ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ մասերով.
«11․ Միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպության կողմից Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության և կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
12․ Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ-ի) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումների) կատարող կազմակերպությունների կողմից Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
13․ Փոխադրումների գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ փոխադրումների մենեջերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 20 Երևան ՀՕ-347-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|