ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.
«գործարար համբավ՝ գործարարության ոլորտում դրսևորած ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքային և մասնագիտական որակներին տրվող գնահատական:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-18-րդ մասերով.
«7. Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ-ի) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումների) կատարող կազմակերպությունները պետք է ապահովեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով (այսուհետ՝ Որակի խարտիա) նախատեսված գործարար համբավի, ֆինանսական վիճակի և փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները։
8. Միջպետական փոխադրողը պետք է նշանակի փոխադրումների կազմակերպման և անվտանգության գծով պատասխանատու անձ (այսուհետ՝ փոխադրումների մենեջեր), որը կարող է լինել նաև կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը։
9. Փոխադրումների մենեջերը պետք է ունենա մասնագիտական որակավորումը հաստատող վկայական, որը տրվում է տեսական քննության դրական արդյունքի դեպքում։ Բեռնափոխադրումներ կատարող կազմակերպություններում վերջին 10 տարվա անընդմեջ կառավարման ստաժ ունեցող անձանց մասնագիտական որակավորումը հաստատող վկայականը տրվում է առանց տեսական քննություն հանձնելու։ Մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
10. Փոխադրումների մենեջերը կարող է միաժամանակ կազմակերպել մինչև չորս տարբեր կազմակերպությունների փոխադրումների գործընթացը, եթե դրանց տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակը չի գերազանցում հիսուն միավորը: Փոխադրումների մենեջերի կողմից միայն մեկ կազմակերպության փոխադրումների գործընթացը կազմակերպվելու դեպքում տրանսպորտային միջոցների քանակը չի սահմանափակվում։
11. Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման գործունեություն կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները։
12. ՏՆԵԿ-ի անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպությունը պետք է, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, հաշվառված լինի պետական միասնական գրանցամատյանում և ունենա գործարար համբավ։ ՏՆԵԿ-ի անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
13. Կազմակերպությունը կորցնում է գործարար համբավը, եթե դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, կամ փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների համար կազմակերպությունը կամ նրա փոխադրումների մենեջերը ենթարկվել է քրեական կամ վարչական պատասխանատվության։ Կազմակերպության գործարար համբավը վերականգնվում է, եթե խախտումների համար սահմանված վարչական տույժերի կատարումն ավարտված է, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունը մարված կամ վերացված է։
14. Գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
15. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործարար համբավի կորստի, ֆինանսական վիճակի և փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների խախտման դեպքում միջպետական փոխադրումներ կատարելու թույլտվություններ ստանալու՝ կազմակերպության դիմումները մերժվում են, իսկ կազմակերպությանը տրամադրված ՏՆԵԿ-ի թույլտվությունները կասեցնում է լիազոր մարմինը մինչև կազմակերպության կողմից խախտումների վերացումը:
16. Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպությունը լիազոր մարմին ներկայացնում է փոխադրումների մենեջերի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում։
17. Որակի խարտիայով նախատեսված ֆինանսական վիճակին ներկայացվող պահանջները բավարարելու վերաբերյալ տեղեկատվությունը կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 30-ը լիազոր մարմին ներկայացնում է վերջին հաշվետու տարվա տարեկան հաշվեկշռի ձևաչափով: Եթե վերջին հաշվետու տարվա տարեկան հաշվեկշռով կազմակերպության ֆինանսական դրությունը գնահատելիս Որակի խարտիայով նախատեսված ֆինանսական վիճակին ներկայացվող պահանջը չի բավարարվում, ապա որպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ կարող են հաշվի առնվել նաև կազմակերպության ակտիվները, շրջանառու կապիտալը, գործունեության պատասխանատվության ապահովագրությունը, ինչպես նաև բանկային երաշխիքը։
18. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված մասնագիտական որակավորման քննությունների ընդունման և մասնագիտական որակավորման վկայականներ տալու գործընթացը կազմակերպում է լիազոր մարմինը։»։
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը լրացել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.
«4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդները պետք է ունենան մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ՝ ՄՈՎ): ՄՈՎ ստանալու համար վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական վերապատրաստում և հանձնեն մասնագիտական որակավորման քննություն։ ՄՈՎ ունեցող վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի ՄՈՎ-ի վրա: Մասնագիտական որակավորման քննությունն ընդունում և վարորդի ՄՈՎ-ը տրամադրում է լիազոր մարմինը: Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման քննությունների հանձնման կարգը և ՄՈՎ-ին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական վերապատրաստման գործունեություն կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները։
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված վերապատրաստման առաջին դասընթացը վարորդը պետք է անցնի ոչ ուշ, քան ՄՈՎ-ն ստանալուց հինգ տարի հետո:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 7-10-րդ, 12-18-րդ մասերի և սույն օրենքի 3-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 4-րդ և 6-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 11-րդ մասը և սույն օրենքի 3-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասն ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 20 Երևան ՀՕ-345-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական: