ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Նախարարը՝
1) հաստատում է թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Operations Regulation).
2) հաստատում է թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Crew Regulation).
3) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (Licensing).
4) սահմանում է օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները և կարգը (Foreign Aviation Specialists License Validation).
5) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (Theoretical Training and Special Flights Lights).
6) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման և օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների հաստատման կարգը (Avia Training Centers Certification, Validation).
7) հաստատում է թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը (Proficiency Testing).
8) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը.
9) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգը.
10) հաստատում է Հայաստանի Հանրապետության թռիչքային պիտանիության պահպանման և տեխնիկական սպասարկման կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը, ինչպես նաև օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպությունների սերտիֆիկատների ճանաչման կարգը.
11) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Գլխավոր նվազագույն սարքավորումների ցանկի սերտիֆիկացման պահանջները» և ուղեցույց նյութերը.
12) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Եվրոպական տեխնիկական ստանդարտներ» ՍիԷս-ԷՏՍՕ-ի մասին ձեռնարկը.
13) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի թռիչքային պիտանիության ապահովման կանոնները.
14) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական ձևափոխման և վերանորոգման աշխատանքների իրականացման կարգը.
15) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները.
16) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» կանոնակարգը.
17) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը.
18) հաստատում է աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը.
19) հաստատում է օդանավում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման և շահագործման կարգն ու պայմանները.
20) հաստատում է Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները.
21) հաստատում է Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը.
22) սահմանում է ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները և սահմանափակումները.
23) հաստատում է աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը.
24) սահմանում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառելու և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ներկայացնելու կարգը.
25) հաստատում է օդային երթևեկության սպասարկման կարգը.
26) հաստատում է օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքի համար ժամանակահատված (սլոտ) տրամադրելու կարգը.
27) սահմանում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային անվտանգության պահանջները.
28) սահմանում է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվության տրման կարգը և շահագործման պայմանները.
29) հաստատում է արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների կարգը.
30) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները.
31) հաստատում է անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգը.
32) սահմանում է օդային տրանuպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը.
33) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը.
34) հաստատում է պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը.
35) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը.
36) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների իրականացման կարգը.
37) հաստատում է ճգնաժամային իրավիճակներում իրականացվող ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների ուղեցույցը.
38) հաստատում է չուղեկցվող ուղեբեռների ավիացիոն անվտանգության հսկողության ուղեցույցը.
39) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվության պաշտպանության մասին» կանոնակարգը.
40) հաստատում է ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգերը.
41) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան.
42) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգում տեսչական ստուգումների ուղեցույցը.
43) հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առաջացած բարձրաստիճան վտանգի դեպքում ավիացիոն անվտանգության միջոցառումների կիրառման ուղեցույցը.
44) հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող աշխատողների ուղեցույցը.
45) հաստատում է ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը.
46) հաստատում է երկիր-օդ հրթիռային համակարգերից քաղաքացիական օդանավերի պաշտպանության միջոցառումների ուղեցույցը.
47) հաստատում է օդանավի պայթյունի սպառնալիքի դեպքում իրականացվող գործողությունների ուղեցույցը.
48) հաստատում է ճգնաժամային իրավիճակներում գործողությունների պլանավորման ուղեցույցը.
49) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում որոնման և էվակուացիայի իրականացման ուղեցույցը.
50) հաստատում է բժշկական զննության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգը.
51) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարներ պատրաստող և վերապատրաստող ուսումնական կենտրոններին ներկայացվող պահանջները.
52) հաստատում է օդային երթևեկության սպասարկման կարգը.
53) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը.
54) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորություններից, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող՝ միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը Հայաստանի Հանրապետության կողմից:
Քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունվող իրավական ակտերի հավելվածները կարող են շարադրվել նաև օտար լեզվով: Այդ իրավական ակտերի դրույթները տարածվում են միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է օտար լեզվի իմացությունը:».
2) 4-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կոմիտեն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով սահմանված կարգով ընդունում և (կամ) ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի ընտրած գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Թռիչք-վայրէջքի հարթակ է համարվում հողային կամ ջրային հատվածը, որը նախատեսված է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների օդանավերի (ինքնաթիռի, ուղղաթիռի) թռիչք-վայրէջքի, գետնավարման և կայանման համար:».
2) 3-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակները կարող են շահագործվել միայն շահագործման թույլտվության հիման վրա:».
3) 4-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատը և թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվությունը տալիս է կոմիտեն։».
4) 6-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կոմիտեն իր սահմանած կարգով իրականացնում է շարունակական վերահսկողություն սերտիֆիկացված կամ շահագործման թույլտվություն ստացած աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) և թռիչք-վայրէջքի հարթակների, վերգետնյա միջոցների և ծառայությունների նկատմամբ` բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման վերահսկողությունը չպետք է խոչընդոտի օդանավակայանների կառավարիչների բնականոն գործունեությունը:».
5) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատի կամ հարթակի շահագործման թույլտվության գործողությունը կարող է դադարեցնել կամ կասեցնել կոմիտեն, եթե աերոդրոմը (ուղղաթիռադաշտը) կամ թռիչք-վայրէջքի հարթակը, դրանց շահագործման կազմակերպումը, սարքավորումները, միջոցները կամ ծառայությունները չեն համապատասխանում սահմանված պայմաններին կամ սահմանափակումներին: Եթե ի հայտ եկած թերությունները չեն ազդում թռիչքների և ավիացիոն անվտանգության վրա, ապա կոմիտեն իրավասու է շահագործողից պահանջելու վերացնել նշված թերությունները սահմանված ժամկետում, որի ընթացքում կարող են կիրառվել շահագործման սահմանափակումներ:».
6) 8-րդ մասից հանել վերջին պարբերությունը:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ իր սահմանած կարգով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը.
2) 8-րդ մասի վերջին նախադասությունից հանել «, որի պայմաններն ու կարգը սահմանում է կոմիտեն» բառերը:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Միջազգային առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում օդանավի օդաչուի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 60 տարին, իսկ օդանավում մեկից ավելի օդաչուի առկայության դեպքում՝ 65 տարին: Թռիչքի ժամանակահատվածում օդանավում մեկից ավելի օդաչուի առկայության դեպքում 60 տարին անց կարող է լինել օդաչուներից միայն մեկը: Օդանավի թռիչքային անձնակազմի մյուս անդամների՝ շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին:»:
Հոդված 7. Օրենքի 44-րդ, 48-րդ և 49–րդ հոդվածների տեքստում «կոմիտե» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարություն» բառերով:
Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 1-ին մասի տեքստից հանել «կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրով,», «, առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի» և «և առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող է կասեցնել սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը կարող է դադարեցնել առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը: Անվտանգության պահանջներից ելնելով՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունն իրավունք ունի մինչև խախտումների վերացումը, որպես այլընտրանքային միջոց, առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի նկատմամբ կիրառելու սահմանափակումներ:»:
Հոդված 9. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 52. | Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը |
1. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը համալիր միջոցառումների, մարդկային և նյութական ռեսուրսների համակարգ է, որը նախատեսված է ապահովելու քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից:
2. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովվում է՝
1) օդանավով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութերի ու առարկաների ապօրինի փոխադրումը բացառելու, իսկ դրանց օրինական փոխադրման ընթացքում՝ նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների կիրառման,
2) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավերի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների և պարագաների նախաթռիչքային զննման,
3) օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց և այցելուների, ինչպես նաև հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների զննման,
4) անհրաժեշտության դեպքում, ուղևորների անձնական զննման, ինչպես նաև օդանավում՝ օդանավի հրամանատարի պահանջով ուղևորների զննման,
5) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդանավակայանների, օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության կազմակերպման ու իրականացման,
6) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության,
7) ուղևորների, ուղեբեռների, բեռների հաշվառման և ձևակերպման համար կիրառվող ծրագրերի, օդանավակայանում օդանավերի շարժի, օդանավերի թռիչքների սպասարկման և օդային երթևեկության կառավարման համար oգտագործվող առանձնացված ծրագրային և կապի համակարգերի, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող ու փոխանցվող տեղեկատվությունների, կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումներ իրականացնող ծրագրային համակարգերի, ինչպես նաև համակարգչային տեղային ցանցերը կողմնակի անօրինական մուտքերից ու կիբեռվտանգներից պաշտպանվածության,
8) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերին հակազդելու, այդ թվում՝ իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվող հակազդման միջոցառումների իրականացման միջոցով։
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից բխող՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովող համապատասխան իրավական ակտերն ընդունում է Կառավարությունը:
4. Միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգ գործունեության ապահովման նպատակով Կառավարությունը հաստատում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանը, ստեղծում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկում է ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնախնդիրները և իրականացնում ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրություններ ու վերլուծություններ:
5. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում կոմիտեն, որը՝
1) պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի, քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտի աշխատողների ուսուցման ազգային ծրագրի, ինչպես նաև սույն կետում նշված ծրագրերից բխող կարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և պլանների մշակման, համապատասխան նախարարի և Կառավարության քննարկմանը և հաստատմանը ներկայացման, դրանց ներդրման, կիրառման և պահպանման համար.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների և այլ անձանց հետ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված խնդիրների համատեղ իրականացումը.
3) ապահովում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում անօրինական միջամտության ակտերով պայմանավորված արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ շտաբի գործունեությունը և մասնակցում օպերատիվ շտաբի աշխատանքներին.
4) քաղաքացիական ավիացիայի համակարգում ներդրված և կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետության և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի պահանջներին դրանց համապատասխանության ստուգման նպատակով քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով սահմանված կարգով իրականացնում է ավիացիոն անվտանգության աշխատանքների աուդիտ, տեսչական ստուգումներ, թեստավորումներ և դիտարկումներ.
5) իրականացնում է ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումներ՝ ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների միջոցով, որոնք իրավասու են քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով սահմանված կարգով՝
ա. ստուգելու պետության ցանկացած օդանավակայանի ցանկացած մաս,
բ. ստուգելու օդանավակայանից դուրս գտնվող ցանկացած հողակտոր կամ ցանկացած տարածք, որն օգտագործում են օդանավակայանում կամ օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործող կազմակերպությունները,
գ. ստուգելու Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ շահագործվող ցանկացած օդանավ ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների գնահատման նպատակով,
դ. ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակի գնահատման և ավիացիոն անվտանգության ընթացակարգերի պահպանման նպատակով հարցազրույց անցկացնելու յուրաքանչյուր անձի հետ,
ե. պահանջելու անհապաղ շտկել ցանկացած թերություն և (կամ) ձեռնարկել իրավակիրառ բնույթի գործողություններ,
զ. ստանալու ավիացիոն անվտանգության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի և հաշվարկված տվյալների թույլտվություն.
6) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով սահմանում է ավիացիոն անվտանգության դասընթացներ իրականացնող ուսումնական հաստատությունների և ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական, վերապատրաստման ծրագրերին և այդ ծրագրերով դասավանդող մասնագետներին ներկայացվող պահանջներն ու չափանիշները.
7) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ, ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման և ավիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով․
8) քննարկում և հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն և ներդնեն այդ ծրագրերը։ Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերը հանդիսանում են օդանավակայանի աերոդրոմի և (կամ) ուղղաթիռադաշտի սերտիֆիկատի կամ թռիչք-վայրէջքի հարթակի շահագործման թույլտվության տրամադրման նախապայման.
9) քննարկում և համապատասխանության եզրակացություն է տալիս դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերի վերաբերյալ.
10) ավիացիոն անվտանգության չափանիշների ապահովման նպատակով պետական կառավարման այլ լիազորված մարմինների հետ քննարկում ու հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների տարածքներում նոր շենքերի ու շինությունների կառուցման, հին շենքերի ու շինությունների վերանորոգման նախագծերը․
11) սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կարգը.
12) սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, ավիացիոն անվտանգության հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգերը.
13) օդանավի անձնակազմի անդամի վկայական է հատկացնում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդաչուներին, ինժեներներին, շտուրմաններին և Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամներին, իսկ քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչներին՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչի վկայական:
6. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ազգային անվտանգության, ոստիկանության, մաքսային, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառներում պետական լիազորված մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ մաքսային մարմինները՝ նաև մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
7. Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները՝
1) պատասխանատու են միջազգային և ներքին օդային փոխադրումներն սպասարկող յուրաքանչյուր օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրերի մշակման, կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար.
2) պատասխանատու են օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման, կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար.
3) պատասխանատու են օդանավակայանների բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն ու հակազդմանն ուղղված ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանների մշակման, դրանք կոմիտեի և սույն հոդվածի 6-րդ մասում նշված պետական լիազորված մարմինների հետ համաձայնեցման, կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար․
4) համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ՝ սահմանում են օդանավակայանների վերահսկելի գոտիները, հատուկ վերահսկելի գոտիները և ընդհանուր օգտագործման տարածքները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում ու տարածքներում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները, որոնք ներառվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերում.
5) ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ են և ապահովում են ավիացիոն անվտանգությունն օդանավակայաններում։
8. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններն իրականացնում են՝
1) օդանավակայանների տարածքի, տարածքում գտնվող օբյեկտների, շենքերի, շինությունների և օդանավերի պահպանություն պահակակետային ծառայության և տեսահսկման աշխատանքների միջոցով․
2) օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների անցագրերի տրամադրում և այդ գոտիներում անցագրային ու ներօբյեկտային վերահսկողություն.
3) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավերի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների և պարագաների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց և այցելուների, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների զննում․
4) օդանավակայաններում առաջացած ճգնաժամային իրավիճակների դեպքում մասնակցում են դրանց կանխման ու հակազդման միջոցառումներին։
9. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝
1) կրելու և կիրառելու ծառայողական զենք և հատուկ միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) կրելու սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը.
3) օդանավակայաններում սահմանված ավիացիոն անվտանգության կանոնների խախտման դեպքում խախտում կատարած անձանց հանձնելու իրավապահ մարմիններին.
4) արգելելու օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի փոխադրումը ուղեբեռներում և բեռում.
5) արգելելու ուղևորների ձեռքի իրերում օդանավի ուղևորասրահում փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի փոխադրումը.
6) ուղևորների, օդանավի անձնակազմի և վերգետնյա ծառայությունների աշխատողների կյանքին վտանգ սպառնալու դեպքում կիրառելու կանխարգելիչ միջոցառումներ:
10. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները՝
1) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
2) մշակում են օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության որակի հսկողության և ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
3) մշակում են գետնի վրա կամ թռիչքի ընթացքում գտնվող օդանավի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն ու հակազդմանն ուղղված պլանները, դրանք կոմիտեի միջոցով համաձայնեցնում են սույն հոդվածի 6-րդ մասում նշված պետական լիազորված մարմինների հետ և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
4) ստեղծում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները և դրանց որակի հսկողության միջոցառումները։
11. Հայաստանի Հանրապետության տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունները՝
1) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
2) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության որակի հսկողության և ավիացիոն անվտանգության մասով աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
3) մշակում են օդային երթևեկության սպասարկման ընթացքում քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն ու հակազդմանն ուղղված ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանները և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
4) ստեղծում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներին իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է՝
ա. կրել սահմանված ձևի համազգեստ,
բ. իրականացնել օդային երթևեկության կառավարման կենտրոն մուտք գործող անձանց զննում,
գ. ապահովել օդանավակայանների տարածքում կամ օդանավակայանների տարածքից դուրս գտնվող և քաղաքացիական ավիացիայի անխափան գործունեության ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող աերոնավիգացիոն օբյեկտների, շենքերի, շինությունների և սարքավորումների պահպանությունը,
դ. օդային երթևեկության սպասարկման համար շահագործվող շենքերի, շինությունների, տարածքների և սարքավորումների նկատմամբ սահմանված ավիացիոն անվտանգության կանոնների խախտման դեպքում խախտում կատարած անձանց հանձնել իրավապահ մարմիններին։
12. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով օդանավ շահագործողներն ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրման համակարգի բազա մուտքագրման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերով սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովում են ուղևորների վերաբերյալ նախնական տվյալների փոխանցումը լիազորված պետական կառավարման մարմին։ Ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
13. Սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողությունից՝ զննումից ուղևորի հրաժարվելու դեպքում ուղևորը չի թույլատրվում թռիչքի։
14. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվում են ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված զննման տեխնիկական սարքավորումներ, մուտքերի հսկողության ծրագրային համակարգեր, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգեր, որոնց տեխնիկական բնութագրերը և չափանիշները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի սահմանած չափանիշներին և սերտիֆիկացվեն կոմիտեի կողմից։ Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվող սարքավորումների ընտրությունը կատարում են օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները՝ համաձայնեցնելով կոմիտեի հետ:
15. Օդանավակայանների ուղևորային համալիրի մուտքերում կարող են տեղադրվել անձանց զննման համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ, և կարող է իրականացվել օդանավակայանի ուղևորային համալիրների հասարակական գոտիներ մուտք գործող անձանց զննում՝ ելնելով ազգային անվտանգության բնագավառում պետական լիազորված մարմնի իրականացրած՝ քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ռիսկերի գնահատման արդյունքներից: Տեխնիկական սարքավորումների տեղադրման և զննման գործընթացը սահմանվում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով:
16. Ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորման տեխնիկական սպասարկումն իրականացնում է արտադրողի կողմից սերտիֆիկացված և կոմիտեի կողմից ճանաչված կազմակերպությունը՝ արտադրողի սահմանած տեխնիկական սպասարկման և վերանորոգման չափանիշների համաձայն:
17. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցների ընտրության նպատակով կոմիտեն սահմանում է մասնագիտական, աշխատանքային փորձի և առողջական վիճակի վերաբերյալ պահանջներ:
18. Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության, ԻԿԱՕ և ԵԿԱԿ ուսումնական կենտրոնների կամ օտարերկրյա պետությունների մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության տված և կոմիտեի կողմից ճանաչված վկայականներով, որոնց ճանաչման կարգը սահմանում է կոմիտեն։
19. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող աշխատակիցները, ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչները և որակի հսկողության տեսուչներն իրենց ծառայողական պարտականությունները կարող են իրականացնել միայն կոմիտեի տված սերտիֆիկատների հիման վրա, որոնց տրամադրման կարգը սահմանում է կոմիտեն։
Կոմիտեն սահմանում է մասնագիտական պատրաստվածություն անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածության, դրա շարունակականության ապահովման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր և կանոնակարգեր:
20. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ապահովման նպատակով կոմիտեն կարող է սահմանել նաև այլ կանոնակարգեր:»:
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: