Տեղեկատվության պաշտպանության միջոցների կիրառման պահանջների ապահովման վերահսկողությունն իրականացնում է Կոմիտեն:
Գ Լ ՈՒ Խ 45
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 231. | Մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը |
1. Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածին և 52-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմիններն իրականացնում են մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները։
2. Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումները վերաբերում են այն ապրանքներին, որոնք պարունակում են մտավոր սեփականության օբյեկտներ և իրավատիրոջ դիմումի հիման վրա ներառված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրներում:
3. Մաքսային մարմինները մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների նկատմամբ հսկողություն են իրականացնում իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա: Նշված դիմումի հետ զուգահեռ ներկայացվում են նաև հետևյալ տեղեկությունները.
1) իրավատիրոջ վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ տվյալներ, որոնք հաստատում են իրավատիրոջ ձեռք բերած իրավունքները, իսկ լիազորված անձի կողմից ներկայացնելու դեպքում՝ նաև տվյալներ լիազորված անձի վերաբերյալ.
2) մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքի վերաբերյալ.
3) իրավատիրոջ կարծիքով իր իրավունքների խախտմանը հանգեցնող առաքման վերաբերյալ.
4) մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու ժամկետի վերաբերյալ:
Սույն մասով սահմանված դիմումին կցվում են դիմումի մեջ լրացված տվյալները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հայտարարատուին նյութական վնաս պատճառելու դեպքում այդպիսի վնասի փոխհատուցման պարտավորագիրը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով: Դիմումի հետ իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից կարող են ներկայացվել իրավատիրոջ իրավունքների հնարավոր խախտման ապացույց հանդիսացող ապրանքների նմուշները:
5. Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների մաքսային ռեեստրում գտնվելու՝ Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված ժամկետով:
Հոդված 232. | Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների ռեեստրի վարումը |
1. Միության մաքսային օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրը վարում է Հանձնաժողովը:
2. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների ազգային մաքսային ռեեստրը վարում է մաքսային մարմինը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ռեեստրում ներառման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, ռեեստրի վարման և հրապարակման կարգը սահմանում է Կոմիտեն:
4. Կոմիտեն ապահովում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ռեեստրներում պարունակվող տեղեկությունների տեղակայումն իր պաշտոնական կայքում:
5. Սույն օրենքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ուսումնասիրում է դիմումը և դրա հետ ներկայացվող փաստաթղթերը և որոշում է կայացնում մաքսային մարմինների կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված որոշումները կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ուղարկվում են իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով՝ մերժման դեպքում նշելով նաև մերժելու պատճառները:
7. Որոշում կայացնելու համար իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի ներկայացրած փաստաթղթերը բավարար չլինելու դեպքում մաքսային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Մաքսային մարմնի կողմից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում սույն օրենքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումի ուսումնասիրության ժամկետը կասեցվում է մինչև իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից փաստաթղթերի ներկայացումը:
8. Իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի ներկայացրած տեղեկությունների ստուգման նպատակով մաքսային մարմինը կարող է հարցում ուղարկել այլ անձանց համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով, որի դեպքում սույն օրենքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումի ուսումնասիրության ժամկետը կասեցվում է մինչև այդ տեղեկությունների ներկայացումը:
9. Սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ հարցում ուղարկելու դեպքում մաքսային մարմինն իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին ծանուցում է հարցման հիմքով դիմումի ուսումնասիրության ժամկետի կասեցման վերաբերյալ:
10. Իրավատերը կամ նրա լիազորած անձը մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում գրանցելու վերաբերյալ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումն ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է մաքսային մարմին ներկայացնի ոչ պակաս, քան 10 հազար եվրոյին համարժեք գումարի չափով անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվության ռիսկի ապահովագրություն, որի հաշվին պետք է փոխհատուցվի պատճառված վնասը:
11. Մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստր մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների ներառումն իրականացվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու տարով: Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների մաքսային ռեեստրում գտնվելու ժամկետը կարող է երկարաձգվել իրավատիրոջ խնդրարկած ժամկետով, որը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել երկու տարին:
12. Իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումը մերժվում է, եթե նրանց կողմից չեն ներկայացվել սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը, կամ ապացուցվում է, որ դրանցում ներկայացված տեղեկություններն անարժանահավատ են:
13. Մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում ներառված ապրանքների վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում իրավատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է այդպիսի փոփոխությունների առաջացման օրվան հաջորդող աշխատանքային օրը մաքսային մարմիններ ներկայացնել դիմում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:
14. Մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում կարող են կատարվել փոփոխություններ՝ իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի և դիմումի հետ միասին ներկայացված տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմիններից կամ իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Այդպիսի փոփոխությունները կատարվում են մաքսային մարմինների կողմից տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսային մարմինը, նախքան փոփոխությունների կատարումը, կարող է իրականացնել ստացված տեղեկությունների արժանահավատության ստուգում, այդ թվում՝ հարցում իրականացնելու միջոցով, որի դեպքում սույն մասով սահմանված ստուգման ժամկետը կասեցվում է մինչև հարցման պատասխանն ստանալու օրը: Պետական կառավարման համակարգի մարմիններից կամ իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում փոփոխություն կատարելու դեպքում մաքսային մարմիններն այդ փոփոխությունները կատարելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում են իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին փոփոխությունների և այդ փոփոխություններն իրականացնելու հիմքերի մասին: Իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում փոփոխություններ կատարելու կամ փոփոխությունների կատարումը մերժելու դեպքում մաքսային մարմինը ծանուցում է իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով՝ մերժման դեպքում նշելով նաև հիմքերը:
15. Մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների՝ համապատասխան ռեեստրից հանելու հիմքերն են՝
1) իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումը կամ մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքի հսկողության ժամկետի ավարտը, եթե իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից հսկողության ժամկետի երկարաձգման մասին դիմում չի ներկայացվել.
2) օրենքով սահմանված կարգով մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքի նկատմամբ հսկողության դադարեցումը.
3) իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից սույն հոդվածով նախատեսված՝ պատասխանատվության ռիսկի ապահովագրությունը մաքսային մարմին չներկայացնելը.
4) իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմիններին անարժանահավատ տեղեկություններ տրամադրելու փաստի բացահայտումը.
5) մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների մասին տվյալների փոփոխությունների վերաբերյալ սույն հոդվածին համապատասխան տեղեկությունները մաքսային մարմիններ չներկայացնելը:
16. Սույն հոդվածով նախատեսված՝ իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից ներկայացվող դիմումների, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների և ուղարկվող ծանուցումների ձևերը սահմանում է Կոմիտեն:
17. Եթե իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման կասեցումը հանգեցնում է այդ ապրանքների գծով հայտարարատուին վնաս պատճառելուն, ապա իրավատերը պարտավոր է փոխհատուցել այն վնասը, որը պատճառել է հայտարարատուին, եթե չի ապացուցվել, որ հայտարարատուն իր գործողություններով խախտել է իրավատիրոջ իրավունքները:
Հոդված 233. | Մաքսային մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվությունը |
1. Առանց խախտելու պետական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջները, մաքսային մարմինն իրավունք ունի իրավատիրոջը և հայտարարատուին տրամադրելու տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցը լուծելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն իրավատերը և հայտարարատուն չեն կարող փոխանցել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և պետք է օգտագործվի բացառապես այն նպատակով, որի համար տրամադրվել է:
3. Մաքսային մարմնի թույլտվությամբ և նրա պաշտոնատար անձի ներկայությամբ իրավատերն ու հայտարարատուն իրավունք ունեն այն ապրանքներից, որոնց բացթողումը կասեցված է, վերցնելու նմուշներ և փորձանմուշներ, ինչպես նաև դրանք ներկայացնելու փորձաքննության:
(233-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-77-Ն)
Հոդված 234. | Մաքսային մարմինների պատասխանատվություն չկրելը |
1. Սույն օրենքի 231-րդ հոդվածի համաձայն դիմում ստանալու հանգամանքից անկախ՝ մաքսային մարմինները պատասխանատվություն չեն կրում`
1) մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքները չբացահայտելու համար.
2) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ապրանքների բացթողումը կասեցնելու մասին օրինական որոշումների կայացման և դրանց իրագործման համար.
3) սույն օրենքի 232-րդ հոդվածում և Միության մաքսային օրենսգրքի 385-րդ հոդվածում նշված ռեեստրներում չգրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման համար.
4) իրավատիրոջ կողմից, սույն գլխին և Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, իր պարտավորությունները չկատարելու դեպքում` ապրանքների բացթողման համար:
Գ Լ ՈՒ Խ 46
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 235. | Մաքսային մարմինների կողմից ապրանքներ և փաստաթղթեր արգելանքի վերցնելու առանձնահատկությունները |
1. Մաքսային մարմինների կողմից ապրանքները և փաստաթղթերը արգելանքի վերցնելու հիմքերն ու կարգը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 380-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Միության մաքսային օրենսգրքի 380-րդ հոդվածի կիրառման նպատակներով սահմանում է շուտ փչացող ապրանքների ցանկը:
3. Մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքները վերադարձնելու ժամանակ հայտարարատուն կամ այն անձը, որին վերադարձվում են ապրանքները, փոխհատուցում է վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերը՝ Կառավարության սահմանած կարգով:
4. Այն դեպքում, երբ վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերը կամ իրացման համար այդ ապրանքների նախապատրաստման կամ իրացման ծախսերը գերազանցում են այդ ապրանքների արժեքը, այդպիսի ապրանքների տնօրինումն իրականացվում է սույն օրենքին և Կառավարության սահմանած կարգին համապատասխան:
5. Մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների տնօրինումը, այդ թվում՝ դրանց իրացումը, օգտագործումը կամ ոչնչացումը, ինչպես նաև այդ ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի հաշվարկը կատարվում է սույն օրենքով և Կառավարության սահմանած կարգով:
6. Մաքսային մարմինների կողմից վերցված՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերը փոխհատուցվում են դրանց իրացումից ստացված գումարների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:
7. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների իրացման և իրացմանն ուղղված աշխատանքների իրականացման, այդ թվում՝ բեռնման, բեռնաթափման, տեղափոխման, պահպանման և այլ ծախսերի փոխհատուցման կարգը՝ դրանց իրացումից ստացված միջոցների հաշվին:
8. Մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների իրացումից ստացված միջոցները Միության մաքսային օրենսգրքի 382-րդ հոդվածով և 383-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի փոխհատուցումից հետո Միության մաքսային օրենսգրքի 383-րդ հոդվածով սահմանված ժամկետում վերադարձվում են հայտարարատուին՝ Կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 47
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 236. |
Մաքսային մարմինների կողմից նշանակվող մաքսային փորձաքննությունը |
1. Մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության նշանակման հիմքերը և կարգը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 53-րդ գլխով:
2. Միության մաքսային օրենսգրքի 388-րդ հոդվածի իմաստով՝ լիազոր մաքսային մարմինը մաքսային փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող մաքսային մարմնի ստորաբաժանումն է:
3. Միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության իրականացման անհնարինության կամ համապատասխան պայմաններ և միջոցներ չունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից նշանակված մաքսային փորձաքննությունը կարող է իրականացվել մաքսային մարմնի կողմից հավատարմագրված՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում մաքսային մարմինը մաքսային փորձաքննությունը նշանակում է՝ առաջնորդվելով Միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-5-րդ կետերով սահմանված դրույթներով:
5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը ձևակերպվում է էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով: Սույն մասով նախատեսված որոշման ձևը սահմանում է Կոմիտեն:
6. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարող է նախատեսել մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննությունից տարբերվող փորձաքննություն իրականացնելու դեպքերը և կարգը:
7. Հայաստանի Հանրապետության տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններ ներկայացվում է մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներկայացվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կոմիտեն:
8. Մաքսային փորձաքննության իրականացման համար Միության մաքսային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մաքսային փորձաքննություն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի հիմնավորած գրավոր որոշմամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ ապրանքների բացթողումը չի կարող իրականացվել փորձաքննության արդյունքների ստացումից առաջ, որի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ապրանքների բացթողման ժամկետը չգերազանցող ժամկետներում:
9. Մաքսային փորձաքննությունն այլ կազմակերպությունում իրականացնելու դեպքում մաքսային փորձաքննության իրականացման ժամկետը կարող է երկարաձգվել հայտարարատուի դիմումի հիմքով՝ մաքսային մարմնի ղեկավարի գրավոր որոշմամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված այն դեպքերի, երբ բացթողումը չի իրականացվում մինչև փորձաքննության արդյունքների ստացումը, որի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ապրանքների բացթողման ժամկետը չգերազանցող ժամկետներում:
10. Մաքսային մարմնի ղեկավարը մինչև փորձաքննության արդյունքների ստացումը կարող է երկարաձգել երկու և ավելի օբյեկտների փորձաքննության ժամկետը, եթե այդ արդյունքների ստացման համար կիրառվում են փորձաքննության համեմատականության (համադրման) մեթոդը և գիտատեխնիկական այնպիսի միջոցներ, որոնց միջոցով փորձաքննության արդյունքների ստացումը երկար ժամանակ է պահանջում:
11. Մաքսային փորձաքննության իրականացման ժամկետը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով`
1) մաքսային փորձաքննության նշանակման մասին որոշման մեջ ներկայացված ցանկի և փորձաքննության ներկայացված ապրանքների անհամապատասխանության դեպքում.
