ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «անձանց» բառից հետո լրացնել «, իսկ հայտարարագրման հետ կապված իրավակարգավորումների դեպքում՝ նաև օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց» բառերով:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում «արգելքի» բառը փոխարինել «սահմանափակումների» բառով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը «իրավական ակտերով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների» բառերով։
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29․ |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն:
2․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները և իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև։
3. Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, և որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։
4․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.
1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
3) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
4) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
5. Սույն հոդվածի իմաստով՝ «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով:
6. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ 1-ին կետով նախատեսված՝ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
7․ Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերները տնօրինվում են համապատասխանաբար «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։
9․ Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողն ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը՝ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, դատախազը, քննիչը՝ համապատասխան մարմնում գործող Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե նվերը, բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի, կամ վճարվի դրան համարժեք հատուցում խորհրդատվական կարծիքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին։
10․ Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա այդ մասին իրեն հայտնի դառնալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, հանրային ծառայողը սահմանված կարգով հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը՝ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, քննիչը, դատախազը՝ Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե նվերը, բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, հանդիսանում է սույն հոդվածի իմաստով արգելված նվեր, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ ստացված նվերը վերադարձվի, կամ վճարվի դրան համարժեք հատուցում խորհրդատվական կարծիքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
11. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը:
12. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց և պետական ծառայողների կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում ստացված նվերը ենթակա է հանձնման պետությանը, իսկ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց և համայնքային ծառայողների կողմից՝ համապատասխան համայնքին:»:
Հոդված 5․ Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. |
Նվերների հաշվառումը և հանձնումը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր)։
2. Քառասուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (հինգ և ավելի) բնույթ կրող դեպքերի։
3. Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն:
4. Նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, Ռեեստրի վարման կարգերը, Ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Սույն մասով նախատեսված կարգերով կարող են սահմանվել առանձնահատկություններ՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված:»:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն օրենքի իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված գործունեությունն իրականացնելը,
2) անհատ ձեռնարկատեր լինելը,
3) առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման, կամ չի գերազանցում սույն հոդվածի 8-րդ մասի 11-րդ կետում նշված թույլատրելի բաժնեմասնակցությունը:».
2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ կետերով.
«10) Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ֆոնդային բորսայում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալը` նույն ընկերության կանոնադրական կապիտալում առավելագույնը մեկ տոկոս մասնակցության շրջանակներում.
11) բանկի թողարկած կանոնադրական կապիտալի 0,0001%-ը չգերազանցող բաժնեմասնակցությունը ձեռք բերելը:».
3) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնի նշանակվելուց (ընտրվելուց) հետո իրավունք չունեն ձեռք բերելու առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ):
Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնն ստանձնելուց կամ ժառանգությունն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:».
4) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները։».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին և 11.2-րդ մասերով.
«11.1. Որպես հավատարմագրային կառավարիչ հանդես գալ չեն կարող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձինք։
11.2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է որևէ ձևով ազդեցություն գործել հավատարմագրային կառավարչի վրա կամ միջամտել հավատարմագրային կառավարման գործընթացին:».
6) 13-րդ մասը «հանրակրթական» բառից հետո լրացնել «և մասնագիտական» բառերով․
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ մասով.
«18. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը:»:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. |
Շահերի բախումը |
1. Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։
2. Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Գործարար հարաբերությունները ներառում են տնտեսական, տնտեսավարման կամ գործարքներից ծագող ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որևէ մեկի համար: Քաղաքական հարաբերությունները ներառում են որևէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերությունները:
3. Իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահերով առաջնորդվել չի համարվում այն դեպքը, երբ տվյալ գործողությունը (անգործությունը) կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ ակնհայտ է, որ որոշումը կամ գործողությունը (անգործությունը) ուղղված է ապահովելու արտոնություն պաշտոն զբաղեցնող անձի, նրա հետ փոխկապակցված անձի կամ վերջիններիս անդամակցած առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունների համար:
4. Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց:
5. Եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ:
6. Պաշտոն զբաղեցնող անձի վերադասը կամ անմիջական ղեկավարը գրավոր հայտարարության ուսումնասիրության հիման վրա ձեռնարկում է կամ առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված հետևյալ քայլերից մեկը կամ մի քանիսը միաժամանակ.
1) սահմանափակել պաշտոն զբաղեցնող անձի հասանելիությունը որոշակի տեղեկատվության,
2) տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարել պաշտոն զբաղեցնող այլ անձի, եթե դա օրենքով արգելված չէ,
3) պաշտոն զբաղեցնող անձի համաձայնությամբ սահմանել ժամկետ շահերի բախումը վերացնելու համար,
4) սահմանափակել տվյալ դեպքում պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները, հայեցողության շրջանակը, եթե դա օրենքով արգելված չէ,
5) ձեռնպահ մնալ կոլեգիալ մարմիններում որոշում կայացնելուց, եթե համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքով այլ բան նախատեսված չէ,
6) շահերի բախման բացակայության դեպքում շարունակել կամ վերսկսել պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարումը:
7. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ:
8. Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունն ստանալն անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ անհապաղ գործողություն կատարելը կամ որոշում կայացնելը պայմանավորված է անձանց կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության պաշտպանության անհրաժեշտությամբ՝ այդ մասին տեղեկացնելով վարույթի մասնակիցներին, իր վերադասին կամ անմիջական ղեկավարին, իսկ վերադաս կամ անմիջական ղեկավար չունենալու դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
9. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի առնչությամբ շահերի բախման իրավիճակի առկայության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը կամ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության կապակցությամբ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որն ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքէջում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում:
10. Օրենքով նախատեսված դեպքերում սույն հոդվածով սահմանված դրույթների խախտումն առաջացնում է վարչական կամ կարգապահական պատասխանատվություն:
Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:
11. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցված անձինք են`
1) պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը.
2) պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք.
3) այն կազմակերպությունը, որին մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա պաշտոն զբաղեցնող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ:
12. Սույն հոդվածի դրույթները տարածվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա: Դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի վրա սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերը չեն տարածվում:»:
Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են համարվում նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր:».
2) 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր: Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:»։
Հոդված 9․ Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.
«6) նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.
7) հանրային ծառայողներին տրամադրում է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք։»։
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 7.1
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Հոդված 46.1. | Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն |
1. Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն պետական կամ համայնքային ծառայություն իրականացնող կամ հանրային պաշտոն զբաղեցնող այն անձն է, որն ապահովում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի և վերջինիս փոխարինող առնվազն մեկ անձի նշանակումը, որը համատեղվում է այդ անձանց այլ գործառույթների հետ։
Հոդված 46.2.
Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի իրավունքները և պարտականությունները
1. Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն՝
1) պարտավոր է իր իրավասության շրջանակներում համագործակցել իրավասու մարմինների հետ, ապահովել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների իրականացումը, հաշվետվությունների տրամադրումը, ինքնագնահատման զեկույցների կազմումը, հարցաշարերի լրացումը, մասնակցությունը հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին,
2) պարտավոր է տրամադրել համապատասխան մարմնի գործառույթներին առնչվող ռազմավարական փաստաթղթերով նախատեսված՝ հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, պարզաբանումներ, միջոցներ ձեռնարկել համապատասխան մարմնի կողմից ոլորտային միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ,
3) իրավունք ունի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում տվյալ մարմնի ստորաբաժանումներից պահանջելու և ստանալու տեղեկատվություն,
4) իրավունք ունի հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիտորինգի համար պատասխանատու մարմնից պահանջելու և ստանալու մեթոդական աջակցություն, խորհրդատվություն ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների վերաբերյալ:
Հոդված 46.3. |
Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի գործունեության համակարգումը |
1. Հակակոռուպցիոն ռազմավարության և այլ ծրագրերի իրականացման շրջանակներում հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին մեթոդական աջակցությունը, խորհրդատվությունը, ինչպես նաև ոլորտային միջազգային պարտավորությունների շրջանակներում վերջիններիս աշխատանքների իրականացման համակարգումն ապահովում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի համար պատասխանատու պետական մարմինը։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի համար պատասխանատու պետական մարմինն իրավունք ունի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուից պահանջելու և ստանալու տեղեկություններ և հիմնավորող փաստաթղթեր հակակոռուպցիոն ռազմավարության և այլ ծրագրերի, ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ, ներկայացնելու ոլորտային միջազգային պարտավորությունների համակարգումից բխող առաջարկություններ:»:
Հոդված 11. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրվող 29-րդ հոդվածի 6-11-րդ մասերով և 5-րդ հոդվածով նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, համապատասխան աշխատակիցների պաշտոնի անձնագրերով կամ օրենքով սահմանված այլ իրավական հիմքով նախատեսվում են հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների և նրանց գործունեությունը համակարգողների գործառույթները։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-540-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: