ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օզոնային շերտի պահպանության մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-218-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «գազեր» բառից հետո լրացնել «կամ դրանք պարունակող խառնուրդներ» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-15-րդ կետերով.
«12) հոսակորուստ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարանից, օդորակիչից, ջերմային պոմպերից և սառնագենտ պարունակող այլ սարքավորումներից) կարգավորվող նյութի կորուստը տարեկան երեք գրամից ավելի.
13) հոսակորուստի դիտանցում՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվող գործընթաց, որը ենթադրում է սահմանված դեպքերում և ժամանակահատվածում իրենց կողմից շահագործվող օդորակման, սառնամատակարարման, ջերմային պոմպերի և սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգերում հոսակորուստների հայտնաբերման նպատակով ստուգում և արձանագրում համապատասխան գրանցամատյանում.
14) ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութ՝ արդեն իսկ օգտագործված, սակայն նոր նյութերի բնութագրերին համարժեք վերամշակված սառնագենտ, որի մասին վկայում է որակի հավաստագիրը․
15) հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներ (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր և սառնագենտ պարունակող այլ սարքավորումներ), որոնցում այդ նյութերի պարունակությունը երեք և ավելի կիլոգրամ է:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) կարգավորվող նյութերի գործածման բնագավառում հոսակորուստների դիտանցման կարգի, դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյանի վարման կարգի և ձևի հաստատումը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) կարգավորվող նյութերի ներմուծումը միանգամյա օգտագործման տարաներով, բացառությամբ լաբորատոր նպատակներով ներմուծման դեպքերի.
5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2039 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Մոնրեալի արձանագրությամբ սահմանված կարգավորումների: Ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութերը կարող են ներմուծվել 2039 թվականը ներառյալ:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակ ստացած իրավաբանական անձինք ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին են ներկայացնում կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված ձևի:».
2) 10-րդ մասի «նաև» բառը փոխարինել «բացառապես» բառով։
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. | Հոսակորուստների նկատմամբ հսկողությունը |
1. Այն իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտները, պարտավոր են այդ օբյեկտների նկատմամբ իրականացնել հոսակորուստների դիտանցում և սահմանված կարգով վարել դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյան: Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք պարտավոր են վերացնել հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք պարտավոր են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում լիազոր պետական մարմինն այդ մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ միանգամյա օգտագործման տարաներով ներմուծման դեպքի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Oրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարվող լրացումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում 2024 թվականից անհատական չափաքանակի տրամադրման հայտերի ներկայացմամբ ծագող հասարակական հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկումից հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-398-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: