ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 20-ին
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ |
Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:
Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 2. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
Պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության.
բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.
գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության.
դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:
Հոդված 3. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ, կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային և այլ միջոցառումներ, որոնք երաշխավորում են`
ա) պետական սահմանի անձեռնմխելիությունը.
բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը.
գ) պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերի պաշտպանությունն արտաքին և ներքին սպառնալիքներից:
Ցամաքում, սահմանային ջրերում պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերը: Հակաօդային պաշտպանության զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս ղեկավարվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
Պետական սահմանի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Պետական կառավարման մարմինների լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
Հոդված 4. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Պետական սահմանի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄԸ
Հոդված 5. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒՄԸ |
Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Պետական սահմանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, տեղորոշվում է`
ա) ցամաքում` ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշիչների.
բ) գետերում (վտակներում)` դրանց կենտրոնով կամ գետի գլխավոր գետաբազկի կենտրոնով.
գ) ջրավազաններում` այն ուղիղ գծով, որը պետական սահմանի ելքերը միացնում է ջրավազանի ափերին.
դ) հիդրոհանգույցների ջրավազաններում` պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում էր այդ տեղանքով մինչև դրանք լցնելը.
ե) երկաթուղային և ավտոճանապարհային կամուրջների, ամբարտակների վրա ու այլ կառույցներում` այդ կառույցների կենտրոնով կամ դրանց տեխնոլոգիական առանցքով` անկախ պետական սահմանի անցումից:
Գետով (վտակով), ջրավազանով անցնող պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման, այնպես էլ գետի (վտակի) հունն այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում:
Հոդված 6. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԳԾԱՆՇՈՒՄԸ |
Պետական սահմանը տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով, որոնց ձևերը, տեղադրման կարգն ու նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 7. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության սահմանային ջրերն են մինչև պետական սահմանագիծն ընկած այն գետերի (վտակների) և ջրավազանների ջրերը, որոնց ափերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ
Հոդված 8. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ |
Պետական սահմանի ռեժիմը որոշվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
Պետական սահմանի ռեժիմն ընդգրկում է`
ա) պետական սահմանի խնամքի կանոնները.
բ) պետական սահմանի հատման կանոնները.
գ) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողնման կանոնները.
դ) պետական սահմանում տնտեսական գործունեություն ծավալելու կանոնները.
ե) սահմանակից պետությունների հետ սահմանային միջադեպերի լուծման կարգը:
Հոդված 9. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԽՆԱՄՔԸ |
Պետական սահմանի խնամքի կանոններով կարգավորվում են սահմանանշանների տեղադրումը և պահպանումը, դրանց վերահսկողական զննումները, սահմանի երկայնքով թափանցիկ, սանիտարական շերտի ստեղծումն ու դրա խնամքը, սահմանակից պետության հետ պետական սահմանի համատեղ ստուգումները: Պետական սահմանի խնամքի կանոնները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սահմանակից պետության հետ սահմանի փոփոխություններ չպարունակող համատեղ ստուգումների արձանագրությունները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Պետական սահմանին անմիջապես հարող հողային շերտը (սահմանային շերտ), օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական սահմանի խնամքն ու պահպանությունն ապահովելու նպատակով, տրամադրվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին (այսուհետ` սահմանապահ զորքեր)` անհատույց օգտագործման իրավունքով:
Հոդված 10. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Պետական սահմանի անցման կետերում ստեղծվում են սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետեր:
Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային հսկողության գոտի, որտեղ հսկողություն են իրականացնում բացառապես մաքսային մարմինները:
Սահմանապահ զորքերի զինծառայողներին և պետական սահմանի պահպանության պարտականություններ կատարող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համաձայնությամբ, իրավունք է տրվում օգտվելու պետական սահմանը հատելու այլ կարգից:
Օդանավերը կամ թռչող այլ սարքերը պետական սահմանը հատում են և Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչք են կատարում թռիչքների համար հատկացված օդային միջանցքներով` սույն օրենքին, այլ օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական այլ ակտերին համապատասխան: Պետական սահմանի հատումը Հայաստանի Հանրապետության օդային միջանցքներից դուրս թռիչքը թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի կամ թռչող այլ սարքերի թռիչքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո դրանց վայրէջքն իրականացվում են միջազգային թռիչքների համար բաց օդանավակայաններում: Թռիչքի և վայրէջքի այլ կարգ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օդանավերի կամ թռչող այլ սարքերի համար բաց օդանավակայանների ցանկը, դրանցում գտնվելու, թռիչքի և վայրէջքի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ թռիչքի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հայաստանի Հանրապետության օդային տարածք ու օդանավակայաններ մուտք գործող կամ այնտեղ գտնվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս մեկնող օդանավերը և թռչող այլ սարքերը պարտավոր են պահպանել թռիչքի, մաքսային, սանիտարական և այլ կանոնները:
Օտարերկրյա պետությունների օդանավերը և թռչող այլ սարքերը Հայաստանի Հանրապետության օդային տարածք հարկադրաբար մուտք գործելու կամ այդ տարածքում թռիչքային, ինչպես նաև օդանավակայաններում գտնվելու կանոնները հարկադրաբար չպահպանելու դեպքում պարտավոր են այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության մոտակա օդանավակայանի ղեկավարությանը և հետագայում թռիչքը շարունակել վերջինիս կամ այն օդանավի հրամանատարի կարգադրությունների համաձայն, որը ժամանել է օգնության կամ իրավիճակի պարզաբանման համար:
Հոդված 11. | ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ և ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲԱՑԹՈՂնՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ |
Պետական սահմանով` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները և մաքսային մարմինները` անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ նրա լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:
Գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:
Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման և սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը պետական սահմանով իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական ակտերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել անձանց և տրանսպորտային միջոցների` պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ:
(11-րդ հոդվածը լրաց. 26.05.21 ՀՕ-221-Ն, 25.05.22 ՀՕ-129-Ն, 06.07.22 ՀՕ-326-Ն)
Հոդված 12. | ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ԶՈՐՔԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ |
(վերնագիրը փոփ. 24.09.03 ՀՕ-9-Ն)
Զանգվածային ոչնչացման զենքի տեղափոխումը պետական սահմանով թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Օտարերկրյա պետության զորքերի և ռազմական բեռների տարանցումը պետական սահմանով թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Զանգվածային ոչնչացման զենքի, օտարերկրյա պետության զորքերի և ռազմական բեռների` պետական սահմանով տարանցումը թույլատրելու դեպքում թույլատրելու մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
(12-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-9-Ն, 16.12.16 ՀՕ-11-Ն)
Հոդված 13. | ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Սահմանային վերահսկողությունը միջոցառումների համակարգ է, որն ապահովում է պետական սահմանի հատման օրինականությունը:
Սահմանային վերահսկողությունը միջազգային հաղորդակցության ուղիներում իրականացվում է`
ա) դիտարկման օպտիկական սարքերի ու հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ անցման կետերում վերահսկողություն սահմանելու և ապահովելու նպատակով.
բ) փաստաթղթերի ստուգման միջոցով անձի ինքնությունը և պետական սահմանը հատելու իրավունքը հաստատելու նպատակով.
գ) պետական սահմանը հատող օդանավերի, թռչող այլ սարքերի ու տրանսպորտային միջոցների զննության նպատակով.
