Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ 2001-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Ուկրաինան, այսուհետ՝ Բարձր պայմանավորվող կողմեր,
ղեկավարվելով 1996 թվականի ապրիլի 14-ի՝ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին Պայմանագրով,
ելնելով իրավահավասար ու փոխշահավետ առևտրատնտեսական և արտադրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման, դրանց երկարաժամկետ և կայուն բնույթ հաղորդելու, երկու պետությունների տնտեսական ու գիտատեխնիկական ներուժի արդյունավետ օգտագործման և իրենց ժողովուրդների բարեկեցության բարձրացման անհրաժեշտությունից,
կարևոր նշանակություն տալով տնտեսական բարեփոխումների իրականացման ներդաշնակեցմանը, ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժի փուլային անցման համար պայմանների ստեղծմանը,
հաշվի առնելով Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում պայմանավորվածությունների հիման վրա փոխգործակցությունը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Բարձր պայմանավորվող կողմերը իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև Երկարաժամկետ տնտեսական համագործակցության 2001-2010 թվականների միջպետական ծրագիր (այսուհետ` Ծրագիր), որը հանդիսանում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը:
Հոդված 2
Բարձր պայմանավորվող կողմերի տնտեսական համագործակցությունն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից և ենթակայությունից) միջև փոխգործակցության միջոցով՝ պահպանելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը և ազգային օրենսդրությունը:
Բարձր պայմանավորվող կողմերը, նշելով ընդհանուր տնտեսական տարածքի փուլային ձևավորման և զարգացման անհրաժեշտությունը, բարենպաստ պայմաններ կստեղծեն սոցիալ-տնտեսական վերափոխումների, կառուցվածքային վերակառուցման հիմնական ուղղությունների համաձայնեցման, արտաքին տնտեսական գործունեության, մաքսասակագնային և հարկային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման ոլորտում նորմատիվ-իրավական բազայի մերձեցման, առանձին նախագծերի ու ծրագրերի ձևավորման, կոոպերացիայի զարգացմանն աջակցելու, համատեղ արտադրական կառուցվածքների ստեղծման, մասնավորեցման, ներդրումային ծրագրերում փոխադարձ մասնակցության համար ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 3
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ուկրաինայի նախարարների կաբինետը համակարգում են Ծրագրի կատարումը, փուլային վերահսկողություն են իրականացնում դրա իրագործման նկատմամբ և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտումներ են կատարում դրանում:
Հոդված 4
Ծրագրի կատարման ընթացքը առնվազն տարին մեկ անգամ կքննարկվի բարձր մակարդակով:
Հոդված 5
Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և կիրառման կապակցությամբ վեճերը և տարաձայնությունները ենթակա են կարգավորման խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 6
Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Պայմանագրի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Հոդված 7
Սույն Պայմանագրի դրույթների կատարումը չի շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի՝ միջազգային այլ պայմանագրերից բխող իրավունքները և պարտականությունները:
Հոդված 8
Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերի կողմից Պայմանագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին գրավոր ծանուցումը ստանալու պահից և գործում է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Բարձր պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում Պայմանագրի գործողությունը դադարեցվում է նման ծանուցում ստանալու պահից 6 (վեց) ամիս հետո:
Սույն Պայմանագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Ծրագրին համապատասխան իրագործվող նախագծերի իրականացմանը:
Կատարված է Կիև քաղաքում 2001 թվականի մարտի 1-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս կգերակայի ռուսերեն տեքստը:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մարտի 14-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ 2001-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետությունը և Ուկրաինան համարվում են խոշոր տնտեսական գործընկերներ: Երկու պետությունների փոխադարձ տնտեսական շահերը պայմանավորված են առաջին հերթին գործնականում տնտեսության բոլոր ճյուղերում պատմականորեն ձևավորված արտադրական, կոոպերացիոն ու տեխնոլոգիական կապերով, դրանց պահպանման և փոխշահավետ ու իրավահավասար հիմունքներով հետագա զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությամբ:
Սակայն վերջին տարիներին մի շարք պատճառներով Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի տնտեսական կապերը զգալիորեն թուլացել են, և դրանց վիճակը չի համապատասխանում երկու պետությունների պահանջներին, որը պայմանավորում է երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման միասնական ուղու մշակում:
