ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 14 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման նպատակներով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 16–րդ հոդվածի 1-ին կետի, 81-րդ հոդվածի 1-ին կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի մասին» թիվ 20 որոշման 2-րդ կետի համաձայն՝
1. Նպատակահարմար համարել Ղազախստանի Հանրապետությունում և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում առկա էլեկտրական էներգիայի առևտրի հարթակների (այսուհետ՝ առևտրային հարթակներ) օգտագործումը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման համար՝ հաշվի առնելով այդ հարթակների առևտրի էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ առևտրի էլեկտրոնային համակարգեր) արդիականացման անհրաժեշտությունը:
2. Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման նպատակով առևտրային հարթակների առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացումը ֆինանսավորելու համար արտաբյուջետային աղբյուրներից ներգրավվող միջոցների անհրաժեշտ ծավալները սահմանելու նպատակով մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը՝
Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել առևտրային հարթակների կողմից իրականացված առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման արժեքի գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ըստ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի միջոցների).
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն կետի երկրորդ պարբերության համաձայն ներկայացված տեղեկատվությունն ուղարկել Միության անդամ պետությունների կառավարություններ.
Միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայում էլեկտրական էներգիայի «մեկ օր առաջ» կենտրոնացված առևտրի կազմակերպման տնտեսական նպատակահարմարության գնահատման անցկացումը և նշված գնահատման իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
3. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից ներկայացված առևտրային հարթակների կողմից իրականացված առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման արժեքի գնահատման արդյունքները, մշակել Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման նպատակով առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման ֆինանսավորման համար արտաբյուջետային աղբյուրներից միջոցներ ներգրավելու հետևյալ մեխանիզմներից մեկի կամ մի քանիսի ընտրության հարցերը (այդ թվում՝ նշված միջոցների հետագա հնարավոր վերադարձի պայմաններին և կարգին վերաբերող հարցերը)՝
առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացում սեփական և (կամ) առևտրային հարթակների կողմից ինքնուրույն ներգրավվող միջոցների հաշվին.
առևտրի էլեկտրոնային համակարգերն արդիականացնելու նպատակով ֆինանսավորման տրամադրում առևտրային հարթակներին Միության անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից.
առևտրի էլեկտրոնային համակարգերի համատեղ ֆինանսավորում Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի մասնակիցների և այլ շահագրգիռ սուբյեկտների, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից.
առևտրի էլեկտրոնային համակարգերի ֆինանսավորում այլ արտաբյուջետային աղբյուրների հաշվին, որոնք արգելված չեն Միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
4. Սահմանել, որ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկան կարգավորող ակտերի մշակման հետ կապված՝ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են՝
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար նախատեսված միջոցների հաշվին (սահմաններում).
բ) համապատասխան ֆինանսական տարվա համար Միության անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեությունն ապահովելու նպատակով Միության անդամ պետությունների բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին (սահմաններում):
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |