ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով․
«2.1. Հանձնաժողովի անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։»։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 8. | Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները |
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, ինչպես նաև հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանումներ) միջոցով, որոնց ղեկավարումն իրականացնում են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով և հանձնաժողովի որոշումներով:
2. Կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
3. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով: Հանձնաժողովի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:»։
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրից և 3-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-30-Ն |