2) մաքսային փորձաքննության իրականացման նպատակով մաքսային փորձագետի լրացուցիչ նյութերի կամ նմուշների ստացման անհրաժեշտության առաջացման դեպքում.
3) փորձաքննության նպատակով ապրանքների ոչնչացման կամ վնասման վերաբերյալ (եթե փորձաքննության նպատակով կարող է տեղի ունենալ ապրանքների վնասում կամ ոչնչացում) մաքսային մարմնից թույլտվություն ստանալու համար:
12. Մաքսային փորձաքննության իրականացումը կարող է մերժվել Միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև մաքսային փորձաքննություն իրականացնող մաքսային մարմնում կամ այլ լիազորված կազմակերպությունում պահանջվող՝ որակավորում ունեցող մաքսային փորձագետի բացակայության դեպքում:
Հոդված 237. | Մաքսային փորձաքննության իրականացումը |
1. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված դրույթների հիման վրա, սահմանում է մաքսային փորձաքննության իրականացման նպատակով ապրանքներից փորձանմուշներ և նմուշներ վերցնելու կարգը։
2. Մաքսային փորձաքննության եզրակացության ձևը սահմանում է Կոմիտեն։ Մաքսային փորձաքննության եզրակացության բոլոր էջերը ստորագրում է փորձագետը, և դրանք վավերացվում են մաքսային փորձաքննությունն իրականացնող մարմնի կնիքով։
3. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 393-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային փորձաքննության համար մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթեր և նույնականացման միջոցներ վերցնելու վերաբերյալ արձանագրության ձևը:
4. Միության մաքսային օրենսգրքին համապատասխան մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Կառավարության սահմանած կարգով։
5. Լիազոր մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննություն անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 238. | Լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավումը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում |
1. Լիազորված այլ կազմակերպության փորձագետներին մաքսային փորձաքննությունը հանձնարարվում է միայն այն դեպքում, երբ այդպիսի փորձաքննության իրականացումն անհնար է մաքսային փորձագետների կողմից։
2. Լիազորված այլ կազմակերպության փորձագետը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում ներգրավվում է պայմանագրային հիմունքներով։
3. Մաքսային փորձաքննության իրականացումը մաքսային մարմնի լիազորած այլ կազմակերպության փորձագետին հանձնարարվելու դեպքում փորձագետը պետք է փորձաքննություն նշանակած մաքսային մարմին ներկայացնի իր՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները հաստատող փաստաթղթերը։
4. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 53-րդ գլխով։
5. Մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավման կարգը սահմանում է Կոմիտեն։
Գ Լ ՈՒ Խ 48
ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 239. | Մաքսանենգությունը |
1. Մաքսանենգություն է համարվում 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող գումարով կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների, Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների՝ օրենքով սահմանված խոշոր չափերով, ինչպես նաև, անկախ չափերից, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի, դրանց համարժեք նյութի (անալոգ) կամ դրանց պրեկուրսորի կամ դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութի, սարքավորման կամ գործիքի կամ մշակումն արգելված՝ թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութ պարունակող բույսի, ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի, հրազենի կամ դրա բաղկացուցիչ մասի, ռազմամթերքի, ռադիոակտիվ նյութի կամ ռադիոակտիվ աղբյուրի, միջուկային նյութի, խիստ ներգործող, թունավոր նյութի, զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող նյութի կամ սարքի, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքի՝ Միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու միջոցով:
2. Մաքսանենգությունը, որպես քրեորեն պատժելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
Հոդված 240. | Մաքսային մարմինները որպես հետաքննության և նախաքննության մարմիններ |
1. Մաքսային մարմինները համարվում են հետաքննության և նախաքննության մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իրենց իրավասությանը վերապահված գործերով:
Հոդված 241. | Մաքսային մարմինների՝ հետաքննության և նախաքննության վարույթ իրականացնելը |
1. Մաքսանենգության և մաքսային գործի հետ կապված այլ հանցագործությունների հատկանիշների դեպքերում հետաքննության և նախաքննության վարույթն իրականացնում են մաքսային մարմինները:
2. Մաքսային մարմինը քրեական վարույթ է նախաձեռնում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության դրույթներով, կատարում է անհետաձգելի վարութային գործողություններ` հանցագործության հետքերը բացահայտելու ու ամրապնդելու և հանցանք կատարած անձանց հայտնաբերելու նպատակով:
Հոդված 242. | Մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը |
1. Մաքսային մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Հոդված 243. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների վերահսկելի մատակարարումները և գնումը |
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների միջազգային ապօրինի շրջանառությունը կասեցնելու և դրան մասնակցող անձանց բացահայտելու նպատակով մաքսային մարմինները յուրաքանչյուր առանձին դեպքում օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածությանը համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում են «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման կիրառմամբ մաքսային մարմինները թույլատրում են իրենց հսկողության ներքո ապօրինի շրջանառության մեջ մտցված թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների, այդ ապրանքների կասկածելի խմբաքանակների, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված` փոխարինված այլ նյութերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն, արտահանում Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության տարածքով:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ կասկածելի խմբաքանակ հասկացությունը նշանակում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների այն խմբաքանակները, որոնց տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով իրականացվում է օրենքով սահմանված կարգով, սակայն առկա են կասկածներ այդ նյութերի հետագա օգտագործման օրինականության վերաբերյալ:
3. «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում անձի կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների միջազգային ապօրինի շրջանառություն իրականացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի հարուցվում, իսկ ընդունած որոշման մասին մաքսային մարմիններն անհապաղ տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
4. «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է կիրառվել նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք հանցագործության համար հանդիսացել են միջոց կամ գործիք, ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով և ենթակա են վերցման` օրենքով սահմանված դեպքերում:
5. «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառում կիրառելու դեպքում մաքսային մարմինները, օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածությանը համապատասխան, իրավասու են ամբողջապես կամ մասնակի փոխարինել թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը կամ դրանց պրեկուրսորները այլ նյութերով` առգրավելով այլ նյութերով փոխարինված թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը կամ դրանց պրեկուրսորները:
Հոդված 244. | «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման կիրառմամբ բռնագրավված գույքի և դրամական միջոցների տնօրինումը |
1. Դրամական միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարանները բռնագրավել են այն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով, որոնց բացահայտման կամ կանխման ժամանակ օգտագործվել է «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ինչպես նաև ստացվել են բռնագրավված գույքի իրացումից, բաշխվում են այն պետությունների միջև, որոնց մաքսային և այլ իրավասու մարմինները մասնակցել են «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանը` Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների և օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների միջև գործող պայմանավորվածության համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 49
ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 245. | Ապրանքների հանձնումը պետությանը |
1. Ապրանքները հանձնվում են պետությանը`
1) քրեական վարույթով կամ վարչական իրավախախտման գործով դատական ակտի հիման վրա՝ մաքսային մարմինների կողմից գույքի բռնագրավման կիրառման դեպքում.
2) մաքսային մարմնի կամ այլ լիազոր մարմնի հայցի հիմքով կայացված՝ գույքը տիրազուրկ ճանաչելու կամ առգրավված ապրանքները պետությանը հանձնելու մասին դատական ակտի հիման վրա.
3) ապրանքները «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:
2. Միության մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին համապատասխան՝ դատարանի որոշման հիման վրա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների մարման համար մաքսային մարմինների կողմից ապրանքների նկատմամբ բռնագանձում տարածելու դեպքում նշված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքի կարգավիճակ, իսկ դրանց համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի որոշման, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության դադարման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից համապատասխան նշում է կատարվում մաքսային հայտարարագրի կամ մաքսային մարմին ներկայացված՝ նշված ապրանքներին վերաբերող մաքսային այլ փաստաթղթերում:
Հոդված 246. | Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը |
1. Սույն օրենքի 245-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետությանը հանձնված ապրանքները ենթակա են տնօրինման մաքսային մարմինների կողմից:
2. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փոխանցվում են Կառավարության լիազորած՝ պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնող պետական մարմին, բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ օրենքով սահմանված է տնօրինման հատուկ կարգ։
3. Տնօրինման գործողություններ են համարվում`
1) ապրանքների տեղափոխումը և պահեստավորումը` դրանց համար հատուկ հարմարեցված վայրերում.
2) ապրանքների իրացման նպատակով իրականացվող գործողությունները, այդ թվում` դրանց առանձին խմբաքանակների մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն.
3) ապրանքների իրացումը:
4. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքները կարող են իրացվել աճուրդային կարգով կամ ուղղակի վաճառքով` մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում:
5. Ապրանքների ուղղակի վաճառքի դեպքում դրանց իրացման գները որոշում են մաքսային մարմինները և համաձայնեցնում հայտարարատուի կամ ապրանքների օգտագործման, տնօրինման կամ տիրապետման իրավունքներ ունեցող անձի կամ նրա լիազորած անձի հետ: Ընդ որում, ապրանքների իրացման գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից` հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը:
6. Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և վաճառքի կազմակերպման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների հինգ տոկոսի հաշվին:
Հոդված 247. | Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը մաքսային մարմնի կողմից |
1. Մաքսային մարմինն իրավունք ունի պետական սեփականությանը փոխանցված ապրանքներն անհատույց փոխանցելու շահագրգիռ պետական մարմիններին և կազմակերպություններին` Կառավարության որոշման հիման վրա: Սույն մասին համապատասխան՝ անհատույց փոխանցված ապրանքները չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինները և կազմակերպությունները պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման նպատակով գրավոր դիմումը (նշելով Կառավարության համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը և որոշման համարը) ներկայացնում են մաքսային մարմին, որի հիման վրա մաքսային մարմինը դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշման հիման վրա պետությանը հանձնված ապրանքները մաքսային մարմինների կողմից 30 աշխատանքային օրվա ընթացքում անհատույց փոխանցվում են Կառավարության որոշմամբ նախատեսված պետական մարմնին կամ կազմակերպությանը:
3. Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը ձևակերպվում է մաքսային մարմնի և ապրանքներն անհատույց ստացող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարների ստորագրած արձանագրությամբ, որում մանրամասն նկարագրվում են անհատույց փոխանցվող ապրանքները:
Հոդված 248. | Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի վերցնելը |
1. Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի է վերցնում Միության մաքսային օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերով։
2. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն՝ Հանձնաժողովի սահմանած ձևով:
3. Վերցված ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են միայն Միության մաքսային օրենսգրքի 381-րդ հոդվածով սահմանված դեպքերում։
4. Մաքսային մարմինների կողմից ապրանքներն ու փաստաթղթերն արգելանքի վերցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները վերցնելու կարգի՝ սույն հոդվածում նշված իրավական ակտերին չհակասող դրույթներով:
ԲԱԺԻՆ 8
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Գ Լ ՈՒ Խ 50
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 249. | Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում իրավաբանական անձանց ընդգրկումը |
1. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր) իրավաբանական անձանց ընդգրկումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 54-61-րդ գլուխներով և սույն օրենքի 50-57-րդ գլուխներով սահմանված դրույթներին համապատասխան:
2. Ռեեստրում ընդգրկվելու համար իրավաբանական անձը թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում է մաքսային մարմին՝ կցելով սույն օրենքի 50-57-րդ գլուխներով նախատեսված փաստաթղթերը:
3. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրներում ընդգրկվելու համար իրավաբանական անձը դիմում է ներկայացնում մաքսային մարմին որպես ժամանակավոր պահպանման պահեստ, մաքսային պահեստ, ազատ պահեստ կամ անմաքս առևտրի խանութի առևտրի սրահ օգտագործվող առանձնացված յուրաքանչյուր նոր վայրում կամ հասցեում կառույցների, շինությունների (շինությունների մասերի) կամ բաց հրապարակների վերաբերյալ։
4. Ռեեստրում ընդգրկված ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների, ազատ պահեստների և անմաքս առևտրի խանութների հատակագծերի, շենքերի և շինությունների նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ կամ համաձայնությամբ:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում մաքսային մարմիններ կարող են ներկայացվել փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, բացառությամբ մաքսատուրքի և հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերի, որոնց դեպքում մաքսային մարմիններ ներկայացվում է փաստաթղթի բնօրինակը: Պատճենները ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կարող է ստուգել դրանց համապատասխանությունը բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են դրանք ներկայացրած անձին:
6. Մաքսային մարմինը ռեեստրում ընդգրկելու համար ներկայացված դիմումն ուսումնասիրում է այն ստանալուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ և 14-րդ մասերում նշված դեպքերի), և որոշում է կայացնում ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու կամ ընդգրկումը մերժելու մասին։
7. Ռեեստրում ընդգրկվելու դիմումի հետ պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացված չլինելու դեպքում, եթե պահպանվել են ռեեստրում ընդգրկվելու համար օրենքով սահմանված մյուս պայմանները, ապա մաքսային մարմինը նախնական որոշում է կայացնում ռեեստրում ընդգրկելու համար պահանջվող պայմանների բավարար լինելու մասին:
8. Մաքսային մարմինը ռեեստրում ընդգրկվելու համար պահանջվող պայմանների պահպանման մասին նախնական որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով ծանուցում է դիմումը ներկայացրած իրավաբանական անձին նախնական որոշման, ինչպես նաև պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին:
9. Պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում ծանուցումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Մաքսային մարմինը դիմումը ներկայացրած իրավաբանական անձին ընդգրկում է ռեեստրում պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
11. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ սույն օրենքով սահմանված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակներից ցանկացածով կամ դրանցից մի քանիսի զուգակցմամբ:
12. Մաքսային մարմիններն իրականացնում են որպես ժամանակավոր պահպանման պահեստ, մաքսային պահեստ, ազատ պահեստ կամ անմաքս առևտրի խանութ օգտագործվող շինությունների և տարածքների, իսկ մաքսային փոխադրողի դեպքում՝ տրանսպորտային միջոցների տեսազննում` սույն օրենքով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանությունը ստուգելու նպատակով:
13. Իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում մաքսային մարմինը, նշելով այդ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքերը, իրավունք ունի պահանջելու իրավաբանական անձի ներկայացրած տվյալները հաստատող այլ փաստաթղթեր:
14. Սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքում ռեեստրում ընդգրկելու մասին դիմումի ուսումնասիրությունը կասեցվում է մինչև դիմում ներկայացրած իրավաբանական անձի կողմից մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը ներկայացնելը: Դիմում ներկայացրած իրավաբանական անձը մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը կարող է ներկայացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում:
15. Ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատվում է նրան ռեեստրում ընդգրկելու մասին վկայական տալու միջոցով:
16. Ռեեստրում ընդգրկված լինելու վերաբերյալ վկայականն ստորագրում է մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կամ նրա լիազորած անձը և վավերացնում է կնիքով։
17. Մաքսային մարմինը, ուսումնասիրելով ռեեստրում ընդգրկելու մասին իրավաբանական անձի դիմումը, կարող է սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը չգերազանցող ժամկետում դիմումը մերժելու մասին որոշում կայացնել: Ռեեստրում ընդգրկումը մերժելու վերաբերյալ որոշման մասին մաքսային մարմինը ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին կամ այլ լիազոր ներկայացուցչի՝ մերժման որոշումն ընդունելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով մերժման հիմքերը։
18. Մաքսային մարմինը ռեեստրում ընդգրկելու դիմումը մերժում է, եթե՝
1) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ իրավաբանական անձը չի համապատասխանում Միության մաքսային օրենսգրքով սահմանված պահանջներին.
2) չեն ներկայացվել սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը.
3) իրավաբանական անձի կողմից դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանում նրա ներկայացրած տվյալներին.
4) ներկայացված տեղեկություններում կամ փաստաթղթերում առկա տվյալները կեղծ են կամ չեն համապատասխանում մաքսային գործի բնագավառում գործունեության տվյալ տեսակի համար օրենքով սահմանված պահանջներին:
19. Ռեեստրների ձևերը, ռեեստրներում իրավաբանական անձանց ընդգրկելու, ռեեստրից հանելու, փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների, անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրներում ընդգրկման մասին վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է Կոմիտեն։ Մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթղթի ձևը, Միության մաքսային օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է Հանձնաժողովը։
20. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում ընդգրկման մասին դիմումների ուսումնասիրության և ընդգրկման համար վճար չի գանձվում։
21. Միության մաքսային օրենսգրքի 399-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան, եթե մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացվող պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է ապահովագրական կազմակերպության տրամադրած երաշխիք ներկայացնելու միջոցով, ապա օտարերկրյա արժույթի վերահաշվարկն իրականացվում է համապատասխան ապահովման ներկայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի փոխարժեքին համապատասխան:
22. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 399-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը:
23. Իրավաբանական անձանց կողմից մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելու համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման՝ իրականացվող գործունեության տեսակներին առնչվող ապահովումները ներկայացվում են Միության մաքսային օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված չափերով՝ վերահաշվարկված Հայաստանի Հանրապետության արժույթով:
24. Սույն օրենքով սահմանված եղանակներից մի քանիսի կիրառմամբ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովման դեպքում դրանց օգտագործման հերթականությունը և կարգը սահմանում է Կոմիտեն:
25. Միության մաքսային օրենսդրությանը և սույն օրենքին համապատասխան՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից տրամադրված՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովումը վերադարձվում է այդ իրավաբանական անձին սույն օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում՝ Կառավարության սահմանած կարգով՝ հետևյալ դեպքերում.
1) իրավաբանական անձին՝ մաքսային գործի բնագավառում գործունեության տեսակով զբաղվող անձանց ռեեստրում գրանցումը մերժելու դեպքում.
2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների կողմից պարտավորությունների կատարման ապահովման մի ձևը մյուսով փոխարինելու դեպքում.
3) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների պարտավորությունների կատարման ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված չափը նվազեցնելու դեպքում.
4) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձին ռեեստրից հանելու դեպքում.
5) Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում:
Հոդված 250. | Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներից մեկում ընդգրկման մասին դիմումի հետ ներկայացված տվյալների փոփոխությունը |
1. Ռեեստրում ընդգրկման մասին դիմումի հետ ներկայացված՝ սույն օրենքով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում իրավաբանական անձը (իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում՝ նրա իրավահաջորդը) պարտավոր է մաքսային մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել այդ փոփոխությունների մասին տվյալների փոփոխությունների օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և ներկայացնել դրանք հաստատող փաստաթղթերը։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկություններն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ստուգում է նշված տվյալների համապատասխանությունը ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու համար օրենքով սահմանված պայմաններին և ռեեստրում համապատասխան փոփոխություններ է իրականացնում: Ռեեստրում անձանց ընդգրկման մասին վկայականում (մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթղթում) նշված տվյալների փոփոխության դեպքում մաքսային մարմինը տրամադրում է նոր վկայական (մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ)` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն հոդվածին համապատասխան՝ ներկայացված փաստաթղթերը կցվում են համապատասխան ռեեստրում ընդգրկման ժամանակ իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերի փաթեթին։
Հոդված 251. | Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի գործունեության կասեցումը և վերսկսումը |
1. Ռեեստրներում ընդգրկված իրավաբանական անձանց՝ որպես մաքսային ներկայացուցիչների, մաքսային փոխադրողների, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեությունը մաքսային մարմնի որոշմամբ կասեցվում է՝
1) իրավաբանական անձի կողմից իր գործունեության կասեցման մասին դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.
2) իրավաբանական անձի նկատմամբ սնանկության վարույթի հարուցման դեպքում իրավաբանական անձի կողմից դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.
3) դատարանի կամ լիազոր մարմնի կողմից իրավաբանական անձի գործունեության կասեցման մասին որոշման ընդունման դեպքում` մաքսային մարմիններին կասեցման մասին որոշումը հայտնի դառնալու օրվանից.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված փաստաթղթի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի փաստաթղթի առկայությունը նախատեսված է՝ մաքսային մարմիններին կասեցման կամ դադարեցման փաստը հայտնի դառնալու օրվանից.
5) հսկողական միջոցառումների ընթացքում գործունեության տվյալ տեսակի ռեեստրում ընդգրկելու համար սահմանված պահանջները և պայմանները չպահպանելու կամ խախտում հայտնաբերելու դեպքում:
2. Ռեեստրներում ընդգրկված իրավաբանական անձանց գործունեության կասեցման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին:
3. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի գործունեության կասեցման օրվանից ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստներում պահպանման համար ապրանքների ընդունումը, անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացումը, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչների և մաքսային փոխադրողների՝ այդ ոլորտում գործունեությունը չի թույլատրվում։ Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի գործունեությունը մեկ ամսից ավելի ժամկետով կասեցվելու դեպքում ժամանակավոր պահպանման պահեստում պահպանվող ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի միջոցների հաշվին կասեցմանը հաջորդող օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հանձնվում են ժամանակավոր պահպանման այլ պահեստ։
4. Ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչների, մաքսային փոխադրողի, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեությունը վերսկսվում է այդ գործունեության կասեցման համար հիմք հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների վերացումը հաստատող փաստաթղթերն իրավաբանական անձի կողմից ներկայացվելու կամ գործունեության կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը տեսազննման արդյունքով հաստատվելու օրվան հաջորդող օրվանից, որի վերաբերյալ մաքսային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին։
5. Մաքսային ներկայացուցիչների, մաքսային փոխադրողի, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեությունը սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային մարմնի որոշմամբ կարող է կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով: Խախտումների վերացման նպատակով տրամադրվող ժամկետի տևողությունը որոշում է մաքսային մարմինը՝ ելնելով հայտնաբերված խախտումը վերացնելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամանակահատվածից: Սահմանված ժամկետում հայտնաբերված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության տվյալ տեսակը դադարեցվում է, և կազմակերպությունը հանվում է տվյալ տեսակի գործունեության ռեեստրից:
6. Մաքսային հսկողության արդյունավետության վրա էական ազդեցություն չունեցող խախտումների հայտնաբերման դեպքում դրանք վերացնելու համար կարող է տրամադրվել ողջամիտ ժամկետ՝ առանց գործունեության տվյալ տեսակի կասեցման: Տրամադրված ժամկետում մաքսային հսկողության արդյունավետության վրա էական ազդեցություն չունեցող խախտումները չվերացնելու պարագայում տվյալ գործունեությունը կասեցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 252. | Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրից իրավաբանական անձին հանելը |
1. Իրավաբանական անձը ռեեստրից հանվում է Միության մաքսային օրենսգրքի 403-րդ, 408-րդ, 413-րդ, 418-րդ, 423-րդ և 428-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 412-րդ, 417-րդ, 422-րդ և 427-րդ հոդվածների երկրորդ և հինգերորդ պարբերություններում առաջադրված պահանջների խախտման պարագայում՝ գործունեության կասեցման փուլում դրանք վերացնելու նպատակով տրված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքերում։ Ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմավորումը հիմք չէ իրավաբանական անձին ռեեստրից հանելու համար։
2. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ընդունում է մաքսային մարմինը գրավոր ձևով` պատճառաբանված հիմնավորմամբ, և դրա ընդունման օրվան հաջորդող օրը ծանուցում է իրավաբանական անձին։ Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն իրավաբանական անձի լիազորած ներկայացուցչին է հանձնվում առձեռն կամ ուղարկվում է իրավաբանական անձին փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով հանձնման փաստը և ամսաթիվը։
3. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և կատարվում է իրավաբանական անձի կողմից ծանուցվելու օրվանից:
4. Անկախ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթից` ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողները, մաքսային պահեստի տիրապետողները և ազատ պահեստի տիրապետողները կարող են մինչև ռեեստրից հանվելու օրը իրենց կնքած պայմանագրերի հիման վրա կատարել գործունեություն` սույն մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեեստրից հանելու հիմքը մաքսային կանոնների խախտում արձանագրելն է:
5. Լուծարման կամ վերակազմակերպման հետևանքով գործունեության դադարեցման (բացառությամբ իրավաբանական անձի վերակազմավորման) դեպքում մաքսային մարմիններն իրավաբանական անձանց ռեեստրից հանում են լուծարման կամ գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող օրը` դրա վերաբերյալ գրառում կատարելու միջոցով:
6. Ռեեստրից իրավաբանական անձին հանելը չի ազատում նրան (նրա իրավահաջորդին) մինչև ռեեստրից հանելը կնքված պայմանագրերի հիման վրա մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման կամ պահպանման հետ կապված ձևակերպումներն ավարտելու կամ այլ գործողություններ կատարելու պարտականությունից:
7. Ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվում են այլ մաքսային ընթացակարգով, բացառությամբ այն դեպքի, երբ ապրանքները փոխանցվում կամ օտարվում են անմաքս առևտրի այլ խանութի սրահից դրանք իրացնելու համար։
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում, երբ անմաքս առևտրի խանութից ապրանքները տեղափոխվում են միևնույն մաքսային մարմնի հսկողության ներքո գտնվող անմաքս առևտրի այլ խանութ, հսկողությունն իրականացնում է այդ մաքսային մարմինը: Սույն հոդվածով նախատեսված ապրանքների տեղափոխումն այլ մաքսային մարմնի հսկողության ներքո գտնվող անմաքս առևտրի խանութ արվում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:
9. Ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային նպատակներով դիտարկվում են որպես ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքներ։ Այդ ապրանքների վաճառքը ռեեստրից հանված անմաքս առևտրի խանութի սրահից, ինչպես նաև այլ ապրանքներ անմաքս առևտրի տվյալ խանութ հանձնելը չի թույլատրվում։
10. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքում այդ ռեեստրում ընդգրկվելու համար անձի տրամադրած՝ պարտավորությունների կատարման ապահովման վերադարձը (գործողության դադարեցումը) կատարվում է սույն օրենքի 10-րդ գլխին համապատասխան։
Հոդված 253. | Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրը վարելը |
1. Ռեեստրը վարում է մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով։
2. Ռեեստրների ձևերը և դրանց վարման կարգը հաստատում է Կոմիտեն:
3. Ռեեստրները ձևավորում են մաքսային մարմինները իրավաբանական անձանց այդ ռեեստրներում ընդգրկելու, փոփոխություններ կատարելու և հանելու մասին որոշումների, ինչպես նաև ռեեստրներում ընդգրկված մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեության կասեցման և վերսկսման մասին որոշումների հիման վրա։ Ռեեստրներում փոփոխությունները կատարում է մաքսային մարմինը այդ մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
4. Ռեեստրները հրապարակվում են մաքսային մարմինների պաշտոնական կայքում՝ ներառյալ յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը:
Հոդված 254. | Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը |
1. Ապրանքների և տնտեսական գործարքների հաշվառումը մաքսային փոխադրողը, ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը, մաքսային պահեստի տիրապետողը, ազատ պահեստի տիրապետողը, անմաքս առևտրի խանութի տիրապետողը կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։
2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք հաշվետվությունները ներկայացնում են սույն օրենքին համապատասխան։
Գ Լ ՈՒ Խ 51
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Հոդված 255. | Մաքսային ներկայացուցիչը |
1. Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի, նրա լիազորած անձի կամ այլ շահագրգիռ անձանց հանձնարարությամբ և նրանց անունից Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ իրականացնող` Միության մաքսային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։
2. Մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքված պայմանագրերով:
3. Մաքսային ներկայացուցիչը կրում է համապատասխան մաքսային ընթացակարգով հայտարարագրման ժամանակ նախատեսված մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարները վճարելու պարտավորությունը, եթե մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 256. | Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները |
1. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածով։
2. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատվության ռիսկի ապահովագրության գումարի չափը որոշվում է մաքսային ներկայացուցչի և ապահովագրական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:
3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում չեն կարող ընդգրկվել պետական կառավարչական հիմնարկները, համայնքները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմավորված այլ իրավաբանական անձինք:
4. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը պարունակում է մաքսային ներկայացուցչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը, վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը:
5. Միայն արտահանման գործարքներ իրականացնող մաքսային ներկայացուցիչները ազատվում են պարտավորությունների կատարման ապահովման ներկայացումից:
Հոդված 257. | Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը |
1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու նպատակով ներկայացվող դիմումում նշվում են՝
1) տեղեկություններ մաքսային ներկայացուցչի անվանման, գտնվելու վայրի մասին (փոստային հասցեն և (կամ) այլ կոնտակտային տվյալներ).
2) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայության մասին տեղեկություններ.
3) Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ սույն օրենքի 256-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի.
4) սույն օրենքով նախատեսված պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ։
2. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Մաքսային մարմիններ ներկայացվում է պարտավորությունների կատարման` Միության մաքսային օրենսգրքով նախատեսված ապահովումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:
Հոդված 258. | Մաքսային ձևակերպումների մասնագետը |
1. Մաքսային ներկայացուցչի անունից մաքսային ձևակերպումներ կարող է կատարել միայն մաքսային ներկայացուցչի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ եղող կամ նրա լիազորած և Կոմիտեի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստանալու պարտադիր պայմաններն են`
1) բարձրագույն կրթությունը.
2) հայերենին տիրապետելը.
3) մաքսային օրենսդրությանը տիրապետելը.
4) մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգից օգտվելու իմացությունը:
3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգը և պայմանները սահմանում է Կոմիտեն: Մաքսային ձևակերպումների որակավորման քննություններն ընդունում է մաքսային մարմնի ստեղծած հանձնաժողովը: Մաքսային ձևակերպումների որակավորման քննությունը դրական հանձնած անձանց Կոմիտեի սահմանած ժամկետում տրվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական, ինչպես նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորություն:
4. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ՝
1) մասնակցելով մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին և հանձնելով դրանց ամփոփիչ քննությունները.
2) ներկայացնելով ապրանքները բաց թողնելու համար հիմք հանդիսացած՝ Կոմիտեի սահմանած քանակի ապրանքների հայտարարագրեր, որոնց ընդհանուր քանակում այն ապրանքների հայտարարագրերի քանակը, որոնց առնչությամբ արձանագրված մաքսային իրավախախտումների համար որակավորում ունեցող այդ անձի նկատմամբ նշանակվել է պատասխանատվության միջոց, չեն գերազանցում Կոմիտեի սահմանած տոկոսային շեմը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների քանակը և հաշվառման կարգը, ինչպես նաև միավորների հատկացման կարգն ու պայմանները սահմանում է Կոմիտեն:
Հոդված 259. | Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու հիմքերը և կարգը |
1. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը.
2) օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.
3) խախտվել են սույն օրենքի 263-րդ հոդվածով սահմանված պահանջները.
4) վկայականը ստացած անձը կորցրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը՝ սույն օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան.
5) մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ:
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը։ Նշված որոշման պատճենը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է այն անձին, որի առնչությամբ ընդունվել է այդ որոշումը, այն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցված լինելու դեպքում անձը մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին Կոմիտեի սահմանած կարգով կարող է մասնակցել վեց ամսից ոչ շուտ՝ որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշման կայացման օրվանից:
Հոդված 260. | Մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի հասանելիությունը մաքսային ներկայացուցիչների համար |
1. Մաքսային մարմինների կողմից մաքսային նպատակներով տեղեկատվության ավտոմատացված մշակման և տվյալների էլեկտրոնային փոխանցման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի հասանելիությունը մաքսային ներկայացուցիչների, ինչպես նաև սույն օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց համար ապահովում է մաքսային մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 261. | Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը |
1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով մաքսային ներկայացուցիչը չի հանվում մաքսային ներկայացուցիչների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես մաքսային ներկայացուցիչ գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
Հոդված 262. | Մաքսային ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները |
1. Մաքսային ներկայացուցիչների իրավունքները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 404-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչը կարող է սահմանափակել իր կողմից իրականացվող գործունեությունը՝ առանձին կատեգորիաների ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների, առանձին մաքսային գործառնությունների կամ առանձին տարածաշրջաններում մաքսային գործառնությունների կատարման նպատակներով:
3. Մաքսային ներկայացուցիչների պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածով:
4. Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային ներկայացուցչի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման՝ մաքսային մարմնի պահանջը չի առաջադրվում, կամ արդեն իսկ առաջադրված պահանջը համարվում է կասեցված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն վճռի առկայության պարագայում, որի համաձայն մաքսային ներկայացուցիչը չպետք է կրի այդպիսի վճարների կատարման պարտավորություն:
Հոդված 263. | Մաքսային ներկայացուցչի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացված տեղեկությունը օգտագործելը |
1. Հանձնարարությունը կատարելու նպատակով հանձնարարողից ստացված տեղեկությունը մաքսային ներկայացուցիչը և նրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
2. Պետական, բանկային, առևտրային գաղտնիք և այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, և չեն կարող օգտագործել մաքսային ներկայացուցիչը կամ նրա աշխատողները` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(263-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-77-Ն)
Գ Լ ՈՒ Խ 52
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԸ
Հոդված 264. | Մաքսային փոխադրողը |
1. Մաքսային փոխադրողը Միության մաքսային օրենսգրքի 406-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:
2. Իրավաբանական անձի` մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 407-րդ հոդվածով:
3. Մաքսային փոխադրողների կարգավիճակը հավաստվում է մաքսային մարմնի տրամադրած փաստաթղթով, որի ձևը և կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
4. Մաքսային փոխադրողի և ապրանք առաքողների միջև հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքված պայմանագրերով:
5. Մաքսային փոխադրողի պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 409-րդ հոդվածով:
Հոդված 265. | Մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը |
1. Մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝
1) մաքսային փոխադրողների անվանման, գտնվելու և գործունեության իրականացման վայրերի (փոստային հասցեն կամ այլ կոնտակտային տվյալներ) վերաբերյալ տեղեկություններ.
2) միջազգային փոխադրումների համար նախատեսված` մաքսային ապահովումների կիրառման հնարավորություն ունեցող տրանսպորտային միջոցների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վերաբերյալ տեղեկություններ.
3) Միության մաքսային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ։
2. Մաքսային փոխադրողի ռեեստրում ընդգրկման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Սույն մասով նախատեսված փաստաթղթերի հետ ներկայացվում են նաև մաքսային փոխադրողին պատկանող կամ վարձակալված կամ օգտագործման հանձնված` մաքսային փոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ցանկը և տեխնիկական անձնագրերի պատճենները:
Հոդված 266. | Մաքսային փոխադրողների ռեեստրից մաքսային փոխադրողին հանելու հիմքերը |
1. Մաքսային փոխադրողների ռեեստրից մաքսային փոխադրողին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 408-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով մաքսային փոխադրողը չի հանվում մաքսային փոխադրողների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես մաքսային փոխադրող գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
3. Միության մաքսային օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, իրավաբանական անձին մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու՝ Միության մաքսային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից բացի, լրացուցիչ այլ հիմքեր կարող են սահմանվել օրենքով:
Հոդված 267. | Մաքսային փոխադրողի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացված տեղեկությունը օգտագործելը |
1. Հանձնարարությունը կատարելու նպատակով հանձնարարողից ստացված տեղեկությունը մաքսային փոխադրողը և նրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:
2. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրային գաղտնիք և այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային փոխադրողի կամ նրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(267-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-77-Ն)
Գ Լ ՈՒ Խ 53
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ
Հոդված 268. | Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը |
1. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 410-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:
2. Ժամանակավոր պահպանման պահեստը, ըստ գործառնության տեսակի, կարող է լինել բաց կամ փակ։ Ժամանակավոր պահպանման բաց պահեստները նախատեսված են յուրաքանչյուր անձի օգտագործման համար։ Ժամանակավոր պահպանման փակ պահեստները նախատեսված են տվյալ պահեստի տիրապետողի կամ իր կազմի մեջ մտնող կազմակերպությունների կողմից ներմուծվող ապրանքների պահպանության կամ որոշակի տեսակի ապրանքների պահպանության համար, այդ թվում՝ այնպիսի ապրանքների, որոնց շրջանառությունը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ, կամ որոնք ունեն պահպանման հատուկ պայմաններ։
3. Ապրանքները պահպանության հանձնող անձանց և ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողի միջև հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքվող պայմանագրերով:
4. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողի պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 414-րդ հոդվածով։
Հոդված 269. | Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները |
1. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 412-րդ հոդվածով։
2. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը ներառում է՝
1) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողի անվանումը, տեղեկատվություն իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների մասին, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) ժամանակավոր պահպանման պահեստի տեսակը.
3) ժամանակավոր պահպանման պահեստի շինության կամ բաց հրապարակի գտնվելու վայրի մասին տեղեկություններ.
4) վկայական տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։
Հոդված 270. | Ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվող պահանջները |
1. Ժամանակավոր պահպանման պահեստների շինությունները կամ բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովվի ժամանակավոր պահպանման պահեստների և հրապարակների տարածքում ապրանքների պահպանումը, բացառվեն կողմնակի անձանց մուտքը (այդ թվում՝ պահեստի՝ բավարար լիազորություններ չունեցող աշխատակիցների), այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև ապահովվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության իրականացումը։
2. Ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
1) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստներում ապրանքների պահպանության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների, ինչպես նաև շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջները.
2) ապահովել անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ժամանակավոր պահպանման պահեստների տարածքի պաշտպանության համար.
3) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ժամանակավոր պահպանման պահեստների կառուցումն այնպես, որ ժամանակավոր պահպանման պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեությունը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և ժամանակավոր պահպանման պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, ժամանակավոր պահպանման պահեստներում գտնվող ապրանքների վնասումը.
4) ապահովել ապրանքների պահպանության համար Կոմիտեի սահմանած քանակով նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող), կապի և այլ միջոցների.
5) ապահովել Կոմիտեի սահմանած նվազագույն բավարար չափերով՝ մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման նպատակով մաքսային մարմինների համար նախատեսված պայմանների առկայությունը.
6) ապահովել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, թունավոր, խոնավության և (կամ) ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.
7) ապահովել ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.
8) ապահովել հսկիչ անցագրային կետերի առկայությունը` բաց տեսակի ժամանակավոր պահպանության պահեստների համար.
9) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստների բաց տարածքների և հրապարակների մակերեսների պինդ ծածկույթի (ասֆալտի, բետոնի կամ նմանատիպ այլ ծածկույթի) առկայությունը։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է Կառավարության լիազորած մարմինների տրամադրած գրավոր փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ, իսկ սույն մասում նշված փաստաթուղթն ստանալու և մաքսային մարմիններ ներկայացնելու պարտավորությունը կրում է ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը:
4. Որպես ժամանակավոր պահպանման պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, ինչպես նաև դրանց հիմնման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
(270-րդ հոդվածը լրաց. 11.12.23 ՀՕ-387-Ն)
Հոդված 271. | Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը |
1. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝
1) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների անվանման, իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների վերաբերյալ տեղեկություններ.
2) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների տիրապետության տակ գտնվող և որպես ժամանակավոր պահպանման պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների կամ բաց հրապարակների, դրանց գտնվելու վայրի, զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների չափերի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ.
3) պատասխանատվության ռիսկի ապահովագրության մասին պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ:
2. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման համար դիմումին կցվում են ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների տրամադրած եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին:
3. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների կողմից ներկայացվող՝ պատասխանատվության ռիսկի ապահովագրական գումարի չափը որոշվում է ժամանակավոր պահպանման պահեստի և ապահովագրական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
Հոդված 272. | Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին հանելու հիմքերը |
1. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը չի հանվում ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետող գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
3. Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից հանելու՝ Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից բացի, այլ լրացուցիչ հիմքերը սահմանվում են օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 54
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ
Հոդված 273. | Մաքսային պահեստի տիրապետողը |
1. Մաքսային պահեստի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 415-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:
2. Մաքսային պահեստների տեսակները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով:
3. Մաքսային պահեստի տիրապետողների և հայտարարատուների կամ այլ անձանց միջև հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքված պայմանագրերով:
4. Մաքսային պահեստի տիրապետողը կատարում է Միության մաքսային օրենսգրքի 419-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները։
Հոդված 274. | Իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները |
1. Իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 417-րդ հոդվածով։
2. Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին վկայականում նշվում են՝
1) մաքսային պահեստի տիրապետողի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) մաքսային պահեստի տեսակը.
3) մաքսային պահեստի շինությունների կամ բաց հրապարակների գտնվելու վայրը.
4) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։
Հոդված 275. | Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը |
1. Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝
1) մաքսային պահեստների տիրապետողների անվանումը, տեղեկատվություն իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների մասին.
2) մաքսային պահեստի տեսակի մասին տեղեկություններ (փակ տեսակի պահեստի դեպքում՝ նաև այդ տեսակի պահեստ ընտրելու անհրաժեշտության և նպատակահարմարության հիմնավորում).
3) մաքսային պահեստների տիրապետողների տիրապետման տակ գտնվող և որպես մաքսային պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների կամ բաց հրապարակների, զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների չափերի, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ.
4) բաց մաքսային պահեստների տիրապետողների պատասխանատվության ռիսկի ապահովագրության մասին պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ:
2. Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման համար ներկայացվող դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով և Միության մաքսային օրենսգրքի 417-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների տրամադրած եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են:
3. Մաքսային պահեստների տիրապետողների պատասխանատվության ռիսկի ապահովագրական գումարը որոշվում է մաքսային պահեստի տիրապետողի և ապահովագրական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
Հոդված 276. | Մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները |
1. Մաքսային պահեստների շինությունները, տարածքները (տարածքների մասերը) կամ բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ մաքսային պահեստների և հրապարակների տարածքում ապահովվի ապրանքների պահպանվածությունը, բացառվեն կողմնակի անձանց մուտքը (այդ թվում՝ պահեստի՝ բավարար լիազորություններ չունեցող աշխատակիցների), այլ գործունեությունը, ինչպես նաև ապահովվեն միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեությունը, ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։
2. Մաքսային պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
1) ապահովել մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության կանոնների, ինչպես նաև շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջների պահպանումը.
2) ապահովել անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային պահեստների տարածքի պաշտպանության համար.
3) ապահովել մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև մաքսային պահեստների կառուցումն այնպես, որ մաքսային պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստներից դրանք դուրս բերելու հնարավորությունը, մաքսային պահեստներում գտնվող ապրանքների վնասումը.
4) ապահովել ապրանքների պահպանության համար Կոմիտեի սահմանած նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող), կապի և այլ միջոցների.
5) ապահովել Կոմիտեի սահմանած նվազագույն բավարար չափերով՝ մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման նպատակով մաքսային մարմինների համար նախատեսված պայմանների առկայությունը.
6) ապահովել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.
7) ապահովել ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.
8) ապահովել հսկիչ անցագրային կետերի առկայությունը` բաց տեսակի մաքսային պահեստների համար.
9) ապահովել մաքսային պահեստների բաց տարածքների և հրապարակների մակերեսների պինդ ծածկույթի (ասֆալտի, բետոնի կամ նմանատիպ այլ ծածկույթի) առկայությունը.
10) սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ որպես ժամանակավոր պահպանման վայր հանդիսանալու դեպքում մաքսային պահեստի կազմակերպմանն առաջադրվում են նույն պայմանները, որոնք նախատեսված են ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպման համար:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է Կառավարության լիազորած մարմինների տրամադրած գրավոր փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ, իսկ սույն մասում նշված փաստաթուղթն ստանալու և մաքսային մարմիններ ներկայացնելու պարտավորությունը կրում է մաքսային պահեստի տիրապետողը:
4. Կառավարությունը կարող է սահմանել որպես մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջներ:
5. Մաքսային պահեստների հիմնման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 277. | Մաքսային պահեստի տիրապետողների ռեեստրից մաքսային պահեստի տիրապետողին հանելու հիմքերը |
1. Մաքսային պահեստի տիրապետողների ռեեստրից մաքսային պահեստի տիրապետողին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 418-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով մաքսային պահեստի տիրապետողը չի հանվում մաքսային պահեստի տիրապետողների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես մաքսային պահեստի տիրապետող գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
3. Միության մաքսային օրենսգրքի 418-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, իրավաբանական անձին մաքսային պահեստի տիրապետողների ռեեստրից հանելու՝ Միության մաքսային օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից բացի, լրացուցիչ այլ հիմքերը սահմանվում են օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 55
ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ
Հոդված 278. | Ազատ պահեստի տիրապետողը |
1. Ազատ պահեստի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 420-րդ հոդվածին համապատասխան գործունեություն իրականացնող իրավաբանական անձն է:
2. Միության մաքսային օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ազատ պահեստի տարածքում կարող է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 420-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել գործունեության այն տեսակները, որոնց իրականացումն արգելված է ազատ պահեստներում:
4. Ազատ պահեստի տիրապետողի պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 424-րդ հոդվածով։
Հոդված 279. | Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները |
1. Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 422-րդ հոդվածով։
2. Միության մաքսային օրենսգրքի 422-րդ հոդվածին համապատասխան՝ ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայման հանդիսացող՝ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կոմիտեն:
3. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը ներառում է՝
1) ազատ պահեստի տիրապետողի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) ազատ պահեստի շինությունների կամ բաց հրապարակների գտնվելու վայրը.
3) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
4) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։
Հոդված 280. | Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը |
1. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝
1) ազատ պահեստների տիրապետողների անվանման, իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների վերաբերյալ տեղեկություններ.
2) ազատ պահեստների տիրապետողների տիրապետման տակ գտնվող և որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների, դրանց իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների, զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների չափերի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ:
2. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին ներկայացվող դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների տրամադրած եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են:
Հոդված 281. | Ազատ պահեստներին ներկայացվող պահանջները |
1. Ազատ պահեստների շինությունները, տարածքները (տարածքների մասերը) կամ բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովվի ազատ պահեստների և հրապարակների տարածքում ապրանքների պահպանվածությունը, բացառվեն կողմնակի անձանց մուտքը (այդ թվում՝ պահեստի՝ բավարար լիազորություններ չունեցող աշխատակիցների), այլ գործունեությունը, ինչպես նաև ազատ պահեստների և հրապարակների տարածքում ապահովվեն միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեությունը, ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։
2. Ազատ պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները․
1) պահպանել ազատ պահեստներում ապրանքների պահպանության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.
2) ապահովել անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ազատ պահեստների տարածքի պաշտպանության համար.
3) ապահովել ազատ պահեստների համար նախատեսված շենքերի, տարածքների և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ազատ պահեստների կառուցումն այնպես, որ ապահովվի մաքսային մարմինների կողմից ազատ պահեստների տարածքում գործունեության նկատմամբ մաքսային հսկողության իրականացումը, բացառվի մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման, ազատ պահեստներից դրանց դուրսբերման և ազատ պահեստներում գտնվող ապրանքները վնասելու հնարավորությունը.
4) ապահովել ապրանքների պահպանության համար Կոմիտեի սահմանած քանակներով նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող), կապի և այլ միջոցների.
5) ապահովել Կոմիտեի սահմանած նվազագույն բավարար չափերով՝ մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման նպատակով մաքսային մարմինների համար նախատեսված պայմանների առկայությունը.
6) ապահովել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.
7) ապահովել ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.
8) ապահովել հսկիչ անցագրային կետերի առկայությունը:
3. Կառավարությունը սահմանում է որպես ազատ պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող կառույցների, շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները:
4. Ազատ պահեստների հիմնման, գործունեության, գործունեության կասեցման և վերսկսման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 282. | Ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից ազատ պահեստի տիրապետողին հանելու հիմքերը |
1. Ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով ազատ պահեստի տիրապետողը չի հանվում ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես ազատ պահեստի տիրապետող գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
3. Միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից հանելու՝ Միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից բացի, լրացուցիչ այլ հիմքերը սահմանվում են օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 56
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ
Հոդված 283. | Անմաքս առևտրի խանութի տիրապետողը |
1. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 425-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։
2. Անմաքս առևտրի խանութի տիրապետողի պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 429-րդ հոդվածով։
Հոդված 284. | Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները |
1. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 427-րդ հոդվածով։
2. Միության մաքսային օրենսգրքի 427-րդ հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու պայման է նաև անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելը:
3. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու դեպքում տրվում է անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկման փաստը հաստատող վկայական:
4. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկման վկայականը ներառում է՝
1) անմաքս առևտրի խանութի տիրապետողի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահի գտնվելու վայրը.
3) անմաքս առևտրի խանութի պահեստի գտնվելու վայրը.
4) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։
Հոդված 285. | Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը |
1. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝
1) անմաքս առևտրի խանութի անվանման, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ.
2) անմաքս առևտրի խանութների տիրապետողների տիրապետման տակ գտնվող և որպես անմաքս առևտրի խանութ օգտագործվելու համար նախատեսված շինությունների, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ:
2. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկման համար դիմումին կցվում են ներկայացված տեղեկությունները, ինչպես նաև սույն օրենքի 286-րդ հոդվածով նախատեսված պահանջների կատարումը հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների տրամադրած եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են:
Հոդված 286. | Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը, տեղակայման վայրին և ապրանքների իրացման պայմաններին ներկայացվող պահանջները |
1. Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել (պահպանել) բացառապես «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները։
2. Անմաքս առևտրի խանութի տարածքը կարող է ներառել նույն հասցեում գտնվող վաճառքի մեկից ավելի սրահներ, պահեստային տարածքներ և օժանդակ տարածքներ:
3. Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը և տեղակայման վայրին ներկայացվող պահանջներն են՝
1) անմաքս առևտրի խանութը պետք է ունենա առևտրի սրահ և պահեստային տարածք, որոնք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում.
2) անմաքս առևտրի խանութի տարածքը պետք է սարքավորված լինի այնպես, որ ապրանքների վաճառքը կատարվի բացառապես անմաքս առևտրի խանութի վաճառքի սրահում, և ապահովվեն ապրանքների պահպանությունն ու մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.
3) անմաքս առևտրի խանութի պահեստները և օժանդակ տարածքները պետք է հարմարեցված և սարքավորված լինեն այնպես, որ բացառվի կողմնակի անձանց (անմաքս առևտրի խանութի աշխատակիցներ չհանդիսացող կամ անմաքս առևտրի խանութում գտնվող ապրանքների նկատմամբ իրավունքներ չունեցող անձանց, այդ թվում՝ պահեստի նկատմամբ բավարար լիազորություններ չունեցող աշխատակիցների) մուտքը, ինչպես նաև ապահովված լինի շինությունների վրա մաքսային նույնականացման միջոցների կիրառման հնարավորությունը.
4) անմաքս առևտրի խանութը չի կարող ներառել խանութի գործունեությանը չառնչվող օբյեկտներ.
5) անմաքս առևտրի խանութի պահեստը տեղակայվում է միայն փակ շինությունում և նախատեսվում է բացառապես անմաքս առևտրի խանութի գործունեությունն ապահովող գործողություններ կատարելու համար.
6) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է տեղակայված լինեն այնպես, որ բացառվի անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների՝ խանութի սրահից դուրսբերումն առանց մաքսային հսկողության, բացառությամբ մանրածախ վաճառված ապրանքների.
7) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորների և սահմանը հատող քաղաքացիների համար անմիջական մաքսային հսկողության նպատակով սահմանված վայրից հետո, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող ուղևորների և սահմանը հատող քաղաքացիների համար՝ անմիջական մաքսային հսկողության նպատակով սահմանված վայրից առաջ գտնվող մաքսային հսկողության գոտիներում.
8) անմաքս առևտրի խանութների և պահեստների տարածքներում պետք է ապահովվի սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը.
9) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` անմաքս առևտրի խանութների տարածքի պաշտպանության համար:
4. Անմաքս առևտրի խանութում ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներն են՝
1) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները անմաքս առևտրի խանութի սրահ կամ պահեստ, ինչպես նաև պահեստից մինչև անմաքս առևտրի խանութի սրահ տեղափոխվում են մաքսային մարմինների հսկողությամբ.
2) ապրանքների վաճառքը կատարվում է բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից.
3) անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքը կատարվում է հսկիչ դրամարկղային մեքենաներով.
4) անմաքս առևտրի խանութում ապրանքների առևտուրը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության արժույթով և Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթով` կանխիկ դրամով, չեկերով, վճարային քարտերով և այլ վճարման միջոցներով:
5. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հավաստող փաստաթուղթ:
6. Անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման ընդգրկման, ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ պահեստի և վաճառքի սրահների ապրանքների շարժի հաշվառումը և հսկողությունը կատարվում են Կոմիտեի սահմանած կարգով:
7. Պահեստային տարածք հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են արվել ապրանքների նախապատրաստում՝ հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության:
8. Վաճառքի սրահների, օժանդակ տարածքների և անմաքս առևտրի խանութի պահեստի օգտագործումը «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների պահպանման և իրացման նպատակով չի թույլատրվում:
9. Կառավարությունը կարող է սահմանել անմաքս առևտրի խանութներին ներկայացվող այլ պահանջներ:
Հոդված 287. | Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու հիմքերը |
1. Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 428-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով անմաքս առևտրի խանութի տիրապետողը չի հանվում անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես անմաքս առևտրի խանութի տիրապետող գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
3. Միության մաքսային օրենսգրքի 428-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից հանելու՝ Միության մաքսային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից բացի, այլ լրացուցիչ հիմքերը սահմանվում են օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 57
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հոդված 288. | Լիազորված տնտեսական օպերատորը |
1. Լիազորված տնտեսական օպերատորն օրենքով սահմանված կարգով հիմնադրված` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձն է, որը համապատասխանում է Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին:
2. Իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու, ռեեստրից հանելու, լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայական տրամադրելու, վկայականի գործողությունը կասեցնելու և վերականգնելու կարգը Միության մաքսային օրենսգրքով չկարգավորված մասով կարող է սահմանել Կառավարությունը:
Հոդված 289. | Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները |
1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի 1-ին տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայման է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից (բացառությամբ ապրանքների փոխադրման ծառայությունների մատուցման) յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 10 ապրանքների հայտարարագրի ներկայացումը կամ Միության մաքսային սահմանով յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 500.000 եվրոյին համարժեք ընդհանուր արժեքով ապրանքների տեղափոխումը՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
3. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի 1-ին տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է որպես մաքսային ներկայացուցիչ մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 200 մաքսային հայտարարագրերի ներկայացումը կամ նրանց ներկայացրած մաքսային հայտարարագրերում յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 500.000 եվրոյին համարժեք ընդհանուր արժեքով ապրանքների հայտարարագրումը՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
4. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի 1-ին տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է որպես մաքսային պահեստների և ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողներ մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 500.000 եվրոյին համարժեք ընդհանուր արժեքով ապրանքների պահպանության իրականացումը՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
5. Սույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն իրավախախտումների ցանկը, որոնք հիմք են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին չընդգրկելու համար, սահմանում է Կառավարությունը:
6. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորների՝ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կոմիտեն:
7. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ այն դեպքում, երբ ապրանքների արտադրության կամ արտահանման գործունեություն իրականացնող իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը չի համապատասխանում Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով որոշվող ցուցանիշին, ապա 2-րդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը ոչ պակաս, քան 150.000 եվրոյին համարժեք չափով՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
8. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Միության օրենսգրքով նախատեսված՝ բոլոր տեսակի վկայականների տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածով սահմանված կարգով ստացված՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը:
9. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգը՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում:
Հոդված 290. | Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները |
1. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 439-րդ հոդվածին համապատասխան:
2. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ժամանակավոր պահպանվող ապրանքների և այլ ապրանքների պահպանության առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:
Հոդված 291. |
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը |
1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար իրավաբանական անձը մաքսային մարմին էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացնում է դիմում, որի ձևը, լրացման կարգը, ինչպես նաև նշված դիմումում ներառված տեղեկությունները հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հանձնաժողովը:
2. Իրավաբանական անձը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի հետ ներկայացնում է Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը հավաստող փաստաթղթի բնօրինակները, որոնք ուսումնասիրվելուց հետո վերադարձվում են:
3. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով իրավաբանական անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ներկայացված դիմումը մաքսային մարմիններն ուսումնասիրում են հնարավորին չափ կարճ ժամկետում, որը չի կարող գերազանցել 60 օրացուցային օրը:
Հոդված 292. | Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի վարումը և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վկայականը |
1. Մաքսային մարմինը վարում է լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային ռեեստրը և ապահովում է դրա պարբերական հրապարակումը տեղեկատվական համակարգերի միջոցով՝ Միության մաքսային օրենսգրքի 431-րդ հոդվածին համապատասխան:
2. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը իրավաբանական անձին տրամադրում է Կոմիտեն՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայական տալու միջոցով։
3. Մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լիազորված տնտեսական օպերատորի կողմից Միության մաքսային օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխում է լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում ընդգրկելու մասին վկայականը կամ տրամադրում է նոր վկայական:
Հոդված 293. | Լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցումը և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու հիմքերը |
1. Լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցման հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետով:
2. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող՝ սույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավախախտումների ցանկը սահմանում է Կառավարությունը:
3. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցման լրացուցիչ հիմքերը կարող են սահմանվել օրենքով:
4. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 8-րդ կետով:
5. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձի վերակազմակերպումը հիմք չէ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու համար այն դեպքում, երբ վերակազմակերպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակներով և չի հանգեցրել վերակազմակերպված իրավաբանական անձի՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված պայմանների պահպանվածության բացակայությանը:
6. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքերում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու համար հիմք հանդիսացող՝ սույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավախախտումների ցանկը սահմանում է Կառավարությունը:
7. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու լրացուցիչ հիմքերը սահմանվում են օրենքով:
8. Սույն օրենքի 58-րդ գլխով սահմանված՝ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետով ամրագրված հիմքով լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողությունը չի կասեցվում, եթե մաքսային կանոնների խախտման հայտնաբերման օրն ընդգրկող տարվա ընթացքում լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ մաքսային կանոնների խախտման համար վարույթ հարուցվում է առաջին անգամ:
Հոդված 294. | Լիազորված տնտեսական օպերատորի ընդգրկման համակարգը և հաշվետվությունները ներկայացնելու կարգը |
1. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է իր կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքների համար կատարել առանձնացված հաշվառում՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային հսկողության ենթակա ապրանքների և դրանց շարժի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ ձևավորված հաշվապահական և հարկային հաշվառում:
2. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ՝ ներառյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը, մաքսային մարմիններ ներկայացնել հաշվետվություն՝ հատուկ պարզեցումներով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ:
3. Հատուկ պարզեցումներով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու ամսաթվի, դրանց նկատմամբ կիրառված հատուկ պարզեցումների, մաքսային հայտարարագրի համարի, ԱՏԳ ԱԱ ծածկագրի, ապրանքի զուտ և համախառն քաշի, մաքսային արժեքի, մաքսային ձևակերպման արդյունքով հաշվարկված մաքսային վճարների վերաբերյալ, ինչպես նաև այն անձի վերաբերյալ, որի անունից արվում են մաքսային ձևակերպումները, ինչպես նաև մաքսային հսկողության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
4. Հաշվետվությունները մաքսային մարմիններ են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ (էլեկտրոնային եղանակի դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ):
5. Հաշվետվությունները չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու կամ ժամանակին, սակայն ոչ հավաստի տեղեկություններով ներկայացնելու դեպքերում լիազորված տնտեսական օպերատորը պատասխանատվություն է կրում սույն օրենքով սահմանված կարգով:
6. Լիազորված տնտեսական օպերատորի՝ սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացրած հաշվետվության ձևը սահմանում է Կոմիտեն:
Հոդված 295. | Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը |
1. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:
2. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ սույն օրենքով սահմանված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակներից ցանկացածով՝ սույն օրենքի 51-54-րդ հոդվածներով սահմանված կարգով կամ դրանցից մի քանիսի զուգակցմամբ:
3. Սույն օրենքով սահմանված եղանակներից մի քանիսի կիրառմամբ՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովման դեպքում դրանց օգտագործման հերթականությունը և կարգը սահմանում է Կոմիտեն:
4. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ հաշվարկված Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան:
5. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրամադրված պարտավորությունների կատարման ապահովման եղանակի փոխարինումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պայմանի պահպանման պարագայում:
6. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրամադրված պարտավորությունների կատարման ապահովման եղանակի փոխարինման համար դիմումը ներկայացվում է մաքսային մարմին:
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է ընտրված եղանակով լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը հավաստող փաստաթղթի հետ՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով՝ դիմումում նշելով լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը կամ դրա մասը, որը նախատեսվում է փոխարինել:
8. Մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը։ Դիմումը բավարարելու պարագայում մաքսային մարմինը փոխարինում է լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը նոր ապահովմամբ՝ վերադարձնելով նախկինում տրամադրած ապահովումը:
9. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն հոդվածին համապատասխան ներկայացված պարտավորությունների կատարման ապահովումն ընդունելի չլինելու դեպքում մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է այն՝ գրավոր ծանուցելով դիմումի մերժման և դրա պատճառների մասին:
10. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման չափի նվազեցումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 12-22-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի հիման վրա:
11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով:
12. Մաքսային մարմինը սույն հոդվածի 10-րդ մասում նշված դիմումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է լիազորված տնտեսական օպերատորի գործունեության վերաբերյալ իր տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 12-22-րդ կետերով սահմանված պայմանները պահպանելը։ Սահմանված պայմանները բավարարելու պարագայում կայացնում է լիազորված տնտեսական օպերատորի կողմից ներկայացվող պարտավորությունների կատարման ապահովման չափի նվազեցման վերաբերյալ որոշում, որի մասին ծանուցում է լիազորված տնտեսական օպերատորին՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով:
13. Լիազորված տնտեսական օպերատորի գործունեությունը սույն մասով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում մաքսային մարմինը սույն հոդվածի 10-րդ մասում նշված դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է լիազորված տնտեսական օպերատորին՝ նրա ներկայացրած պարտավորությունների կատարման ապահովման չափի նվազեցումը մերժելու մասին:
14. Լիազորված տնտեսական օպերատորների տրամադրած պարտավորությունների կատարման ապահովումը վերադարձվում է նրա կողմից էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ներկայացվող դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 23-րդ և 25-րդ կետերով սահմանված պայմանների պահպանվածության պարագայում:
15. Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 25-րդ կետով սահմանված դեպքից բացի, լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման վերադարձի լրացուցիչ դեպքերը կամ պահանջները սահմանվում են օրենքով:
16. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 26-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը վերադարձնելու կարգը և դեպքերը:
Հոդված 296. | Լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող հատուկ պարզեցումները |
1. Լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող հատուկ պարզեցումները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2-րդ տեսակի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորներն իրենց տարածքներում (տարածքների մասերում), շինություններում կամ բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) կարող են ժամանակավոր պահպանման վերցնել լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ չունեցող անձանց ապրանքները:
3. Մաքսային մարմինը սահմանում է այն պահանջները, որոնց պահպանման պարագայում լիազորված տնտեսական օպերատորները կարող են կիրառել սույն հոդվածի 2-րդ մասում նշված հատուկ պարզեցումը:
Հոդված 297. | Լիազորված տնտեսական օպերատորների շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ստեղծված մաքսային հսկողության գոտիներում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտը |
1. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում (տարածքների մասերում) կամ բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտիներում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտման առանձնահատկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 440-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 440-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից փոխադրողից ապրանքների ընդունման ժամանակ կազմվում է ապրանքների հանձնման և ընդունման արձանագրություն՝ երեք օրինակից։ Դրանք վավերացնում են փոխադրողը և լիազորված տնտեսական օպերատորը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրության ձևը, ինչպես նաև արձանագրության օրինակների բաշխման կարգը սահմանում է Կոմիտեն:
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 440-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում (տարածքների մասերում) կամ բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտիներում երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների համար կիրառված՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտման առանձնահատկություններ:
Հոդված 298. | Լիազորված տնտեսական օպերատորի կողմից հայտարարագրվող ապրանքները մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բաց թողնելու առանձնահատկությունները |
1. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից հայտարարագրվող ապրանքները մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բաց թողնելու առանձնահատկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը սահմանում է այն դեպքերը, երբ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքները բաց թողնելու մասին լիազորված տնտեսական օպերատորի ներկայացրած դիմումը մաքսային մարմիններ է ներկայացվում թղթային կրիչով:
Հոդված 299. |
Լիազորված տնտեսական օպերատորի պարտականությունները |
1. Լիազորված տնտեսական օպերատորի պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 442-րդ հոդվածով:
2. Լիազորված տնտեսական օպերատորը, Միության մաքսային օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան, պարտավոր է մաքսային մարմիններ ներկայացնել հաշվետվություն՝ սույն օրենքի 294-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 300. |
Մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների փոխգործակցությունը |
1. Միության մաքսային օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների միջև կնքվում է համագործակցության հուշագիր (պայմանագիր):
2. Կառավարությունը կարող է սահմանել մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների փոխգործակցության կարգը:
ԲԱԺԻՆ 9
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 58
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 301. | Մաքսային կանոնները խախտելը |
1. Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կատարած անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար սույն օրենքով նախատեսված է պատասխանատվություն:
2. Ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
3. Սույն գլխում կիրառվող հասկացությունները օգտագործվում են Միության մաքսային օրենսգրքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իմաստներով:
Հոդված 302. | Մաքսային մարմնի պաշտոնատար անձի գործողությունները խոչընդոտելը և մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջին չենթարկվելը |
1. Մաքսային հսկողության շրջանակում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կատարած գործողությունները խոչընդոտելը`
առաջացնում է տուգանք՝ հարյուր հազար դրամի չափով:
2. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ մաքսային ոլորտին վերաբերող օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանք` հարյուր հազար դրամի չափով:
3. Մաքսային գործառնություններ կամ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների կամ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները մաքսային մարմնի պահանջով չներկայացնելը՝ անկախ մաքսային հայտարարագիր կամ այլ մաքսային փաստաթուղթ ներկայացնելուց՝
առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար` երեսուն հազար դրամի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ հիսուն հազար դրամի չափով:
Հոդված 302.1. |
Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները խախտելը |
(հոդվածը 25.10.23 ՀՕ-317-Ն օրենքի լրացման մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից)
(25.10.23 ՀՕ-317-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 303. | Ծառայողական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը |
1. «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Մաքսային ծառայության մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված՝ մաքսային մարմինների պարտականություններից բխող՝ ծառայողական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը՝
առաջացնում է տուգանք` հարյուր հազար դրամի չափով։
Հոդված 304. | Մաքսային գործառնություններ կամ մաքսային հսկողություն իրականացնելու համար փաստաթղթեր և տեղեկություններ մաքսային մարմին չներկայացնելը |
1. Սահմանված ժամկետում մաքսային մարմիններ Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված մաքսային հայտարարագրերը կամ պարտադիր ներկայացման ենթակա այլ մաքսային փաստաթղթերը չներկայացնելը՝
առաջացնում է տուգանք` ֆիզիկական անձանց համար՝ երեսուն հազար դրամի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ հիսուն հազար դրամի չափով:
Հոդված 305. | Մաքսային հսկողության ներքո փոխադրվող ապրանքները, տրանսպորտային միջոցները կամ ուղեկցող փաստաթղթերը մաքսային մարմին չհասցնելը կամ մաքսային տարանցման ժամկետը կամ տարանցման երթուղին չպահպանելը կամ ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մաքսային մարմնի սահմանած առաքման վայրից տարբերվող այլ վայր հասցնելը |
1. Մաքսային հսկողության ներքո փոխադրվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները կամ դրանք ուղեկցող փաստաթղթերը մաքսային մարմին չհասցնելը, մաքսային մարմնի սահմանած մաքսային տարանցման ժամկետը կամ տարանցման երթուղին չպահպանելը կամ ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մաքսային մարմնի սահմանած առաքման վայրից տարբերվող այլ վայր հասցնելը`
առաջացնում է տուգանք` հարյուր հազար դրամի չափով:
Հոդված 306. | Մաքսային նույնականացման միջոցները հանելը, վնասելը, կորցնելը կամ փոխելը |
1. Մաքսային մարմինների կամ Միության մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում լիազորված տնտեսական օպերատորի կողմից կիրառվող մաքսային նույնականացման միջոցները հանելը կամ վնասելը կամ կորցնելը կամ առանց մաքսային մարմնի թույլտվության փոխելը`
առաջացնում է տուգանք` երկու հարյուր հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ չորս հարյուր հազար դրամի չափով։
Հոդված 307. | Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները |
1. Առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս բերելը, բեռնելը, բեռնաթափելը, փոխաբեռնելը, փաթեթների վնասվածքները վերացնելը, փաթեթները բացելը, փաթեթավորելը կամ վերափաթեթավորելը`
առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի քառասուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան երկու միլիոն դրամի չափով։
Հոդված 308. | Առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը, ինչպես նաև կորցնելը |
1. Առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները հանձնելու դեպքի), օտարելը, ոչնչացնելը, ինչպես նաև մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կորցնելը`
առաջացնում է տուգանք` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի երեսուն տոկոսի չափով:
2. Ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության հանձնելը՝
առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով:
Հոդված 309. | Ֆիզիկական անձանց կողմից հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորությունը խախտելը |
1. Ֆիզիկական անձանց կողմից հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունից չարտահանելը, եթե հետագա արտահանման պարտավորությունը խախտվել է ավելի քան տասն օրով՝
առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց կողմից այդ տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծելու համար նախատեսված մաքսային վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) մեծության տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան երեսուն հազար դրամի չափով։
2. Ֆիզիկական անձանց կողմից հետագա ներմուծման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը, եթե հետագա ներմուծման պարտավորությունը խախտվել է ավելի քան տասն օրով՝
առաջացնում է տուգանք՝ երեսուն հազար դրամի չափով։
3. Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ այլ պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու՝ սույն օրենքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունից դուրս չբերելը՝
առաջացնում է տուգանք՝ 30 հազար դրամի չափով:
Հոդված 310. | Հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորությունները խախտելը |
1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը՝
առաջացնում է տուգանք` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների համար «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նախատեսված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) մեծության քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հիսուն հազար դրամի չափով։
2. Հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը՝
առաջացնում է տուգանք՝ խախտման օրվա դրությամբ, եթե այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծվեին «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, դրանց համար մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) մեծության քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հիսուն հազար դրամի չափով:
3. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
Հոդված 311. | Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելված գործողություններ կատարելը |
1. Մաքսային ոլորտը կարգավորող օրենսդրությամբ արգելված դեպքերում, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ դրանց բնական մաշվածության կամ բնականոն պայմաններում փոխադրման, պահպանման հետևանքով առաջացած փոփոխություններից բացի, այլ փոփոխությունների հանգեցրած գործողություններ կատարելը`
առաջացնում է տուգանք՝ այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան երկու հարյուր հազար դրամի չափով:
Հոդված 312. | Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով |
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով, այսինքն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանց տեղափոխումը մաքսային մարմնի գտնվելու վայրից դուրս՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամի չափով:
Հոդված 313. | Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով |
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամի չափով:
Հոդված 314. | Կանխիկ դրամական միջոցները, վճարային գործիքները ապօրինի տեղափոխելը |
1. Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է մանր չափերով և առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով՝
առաջացնում է տուգանք` ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի կամ ապօրինի տեղափոխված վճարային գործիքների անվանական արժեքի տասը տոկոսի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է մանր չափերով կատարված, եթե ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարը կամ ապօրինի տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի, առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների արժեքը, բայց չի գերազանցում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված խոշոր չափը: Ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի կամ ապօրինի տեղափոխված վճարային գործիքների արժեքի չափը հաշվարկելիս ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարից կամ ապօրինի տեղափոխված վճարային գործիքների արժեքից ենթակա է նվազեցման այն չափը, որը Միության օրենսդրությամբ թույլատրվում է տեղափոխել առանց հայտարարագրման:
Հոդված 315. | Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները խաբեությամբ օգտագործելով |
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների կամ տրանսպորտային միջոցների տեղափոխումը կամ ժամանակավոր պահպանման հանձնելը` մաքսային գործառնությունների կամ հսկողության իրականացման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված կամ այլ ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող մաքսային և այլ փաստաթղթեր մաքսային մարմին ներկայացնելով, ինչպես նաև կեղծ մաքսային նույնականացման միջոցներ օգտագործելով՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների արժեքի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամի չափով:
Հոդված 316. | Ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը |
1. Ապրանքները կամ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի հետևանքով չի առաջանում մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում), ինչպես նաև արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք` տասը հազար դրամի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որի հետևանքով առաջանում է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի), տուրքերի չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում)՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանք՝ չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան երեսուն հազար դրամի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որն առաջացնում է արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան երեսուն հազար դրամի չափով:
5. Հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունից, եթե ապրանքները կամ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու մասին կամավոր ծանուցել է այն մաքսային մարմնին, որն իրականացրել է ապրանքները բաց թողնելը, եթե մինչև նման ծանուցմանը նախորդող ամսաթիվը պահպանվել են հետևյալ պայմանները.
1) եթե ծանուցման մեջ նշված ապրանքների կապակցությամբ մաքսային մարմինը չի հայտնաբերել մաքսային կանոնների խախտման փաստ.
2) եթե մաքսային մարմինը չի ծանուցել հայտարարատուին ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային հսկողություն իրականացնելու մասին կամ չի սկսել մաքսային ստուգում:
Հոդված 317. | Պայմանական բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները անօրինական օգտագործելը կամ տնօրինելը |
1. Մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելը կամ տնօրինելը, որը հանգեցրել է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների չվճարման՝
առաջացնում է տուգանք՝ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների համար արտոնությունների կիրառման հետևանքով չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը չի հանգեցրել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի չվճարմանը և արգելքների ու սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառմանը՝
առաջացնում է տուգանք՝ քսան հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը հանգեցրել է արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման`
առաջացնում է տուգանք՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար դրամից:
Հոդված 318. | Մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների վճարման սահմանված ժամկետները խախտելը |
1. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, մաքսային վճարները, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերը, տուրքերը և վճարները սահմանված ժամկետներում չվճարելը՝
առաջացնում է տուգանք` տասը հազար դրամի չափով:
Հոդված 319. | Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Միության մաքսային օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելը |
1. Մաքսային ներկայացուցիչների կողմից Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածով, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների կողմից Միության մաքսային օրենսգրքի 414-րդ հոդվածով, մաքսային պահեստների տիրապետողների կողմից Միության մաքսային օրենսգրքի 419-րդ հոդվածով, ազատ պահեստների տիրապետողների կողմից Միության մաքսային օրենսգրքի 424-րդ հոդվածով, անմաքս առևտրի խանութի տիրապետողների կողմից Միության մաքսային օրենսգրքի 429-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը՝
առաջացնում է տուգանք պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսուն հազար դրամի չափով:
Հոդված 320. | Լիազորված տնտեսական օպերատորի կողմից Միության մաքսային օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելը |
1. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաշվետվություններ չներկայացնելը, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով, 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պարտականությունները չկատարելը՝
առաջացնում է տուգանք պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն հազար դրամի չափով:
Հոդված 321. | Մաքսային հսկողության գոտիներում տեղակայված ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային հսկողության գոտու տարածքից դուրս չբերելը |
1. Մաքսային հսկողության գոտիներում տեղակայված ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային հսկողության գոտու տարածքից ամբողջությամբ կամ մասամբ դուրս չբերելը, եթե այդ ապրանքները բաց թողնելու պայմաններից չի բխում մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքում դրանց գտնվելը, «Մաքսային պահեստ», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» կամ «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերից որևէ մեկի շրջանակում՝
առաջացնում է տուգանք՝
1) տասը հազար դրամի չափով, եթե իրենց բաց թողնելու օրվանից հետո ապրանքները շարունակել են գտնվել մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքում ոչ ավելի, քան երկու աշխատանքային օր.
2) հինգ հազար դրամի չափով՝ մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքից դուրս չբերված ապրանքի յուրաքանչյուր տոննայի (լրիվ կամ ոչ ամբողջական) դիմաց՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող յուրաքանչյուր օրացուցային օրվա համար.
3) սահմանային անցման կետերում` տասը հազար դրամի չափով, եթե իրենց բաց թողնելու ժամից հետո ապրանքները շարունակել են գտնվել մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքում ավելի քան երեք ժամ, սակայն ոչ ավելի, քան երկու աշխատանքային օր.
4) սահմանային անցման կետերում` հինգ հազար դրամի չափով՝ մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքից դուրս չբերված ապրանքի յուրաքանչյուր տոննայի (լրիվ կամ ոչ ամբողջական) դիմաց՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը գերազանցող յուրաքանչյուր օրացուցային օրվա համար։
Հոդված 321.1. | «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված՝ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը (բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի), որի հետևանքով չի առաջանում մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում), ինչպես նաև արգելքների և սահմանափակումների չկիրառում՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանք՝ երեսուն հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ հիսուն հազար դրամի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որի հետևանքով առաջանում է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում)՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանք՝ չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որն առաջացնում է արգելքների և սահմանափակումների չկիրառում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:
5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը հիմք է ազգային օպերատորի գործունեության դադարեցման համար՝ Կառավարության սահմանած կարգով:
(321.1-ին հոդվածը լրաց. 11.12.23 ՀՕ-387-Ն)
Գ Լ ՈՒ Խ 59
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 322. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի առանձնահատկությունները |
1. Մաքսային ոլորտում սույն օրենքի 58-րդ գլխով նախատեսված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով:
2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով այնքանով, որքանով չի կարգավորվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերով:
3. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում են մաքսային մարմինների ղեկավարների որոշած պաշտոնատար անձինք:
4. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում և որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
5. Մաքսային մարմնի ղեկավարը կարող է վարույթի իրականացումը մեկ կառուցվածքային ստորաբաժանումից վերցնել և հանձնարարել մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանման:
6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի իրավասու պաշտոնատար անձը կարող է իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձին գործողությունների կատարումը հանձնարարել այլ մաքսային մարմնի պաշտոնատար անձի` տարածքային կարգով կատարելու համար:
Սույն մասով սահմանված հանձնարարությունը պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 323. | Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ սկսելու հիմքերը |
1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ սկսելու հիմքերն են`
1) իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային իրավախախտման դեպքերի հայտնաբերումը.
2) մաքսային իրավախախտումների մասին անձանց հաղորդումները.
3) մաքսային իրավախախտումների մասին զանգվածային լրատվության միջոցների հաղորդումները.
4) իրավապահ մարմիններից և օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված հաղորդումները:
2. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ կարող է սկսվել նման խախտման հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության դեպքում:
Հոդված 324. | Մաքսային կանոնների խախտումների մասին հաղորդմանն ընթացք տալը |
1. Մաքսային կանոնների խախտումների մասին հաղորդումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինը կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը.
1) մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու նպատակով կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն.
2) կայացվում է վարույթ սկսելը մերժելու մասին որոշում` վարույթը բացառող հանգամանքների առկայության դեպքում.
3) ստացված հաղորդումը հանձնվում է ըստ ենթակայության:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների մասին ծանուցվում է հաղորդումն ուղարկողը:
Հոդված 325. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը |
1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:
Սույն մասով նախատեսված արձանագրության ձևը և լրացման կարգը սահմանում է Կոմիտեն:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրության մեջ նշվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև մաքսային իրավախախտման մանրամասն նկարագիրը և արարքի վերաբերյալ նախնական որոշումը` ըստ Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի համապատասխան հոդվածի, տեղեկություններ` վերցված առարկաների և փաստաթղթերի մասին, ինչպես նաև գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրությունն ընթերցում է կազմողը, ընթերցում են գործողության բոլոր մասնակիցները, անհրաժեշտության դեպքում ապահովվում է թարգմանչի մասնակցությունը, պարզաբանվում են նրանց իրավունքները:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրությունն ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը, մաքսային իրավախախտում կատարած անձը, եթե ներկա է, վկաները:
5. Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդպիսի հրաժարման պատճառների մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում: Արձանագրությանը կցվում է իրավախախտողի բացատրությունը:
6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը ստորագրությամբ հանձնվում է մաքսային իրավախախտում կատարած անձին կամ ուղարկվում է նրան` ուղեկցող գրությամբ:
Հոդված 326. | Վարչական ձերբակալումը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե մաքսային կանոնների խախտում կատարած անձը խոչընդոտում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը, հրաժարվում է դադարեցնել կատարվող իրավախախտումը, կամ սպառված են այլ միջոցները մաքսային կանոնների խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում` մինչև երեք ժամ տևողությամբ:
2. Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով մարմնում թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, և եթե անձը խոչընդոտում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը անձնական զննության ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել մինչև վեց ժամ տևողությամբ՝ այդ մասին անհապաղ հայտնելով դատախազին:
3. Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
4. Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են այն կազմող անձի պաշտոնը, անունը և ազգանունը, ձերբակալվածի տվյալները, ձերբակալման հիմքերը, վայրը, ժամը, ամսաթիվը:
5. Սույն հոդվածի իմաստով՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը խոչընդոտել է համարվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց օրինական պահանջներին չենթարկվելը, մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն ցույց տալը, մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների հայտնաբերման աշխատանքները խանգարելը կամ այլ կերպ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնական պարտականությունների իրականացումը խոչընդոտելը:
(326-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.10.23 ՀՕ-317-Ն)
(25.10.23 ՀՕ-317-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 327. | Ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելը |
1. Մաքսային իրավախախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նպատակով պատրաստված գաղտնարանները, ինչպես նաև մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը վերցվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով: Վերցնելը կատարվում է ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև թարգմանչի և մասնագետի մասնակցությամբ:
2. Ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելու համար մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահանջելու բացել փակված շինություններն ու պահեստարանները, իսկ պահանջի չկատարման դեպքում` ինքնուրույն բացելու և մուտք գործելու այնտեղ: Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով: Վերցված բոլոր ապրանքները, տրանսպորտային միջոցները և փաստաթղթերը ներկայացվում են վերցման մասնակիցներին, մանրամասն նկարագրվում է արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում:
3. Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են այն կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների ինքնությունը հաստատող տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ:
4. Արձանագրություն կազմող պաշտոնատար անձը պարտավոր է արձանագրությունը ծանոթացնել գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում են և իրավունք ունեն պահանջելու արձանագրության մեջ ներառել իրենց դիտողությունները:
5. Արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, որի ներկայությամբ կատարվել է վերցնելու գործողությունը:
Հոդված 328. | Ապրանքները և տրանսպորտային միջոցները ճանաչման ներկայացնելու կարգը |
1. Որևէ ապրանք կամ տրանսպորտային միջոց ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի վարույթում է մաքսային իրավախախտման վերաբերյալ գործը, ճանաչողից նախապես վերցնում է բացատրություն այդ առարկայի նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ ապրանքը կամ տրանսպորտային միջոցը: Բացատրությունը վերցնելուց հետո ճանաչման ենթակա ապրանքը կամ առարկան հնարավորության սահմաններում միատեսակ այլ ապրանքների կամ առարկաների հետ ներկայացվում է ճանաչողին, և առաջարկվում է մատնացույց անել դրանցից մեկը և բացատրել, թե ինչ նշաններով ու առանձնահատկություններով ճանաչեց այդ առարկան: Ճանաչումը կատարվում է ընթերակաների ներկայությամբ:
2. Ճանաչման արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը և ազգանունը, ճանաչման ներկայացնելու վայրը, ամսաթիվը, ճանաչման ներկայացված ապրանքի կամ տրանսպորտային միջոցի նկարագրությունը` մանրամասն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրա ճանաչումը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:
3. Ճանաչմանը մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջելու արձանագրության մեջ ներառել իրենց դիտողությունները:
Հոդված 329. | Հետազոտման համար նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը |
1. Մաքսային իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն վերցնելու նմուշներ կամ փորձանմուշներ, եթե դրանց հետազոտումն անհրաժեշտ է գործի քննության համար:
2. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կայացվում է որոշում, որտեղ նշվում են որոշումը կայացնողի պաշտոնը, անունը և ազգանունը, որտեղից, ինչ չափով, ինչ նմուշներ կամ փորձանմուշներ պետք է վերցվեն և անհրաժեշտ այլ հանգամանքներ:
3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը մասնակիցների և ընթերակաների ներկայությամբ կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները և վերցնում նմուշներ կամ փորձանմուշներ: Բացի փաստաթղթերից, նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում և կնքվում են:
4. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են կատարված բոլոր գործողությունները, կիրառված մեթոդներն ու միջոցները, ինչպես նաև վերցված նմուշների կամ փորձանմուշների տեսակները:
Հոդված 330. | Փորձաքննություն կատարելը |
1. Եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա վարույթն իրականացնող պաշտոնատար անձը նշանակում է փորձաքննություն:
2. Փորձաքննություն կատարելու մասին կայացվում է որոշում, որտեղ նշվում են փորձաքննության նշանակման հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները և այլ առարկաներ՝ միաժամանակ նշելով, թե դրանք ինչ հանգամանքներում են հայտնաբերվել կամ ձեռք բերվել, հիմնարկի անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննությունը և փորձագետին առաջադրվող հարցերը:
3. Փորձաքննություն նշանակող պաշտոնատար անձը փորձագետին բացատրում է օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:
4. Փորձագետը պարտավոր է իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ մաքսային մարմինների պահանջով ներկայանալ և պարզաբանումներ տալ եզրակացության բովանդակության մասին:
Հոդված 331. | Վերցված ապրանքները և առարկաները գնահատելը |
1. Մաքսային մարմինը սույն օրենքի 327-րդ հոդվածին համապատասխան վերցված ապրանքները գնահատում է Հայաստանի Հանրապետության գործող գների, իսկ վերջիններիս վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում` փորձագետների եզրակացության հիման վրա:
2. Վերցված օտարերկրյա արժույթի վերահաշվարկը հայկական դրամի մաքսային մարմինը կատարում է մաքսային իրավախախտման հայտնաբերման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքով:
Հոդված 332. | Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը |
1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ տվյալ անձի բացակայությամբ:
2. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը կարող է քննվել սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի բացակայության դեպքում, եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս:
Հոդված 333. | Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի նյութերի հրապարակման անթույլատրելիությունը |
1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի տվյալները կարող են հրապարակվել ամբողջությամբ կամ մասամբ միայն այն պաշտոնատար անձի թույլտվությամբ, որը քննում է տվյալ գործը:
2. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը գործին առնչվող անձանց նախազգուշացնում է գործի տվյալներն առանց իր համաձայնության հրապարակելու անթույլատրելիության և օրենքով դրա համար նախատեսված պատասխանատվության մասին:
Հոդված 334. | Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումները |
1. Քննելով մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը` մաքսային մարմնի պաշտոնատար անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) վարչական տույժ նշանակելու մասին.
2) գործի վարույթը կարճելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը ներառում է այն կայացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, որոշում կայացնելու ամսաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի առնչությամբ քննվել է գործը, եթե այդ անձը բացահայտված է, այն հանգամանքների շարադրումը, որոնք բացահայտվել են գործը քննելիս, Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի այն հոդվածի նշումը, որը պատասխանատվություն է նախատեսում մաքսային կանոնների խախտման համար, գործի առթիվ կայացված որոշումը, որոշման բողոքարկման ժամկետը և կարգը: Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դրա պատճենը հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի առնչությամբ այն կայացվել է: Այն դեպքում, երբ անձը, որին ուղարկվել է սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը, չի գտնվել իր նշած բնակության, գտնվելու կամ ժամանակավորապես բնակվելու վայրում կամ ճիշտ չի նշել գտնվելու հասցեն, ապա այդ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որի մասին անձը ծանուցվում է մաքսային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով:
4. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատական կարգով:
Հոդված 335. | Վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը |
1. Անձը, որից սույն օրենքի 327-րդ հոդվածով սահմանված կարգով տուգանքի, մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով պարտավորությունների կատարումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 336. | Մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները |
1. Մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքները, ինչպես նաև իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնից ստանալու վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ, առարկելու վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջելու իր առարկությունները ներառել արձանագրության մեջ, հայտնելու բացարկներ, ծանոթանալու այն նիստերի արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է եղել, դիտողություններ ներկայացնելու արձանագրությունում գրառումների ճշտության և ամբողջականության առնչությամբ, պահանջելու արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն:
2. Մաքսային ոլորտում իրավախախտման համար պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է կատարել վարույթն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները, չխոչընդոտել վարույթի իրականացումը:
ԲԱԺԻՆ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 60
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 337. | Օրենքն ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում`
1) «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը.
2) 2000 թվականի հուլիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 13-րդ բաժինը:
Հոդված 338. | Անցումային դրույթներ |
1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված՝ մաքսային օրենսդրությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխանող և չհակասող մասով՝ մինչև դրանց ուժը կորցրած ճանաչելը կամ ամբողջական համապատասխանեցումը Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին:
2. Սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կանխավճարների համակարգը կարող է գործարկվել, այդ կանխավճարները և սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ավել վճարված մաքսատուրքի գումարները մաքսային վճարների (բացառությամբ մաքսատուրքի) գծով պարտավորությունների կատարմանը կարող են ուղղվել համապատասխան ծրագրային ապահովման ներդնումից հետո:
3. Սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված՝ ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձն իրականացվում է, եթե՝
1) այդ գումարներն առաջացել են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և եթե մինչև այդ օրը գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով դրանց վերադարձման դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չի լրացել․
2) այդ գումարներն առաջացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
4. Մինչև Հանձնաժողովի՝ Միության մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվելու են «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները՝ որպես Միության ապրանքներ ճանաչելու համար բավարար համարվող պայմանների, արտադրական ու տեխնոլոգիական գործողությունների ցանկը, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության ապրանքներ ճանաչելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են սույն օրենքով սահմանված բավարար վերամշակման չափանիշները:
5. Մինչև մաքսային մարմինների կողմից սույն օրենքի 236-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ մաքսային փորձաքննություն կատարելու իրավասություն ունեցող մաքսային մարմին հիմնելը մաքսային փորձաքննությունն իրականացնում են մաքսային մարմնի կողմից հավատարմագրված մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները՝ մաքսային մարմնի ղեկավարի և փորձաքննություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջև Կոմիտեի սահմանած ձևով կնքվող պայմանագրի հիման վրա։ Սույն մասով սահմանված մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը սահմանում է Կառավարությունը։
6. Մաքսային կարգավորման ոլորտում Միության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերով և (կամ) Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը վերապահված լիազորությունների կիրարկման նպատակով Կառավարությունը կարող է ընդունել որոշումներ, եթե մաքսային կարգավորման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ։
7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննվում են 2000 թվականի հուլիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 13-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
8. Սույն օրենքի 174-րդ հոդվածի 9-րդ մասըուղղ. կիրառվում է, քանի դեռ Հանձնաժողովի սահմանած նորմերը գերազանցում են 200 հազար դրամին համարժեքը գումարը:
9. Սույն օրենքի 316-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
10. Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված՝ օրենսդրական փոփոխություններին նախորդող փորձնական ծրագրերի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
11. Սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2022 թվական: