ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի փետրվարի 10-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1.4-րդ կետը «ուսուցման» բառից հետո լրացնել «, ներառյալ արտադպրոցական» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.
«3.2) արտադպրոցական ծրագիր՝ երեխաների հետաքրքրությունները, նախասիրությունները, կարողունակությունները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, ստեղծարար հմտությունները, ֆիզիկական ունակությունները, մարդկային կապիտալը զարգացնող ու կատարելագործող, ֆորմալ (հիմնական) կրթական ծրագիրը լրացնող ուսուցման ծրագիր.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.
«15.1) արտադպրոցական կազմակերպություն, կենտրոն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արտադպրոցական ծրագիր.»։
Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «դաստիարակության» բառը։
Հոդված 3. Oրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 20. | Արտադպրոցական կրթությունը |
1. Արտադպրոցական կրթության նպատակն է զարգացնել երեխաների սոցիալական, ինքնասպասարկման և ինտելեկտուալ հմտությունները, ձևավորել ու զարգացնել անձի` որպես քաղաքացու արժեհամակարգը, բազմաֆունկցիոնալ կարողություններն ու փափուկ հմտությունները, նպաստել հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական, տեխնիկական, բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և նախամասնագիտական կողմնորոշմանը՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը։
2. Պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության ու դաստիարակության համակարգի ստեղծումը և գործունեությունը, ապահովում առանձին ուղղություններով արտադպրոցական ծրագրերի իրականացման ու ծառայությունների տրամադրման հավասար հնարավորությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի։
3. Արտադպրոցական ծրագրերը կարող են սահմանվել մշակույթի և արվեստի, տեխնիկական, հումանիտար, հասարակագիտական և բնագիտական, սպորտային և մարզական, ճանաչողական և բնապահպանական, ոլորտային հետազոտական, արշավային, զբոսաշրջային ուղղություններով։
4. Արտադպրոցական ծրագրերը կարող են իրականացվել արտադպրոցական կազմակերպություններում, մշակութային կազմակերպություններում, կենտրոններում, ակումբներում, ճամբարներում, ինչպես նաև արշավներ, զբոսաշրջություն կազմակերպող, բնապահպանական արտադպրոցական ծրագիր իրականացնող կազմակերպություններում:
5. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող, ինչպես նաև մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները բավարարող անձինք կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ սահմանված գիտելիքների իմացության և կարողությունների տիրապետման աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորման։
6. Ատեստավորման դրական արդյունքը հիմք է արտադպրոցական կազմակերպությունների ու կենտրոնների մանկավարժական աշխատողների նկատմամբ լրավճար սահմանելու համար։
7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուղղություններով արտադպրոցական ծրագրերը երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:»։
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հաստատում է պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների օրինակելի կանոնադրությունները.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-6.5-րդ կետերով.
«6.3) սահմանում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը.
6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը.
6.5) սահմանում է պետական և համայնքային արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.»։
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ կետերով.
«3.1) մշակում և հաստատում է արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների.
3.2) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը.
3.3) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով և 5-րդ հոդվածով լրացվող 3.2-րդ և 3.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, իսկ 5-րդ հոդվածով լրացվող 3.1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկուամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 23 Երևան ՀՕ-26-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2023 թվական: