ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 7.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր) կազմակերպության, արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրանց լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունների 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ, իսկ դրանց ղեկավարները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր) կազմակերպությունը և արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 11 Երևան ՀՕ-111-Ն |