Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-166-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.05.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.05.2023
Дата вступления в силу
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ փորձաքննություն իրականացնող մարմինները իրենց կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվելու դեպքում պարտավոր են փորձագիտական եզրակացության մեկ օրինակը ներկայացնել լիազոր մարմին այն սահմանված կարգով հաստատելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիքի արձանագրման դեպքում՝ անմիջապես:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Կարգադրագիրը, հանդիսանալով նաև որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտ, բովանդակում է՝

1) կարգադրագիրն ընդունող մարմնի լրիվ անվանումը.

2) կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը.

3) կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) կարգադրագրով լուծվող հարցի նկարագրությունը.

5) կարգադրագրի ընդունման իրավական հիմքը.

6) պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.

7) կարգադրագրի կատարման ժամկետը.

8) կարգադրագրի գործողության ժամկետը.

9) կարգադրագիրն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).

10) կարգադրագրի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

11) կարգադրագիրն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե այն ստորագրվել է ձեռագիր:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում, և վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-13-րդ մասերով.

«10. Կարգադրագիրը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

11. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելիս տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝

1) կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

2) կարգադրագրի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից կարգադրագրի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա.

3) կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:

13. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում կարգադրագրի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-166-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան