ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «համարվում են քաղաքացիական պաշտոններ» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոններ են» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ հինգ տարի ժամկետով, բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ հանձնաժողովի անդամ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.
«2.1. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:
2.2. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 7.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաև հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:
2.3. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե hանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:».
4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):»:
Հոդված 2. Օրենքի 7.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «բ» կետի «որոշումներն ու նիստերի արձանագրությունները» բառերը փոխարինել «որոշումները» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում հանձնաժողովի նախագահին փոխարինում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:».
3) 3-րդ մասի «նշագրում հանձնաժողովի որոշումներ» բառերը փոխարինել «հանձնաժողովի նիստերի արձանագրությունները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7.2-րդ հոդվածում՝
1) վերնագրի «և դադարեցումը» բառերը փոխարինել «, դադարեցումը և կասեցումը» բառերով.
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասի «ա» կետից «առավելագույն» բառը հանել.
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» կետով.
«ա.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.».
5) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.».
6) 3-րդ մասի «կարող են դադարեցվել» բառերը փոխարինել «հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:
3.2. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
3.3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:».
8) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «մասի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը» բառերը փոխարինել «մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները:».
3) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի և այլ միջոցներով: Հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր ընդունած որոշումները, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հոկտեմբերի 8 Երևան ՀՕ-178-Ն |