դ) պետական սահմանով տեղափոխվող կենդանիների, բեռների և այլ գույքի զննություն կատարելու, պետական սահմանն ապօրինի հատման փորձ կատարող անձանց հայտնաբերելու նպատակով:
Միջազգային հաղորդակցության ուղիներից դուրս սահմանային վերահսկողությունն իրականացվում է ակնադիտական և տեխնիկական դիտարկման, անձը հաստատող փաստաթղթերի ստուգման, սահմանային գոտում տրանսպորտային միջոցների զննության ճանապարհով:
Հոդված 14. | Վերահսկողությունը և հսկողությունը պետական սահմանը հատելիս |
(վերնագիրը խմբ. 06.07.22 ՀՕ-326-Ն)
1. Պետական սահմանի անցման կետերում մշտական վերահսկողություն և հսկողություն են իրականացնում միայն սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողները և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները:
2. Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության:
3. Սույն օրենքի իմաստով՝ սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը սույն օրենքով նախատեսված սահմանային վերահսկողություն և մաքսային հսկողություն չհանդիսացող պետական վերահսկողությունը կամ հսկողությունն է պետական սահմանի անցման կետերում:
4. Պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը իրականացնում են սահմանապահ զորքերը կամ մաքսային մարմինները տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
5. Առանձին դեպքերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված այլ պետական մարմինների տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության աշխատանքները կարող են կազմակերպվել համատեղ: Սույն մասով նախատեսված աշխատանքների համատեղ կազմակերպմանն առնչվող առանձին հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(14-րդ հոդվածը լրաց., փոփ. 04.12.19 ՀՕ-260-Ն, խմբ. 06.07.22 ՀՕ-326-Ն)
(06.07.22 ՀՕ-326-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15. | ՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ |
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող տնտեսական և այլ գործունեությունը, որը կատարվում է պետական սահմանի հատմամբ կամ անմիջապես պետական սահմանում, չպետք է վնաս պատճառի կամ խոչընդոտի պետական սահմանի պահպանությանը կամ պահպանմանն ուղղված մյուս գործողություններին:
Հոդված 16. | ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության տարածքում վարակիչ հիվանդությունների առաջացման, տարածման սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ժամանակավորապես սահմանափակել կամ դադարեցնել հաղորդակցությունը, պետական սահմանը հատող անձանց, կենդանիների, բեռների, սերմնանյութերի, տնկանյութերի, բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների բացթողնման վրա սահմանել կարանտին:
Հոդված 17. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏՈՂՆԵՐԸ |
Պետական սահմանը խախտողներ են`
ա) անձինք, ովքեր պետական սահմանը ցանկացած եղանակով հատել են կամ փորձում են հատել անցման կետերից դուրս կամ անցման կետերում` խախտելով նրա հատման սահմանված կանոնները.
բ) տրանսպորտային, տեխնիկական կամ մյուս միջոցները, որոնք հատել են պետական սահմանն առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված կարգի խախտմամբ.
գ) օդանավերը կամ թռչող այլ սարքերը, որոնք հատել են պետական սահմանն առանց համապատասխան թույլտվության կամ կատարել են պետական սահմանի հատման թռիչքային կանոնների խախտումներ:
Հոդված 18. | ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ |
Սահմանակից պետությունների հետ սահմանային հարցերը Հայաստանի Հանրապետությունը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերին համապատասխան:
Հոդված 19. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ |
Պետական սահմանի ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծման, ինչպես նաև սահմանային միջադեպերի կարգավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչներ:
Սահմանային ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ
Հոդված 20. | ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական սահմանում պատշաճ կարգ ապահովելու նպատակով, սահմանված կարգով, սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերին համապատասխան, սահմանում է սահմանային ռեժիմ, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց` սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու և այլ գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
(20-րդ հոդվածը փոփ. 20.03.07 ՀՕ-138-Ն)
Հոդված 21. | ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏԻՆ և ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ |
Սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:
Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ:
Սույն հոդվածին համապատասխան, սահմանային գոտու և սահմանային շերտի սահմաններն ըստ տեղանքի որոշում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 22. | Սահմանային շերտ մուտք գործելը |
(վերնագիրը խմբ. 20.03.07 ՀՕ-138-Ն)
Սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի և այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար:
Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելով` սահմանափակվում կամ արգելվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ընտանի կենդանիների, բեռների և այլ գույքի մուտքը, այլ գործունեությունը սահմանային շերտում:
Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումները չեն տարածվում պաշտպանական նշանակության, օպերատիվ աշխատանքների, տարերային աղետների և համաճարակների վերացման աշխատանքների վրա:
(22-րդ հոդվածը խմբ. 20.03.07 ՀՕ-138-Ն)
Հոդված 221. |
Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները |
Սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է`
ա) օգտագործել ոգելից խմիչքներ.
բ) իրենց հետ վերցնել զենք (բացառությամբ տվյալ տարածքում ծառայողական պարտականություններ կատարող և օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու իրավունք ունեցող անձանց), այդ թվում` սառը զենք, սպիրտային խմիչքներ.
գ) մոտենալ անմիջապես սահմանագծին.
դ) շփվել սահմանապահ վերակարգերի անձնակազմի հետ.
ե) զրուցել սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ.
զ) զբաղվել որսորդությամբ, արդյունագործական ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների և ծառահատումների), վնասել կամ ոչնչացնել բուսականությունը (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող հողատարածքներում խոտհունձ կատարելու), սահմանապահ զորքերին պատկանող գույքը, առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները, զբաղվել հողերի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործումով, երկրաբանական և հնէաբանական հետազոտություններով, լեռնային գործով, հիդրոկառույցների շինարարությամբ (բացառությամբ այն հիդրոկառույցների, որոնց ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից).
է) ընտանի կենդանիներն արածեցնել սանիտարական շերտում, ջրօգտագործման ժամանակ ճանապարհները, արահետներն ու այլ կառույցները ողողել ջրով:
Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները խախտող անձանց սահմանապահ վերակարգերը բերման են ենթարկում սահմանապահ ուղեկալ, կազմվում է սահմանային ռեժիմը խախտելու մասին ակտ, վերցվում են անցագրերը, առգրավվում են զենքը և արգելված այլ միջոցները, իսկ սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին:
(221-րդ հոդվածը լրաց. 20.03.07 ՀՕ-138-Ն, փոփ., խմբ. 10.06.09 ՀՕ-147-Ն, լրաց. 30.07.21 ՀՕ-320-Ն)
Հոդված 23. | Սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնելու կարգը |
(վերնագիրը խմբ. 20.03.07 ՀՕ-138-Ն)
Սահմանային շերտում պետական սահմանի պահպանության հետ չկապված այլ գործունեությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սահմանային շերտում տնտեսական գործունեությունն իրականացվում է միայն օրվա լուսավոր ժամերին: Գիշերային ժամերին, ինչպես նաև մութ ժամանակ սահմանային շերտում տնտեսական գործունեությունն արգելվում է, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի, սահմանապահ ջոկատի պետի թույլտվությամբ` սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությամբ:
Համաճարակի կամ համաճարակի բռնկման վտանգի դեպքում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով սահմանային շերտում կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել անասնապահությունը:
Սահմանային շերտում հողերի, ջրային ռեսուրսների, անտառների, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի օգտագործումը, երկրաբանական հետազոտությունները, լեռնային գործը, հիդրոկառույցների շինարարությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(23-րդ հոդվածը խմբ. 20.03.07 ՀՕ-138-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ
Հոդված 24. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը ներառում է`
ա) պետական սահմանի անցման կետերով` անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը.
բ) պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը:
Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը` միջազգային հաղորդակցության համար բաց սահմանային երկաթուղային կայարանների և ավտոմոբիլային կայանների, օդանավակայանների տարածքների շրջանակներում անձանց և տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև անձանց, կենդանիների, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի պետական սահմանով բացթողնման հետ կապված այլ գործողությունների կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
Սահմանային վերահսկողություն և մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքերն ընտրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 25. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ (ԵԼՔԻ), ԲԵՌՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ և ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ |
Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, կենդանիների և այլ գույքի տեղափոխումն իրականացվում են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(25-րդ հոդվածը փոփ. 06.07.22 ՀՕ-326-Ն)
(06.07.22 ՀՕ-326-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 26. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ և ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Պետական սահմանի անցման կետերում ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կայանման տեղն ու տևողությունը որոշում են օդանավակայանի, երկաթուղային կայարանի, ավտոմոբիլային կայանի և տրանսպորտային կազմակերպությունների ղեկավարները` համաձայնեցնելով սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների հետ:
Մաքսային հսկողություն, սահմանային վերահսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթ իրականացնելու ժամանակամիջոցում անձանց մուտքն ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ սահմանափակվում է, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև արգելվել:
Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող տրանսպորտային միջոցներ ուղևորների նստելն ու դրանցից իջեցնելը, ինչպես նաև բեռնումն ու բեռնաթափումն իրականացվում են սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ:
Տրանսպորտային կազմակերպությունների պաշտոնատար անձինք, տրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք սահմանապահ զորքերի ներկայացուցչի կամ մաքսային մարմինների պահանջով պարտավոր են զննման նպատակով բացել կնքված վագոնները, ավտոմեքենաները, տրանսպորտային միջոցները և դրանցով տեղափոխվող բեռները:
Ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները կարող են Հայաստանի Հանրապետությունից մեկնել և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել, ինչպես նաև փոխել կայանման տեղը միայն սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ:
(26-րդ հոդվածը խմբ., փոփ. 06.07.22 ՀՕ-326-Ն)
Հոդված 27. | ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
Պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 24-26-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:
Պետական սահմանում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:
(27-րդ հոդվածը փոփ. 04.12.19 ՀՕ-260-Ն, խմբ. 06.07.22 ՀՕ-326-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 28. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառի պետական լիազորված մարմինը`
ա) իր իրավասության սահմաններում բանակցում է պետական սահմանի ռեժիմի պահպանման հարցերով, պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.
բ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սահմանի պահպանության արտաքին քաղաքական, միջազգային-իրավական ապահովումը.
գ) իր իրավասության սահմաններում ձևակերպում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտքի ու Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթերը.
դ) լուծում է պետական սահմանի ռեժիմի պահպանման հարցերով պետական սահմանում Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչների կողմից չկարգավորված հարցերն ու միջադեպերը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը`
ա) պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում ապահովում է անձի, հասարակության և պետության կենսական շահերի պաշտպանությունը.
բ) սահմանային շերտում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրականացնում է քաղաքական, սոցիալ-տնտեսական ու քրեածին իրադրության վերլուծություն և կանխատեսում.
գ) ազգային անվտանգության մարմինների օպերատիվ-հետախուզական աշխատանքն ուղղում է պետական սահմանով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ապօրինի գործունեությունը բացահայտելուն, կանխելուն ու խափանելուն.
դ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը`
ա) ապահովում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանությունը.
բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությունը պետական սահմանի պահպանությանը` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) իր իրավասության սահմաններում աջակցում է սահմանապահ զորքերին ռեսուրսային (պաշարային), հետախուզական ու պետական սահմանի պահպանության և այլ հարցերում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմինը`
ա) իր իրավասության սահմաններում աջակցում է սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության ոլորտում ռեժիմային միջոցառումներ իրականացնելիս, պետական սահմանում հակաիրավական գործունեության դեմ պայքարելիս, պետական սահմանի ռեժիմը խախտողներին որոնելիս, վարչական ձերբակալման ենթարկված անձանց կատարած իրավախախտումները քննելիս.
բ) սահմանապահ զորքերի ներկայացմամբ պետական սահմանը խախտողներին որոնելիս, զինված ներխուժումը կամ սահմանակից պետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածք զանգվածային ներխուժումը հետ մղելիս, ապահովում է տեղանքի առանձին տեղամասեր անձանց մուտքի ժամանակավորապես սահմանափակումը կամ արգելումը, արտակարգ իրավիճակների ժամանակ սահմանային գոտում (օդանավակայաններում, երկաթուղային, ավտոմոբիլային կայաններում և այլ օբյեկտներում) ապահովում է հասարակական կարգը.
գ) սահմանային գոտում սահմանապահ զորքերի հետ համատեղ մասնակցում է բնակչության իրավական դաստիարակությանը, պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում իրավախախտումների կանխման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության մաքսային հսկողության բնագավառի պետական լիազորված մարմինը`
ա) իրականացնում է մաքսային հսկողություն.
բ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:
(28-րդ հոդվածը փոփ. 20.03.07 ՀՕ-138-Ն, լրաց. 06.07.22 ՀՕ-326-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 29. | ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ |
Հակաօդային պաշտպանության զորքերի պետական սահմանը պահպանում են օդային տարածություններում:
Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են`
ա) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել պատասխանելու հարցման ազդանշաններին, հարցում կատարել Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու նպատակների մասին.
բ) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել փոխելու թռիչքի ուղղությունը դեպի թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներ, առաջարկել վայրէջք կատարելու միջազգային օդանավակայաններում, իսկ դրա անհնարինության դեպքում` մոտակա օդանավակայանում կամ համապատասխան այլ տարածքում.
գ) Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
(29-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-375-Ն)
Հոդված 30. | ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՆԱՎԻ ԿԱՄ ԹՌՉՈՂ ԱՅԼ ՍԱՐՔԻ ԿԱԼԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օդանավը կամ թռչող այլ սարքը սահմանապահ զորքերը կալանում են, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը`
ա) ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգության, զբաղվում է տեղեկատվություն հավաքելով կամ կատարում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ այլ գործողություն.
բ) գտնվել է թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներից դուրս.
գ) մարդկանց իջեցնում կամ նստեցնում է, բեռները բեռնում կամ բեռնաթափում է միջազգային օդանավակայաններում` առանց համապատասխան թույլտվության, ինչպես նաև հրամանատարի կողմից անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում:
Հոդված 31. | ՕԴԱՆԱՎԻ ԿԱՄ ԹՌՉՈՂ այլ ՍԱՐՔԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՄ ԿԱԼԱՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
Օդանավի կամ թռչող այլ սարքի զննման կամ կալանման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են սահմանապահ զորքերի ներկայացուցիչը և զննված կամ կալանված օդանավի կամ թռչող այլ սարքի հրամանատարը: Արձանագրությունը կազմվում է հայերեն, անհրաժեշտության դեպքում ապահովվում է արձանագրության տեքստի թարգմանությունը:
Օդանավի կամ թռչող այլ սարքի կալանման դեպքում հրամանատարից առգրավվում են օդանավի կամ թռչող այլ սարքի և բեռի փաստաթղթերը, որոնք կցվում են արձանագրությանը: Եթե զննված կամ կալանված օդանավի կամ թռչող այլ սարքի հրամանատարը սահմանապահ զորքերի զինծառայողների գործողությունները համարում է ապօրինի կամ համաձայն չէ արձանագրության բովանդակությանը, կարող է այդ մասին նշել արձանագրության մեջ կամ առանձին` արձանագրությանը կցվող փաստաթղթերում:
Եթե հրամանատարը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին կատարում է համապատասխան գրառում:
Հոդված 32. | ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԿԱՄ ԹՌՉՈՂ ԱՅԼ ՍԱՐՔԻ ԿԱԼԱՆՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Օտարերկրյա պետության կալանված օդանավը կամ թռչող այլ սարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ հանձնվում է համապատասխան օտարերկրյա պետությունների լիազոր ներկայացուցիչներին, կամ արտաքսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բռնագրավվում է դատարանի որոշմամբ:
Հոդված 33. | ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ |
Սահմանապահ զորքերը և հակաօդային պաշտպանության զորքերը միմյանց օժանդակում են պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս, իրենց իրավասությունների սահմաններում համաձայնեցնում են պետական սահմանի ռեժիմի տարբեր տեսակի վերահսկողություն իրականացնող պետական մարմինների գործողությունները` չմիջամտելով այդ գործողություններին:
Սահմանապահ զորքերը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համաձայն, համագործակցում են սահմանակից պետությունների համապատասխան մարմինների հետ:
(33-րդ հոդվածը փոփ. 06.07.22 ՀՕ-326-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8.
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Հոդված 34. | ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում աջակցել սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության գործում, իսկ պետական սահմանին սպառնացող վտանգի մասին տեղեկություններն անհապաղ հայտնել սահմանապահ զորքերին:
Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են կատարել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի պահանջները:
Քաղաքացիները պետական սահմանի պահպանությանը մասնակցում են կամավոր հիմունքներով:
Գ Լ ՈՒ Խ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1994 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և 1994 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|