1996 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև կնքված բարեկամության և համագործակցության պայմանագիրը հիմք է հանդիսանում այս աշխատանքների համատեղ շարունակման համար: Պայմանագրի դրույթների հիման վրա էլ մշակված է Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև 2001-2010 թվականների երկարաժամկետ տնտեսական համագործակցության միջպետական Ծրագիրը:
1. | Հայաստան-Ուկրաինական տնտեսական համագործակցության վիճակը և զարգացման հիմնախնդիրները |
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև ավանդականորեն ձևավորված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային սերտ կապերը հայ և ուկրաինական ժողովուրդների կողմից պահվում են բավական բարձր մակարդակի վրա և մշտապես զարգանում են:
Դրանցից կարևորագույններն են՝
● Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը,
● Ազատ առևտրի համաձայնագիրը,
● Արտադրական կոոպերացիայի համաձայնագիրը,
● Խրախուսման և ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը,
● Կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը և այլն:
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև կնքվել են ավելի քան 25 երկկողմ փաստաթղթեր:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև ստեղծվել է սկզբունքորեն նոր հիմունքներով, համընդհանուր ճանաչում գտած իրավական մեխանիզմների վրա հիմնված երկկողմ իրավապայմանագրային բազա: Դա արդյունավետ իրավական, տնտեսական նախադրյալներ կստեղծի շուկայական տնտեսության սկզբունքներով երկու երկրների տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացման համար: Երկու երկրների համար հատկապես հեռանկարային է համագործակցությունը այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են սննդի, մետալուրգիական, քիմիական, մեքենաշինական արդյունաբերությունը և այլն:
Դրա հետ մեկտեղ երկու երկրների անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի տնտեսություններում իրականացված արմատական փոփոխությունները, շուկայական մեխանիզմների կայացումն ուղեկցվում էին տնտեսական և կոոպերացիոն կապերի թուլացմամբ, արտադրության ծավալների զգալի անկմամբ և փոխադարձ ապրանքաշրջանառության էլ ավելի կրճատմամբ:
Նախկինում ձևավորված կոոպերացիոն կապերի խախտման, ազգային դրամական համակարգերի անկայունության և ձեռնարկությունների ֆինանսական դրության վատթարացման, փոխհաշվանցման համակարգի անկատարության, հարկման համակարգերի աններդաշնակության պայմաններում վատթարացավ ապրանքաշրջանառության կառուցվածքը:
Նախորդ տարիներին տնտեսական ոլորտում թույլ է զարգացել Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի համագործակցության կարևոր ուղղություններից մեկը՝ համատեղ արտադրական այն կառուցվածքների ստեղծումը, որոնք նպաստում են ձեռնարկությունների և ճյուղերի միջև կոոպերացիոն և տեխնոլոգիական կապերի վերականգնմանը և զարգացմանը, մեքենաշինության, քիմիայի, վառելիքաէներգետիկ և ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների՝ նախկինում ձևավորված մասնագիտացման պահպանմանը և առավել արդյունավետ օգտագործմանը, ֆինանսաարդյունաբերական խմբերի և առևտրի տների ստեղծման միջոցով ֆինանսական և ներդրումային միջոցների մոբիլիզացմանը:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել տարբեր տեսակի, այդ թվում՝ տեխնիկապես բարդ և գիտատար արտադրանքի թողարկման, հիմնարար հետազոտությունների իրականացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկարաժամկետ միջպետական նպատակային համալիր ծրագրերի մշակման գործում:
Հայկական և ուկրաինական տնտեսավարող սուբյեկտների կողմից երկու պետությունների տարածքներում տեղաբաշխված և առաջին հերթին էներգետիկայի, սև և գունավոր մետալուրգիայի, ԱԱՀ վերամշակող ճյուղի ձեռնարկությունների բաժնետիրական դարձնելուն մասնակցելու նկատմամբ փոխադարձ հետաքրքրություն դրսևորելու դեպքում նորմատիվ իրավական բազայի տարբերությունների պատճառով նրանց մասնակցությունն այդ գործընթացում զարգացում չի ունենում:
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև լրիվ չեն կարգավորվում տարանցիկ ռեժիմների, տեղական հարկերի հավաքագրման համակարգերի հետ կապված հիմնախնդիրները, անբավարար են օգտագործվում Իլիչևսկ-Փոթի լաստանավային փոխադրումների հնարավորությունները:
Հայկական և ուկրաինական կողմերը շահագրգռված են եվրասիական տրանսպորտային միջանցքի զարգացման գործում, որը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա ակտիվացնելու ապրանքաշրջանառությունը եվրոպական երկրների հետ, իսկ Ուկրաինային (Վրաստանի և Հայաստանի տարածքով)՝ կապ ունենալ Իրանի հետ:
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև գոյություն ունեցող հիմնախնդիրները պահանջում են համապատասխան լուծում, սույն Ծրագրի հիման վրա փոխշահավետ տնտեսական համագործակցության երկարաժամկետ ռազմավարության մշակում:
II.
Ծրագրի նպատակները և խնդիրը
Ծրագիրը մշակված է՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից երկարաժամկետ հիմքերով իրականացնել փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ նորմատիվ-իրավական, երկու երկրների միջև տնտեսական, գիտատեխնիկական և այլ կապերի զարգացմանը, ազգային տնտեսությունների առաջատար ճյուղերի արտադրական համագործակցության շրջանակներում զգալի արդյունքների ստացմանը և այդ հիմքերի վրա փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացմանը պետական աջակցություն ցույց տալու ուղղությամբ:
Այդ նպատակների իրականացման համար Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պետական մարմինների փոխհամագործակցությունը հետևյալ հիմնական ուղղություններով.
● բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով՝ երկու երկրների տնտեսությունների վերելքին ուղղված տնտեսական համագործակցության զարգացումն ապահովող ուղիների համատեղ որոնում,
● փոխհամագործակցություն պետությունների շուկայական տնտեսության ձևավորման ինստիտուցիոնալ ձևափոխությունների իրականացման բնագավառում, առաջին հերթին՝ սեփականաշնորհման իրականացման, բարեխիղճ մրցակցության պայմանների ստեղծման, բնական մենաշնորհային գործունեության կարգավորման շրջանակներում,
● երկու պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերափոխման հայեցակարգային մոտեցումների համապատասխանեցում, տնտեսավարող սուբյեկտների արտադրության ծավալների խթանիչների ստեղծում, ներդրումների մեծացում և զարգացում, գիտության և առաջավոր տեխնոլոգիաների նոր ձեռքբերումների ներդրում, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացում:
Ծրագրի իրականացման գործընթացում հարկավոր է լուծել հետևյալ խնդիրները.
● իրավանորմատիվային բազաների մերձեցում արտաքին տնտեսական գործունեության կարգավորման և հարկային համակարգերի բնագավառներում, ազգային ապրանքարտադրողների փոխադարձ պաշտպանության, միջտարածաշրջանային համագործակցության զարգացման միջոցառումների իրականացում,
● առանձին միջպետական նախագծերի և տնտեսական համագործակցության ծրագրերի ձևավորում, անդրազգային կորպորացիաների ստեղծում, տարբեր ձևերի և տիպերի համատեղ ձեռնարկությունների ստեղծում, արտադրական կոոպերացիաների զարգացում, երկու պետությունների տարածքներում ազգային և արտասահմանյան ներդրողների փոխգործունեության աշխուժացում,
● տրանսպորտային հանգույցների և կապի արդյունավետ օգտագործում և զարգացում,
● վճարահաշվարկային և վարկաֆինանսական հարաբերությունների կատարելագործում,
● փոխգործունեություն ֆոնդային շուկաների զարգացման բնագավառում:
III.
Տնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի համագործակցությունը
Սույն Ծրագրով նախատեսվում է տնտեսական գործունեության պայմանների ներդաշնակեցման նպատակով խորացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ և դնել տնտեսության մեջ ինտեգրացման գործընթացների հետագա զարգացման հիմքերը:
Կողմերը կներդաշնակեցնեն նորմատիվ-իրավական բազան՝ նկատի ունենալով ստեղծել հավասարապես շահավետ պայմաններ երկու պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար, առաջին հերթին՝
● փոխադարձ առևտրում ներմուծման-արտահանման գործառնություններն իրականացնելիս անուղղակի հարկերի գանձման սկզբունքներին վերաբերող,
● արտադրանքի կոոպերացված մատակարարումն իրականացնելու միասնական կարգի ձևավորմանը վերաբերող,
● միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբերի և այլ համատեղ կառույցների ստեղծման բնագավառում պետությունների օրենսդրական-նորմատիվային բազաների ներդաշնակությանը վերաբերող,
● Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ուկրաինայի ազգային բանկի միջև թղթակցական հարաբերությունների, ինչպես նաև միջպետական հաշվարկների և բանկային համակարգերի համագործակցության կազմակերպման բնագավառներում:
Անհրաժեշտ է այնուհետև զարգացնել «Տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և ռազմական բնագավառներում 2 տարով և մոտ ապագայում անդրկովկասյան պետությունների հետ Ուկրաինայի համագործակցության ծրագրով» սահմանված երկարաժամկետ համագործակցության նկատվող միտումները:
Կողմերը Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև համագործակցության որպես կարևոր ուղղություն են համարում Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի ստեղծումը և գործառույթը:
Տնտեսական բարեփոխումների անցկացման ուղղությամբ Կողմերի գործողությունների համակարգման առաջարկվող հիմնական ուղղություններից են.
● մրցակցային քաղաքականության և ձեռնարկատիրության աջակցության իրականացման գծով միջկառավարական համաձայնագրերի մշակումը և ստորագրումը,
● ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության գծով երկու պետությունների օրենսդրությունների հնարավոր կատարելագործման առաջարկությունների նախապատրաստումը՝ օրենսդրական մարմիններ ներկայացնելու նպատակով,
● երկու երկրների տնտեսությունների առաջատար ճյուղերի կառուցվածքային փոփոխությունների համակարգման շրջանակներում նախատեսվում է քննարկել պետություններում մշակվող տնտեսության կառուցվածքային վերակառուցման երկարաժամկետ ծրագրերի հայեցակարգային մոտեցումները:
Հիմնական ռազմավարական ուղենիշներն են՝
● արտադրության կայունացման եւ տնտեսական աճի ձեռքբերում,
● արտադրանքի մրցունակության բարձրացում, Կողմերի արտահանման ներուժի զարգացում:
Համաձայնեցված կառուցվածքային քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում և Ուկրաինայում առաջիկայում իրականացվելիք վերափոխումները կապված են առկա արտադրական ներուժի խորը որակական վերակառուցման հետ և շոշափում են երկու պետությունների շահերը:
Այս կապակցությամբ իրականացվելու է ճյուղային արտադրությունների համատեղ ստեղծման և զարգացման, այդ արտադրությունները անհրաժեշտ միջոցներով ապահովելու գործում բաժնեմասային մասնակցության ձևերի, Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի տնտեսությունների համար հանգուցային նշանակություն ունեցող և առաջին հերթին մետալուրգիական, քիմիական, էներգետիկ, ագրոարդյունաբերական համալիրի, մեքենաշինության, սննդի արդյունաբերության, տրանսպորտային հանգույցների զարգացման, ձեռնարկությունների արտադրական պրոֆիլի պահպանության վերաբերյալ առաջարկությունների քննարկումը:
Այդ ճյուղերի ձեռնարկությունների արտադրած արտադրանքի մրցունակության բարձրացման նպատակով նախատեսվում է քննարկել կուտակված գիտատեխնիկական ներուժի առավել արժեքավոր տարրերի պահպանման և զարգացման հնարավորությունը և դրա ծառայեցումը երկու պետությունների տնտեսությունների զարգացման շահերին, սեփական ապրանք արտադրողների համար Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի շուկաներում արտադրանքի արտադրության և իրացման առավելագույն պայմանների ստեղծման հնարավորությունը, երկու պետությունների ձեռնարկությունների արտադրանքների վճարունակ պահանջարկի աճին նպաստման, անբարեխիղճ մրցակցությունից ընդհանուր շուկայական տարածքի պաշտպանության հնարավոր ձևերը:
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի տնտեսությունների համաձայնեցված կառուցվածքային վերակառուցման անցկացման գործուն մեխանիզմը լինելու է հայ-ուկրաինական համատեղ անդրազգային կառույցների ստեղծումը: Այդ կառույցների ձևավորումը, առաջին հերթին՝ առաջնակարգ ճյուղերում և արտադրական համալիրներում, նախադրյալներ է ստեղծում կապիտալի արդյունավետ ներդրման և միջճյուղային տեղաշարժման, արդյունավետ կոոպերատիվ կապերի ստեղծման և զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, արտահանման ներուժի գերաճման, տնտեսությունում առաջնակարգ կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար:
Տնտեսությունների առաջնահերթ կառուցվածքային փոփոխությունների համաձայնեցման գործում կարևոր ուղղություն է լինելու գիտական, նախագծային և կոնստրուկտորատեխնոլոգիական կազմակերպությունների գործունեության համակարգման իրականացումը Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի՝ գոյություն ունեցող գիտական ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով:
Ինովացիոն ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են տեխնոլոգիաների զարգացումը՝
● ինքնաթիռաշինության, ռադիոէլեկտրոնիկայի մեջ,
● ավտոմոբիլաշինության արդիականացման մեջ, ԱՐՄՆԻԻՍ-ի ընդլայնում էկոլոգիապես մաքուր ավտոմոբիլային արտադրանքի ստեղծման համար,
● բիոտեխնոլոգիայի մեջ՝ գյուղատնտեսության և բժշկական պատրաստուկների արտադրության նպատակով,
● մեքենաշինության, արտադրության այլ ճյուղերում արտադրանքի թարմացման համար բարձր արդյունավետության տեխնիկայի արտադրության կազմակերպման, հատուկ տեխնիկայի, գյուղատնտեսական մեքենաշինության, տրանսպորտային միջոցների, էներգետիկ սարքավորումների, այդ թվում՝ հիդրոէլեկտրակայանների արտադրության մեջ,
● սեյսմոլոգիայի բնագավառում՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման առնչությամբ համալիր ծրագրերի և մեթոդների մշակում,
● էլեկտրոնային տեխնիկայի, ռադիոտեխնիկայի և ապարատածրագրային կառավարման համակարգերի բնագավառում,
● մետալուրգիական արդյունաբերության մեջ` նավթագազային տիպի խողովակների, գլանվածքի առաջնակարգ տեսակի, ֆերրոձուլվածքի և հատուկ պողպատի արտադրություն,
● քիմիական արդյունաբերության՝ բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի, սինթետիկ կաուչուկի, կատալիզատորների, փոքրատոննաժ եւ անիլինոներկանյութերի քիմիական արտադրության մեջ,
● վառելիքաէներգետիկ համալիրում՝ էներգակիրների փոխադրման, գազամատակարարման համակարգի վերակառուցման, արդիականացման հիմնախնդիրների համատեղ լուծում,
● տրանսպորտի բնագավառում՝ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացում,
● շինարարության բնագավառում՝ բնական հումքի, ոչ հանքային շինանյութերի արտադրության կազմակերպում, սեյսմիկ կոնստրուկցիաների և կառույցների նախագծման մեթոդների զարգացում,
● վիճակագրության բնագավառում` արտաքին առևտրի վիճակագրության հարցերով տեղեկության փոխանակում:
Ծրագրով նախատեսվում է ապահովել առավել բարենպաստ պայմաններ խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման բնագավառում համագործակցության զարգացման համար:
Համաձայնեցված կառուցվածքային քաղաքականության գործնական իրականացման հիմքը հանդիսանում է երկու պետությունների կողմից ինչպես ազգային, այնպես էլ համատեղ նպատակային համալիր ծրագրերի և նախագծերի, այդ թվում՝ ներդրումային գործունեության մեջ, խոշոր փոփոխություններ նախաձեռնող ծրագրերի և նախագծերի իրականացվելը:
Միջպետական նպատակային համալիր ծրագրերը, երկու պետությունների արտադրության կառուցվածքային վերակառուցման ծրագրերին համապատասխան, նախատեսելու են համալիր միջոցառումների անցկացում՝ ուղղված կապիտալի տնտեսության առավել հեռանկարային ոլորտների փոխադրմանը, ինչպես նաև ոչ արդյունավետ, մրցակցությանը ոչ ի վիճակի ճյուղերի և արտադրությունների կրճատմանը` նպատակային կառուցվածքային քաղաքականության աշխուժացմանը նպաստելու, տնտեսության կենսական կարևոր համակարգերի ապահովման, արտադրանքի մրցակցության դիմակայունությունը բարձրացնելու, գիտատեխնիկական, արտադրական և կադրային ներուժը պահպանելու համար:
Սույն Ծրագրի իրականացման գործընթացում կձեռնարկվեն իրական միջոցներ ազատ առևտրի ռեժիմի առավել լրիվ իրականացման հաշվին երկկողմ առևտրի ազատականացման գործընթացի հետագա զարգացման, փոխադարձ արտադրական կոոպերացիայի և Ուկրաինայի ու Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների միջև ուղղակի կապերի ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Դրանք ուղղված կլինեն արտադրանքի առաջադիմական տեսակների թողարկման ավելացմանը, հումքային պաշարների արդյունավետ համալիր օգտագործմանը, ներմուծմանը փոխարինող արտադրությունների զարգացմանը, միջպետական ծրագրերի իրականացմանը:
IV. |
Համատեղ սոցիալական ծրագրերի և հումանիտար ոլորտի հիմնախնդիրների լուծման միջոցառումների համակարգումը |
Սույն Ծրագրի «Միջոցառումներ» մասում տեղեկատվության բնագավառում, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ոլորտում նախատեսվում է համատեղ ուկրաինա-հայկական ձեռնարկությունների ստեղծման և դրանց հիման վրա կոնսիգնացիոն (լիզինգային) պահեստների բացման, պաշտպանության բնագավառի ձեռնարկությունների կոոպերացիայի, Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանը Հայաստանի Հանրապետության մասնակցության բնագավառների կարևոր հիմնահարցերի համատեղ լուծման իրավական բազայի հետագա կատարելագործում: Այդ նպատակով 2001-2010 թվականներին նախատեսվում է պատրաստել և կնքել մի շարք երկկողմ համաձայնագրեր:
Ծրագրի իրականացման ընթացքում կիրականացվի փոխշահավետ համագործակցության զարգացման աշխատանքների համակարգում դեղագործական արդյունաբերությունում՝ գիտատեխնիկական համագործակցության ընդլայնումով, գիտության, տեխնիկայի և արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների առաջնակարգ նվաճումների ներդրումով, դեղագործության, առողջապահության բնագավառներին տեխնիկական օգնություն ցույց տալով և սանիտարահամաճարակաբանական վիճակի բարելավումով, դեղորայքների և բժշկական տեխնիկայի արտադրությամբ:
Պետությունների միջև առևտրական հարաբերությունների կազմակերպումը և իրականացումը ենթադրում է վիճակագրական տեղեկության և, առաջին հերթին, արտաքին առևտրի տվյալների ակտիվ փոխանակում: Նախատեսվում է վիճակագրական հրատարակությունների տպագրությունների, մեթոդաբանական նյութերի և հետազոտությունների, ծրագրերի, ինչպես նաև վիճակագրական դիտարկումների անցկացման թղթակցության, հետազոտությունների փոխանակում, արտաքին առևտրի վիճակագրության ձևավորման սկզբունքների համաձայնեցում՝ այս բնագավառում երկու երկրների եղած օրենսդրությունը հաշվի առնելով:
Սոցիալ-աշխատանքային ոլորտում խնդիրների լուծումն արագացնելու, Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության և սոցիալական պաշտպանության ապահովման նպատակով Կողմերը իրենց իրավասության շրջանակներում կհամագործակցեն Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և զբաղվածության քաղաքականության իրականացման, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության մշակման բնագավառներում:
Ծրագրի իրականացման ընթացքում կիրականացվի փոխշահավետ համագործակցության զարգացման համակարգում դեղագործական արդյունաբերությունում՝ դեղագործության, առողջապահության բնագավառներին տեխնիկական աջակցությամբ և սանիտարահամաճարակաբանական վիճակի բարելավման, դեղորայքի և բժշկական տեխնիկայի արտադրության ուղիով:
Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կփոխգործակցեն բնակչության առողջության պահպանման բնագավառում, ներառյալ՝
- շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության կազմակերպման, իրացման և սպառողներին դրանք մատակարարելու, սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության,
- դեղագործական հիմքի զարգացման,
- դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության այլ արտադրանքի առաքման հնարավորությունների մասին տեղեկության փոխադարձաբար տրամադրման հարցերը:
Ընդունելով բժշկական գիտության և բժշկական հաստատությունների նյութատեխնիկական հիմքի զարգացման, բնակչությանը դեղամիջոցներով ապահովելու համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, Կողմերը կնպաստեն համատեղ վեհաժողովների և առողջապահության խնդիրներով մասնագետների հանդիպումների անցկացմանը:
Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կնպաստեն բնապահպանական համատեղ ծրագրերի և նախագծերի մշակմանն ու իրականացմանը՝ առաջնային նշանակություն տալով բնապահպանական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև փոխադարձ օգնություն կցուցաբերեն բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ ծագելու դեպքերում:
Կողմերը կձեռնարկեն համաձայնեցված միջոցներ զբոսաշրջության և սպորտի բնագավառում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, կխրախուսեն զբոսաշրջային և մարզական պատվիրակությունների փոխանակումը, կնպաստեն այդ ոլորտներում համատեղ գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև գործնական կապերի հաստատմանը:
Կողմերը աջակցություն կցուցաբերեն մշակույթի օրերի, գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպմանը, կոլեկտիվների և մենակատարների հյուրախաղերի անցկացմանը, մյուս Կողմի հեղինակների երաժշտական և դրամատիկական ստեղծագործությունների բեմականացմանը, թեմատիկ գիտաժողովների անցկացմանը:
Կողմերը, փոխադարձ հիմունքներով, կնպաստեն տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում տեղեկության փոխանակմանը, կպատգամեն մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ներկայացուցիչներին՝ ծավալվող իրադարձությունները օբյեկտիվ և ժամանակին լուսաբանելու և բոլոր ուղղություններով Ուկրաինայի ու Հայաստանի Հանրապետության համագործակցության պոտենցիալ հնարավորությունները ներկայացնելու նպատակով:
V.
Առևտրական հարաբերությունների զարգացումը
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև առևտրական համագործակցության զարգացումը և խորացումը կիրականացվեն ազատ առևտրի ռեժիմի, կարճ ժամկետներում փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման միասնական սկզբունքի անցման, առևտրատեխնիկական արգելքների և անուղղակի ոչ սակագնային սահմանափակումների աստիճանաբար վերացման, մաքսային տարիֆների մերձեցման հիման վրա:
Համաձայնեցված մաքսային քաղաքականության անցկացման, տրանսպորտային միջոցների, ապրանքների և ուղևորների ազատ տեղաշարժման համար բարենպաստ պայմանների ստեղծման, մաքսային հսկողության բարելավման բնագավառում նախատեսվում է սահմանապահ, մաքսային, իրավապահ և այլ մարմինների փոխհամագործակցության աստիճանական և հետևողական զարգացում երկկողմանի փաստաթղթերի հիման վրա՝ հետևյալ ուղղություններով.
● ապրանքների տարանցման ազատ և ոչ խտրական պայմանների ապահովում,
● տարանցիկ փոխադրումների ժամանակ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում,
● մաքսային օրենսդրության խախտումների, հատկապես արվեստի ստեղծագործությունների, հնությունների, թմրանյութերի, զենքի և զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, բնակչության և շրջակա միջավայրի համար վտանգավոր այլ նյութերի ապօրինի փոխադրումները կանխելու բնագավառում համատեղ աշխատանքային մարմինների և հատուկ ծրագրերի ստեղծում,
● մաքսային գործի ծրագրային ապահովման կատարելագործում,
● ենթաակցիզային ապրանքների տեղափոխմանը վերաբերող մաքսային հսկողության կազմակերպման միասնական մոտեցման մշակում,
● տնտեսավարող սուբյեկտների արտադրական կոոպերացիաների շրջանակներում արտադրանքների մատակարարման դեպքում մաքսային հսկողության կատարելագործում,
● մտավոր և արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ մաքսային հսկողության կատարելագործում:
Ծրագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի տրանսպորտային համակարգերի փոխներգործության բնագավառում համագործակցության ընդլայնում, նկատի ունենալով դրանց առավել արդյունավետ օգտագործումը բեռների փոխադարձ փոխադրումների ժամանակ, տրանսպորտային ծախսերի նվազեցում՝ այդ նպատակներից ելնելով՝ տրանսպորտային համակարգի զարգացման և վերակառուցման համաձայնեցված քաղաքականություն անցկացնելով:
Նախատեսվում է մշակել և իրականացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր տրանսպորտային մայրուղիների վերակառուցման գծով համագործակցության նախագծեր:
Այդ խնդրի համատեղ իրականացումը կատարվելու է հետևյալ ուղղություններով.
● ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և տրանսպորտի այլ տեսակների գծով ներկա և նախապատրաստվող նոր՝ երկկողմանի համաձայնությունների իրականացման հիման վրա նորմատիվ-իրավական բազայի կատարելագործում,
● երկու պետությունների տարածքներում Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի շինարարության համատեղ գործողությունների համակարգում, այդ թվում՝ ուկրաինական և հայկական ներդրողների միջոցների, ինչպես նաև երրորդ երկրների վարկերի և կապիտալի ներդրումով:
Նախապատրաստվելու են Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության տեղեկատվական գործակալությունների միջև համագործակցության զարգացման առաջարկություններ, որոնք պետք է ապահովեն երկու երկրների ապրանքների և ծառայությունների շուկայի վիճակի հետազոտություն՝ ներառյալ ապրանքների և ծառայությունների արտադրության և սպառման ծավալները, ներքին և համաշխարհային շուկայում նրանց համեմատական կոնյունկտուրան:
Հետագա զարգացում պետք է ստանա միջտարածաշրջանային համագործակցությունը, որի կարևոր ուղղությունն է դառնալու այդ տարածաշրջանների սոցիալ-տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ հաշվի առնելով նախկինում ձևավորված միջտարածաշրջանային տնտեսական կապերը, պահպանելով նրանցում բնակվող բնակիչների սովորույթները և հոգևոր արժեքները:
VI.
Ծրագրի իրականացման մեխանիզմը
Ծրագիրը իրականացվելու է Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների՝ Ծրագրով և նրա Հավելվածով սահմանված կոնկրետ գործողությունների կատարման միջոցով:
Ու ղ ե ց ու յ ց
Սույն Ծրագրի կատարման նպատակով ուկրաինա-հայկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում ստեղծվում են Ծրագրի իրականացման համակարգող խորհուրդ (այսուհետև՝ ՀԽ) և Ծրագրի հիմնական բաժինների գծով աշխատանքային խմբեր:
Համակարգող խորհուրդը ընդգրկում է ուկրաինական և հայկական կողմերը, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է Կողմերի կառավարությունների կողմից նշանակվող նախագահը:
ՀԽ կազմի մեջ մտնում են ուկրաինական և հայկական կողմերի աշխատանքային խմբերի ղեկավարները:
ՀԽ ազգային մասերի խորհրդակցությունները անց են կացվում անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան կիսամյակում մեկ անգամ՝ հերթականությամբ Ուկրաինայում և Հայաստանի Հանրապետությունում: ՀԽ նիստում նախագահում է ընդունող կողմի նախագահը:
ՀԽ հիմնական գործառույթներն են.
● Ծրագրի իրականացման գործունեության համակարգում ազգային մասերի շրջանակներում,
● Ծրագրի իրականացման միջոցառումների ամենամյա պլանի նախապատրաստման կազմակերպում, որը ներկայացվում է տնտեսական համագործակցության միջկառավարական հայ-ուկրաինական հանձնաժողովի նիստում,
● Ծրագրի իրականացման և համակարգման հետ կապված հարցերով միջկառավարական համաձայնությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպում,
● Ծրագրի իրականացման հետ կապված տնտեսական համագործակցության առանձին հիմնախնդիրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերում քննարկման նախապատրաստությունը, ինչպես նաև ՀԽ աշխատակարգով նախատեսվող այլ գործառույթներ:
ՀԽ աշխատակարգը հաստատվում է ՀԽ ազգային մասի ղեկավարի կողմից՝ սույն Ծրագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության 2001-2010 թվականների միջպետական ծրագրի միջոցառումներ |
|
